Արարատյան կողմնակալություն

Արարատյան կողմնակալություն։ Վարչատարածքային իշխանատիրույթ Զաքարյան Հայաստանում 1206-1236 թթ-ին։ Ստեղծվել է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների կողմից։ 1236 թ-ից, մոնղոլական բռնատիրությունից հետո, շարունակել է գոյությունը մինչև 1350-ական թվականները՝ սահմանային որոշ կորուստներով։

ՍահմաններըԽմբագրել

Արագած սարի ներկայիս Հառիճ գյուղի մոտակայքից հասել է Ծաղկունյաց լեռնաշղթա, թեքվել է հարավ հասել մինչև Հրազդան գետը, գետի հունով իջել մինչև Երևան, իջել Արարատյան դաշտի հարավային մասով մինչև Երասխ գյուղը՝ Արաքս գետ, գետի հունով բարձրացել մինչև Շիրակի սահմանը և այդ սահմանին զուգահեռ բարձրացել մինչև Արագած սարի գագաթը։ Պայմանականորեն այս տարածքը ընդգրկում է ներկայիս Արագածի, Ապարանի, Եղվարդի, Արտաշատի, Արարատի, Վաղարշապատի, Աշտարակի, Թալինի տարածաշրջանները։ Արարատյան կողմնակալության տարածքով են անցել Թավրիզ-Դվին-Լոռի-Թիֆլիս, Թավրիզ-Դվին-Աշտարակ-Գյումրի-Ախալքալաք-Սև ծով ռազմավարական-առևտրային ճանապարհները։

ՊատմությունԽմբագրել

Իշխանատիրույթի առաջին կողմնակալ-հրամանատար է նշանակվել Վաչուտյան տոհմից Վաչե Ա-ն ստանալով իշխանաց-իշխան կոչումը։ Նա գահակալել է 1206-1235 թթ-ին։ 1221 թ-ից նրա հետ համագահակալել է որդին՝ Քուրդ Ա իշխանաց-իշխանը, որը ինքնուրույն գահակալել է 1231-1270 թթ-ին։ Նրա հետ համագահակալել է որդին՝ Վաչե Բ-ն։ Սակայն նա ինքնուրույն չի գահակալել, քանի որ 1261 թ-ին մահացել է։ 1270-1295 թթ-ին գահակալել են Քուրդ Ա-ի որդիներ Հասանը և Դավիթը։ 1295-1340 թթ-ին գահակալել է Քուրդ Ա-ի թոռը՝ Տայիրի որդի Քուրդ Բ իշխանաց-իշխանը։ Նրա գահակալության վերջին տարիներին համագահակալ է եղել որդին՝ Թեոյդոս իշխանաց-իշխանը։ Վերջինիս իշխանությունը դադարել է 1350-ական թթ-ին։

ՄայրաքաղաքներըԽմբագրել

Իշխանատիրույթի առաջին մայրաքաղաքը եղել է Ամբերդ բերդաքաղաքը, որը զգալապես վերակառուցել ու ամրացրել են նոր բերդապարիսպներով ու եռահարկ դղյակով։ Մոնղոլների կողմից Ամբերդի ավերումից հետո Քուրդ Ա-ն մայրաքաղաք է դարձրել Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղը, որը ներկայիս Վարդենուտ գյուղն է։ Նա այստեղ կառուցել է երկհարկանի պալատ և պարսպապատել։ Այստեղ էլ 1254-1255 թվականներին հյուրնկալել է Կարակորում մեկնող և վերադարձող Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ին։ Քուրդ Բ իշխանաց-իշխանը թեև վերականգնել է Ամբերդ բերդաքաղաքը, բայց մայրաքաղաք է դարձրել Կարբի գյուղաքաղաքը՝ վերակառուցելով Կարբիի բերդը։

Հոգևոր կենտրոնըԽմբագրել

1243 թ-ին Կոնստանդին Ա Բարփրբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով։ 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մկրտիչ եպիսկոպոսը, Մամիկոնյան-Համազասպյան տոհմի ներկայացուցիչներ Համազասպ և Ներսես եպիսկոպոսները, Վասիլ եպիսկոպոսը, Աբրահամ եպիսկոպոսը։

Մշակութային կենտրոններըԽմբագրել

Վաչուտյան իշխանավորներն ու տիրուհիները իշխանատիրույթում կառուցել են Սաղմոսավանքի, Հովհաննավանքի, Տեղերի, Եղիպատրուշի, Աստվածընկալի, Ուշիի վանական համալիրները, Կարբիի հաղթակամար-եկեղեցին, նպաստավորել են Թեղենյաց վանքի առանձին կառույցների շինարարությանը։ Նրանց ենթակա իշխանավորները կառուցել են Եղվարդի եկեղեցին, Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցին։ Կառուցել ու վերակառուցել են բերդեր, ամրոցներ, իջևանատներ /Ամբերդ, Վարդենիս, Աստվածընկալ, Կարբի, Արա (գյուղ), Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)/։ Կառուցել են Աշտարակի կամուրջը /հետագայում ավերվել է/։

ԳրականությունԽմբագրել

  • Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ։ Երևան, 2001 թ., 364 էջ։