Բաց ծով
Բաց ծով, ծովամերձ երկրների առափնյա ջրային տարածություններից դուրս գտնվող, միջազգային ազատ օգտագործման ծովային տարածությունները։ Բաց ծովի իրավիճակը շոշափում է աշխարհի բոլոր պետությունների ու ժողովուրդների կենսական շահերը։ Այն կարգավորվում է Ժնևի 1958 թվականի ապրիլի 29-ի կոնվենցիայով։ Բաց ծովի ազատությունը նախատեսում է նավագնացության, ձկնորսության, ստորջրյա կաբելներ և խողովակաշարեր անցկացնելու և այդ տարածությունների վրայով թռչելու ազատություն։ Բաց ծովերում պետությունները պարտավոր են գործել՝ հարգելով մյուսների շահերը։ Բաց ծովից օգտվելու իրավունքը հավասարապես վերաբերում է նաև ծովափ չունեցող պետություններին։ Բաց ծովի իրավական ռեժիմը կարգավորվում է նաև առանձին միջազգային համաձայնագրերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 339)։ |