Սպիտակ շնաձուկ[1] կամ մեծ սպիտակ շնաձուկ[2], կռճիկային ձկների սպիտակ շնաձկների ցեղի ծովատառեխային շնաձկների ընտանիքի միակ ներկայացուցիչ։ Հայտնի է նաև որպես շնաձուկ-մարդակեր[1] կամ կարխարոդոն[1] (լատին․՝ Carcharodon carcharias)։ ԶԼՄ-ներում հայտնի է նաև սպիտակ մեծ շնաձուկ անվամբ (բառացի թարգմանություն անգլերենից)։ Հանդիպում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ցամաքամերձ հատվածներում և բաց ջրերում։

Սպիտակ շնաձուկ
Սպիտակ շնաձուկ
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Էումետազոյներ
Վերնատիպ Ողնաշարավորներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ձկներ
Դաս Կռճիկային ձկներ
Ընտանիք Ծովատառեխային
շնաձկներ
Ցեղ Սպիտակ շնաձկներ
Տեսակ Սպիտակ շնաձուկ
Լատիներեն անվանում
Carcharodon carcharias
Հոմանիշներ

  • Squalus carcharias Linnaeus, 1758
  • Carcharias lamia Rafinesque, 1810
  • Carcharias verus Cloquet, 1822
  • Squalus (Carcharias) vulgaris Richardson, 1836
  • Carcharodon smithii Agassiz, 1838
  • Carcharodon smithii Bonaparte, 1839
  • Carcharias rondeletti Müller et Henle, 1839
  • Carcharodon capensis Smith, 1849
  • Carcharias atwoodi Storer, 1848
  • Carcharias maso Morris, 1898
  • Carcharodon albimors Whitley, 1939
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 3855
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 159903
NCBI 13397
EOL 213726

Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է։ Միջին երկարությունը մինչև 4.6 մետր է[3]։ Հանդիպել են նաև մինչև 6 մ երկարություն և 2200 կգ քաշ ունեցող շնաձկներ[4]։ Էգերը սեռահասուն են դառնում 12-14, իսկ արուները՝ 9-10 տարեկանում։ Կյանքի տևողությունը երկար ժամանակ համարվում էր 30 տարի[5], սակայն նոր հետազոտությունների համաձայն՝ սպիտակ շնաձկները ապրում են մոտ 70 տարի[6], որի պատճառով համարվում են ամենաերկարակյաց կռճիկային ձկները[7]։

Սպիտակ շնաձկան հիմնական սնունդը ծովային կաթնասուններն են, ինչպես նաև ձկների և ծովային թռչունների բազմաթիվ տեսակներ։ Այն մարդու համար շնաձկների ամենավտանգավոր տեսակն է, որին վերագրվում է մարդկանց վրա հարձակումների դեպքերի մեծամասնությունը[8][9][10]։

Բնության պահպանության միջազգային միությունը (անգլ.՝ IUCN) սպիտակ շնաձուկը դասում է խոցելի տեսակների շարքին[11], միառժամանակ այն ներառված է Վաշինգտոնի կոնվենցիայի երկրորդ հավելվածում՝ տեսակի միջազգային առևտուրը հնարավոր է միայն թույլտվությամբ[12]։

Փիթեր Բենչիլի բեսթսելերում և դրա հիման վրա նկարահանված Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ»[13] բլոկբասթերում սպիտակ շնաձուկը ներկայացվում է որպես կատաղի մարդակեր, սակայն իրականում մարդիկ այս տեսակի համար նախընտրելի որս չեն[14]։

Դասակարգում և ծագում

խմբագրել

Առաջին գիտական անվանումը՝ «Squalus carcharias», կիրառել է Կառլ Լիննեյը 1758 թվականին[15]։ Դրանից հետո տեսակը ստացել է նաև այլ անվանումներ։ Էնդրյու Սմիթը 1833 թվականին ներմուծեց «Carcharodon» անվանումը, ինչը ծագում է հուն․՝ καρχαρίας՝ «շնաձուկ» և ὀδούς՝ «ատամ» բառերից[16]։ Ներկայիս վերջնական անվանումը (Carcharodon carcharias) գործածության մեջ է դրվել 1873 թվականին, երբ փոխվեց տեսակի ցեղը՝ «Squalus»-ից «Carcharodon»-ի։

 
Չիլիի Ատակամա անապատում հայտնաբերված սպիտակ շնաձկան նախնու քարացած ատամ, որը թվագրվում է միոցենի դարաշրջանին

Սպիտակ շնաձուկը պատկանում է ծովատառեխային շնաձկների (լատին․՝ Lamnidae) ընտանիքին։ Վերջինս ներառում է երեք ցեղ՝ սպիտակ շնաձկներ (լատին․՝ Carcharodon), մակո-շնաձկներ (լատին․՝ Isurus) և ծովատառեխային շնաձկներ (լատին․՝ Lamna)։ Ընդ որում, Carcharodon carcharias-ը Carcharodon ցեղի միակ տեսակն է, որը գոյատևում է մինչ այժմ։ Մյուս տեսակների բրածոները հայտնաբերվել են հնէաբանական հետազոտությունների շնորհիվ։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են առանձին ատամներ, որոնք թվագրվում են միոցենի վերջին և պլիոցենի սկզբին, այսինքն ունեն հինգից մինչև տասնհինգ միլիոն տարվա կյանք[17]։

Բրածո շնաձկների ուսումնասիրման հիմնական օբյեկտը նրանց քարացած ատամներն են, որը դժվարացնում է շնաձկների զարգացման ուղիների հետազոտումը։ 21-րդ դարասկզբի գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ սպիտակ շնաձկան նախնին մակո ցեղին պատկանող Isurus hastalis վերացած տեսակն է։ Այն երբեմն ընդգրկվում է Cosmopolitodus ցեղի մեջ։ Գործնականում սպիտակ շնաձկան և այդ տեսակին պատկանող առանձնյակների ատամնաշարի տարբերությունը ատամների ծայրերի ձևի տարբերության մեջ է։ Մինչ այդ համարվում էր, որ սպիտակ շնաձուկը մեգալոդոնի մոտ ցեղակիցն է։ Այդ տեսակետը վերջին հետազոտություններից հետո քիչ կողմնակիցներ ունի։ Ըստ ընդունված վարկածի՝ այն պատկանում է տարբեր ընտանիքիների, իսկ ընդհանուր նախնին ապրել է դեռևս մեզոզոյում[18]։

2012 թվականին Ֆլորիդայի համալսարանում հրատարակվել է Carcharodon hubbelli բրածո շնաձկան ծնոտների և ատամների նկարագրությունը։ Այս տեսակը կապող օղակ է մակո-շնաձկների և ներկայիս սպիտակ շնաձկների միջև։ Այս բրածոները պեղել էին դեռևս 1988 թվականին Պերուում. տարիքը գնահատվում է մոտ 6.5 միլիոն տարի[19]։

Սպիտակ շնաձկան և մնացած ծովատառեխային շնաձկների միջև գոյություն ունեցող էվոլյուցիոն կապերը շարունակում են մնալ չբացահայտված։ Այս խմբի նախնին հավանաբար եղել է Isurolamna inflata-ը, որը ապրել է մոտավորապես 55-65 միլիոն տարի առաջ և ունեցել է հարթ մակերևույթով, նեղ, ոչ մեծ ատամներ և երկու կողային ատամիկներ։ Այս ընտանիքի էվոլյուցիայում դիտվում է ատամների մեծացման, սրման և լայնացման միտումներ, ինչը վկայում է ատամների բռնող գործառույթից կտրող-պոկող գործառույթի անցման մասին։ Էվոլյուցիայի ընթացում ձևավորվել է ժամանակակից շնաձկան ատամնաշարը[20]։

Տարածվածություն և բնակման վայրեր

խմբագրել

Սպիտակ շնաձկները բնակվում են բաց օվկիանոսում, մայրցամաքային մերձափնյա ջրերում և կղզային շելֆերում, որտեղ ջերմաստիճանը 12-24 °C է, նախընտրում են մերձափնյա բարեխառն կլիմայական շրջանները[5]։ Որոշ խոշոր առանձնյակներ հանդիպում են նաև մերձարևադարձային ջրերում և պարբերաբար կատարում են միջօվկիանոսային ճանապարհորդություններ։ Այս տեսակը հանդիպում է նաև մեծ խորություններում, հատակային որսի պարագաներով 1280 մետր խորության վրա արձանագրվել է սպիտակ և վեցխռիկավոր շնաձկների որսի դեպք։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ խոշոր առանձնյակները կարող են դիմանալ արտաքին միջավայրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններին, բնակվել ինչպես օվկիանոսի սառը հատակային, այնպես էլ տաք մերձցամաքային ջրերում։ Երեք մետրից կարճ շնաձկները ավելի հաճախ հանդիպում են բարեխառն լայնություններում[5]։

Բնակեցման շրջաններ

խմբագրել

Սպիտակ շնաձկների կուտակման հիմնական շրջանները ամերիկյան Կալիֆոռնիայի և մեքսիկական Ստորին Կալիֆոռնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) և երբեմն Միջերկրական ծովի ջրերն են[21]։ Սպիտակ շնաձկների ամենամեծ պոպուլյացիաներից մեկն ապրում է Դայեր Այլենդի (ՀԱՀ) շրջակայքում, որտեղ և կատարվել են այս շնաձկան ուսումնասիրությունների մեծ մասը։

Շնաձկանը կարելի է հանդիպել նաև ԱՄՆ-ի Արևելյան ծովափին, Կուբայի ափերին, Բահամյան կղզիներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ատլանտյան օվկիանոսի արևելյան ջրերում՝ Ֆրանսիայից մինչև ՀԱՀ, սպիտակ շնաձուկը հանդիպում է Հնդկական օվկիանոսում Կարմիր ծովում, Սեյշելյան կղզիների ափերին, ինչպես նաև Ռեյունի և Մավրիկիոսի ջրերում, Խաղաղ օվկիանոսում՝ Հեռավոր Արևելքից մինչև Նոր Զելանդիա և ԱՄՆ-ի արևմտյան ափերին[8]։

Սպիտակ շնաձկները հիմնականում հանդիպում են կղզեխմբերում, որոնք բնակեցված են մաշկոտանիներով՝ փոկերով, ծովային առյուծներով և ծովափղերով, խութերում, առափնյա ծանծաղուտներում և քարքարոտ հրվանդաններում, շրջափակված՝ մայրցամաքային կամ կղզային շելֆերով։ Նրանք նպատակաուղղված տեղաշարժվում են ջրի մակերևույթի վերին շերտերում կամ հատակին մոտ տարածքներում[8]։

 
Սպիտակ շնաձուկը, Գվադելուպա կղզու մոտ, Մեքսիկա

Երկար ժամանակ համարվում էր, որ արու սպիտակ շնաձկները երբեմն կարող են տեղափոխվել մեկ պոպուլյացիայից մյուսը, իսկ էգերը նախընտրում են մնալ իրենց սկզբնական պոպուլյացիայում։ Հետագա հետազոտությունները պարզեցին, որ սպիտակ շնաձկները կատարում են ոչ միայն պարբերական տեղափոխություններ, այլ նաև միջօվկիանոսային ճանապարհորդություններ՝ վերջում վերադառնալով նույն վայրերը։ Գաղթում են ինչպես արուները, այնպես էլ էգերը[21]։

Համաձայն կատարված հետազոտությունների՝ սպիտակ շնաձկները, որոնք բնակվում են Կալիֆոռնիայի ափամերձ ջրերում, գաղթում են Ստորին Կալիֆոռնիայի ու Հավայան կղզիների միջև ընկած տարածությունը (այս շրջանը ստացել է «Ուայթ Շարք Կաֆե» անվանումը) և Ստորին Կալիֆոռնիայի վերադառնալուց առաջ մնում այնտեղ ոչ պակաս, քան 100 օր։ Հետադարձ ճանապարհին նրանք լողում են դանդաղ՝ իջնում մինչև 900 մետր խորությունները։ Մի առանձնյակ, որը նշավորվել էր ՀԱՀ-ի ջրերում, ճանապարհորդել է մինչև Ավստրալիայի հարավային ափեր և վերադարձել մեկ տարի անց։ Նույն մեթոդով ուսումնասիրվել է մեկ այլ առանձնյակ ևս, որը ՀԱՀ-ի ափերից գաղթել է մինչև Ավստրալիայի հյուսիսային ջրեր և վերադարձել 9 ամիս հետո՝ անցնելով մոտավորապես 11 000 կմ տարածություն[22]։ Այս ամենը վկայում է շնաձկների պոպուլյացիաների միջև գոյություն ունեցող կապերի մասին, որը մինչ այդ համարվում էր անհնար, իսկ պոպուլյացիաները՝ մեկուսացված։ Շնաձկների գաղթի պատճառը դեռ չեն ուսումնասիրվել։ Այսպիսի վարքը բացատրվում է եղանակային պայմաններով, որսով կամ բազմացման առանձնահատկություններով[23]։

Անատոմիա և արտաքին կառուցվածք

խմբագրել
 
Սպիտակ շնաձկան կառուցվածքը

Սպիտակ շնաձուկը ունի մեծ կոնաձև գլուխ։ Պոչային լողակի վերին և ստորին թիերն ունեն նույն լայնությունը, ինչպես ծովատառեխային շնաձկների զգալի մասի մոտ է։ Որովայնն ունի սպիտակ գունավորում, մեջքը և կողերը մոխրագույն են՝ երբեմն շագանակագույն կամ կապույտ երանգավորմամբ։ Այսպիսի գունավորումը դժվարեցնում է շնաձկան հայտնաբերումը։ Վերևից նայելու դեպքում շնաձկան մուգ երանգը ջրի շերտերում աննկատ է դարձնում նրան։ Ներքևից նայելիս նույն աննկատությունն ապահովում է երկնքի ֆոնը։ Կողային հատվածներում իրանը բաժանվում է մուգ և բաց հատվածների։ Սպիտակ շնաձկներն ունեն երեք շարքով դասավորված սրածայր ատամներ։ Երբ շնաձուկը բռնում է իր զոհին և շարժում է գլուխը, ատամները սղոցի նման մասնատում են զոհին[24]։

Սպիտակ շնաձկների մարմինը հարթ սիգարաձև է, ունի հինգ զույգ երկար խռիկային ճեղքեր։ Բերանը կորացած է և ունի լայն աղեղի տեսք։ Առաջին մեջքային լողակն ունի եռանկյան տեսք, հիմքում՝ հիմնական կրծքային լողակներն են։ Կրծքային լողակները խոշոր, երկար և մանգաղաձև են։ Երկրորդ մեջքային և անալ լողակները կարճ են։ Անալ լողակը գտնվում է երկրորդ մեջքային լողակից առաջ։ Պոչային հատվածում կան ճողվածքներ։ Պոչային լողակի վերին հատվածում կա ներփքում[3][22]։

 
Մեգալոդոնի և սպիտակ շնաձկան ատամների տարբերությունը

Տիպիկ Սպիտակ շնաձկան հասուն առանձնյակի չափերը տատանվում է 4—6[25] մետրի սահմաններում։ Որձ Շնաձկները կամ Արուները, որպես կանոն, մեծ են էգերից։ Ամենամեծ գրանցված քաշը (2 տոննա 400 կգ) ունեցել է 1986 թվականի սեպտեմբերին Պոյնտ Վինսենտի ափերում բռնված 6 մետրանոց Արուն[26]։ Ամենամեծ չափ ունեցող սպիտակ շնաձկան հարցը դարձել է բանավեճերի առարկա։ Շնաձկների հարցում գիտնական փորձագետներ Ռիչարդ Էլիսը և Ջոն Էնդրյու ՄակԿոսկերը այս հարցին մի ամբողջ գլուխ են հատկացրել իրենց «Մեծ սպիտակ շնաձուկ» (1991) գրքում։

Էլիսը և Մակ Կոսկերը հաշվել են Ամենամեծ Արու առանձնյակի չափերը, որն ունեցել է 6,9—7 մետր երկարություն։ Շնաձուկը բռնվել է Կուբայի ջրերում 1945 թվականին։ Այդ շնաձկան չհաստատված քաշը եղել է 3 տոննա 600 կգ[27][28][29]։ Որոշ փորձագետներ գտնում են, որ շնաձուկն ունեցել էր 6.3 մետր երկարություն և 2 տոննա 400 կգ քաշ[4]։

 
Սպիտակ շնաձկան և սուզորդի չափերի հարաբերական տարբերությունը

Համաձայն 2001 թվականին կատարված մեկ այլ հետազոտության՝ 1987 թվականի մայիսին Ավստրալիայի Կենգուրու կղզում բռնվել է 7 մետր երկարությամբ սպիտակ շնաձուկ։ Սակայն վերջինս ճշգրտորեն չի չափանշվել, պահպանվել են միայն գլխի, երկրորդ զույգ լողակների և կրծքային խռիկների լուսանկարները։ Ձկնորսը, ով բռնել էր շնաձկանը, չափել է գլխի երկարությունը մինչև առաջին խռիկային ճեղքը (150 սմ), որը համապատասխանում է ամբողջ մարմնի չափերին (660 սմ)։ Մեկ այլ խոշոր առանձնյակ որսացել են 1982 թվականի Սենեգալի Դակար ծովափում, սակայն չեն լուսանկարել և չեն չափել այն։ Ըստ շնաձկների ոլորտում փորձագետ Մորենոյի, ով եղել է այդ ամենի ականատեսը, շնաձկան երկարությունը կազմել է ավելի քան 8 մետր։ Ծնոտները վաճառվել են 1000 ԱՄՆ դոլարով[29]։

Հարմարվածություն

խմբագրել

Մնացած շնաձկների նման՝ սպիտակ շնաձկներն ունեն յուրահատուկ զգայական օրգաններ, որոնք անվանվում են Լորենցինիի սրվակիկներ։ Դրանք շնաձկներին թույլ են տալիս որսալ այլ կենդանիների ստեղծած էլեկտրամագնիսական ալիքները։ Յուրաքանչյուր շարժման ժամանակ կենդանի օրգանիզմը առաջացնում է էլեկտրամագնիսական դաշտ։ Նույնիսկ սրտխփումն է առաջացնում թույլ էլեկտրական իմպուլս, որը շնաձուկը մոտ գտնվելու դեպքում կարող է զգալ։ Ձկների մեծամասնության մոտ համանման գործառույթ կատարում է կողագիծը[30]։ 1980 թվականին Ստեյնհարտի ակվարիումում (Սան Ֆրանցիսկո) կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ 136 կգ քաշ և 2.3 մ երկարություն ունեցող էգը, որը 72 ժամ գտնվել է անազատության մեջ, կարող է զգալ 125 միկրովոլտ էլեկտրական պոտենցիալի տարբերությունը[31]։ Այսպիսի բարձր զգայնությունը խոչընդոտում է շնաձկներին անազատության մեջ պահելուն, քանի որ նրանք ապակողմնորոշվում են և սկսում բախվել պատերին։ Սակայն հենց այդ զգայնությունը հնարավորություն է ընձեռնում նրանց գոյատևել բնության մեջ։ Օրինակ՝ մաշկոտանիները, որոնք շնաձկների սիրելի սնունդն են, հաճախ բնակեցնում են երիտասարդ կղզիները։ Դրանցից շատերը ունեն տեկտոնական ծագում, և նրանց շրջակայքում հաճախ են դիտվում մագնիսական անոմալիաներ։ Այդ անոմալիաներով էլ շնաձկները կողմնորոշվում են զոհեր փնտրելիս (մուրճ շնաձկների նման, որոնք Կորտեսի ծովում գիշերը հայտնաբերում են սննդի կուտակումները)[31]։

Ծովային առյուծի պես արագաշարժ կենդանիներ որսալու համար շնաձկները պետք է իրենց մարմնի ջերմաստիճանը պահեն միջավայրից ավելի բարձր։ Այդ նպատակին է ծառայում «Rete mirabile»-ը (ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «հրաշք ցանց»)։ Դա մարմնի կողային մասերում գտնվող երակներից, զարկերակներից և մազանոթներից կազմված խիտ համակարգ է։ Այդ համակարգը թույլ է տալիս տաքացնել զարկերակային արյունը երակային արյան և մկանային ինտենսիվ աշխատանքի միջոցով։ Այդպիսով շնաձուկը կարողանում է իր որոշ օրգաններ ավելի տաքացնել, քան մնացածը, օրինակ՝ ստամոքսը[32]։ Ջերմաստիճանի տարբերությունը շրջակա միջավայրի նկատմամբ մոտ 14 °C է, այն դեպքում, երբ սիրտը և խռիկները մնում են սառը[33]։ Սպիտակ շնաձկան այդ առանձնահատկությունը վկայում է գիգանտոթերմիայի (լատին․՝ Gigantothermia) և էնդոթերմիալ սառնարյունության (պոյկիլոթերմիայի) մասին, քանի որ ջերմաստիճանը կայուն չէ է և կարգավորվում է ներսում[24]։

 

Կծոցի ուժ

խմբագրել
 
Շնաձկան ատամնաշարը

2007 թվականին Նոր Հարավային Ուելսի համալսարանում (Սիդնեյ), համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կատարվեց շնաձկան գանգի ուսումնասիրություն, որի հիմքի վրա ստեղծվեց կծոցի ուժն ու դինամիկան գնահատել թույլատրող մի մոդել։ 2008 թվականին կատարված փորձը թույլ տվեց որոշել շնաձկան ծնոտի ուժը։ Հաստատվեց, որ 2.5 մ երկարությամբ և 240 կգ քաշով շնաձկան կծելու ուժը 3600 կՆ է, որը 6.4 մ երկարությամբ և 3600 կգ քաշ ունեցող շնաձկան դեպքում 72000 կՆ է[34][35][36]։ Սակայն պետք է նշել, որ 3600 կգ քաշը չափազանցված չէ[4]։

Սպիտակ շնաձկան կծոցի հարաբերական միջին ուժը 100—200 է, այն դեպքում, երբ թասմանյան հրեշինը 50—180 է, իսկ ոչ ուժեղ կոկորդիլոսինը՝ 600—700: Շնաձուկն ունի սուր ատամներ, որի պատճառով էլ այն կարիք ունի շատուժեղ կծոցի միջոցով մասնատել որսը[37]։

Կենսակերպ

խմբագրել

Սպիտակ շնաձկան վարքը և հասարակական պահելաձևը դեռևս ուսումնասիրված չեն։ ՀԱՀ-ի ջրերում դիտվում է աստիճանական դոմինանտում ըստ սեռի, չափի և փորձառության. Արուները դոմինանտում են էգերի նկատմամբ, մեծերը՝ փոքրերին ինչպես նաև, ծերերը կամ տարեցները երիտասարդներին են դոմինանտում, իսկ փորձառուները՝ նորեկներին։ Որսի ժամանակ սպիտակ շնաձկները հետևում են որոշակի ծեսերի և դեմոնստատիվ վարքի։ Նրանք շատ քիչ են հարձակվում միմյանց վրա, սակայն որոշ առանձնյակների մարմնի վրա նկատվել են համացեղացիների ատամնահետքեր։ Մի շնաձուկը կարող է կծել մյուսին՝ նախազգուշացնելով, վնասելու կամ իրենց գերիշխանությունը ցույց տալու նպատակով[8][38]։

 
Սպիտակ շնաձուկը բարձրացրել է գլուխը ջրի մակերևույթից վեր

Սպիտակ շնաձկները այն հազվագյուտ շնաձկներից են, որոնք զոհին տեսնելու համար հաճախ գլուխը հանում են ջրից։ Այդպիսի վարքը բնորոշ է նաև մալգաշյան գիշերային շնաձկանը։ Գոյություն ունի վարկած, ըստ որի շնաձկներն այդպես ավելի լավ են որսում հոտը, քանի որ օդում այն ավելի լավ է տարածվում, քան ջրում։ Սպիտակ շնաձկները հետաքրքրասեր են, հաղորդակցվում են միմյանց հետ և կազմում խմբեր։ Ամեն տարի Սիլ Այլենդի (անգլ.՝ Seal Island) ափերին նրանք խմբերով լողում են, խմբերը կազմված են երկուսից վեց առանձնյակներից։ Հնարավոր է, որ այս խմբերն իրենց կառուցվածքով նման են գայլերի ոհմակներին, խմբում յուրաքանչյուրն ունի իր որոշակի գործառույթը, և կա այսպես կոչված «ալֆա-լիդեր»[38]։

Սպիտակ շնաձկները գտնվում են սննդային բուրգի գագաթին։ Ոչ մեծ սպիտակ շնաձկների համար կարող են վտանգավոր լինել ավելի մեծ ցեղակիցները կամ ծովադելֆինները։ 1997 թվականին Հյուսիսային ծովի Ֆարերյան կղզիներում հետազոտողների խումբը ականատես եղավ, ինչպես ծովադելֆինը որսաց ու սպանեց շնաձկանը[39]։

Դեպքեր են գրանցվել, երբ բարձրակատար կոկորդիլոսները սպանել են սպիտակ շնաձկներին Ավստրալիայի ափերի մոտ[40][41]։

Սպիտակ շնաձկներին մակաբուծում են որոշ թիոտանի խեցգետնակերպեր՝ Pandarus sinuatus և Pandarus smithii[8]:

Սնունդ

խմբագրել
 
Սպիտակ շնաձուկը որսի ժամանակ

Սպիտակ շնաձկները որսի են դուրս գալիս հիմնականում ցերեկային ժամերին։ Սնվում են ձկներով, օրինակ՝ թյուննոսներով, կատվաձկներով և այլ շնաձկներով, կետանմաններով (դելֆիններ, կետեր, ծովային խոզեր), մաշկոտանիներով (փոկեր, ծովային առյուծներ, ծովային կատուներ), ծովային կրիաներով, ծովային կուղբերով և ծովային թռչուններով[3][42]։ Սնվում են նաև մահացած կետերի մարմիննով։ Արձանագրվել է դեպք, երբ սպիտակ շնաձուկը վագրային շնաձկան հետ, կիսել է մահացած կետի միսը[43]։ Հայտնի է նաև, որ սպիտակ շնաձկները կուլ են տալիս այնպիսի առարկաներ, որոնք չեն կարող մարսել։

Երիտասարդ շնաձկները սնվում են հիմնականում ձկներով։ 4 մետր և ավելի երկարություն ունեցող առանձնյակները սնվում են ծովային կաթնասուններով[44]։ Սպիտակ շնաձկները նախընտրում են կալորիապես հարուստ սնունդ՝ ճարպի մեծ պարունակությամբ։ Շնաձկների գծով մասնագետ Պիտեր Կլիմլին իր նավակի վրա օգտագործել է կոճային կարթաձողով մեխանիզմ, որին ամրացրել է փոկի, խոզի և ոչխարի մարմիններ, և տրոլինգի մեթոդով տեղափոխել դրանք Ֆարերյան կղզիներ։ Շնաձկները հարձակվել են փոկի և խոզի մսի վրա, սակայն չեն կերել ոչխարի միսը[45][46]։

Սիլ Այլենդի ափերի մոտ շնաձկները դուրս են գալիս որսի առավոտյան, արևածագից մոտ երկու ժամ անց, այդ ժամանակ տեսանելիությունը վատ է։ Այդ պայմաններում նրանց հարձակումներից հաջողվում են 55%-ը, ուշ առավոտյան՝ 40%-ը, իսկ դրանից հետո որսը դադարեցվում է[38]։

 
Սպիտակ շնաձուկը հարձակման ժամանակ՝ մեջքի վրա շրջված

Որսը կազմված է 5 փուլերից՝ հայտնաբերում, կողմնորոշում, մոտեցում, հարձակում և օգտագործում։ Առաջին երկու փուլերն ուսումնասիրվել է խայծերի միջոցով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ սպիտակ շնաձուկը հնարավորություն է ունենում ընտրել փոկ հիշեցնող խորանարդաձև և իլիկաձև օբյեկտների միջև, ընտրում է իր համար ավելի բնական խայծը։ Ընտրության բացակայության դեպքում նրանք հարձակվում են ցանկացած տեսք ունեցող խայծի վրա։ Որոշ գիտնականներ կարծում են, որ սուզորդները և սյորֆերները ներքևից դիտելու ժամանակ նման են մաշկոտանիներին և հենց այդ պատճառով էլ շնաձկները հարձակվում են նրանց վրա։ Այն փաստը, որ սպիտակ շնաձկները հարձակվում են անշունչ առարկաների վրա, որոնք ունեն ցանկացած գույն տեսք և չափ, միանշանակալիորեն հաստատում է «սխալ կողմնորոշման» վարկածը։ Հետազոտողները ենթադրում են, որ սպիտակ շնաձկները հաճախ կծում են անծանոթ առարկաները, որպեսզի ստուգեն դրանց պիտանելիությունը[8]։

Ստորջրյա հետազոտություններ հիման վրա գիտնականները նկարագրել են շնաձկների հարձակման որոշ մեթոդներ։ Շնաձկների մեծամասնությունը շարժվում է ջրի մակերևույթից ոչ մեծ խորություններում։ Մեկ մետր հեռավորությունից նրանք հարձակվում են՝ գլուխը հետ խոնարհելով և հանելով ջրից։ Երբեմն կատարում են հանկարծակի հարձակում, հաճախակի դուրս թռչելով ջրից։ Եզակի դեպքերում շնաձկները հարձակվում էին որովայնով վեր շրջված դիրքով[8]։

 
Կետի մարմինը՝ սպիտակ շնաձկան ատամնահետքերով

Որսի մարտավարությունը կախված է զոհի տեսակից։ Սիլ Այլենդի սպիտակ շնաձկները ներքևից մեծ արագությամբ հարձակվում են ծովային կատուների վրա։ Հարձակումը կատարվում է այնպիսի մեծ արագությամբ, որ շնաձկները կարող են ամբողջովին դուրս թռչել ջրից։ Գիտնականները այդպիսի հարձակման առավելագույն արագությունը գնահատել են մոտ 40 կմ/ժ։ Ըստ այլ աղբյուրների՝ սպիտակ շնաձուկը կարող է զարգացնել ավել քան 56 կմ/ժ արագություն[47], որը սակայն ճշգրտված չէ[48]։ Անհաջող հարձակման դեպքում շնաձկները կարող են շարունակել հետապնդել զոհին։ Շնաձկները հիմնականում են հարձակվում են այն ժամանակ, երբ զոհը գտնվում է ջրի մակերևույթին ավելի մոտ[49]։

 
Հյուսիսային ծովային փղերը կարող են սպիտակ շնաձկների զոհ դառնալ

Կալիֆոռնիայի ափերի մոտ սպիտակ շնաձկները հյուսիսային ծովային փղերին որսում են հետևյալ կերպ. ուժեղ կծելով հետևի հատվածից՝ անշարժեցնում են զոհին, ապա սպասում, որ այն արյունահոսի և մահանա։ Շնաձկներն այս մարտավարությունն հիմնականում օգտագործում են այն ժամանակ, երբ հարձակվում են չափերով ավելի խոշոր արուների վրա և կարող են լրջորեն վիրավորել հակառակորդին։ Հարձակումը կատարվում է ջրի տակ, որտեղ զոհը ապակողմնորոշվում է։

Սովորական փոկերին շնաձկները որսում են ջրի մակերևույթին և իջեցնում դեպի ծովի հատակը, մինչև զոհը արյունահոսի և սատկի։ Կալիֆոռնիական ծովային առյուծներին սպիտակ շնաձկները բռնում են մարմնի մեջտեղից, քաշում են ներքև և ուտում[50]։

Դելֆինների և ծովային խոզերի վրա շնաձկներն ավելի քիչ են հարձակվում, հիմնականում՝ վերևից, հետևից կամ ներքևից, որպեսզի նրանք չկարողանան արձագանքի միջոցով հայտնաբերել գիշատչին։ Սպիտակ շնաձկները հարձակվում են սև, մոխրագույն, շշակիր, սապատավոր դելֆինների և սպիտակաթև ծովային խոզերի վրա[51]։ Դելֆինների խուսափում են շնաձկների հետ գտնվել նույն վայրում։ Բայց երբեմն դելֆինների խումբը ինքնապաշտպանության նպատակներով կարող է հարձակվել միայնակ շնաձկան վրա[50]։

Սպիտակ շնաձկները հարձակվում են ոչ մեծ կետանմանների վրա։ 1989 թվականի օգոստոսին կենտրոնական Կալիֆոռնիայի ափ նետվեց 1.6 մ երկարությամբ թզուկ կաշալոտը, որի պոչային լողակի վրա կային սպիտակ շնաձկան ատամնահետքեր[52]։ Բացի այդ, սպիտակ շնաձկները հարձակվում են նաև կտցադնչավորների ընտանիքին պատկանող առանձնյակների վրա[28][46]։

Սպիտակ շնաձկները հազվադեպ են հարձակվում միմյանց վրա։ Սովորաբար ագրեսիվ են ավելի խոշոր առանձնյակները, Ավստրալիայում՝ Ստրեդբրոուկ Այլենդի (անգլ.՝ Stradbroke Island) ափերի մոտ 5-6 մետրանոց շնաձուկը 3 մետր երկարությամբ շնաձկանը բաժանել է երկու մասի[53]։

Բազմացում

խմբագրել

Սպիտակ շնաձկան ծննդաբերությանը հետևելը շատ բարդ է. այն կարող է տեղի ունենալ շնաձկների կուտակման վայրերից շատ հեռու և մեծ խորություններում։

1991 թվականին սպիտակ շնաձկների բազմացման մասին դեռևս ոչինչ հայտնի չէր։ 1991 թվականից սկսած Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Ավստրալիայի ջրերում գիտնականների կողմից ուսումնասիրվել են մի քանի հղի էգեր։ Այդ բռնված առանձնյակները նոր գիտելիքներ հաղորդեցին սպիտակ շնաձկների բազմացման մասին, որը սակայն պարունակում է շատ իրարամերժ փաստեր[54]։

Սպիտակ շնաձկան սաղմը սնվում է մոր ձվարաններում արտադրվող ձվաբջիջներով (օոֆագիա)։ Սաղմի զարգացման փուլում (երկարությունը 100-110 սմ) լավ արտահայտված է որովայնի ձգվածությունը, որը լցված է դեղնուցով, այն դեպքում, երբ շնաձկների զարգացման ուշ շրջանում (135-151 սմ) ստամոքսը կամ դատարկ է, կամ պարունակում է քիչ քանակությամբ դեղնուց։ Ուշ փուլում ձվերի արտադրությունը դադարեցվում է, իսկ սաղմը սննդարար նյութեր է ստանում դեղնուցը մարսելու հաշվին, էներգիան մեծացած լյարդում կուտակվում է լիպիդների տեսքով[55]։ Սաղմերի միմյանցով սնվելը (ադելֆոֆագիա), ի տարբերություն այլ տեսակների, սպիտակ շնաձկան մոտ չի դիտվում։ Սովորական ավազային շնաձկանը (լատին․՝ Carcharias taurus) բնորոշ է յուրաքանչյուր ձվատարում միայն մեկ սաղմի առկայությունը, որի պատճառով էլ սերունդը բաղկացած է լինում 2-ից ոչ ավելի առանձնյակներից[56]։ Սպիտակ շնաձկների մոտ յուրաքանչյուր ծննդաբերման ժամանակ սերունդը բաղկացած է լինում ոչ պակաս 10 շերեփուկից, ինչը էմբրիոֆագիան հավասարեցնում է զրոյի։ Սաղմերը չեն հաղորդակցվում մայրական օրգանիզմի հետ, որի պատճառով տվյալ տեսակի մոտ դիտվում է ձվածնություն՝ օոֆագիա[54]։

Սպիտակ շնաձկան արգանդում սովորաբար լինում է երկուսից մինչև տասը, միջին հաշվով՝ 5-10 սաղմ։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն սաղմերի թիվը կարող է հասնել տասնչորսի։ Ամենամեծ սաղմը ունեցել է 151 սմ երկարություն, իսկ մոտավորապես 20 առանձնյակների եղել է 135-151 սմ։ Ամենափոքր ողջ մնացած սաղմն ունեցել է 122 սմ երկարություն, որը բռնվել է Հյուսիսային Ամերիկայում[57][58]։ Վերոնշյալ փաստերի հիման վրա՝ նորածին շնաձկան չափսերը գնահատվում է 120-150 սմ[54]։

Հղի էգերը, որոնք ունեն 127 սմ երկարությամբ սաղմեր, հանդիպում են ձմռանից ամառ ընկած ժամանակահատվածում, որից ենթադրվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունենում գարնանը կամ ամռանը։ Մինչև 155 սմ երկարություն ունեցող նորածին շնաձկները նույնպես բռնվել են գարուն-ամառ ժամանակահատվածում[57][58][59]։ Այդ ժամանակահատվածում, սակայն, որսացել են նաև հղի էգեր, որը կարող է ունենալ մի տարբեր բացատրություններ՝

  • սխալ է նշվել սաղմի երկարության կամ որսի ժամանակահատվածը,
  • վերարտադրման ցիկլը չունի որոշակի եղանակային կախվածություն, որի պատճառով էլ, նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են և՛ հղի առանձնյակներ, և՛ նորածիններ,
  • հղիության տևողությունը գերազանցում է մեկ տարին, այդ պատճառով էլ մեկ սերնդի սաղմերը և նախկին սերնդի նորածինները հայտնաբերվում են նույն ժամանակահատվածում։

Երկրորդ և երրորդ բացատրությունները իրականությանն ավելի մոտ են, քան առաջինը[54]։

Սաղմեր, հղի էգեր կամ նորածիններ հայտնաբերվել են Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Թայվանում, Ճապոնիայում և Միջերկրական ծովում։ Նորածինները հանդիպում են Նոր Զելանդիաում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում և Միջերկրական ծովում[58][59]։ Հետևաբար, ծննդաբերությունները կատարվում են ամբողջ աշխարհով մեկ, տարբեր ջրերում՝ հիմնականում խաղաղ[54]։

Էգերը սեռահասուն են դառնում 12-14 տարեկան հասակում՝ ունենալով 4-5 մ երկարություն, արուները՝ 3.5-4.1 մ երկարության և 9-10 հասակում։ Սպիտակ շնաձկան կյանքը գնահատվում է քսանյոթ տարի, որի ընթացքում նա կարող է աճել մինչև 7.6 մետր[5][60]։

Սպիտակ շնաձկների խաչասերումը դիտվել է տարվա ընթացքում միայն մեկ անգամ՝ գարնանը։ Այլ անուղղակի փաստերի միջոցով որոշվում է խաչասերման ժամանակահատվածը, օրինակ՝ դեպի պտերիգոպոդիա սպերմայի կամ սպերմատոֆորների հոսքով, ուռած սիֆոնային պարկիկներով և էգերի մարմնի վրա դիտված ատամնահետքերով։ Այսպիսի երևույթները դիտվում են գարուն-ամառ ժամանակահատվածում։ Քանի որ ծննդաբերությունը ընթանում է նույն ժամանակահատվածում, ենթադրվում է, որ էգերը առանց հանգստի կարող են նորից բեղմնավորվել և նոր սերունդ տալ։ Այս վարկածը դեռևս հաստատված չէ[54]։

Փոխհարաբերություններ մարդու հետ

խմբագրել
 
Սպիտակ շնաձկան պատկերը Թաիլանդի թագավորական ռազմածովային նավատորմի տարբերանշանի վրա

Ամենավտանգավոր շնաձուկը մարդու համար սպիտակ շնաձուկն է։ «Շնաձկների հարձակումների միջազգային շտեմարանի» (անգլ.՝ International Shark Attack File) ցուցակում 1990-2011 թվականներին գրանցվել է սպիտակ շնաձկների հարձակման 139 դեպք, որից 29-ը ունեցել են մահվան ելք[61]։ Վերջին մահացու դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարի 28-ին[62]։ Շնաձուկը հարձակվելիս նպատակ չունի սնվել մարդկանցով։ Շատ դեպքերում, երբ շնաձկները կծում են մարդկանց, փորձում են հասկանալ, թե ինչ է դա։ Նրանք համտեսում են նաև այլ առարկաներ նույնպես, այդ թվում օրինակ՝ սյորֆինգի տախտակները[14]։ Հնարավոր է նաև, որ շնաձուկը շփոթի մարդուն իր զոհերի՝ մաշկոտանիների հետ։ Մարդկանց վրա հարձակումների մեծամասնությունը կատարվել է վատ տեսանելիության պայմաններում։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ շնաձկան հարձակումից հետո մարդիկ կարողանում են ողջ մնալ հանկարծակի հարվածելով և վախեցնելով շնաձկանը։ Հարկ է նշել, որ շնաձկան հարձակումից հիմնականում մահանում են միայնակ սուզորդները, եթե սուզորդները գտնվում են խմբով հնարավոր է խուսափել մահից։ Ինչպես այլ կենդանիների որսի ժամանակ, շնաձուկը կծում է մարդուն և սպասում, որ նա արյունահոսի և մահանա, սակայն եթե հարձակված մարդու մոտակայքում այլ մարդիկ կան, նա կարող է փրկվել։ Մարդկային զոհեր գրանցվում են հիմնականում արյունահոսության պատճառով[27]։

Շնաձկները հազվադեպ հարձակվում են նավակների վրա և նույնիսկ խորտակում դրանք։ 20-րդ դարի 108 դեպքերից 5-ը կապված են եղել կայակների հետ[63]։ Եզակի դեպքերում, շնաձուկը հարձակվել է 10 մ երկարությամբ նավի վրա։ Հիմնականում հարվածում է կողքից։ Հարվածը կարող է այնքան ուժգին լինել, որ մարդիկ դուրս թռչեն տախտակամածից։ 1936 թվականին շնաձուկը ցատկել է հարավաֆրիկյան ձկնորսական «Lucky Jim» նավի տախտակամածի վրա՝ խմբի անդամներին նետելով ջուրը։ Ենթադրվում է, որ այդպիսի հարձակումը կապված է եղել նավի առաջացրած էլեկտրական դաշտի հետ[27]։

Սպիտակ շնաձկները անազատության մեջ

խմբագրել
 
Սպիտակ շնաձուկը Monterey Bay Aquarium-ում, 2006 թվական, սեպտեմբեր

Մինչև 1981 թվականի օգոստոսը ոչ մի շնաձուկ չէր կարողանում գոյատևել անազատության մեջ 11 օրից ավել։ 1981 թվականի օգոստոսին Սան Դիոգոյի «SeaWorld» օկեանարիայում սպիտակ շնաձուկը ապրեց 16 օր[64], ինչից հետո ազատ արձակվեց։ Օռլանդոյի SeaWorld օկեանարիայում շնաձկներին պահելու գաղափարը ներկայացված է 1983 թվականի «Ծնոտներ 3» ֆիլմում։

1984 թվականին Կալիֆոռնիայի Monterey Bay Aquarium օկեանարիա տեղափոխեցին մի սպիտակ շնաձուկ, որը մահացավ 10 օր անց։ 2003 թվականի հուլիսին օկեանարիումի հետազոտողները բռնեցին սպիտակ շնաձուկ և պահեցին նրան 5 օր մեծ արգելախցում՝ Մալիբուից ոչ հեռու։ Նախքան նրան բաց թողնելը, հետազոտողներին հաջողվեց կերակրել շնաձկանը[65]։ Մինչև 2004 թվականի սեպտեմբեր ամիսը ոչ մի օկեանարիումի չէր հաջողվել պահել շնաձկանը երկարատև ժամանակահատվածով։ Երիտասարդ էգը, որը բռնվել էր Վենտուրայում, Monterey Bay Aquarium օկեանարիումի ակվարիումներից մեկում՝ Outer Bay (3․800․000 լիտր տարողություն) ապրեց 198 օր, ապա ազատ արձակվեց 2005 թվականի մարտին։ Նրան հետևում էին 30 օր շարունակ[66]։ 2006 թվականի օգոստոսի 31-ին ակվարիումում տեղավորեցին Սանտա Մոնիկա նեղուցի արտաքին մասում բռնած երիտասարդ արուին[67]։ Նրա առաջին սնունդը 2006 թվականի սեպտեմբերի 8-ին տրված սաղմոնի մի մեծ կտոր էր։ Հենց այդ օրը չափվել է նրա երկարությունը՝ նա ուներ 1.7 մետր երկարություն և 47 կգ քաշ։ Շնաձուկը ազատ արձակվեց 137 օր անց։

Երրորդ սպիտակ շնաձուկը, որը հայտնվեց «Monterey Bay Aquarium» օկեանարիումում երիտասարդ արուն էր։ Նա ապրեց այդտեղ 162 օր՝ 2007 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2008 թվականի փետրվարի 5-ը։ Վերաբնակեցման պահին նա ուներ 1,4 մ երկարություն և 30,6 կգ քաշ, իսկ ազատ արձակման պահին 1.8 մ երկարություն և 64 կգ քաշ։ 2008 թվականի օգոստոսի 27-ին «Outer Bay» ակվարիում բերվեց սպիտակ շնաձկան երիտասարդ էգ։ Չնայած նրան, որ շնաձուկը շատ ակտիվ շարժվում էր, միայն մեկ անգամ հաջողվեց կերակրել նրան, և 2008 թվականի սեպտեմբերի 7-ին նա ազատ արձակվեց[68]։ 2008 թվականի վերջին այս ակվարիում բերված մեկ այլ էգ շնաձուկ։ 2009 թվականի նոյեմբերին այն ազատ է արձակվում, սակայն 2010 թվականի մարտին մահանում է Մեքսիկայի ափերի մոտ՝ խճճվելով ձկնորսական ցանցում[69]։ 2011 թվականի օգոստոսի 18-ին «Monterey Bay Aquarium» օկեանարիումի «Open Sea» ակվարիումում հայտնվեց ևս մեկ շնաձուկ։ Նա ուներ 1,4 մ երկարություն և բռնվել էր Մալիբուի ջրերում։ Նույն թվականի նոյեմբերին նա ազատ է արձակվում։

Անազատության մեջ գտնվող շնաձկներից, հավանաբար, ամենահայտնին եղել է Սենդի անունով շնաձուկը, որը 1980 թվականին պահվում էր Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիայում։ Նրան ազատ են արձակում, քանի որ նա չէր սնվում և բախվում էր ակվարիումի պատերին[31]։

 
Սպիտակ շնաձկան առկայության դեպքում պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները, օրինակ՝ վանդակի օգտագործումը

Սպիտակ շնաձկներ և էկոզբոսաշրջություն

խմբագրել
Սպիտակ շնաձկան խայծով գրավելու գործընթացը

Շնաձկներին ուսումնասիրելու համար վանդակի օգտագործումը ավելի բնորոշ է Ավստրալիայի, ՀԱՀ-ի, Գվադալուպա կղզու, Ստորին Կալիֆոռնիայի ջրերի համար, որտեղ շնաձկները շատ հաճախ են հանդիպում։ Ներկայումս տուրիզմի այս ճյուղն ունի շատ մեծ պահանջարկ[70][71]։ Նախ և առաջ շնաձկներին գրավելու համար ծով է նետվում սնունդ։ Դրա համար սուզակը մսով սուզվում է ջուրը, իհարկե վանդակի մեջ, ապա մյուս կազմակերպիչը, քաշելով թելը, հեռացնում է սնունդը սուզորդից։ Ներկայումս Գվադալուպայի ափերի մոտ արգելված է խայծի կիրառումը, իսկ հայտնի կազմակերպությունները հրաժարվել են այդ պրակտիկայից։ Ավստրալիայում և ՀԱՀ-ում օպերատորները շարունակում են օգտվել խայծերից, որոնք ունեն մաշկոտանու տեսք[72]։

Սպիտակ շնաձուկը էկոզբոսաշրջությունում

Զբոսաշրջական կազմակերպությունները, որոնք կազմակերպում են այդպիսի զվարճալիքներ, հավատացնում են, որ ավելի հավանական է, որ մարդ տուժի կայծակի հարվածից, քան շնաձկան հարձակումից[73]։ Նրանք կարծում են, որ խայծ օգտագործելու արգելքը դնելուց առաջ պետք է կատարել հետազոտություններ, որոնք կապացուցեն, որ դա խանգարում է շնաձկների բնականոն կենսագործունեությանը[74]։ Հնարավոր է՝ ապագայում այդպիսի կենտրոններ ստեղծվեն այնտեղ, որտեղ շնաձկներն առանց այդ էլ հավաքվում են։ Պետության կողմից արտոնագրային իրավունքի ներմուծումը կարող է մեծ ներդրում ունենալ այս հարցի լուծման գործում[72]։

Զբոսաշրջային բիզնեսով զբաղվող կազմակերպությունները շահագրգռված են պահպանել զվարճանքի այս տեսակը։ Ձնաձկան ծնոտները կարող են վաճառվել 20․000 ֆունտ ստեռլինգով, կենդանի շնաձուկն ավելի մեծ գին ունի։ Օրինակ՝ Գանսաբեում (ՀԱՀ) տուրիզմի այդ ձևի համար տախտակամած են բարձրանում 30 տուրիստ։ Սուզվելու գինը տատանվում է £50-150 սահմաններում։ Այդպիսով կենդանի շնաձուկը կարող է օրական £9․000-27․000 շահույթ բերել[75]։

Տեսակի պահպանում

խմբագրել
 
Ձկնորսների կողմից բռնված սպիտակ շնաձուկը
 
Սպիտակ շնաձկան մշակման գործընթացը

Սպիտակ շնաձկների պոպուլյացիայի մասին ճշգրիտ տեղեկությունները բացակայում են, սակայն տեսակը համարվում է խոցելի[11]։ Շնաձկներին հաճախ որսում են մինչև ուշ վրա հասնող վերարտադրողական տարիքը, որի պատճառով տեսակի վերականգնումը դանդաղ է ընթանում։

Ըստ 2010 թվականի մի հետազոտության գնահատականի՝ ամբողջ աշխարհում մնացել է մոտ 3500 առանձնյակ[76], ըստ մեկ այլ 2014 թվականի գնահատականի՝ պոպուլյացիայի թվաքանակը վերջին տասնամյակի ընթացքում նվազելուց հետո, կրկին աճել է, և միայն Կալիֆոռնիայի ափերի մոտ կա 2000 առանձնյակ՝ 10 անգամ ավելի շատ քան գնահատվել էր նախորդ հետազոտության ժամանակ՝ 219[77][78]:

Պիտեր Բենչիլի նորավեպի և Սթիվեն Սպիլբերգի «Ծնոտներ» բլոկբասթերի հրապարակումից հետո հասարակությունը սպիտակ շնաձկներին դիտում էր որպես դաժան մարդասպաններ։ Զգալով իր սխալը՝ Պիտեր Բենչլին դարձավ սպիտակ շնաձկների ակտիվ պաշտպան[79][80]։ Հաճախ շնաձկները հայտնվում են ձկնորսական ցանցերում։ Այդ դեպքերից շատերն ավարտվում են կենդանու վախճանով, քանի որ նա ստանում է լուրջ վնասվածքներ։ Սպիտակ շնաձկների ծնոտները թանկարժեք են, և երբեմն որսը հենց դրա համար էլ կատարվում է։ Ավանդաբար շատ շրջաններում նրանց համարում են ձկնային պաշարների ոչնչացնողներ, սակայն նրանք սնվում են մաշկոտանիներով, որոնք սնվում են ձկներով, այսինքն շնաձկները ընդհակառակը օգտակար են[11]։ Նույնիսկ մի քանի առանձնյակների առանձնացումը կամ սպանությունը կարող է լուրջ հետևանքներ թողնել էկոհամակարգի վրա, օրինակ՝ Ֆարերյան կղզիներում 4 սպիտակ շնաձկների որսը[81]։ Այս տեսակին սպառնում է նաև շրջակա միջավայրի ախտոտումը։ ՀԱՀ-ում ծնոտները կարող են արժենալ 20․000-50․000, իսկ մեկ ատամը՝ 600-800 ԱՄՆ դոլար։ Բարձր են գնահատվում նաև լողակները (մեկ զույգը՝ 1․000 ԱՄՆ դոլար)։ Այսպիսի բարձր գները բերում են օրինախախտումների և գերշահույթ ստանալու միտումների[5]։ Հարավային Ավստրալիայում վերջերս կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ որոշ առանձնյակներ բռնվում են արդեն երկրորդ անգամ (4-6%), որը խոսում է տեսակի հնարավոր վտանգվածության մասին[11]։ 1992-1994 թվականներին նշված սպիտակ շնաձկների 40%-ը կրկին հանդիպում են Դայեր Այլենդում։ Ավստրալիական և հարավաֆրիկյան հետազոտությունները ցույց տվեցին, որ շնաձկները պարբերաբար վերադառնում են նույն վայրերը[11]։

Ավստրալիայում, ՀԱՀ-ում, Նամիբիայում, Իսրայելում, Մալթայում և ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա և Ֆլորիդա նահանգներ) սպիտակ շնաձկները ներկայումս պահպանվում են օրենքով։ Օրինախախտների համար նախատեսված պատիժները բավականին խիստ են, սակայն սև շուկայում բարձր արժեղություն ունեցող ատամների, ծնոտների և լողակների համար կատարվում է անօրինական որս։ Ավստրալիայում նախագծվել է միջազգային ծրագիր, որը նպատակ ունի ավստրալիական ջրերում վերականգնել տեսակի պոպուլյացիան[5]։

Սպիտակ շնաձկան որսի արգելման օրենքն ընդունել է միայն Ավստրալիան։ 2002 թվականին սպիտակ շնաձկան պաշտպանությունը ամփոփվեց Բոննի կոնվեկցիայի դրույթներում։ Բնության պահպանության միջազգային միությունը նրան տվել է «խոցելի» կարգավիճակ[11]։

Ֆիլմեր սպիտակ շնաձկան մասնակցությամբ

խմբագրել
 
«Յունիվերսալ» կինոստուդիայի «Ծնոտներ» ֆիլմի հերոսը, Ֆլորիդայում, ֆիլմին նվիրված թեմատիկ ատրակցիոնների մոտ:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Յ.Ս. Ռեշետնիկով, Ա.Ն. Կոտլյար, Տ.Ս. Ռասս, Մ.Ի. Շատունովսկի։ Կենդանիների անվանումների հնգալեզու բառարան։ Ձկներ 1989 թվական
  2. Ե.Պ. Գուբանով, Վ.Վ. Կոնդյուրին , Ն.Ա. Մյակգով Համաշխարհային օվկիանոսի շնաձկներ։ Տեղեկատու-կողմնորոշիչ.Ագրոպրոմիզդատ, 1986 թվական - Հ. 54 - 272 էջ
  3. 3,0 3,1 3,2 Compagno, Leonard J.V. 1. Hexanchiformes to Lamniformes // FAO species catalogue. - Rome: Food and Agricultural Organization of the United Nations, 1984. - Vol. 4. Sharks of the World: An Annotated and Illustrated Catalogue of Shark Species Known to Date
  4. 4,0 4,1 4,2 Largest Great White Shark : Discovery Channel
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Compagno, Leonard J.V. Volume 2. Bullhead, mackerel and carpet sharks (Heterodontiformes, Lamniformes and Orectolobiformes) // FAO species catalogue. Sharks of the World: An Annotated and Illustrated Catalogue of Shark Species Known to Date. - Rome: Food and Agricultural Organization of the United Nations, 2002
  6. Woods Hole Oceanographic Institution (2014 հունվարի 9). «New study finds extreme longevity in white sharks».
  7. Մոլտկին, Վալերի (1998). Շնաձկների կյանքը. Մոսկվա: Արևիկ. էջ 17. ISBN 17-18. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «White shark. Biological profile Martins, C. & Knickle, C. Florida Museum of Natural History». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. «ISAF Statistics on Attacking Species of SharkISAF Statistics on Attacking Species of Shark. Florida Museum of Natural History
  10. Audrey Daley:Shark:Hodder & Stroughton 1994 թվական
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Fergusson, I., Compagno, L.; Marks, M. (2000). «Carcharodon carcharias in IUCN 2012». IUCN Red List of Threatened Species, Vers. 2009.1. Բնության պահպանության միջազգային միություն. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (Տվյալների շտեմարանում նշված են խոցելի համարելու պատճառները)
  12. «Carcharodon carcharias». UNEP-WCMC Species Database: CITES-Listed Species On the World Wide Web. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 ապրիլի 8-ին.
  13. «Jaws»
  14. 14,0 14,1 «Great White Shark Attacks: Defanging the Myths»: Jennifer Hile:Marine Biology. (January 23, 2004). National Geographic
  15. Linnaeus C. 1758 (1 Jan.) Systema Naturae, Ed. X. (Systema naturae per regna tria naturae, secundum classes, ordines, genera, species, cum characteribus, differentiis, synonymis, locis. Tomus I. Editio decima, reformata.) Holmiae. Aqua, Journal of Ichthyology and Aquatic Biology v. 1: i-ii + 1-824
  16. Hart, J.L., 1973. Pacific fishes of Canada. Bull. Fish. Res. Board Can. 180:740 p.
  17. An associated specimen of Carcharodon angustidens (Chondrichthyes, Lamnidae) from the Late Oligocene of New Zealand, with comments on Carcharodon interrelationships»:Gottfried M. D., Fordyce R. E.: Journal of Vertebrate Paleontology
  18. Carcharodon:Jim Bourdon: The Life and Times of Long Dead Sharks 2009
  19. «New ancient shark species gives insight into origin of great white:Danielle Torrent:Univercity of Florida Նոյեմբերի 14, 2012 թվական». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  20. Fossil History of the White Shark:R. Aidan Martin:Reef Quest Centre for Shark Research Հոկտեմբերի 10, 2011 թվական
  21. 21,0 21,1 Transoceanic Migration, Spatial Dynamics, and Population Linkages of White Sharks: Ramón Bonfil, Michael Meÿer, Michael C. Scholl, Ryan Johnson, Shannon O'Brien, Herman Oosthuizen, Stephan Swanson, Deon Kotze, Michael Paterson 2005 թվական
  22. 22,0 22,1 «South Africa - Australia - South Africa»:White Shark Trust Հունվարի 15, 2013 թվական
  23. «The Great White Way»:Pete Thomas:«Los Angeles Times» Հունվարի 15, 2013 թվական
  24. 24,0 24,1 «Great White Sharks, Carcharodon carcharias» MarineBio.org Հոկտեմբերի 15, 2013 թվական
  25. scharks.ru
  26. Brief Overview of the Great White Shark (Carcharodon carcharias):R. Aidan Martin:ReefQuest Centre for Shark Research
  27. 27,0 27,1 27,2 Tricas, T. C.; McCosker, J. E.:Predatory behaviour of the white shark (Carcharodon carcharias), with notes on its biology:Proceedings of the California Academy of Sciences) 1984 թվական, 221-238 էջեր
  28. 28,0 28,1 S. Wroe, D. R. Huber, M. Lowry, C. McHenry, K. Moreno, P. Clausen, T. L. Ferrara, E. Cunningham, M. N. Dean and A. P. Summers:Three-dimensional computer analysis of white shark jaw mechanics: how hard can a great white bite?:Journal of Zoology 2008 թվական, 336-342 էջեր
  29. 29,0 29,1 «An analysis of the photographic evidences of the largest great white sharks, Carcharodon carcharias (Linnaeus, 1758), captured in the Mediterranean Sea with considerations about the maximum size of the species:A. De Maddalena, M.Zuffa, L.Lipej, A.Celona:Sharkman's World Organisations» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  30. «The physiology of the ampullae of Lorenzini in sharks».:Biology Dept., Davidson College. Biology @ Davidson
  31. 31,0 31,1 31,2 R. Aidan Martin:ReefQuest Centre for Shark Research
  32. [Goldman K. J.:Regulation of body temperature in the white shark, Carcharodon carcharias:Journal of Comparative Physiology; B Biochemical Systemic and Environmental Physiology]
  33. «Body Temperature of the Great white and Other Lamnoid Sharks»:Martin, R. Aidan
  34. Wroe, S.; Huber, D. R. ; Lowry, M. ; McHenry, C. ; Moreno, K. ; Clausen, P. ; Ferrara, T. L. ; Cunningham, E. ; Dean, M. N. ; Summers, A. P.:Three-dimensional computer analysis of white shark jaw mechanics: how hard can a great white bite?:Journal of Zoology 2008 թվական
  35. ««Measuring the great white's bite»:Medina, Samantha (27 July 2007):Cosmos Magazine». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  36. «Shark Bite Replace Shark Attack:News24by7». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  37. How powerful is a great white shark's jaw?:Peter Cole:Focus Magazine
  38. 38,0 38,1 38,2 R. Aidan Martin and Anne Martin:«Sociable Killers»:Natural History Magazine, Inc
  39. The Whale That Ate Jaws Killer Whale vs. Jaws:National Geographic
  40. Saltwater or Estuarine Crocodile - Reptiles Reference Library - redOrbit
  41. Gerald (1983). The Guinness Book of Animal Facts and Feats
  42. «Johnson, R. L.; A. Venter, M. N. Bester, and W. H. Oosthuizen:Seabird predation by white shark Carcharodon carcharias and Cape fur seal Arctocephalus pusillus pusillus at Dyer Island:South African Journal of Wildlife Research|тип=journal 2006 թվական 23-32 էջեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  43. Dudley, Sheldon F. J., Michael D. Anderson-Reade, Greg S. Thompson, and Paul B. McMullen:Concurrent scavenging off a whale carcass by great white sharks, Carcharodon carcharias, and tiger sharks, Galeocerdo cuvier:Fishery Bulletin 2000 թվական 646-649 էջեր
  44. Estrada, J. A.; Rice, Aaron N.; Natanson, Lisa J. and Skomal, Gregory B. (2006). «Use of isotopic analysis of vertebrae in reconstructing ontogenetic feeding ecology in white sharks». Ecology. USA. 87 (4): 829–834. doi:10.1890/0012-9658(2006)87[829:UOIAOV]2.0.CO;2. PMID 16676526.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  45. «Catch as Catch Can»:ReefQuest Centre for Shark Research
  46. 46,0 46,1 «Predatory Behavior of Pacific Coast White Sharks»:Martin, Rick:Shark Research Committee
  47. Alaska's Great White Sharks, by Bruce A. Wright, 2007, page 27
  48. «How Fast Can a Shark Swim?»:ReefQuest Centre for Shark Research
  49. "White Shark Predatory Behavior at Seal Island":ReefQuest Centre for Shark Research
  50. 50,0 50,1 «Heithaus M.:Predator–prey and competitive interactions between sharks (order Selachii) and dolphins (suborder Odontoceti): a review;Journal of Zoology 2001 թվական 53-68 էջեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  51. [Klimley, Peter; Ainley, David:Great White Sharks: The Biology of Carcharodon carcharias:Academic Press 1996 թվական 91-108 էջեր]
  52. Long D. L:Apparent Predation by a White Shark Carcharodon carcharias on a Pygmy Sperm Whale Kogia breviceps:Fishery Bulletin 1991 թվական 538-540 էջեր
  53. ««Monster shark bites great white in half» The Daily Telegraph (Australia) Հոկտեմբերի 27, 2009 թվական». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  54. 54,0 54,1 54,2 54,3 54,4 54,5 Reproductive Strategy of White Sharks, Carcharodon carcharias:Malcolm P. Francis:National Institute of Water and Atmospheric Research
  55. Francis, M. P. 1996. Observations on a pregnant white shark with a review of reproductive biology. In: pp. 157-172, A. P. Klimley and D. G. Ainley (eds), Great White Sharks. The Biology of Carcharodon carcharias. Academic Press, San Diego
  56. Gilmore R. G.:Reproductive biology of lamnoid sharks:Environmental Biology of Fishes 1993 թվական, 95-114 էջեր
  57. 57,0 57,1 Klimley, A. P. 1985. The areal distribution and autoecology of the white shark, Carcharodon carcharias, off the west coast of North America. Memoirs of the Southern California Academy of Sciences 9: 15-40.
  58. 58,0 58,1 58,2 Pratt, H. L. 1996. Reproduction in the male white shark. In: pp. 131-138, A. P. Klimley and D. G. Ainley (eds), Great White Sharks. The Biology of Carcharodon carcharias. Academic Press, San Diego.
  59. 59,0 59,1 Fergusson, I. K. 1996. Distribution and autecology of the white shark in the eastern North Atlantic Ocean and the Mediterranean Sea. In: pp. 321-345, A.P. Klimley and D.G. Ainley (eds), Great White Sharks. The Biology of Carcharodon carcharias. Academic Press, San Diego.
  60. Cailliet, G. M., Natanson, L. J., Welden, B. A., and Ebert, D. A. 1985. Preliminary studies on the age and growth of the white shark, Carcharodon carcharias, using vertebral bands. Memoirs of the Southern California Academy of Sciences 9: 49B60.
  61. ISAF Statistics for Worldwide Unprovoked White Shark Attacks Since 1990 Florida Museum of Natural History
  62. Police open fire on killer shark
  63. «Unprovoked White Shark Attacks on Kayakers»:Shark Research Committee
  64. «Great white shark sets record at California aquarium»:USA Today
  65. «Great white shark puts jaws on display in aquarium tank»:Gathright, Alan:San Francisco Chronicle
  66. «White Shark Research Project»:Monterey Bay Aquarium
  67. ««Great white shark introduced at Monterey Bay Aquarium»:Squatriglia, Chuck:San Francisco Chronicle». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  68. ««Learn All About Our New White Shark»:Monterey Bay Aquarium». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  69. «Red Herrings and White Elephants:SeaNotes, Monterey Bay Aquarium». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  70. «Swimming With Sharks»:Squires, Nick, 1999-01-18:BBC
  71. ««Swimming With Sharks»:Simon, Bob, 2005-12-11:60 Minutes». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  72. 72,0 72,1 «Blue Water Hunting Successfully:Blue Water Hunter». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  73. {«Shark Attacks Compared to Lightning»:Florida Museum of Natural History
  74. «SA shark attacks blamed on tourism»:Hamilton, Richard, 2004-04-15:BBC
  75. «White Shark Manifesto-kelp Forests»:World News
  76. Sample, Ian (2010 փետրվարի 19). «Great white shark is more endangered than tiger, claims scientist». The Guardian. Վերցված է 2013 օգոստոսի 14-ին.
  77. Jenkins, P. Nash (2014 թ․ հունիսի 24). «Beachgoers Beware: The Great White Shark Population Is Growing Again». Time.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29–ին-ին.
  78. Gannon, Megan. «Great White Sharks Are Making a Comeback off US Coasts». livescience.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29–ին-ին.
  79. The book that spawned a monster:Stephen Dowling, Փետրվարի 1, 2004 թվական:BBC News
  80. Soup threatens sharks' survival, Հուլիսի 6 2000 թվական:ВВС News
  81. Ainley, D.G., Henderson, R.P., Huber, H.R., Boekelheide, R.J., Allen, S.G. and McElroy, T.L. 1985. Dynamics of white shark/pinniped interactions in the Gulf of the Farallones. Southern California Academy of Sciences, Memoirs 9: 109-122.
  82. «Ֆիլմեր շնաձկան մասնակցությամբ mult-film-pro.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  83. Ֆիլմեր շնաձկան մասնակցությամբ zerx.tv(չաշխատող հղում)
  84. «Ֆիլմեր շնաձկան մասնակցությամբ bucwar.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.

Գրականություն

խմբագրել
  • A. Peter Klimley‏, David G. Ainley‏ Great White Sharks: The Biology of Carcharodon carcharias
  • Michael L. Domeier: Global Perspectives on the Biology and Life History of the White Shark CRC Press 2012 թվական
  • Alexandrine Civard-Racinais:Great White Shark: Myth and Reality Firefly Books 2012 թվական
  • Peter Benchley:Shark Life: True Stories About Sharks & the Sea Reprint edition 2007 թվական
  • Richard Ellis, John McCosker:Great White Shark Stanford University Press
  • A.Giudici e F.Fino, Squali del Mediterraneo, 1989 Atlantis
  • T. Storai, S. Vanni, M. Zuffa, V. Biagi - Presenza di Carcharodon carcharias (Linnaeus, 1758) nelle acque toscane (Mar Ligure meridionale e Mar Tirreno settentrionale; Mediterraneo): Analisi e revisione delle segnalazioni (1839-2004) - Atti Soc. tosc. Sci. nat., Mem., Serie B, 112 (2005) pagg. 153-166, figg. 4 - Una copia in formato digitale è scaricabile on-line sul sito: stsn.it

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։

Նյութեր և նորություններ

խմբագրել

Նկարներ

խմբագրել

Տեսանյութեր

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ շնաձուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ շնաձուկ» հոդվածին։