Ցուլեր, Իգական սեռի երկսմբակավորների կարգի սնամեջ եղջերավորների ընտանիքի ամենախոշոր որոճող կենդանիներ։ Մոտ են գոմեշներին։ Բնութագրվում են խոշոր մարմնով, կարճ վզով և կարճ, ուժեղ ոտքերով։ Վերին շրթունքի առջևի մասը մազազուրկ է և նրա վրա է գտնվում մերկ, խոնավ «քթահայելին»։ Պոչը երկար է, սովորաբար վերջանում է մազափնջով։ Շատ տեսակների վզի և կրծքի ստորին մասի մաշկը կախված ծալք է առաջացնում։ Եղջյուրները, ի հակադրություն գոմեշների, կլորավուն են, հարթ և հատուկ են արուներին ու էգերին (բացի որոշ ընտանի տեսակներից)։ Ցուլերի վայրի տեսակները հանդիպում են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Ընտանի ցեղերը տարածված են ամենուրեք։ Նրանք հոտերով ապրում են արևադարձային անտառներում, անտառատափաստաններում, տափաստաններում և լեռնային շրջաններում (մինչև 5 հազար մ բարձրության վրա) ։ Սնվում են բուսական տարբեր կերերով։ Էգերը ծնում են մեկ հորթ։
իսկական ցուլեր (Bos), չունեն վայրի ներկայացուցիչ։ Այդ սեռին է պատկանել ընտանի խոշոր եղջերավոր անասունների նախնին՝ խոշոր վայրի ցուլ տուրը (B․ primigenius), որը նախկինում լայնորեն տարածված էր Հարավ-Արևելյան Ասիայում և Եվրոպայում։ Վերջին տուրը սպանվել է Եվրոպայում, 1627 թվականին։
Յակեր (Роёphagus), միակ վայրի տեսակն են, որոնք տարածված է Տիբեթում և մերձակա շրջաններում։ Ընտանեցված վիճակում հանդիպում է Չինաստանի, Մոնղոլիայի և Միջին Ասիայի լեռնային շրջաններում։
Մեծաճակատ ցուլեր (Bibos), ունեն 3 վայրի տեսակ, տարածված Հարավային Ասիայում․ գաուր (ընտանի ձևը կոչվում է գայալ), բանտենգ (ընտանի ձևն է այսպես կոչված Բալիի խոշոր եղջերավոր անասունը) և կումպրեյ (տարածված է Կամպուչիայի անտառներում)։
Բիզոններ (Bison), ունեն 2 վայրի տեսակ՝ բիզոն և զուբր, որոնք չեն ընտանեցվել։ Բիզոնները նախկինում մեծ քանակությամբ ապրում էին Հյուսիսային Ամերիկայի պրերիաներում։ Այժմ պահպանվել են գլխավորապես ազգային պարկերում և արգելավայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։