Խաչասերում, հիբրիդացում, ժառանգականորեն տարասեռ երկու ծնողական ձևերի սեռական բջիջների բնական կամ արհեստական միավորում։ Բնական կամ ինքնաբեր խաչասերումը կատարվում է բնության մեջ՝ առանց մարդու միջամտության։ Արհեստական խաչասերումը լայնորեն կիրառվում է բույսերի և կենդանիների սելեկցիայում՝ հիբրիդներն խառնացեղեր ստանալու համար։ Խաչասերման ժամանակ զիգոտում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ քանակությունը՝ զույգ հոմոլոգ քրոմոսոմները։ Հիբրիդային կամ խառնացեղային առաջին սերունդն արտաքինից լրիվ համասեռ է, իսկ գենետիկորեն՝ բարդ հետերոզիգոտ։ Երկրորդ և հաջորդ սերունդներում դիտվում է օրինաչափ ճեղքում, որն ուղեկցվում է ձևակազմման պրոցեսով։ Ծագում են գեների նոր զուգակցություններ, որոնք տալիս են նոր հատկություններ և հատկանիշներ, երևան են գալիս նաև հեռավոր նախնիների հատկանիշներ (ատավիզմ)։

Հիբրիդային և խառնացեղային սերնդին բնորոշ է հետերոզիսի երևույթը, որն ի հայտ է գալիս առաջին սերնդում և մարում է հաջորդ սերունդներում։ Խաչասերման ժամանակ ձևառաջացման բնույթի վրա ազդում է ժառանգականության բջջապլազմային գործոնը, որը հատուկ է ձվաբջջին։ Ուստի և կարևոր է, թե ելակետային ցեղերից որն է վերցված որպես մայր և որը՝ հայր։ Այս առումով կատարում են փոխադարձ կամ ռեցիպրոկ խաչասերումներ, անհատի գենոտիպային կառուցվածքը պարզելու համար՝ վերլուծողական խաչասերում, իսկ հիբրիդում ծնողներից որևէ մեկի հատկանիշները ուժեղացնելու նպատակով՝ հետադարձ խաչասերում (բեկրոս)։

Բույսերի խաչասերում խմբագրել

Բույսերի սելեկցիայում խաչասերումը իրականացնում են նույն տեսակի տարբեր սորտերի (միջսորտային կամ միջտեսակային խաչասերում), ինչպես նաև տարբեր տեսակների ու ցեղերի միջև (հեռավոր խաչասերում)։ Միջտեսակային խաչասերման հաջողությունը մեծապես կախված է ծնողական ձևերի ճիշտ ընտրությունից։ Ծնողական ձևերը ընտրում են ըստ էկոլոգա-աշխարհագրական սկզբունքի, բերքի կառուցվածքի տարրերի, վեգետացիայի շրջանի տևողության, սնկային հիվանդությունների նկատմամբ կայունության և այլն։ Գործնական սելեկցիայում կիրառվում են հասարակ և բարդ խաչասերումներ։ Հասարակ կամ զույգ խաչասերում կատարվում է երկու ծնողական ձևերի միջև՝ մեկ անգամ։ Բարդ խաչասերման ժամանակ հաջորդաբար մասնակցում են երկուսից տվելի ծնողական ձևեր (աստիճանական խաչասերում) կամ հիբրիդային սերունդը դարձյալ խաչասերում են ծնողներից որևէ մեկի հետ (հետադարձ խաչասերում)։ Աստիճանական խաչասերման դեպքում հիբրիդային սերնդում նույն սորտերի լավագույն հատկությունները միավորելու համար միջսորտային հիբրիդը խաչասերում են ուրիշ սորտի հետ, իսկ նոր հիբրիդը՝ երրորդի հետ և այլն։ Աստիճանական խաչասերման մեթոդը լայնորեն կիրառվում է բույսերի սելեկցիայում և ցորենի սելեկցիայի հիմնական մեթոդն է բոլոր երկրներում։ Եգիպտացորենի սելեկցիայում հասարակ և կրկնակի հիբրիդների ստեղծման ժամանակ կիրառվում է ինքնափոշոտվող գծերի խաչասերում՝ միջգծային խաչասերում։

Կենդանիների խաչասերում խմբագրել

Կենդանիների գյուղատնտեսությունում կենդանիների բուծման մեթոդ է, երբ սերունդ ստանալու համար զուգավորում են տարբեր ցեղերի կենդանիների։ Խաչասերումից ստացված սերունդը կոչվում է խառնացեղ, ի տարբերություն հիբրիդի, որն ստացվում է հիբրիդացման ժամանակ (միջտեսակային, միջցեղային և ավելի հեռավոր խաչասերումներ)։ Խխաչասերման, ինչպես նաև հիբրիդացման դեպքում նկատվում է հետերոզիսի էֆեկտ, որը դրսևորվում է (համեմատած ծնողական ձևերի հետ) մարմնակազմվածքի ամրության, պտղաբերության, մթերատվության և խառնացեղերի այլ հատկանիշների բարձրացմամբ։ Խաչասերումը լայնորեն կիրառվում է ցեղերի մթերատվության որակը կատարելագործելու, նոր ցեղեր ստանաւու և արդատրական հոտերի ապրանքային մթերատվությունը բարձրացնելու համար։ Անասնաբուծության մեջ մասնագիտացված ինբրիդինգային կենդանիների գծերի խաչասերում անվանում են նաև հիբրիդացում։ Գործնականում հայտնի են միջանկյալ, վերարտադրական, կլանողական, արդյունաբերական խաչասերման տեսակները։ Խաչասերման հաջող կիրառման հիմնական պայմաններն են՝ ելակետային ցեղերի կենսաբանական ու տոհմային առանձնահատկությունների (ինչպես նաև թերությունների) հաշվառում, ծնողական զույգերի ճիշտ ընտրություն, լիարժեք կերակրում և խառնացեղերի լավ խնամք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 18