Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավագ (այլ կիրառումներ)

Ավագ Ծաղկող (13-րդ դար կամ անհայտ[1] - 14-րդ դար կամ անհայտ[1]), հայ միջնադարյան մանրանկարիչ, կիլիկյան դպրոցի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է Սիսում, Գլաձորում, Սուլթանիայում, Մարաղայում, Փայտակարանում, Կիլիկիայում։

Ավագ
Ծնվել է13-րդ դար
Վախճանվել է14-րդ դար
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրանկարիչ և գրիչ
Ակտիվ շրջան13-14-րդ դարեր

13-14-րդ դդ. Արևելյան Հայաստանում կազմակերպված բարձր տիպի դպրոցները, կից նկարչական արվեստանոցներով անջնջելի հետք թողեցին հայոց մշակույթի պատմության մեջ։ Այդպիսի դպրոցներից մեկում էլ՝ Գլաձորի համալսարանում, խոշոր մանկավարժ ու գիտնական Եսայի Նչեցու մոտ իր կրթությունը ստացավ Ավագ Ծաղկողը։ Նա եղել է նաև դպիր, աշխատել է ոչ միայն Գլաձորում, այլ նաև Կիլիկիայում և Պարսկաստանում։ Հայտնի է որ Սարգիս Պիծակի հետ միասին նկարազարդել է 1336 թվականի ավետարանը։

1337 թվականի հայկական մանրանկար՝ կատարված Ավագ Ծաղկողի կողմից Սուլթանիայում (Թավրիզ)։

Ավագի գեղանկարչական ժառանգությունից մեզ հասել է յոթ ձեռագիր։ Այդ ձեռագրերի մանրանկարչությունը բացահայտում է ավանդույթներով, նոր ճաշակի արտահայտմամբ, ինչպես նաև ինքնուրույն պրպտումներով հարուստ մի արվեստ։ Դասականի զգացողությունը Ավագի մոտ երևան է գալիս մերթ առանձին կերպարների մեկնաբանման, մերթ յուրօրինակ հավասարակշռություն հաղորդելու, մերթ էլ ներդաշնակ գունային ընդհանրացումների հասնելու ձգտման մեջ։ Բայց Ավագի արվեստի մեծ նվաճումը տարբեր դիտակետերից, տարբեր դիրքերում ու հարթություններում մարմնի պատկերումն է։ Սա է այն կարևոր նորույթը, որ բերեց հայ արվեստ ռոսլինյան գիծը շարունակող ու ամբողջացնող այս տաղանդավոր վարպետը։ Նորարարությունների մեջ նա համարձակ է ու համառ, նոր արվեստի թե՛ ներքին բովանդակությունը, թե՛ ոճական հիմքերն այնքան դինամիկ են, որ զուգահեռներ են առաջացնում ժամանակի հզոր գեղարվեստական ուղղություններից մեկի՝ պալեոլոգյան արվեստի հետ։

Պատկերազարդման գործունեությամբ և կատարման վարպետությամբ աչքի է ընկնում 1337 թվականի ավետարանը։ Այս ձեռագիրը նա ընդօրինակել և նկարազարդել է պարսկաստանի Սուլթանիա քաղաքում։ Ձեռագիրը հարուստ է թեմատիկ նկարներով։ Ձեռագրում կան այնպիսիները, որոնք քիչ են հանդիպում։ Օրինակ՝ «Բարի Սամարացին», «Պիղատոսը լվանում է ձեռքերը», «Հուդայի մահը»։ Գունագեղ ու շքեղ են նրա նկարազարդված խորանները ու անվանաթերթերը։ Ավագի արվեստում համատեղվում են Գլաձորի և Կիլիկիայի մանրանկարչության առանձին տարրեր։

Իր ամբողջության մեջ Ավագի արվեստը խոշոր նշանակություն ունի ողջ հայ մանրանկարչության պատմության համար։ Այն վկայում է հայ մշակույթի ասպարեզում 13-րդ դարի վերջից սկսած ու 14-րդ դարում իր բարձրակետին հասած տեղաշարժերի ու քրիստոնյա աշխարհի արվեստների հետ նրանց համահունչ լինելուն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Բ. Չուգասզյան, «ԱՒԱԳ»։ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 599