Այս հոդվածը անապատի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ատակամա (այլ կիրառումներ)։

Ատակամա (իսպ.՝ Desierto de Atacama) անապատ Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, Չիլիի տարածքում (22° և 27° հվ.լ. մեջ տեղը)։

Ատակամա
Տեսականապատ և WWF ecoregion?
Երկիր Չիլի
ԲԾՄ2657 մետր
Մակերես105 000 կմ²
Մասն էPacific desert?
Քարտեզ
Քարտեզ

Պերուական հոսանքը սառեցնում է մթնոլորտի ներքևի շերտերը և ստեղծում է ջերմաստիճանային ինվերսիա, որը խանգարում է տեղումների տարածմանը (քիչ քան 50 մմ տարին)։ Ատակաման աշխարհի ամենաչոր անապատն է (վերջին 400 տարիների ընթացքում այստեղ նկատելի տեղումներ չեն գրանցվել)[1][2][3]։ Կան աղբորակի, բորակի, յոդի, կերակրի աղի և պղնձի հանքեր։

Հունվարի միջին ջերմաստիճանը ափամերձ շրջաններում 19—20 °C է, հուլիսին՝ 13—14 °C: Ձմռանը անապատի որոշ շրջաններում հաճախակի են լինում մառախուղներ, օդի խոնավությունը բարձր է։ Բուսականություն հազվադեպ է հանդիպում կամ գրեթե բացակայում է. երբեմն հանդիպում են կակտուսներ և թփեր։ Կենդանական աշխարհը աղքատիկ է, բայց մերձափնյա ժայռերում հանդիպում են ձկներով կերակրվող թռչունների գաղութներ։ Անապատի եզրին՝ Խաղաղ օվկիանոսի ափին, գտնվում են Չիլիի խոշորագույն երկու նավահանգիստները՝ Արիկան և Իկեկեն։

Ամենաչոր անապատ

խմբագրել

Ատակամա անապատը Երկրի ամենաչոր անապատն է։ Այն գտնվում է Հարավային Ամերիկայում՝ Չիլիի հյուսիսում. արևմուտքից սահմանակցում է Խաղաղ օվկիանոսին, հյուսիսից՝ Պերուին, արևմուտքից՝ Բոլիվիային և Արգենտինային։ Անապատի որոշ վայրերում անձրև տեղում է մի քանի տարին մեկ։ Տեղումների միջին քանակը Չիլիի Անտոֆագաստի շրջանում կազմում է տարին 1 մմ։ Մի քանի մետեոկայաններում երբեք անձրև չի գրանցվել։ Կան փաստեր, որ Ատակամայում էական տեղումներ չեն գրանցվել 1570 - 1971 թվականներին։ Այս անապատում գրանցվել է օդի ամենացածր խոնավությունը՝ 0%: Լեռները (բարձրությունը՝ մինչև 6885մ) ընդհանրապես չեն սառցակալում և հարավային մասում՝ հ. լ. 25° - 27° սառույցով չեն ծածկվել չորրորդական շրջանի ողջ ընթացքում, չնայած հավերժական սառցադաշտեր հանդիպում են մինչև 4400մ բարձրությունում և մշտական են 5500 մ-ից սկսած։ Ըստ բրիտանացի գիտնականների հետազոտությունների՝ գետերի հուները 120 000 տարվա ընթացքում այստեղ չոր են։ Այնուամենայնիվ, 2010 թվականի մայիսի 19-ին Ատակամա անապատում բնության անոմալ երևույթ է գրանցվել. ձյուն է տեղացել, և ձյան ծածկույթ է դիտարկվել մի քանի քաղաքներում։ Ժամանակավորապես դադարեցվել է ամենամեծ աստղադիտարաններից մեկի աշխատանքը, խաթարվել է ճանապարհային երթևեկությունը և էներգամատակարարումը։

Բուսականություն

խմբագրել

Ջրային ժամանակավոր հոսանքների հուների մոտ առաջացել են օազիսներ։ Տվյալ դեպքում դրանք նեղ անտառաշերտեր են, որոնք կոչվել են պատկերասրահային։ Նրանք կազմված են ակացիաների և կակտուսների մի քանի տեսակներից։ Անապատի հարթավայրային մասը գործնականում անկենդան է. հանդիպում են միայն քարաքոսեր, կապտականաչ ջրիմուռներ և մանր կակտուսներ։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Անապատը հարուստ է պղնձի և այլ մետաղների հանքերով։ Այն նատրիումի նիտրատի բնական ամենամեծ աղբյուրն է, որն ակտիվորեն շահագործվել է մինչ 1940-ական թվականների սկիզբը։ Այդ պաշարների համար 19-րդ դարի սկզբից Բոլիվիան և Չիլին սահմանային վեճեր ունեն։

Ջուր հավաքելու համար տեղացիներն օգտագործում են այսպես կոչված «մառախուղաորսիչներ»։ Դրանք մարդկային հասակի գլաններ են, որոնց պատերը կազմված են նեյլոնային թելերից։ Մառախուղը խտանում է գլանի պատերին և նեյլոնային թելերով հոսում ներքև։ Այսպիսի սարքի միջոցով կարելի է հավաքել օրական 18լ ջուր։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

2003 թվականի հոկտեմբերին չիլիական Լա Նորիա (իսպ.՝ La Noria) լքված քաղաքում, որը գտնվում է Իկեկե քաղաքից մոտ 56 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է, այսպես կոչված, «Ատակամայի հումանոիդը»։ Ատակամայի «սիրտը» Լուսնի հովիտն է. այստեղ մակերևույթը նման է Լուսնի անկեդան մակերևույթին։ Լուսնի հովտի մի մասն էլ այսպես կոչված Մահվան հովիտն է, ուր անգամ մանրէներ չեն բնակվում։ Տպավորություն է ստեղծվում, որ Ատակամայում ջուր չկա։ կա, բայց թաքնված է աղուտների տակ և հազվադեպ առաջացնում է փոքր լճեր։ Դրանցից միայն Միսկանտի լիճն է քաղցրահամ, որի շուրջ կյանքը եռում է, հանդիպում են ֆլամինգո և այլ ջրլող թռչուններ, աղվես, մկներ, վիկունյաներ, որ շատ նման են լամաների։ Ատակամայում կան նաև մի քանի գործող հրաբուխներ` Լիկանկաբուր, Ակամարաչի, Ագուաս-Կալենտես, Լասկար, որոնց շուրջը տարածվում է Էլ-Տիտիո գեյզերների հովիտը։ Որոշ գեյզերներ եռացող ջուր են շատրվանում։

Պատկերասրահ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 650  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատակամա (անապատ)» հոդվածին։