Թույն, բակտերիային, կենդանական և բուսական ծագման սպիտակուցային նյութ, որն ունակ է ընկճելու կենդանիների և մարդու ֆիզիոլոգիական ֆունկցիաները, երբեմն էլ հիվանդությունների կամ մահվան պատճառ դառնալ։ Կենսաբանական թույները կոչվում են տոքսիններ։ Թունավորումները և դրանց հետևանքները ուսումնասիրում է տոքսիկոլոգիան՝ թունաբանությունը, որն էլ կարելի է համարել որպես տոքսիկոլոգիայի բաժին[1][2]։

Թույների տեսակները

խմբագրել

Ըստ ազդեցության

խմբագրել
 
Թագուհի Բոնայի թունավորումը
  • Հեմատիկ թույներ (Heamotoxis) — թույներ, որոնք ազդում են արյունատար համակարգի վրա։
  • Նեյրոտոքսիններ (Neurotoxis) — թույներ, որոնք ախտահարում են նյարդային համակարգն ու գլխուղեղը։
  • Միոտոքսիկ թույներ (Myotoxis) — թույներ, որոնք ախտահարում են մկանները։
  • Հեմոտոքսիններ (Haemorrhaginistoxins) — թույներ, որոնք վնասում են արյան անոթները և առաջացնում արյունահոսություն։
  • Հեմոլիտիկ տոքսիններ (Haemolysinstoxins) — տոքսիններ, որոք վնասում են արյան էրիթրոցիթները։
  • Նեֆրոտոքսիններ (Nephrotoxins) — տոքսիններ, որոնք վնասում են երիկամները։
  • Կարդիոտոքսիններ (Cardiotoxins) — տոքսիններ, որոք վնասում են սիրտը։
  • Նեկրոտոքսիններ (Necrotoxins) — տոքսիններ, որոք քայքայում է հյուսվածքները։
  • Պրոտոպլազմատիկ թույներ (Protoplasmic toxins)— թույներ, որոնք գործում են բջջային մակարդակներում։
  • Այլ տեսակի թունանյութեր։

Ըստ տեղադրության

խմբագրել

Բնական (տոքսիններ)

Օրգանիզմում թույնի հայտնվելու ուղիներ

խմբագրել

Թունավորումների ամենատարածված եղանակն թույնի ընդունումն է բերանով՝ կլլման ճանապարհով։ Այն բնորոշ է կենցաղային և սննդային թունավորումների մեծ մասի համար։ Թունավորման այս տարբերակում թույնները ներծծվում են նախ բերանում, օրինակ՝ ցիանիններ, նիկոտին, ֆենոլ, նիտրոգլիցերին, ապա՝ աղեստամոքսային տրակտում։

Ստամոքսի թթվային միջավայրը նպաստում է օրգանական թթուների (մասնավորապես ՝ բարբիտուրատների) և լիպիդոֆիլ նյութերի կլանմանը, միևնույն ժամանակ կանխում է հիմնական բնույթի օրգանական նյութերի (ամիններ, ալկալոիդներ և այլն) կլանումը։ Ալկալոիդները և լիպիդներում լուծվող նյութերը ներծծվում են բարակ աղիքներում։

Գազային կամ աէրոզոլային վիճակում գտնվող թունավոր նյութերը՝ (ածխածնի երկօքսիդ (II), ֆորմալդեհիդ, ջրածնի սուլֆիդ) վերին շնչուղիների միջոցով մտնում են օրգանիզմ, ինչը հաճախ նկատվում է վատ օդափոխվող սենյակներում։ Բրոնխների և թոքային ալվեոլների մեծ մակերեսի շնորհիվ այդ նյութերն արագորեն ներծծվում են արյան մեջ։ Բացի այդ, աերոզոլացված պինդ նյութերը, որոնք հայտնվում են են բերանի խոռոչում, թքի հետ միասին, կարող են հասնել ստամոքս։

Ճարպի մեջ լուծվող թույնները մարդու մարմնին են մտնում մաշկի միջոցով, մասնավորապես` նիկոտինը, քլորացված ածխաջրածինները, սնդիկի ու թալիումի աղերը և այլն։ Վնասվածքների և այրվածքների արդյունքում մաշկի վնասը նպաստում է դրա միջոցով թունավոր նյութերի արագ ներթափանցմանը։

  • Պարանտերալ ուղի՝ (ներարկման արդյունքում)։
  • Պլացենտայի միջոցով, երբ որոշ թույններ կարող են մորից պտուղ ներթափանցել պլացենտայի միջոցով՝ Էթանոլ, ծանր մետաղների աղեր, քլոր պարունակող նյութեր և այլն։
  • Հետանցքային ուղի։

Հանրահայտ թունավորողների հետքերով

խմբագրել

Թույների օգտագործման պատմությունը թերևս հանցագործությունների պատմության ամենահետաքրքիր, բայց և այնպես ամենամութ էջերից մեկն է։ Թունավորման միջոցով սպանություն գործելու համար պետք է ունենալ սթափ գիտակցություն և տվյալ մարդուն սպանելու հստակ որոշում։ Մտածված կերպով մարդուն թունավորելու դեպքերից շատերը մինչ օրս շղարշված են ենթադրությունների, վարկածների և երկիմաստությունների շղարշի ներքո։ Այս ամենով հանդերձ թույների պատմության էջերը բավականին հետաքրքրաշարժ են[3]։

Մեր նախնիների մութ գործեր

խմբագրել

Հին շումերական, բաբելոնյան և եգիպտական բժշկական աշխատություններից մեզ են հասել թունավոր միջոցների կիրառմամբ մարդկանց հանդերձյալ աշխարհ «ուղարկելուն» վերաբերող տեղեկություններ։ Այդ միջոցների թվին էին դասվում բուսական ծագման թույները` մոլեխինդը, ստրիխնինը, ափիոնը, կանեփը, ինչպես նաև կապտաթթուն, որը ստանում էին դառը նուշից կամ դեղձի կորիզներից։ Հին եգիպտական աշխատություններում հիշատակվում է մահապատժի մի տեսակ, որն անվանում էին «դեղձով պատիժ»։ Այս կերպ «պատժում էին» բոլոր այն մարդկանց, ովքեր համարձակվում էին «ջրի երես հանել» քրմերի կրոնական գաղտնիքները։ Թույները լայնորեն օգտագործվում էին նաև ծիսական արարողությունների ժամանակ. առաջնորդների մահվան արարողության ժամանակ վերջիններիս կանայք, մերձավորներն ու սպասավորներն իրենց սեփական կամքով թույն էին ընդունում, որպեսզի «ուղեկցեն իրենց առաջնորդին հանդերձյալ աշխարհ»։ Գիտնականներն այն կարծիքի են, որ նրանց օգտագործած թույնը պատրաստված էր կակաչից։ Վերջինս մարդկանց քնի թմբիրն էր տանում, որից նրանք այդպես էլ չէին արթնանում։ «Թունավորումների մասին» առաջին խոշոր աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել Հին Հռոմում մ.թ.ա.331 թվականին, երբ մեկը մյուսի հետևից թունավորման արդյունքում մահանում էին անվանի զինվորականներ։ Սկզբում այդ առեղծվածային «ժանտախտը» գնահատվեց որպես մարդկությանն անհայտ հիվանդության համաճարակ։ Սակայն առ ժամանակ անց մի ստրկուհի Սենատին հայտնեց մի շարք ազնվական կանանց անուններ, որոնք թույն էին «հրամցնում» բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում էին ազատվել իրենց մեռնել չցանկացող հարազատներից։ Այդ «բարի» իտալուհիների` Կորնելիի և Սերգիայի տների խուզարկության ժամանակ հայտնաբերվեցին տարբեր տեսակի ուտելու համար պիտանի կանաչեղեն, որոնք, վերջիններիս պնդմամբ, ընդամենը անվնաս դեղամիջոցներ էին։ Թունավորման մեջ կասկածվող կանանց անմեղությունը ստուգելու նպատակով դատարանը վերջիններիս պարտադրեց ի տես բոլորի ուտել այդ կանաչեղենից. արդյունքում րոպեներ անց երկու կանայք անշնչացած ընկան դատարանի դահլիճում։ Մասսայական թունավորման համաճարակի պատճառների պարզման արդյունքում մահվան դատապարտվեցին ավելի քան 100 թունավորող կին։ Իսկ ի՞նչ կարգի թույներ էին նրանք կիրառում։ Ամենայն հավանականությամբ ջրային մոլախինդ և խնդակոթ։ Ավելի ուշ գիտնական-փիլիսոփա Պլինիոս Ավագն իր «Իրական պատմություններ» աշխատության մեջ նկարագրեց հռոմեացիներին ծանոթ ավելի քան հարյուր տեսակի թույների մանրամասն նկարագրությունը։ Ընդ որում թույների մեջ կային նաև այնպիսի էկզոտիկ թույներ, ինչպիսին է հատուկ թունավոր սննդով կերակրված սագի արյունը։

Քաղաքացիական պատերազմի տարիներին (մ.թ.ա. I դար) թունավորումը Հին Հռոմում այնպիսի մեծ թափ ստացավ, որ ստեղծվեց սնունդը փորձարկողների հատուկ մի հանձնաժողով։ Համարվում է, որ մեծ տարածում ունեցող այնպիսի մի սովորույթ, ինչպիսին բաժակներն իրար չխկացնելն է, գալիս է այդ ժամանակներից։ Այդ արարողության նպատակն էր գինին մի բաժակից մյուս բաժակը կաթեցնելը, որպեսզի սեղանակիցները համոզվեին, որ գինին թունավորված չէ։

Թույների ազդեցության հանդեպ հետաքրքրությունը սկսեց աճել. նույնիսկ տեղական իշխանությունները տարվեցին այդ զարմանալի նյութերով։ Իշխանավորների ոչ այնքան հեշտ կյանքում թույները մեծ կարևորություն էին ներկայացնում, քանզի նրանց «օգնությամբ» սուսուփուս կարելի էր ազատվել հավանական ախոյաններից և դավադիրներից, և այդ ամենն առանց ավելորդ այլևայլությունների։ Պերգամոյի վերջին կայսր Աթալ III, որն ընդամենը հինգ տարի կառավարեց երկիրը (մ.թ.ա. 139-133 թվականներին), վատ համբավ ուներ։ Լինելով բուսական աշխարհի մեծ գիտակ` թագավորն անձամբ էր արքունական այգիներում թունավոր բույսեր աճեցնում՝ (խնդամոլի, ղանձլամեր, մոլեխինդ, մատնեծաղիկ և այլն), նաև ուսումնասիրում դրանց հատկությունները։ Գոյություն ունի վարկած, որ Աթալ թագավորն իր պատրաստած թույներով կոկտեյլներ էր պատրաստում, որոնց ազդեցությունը փորձարկում էր ոչ միայն թշնամիների, այլև, մերձավորների վրա։

Թույների առասպելական գիտակ

խմբագրել

Թույների առասպելական գիտակ էր Հռոմի վերջին լուրջ հակառակորդ, Պոնտիական և Բոսֆորական թագավոր Միհրդատ IV Էվպաթորը (մ.թ.ա. 163-126 թվականներ)։ Ըստ ավանդապատման` Միհրդատի հայրը թունավորման զոհ էր դարձել, և տակավին երիտասարդ թագավորն իր առջև գերխնդիր էր դրել ամեն գնով խուսափել թունավորման զոհ դառնալուց։ Պատմության էջերում կան Միհրդատին պատկանող դրախտային այգիներին վերաբերող նկարագրություններ, որտեղ ամեն տեսակ բույսեր էին աճում։ Այդ բույսերից թագավորն անձամբ ոչ միայն թույներ, այլև հակաթույներ էր պատրաստում։ Սովորաբար իր պատրաստած թույների ազդեցություններն արքան փորձարկում էր մահվան դատապարտված հանցագործների վրա։ Ասում են` Միհրդատը փոքր մասնաչափերով կանոնավոր կերպով ընդունում էր 52 տեսակ բույսերից պատրաստված մի խառնուրդ, որում թունավոր բույսեր էլ կային` այդպիսով սեփական օրգանիզմը պատրաստելով հավանական թունավորման փորձերին։ Ավանդապատման համաձայն` հռոմեական բանակի ջախջախիչ հաղթանակից հետո թագավորը թույն ընդունելու միջոցով փորձեց կյանքին վերջ տալ, սակայն, ի զարմանս իրեն, ոչ մի թույն նրա վրա որևէ ազդեցություն չթողեց։ Պարտված արքան կյանքին հրաժեշտ տալու համար ստիպված եղավ դիմելու դաշույնի օգնությանը։ Այս է պատճառը, որ մինչ օրս տոքսիկոլոգները թույների հանդեպ դիմադրողականություն ձեռք բերելու երևույթն անվանում են միհրդատիզմ։

Լեգենդար տոհմ

խմբագրել

Միջին դարերում թույները դարձան այնպիսի մի «արյունալի ողբերգության գլխավոր գործող անձինք», ինչպիսին իշխանության և հարստության ձգտելու մոլուցքն էր։ Ամենաբնութագրական օրինակն այս առումով Բորդժիաների տոհմն էր։ 1492 թվական. իսպանական թագավորական տոհմի ներկայացուցիչներ Իզաբելն ու Ֆերդինանդը Հռոմի աջակցությունն ապահովելու համար ծախսեցին 50 հազ. դուկատ, որպեսզի «գնեն» կոնկլավի մասնակիցներին և վերջիններին համոզեն ընտրել իրենց հայրենակից Ռոդրիգո Բորխիին։ Վերջինս` ընտրվելով Հռոմի Պապ, ստացավ Ալեքսանդր VI անունը։ Իտալիայում նրան անվանում էին Բորջիա, և հենց այդ անվանման ներքո էլ տխրահռչակ տոհմը հիշատակվում է հին աշխարհի պատմության էջերում։ «Սուրբ» Հորից բացի մեծ հռչակ էին ձեռք բերել նաև վերջինիս ապօրինի ծնված երեխաները` որդին` Չեզարեն, և դուստրը` Լուկրեցիան։

Նորընտիր Պապի ծրագրերից մեկն էլ, օրինակ, այն էր, որ նա իր իշխանության տակ առնի ոչ միայն ողջ Իտալիան, այլ նաև հարակից տարածքները։ Այս ծրագրերի իրականացման համար Պապին ոսկի էր պետք։ Այս նպատակով Ալեքսանդր VI-ը օգտագործում էր պարզ և հասարակ մի մեթոդ. նա ճաշկերույթի էր հրավիրում հայտնի և հարուստ մարդկանց, թույների օգնությամբ սպանում նրանց և բռնագանձում վերջիններիս ունեցվածքը` իբր ի շահ եկեղեցու, սակայն իրականում ոսկին իր գրպանն էր դնում։ Ի դեպ, այս Պապը սպանության արվեստն իր գագաթնակետին հասցրեց։ Նրա պարագայում գործը զենքին չէր հասնում. նա նախընտրությունը տալիս էր անարյուն մեթոդին` թունավորմանը։

Շնորհիվ այդ բնագավառում ունեցած իր բացառիկ գիտելիքների և իրեն նվիրված ալքիմիկոսների աջակցության` Ալեքսանդր VI Պապին հաջողվել էր ստեղծել արագ ազդեցության թույների մի ողջ զինապահեստ։ Բորջիաների տոհմի «սիրելի» թույնը կոչվում էր «կանտարելլա» և բաղկացած էր մկնդեղի, ֆոսֆորի և պղնձի խառնուրդից։ Հարկ է նշել, որ մկնդեղը Բորջիայի պատրաստած թույների մեծամասնության կարևորագույն տարրն էր։ Բանն այն է, որ մկնդեղը ջրի կամ այլ հեղուկների մեջ լուծելիս համային կամ հոտային որևէ փոփոխություն չի առաջացնում։ Թույնի մեջ մկնդեղի թույլ տոկոսների օգտագործումն այնպիսի դանդաղ զարգացող ախտանշաններ կարող է առաջացնել, որ նույնիսկ ամենագետ բժիշկներն այն կարող են շփոթել տարբեր հիվանդությունների հետ։ Ահա այսպես Բորջիաների տոհմը ձգձգում էր իր զոհերի հոգեվարքը ամիսներ և նույնիսկ տարիներ։ Այս ամենից զատ Ալեքսանդր VI-ը նաև արտերկրյա էկզոտիկայի մեծ սիրահար էր։ Գրավյալ Հարավային Ամերիկայից Պապի համախոհներն իրենց սիրելի «սուրբ Հոր»համար առատ թունավոր բույսերով լի պարկեր էին բերում որպես ընծա, իսկ նրան հավատարիմ ալքիմիկոսներն այդ ընծաները վեր էին ածում այնպիսի սարսափելի թույների, որոնց գեթ մեկ կաթիլը կարող էր սպանել նույնիսկ ցուլին։

Նույն այդ զարմանալի «ջիղով» էին օժտված նաև Պապի արժանի ժառանգորդները` Չեզարեն և Լուկրեցիան։ Հենց Լուկրեցիան էր, որ ոսկերիչներին պատվիրեց մի այնպիսի մատանի պատրաստել, որի վրա տեղադրված էին առյուծի երկու ճանկ, որոնք անհրաժեշտության դեպքում ներսից լցվում էին թույնով։ Առյուծի ճանկերը պտտելով դեպի ձեռքի ափ` Լուկրեցիան նման կերպ «բարեկամաբար սեղմում էր» զոհերի ձեռքերը, թույնը վայրկենաբար անցնում էր արյան մեջ, և դժբախտ բարեկամը հաշված վայրկյանների ընթացքում այն աշխարհ էր «ուղևորվում»։ Նույն Լուկրեցիային է վերագրվում նաև մեկ այլ նենգադավ թունավորման զենքի կիրառությունը։ Խոսքը վերաբերում է հատուկ նշանակություն ունեցող բանալու կիրառմանը, որի վրա նա սուր ելուստ էր տաշել տվել, որի վրա առատորեն թույն էր քսում։ Այս կերպ Լուկրեցիան իրեն հոգնեցնող տղամարդկանց «խնդրում էր» բացել կամակոր կողպեքը. արդյունքում դժբախտ տղամարդիկ, սուր ելուստին դիպչելով, վնասում էին ձեռքերը և թունավորվելով` մահկանացուն կնքում։

Հարկ է նշել, որ այդ տարիներին Իտալիայում թունավորումը տարածված երևույթ էր համարվում, և մարդիկ իրենց բավականին զգույշ էին պահում։ Նրանք գրեթե չէին հանում ձեռնոցները, հրաժարվում էին ամեն կարգի ուտելիքից և խմիչքից, եթե այն նախապես որևէ մարդ կամ կենդանի չէր «համտեսել»։ Սակայն իրենց ողջամիտ թշնամիներին թունավորելու համար Բորջիաների ընտանիքն անդադար նորամուծություններ էր կիրառում, ասենք` միրգը կտրել այնպես, որ դանակը թունավորի այն կտորը, որը նախատեսված է թշնամու համար, մինչդեռ իրենց համար նախատեսված կտորը կատարելապես անվնաս էր մնում։

Ճակատագրի հեգնանքով Ալեքսանդր VI Պապը դարձավ իր իսկ նենգության զոհը. վերջինիս ծառան սխալմունքով Պապին հրամցրեց կամակոր կարդինալներից մեկին հանդերձյալ աշխարհ ուղարկելու համար նախատեսված թունավորված գինին, և մեծն թունավորողը մահացավ սարսափելի տանջանքներից հետո։

Կին ոճրագործների գաղտնի անցյալից

խմբագրել

Թունավորելու իտալական «դպրոցի» հարուստ ավանդույթների հետևորդ դարձավ Ֆրանսիայի հանրահայտ թագուհի Եկատերինա Մեդիչին (1519-1589 թվական), որը սերում էր Ֆլորենցիայի կառավարիչների և բանկիրների հայտնի մի տոհմից։ Եկատերինան առանց մի վայրկյան իսկ հապաղելու դիմում էր թույների «օգնությանը», միայն թե քաղաքական խաղերում իր նպատակին հասներ։ Ինչպես և Բարջիան, Եկատերինան ևս չէր վախենում փորձարկումներից։ Նա թույն էր ցանում ապագա զոհի անձնական իրերի և գրքերի, ինչպես նաև նրանց ննջարանների պատերի վրա։ Թագուհու իգական սեռի զոհերին այն աշխարհ գնալուն «օգնում էին» նախապես թունավորված դիմափոշիներն ու դիմաքսուքները։ Եկատերինա Մեդիչիին են վերագրում ֆրանսիական թագավոր Հենրիխ IV-ի մոր` նովարական թագուհի Ժաննա դը Ալբրեի սպանությունը։ Նրա ժամանակակիցները գտնում էին, որ թագուհի Ժաննայի մահվան պատճառ են հանդիսացել թունավորված ձեռնոցները, իսկ մահացու թույնը պատրաստել էր Եկատերինայի պալատական պարֆյումերը։ Մինչ օրս այս վարկածը համարվում է հանելուկային, սակայն հայտնի է, որ Ժաննա դը Ալբրեի մահվան պատճառը մկնդեղն է եղել։

Իտալիայի, Գերմանիայի, այնուհետև Ֆրանսիայի իշխանությունները թունավոր նյութերի և մասնավորապես մկնդեղի վաճառքի վրա սահմանափակումներ դրեցին։ Հրաման արձակվեց մկնդեղը վաճառել միայն բժիշկներին, դեղագործներին, ոսկերիչներին, ներկարարներին և դրա կարիքն իսկապես ունեցող մասնագետներին, սակայն ինչպես միշտ դրամն իր սև գործն անում էր, և ցանկության դեպքում մկնդեղ ձեռք բերելը մեծ դժվարություն չէր ներկայացնում։

Գաղտնիքի շղարշ

խմբագրել

XX դարում քրեական տոքսիկոլոգիայի զարգացումը բավականին դժվարացրեց թունավորողների «աշխատանքը»։ Հանելուկային իրավիճակներում վրա հասած մահվան ցանկացած դեպք մանրազնին հետաքննություն էր անցնում, և ոճրագործի անպատիժ մնալու տարբերակը գնալով ավելի ու ավելի խրթին էր դառնում։ Թույների պատրաստման գաղտնիքներին տիրապետում էին արդեն ոչ միայն միայնակ գործող ալքիմիկոսները, այլև հատուկ ծառայությունների լաբորատորիաներում աշխատող մասնագետները։ Այդ լաբորատորիաներում երկրի լավագույն գիտնականները մշակում և ստանում էին այնպիսի թույներ, որոնք զոհի օրգանիզմում որևիցե «հետք» չեն թողնում։

Բրիտականան հետախուզական ընկերության կողմից ձեռք բերված թունավորումներին վերաբերող տեղեկությունների մեծ մասը լայն հասարակության համար ընդմիշտ կմնան անհայտ։ Սակայն տարօրինակ մի փաստ է արձանագրվել. բանից պարզվում է, որ մերօրյա թունավորողներն իրենց հնարամտությամբ գերազանցում են նենգ Բորջիաների տոհմին։ 1957 թվականի հոկտեմբեր ամսին Մյունխենում սրտի հանկարծահաս կանգից մահացավ հայտնի ուկրաինացի ազգայնամոլ, ազգային-աշխատավորական միության գլխավոր գաղափարակիր Լև Ռեբետը։ Երկու տարի անց, միևնույն քաղաքում նմանատիպ հանգամանքներում հանկարծամահ եղավ ուկրաինական ազգայնամոլների կուսակցության ղեկավար Ստեպան Բանդերան։ 1961 թվականին, արևմտյան և արևելյան Բեռլինների միջև սահմանի փակման նախօրեին, ՊԱԿ-ի գործակալ Բոգդան Ստաշինսկուն հաջողվեց փախչել և հանգրվանել արևմտյան Բեռլինում։ Նա խոստովանեց, որ ինքն է սպանել Ռեբետին և Բանդերային և երկու դեպքերում էլ օգտագործել է ալյումինե խողովակ, որի վրա տեղադրված հատուկ կոճակին սեղմելու միջոցով ցիանակալիում է «ցողացրել» վերջիններիս վրա։

1979 թվականին թունավորման զոհ դարձավ բուլղարացի գրող-այլադավան Գեորգի Մարկովը. Լոնդոնի փողոցներից մեկում մի անցորդ, ասես պատահաբար, նրա ոտքը ծակեց անձրևանոցի սուր մասով։ Երեկոյան Մարկովի ջերմությունը բարձրացավ և զարկերակային ճնշումը կտրուկ իջավ, իսկ չորս օր անց գրողը մահացավ սրտի անբավարարության նոպայից։ Այլադավան գրողի մահվան պատճառ էր դարձել ուժեղ ազդեցության ռիցին կոչվող թույնը, որը ստացվում է գենագերչակի սերմերից։ Ինչպես հայտնի դարձավ դիահերձումից` գրողի ոտքը ծակելու ժամանակ նրա մաշկի տակ էր ներթափանցել մետաղական մի փոքրիկ պատիճ, որը ռիցին էր պարունակում։ Պատիճը երկշերտանի էր և պատված էր մեղրամոմով։ Օրգանիզմում մեղրամոմը լուծվել էր, իսկ ռիցինն անցել էր արյան մեջ։ Թունավորումների մասին պատմող վերոշարադրյալ դրվագներն ընդամենը մի քանի էջեր են այն հարյուրավորներից, որոնք կան և կլինեն, քանի դեռ գոյություն ունի մարդ արարածն իր արատներով և խենթություններով։

Հակաթույն

խմբագրել

Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը ապրում էր վախի մեջ, մտածելով, որ ինքը թույնով կսպանվի և այդ էր պատճառը, կյանքի մեծ մասը նա նվիրեց հակաթույներ ստեղծելու գործին։ Լինելով թագավոր՝ նա թունավորում էր մահապատժի դատապարտված հանցագործներին, ապա փորձում էր գտնել այդ թույնի համար համապատասխան հակաթույնը։ Այդ ամենով այն աստիճանի էր տարվել, որ սկսել էր օրական որոշակի քանակությամբ թույներ ընդունել՝ նրանց նկատմամբ դիմադրողականություն ստանալու նպատակով։ Արդյունքում նա հայտնաբերեց մի բանաձև, որը ներառում էր այդ ժամանակի տասնայակ հայտնի դեղաբույսեր, որն անվանեց հենց իր անունով։ Այդ հակաթույնի գոյությունը գաղտնի էր պահվում մինչև իր երկրի վրա Պոմպեոս Գնեոս Մեծի հարձակումը։ Պոմպեոս Գնեոս Մեծի հաղթանակից հետո հակաթույնի բաղադրատոմսի և նրանում օգտագործվող բույսերի մասին գրառումները յուրացվեցին հռոմեացիների կողմից և թարգմանվեցին լատիներեն։

Հակաթույների ստեղծման գործում իրենց արժանի ավանդն 1ч ունեցել Ֆրանսիացի միկրոկենսաբան Ալբեր Կալմետտը, ովքեր բազմաթիվ փորձերով հաստատեցին, որ կենդանիներին կարելի է դարձնել թույնի հանդեպ անընկալունակ` պարբերաբար թույնի անվնաս, սակայն աստիճանաբար մեծացող դոզաներ ներարկելու միջոցով։ 1922 թվականին ֆրանսիացի հետազոտող Ց. Ֆիզալին վերջնականապես մշակեց օձի հակաթույնի ստացման տեխնոլոգիաները։

Կալմետտի և Ֆիզալիի առաջարկած մեթոդների համաձայն՝ ձիուն ներարկում են նրա օրգանիզմին վնաս չպատճառող թույնի ոչ շատ բարձր չափաբաժին, որից հետո կենդանու արյան մեջ սկսում են արտադրվել օձի թույնի բաղադրիչների հանդեպ հակամարմիններ[4]։ 16 ամիս ձին «ստանում է» այդպիսի պատվաստումներ, ընդ որում յուրաքանչյուր անգամ ավելի բարձր չափաբաժնով, և արդյունքում նրա արյունը դառնում է պիտանի հակաթույն ստանալու համար։ Ձիու հակաթույնից ստացված հակամարմինները, ներթափանցելով խայթոց ստացած մարդու օրգանիզմ, անմիջապես սկսում են ազդել` վնասազերծելով թույնը։ Պատշաճ կերպով ստացված հակաթույնը երկար ժամանակ կարող է պահվել փակ անոթներում և առանց որևէ դժվարության մեկ վայրից մյուսը տեղափոխվել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Голиков С.Н., Полумиеков Ю.М., Сидоров К.К. Токсикология // Большая медицинская энциклопедия : в 30 т. / гл. ред. Б.В. Петровский. — 3 изд. — Москва : Советская энциклопедия, 1985. — Т. 25. Теннис - Углекислота. — 544 с. — 150 000 экз.
  3. ՀՀ - Ամսագիր Ֆարմացևտ պրակտիկ 3-2008 (11
  4. Dart, Richard C. (2004). Medical Toxicology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջեր 250–251. ISBN 9780781728454. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին.

Գրականություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել