Նոր Կտակարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նոր Կտակարան (հին հունարեն՝ Καινὴ Διαθήκη), հունարենով գրված 27 գրքերի ժողովածու, որը քրիստոնյաների կողմից համարվում է Սուրբ Գիրք և Աստվածաշունչ մատյանի մաս է կազմում։ Քրիստոնյաները հավատում են, որ ինչպես Հին Կտակարանի գրքերի ժողովածուն պատմում է այն Ուխտի մասին, որ կնքվել էր Աստծու և Իսրայելի ժողովրդի միջև, այնպես էլ Նոր Կտակարանը ներկայացնում է այն Նոր Ուխտը, որ Հիսուս Քրիստոսի արյունով կնքվեց Աստծու և մարդկանց միջև՝ մարդկության փրկության համար։
Տարբեր ժամանակներում և տարբեր ծավալով գրված այս գրքերը ներկայացնում են քրիստոնեական եկեղեցին իր հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից սկսած մինչև եկեղեցու տարածումը, ինչպես նաև հավատացյալների կյանքը տարբեր երկրներում։ Ներկայումս այս գրքերն իրենց դասավորումով ներկայացնում են հետևյալ խմբերը.
- Ավետարաններ (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես), որոնք պատմում են Հիսուսի կյանքն ու նրա քարոզչությունը։
- Առաքյալների գործերը, որ առաջին դարի եկեղեցու կյանքն է։
- Նամակներ, որոնք բաժանվում են երկու խմբի.
ա. Պողոս առաքյալի կողմից գրված նամակներ. ընդամենը 14 նամակ՝ ուղղված հռոմեացիներին, կորնթացիներին (Ա և Բ), գաղատացիներին, եփեսացիներին, փիլիպպեցիներին, կողոսացիներին, թեսաղոնիկեցիներին (Ա և Բ), Տիմոթեոսին (Ա և Բ), Տիտոսին, Փիլիմոնին և եբրայեցիներին։
բ. Ընդհանրական նամակներ. ընդամենը յոթ նամակ՝ գրված Հակոբոսի, Պետրոս առաքյալի (Ա և Բ), Հովհաննես առաքյալի (Ա, Բ և Գ) և Հուդայի կողմից։ - Հայտնություն (Հովհաննեսի), որը հայտնութենական տեսիլքով նկարագրում է բարու վերջնական հաղթանակը չարի դեմ և Քրիստոսի երկրորդ գալուստը։
Ավետարաններ
խմբագրելԱվետարանները թվով չորսն են՝ գրված Մատթեոս առաքյալի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննես առաքյալի կողմից։ Ավետարաններից առաջին երեքն ակնհայտ նմանություններ ունեն իրար հետ, մինչդեռ Հովհաննեսի Ավետարանը տարբեր է։ Սրանց լեզուն, նյութերը և դրանց դասավորումը բավական նման են միմյանց, և այդ է պատճառը, որ այս երեքը կոչվում են Համատեսական Ավետարաններ։ Բովանդակության նմանության օրինակ կարող են ծառայել Մտ 9.2-8, Մր 2.3-12, Ղկ 5.18-26 հատվածները։ Նույնիսկ շատ համարների բառերը նույնն են, ինչպես՝ Մտ 10.22, Մր 13.13, Ղկ 21.17։ Այսպիսով՝ տեսնում ենք, որ Մատթեոսի Ավետարանում կա Մարկոսի Ավետարանի 91 տոկոսը և Ղուկասի Ավետարանում՝ 53 տոկոսը։ Այս կարգի նմանությունները հարցեր են առաջացնում՝ գտնելու համար երեք Ավետարանների ծագումը։ Արդյո՞ք հեղինակները ընդհանուր աղբյուր ունեին։ Արդյո՞ք դրանք առանձին-առանձին են գրվել։ Այս և նմանօրինակ այլ հարցեր հանգեցնում են հետևյալ պատասխաններին.
- Բանավոր ավանդությունների օգտագործում։ Հոգեգալստից մինչև Ավետարանների գրառման ժամանակը զանազան եկեղեցական համայնքներում կազմվել էին բանավոր ավանդություններ՝ հիմնված առաքելական քարոզչության վրա։ Այս կայուն ավանդություններն օգտագործվեցին Ավետարան գրողների կողմից։
- Մի առաջին ավետարանի գործածություն։ Ոմանք ենթադրում են, որ գոյություն է ունեցել մեկ այլ ավետարան, այժմ կորած, որն որպես աղբյուր գործածվել է բոլորի կողմից։
- Մի շարք հատվածների գրավոր արձանագրություն։ Առաքելական քարոզչության առաջին իսկ տարիներից հավանաբար կազմվել են Քրիստոսի ուսուցումներն ամփոփող և կարևոր խոսքերն ի մի բերող ժողովածուներ՝ թե՛ տվյալ ուսուցումներն ու խոսքերը այլափոխումից զերծ պահելու համար և թե՛ հավատի քարոզիչների ձեռքի տակ դրանք որպես օգտագործելի պատրաստի նյութ ունենալու նպատակով։ Ենթադրվում է, որ երեք ավետարանիչներն էլ օգտվել են այսպիսի պատրաստի հավաքածուներից։
- Երկու աղբյուրների գործածություն։ Հնարավոր է, որ Մատթեոսը և Ղուկասը գործածած լինեն Մարկոսի Ավետարանը, ինչպես նաև մեկ այլ աղբյուր, որ գիտական գրականության մեջ անվանվում է լատինական Q տառով (գերմաներեն Quelle, որ նշանակում է «աղբյուր»)։
- Հավանաբար ավելի ճիշտ կլինի ընդունել, ինչպես շատերն են այդ առաջարկում, որ վերոհիշյալ տվյալները միասնաբար դեր են ունեցել Ավետարանների գրության կամ խմբագրման գործում։ Այսինքն՝ երեք ավետարանիչներն էլ օգտագործել են եկեղեցիների պահած բանավոր ավանդությունն իր տարբերակներով՝ միաժամանակ օգտվելով գրավոր առաջին արձանագրություններից (թե՛ առանձին խոսքերից և թե՛ մասնակի կամ ամբողջական բաժիններից), նաև ձեռքի տակ ունենալով մեզ ծանոթ այս կամ այն Ավետարանը։
Համաձայն Աստվածաշնչի մասնագետների, Մատթեոսի Ավետարանը գրվել է ուշ 50-ական և կամ 60-ական թվականներին, Մարկոսի Ավետարանը՝ 50-60 թթ ընթացքում, իսկ Ղուկասի Ավետարանը, ըստ ոմանց, 59-63 թթ միջև և կամ 70-ական թվականներին։
Ավետարաններից չորրորդը՝ Հովհաննեսի Ավետարանը, իր ոճով և բովանդակությամբ բոլորովին տարբերվում է համատեսական Ավետարաններից։ Համատեսականների հետ նույնություն է նկատվում հատկապես Հիսուսի կյանքի վերջին շաբաթվա դեպքերի և հարության դրվագի մեջ։
Հովհաննեսի Ավետարանը գրվել է, ըստ ոմանց, 85 թ հետո, իսկ նորագույն ուսումնասիրությունները գրության ժամանակը դնում են 55-70 թվականների միջև։
Առաքյալների գործերը
խմբագրելԱռաքյալների գործերը կամ Գործք առաքելոցը քրիստոնեական եկեղեցու կյանքն է Քրիստոսի համբարձումից հետո։ Հեղինակը Ղուկասն է, որը հեղինակ է նաև երրորդ Ավետարանի։ Ղուկասը պատմում է եկեղեցու առաջին տարիների կյանքը, առաքյալների քարոզչությունն ու կատարած գործերը, իսկ գրքի երկրորդ մասում կենտրոնանում է Պողոս առաքյալի վրա՝ պատմելով նրա առաքելությունը մինչև ձերբակալումն ու Հռոմ ուղևորվելը։ Գրքի գրության ժամանակի մասին երկու տարբեր կարծիքներ կան.
- Գործք առաքելոցը գրված պետք է լինի 63 թ, քանի որ գիրքը չի հիշատակում Պողոսի դատավարությունը (28.30), Հռոմի հրկիզումը, քրիստոնյաների հալածանքը, որ տեղի ունեցավ 64 թ, Պողոսի նահատակությունը (հավանաբար 67 թ) և Երուսաղեմի կործանումը (70 թ)։
- Երկրորդ տեսակետն այն է, որ Գործք առաքելոցը գրվել է 70 թ կամ դրանից հետո։ Այս կարծիքը հայտնողները շեշտում են, որ գրքի գրության նպատակն է եղել եկեղեցու տարածումը և Ավետարանի մասին վկայությունը (1.8)։ Եվ իսկապես, գրքում տեսնում ենք, թե ինչպես է եկեղեցին զորանում ու տարածվում Երուսաղեմում, Հրեաստանում ու Սամարիայում և հասնում մինչև երկրի չորս կողմերը, մինչև Հռոմ, որ այն ժամանակվա քաղաքակրթության և քաղաքական կյանքի կենտրոնն էր։ Այս նպատակի համար այնքան էլ կարևոր չէ Պողոսի նահատակությունը և Երուսաղեմի կործանումը։ Ուստի կարելի է գրքի գրության համար ընդունել 70 թ կամ ավելի ուշ։
Նամակներ
խմբագրել- Պողոս առաքյալի կողմից գրված նամակներ։ Այս նամակները 14-ն են։ Պողոս առաքյալն իր քարոզչության ընթացքում հետաքրքրվում էր իր հաստատած եկեղեցիներով՝ դրանք քաջալերելու և հորդորելու համար, որ հաստատ մնան այն ուղիղ հավատի մեջ, որ ստացել են իր քարոզչությամբ։ Այս նամակներից երեքը հատկապես տարբերվում են մյուսներից. դրանք են՝ Տիմոթեոսին գրված առաջին և երկրորդ նամակները, ինչպես նաև Տիտոսին գրված նամակը, որոնք կոչվում են հովվական նամակներ։ Այս նամակներում Պողոսը ցուցումներ է տալիս իր գործակիցներին՝ Տիմոթեոսին և Տիտոսին, հովվական խնամք տանելու եկեղեցիների նկատմամբ։ Պողոս առաքյալի նամակները գրվել են 51-67 թվականների միջև։
- Ընդհանրական նամակներ։ Սրանք յոթ նամակներ են (Հակոբոսի նամակը, Պետրոսի առաջին և երկրորդ նամակները, Հովհաննեսի առաջին, երկրորդ և երրորդ նամակները և Հուդայի նամակը,) որոնք կոչվել են Ընդհանրական նամակներ, մի անվանում, որ առաջին անգամ գործածել է Եվսեբիոս պատմիչը (265-340 թթ) իր «Եկեղեցական պատմություն» գրքում։ Այս նամակների տարբերությունը Պողոսի գրած նամակներից այն է, որ սրանք ուղղված են ընդհանուրին (թերևս Հովհաննեսի երրորդ նամակից բացի), մինչդեռ Պողոսի նամակներն ուղղված են տեղական եկեղեցիներիին կամ մասնավոր անձանց։ Հակոբոսի նամակը գրվել է 50 թ առաջ, Պետրոսի նամակները՝ 67-ից առաջ, Հովհաննեսի նամակները՝ 85-95-ի միջև և Հուդայի նամակը՝ շուրջ 65 թ։
Հայտնություն Հովհաննեսի
խմբագրելՀայտնություն Հովհաննեսի գիրքն իր ձևով և բովանդակությամբ տարբեր է Նոր Կտակարանի մյուս գրքերից։ Սա մաս է կազմում գրական հատուկ մի տեսակի, որ ծանոթ է «հայտնութենական գրականություն» անունով։ Հին Կտակարանում նույնպիսի մի գրություն է, օրինակ՝ Դանիելի գիրքը։ Իսկ ոչ կանոնական (պարականոն) գրքերում սրանց թիվը շատ է։
Հայտնութենական գրականության հատկանիշերն են առատ տեսիլքներ, խորհրդանշաններով ծանրաբեռնված լեզուն, երկնային և երկրային ուժերի միջև հակադրությունն ու բախումները, աստվածային դատաստանի վերահաս ապառնալիքները և չարի վերջնական պարտության ավետիսը կամ նյութական պատկերումը։ Տեսիլքներն ու խորհրդանշանները մի տեսակ վարագույր են՝ ծածուկ կերպով հայտնելու այն, ինչ հեղինակը չէր կարող բացահայտ գրել ժամանակի կրոնական և քաղաքական հալածանքների պատճառով։
Արդ, այս բոլոր տարրերը լայնորեն օգտագործված են Հայտնություն Հովհաննեսի գրքում, որը գրվել է այնպիսի մի ժամանակ, երբ Քրիստոսի եկեղեցին և քրիստոնյաները հալածանքի էին ենթարկվում հռոմեական իշխանությունների կողմից։ Մասնագետները կարծում են, որ այս գիրքը գրվել է 90-ական թվականներին։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Կտակարան» հոդվածին։ |