Բացել գլխավոր ցանկը

Խաղբակյաններ, Հադբակյաններ, Պռոշյաններ, իշխանական տոհմ միջնադարյան Հայաստանում։ Սերվել է Արցախի Առանշահիկ նախարարական տնից։ Տոհմի անմիջական նախնի խաղբակ Ա Ներքին Խաչենի տեր Վախթանգյաններից էր, հիշված X դար վավերագրերում։ Խաղբակ Ա-ի, նրա որդի Դլենի, թոռ Խաղբակ Բ-ի և հաջորդների հայրենի տիրույթները (Դեռաքար գյուղը և շրջակաները) Ներքին Խաչենի Մեծառանք գավառում էին գտնվում, սակայն նրանք կալվածքներ ունեին նաև խաչենագետի աջ ափին, Կարկառի միջին ավազանում (մինչև Հարավ գյուղը, այժմ՝ Ստեփանակերտի շրջանում) և նույնիսկ Սյունիքում։ XII դարի վերջին տոհմի ներկայացուցիչները մասնակցել են սելջուկ-թուրքերի դեմ մղված ազատագրական մարտերին։

Մխիթար Այրիվանեցին վկայում է, որ Հայաստանի կենտրոնական մասի քաղաքների ու բերդերի համար մղված ճակատամարտերում աչքի է ընկել խաղբակ Բ-ի որդի Վասակն իր որդիներ Պապաքի, Մկդեմի ու Պռոշի հետ, որի համար Հայաստանի իշխանապետներ Զաքարյաններից 1201 - 1203 թվականներին ժառանգական տիրակալության իրավունքով նոր տիրույթներ է ստացել Գառնիի կողմերում ու Վայոց ձորում և նշանակվել կուսակալ՝ «ի Գառնոյ մինչև ի Բարգուշատ»։ Խաղբակյանները հիշյալ տարածքում բարեշինել և ամրացրել են Սրկղունք (ներկայումս՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Վերնաշեն գյուղը) ավանը Բոլորաբերդով և այն դարձրել իշխանանիստ։ Իրենց հոգևոր կենտրոններ են ճանաչել Գեղարդավանքը (Այրիվանք), Կեչառիսը, Գլաձորը, Թանատի (Թանահատ) վանքը, Ոծոպն ու Կուքին, նորոգել հին եկեղեցիները, կառուցել նորերը և զարկ տվել հոգևոր-մշակութային կյանքի զարգացմանը։

Մինչմոնղոլական և մոնղոլական տիրապետության հաստատման շուրջ կեսդարյա ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական ու մշակութային պատմության ուշագրավ երևույթներից է Վասակի կրտսեր որդու՝ Պռոշ–Հասանի գործունեությունը (1223 - 12841228 թվականին նա ջարդել է Ջալալ-Էդ-Դինի խորեզմյան հրոսակներին և ազատագրել Դվինը, իսկ մոնղոլների օրոք բազմաթիվ արիություններ է գործել, որի համար գովերգվել է XIII դարի բանաստեղծ Խաչատուր Կեչառեցու տաղերում։ Հատկապես նշանակալից է Պռոշի շինարարական գործունեությունը։ Նա հովանավորել է հայ ճարտարապետության անզուգական կոթողներ Գեղարդավանքի վիմափոր տաճարների ու Վայոց ձորի Թանահատի վանքի կառուցումը։ Պռոշի դերն ու ծառայություններն այնքան մեծ էին ժամանակի հայ իրականության մեջ, առանձնապես Խաղբակյանների իշխանության քաղաքական ու մշակութային կյանքում, որ նրա անունը կպավ հին տոհմանվանը (Խաղբակյան–Պռոշյան)՝ հաճախ նույնիսկ միայնակ փոխարինելով նրան (Պռոշյան)։

Հետագա դարերի պատմությունը ևս հիշում է խաղբակյան-Պռոշյան տոհմի շառավիղների ակնառու ծառայությունները երկրի վարչա-քաղաքական ու մշակութային կյանքում։ Գլաձորի համալսարանի տնօրինությունը, Կեչառույքի ու Գեղարդի վանքերի անխաթար կյանքը տոհմի մշակութային գործունեության լուսավոր էջերից են։ Տոհմի ներկայացուցիչներ Խաչատուր Կեչառեցին, Զաքարիա Գնունյանց եպիսկոպոսը (XVI դար), XV - XVII դդ. Գեղարդավանքի վանահայրերը և ուրիշներ պայծառ հետք են թողել ուշ-միջնադարյան հայ մշակութային կյանքում։ Տոհմի վերջին շառավիղներից է Իսրայել Օրին (1659-1711)։

ԳրականությունԽմբագրել

  • Մխիթար Այրիվանեցի, Պաւոմութիւն Հայոց, Մ., 1860։
  • Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1 - 3, Վաղ-պատ-Նյու Յորք, 1928 - 42/3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։