Ֆուտբոլ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուտբոլ (այլ կիրառումներ)
Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։
Ֆուտբոլ | |
---|---|
Տեսակ | sport industry? և գնդակով խաղ |
Այլ անուններ | սոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը» |
Մարմին | ՖԻՖԱ |
Ծագման երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Թիմ մեծ | 7[1] |
Թիմ փոքր | 22[2] |
Սեռ | արական |
Կարգավիճակ | թիմային, գնդակով խաղ |
Հարմարանք | Ֆուտբոլի գնդակ |
Վայր | 120 x 90 մ, Ֆուտբոլային դաշտ |
Առաջին առաջնություն | 1863 թվական, Անգլիա (Անգլիայի ֆուտբոլային միության ձևավորումը) |
Օլիմպիական խաղեր | սկսած 1900 թվականից |
Տարբերվում է | Ֆուտբոլ |
Պորտալ | Պորտալ:Ֆուտբոլ |
Association football Վիքիպահեստում |
Տեխնիկական չափանիշներ
խմբագրելՖուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։
Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։
Հիմնական կանոններ
խմբագրել• Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին,
• Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի,
• Խաղացողներին արգելվում է կոշիկների վրա կրել մեխեր, երկաթե թիթեղներ կամ ռետինե կոշիկներ,
• Ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև 15 րոպեով դադար,
• Խաղին մասնակցում են երկու թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։
Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։
Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։
Խաղացողներ
խմբագրելՅուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն մի խաղի ընթացքում երեք անգամ։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են 14 հոգու
- Դարպասապահ - պաշտպանում է դարպասը
- Պաշտպաններ - խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին և գործում են իրենց կիսադաշտում։ Լինում են՝
- Աջ պաշտպաններ - գործում են աջ թևում
- Ձախ պաշտպաններ - գործում են ձախ թևում
- Կենտրոնական պաշտպաններ - գործում են կենտրոնում
- Ունիվերսալ պաշտպաններ - կարող են գործել բոլոր դիրքերում
- Կիսապաշտպաններ - Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակ, կախված խաղից՝ կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում։ Լինում են՝
- Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են հարձակվողական ֆունկցիա
- Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են պաշտպանական ֆունկցիա
- Ունիվերսալ կիսապաշտպաններ - Կատարում են և՛ պաշտպանական, և՛ հարձակվողական ֆունկցիա
- Հարձակվողներ - Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասին, գործում են հակառակորդի կիսադաշտում։ Լինում են՝
- Կենտրոնական հարձակվողներ - Գործում են կենտրոնում, նպատակը՝ գրավել հակառակորդի դարպասը
- Եզրային հարձակվողներ կամ վինգերներ - Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
- Հետ քաշված հարձակվողներ - Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը՝ փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին։
Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։
Պատմական ակնարկ
խմբագրելՊատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։
Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։
Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։
Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։
Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում։ 1904 թվականին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թվականին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ։ Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թվականից։ 1930 թվականից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թվականից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թվականից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թվականից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։
Հետաքրքիր փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն և աշխարհի գավաթի մասին
խմբագրել- Աշխարհի առաջնություններն անց են կացվում 1930 թվականից։ Նախաձեռնողը ֆրանսիացի Ժյուլ Ռիմեն է (1874-1956 թվականներ)։ Նա ՖԻՖԱ-ի (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) նախագահն էր 1930-1954 թվականներին։ 1946 թվականին ՖԻՖԱ-ն որոշեց աշխարհի առաջնության գավաթն անվանել Ժյուլ Ռիմեի անունով։
- 1950 թվականին Բրազիլիայում կառուցվեց 200 հազար տեղանոց «Մարականա» մարզադաշտը։
- Ֆուտբոլի առաջին առաջնությունում առաջին գոլը խփել է ֆրանսիացի Լյուսիեն Լորանը։
- Աշխարհի գավաթ (Ժ. Ռիմեի գավաթ) 1930 թվականին Ռիմեի պատվերով պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լեֆյորը։ Գավաթը կշռում էր 1 կգ 800 գրամ։ Հաղթանակի աստվածուհի Նիկեի ոսկե արձանիկի բարձրությունը 30 սմ էր։
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գավաթը պահպանեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բարասին։
- 1966 թվականին գավաթը անհետացավ։ Այն գտավ լոնդոնցի Քորբեթը իր այգում զբոսնելիս։
- 1983 թվականին կրկին առևանգվում է 47 հազար դոլար արժողությամբ գավաթը, այս անգամ՝ ընդմիշտ։ Բրազիլիայում ձուլեցին «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։
- Նոր գավաթը (մաքուր ոսկուց, երկրագնդի պատկերով, 36 սմ բարձրությամբ և 5 կգ քաշով) պատրաստել է իտալացի ոսկերիչ Սիլվիո Գազանգան։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություններ
խմբագրելՏարի | Խաղերի անցկացման վայր | Չեմպիոն | 2-րդ տեղ գրավողներ | 3-րդ տեղ գրավողներ |
---|---|---|---|---|
1930 | Ուրուգվայ | Ուրուգվայ | Արգենտինա | ԱՄՆ |
1934 | Իտալիա | Իտալիա | Չեխոսլովակիա | Գերմանիա |
1938 | Ֆրանսիա | Իտալիա | Հունգարիա | Բրազիլիա |
1950 | Բրազիլիա | Ուրուգվայ | Բրազիլիա | Շվեդիա |
1954 | Շվեյցարիա | Գերմանիա | Հունգարիա | Ավստրիա |
1958 | Շվեդիա | Բրազիլիա | Շվեդիա | Ֆրանսիա |
1962 | Չիլի | Բրազիլիա | Չեխոսլովակիա | Չիլի |
1966 | Անգլիա | Անգլիա | Գերմանիա | Պորտուգալիա |
1970 | Մեքսիկա | Բրազիլիա | Իտալիա | Գերմանիա |
1974 | Գերմանիա | Գերմանիա | Հոլանդիա | Լեհաստան |
1978 | Արգենտինա | Արգենտինա | Հոլանդիա | Բրազիլիա |
1982 | Իսպանիա | Իտալիա | Գերմանիա | Լեհաստան |
1986 | Մեքսիկա | Արգենտինա | Գերմանիա | Ֆրանսիա |
1990 | Իտալիա | Գերմանիա | Արգենտինա | Իտալիա |
1994 | ԱՄՆ | Բրազիլիա | Իտալիա | Շվեդիա |
1998 | Ֆրանսիա | Ֆրանսիա | Բրազիլիա | Խորվաթիա |
2002 | Ճապոնիա/Կորեա | Բրազիլիա | Գերմանիա | Թուրքիա |
2006 | Գերմանիա | Իտալիա | Ֆրանսիա | Գերմանիա |
2010 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | Իսպանիա | Հոլանդիա | Գերմանիա |
2014 | Բրազիլիա | Գերմանիա | Արգենտինա | Հոլանդիա |
2018 | Ռուսաստան | Ֆրանսիա | Խորվաթիա | Բելգիա |
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներ
խմբագրելԱշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուներ
խմբագրելՏարի | Ռմբարկուներ | Գոլեր |
---|---|---|
1930 | Գիլերմո Ստաբիլե (Արգենտինա) | 8 |
1934 | Օլդրժիխ Նեեդլի (Չեխոսլովակիա), Սկիավիո (Իտալիա), Կոնեն (Գերմանիա) | 5-ական |
1938 | Լեոնիդաս դա Սիլվա (Բրազիլիա) | 8 |
1950 | Ադեմիր (Բրազիլիա) | 9 |
1958 | Շանդոր Կոչիշ (Հունգարիա) | 11 |
1962 | Ժյուստ Ֆոնտեն (Ֆրանսիա) | 13 |
1966 | Գարինչա, Վավա (Բրազիլիա), Լեոնել Սանչես (Չիլի), Դրաժան Երկովիչ (Հարավսլավիա), Ֆլորիան Ալբերտ (Հունգարիա), Վալենտին Իվանով (ԽՍՀՄ) | 4-ական գոլ |
1970 | Գերդ Մյուլլեր (ԳՖՀ) | 10 |
1974 | Գժեգոժ Լյատո (Լեհաստան) | 7 |
1978 | Մարիո Կեմպես (Արգենտինա) | 6 |
1982 | Պաոլո Ռոսսի (Իտալիա) | 6 |
1986 | Գարի Լինեկեր (Անգլիա) | 6 |
1990 | Սալվատորե Սկիլլաչի (Իտալիա) | 6 |
1994 | Օլեգ Սալենկո (Ռուսաստան), Խրիստո Ստոիչկով (Բուլղարիա) | 6-ական |
1998 | Դավոր Շուկեր (Խորվաթիա) | 6 |
2002 | Ռոնալդո (Բրազիլիա) | 8 |
2006 | Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) | 5 |
2010 | Միրոսլավ Կլոզե (Գերմանիա), Դավիդ Վիլյա (Իսպանիա), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ) | 5-ական |
2014 | Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) | 6 |
2018 | Հարի Քեյն (Անգլիա) | 6 |
Դարի լավագույն ֆուտբոլիստ
խմբագրելԷդսոն Արանտես Դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento), ով հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։
Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։
Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկաի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։
Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13:0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվական-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում։ 1956 թվական-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվական-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։
Ֆուտբոլը Հայաստանում
խմբագրելՀայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում:Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում։ Դրանք էին՝ «Բալթա–Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ» և այլն։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներ։ Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում։ 1920 թվականին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թվականին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թվականից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թվականներ՝ Դինամո, 1963 թվականից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցելու համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թվականից սկսած՝ անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ։
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆուտբոլային հայկական ակումբներ են ստեղծվել նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի խոշոր քաղաքներում։
1911 թվականին Կ․Պոլսի «Հայաստան» ակումբը դարձել է Հունաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարի հաղթողը, իսկ 1913 թվականին Օսմանյան կայսրության ուսումնական հաստատությունների մրցաշարում «Կիլիկիան» զբաղեցրեց առաջին տեղը։
Հայերի և թուրքերի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը, որի ժամանակ Կ․Պոլսի «Բալթա–Լիման» 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրքական «Գալաթասարայ»–ի նկատմամբ, որից հետո «Բալթա–Լիման» բաժանվեց «Արաքս»–ի և «Տորք»–ի։ «Արաքսը դարձավ լավագույն հայկական ակումբը, որը իր մարզումներն անցացնում էր Կ․Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»։ Թիմը մեծ համբավ էր ձեռք բերել և հաճախ ուրախացնում էր իր երկրպագուներին հաղթանակներով։
1918 թվականից Հայաստանի Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ և Երևան քաղաքներում սկսեցին գործել ֆուտբոլային ակումբներ։
Հայկական թիմերի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1920 թվականի մայիսի 28-ին Երևանի և Ալեքսանդրապոլի միջև՝ Երևանի Անգլիական այգում։
Մեր ժամանակների ճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է Հենրիխ Մխիթարյանը, ով 2013-2016 թվականներին հաջողությամբ հանդես էր գալիս Գերմանիայի առաջնությունում «Բորուսիա Դորտմունդ» ակումբում։ 2016 թվականի ամռանը նա Բորուսիայից տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» , որտեղ հասավ մեծ հաջողությունների, և դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը կարողացավ նվաճել Եվրոպայի սուպերգավաթը։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, ներկայումս հանդես է գալիս իտալական Ռոմա ՖԱ-ում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԸնթերցե՛ք «ֆուտբոլ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |