Դսեղ

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Դսեղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում։ Գտնվում է Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ, Դեբեդ գետի բարձրադիր աջ ափին՝ անտառներով շրջապատված սարավանդի վրա, որի արևմտյան կողմում Դեբեդի կիրճն է։ 1938-1969 թվականների կոչվել է Թումանյան[2]։

Գյուղ
Դսեղ
Dsegh village, Lori Province, Armenia 04.jpg
Դսեղ գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Մակերես39.47 կմ²
ԲԾՄ1250-1350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2137[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդսեղցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքwww.dsegh.am (հայ.)
##Դսեղ (Հայաստան)
Red pog.png
##Դսեղ (Լոռու մարզ)
Red pog.png

Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա., որի վերաբերյալ կան գիտական հիմնավորումներ ունեցող տվյալներ[3]։

Ընդհանուր տվյալներԽմբագրել

  • Բնակչությունը՝ 2137[1]
  • Մակերեսը՝ 39.47 կմ2
  • Գյուղի մակարդակը ծովից բարձր է՝ 1250-1350 մ

Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ. ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն՝ բնակավայրերից զատված, առանձնացված տեղ, բ) ըստ ավանդազրույցների՝ ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դսեղի մշտական բնակչությունը կազմել է 2137, առկա բնակչությունը` 1960 մարդ[1]։ Հին հայաբնակ գյուղ է[4]։

Դսեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 473 1231 2655 3482 2990 3114 2554 2573 2137[1]

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ և մեղր։

ԿրթությունԽմբագրել

1853 թվականին՝ Զաքար քահանա Եգանյանի հովանավորությամբ, Դսեղում բացվել էր երկսեռ դպրոց։ 1859-1864 թվականներին գյուղի դպրոցն սովորոլ են միայն տղաները։ Այնուհետև շուրջ 10 տարի գյուղում դպրոց չի եղել։ 1877 թվականին տիրացու Գրիգոր (Գրիշկա) Թումանյանը՝ բանաստեղծի հորեղբայրը, իր տանը հավաքում է երեխաներին և գրագիտություն է սովորեցնում։ Հովհաննես Թումանյանը գրել-կարդալ սովորել է Գրիշկա բիձու դպրոցում։ 1878 թվականին բանաստեղծի մոր նախաձեռնությամբ գյուղում բացվում է Սահակ վարժապետի դպրոցը։ Սկսած 1891 թվականից՝ գյուղի դպրոցը գործել է առանց ընդհատվելու։ Աշակերտների թվով պայմանավորված 1904 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է դպրոցի նոր շենք։ Այն գոյատևում է մինչև 1970 թվականը։ 1910 թվականին դպրոցի 5 դասարաններում արդեն սովորում էր 50 աշակերտ՝ 40 տղա և 10 աղջիկ։ Դպրոցի առաջին աշխարհիկ դասատուն եղել է Երևանի Գարանյան դպրոցի շրջանավարտ Կատարինա Մամիկոնյանը[6]։

1912-1913 ուսումնական տարում Դսեղի դպրոցում դասավանդվել է 4 առարկա՝ գրաճանաչություն, թվաբանություն, կրոն և ռուսաց լեզու։ 1932-1937 թվականների ընթացքում բարձր դասարանների աշակերտների պարապմունքներն անց են կացվել մասնավոր տներում, որովհետև նույնիսկ երկհերթ աշխատանքի դեպքում անգամ դասասենյակները չեն բավականացրել։ 1932 թվականին մասնավոր տներում պարապել են 11 խումբ[6]։

1937 թվականին Դսեղի դպրոցը տվել է միջնակարգ կրթությամբ իր առաջին շրջանավարտները։ 1938 թվականին հին դպրոցի հարևանությամբ կառուցվում է միջնակարգ դպրոցի գեղեցիկ ու բարեկարգ երկհարկանի նոր շենքը։ Շենքը նախատեսված էր 300 աշակերտի համար և ուներ մարզադահլիճ, գրադարան, ֆիզիկայի և քիմիայի կաբինետներ։ Օժանդակ օբյեկտները՝ պիոներ տունը, փայտամշակման արհեստանոցը և պահեստները, տեղադրված էին «հին շենքում»։ 1963 թվականին դպրոցն ունեցել է 40 ուսուցիչ և 950 աշակերտ[6]։

Դպրոցի նոր մասնաշենքը կառուցվել է 1972 թվականին և նախատեսված էր 660 աշակերտի համար։ Այն հիմնանորոգվել է 2011 թվականին։ Միջնակարգ դպրոցն իր գործունեության ողջ ընթացքում տվել է 32 մեդալակիր շրջանավարտ, որից 13-ը՝ ոսկի, 19-ը՝ արծաթե[6]։

Դպրոցում դասավանդած մաթեմատիկայի ուսուցիչներից առանձնանում են Աշոտ Թումանյանը, Մարուսյա Թումանյանը,Արմենակ Պապոյանը և վերջինիս դուստրը՝ Անահիտ Պապոյանը[6]։

2019-2020 ուստարում դպրոցն ունեցել է 218 աշակերտ և 29 ուսուցիչ։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն են գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։

Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում, կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության՝ օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ։ Կանգուն են մնացել Սուրբ Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։

Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին` վերակառուցման։

Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից ի վեր որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։

Բնական հուշարձաններԽմբագրել

Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը։ Սովետական կարգերի ժամանակ այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։

Հասարակական կառույցներԽմբագրել

Գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 11000 գիրք ունեցող գրադարանով, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի բրոնզյա արձանը։

2013 թվականի դրությամբ գյուղում կա միջնակարգ դպրոց, որտեղ աշխատում են մոտ 50 ուսուցիչ։ Դսեղի նոր հիվանդանոցը կառուցվել է «Կարմիր Խաչի» միջոցներով՝ Սպիտակի ավերիչ երկրաշաժից հետո որպես օգնություն գյուղին[3]։

2014 թվականից համայնքում հիմնվել է Ստեղծագործարան դպրոցում՝ տեխնոլոգիայով հագեցած դասասենյակ, Արվեստի սենյակ, վերանորոգվել է դպրոցական ճաշարանն ու ստողծվել ատամնակայան տարրական դպրոցականների համար։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով գյուղում գործում է նաև բուժկետ։

Նշանավոր անձինքԽմբագրել

ՊատկերադարանԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 143 — 992 էջ։
  3. 3,0 3,1 «Դսեղ»։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 24 
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 70»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 9 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Սերգեյ Քոչարյան, Թումանյանի բնաշխարհը Դսեղ, 2009 թվական, էջ 27-30

Արտաքին հղումներԽմբագրել