Մարտունու պաշտպանական շրջան (Մարտունու ՊՇ), Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական կոմիտեի նախագահի 1992 թվականի օգոստոսի 14-ի հրամանագրով՝ շրջանում գործող ինքնապաշտպանական ջոկատների, մարտկոցների հիմքի վրա։ Մարտունու ՊՇ-ի կազմում ստեղծվել են 21-րդ (Կարմիր Շուկա, հրամանատար Ն. Բաբայան), 22-րդ (Մաճկալաշեն, հրամանատար Ա. Մելքումյան), 23-րդ (Ճարտար, հրամանատար Մ. Հակոբյան), 24-րդ (Ճարտար, հրամանատար Կ. Թովմասյան), 25-րդ (Մարտունի, հրամանատար Ս. Օհանյան), 26-րդ (Մարտունի, հրամանատար Մ. Մոսիյան) մոտոհրաձգային գումարտակները։ 1992-1994 թվականներին Մարտունու ՊՇ-ն մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտունու (Ղարադաղլու, Վերին Վեյսալու, Մուղանլու, Ամիրանլար, Կուրապատկինո և այլն), Մարտակերտի («Պուշկինյալ» բարձունք, Չարեքտար, Նարեշտար, Ումուդլու, Յարմջա, Կարմիրավան), Աղդամի (Ավդալ-Գյուլափլու, Մարզիլու, Բաղմանլար, Սայբալու), Ֆիզուլիի («Խազազ» բարձունք, Ներքին Վեյսալու, Վերին և Ներքին Դիլղարդա, Զագյուր, Ղարվենդ), Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտունու ՊՇ-ի հրամանատարի պաշտոնը շուրջ 2 տարի զբաղեցրել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, ում ղեկավարության շնորհիվ պաշտպանական շրջանը մեծ հաջողություններ արձանագրեց և դարձավ ամենամարտունակը։ Ստորաբաժանման մեծ թվով ազատամարտիկներ արժանացել են ՀՀ և Արցախի պետական պարգևների։ Մարտական գործողությունների ժամանակ Մարտունու ՊՇ-ից զոհվել են 350 ազատամարտիկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
|