Թմբկաբերդ
Թմբկաբերդ, Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի (վրաց.՝ თმოგვის ციხე), միջնադարյան բերդ Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում՝ Կուր գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում[1]։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Սամցխե-Ջավախեթի մարզ |
Վարչական միավոր | Ասպինձայի մունիցիպալիտետ |
Երկիր | Վրաստան |
Կառուցված | 9-րդ դար |
Ընթացիկ վիճակ | կիսավեր |
Կապված անձինք | Հովհաննես Թումանյան |
Tmogvi fortress Վիքիպահեստում |
Նկարագիր
խմբագրելԲերդը գտնվում է երեք բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մետր երկարություն և 30 մ լայնություն՝ շրջապատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու բրով և ունեին մոտ 1,5 մ հաստություն։
Թմբկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները։ Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր։ Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։
Այստեղ է գտնվում Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ։ Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.)։ Բացի այդ, բերդի մոտակայքում հայտնաբերվել է գերեզմանաթումբ, որը վերագրվում է մթա III-II հազարամյակներին։ Ավերակ տների պատեր կան նաև բերդի դիմաց, Կուր գետի աջ ափին։
Պատմական ակնարկ
խմբագրելԱռաջին անգամ Թմբկաբերդը հիշատակվում է 10-րդ դարի աղբյուրներում։ Այն վերահսկում էր առևտրական ուղիներին, որոնք Ջավախք աշխարհը կապում էին Առաջավոր Ասիայի հետ։ 10-րդ դարում արաբ զավթիչները փորձել են գրավել բերդը՝ սակայն անարդյունք։ Ժամանակի ընթացքում այն մերթընդմերթ փոխանցվել է Թորելի, Մխարգրձելի-Զաքարյան, Շալիկաշվիլի, Քուաբուլիսձե և Ջաղելի իշխանական տոհմերին։ 12-րդ դարի վերջերից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմբկաբերդով ու Ախալքալաք (Նոր քաղաք) քաղաքով տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք և Զաքարյան տոհմի ճյուղի՝ Մխարգրձելի-Թմոգվելի իշխանական տան կենտրոնն էր։ Իր անգնահատելի ծառայությունների դիմաց Թամար թագուհին Թմբկաբերդը նվիրել է հայազգի ռազմական և քաղաքական գործիչ Սարգիս Թմոգվեցուն (Սարգիս Ա Վահրամյան), իսկ նրա եղբայր Զաքարիային՝ Գագը։ 1578 թվականին բերդը զավթվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո անցել է Ռուսաստանին։ Այժմ պահպանվել են Թմբկաբերդի ավերակները։
Մշակույթում
խմբագրելԹմբկաբերդի մասին է պատմում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը (1902 թ.)։ Պոեմի հիման վրա ռուս բանաստեղծուհի Սոֆիա Պարնոկը գրել է նրա լիբրետոն, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» օպերան։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 193)։ |