Հաղպատ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղպատ (այլ կիրառումներ)
Հաղպատ, գյուղ Հայաստանի Հանրապետությանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հաղպատ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Ալավերդի համայնք | ||
ԲԾՄ | 1000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 668[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ունի հազարամյակների պատմություն[3] և իր բնության և պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների առկայության շնորհիվ հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Այստեղ է գտնվում է հայկական առաքելական հռչակավոր վանական համալիրներից մեկը՝ Հաղպատի վանքը[4], որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[5]։
Աշխարհագրություն խմբագրել
Հաղպատը տեղակայված է Դեբեդ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։ Արևելյան կողմից բնակավայրը շրջապատված է Տերունական ու Սուրբ Լույս անտառապատ լեռներով, իսկ արևմտյան կողմից՝ անդնդախոր ձորերով և Դեբեդ գետով[6]։
Բնակավայրը Ալավերդի քաղաքից հեռու է 2 կմ դեպի արևելք, իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 61 կմ հեռավորության վրա։
Պատմություն խմբագրել
Հաղպատ գյուղն ունի հազարամյակների պատմություն։ Որպես բնակավայր՝ այն թվագրվում է մ․թ․ա․ 8-ից 7-րդ դարերով[7][3]։
Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել
Հաղպատ գյուղը հարուստ է տարբեր դարերով թվագրվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով[4], այդ թվում նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված վանական համալիրով[5]։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի, որը հաստատվել է 2004 թվականին, Հաղպատ գյուղի տարածքում հաշվառված են 40 միավոր հուշարձանախմբեր, որոնք պարունակում են 269 պատմական հուշարձան[4]։
Այստեղ է գտնվում մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող հնագույն ամրոցը, բնակատեղին, դամբարանադաշտը, 10-ից 13-րդ դարերով թվագրվող հռչակավոր Հաղպատի վանքն իր հուշարձանախմբով, 1233 թվականին կառուցված Կայանբերդ ամրոցը Դսևանք եկեղեցիով, 13-րդ դարի Կուսանաց անապատ եկեղեցին և շուրջը տարածվող միջնադարյան գերեզմանոցը, 1279 թվականին կառուցված Զորավանք Սուրբ Գևորգ եկեղեցին և շուրջը տարածվող գերեզմանոցը, 1268 թվականին կառուցված Սուրբ Սիոն եկեղեցին, 13-րդ դարով թվագրվող կամուրջը, մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակներից մինչև 20-րդ դարով թվագրվող բազմաթիվ գյուղատեղիներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող մի շարք քարայր-կացարաններ, 10-ից 20-րդ դարերով թվագրվող բազմաթիվ գերեզմանատներ, որոնց տարածքում առկա են հարյուրավոր խաչքարեր ու տապանաքարեր, կան սրբատեղիներ, աղբյուր-հուշարձաններ և միջնադարյան մատուռներ, ինչպես նաև այլ նշանակության հուշարձաններ[4]։
Հաղպատի վանք խմբագրել
Հաղպատ գյուղում է գտնվում միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոններից մեկը՝ Հաղպատի վանական համալիրը, որը կառուցված է գյուղի կենտրոնում՝ բարձրադիր վայրում[8]։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[8][5]։ Վանքը համարվում է Հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից[8]։
Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը հիմնադրել են Աշոտ Գ Բագրատունի[9][10] թագավորը և նրա կին Խոսրովանույշը 976 թվականին[11]։ Այնուհետև Հիմնադիր վանահայր Սիմեոնը հիմնել է վանքի հոգևոր դպրոցը, որտեղ ուսուցանել են տարբեր վայրերից ժամանած գիտնականներ և ուսուցիչ վանականներ։ Այդ ժամանակ Կյուրիկյան թագավորության երկու վանքերում՝ Հաղպատում և Սանահինում, միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի։ 1005-ից 1020 թվականներին Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ, 1005 թվականին՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին և վանքի նախնական պարիսպը։ 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը։
Հետագա դարերում Հաղպատի վանքին տիրել են տարբեր օտար նվաճողներ՝ չնայած այն հիմնականում պահպանել է իր կիսանկախությունն ու հոգևոր նշանակությունը։
Տարբեր դարերում Հաղպատում են ապրել և հոգևոր, գիտակրթական գործունեություն իրականացրել ժամանակի հայ նշանավոր հոգևորական-գիտնականներ ինչպիսիք են Հովհաննես Իմաստասերը, պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկաոդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին և այլոք։
Զորավանք եկեղեցի խմբագրել
Զորավանք եկեղեցին, որը կոչվում է նաև Սուրբ Գևորգ, գտնվում է Հաղպատի հարավային կողմում։ Կառուցվել է 1279 թվականին անդեզիտե կոպտատաշ խոշոր քարերով, պատերն ունեն 1,2 մ հաստություն։ Կազմված է փոքր աղոթասրահից և կից գավիթ-սրահից։ Ներկայում կիսավեր վիճակում է։ Շրջապատված է փոքր գերեզմանոցով, որտեղ պահպանվել են մի քանի խաչքարեր և տապանաքարեր[12][13][14]։
-
Եկեղեցի գավթի ճակատային տեսքը
-
Մուտքի բարավորի քարը և վրայի հայատառ արձանագրությունը
-
Եկեղեցու կողքին կանգնեցված խաչքարեր
-
Եկեղեցու ճակատային տեսքը և հարակից փոքր գերեզմանոցը
Կայանբերդ խմբագրել
Հաղպատ գյուղի արևմտյան կողմում՝ չորս կողմից մեկուսացված ժայռի գագաթին է գտնվում Կայանբերդ ամրոցը։ Այն կառուցվել է 1233 թվականին Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների քրոջ որդին՝ Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը։ Որոշ ուսումնասիրողներ այն կարծիքին են, որ Հովհաննես եպիսկոպոսը ոչ թե կառուցել է ամրոցը, այլ վերակառուցել է ավելի վաղ հիմնված բերդը։ Համարվում է միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության ուշագրավ կառույցներից։ Կազմված է 120 մ հարավ-հյուսիս ձգվածությամբ ամուր պարսպապատերով և ունի ավելի քան մեկուկես տասնյակ բուրգ-աշտարակներ։ Մուտքերը երկուսն են` հարավային և արևմտյան։ Գլխավոր մուտքը հարավային կողմում է, որով հրվանդանը Շերեք գետակի վրա 13-րդ դարով թվագրվող կամրջով կապվում է Հաղպատ գյուղին[15][16][17][18]։
Ամրոցի ներսում է գտնվում Դսևանք եկեղեցին։ Այն գտնվում է ամրոցի հարավային հատվածի արևելյան կողմում՝ բարձունքի վրա։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթակիր եկեղեցի է։ Ունի մեկ մուտք, որը գտնվում է արևմտյան կողմում է[15][16][17][18]։
Բնակչություն խմբագրել
Հաղպատը բազմիցս ենթարկվել է թշնամիների հարձակումներին, որի հետևանքով երբեմն ամբողջովին ամայացել է։ Գյուղի ներկայիս բնակիչների մի մասի նախնիներն այստեղ են եկել Արցախից (Խաչենի մելիքությունից)[6]։
Ստորև ներկայացված է Հաղպատ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1988 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 750[7][19] | 864[7][19] | 857[7][19] | 801[7] /891[19] | 699[7][19] | 871[7][19] | 727[7][19] | 568[7] |
Տարի | 1989 | 1999 | 2001 | 2004 | 2008 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 629[20] | 746[7] | 787[19] | 700[19] | 767[7] | 668[1] | 765[7] |
Տնտեսություն խմբագրել
Հաղպատի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, զբոսաշրջությամբ[21]։
Գյուղատնտեսություն խմբագրել
Գյուղատնտեսական ոլորտից զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ, կերաբույսերի մշակմամբ, ինչպես նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ[7]։
2018 թվականի դրությամբ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերից 201 հա է, որից վարելահողերը 149, արոտավայրերը՝ 39 և խոտհարքերը 13 հա են[7]։
Զբոսաշրջություն խմբագրել
Հաղպատ գյուղը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ամենաայցելվող և հռչակավոր կենտրոններից է[21]։ Այստեղ այցելում է և՛ Հայաստանի բնակչությունը, և՛ օտարերկրյա քաղաքացիները։ Տարածված են զբոսաշրջության տարբեր ուղղություններ՝ այդ թվում՝ դասական զբոսաշրջություն, քայլարշավներ, էքսկուրսիաներ։
Հաղպատում գործում են բազմաթիվ հյուրանոցներ և հյուրատներ[21]։
-
Զբոսաշրջիկները Հաղպատի վանական համալիրում
-
Հաղպատից դեպի Ակներ գյուղ տանող միջազգային արահետի հատված
-
Զբոսաշրջիկները Հաղպատ գյուղում գտնվող Կայանբերդ ամրոց տանող արահետով անցնելիս
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ 3,0 3,1 Հաղպատ գյուղի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում (արխիվացված 08․03․2023 թվականին)։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ստորագրված 04.02.2004 (էլեկտրոնային տարբերակ)։
- ↑ 5,0 5,1 5,2 Centre UNESCO World Heritage։ «Monasteries of Haghpat and Sanahin»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18
- ↑ 6,0 6,1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ համայնքի 2017-2021 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման պլան (թվային տարբերակ արխիվացված 30․07․2023 թվականին)։
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 Սամվել Ավետիսյան, Վահագն Գրիգորյան, «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տեղեկատու», Երևան, «Մեկնարկ», 2018 թվական, էջ 526-527, ISBN 978-9939-878-29-4:
- ↑ 8,0 8,1 8,2 Հաղպատի վանքի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում, (արիվացված 18․02․2023 թվականին)։
- ↑ Հաղպատի վանքի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում։
- ↑ А. Ю. Казарян. Ахпат // Православная энциклопедия. —М., 2002. — Т. 4. — С. 213-214.
- ↑ Вардан Великий. Всеобщая история: «Благочестивая супруга его, Хосровануйш, выстроила великолепные монастыри Санахин и Хахпат…»
- ↑ Զորավանք եկեղեցու մասին տեղեկություններ «Պատմամշակութային] արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության hushardzan.am կայքում], (արխիվացված 01․01․2023թ․)։
- ↑ Շախկյան Գ., «Լոռի Պատմության քարակերտ էջերը», Երևան, 1986
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ընդունված 29.01.2004 թվականին, ստորագրված 04.02.2004 թվականին, (թվային տարբերակը arlis.am կայքում)։
- ↑ 15,0 15,1 Դիվան հայ վիմագրության (Լոռու մարզ), պրակ IX, Երևան, 2012 թվական։
- ↑ 16,0 16,1 Մաթևոսյան Ռ., Կայան բերդի և գավառի տեղադրությունը, «Լրաբեր հասարակական գիտությունների», N 2, Երևան, 1972 թվական։
- ↑ 17,0 17,1 Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986 թվական։
- ↑ 18,0 18,1 Կայանբերդ ամրոցի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում, արխիվացված 03․02․2023 թվականին։
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 19,8 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 12
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 748 — 916 էջ։
- ↑ 21,0 21,1 21,2 «Զբոսաշրջությունը Հաղպատում աշխատատեղեր բացելու հնարավորություն է ստեղծել, մինչդեռ …», (արխիվացված 30․07․2023 թվականին)։