Թութմոս III
Թութմոս III (անգլ.՝ Thutmose III, երբեմն հանդիպում են նաև Թութմոսիս կամ Թոթմես անվանաձևերը, մ. թ. ա. 1481 - մոտ մ. թ. ա. 1425), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի վեցերորդ փարավոն։ Պաշտոնապես ղեկավարել է Եգիպտոսը մոտավորապես 54 տարի և նրա գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 1479 թվականի ապրիլի 28-ից մինչև 1425 թվականի մարտի 11-ը՝ երկու տարեկան հասակից մինչև հիսունվեց տարեկանում իր մահը։ Գահակալության առաջին քսաներկու տարում համառեգենտ է եղել իր խորթ մայր և հորաքույր Հատշեպսուտի հետ․ վերջինս ինքն է եղել փարավոնը։ Պահպանված հուշարձանների վրա Թութմոսն առաջինն է պատկերված, սակայն երկուսին էլ տրված են սովորական թագավորական անուններն ու տարբերանշանները, և ոչ մեկին ակնհայտ ավագություն չի վերագրված մյուսի նկատմամբ[1]։ Թութմոսը եղել է Հատշեպսուտի բանակների առաջնորդը։ Իր գահակալության վերջին երկու տարիների ընթացքում իր որդի և գահաժառանգ Ամենհոտեպ II-ին նշանակել է իր կրտսեր համառեգենտ․ նրա ավագ որդի ու իրական գահաժառանգ Ամենեմհատը մահացել էր հորից առաջ։ Նա դառնալու էր տասնութերորդ արքայատոհմի ամենահզոր փարավոններից մեկը։
Թութմոս III | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 1481 |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 1425 |
KV34 | |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
պետական գործիչ | |
Հայր | Թութմոս II |
Մայր | Իսետ (թագուհի) |
Երեխաներ | Ամենեմհետ, Meritamen?, Iset?, Menkheperre?, Beketamun?, Ամենհոտեպ II, Nebetiunet? և Siamun? |
Թութմոս II-ի ու Հատշեպսուտի մահից հետո դառնալով թագավորության միակ կառավարող փարավոնը՝ ստեղծել է Եգիպտոսի երբևէ ունեցած ամենամեծ կայսրությունը, իրականացրել է ոչ պակաս, քան 17 արշավանք ու նվաճել հողեր հյուսիսային Սիրիայի Նիյա թագավորությունից մինչև Նեղոսի չորրորդ կատարակտը Նուբիայում։
Մահից հետո այդ ժամանակաշրջանի մյուս փարավոնների նման հուղարկավորվել է արքաների հովտում։
Անուն
խմբագրելԹութմոսի երկու անունները գրվել են որպես mn-ḫpr-rˁ ḏḥwty-ms։ Առաջին անունը սովորաբար կարդացվում է որպես Մենխեպերրե և նշանակում է «Հավիտենական է Ռայի անունը» կամ «Հարատևը Ռայի դրսևորումներից»։ Երկրորդ անունը կարդացվում է որպես Թութմոս կամ Թութմոսիս և նշանակում է «Թոթից ծնված» կամ «Թոթը ծնվել է»[2][3]։
Ընտանիք
խմբագրելԹութմոս III-ը փարավոն Թութմոս II-ի ու վերջինիս երկրորդական կանանցից մեկի՝ Իսետի (կամ Ասետի) որդին էր[4][5]։ Նրա հոր մեծ թագուհին եղել է Հատշեպսուտը, որից ծնված դուստրը՝ Նեֆրուրան, հանդիսացել է Թութմոսի խորթ քույրը։
Երբ մահացել է Թութմոս II-ը, Թութմոս III-ը չափազանց փոքր է եղել գահակալելու համար։ Հատշեպսուտը դարձել է նրա ռեգենտը, այնուհետև համառեգենտը, որից կարճ ժամանակ անց իրեն փարավոն է հռչակել՝ միևնույն ժամանակ գահից չզրկելով Թութմոս III-ին․ վերջինս փոքր իշխանություն է ունեցել կայսրության վրա, մինչդեռ Հաթշեփսուտն իրականացնում էր թագակրության պաշտոնական տիտղոսը։ Հատշեպսուտի գահակալությունը բավականին բարգավաճ էր և նշանավորվել է մեծ առաջընթացներով։ Երբ Թութմոս III-ը հասել է համապատասխան տարիքի և դրսևորել իր կարողությունը, նա նրան նշանակել է իր բանակների ղեկավար[փա՞ստ]։
Որոշ եգիպտագետներ ենթադրում են, որ Թութմոսն ամուսնացել է իր խորթ քրոջ՝ Նեֆրուրայի հետ[6], բայց այս ամուսնությունը հաստատող վերջնական ապացույց չկա։ Ենթադրվել է, որ Նեֆրուրան կարող էր լինել Թութմոսի առաջնեկ որդու՝ Ամենեմհատի մայրը[7]։ Որպես այլընտրանք ենթադրվել է, որ Մեծ թագուհի Սաթիան կարող էր եղած լինել Ամենեմհատի մայրը[6]․ որդին մահացել է հորից առաջ[7]։
Պահպանված գրառումներում վկայություններ կան Թութմոսի մի քանի այլ կանանց մասին։ Հայտնի է, որ նա ունեցել է առնվազն երեք օտարերկրացի կին՝ Մենհետ, Մենուի, Մետրի, որոնք հուղարկավորվել են միասին[7]։ Մեկ այլ կնոջ՝ Նեբտուի մասին հայտնի է Թութմոսի դամբարանի հենասյուներից մեկից[7]։ Սաթիայի մահից հետո Մերիտրա-Հատշեպսուտ անունով մի կին է դարձել մեծ թագուհի ու փարավոնին մի քանի զավակ պարգևել, այդ թվում՝ ապագա փարավոն Ամենհոտեպ II-ն ու մեկ այլ որդի՝ Մենխեպերրեն, ինչպես նաև առնվազն չորս դուստր՝ Նեբետիունետը, Մերիտամուն (C) և Մերիտամուն (D) ու Իսետը[6]։
Գահակալության տարեթվեր ու տևողություն
խմբագրելԸստ Հին Եգիպտոսի ժամանակագրության՝ Թութմոս III-ը գահակալել է մ․թ․ա․ 1479 - 1425 թվականներին։ Սա եղել է ավանդական եգիպտական ժամանակագրությունը ակադեմիական շրջանակներում 1960-ական թվականներից սկսած[8], թեև որոշ շրջանակներում նախընտրելի են ավելի հին թվերը՝ մ.թ.ա. 1504 թվականից մինչև մ.թ.ա 1450 թվականը[9]։ Այս տարեթվերը, ինչպես տասնութերորդ արքայատոհմի բոլոր թվականները, բաց են վիճարկման համար՝ Ամենհոտեպ I-ի օրոք Սոթիսի՝ արեգակից առաջ ծագելու մասին գրառումների հանգամանքների անորոշության պատճառով[10]։ Ամենհոտեպ I-ի թագավորության ժամանակվա մի պապիրուս գրանցել է այս աստղագիտական դիտարկումը, որը տեսականորեն կարող է օգտագործվել եգիպտական ժամանակագրությունը ժամանակակից օրացույցի հետ կատարելապես փոխկապակցելու համար. սակայն դա անելու համար պետք է հայտնի լինի նաև այն լայնությունը, որտեղ կատարվել է դիտարկումը։ Այս փաստաթղթում դիտարկման վայրի մասին նշումը բացակայում է, բայց կարելի է վստահորեն ենթադրել, որ այն կատարվել է կա՛մ Նեղոսի դելտայի քաղաքներում, ինչպիսին են Մեմֆիսը կամ Հելիոպոլիսը, կամ Թեբեում։ Այս երկու լայնություններում թվեր են տրվում 20 տարվա տարբերությամբ։
Թութմոս III-ի գահակալության տևողության օրը հայտնի է ռազմական հրամանատար Ամենեմհեբ-Մահուի դամբարանում հայտնաբերված տեղեկատվության շնորհիվ[11]։ Ամենեմհեբ-Մահուն արձանագրում է Թութմոս III-ի մահն իր տիրոջ թագավորության 54-րդ տարվա մեջ[12], պերետի երրորդ ամսվա 30-րդ օրը[13]։ Թութմոս III-ի գահակալության օրը հայտնի է որպես I շեմուի չորրորդ օր, և աստղագիտական դիտարկումները կարող են օգտագործվել թագավորի գահակալության սկզբի և ավարտի ճշգրիտ ժամկետները հաշվարկելու համար՝ մ.թ.ա. 1479 թվականի ապրիլի 28-ից մինչև մ.թ.ա. 1425 թվականի մարտի 11-ը համապատասխանաբար[14]։
Թութմոսի ռազմական արշավանքներ
խմբագրելՊատմաբանների կողմից ռազմական հանճար համարված Թութմոս III-ն իրականացրել է առնվազն 16 արշավանք 20 տարվա ընթացքում[15]։ Նա ակտիվ էքսպանսիոնիստ ղեկավար էր, որին երբեմն համարել են Եգիպտոսի ամենամեծ նվաճողը և անվանել «Եգիպտոսի Նապոելոն», ինչպես ասել է Ջեյմս Հենրի Բրեստեդը[4][16]։ Արձանագրվել է, որ նա իր կառավարման ընթացքում գրավել է 350 քաղաք և նվաճել Մերձավոր Արևելքի մեծ մասը Եփրատից մինչև Նուբիա՝ տասնյոթ հայտնի ռազմական արշավների ընթացքում։ Նա Թութմոս I-ից հետո Եփրատն անցած առաջին փարավոնն էր, որը դա արել է Միտանիի դեմ արշավանքի ժամանակ։ Նրա արշավանքի արձանագրությունները գրված են եղել Կառնակի Ամունի տաճարի պատերին (արտագրվել է Ուրկունդեն IV-ում)։ Նա հետևողականորեն համարվում է Եգիպտոսի մեծագույն ռազմիկ փարավոններից մեկը, որը Եգիպտոսը վերածել է միջազգային գերտերության՝ ստեղծելով կայսրություն, որը ձգվում էր հարավային Սիրիայի և Քանանի ասիական շրջաններից դեպի արևելք ու դեպի հարավ՝ Նուբիա[17]։ Արդյո՞ք եգիպտական կայսրությունը ընդգրկում էր ավելի շատ տարածքներ, հստակ չէ։ Ավելի վաղ շրջանի եգիպտագետները, իսկ վերջերս նաև Էդ. Մեյերը կարծում էր, որ Թութմոսը նաև հպատակեցրել է Էգեյան ծովի կղզիները[18]։ Այսօր սա այլևս չի կարող հաստատվել։ Միջագետքի նվաճումն աներևակայելի է. և արդյոք Ալաշիայից (Կիպրոս) ուղարկված տուրքը ավելին էր, քան պարզապես նվերներ, մնում է կասկածելի[19]։ Նրա արշավների մեծ մասում նրա թշնամիները քաղաք առ քաղաք էին ջախջախվում, մինչև որ պարտվում ու հպատակվում էին։
Թութմոս «ռազմիկի» մասին շատ բան է հայտնի ոչ միայն նրա ռազմական նվաճումների, այլև նրա թագավորական գրագրի և բանակի հրամանատար Թանունիի շնորհիվ, ով գրել է նրա նվաճումների և թագավորության մասին։ Թութմոս III-ը կարողացել է գրավել այդքան մեծ թվով հողեր՝ ռազմական տեխնիկայի հեղափոխական զարգացումների շնորհիվ։ Հիքսոսները մ․թ․ա․ մոտավորապես 1650 թվականին նվաճել էին Եգիպտոսը առաջադեմ զինատեսակներով, ինչպիսիք են ձիաքարշ կառքերը։ Նրանց դուրս մղելու ընթացքում Եգիպտոսի ժողովուրդը սովորել է օգտագործել այդ զենքերը։ Թութմոս III-ը հանդիպել է հարևան թագավորությունների փոքր դիմադրությանը, ինչը նրան թույլ է տվել հեշտությամբ ընդլայնել իր ազդեցության տիրույթը։ Նրա բանակը նաև ցամաքում նավակներ էր տեղափոխում[փա՞ստ]։
Առաջին արշավանք
խմբագրելԵրբ Հաtշեpսուտը մահացել է Թութմոս III-ի գահակալման 21-րդ տարվա վեցերորդ ամսվա 10-րդ օրը, Կադեշի թագավորն իր զորքով առաջացել է դեպի Մեգիդո[20]։ Թութմոս III-ը հավաքել է իր բանակը և հեռացել Եգիպտոսից՝ ութերորդ ամսվա 25-րդ օրն անցնելով սահմանամերձ Տյարու ամրոցով։ Թութմոսն իր զորքերով արշավել է ափամերձ հարթավայրով մինչև Ջամնիա, հետո Մեգիդոյի մոտ գտնվող փոքրիկ Յավնե քաղաքն ու այնտեղ հասել նույն տարվա իններորդ ամսվա կեսին[21]։ Մեգիդոյի ճակատամարտը, հավանաբար, Թութմոսի 17 արշավանքների ամենամեծ ճակատամարտն էր։ Կարմեղոս սարից ցամաքով դուրս եկող լեռնաշղթան կանգնած էր Թութմոսի և Մեգիդոյի միջև, և նա ուներ երեք պոտենցիալ երթուղի անցնելու[22]։ Հյուսիսային և հարավային երթուղին, որոնք երկուսն էլ շրջանցում էին լեռը, նրա ռազմական խորհուրդն ամենաանվտանգն է համարել, բայց Թութմոսը մեծ խիզախություն դրսևորելով ու խորհրդին վախկոտության մեջ մեղադրելով՝ գնաց Արունա լեռնանցքի վտանգավոր ճանապարհով[23], որը, ըստ նրա, բավականաչափ լայն էր, որպեսզի բանակը անցնի «ձի ձիու հետևից և մարդ մարդու հետևից»[21]։
Չնայած Թութմոսի տարեգրության գովասանական բնույթին, այդպիսի անցուղի իսկապես գոյություն է ունեցել, թեև ոչ այնքան նեղ, որքան նշել է նա[24] և դրանով գնալը փայլուն ռազմական քայլ էր, քանի որ երբ նրա բանակը դուրս է եկել լեռնանցքից, նրանք գտնվում էին Էսդրայելոնի հարթավայրում, անմիջապես քանանացիների զորքերի թիկունքի և հենց Մեգիդոյի միջև[22]։ Չգիտես ինչու, քանանացիների զորքերը չեն հարձակվել նրա վրա, երբ նրա բանակը հայտնվել է[23] և նրա բանակը վճռականորեն ջախջախել է նրանց[22]։ Երկու բանակնորի քանակը դժվար է որոշել, բայց եթե բանակը անցակետով տեղափոխելու համար պահանջվող ժամանակը կարող է օգտագործվել եգիպտական ուժերի քանակը որոշելու համար, և եթե գերված ոչխարների և այծերի թիվը կարող է օգտագործվել քանանացիների զորքերի չափը որոշելու համար, ապա երկու բանակներն էլ մոտ 10000 հոգի են եղել[25]։ Գիտնականների մեծ մասը կարծում է, որ եգիպտական բանակն ավելի մարդաշատ է եղել[փա՞ստ]։ Համաձայն Կառնակում գտնվող Ամունի տաճարում Թութմոզ III-ի թողած Տարեգրության սրահի՝ ճակատամարտը տեղի է ունեցել «23-րդ տարվա Շեմու 21-րդ օրը, նորալուսնի տոնի ճշգրիտ օրը»[26], լուսնային օրացույցով։ Այս ամսաթիվը համապատասխանում է մ․թ․ա․ 1457 թվականի մայիսի 9-ին՝ հիմնվելով Թութմոս III-ի՝ մ․թ․ա․ 1479 թվականին գահն ստանձնելու փաստի վրա։ Ճակատամարտում հաղթանակից հետո նրա զորքերը դադար են առել թշնամուն թալանելու համար, և թշնամին կարողացել է փախչել Մեգիդո[27]։ Թութմոսն ստիպված է եղել պաշարել քաղաքը, բայց նրան վերջապես հաջողվել է այն գրավել յոթ կամ ութ ամիս տևած պաշարումից հետո միայն[27]։
Այս արշավը կտրուկ փոխել է քաղաքական իրավիճակը հին Մերձավոր Արևելքում։ Գրավելով Մեգիդոն՝ Թութմոսը վերահսկողություն է ձեռք բերել ամբողջ հյուսիսային Քանանի վրա, և սիրիացի իշխանները պարտավորվել են տուրք և իրենց որդիներին որպես պատանդ ուղարկել Եգիպտոս[28]։ Եփրատից այն կողմ Ասորեստանի, Բաբելոնի և Խեթերի թագավորները բոլորն էլ Թութմոսին նվերներ են տվել, որոնք, ըստ նրա, «հարգանքի տուրք» են, երբ նա արձանագրել է դրանք Կառնակի պատերին[29]։ Միակ նկատելի բացակայությունը Միտաննին է, որը կրելու էր եգիպտական հաջորդ արշավանքների ծանրությունը դեպի հարավարևմտյան Ասիա։
Քանանի ու Սիրիայի արշավանքներ
խմբագրելԹութմոսի երկրորդ, երրորդ և չորրորդ արշավները, ըստ երևույթին, ոչ այլ ինչ էին, քան տուրք հավաքելու շրջագայություններ դեպի Սիրիա և Քանան[30]։ Ավանդաբար, առաջին արշավանքի տեքստից անմիջապես հետո սկսվում է երկրորդ արշավանքի նկարագրությունը[31]։ Այս տեքստում հիշատակվում է տուրք այն տարածքից, որը եգիպտացիները կոչում էին Ռեջենու (մոտավորապես համարժեք է Քանանին), և հենց այդ ժամանակ էր, որ Ասորեստանը երկրորդ «տուրքն» է վճարել Թութմոս III-ին[32]։ Հավանական է, որ այս տեքստերը գալիս են Թութմոսի գահակալության 40-րդ տարուց կամ ավելի ուշ և, հետևաբար, ընդհանրապես կապ չեն ունեցել երկրորդ քարոզարշավի հետ։ Եթե այսպես է, ապա այս արշավանքի մասին ոչ մի գրառում չի գտնվել[31]։ Թութմոսի երրորդ քարոզարշավը բավականաչափ նշանակալից չի համարվել՝ հայտնվելու նրա այլապես ընդարձակ Տարեգրություններում։ Քանանում նրա հայտնաբերած կենդանիների և բույսերի վերաբերյալ հետազոտություն է կատարվել, որը պատկերված է Կառնակում հատուկ սենյակի պատերին[33]։ Այս հետազոտությունը թվագրված է Թութմոսի գահակալության 25-րդ տարով[34]։ Թութմոսի չորրորդ արշավի մասին ոչ մի գրառում չի պահպանվել[35], բայց ինչ-որ պահի ստորին Լիբանանում ամրոց է կառուցվել, և փայտանյութ է կտրվել՝ երթևեկելի նավի կառուցման համար, և դա, հավանաբար, լավագույնս համապատասխանում է այս ժամանակաշրջանին[36]։
Սիրիայի նվաճում
խմբագրելԹութմոս III-ի հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ արշավանքները ուղղված էին Սիրիայի փյունիկյան քաղաքների և Օրոնտեսի վրա գտնվող Կադեշի դեմ։ Թութմոսի գահակալության 29-րդ տարում նա սկսել է իր հինգերորդ արշավը, որտեղ նա առաջին անգամ գրավել է մի անհայտ քաղաք, որը կայազորվել էր Թունիպի մերձակայքում[37]։ Այնուհետև նա շարժվել է դեպի ավելի խորքը և գրավել Արդատա քաղաքն ու շրջակայքը[38]․ քաղաքը թալանվել է, իսկ ցորենի արտերը՝ այրվել։ Ի տարբերություն նախորդ թալանչիական արշավանքների, Թութմոս III-ը կայազորել է Ջահի անունով հայտնի տարածքը, որը հավանաբար հարավային Սիրիան էր[30]։ Դա նրան թույլ է տվել մատակարարումներ և զորքեր ուղարկել Սիրիայի և Եգիպտոսի միջև։ Թեև դրա համար ուղղակի ապացույցներ չկան, այդ պատճառով է, որ ոմանք ենթադրում են, որ Թութմոսի վեցերորդ արշավանքը, նրա գահակալության երեսուներորդ տարում, սկսվել է զորքերի ծովային փոխադրմամբ անմիջապես Բիբլոս՝ ամբողջությամբ շրջանցելով Քանանը[38]։ Այն բանից հետո, երբ զորքերը ցանկացած միջոցներով Սիրիա են հասել, նրանք մտել են Հորդանան գետի հովիտը և շարժվել դեպի հյուսիս՝ կողոպտելով Կադեշի հողերը[39]։ Կրկին թեքվելով դեպի արևմուտք՝ Թութմոսը վերցրեց Սիմիրան և ճնշեց ապստամբությունը Արդատայում, որն ըստ երևույթին կրկին ապստամբել էր[40]։ Նման ապստամբությունները դադարեցնելու համար Թութմոսն սկսել է պատանդներ վերցնել Սիրիայի քաղաքներից։ Սիրիայի քաղաքներն առաջնորդվում էին ոչ այնքան մարդկանց ժողովրդական զգացմունքներով, որքան փոքրաթիվ ազնվականներով, որոնք միավորված էին Միտաննիի հետ։ Թութմոս III-ը պարզել է, որ այս առանցքային մարդկանց ընտանիքի անդամներին Եգիպտոս տանելով որպես պատանդ՝ նա կարող է կտրուկ մեծացնել նրանց հավատարմությունը իր հանդեպ[39]։ Սիրիան նորից է ապստամբել Թութմոսի գահակալության 31-րդ տարում, և նա վերադարձել է Սիրիա իր յոթերորդ արշավի համար ու գրավել Ուլազա նավահանգստային քաղաքը[39], փյունիկյան փոքր նավահանգիստներ[40], ինչպես նաև միջոցներ ձեռք առել՝ հետագա ապստամբությունները կանխելու համար[39]։ Ամբողջ ավելցուկային հացահատիկը, որն արտադրվում էր Սիրիայում, պահվում էր վերջերս նվաճած նավահանգիստներում և օգտագործվում էր Սիրիայում կառավարող եգիպտական ռազմական և քաղաքացիական ներկայացուցչության մատակարարման համար[39]։ Դա Սիրիայի քաղաքները մատնել է հուսահատ աղքատության։ Իրենց ավերակ տնտեսություններով նրանք այլևս միջոցներ չեն ունեցել ապստամբություն ֆինանսավորելու[41]։
Հարձակում Միտանիի վրա
խմբագրելԱյն բանից հետո, երբ Թութմոս III-ը վերահսկողության տակ է առել սիրիական քաղաքները, նրա ութերորդ արշավի ակնհայտ թիրախը Միտաննի նահանգն էր, որը խուռիական երկիր էր, որտեղ իշխող հնդկա-արիական դասակարգն էր։ Սակայն Միտաննի հասնելու համար նա պետք է անցներ Եփրատ գետը։ Նա նավարկել է ուղիղ դեպի Բիբլոս[42] և նավակներ պատրաստել, որոնք իր հետ տարել է ցամաքով՝ դեպի Սիրիա հերթական շրջագայության ժամանակ[40], ինչպես նաև շարունակել է սովորական արշավանքներն ու կողոպուտները, երբ նա շարժվում էր դեպի հյուսիս՝ արդեն գրաված հողերով[43]։ Նա շարունակել է շարժվել դեպի հյուսիս՝ դեռ չնվաճված Հալեպ և Քարքեմիշ քաղաքներին պատկանող տարածքով և արագորեն իր նավակներով անցել Եփրատը՝ ամբողջովին զարմացնելով Միտաննիի թագավորին[43]։ Ըստ երևույթին, Միտաննին ներխուժում չէր սպասում, ուստի նրանք չունեին որևէ տեսակի բանակ, որը պատրաստ էր պաշտպանվել Թութմոսից, չնայած Եփրատի վրա նրանց նավերը փորձում էին պաշտպանվել եգիպտական հարձակումից[42]։ Այնուհետև Թութմոս III-ն ազատորեն գնում էր քաղաքից քաղաք և կողոպտում դրանք, մինչ ազնվականները թաքնվում էին քարանձավներում, կամ, համենայնդեպս, այսպես է ներկայացված եգիպտական գրառումներում։ Այս ժամանակաշրջանում, երբ դիմադրության չէր հանդիպում, Թութմոսը տեղադրել է Եփրատը հատելու հիշատակը հավերժացնող երկրորդ կոթողն իր պապի՝ Թութմոս I-ի կողմից մի քանի տասնամյակ առաջ տեղադրած ստելայի կողքին։ Զավթիչների դեմ պայքարելու համար աշխարհազոր է ստեղծվել, բայց այն շատ վատ է աշխատել[43]։ Այնուհետև Թութմոս III-ը Նիի ճանապարհով վերադարձել է Սիրիա, որտեղ արձանագրել է, որ զբաղվել է փղերի որսով[44]։ Նա տուրք է հավաքել օտար ուժերից և հաղթանակով վերադարձել Եգիպտոս[42]։
Շրջագայություններ Սիրիայում
խմբագրելԻր գահակալության 34-րդ տարում Թութմոս III-ը վերադարձել է Սիրիա 9-րդ արշավանքով, բայց սա, ըստ երևույթին, ընդամենը արշավանք էր Նուխաշշե կոչվող տարածքի վրա, որը բնակեցված է կիսաքոչվոր մարդկանցով[45]։ Արձանագրված թալանը նվազագույն է, ուստի, հավանաբար, դա պարզապես աննշան արշավանք էր[46]։ Նրա 10-րդ արշավանքի գրառումները վկայում են շատ ավելի մեծ կռվի մասին։ Թութմոսի գահակալության 35-րդ տարում Միտաննիի թագավորը մեծ բանակ էր հավաքել և եգիպտացիներին ներգրավել Հալեպի շուրջը։ Ինչպես բնորոշ է եգիպտական ցանկացած թագավորի՝ Թութմոսը պարծենում էր ընդհանուր ջախջախիչ հաղթանակով, բայց այս հայտարարությունը կասկածելի է ձեռք բերված շատ փոքր թալանի պատճառով[47]։ Կառնակում Թութմոսի տարեգրությունը ցույց է տալիս, որ նա ընդամենը 10 ռազմագերի է վերցրել[48]։ Նա, հավանաբար, ոչ-ոքի է կռվել միտանացիների դեմ[47], սակայն այդ արշավից հետո նա տուրք է ստացել խեթերից, ինչը, ըստ երևույթին, ցույց է տալիս, որ ճակատամարտի արդյունքը Թութմոզի օգտին է եղել[44]։
Նրա հաջորդ երկու արշավների մասին մանրամասները հայտնի չեն[44]։ Ենթադրվում է, որ նրա 11-րդ արշավանքը տեղի է ունեցել իր թագավորության 36-րդ տարում, 12-րդը ենթադրվում է, որ տեղի է ունեցել 37-րդ տարում, քանի որ 13-րդը նշվում է Կառնակում 38-րդ թագավորության տարում[49]։
Իր 13-րդ արշավանքի ընթացքում Թութմոզը վերադարձել է Նուխաշշե՝ շատ աննշան արշավի համար[49]։ Նրա 14-րդ արշավանքը տեղի է ունեցել գահակալության 39-րդ տարում՝ Շասուի վրա։ Այս արշավանքի վայրը հնարավոր չէ որոշել, քանի որ Շասուները քոչվորներ էին, որոնք կարող էին ապրել Լիբանանից մինչև Անդրհորդանան և Եդոմ[50]։ Նրա գահակալության 40-րդ տարում տուրք է հավաքվել օտար ուժերից, սակայն հայտնի չէ, թե արդյոք դա արշավ է համարվում, թե ոչ[51]։ Թութմոսիհաջորդ քարոզարշավից մնացել է միայն տուրքի ցանկը[52]։ Նրա վերջին ասիական արշավն ավելի լավ է փաստագրված։ Թութմոսի գահակալության 42-րդ տարուց որոշ ժամանակ առաջ Միտաննին, ըստ երևույթին, սկսել է ապստամբություն տարածել Սիրիայի բոլոր խոշոր քաղաքների միջև։ Թութմոսն իր զորքերը ցամաքով տեղափոխել է ափամերձ ճանապարհով և ճնշել ապստամբությունները Արկա դաշտում («Արկանտու» Թութմոզեի տարեգրության մեջ) և շարժվել դեպի Թունիփ[53]։ Թունիփը վերցնելուց հետո նրա ուշադրությունը դարձյալ ուղղվեց դեպի Կադեշ։ Նա ոչնչացրել է միտանական երեք կայազորները և հաղթանակով վերադարձել Եգիպտոս[54]։ Այս վերջին արշավում նրա հաղթանակը ոչ ամբողջական էր, ոչ մշտական, քանի որ նա չվերցրեց Կադեշը[54] և Թունիփը չէր կարող նրա դաշնակիցը շատ երկար մնալ, համենայն դեպս ոչ իր մահից հետո[55]։
Նուբիական արշավանք
խմբագրելԹութմոսի վերջին արշավանքն իրականացվել է նրա թագավորության 50-րդ տարում։ Նա հարձակվել է Նուբիայի վրա, բայց հասել միայն Նեղոսի չորրորդ կատարակտին։ Թեև Եգիպտոսի ոչ մի թագավոր մինչ այդ բանակով այդքան խորը չէր ներխուժել, նախորդ թագավորների արշավանքները եգիպտական մշակույթը տարածել էին արդեն այդքան հեռու, և Ջեբել Բարկալում հայտնաբերված եգիպտական ամենահին փաստաթուղթը թվագրվում է Թութմոսի արշավից երեք տարի առաջ[40]։
Հուշարձանների կառուցում
խմբագրելԹութմոս III-ը մեծ շինարար էր և կառուցել է ավելի քան 50 տաճար, թեև դրանցից մի քանիսն այժմ անհետացել են և հիշատակվում են միայն գրավոր արձանագրություններում[9]։ Նա նաև պատվիրել է ազնվականների համար բազմաթիվ դամբարաններ կառուցել, որոնք արվել էին ավելի մեծ վարպետությամբ, քան երբևէ։ Նրա գահակալությունը նաև ոճական մեծ փոփոխությունների շրջան էր շինարարության հետ կապված քանդակագործության, նկարների և ռելիեֆների առումով, որոնց մեծ մասը սկսվել էր Հաթշեփսուտի օրոք։
Գեղարվեստական զարգացումներ
խմբագրելԹութմոսի ճարտարապետներն ու արհեստավորները ցուցաբերել են նախորդ թագավորների պաշտոնական ոճի մեծ շարունակականություն, սակայն մի քանի զարգացումներ նրան առանձնացրել են իր նախորդներից։ Թեև նա իր թագավորության մեծ մասում հետևել է հարթաքանդակի ավանդական ոճերին, 42-րդ տարուց հետո նա սկսել է իրեն պատկերել տալ Ստորին Եգիպտոսի կարմիր թագը և կիլտ կրելիս, որն աննախադեպ ոճ էր[56]։ Ճարտարապետական առումով նրա կողմից սյուների օգտագործումը նույնպես աննախադեպ էր։ Նա կառուցել է Եգիպտոսի միակ հայտնի հերալդիկ սյուների հավաքածուն՝ երկու մեծ սյուներ, որոնք առանձին կանգնած էին տանիքը պահող հավաքածուի մաս լինելու փոխարեն։ Նրա հոբելյանական դահլիճը նույնպես հեղափոխական էր և, հավանաբար, ամենավաղ հայտնի շենքն է, որը ստեղծվել է բազիլիկ ոճով[57]։ Թութմոսի արհեստավորները նկարչության մեջ նոր բարձունքների էին հասել, և նրա թագավորության ժամանակաշրջանի դամբարանները ամենավաղն էին, որոնք ամբողջությամբ նկարվել էին՝ նկարազարդված հարթաքանդակների փոխարեն[56]։ Թեև անմիջականորեն կապված չէ նրա հուշարձանների հետ, ենթադրվում է, որ Թութմոսի արհեստավորները սովորել են ապակու պատրաստման հմտություններ, որոնք զարգացել են 18-րդ արքայատոհմի սկզբին, որպեսզի խմելու համար նախատեսված անոթներ պատրաստեն[58]։
Կառնակ
խմբագրելԹութմոսն շատ ավելի մեծ ուշադրություն է հատկացրել Կառնակին, քան ցանկացած այլ վայրի։ Կենտրոնում գտնվող Իպուտ-Իսուտում նա վերակառուցել է իր պապի՝ Թութմոս I-ի հիպոստիլային սրահը, ապամոնտաժել Հաթշեպսուտի կարմիր մատուռը, դրա տեղում կառուցել Փիլոն VI-ը՝ Ամունի սրբավայրը, իսկ դրա դիմաց կառուցել է նախասրահ, որի առաստաղը հենվում էր հերալդիկ սյուների վրա։ Նա կենտրոնական մատուռի շուրջ կառուցել է թեմենոս պարիսպ, որը պարունակում էր ավելի փոքր մատուռներ, ինչպես նաև արհեստանոցներ և պահեստներ։ Գլխավոր սրբավայրից դեպի արևելք նա կառուցել է հոբելյանական սրահ, որտեղ պետք է նշել իր Սեդ տոնը։ Գլխավոր դահլիճը կառուցվել է բազիլիկ ոճով՝ միջանցքի յուրաքանչյուր կողմում առաստաղը պահող սյուների շարքերով։ Կենտրոնական երկու շարքերը ավելի բարձր էին, քան մյուսները, որպեսզի ստեղծեին պատուհաններ, որտեղ առաստաղը բաց էր[57]։ Այս տաճարի փոքր սենյակներից երկուսը պարունակում էին Քանանի բույսերի և կենդանիների ուսումնասիրության հարթաքանդակներ, որոնք նա բերել էր իր երրորդ արշավանքի ժամանակ[59]։
Իպուտ-Իսուտից դեպի արևելք նա Աթենին նվիրված մեկ այլ տաճար է կանգնեցրել, որտեղ նրան պատկերել են Ամունի աջակցությունն ստանալիս[60]։ Հենց այս տաճարի ներսում էր Թութմոսը ծրագրել կանգնեցնել իր «տեխեն վաթին» կամ «եզակի կոթողը»[60]։ «Տեխեն վաթին» նախագծվել է առանձին բարձրացվելու համար, ոչ թե որպես զույգի մաս և հանդիսանում է երբևէ հաջողությամբ պատրաստված ամենաբարձր կոթողը։ Սակայն այն կանգնեցվել է 35 տարի անց՝ Թութմոս IV-ի օրոք[60][61]։ Հետագայում այն Հռոմ է տեղափոխվել կայսր Կոնստանդիոս II-ի կողմից և այժմ հայտնի է որպես Լատերանյան կոթող։
Մ․թ․ 390 թվականին քրիստոնյա հռոմեական կայսր Թեոդոսիոս I-ը Կոստանդնուպոլսի հիպոդրոմում Կառնակի տաճարից բերված մեկ այլ կոթող է կանգնեցրել, որն այժմ հայտնի է որպես Թեոդոսիոսի կոթող։ Այսպիսով, Թութմոս III-ի՝ Կառնակ տաճարում կանգնեցրած երկու կոթողներն այժմ գտնվում են Պապական Հռոմում և Կեսարոպապիստական Կոստանդնուպոլսում՝ Հռոմեական կայսրության երկու գլխավոր պատմական մայրաքաղաքներում։
Թութմոսը նաև ձեռնարկել է շինարարական ծրագրեր Ամունի սրբավայրի և Մութի տաճարի միջև գտնվող գլխավոր տաճարից դեպի հարավ։ Գլխավոր տաճարից անմիջապես դեպի հարավ նա կառուցել է յոթերորդ սյունը։ Այն կառուցվել է նրա հոբելյանի ժամանակ օգտագործելու համար և պատված է եղել պարտված թշնամիների տեսարաններով։ Նա հենասյան երկու կողմերում կանգնեցրել է թագավորական վիթխարի արձաններ, իսկ դարպասի դիմաց դրեց ևս երկու կոթող՝ հարավային երեսին։ Արևելյան կոթողի հիմքը մնում է տեղում, բայց արևմտյան օբելիսկը տեղափոխվել է Կոստանդնուպոլսի Հիպոդրոմ[60]։ Ճանապարհի երկայնքով դեպի ավելի հարավ նա կանգնեցրել է VIII հենասյունը, որը սկսել էր Հաթշեփսուտը[57]։ Ճանապարհից արևելք փորել է 250 x 400 ոտնաչափ սուրբ լիճը և դրա մոտ կառուցել ալաբաստրի նավակի մեկ այլ սրբավայր[57]։ Նա թագավորական արվեստագետներին հանձնարարել է պատկերել Թութմոս III-ի բուսաբանական այգու կենդանական և բուսական աշխարհի իր ընդարձակ հավաքածուները։
Հատշեպսուտի հուշարձանների փչացում
խմբագրելԵրկար տարիների ընթացքում եգիպտագետները վարկած են առաջ քաշել, որ Թութմոս II-ի մահից հետո Հաթշեփսուտը «խլել է» գահը Թութմոս III-ից։ Թեև Թութմոս III-ն այս ժամանակաշրջանում եղել է համագահակալ, վաղ շրջանի պատմաբանները ենթադրել են, որ Թութմոս III-ը երբեք չի ներել իր խորթ մորը իր գահակալության առաջին երկու տասնամյակների ընթացքում իրեն կառավարել թույլ չտալու համար[62]։ Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում այս տեսությունը վերանայվել է այն բանից հետո, երբ հարցեր են ծագել, թե ինչու Հաթշեփսութը թույլ պիտի տար վրդովված ժառանգին վերահսկել բանակները, ինչը, ինչպես հայտնի է, նա արել էր։ Այս տեսակետը հաստատվում է նաև այն փաստով, որ ոչ մի հիմնավոր ապացույց չի հայտնաբերվել, որը ցույց կտար, որ Թութմոս III-ը ձգտում էր հավակնել գահին։ Նա պահել է Հատշեպսուտի կրոնական և վարչական ղեկավարներին։ Դրան գումարվում է այն փաստը, որ Հատշեպսուտի հուշարձանները չեն վնասվել մինչև նրա մահից առնվազն 25 տարի անց՝ Թութմոս III-ի թագավորության ավարտը, երբ նա բավականին տարեց էր։ Նա գտնվում էր մեկ այլ համագահակալության մեջ, այս անգամ իր որդու հետ, որը դառնալու էր Ամենհոտեպ II-ը, և որը, ինչպես հայտնի է, փորձել է Հատշեպսուտի ստեղծածները ներկայացնել որպես իր սեփականը։ Բացի այդ, Թութմոս III-ի մահվան տաճարը կառուցվել է անմիջապես Հատշեպսուտի տաճարի հարևանությամբ, մի գործողություն, որը դժվար թե տեղի ունենար, եթե Թութմոս III-ը ոխ ունենար նրա դեմ[փա՞ստ]։
Նրա մահից հետո Հատշեպսուտի շատ հուշարձաններ և պատկերներ հետագայում այլանդակվել կամ ավերվել են, ներառյալ Դեյր էլ-Բահարիում գտնվող նրա հայտնի տաճարային համալիրում գտնվողները։ Ավանդաբար, դրանք վաղ ժամանակակից գիտնականների կողմից մեկնաբանվել են որպես Թութմոս III-ի կողմից damnatio memoriae (անձին դատապարտել՝ նրան ջնջելով գրանցված գոյությունից) գործողությունների ապացույց։ Այնուամենայնիվ, Չարլզ Նիմսի և Փիթեր Դորմանի նման գիտնականների վերջին հետազոտությունները վերստին ուսումնասիրել են այս ջնջումները և պարզել, որ ջնջման գործողությունները, որոնք կարելի էր թվագրել, սկսվել են միայն Թութմոսի թագավորության 46-րդ կամ 47-րդ տարում (մոտ 1433/2 մ.թ.ա.)[63]։ Մեկ այլ փաստ, որը հաճախ անտեսվում է, այն է, որ Հատշեպսուտը միակը չէր, ով արժանացել է այս վերաբերմունքին։ Նրա գլխավոր ճարտարապետի՝ Սենենմուտի հուշարձանները նույն կերպ խեղաթյուրվել են[64]։ Այս բոլոր ապացույցները լուրջ կասկածի տակ են դնում հանրաճանաչ տեսությունը, ըստ որի Թութմոս III-ը իր գահակալությունից անմիջապես հետո հրամայել է ոչնչացնել դրանք՝ վրեժխնդիր զայրույթի նոպայի ժամանակ[փա՞ստ]։
Ներկայումս Հատշեպսուտի հիշատակի նպատակաուղղված ոչնչացումը դիտվում է որպես միջոց, որը նախատեսված էր ապահովելու Թութմոս III-ի որդու՝ ապագա փարավոն Ամենհոտեպ II-ի սահուն իրավահաջորդությունը, ի հակադրություն Հատշեպսուտի ողջ մնացած ազգականներից որևէ մեկի, ով կունենար գահի նկատմամբ հավասար կամ ավելի մեծ իրավունքներ։ Հավանական է նաև, որ այս միջոցը չէր կարող ձեռնարկվել մինչև կրոնական և վարչական հզոր պաշտոնյաների մահը, որոնք ծառայել են ինչպես Հատշեպսուտի, այնպես էլ Թութմոս III-ի օրոք[63]։ Ավելի ուշ Ամենհոտեպ II-ը նույնիսկ հայտարարել է, որ ինքն է կառուցել այն կառույցները, որոնք ինքը փչացրել է[փա՞ստ]։
Մահ և հուղարկավորություն
խմբագրելԹութմոսի դամբարանը (KV34) հայտնաբերվել է արքաների հովտում 1898 թվականին Վիկտոր Լորեի կողմից։ Օգտագործված է 18-րդ արքայատոհմի դամբարաններին բնորոշ հատակագիծ, որն ունի կտրուկ շրջադարձ թաղման պալատին նախորդող գավթի մոտ։ Երկու աստիճանավանդակներ և երկու միջանցք ապահովում են մուտքը դեպի գավիթ, որին նախորդում է քառանկյուն հիմնանցք կամ «ջրհոր»[փա՞ստ]։
Նոր Թագավորության հուղարկավորության կարևոր տեքստի՝ Ամդուատի ամբողջական տարբերակը գտնվում է գավթի մեջ՝ դարձնելով այն առաջին գերեզմանը, որտեղ եգիպտագետները գտել են ամբողջական տեքստը։ Թաղման խցիկը, որը հենված է երկու սյուների վրա, օվալաձև է, իսկ առաստաղը զարդարված է աստղերով՝ խորհրդանշելով Սոկար աստվածության քարանձավը։ Կենտրոնում դրված է մեծ կարմիր քվարցիտային սարկոֆագ՝ քարթուշի տեսքով։ Միջնամասի երկու սյուների վրա կան հատվածներ Ռե Լիտանիաներից, մի տեքստ, որը նշում է հետագա ժամանակաշրջանի արևի աստվածությանը, որն այս պահին նույնացվում է փարավոնի հետ։ Մյուս սյան վրա պատկերված է եզակի պատկեր, որը պատկերում է Թութմոս III-ին, որին կերակրում է ծառի կերպարանքով ծպտված Իսիդա աստվածուհին[փա՞ստ]։
Պատերի ձևավորումը կատարված է պարզ «գծապատկերային» եղանակով, գունավորումը նույն կերպ խլացված է, կատարված պարզ սև պատկերներով, որոնք ուղեկցվում են կրեմագույն ֆոնի վրա տեքստերով, կարմիր և վարդագույն շեշտադրումներով։ Զարդանախշերը պատկերում են, թե ինչպես է փարավոնն օգնում աստվածներին հաղթել Ապեպին՝ քաոսի օձին, դրանով իսկ օգնելով ապահովել արևի ամենօրյա վերածնունդը, ինչպես նաև իր սեփական հարությունը[65]։
Ամերիկացի եգիպտագետ Փիթեր Տեր Մանուելյանի կարծիքով Ամենեմհեբ անունով մի պաշտոնյայի գերեզմանի կենսագրության մեջ մի գրառում հաստատում է, որ Թութմոս III-ը մահացել է 54-րդ տարում, իր գահակալության III պերետի 30-րդ օրը՝ ղեկավարելով Եգիպտոսը «53 տարի, 10 ամիս ու 26 օր»։ Նա մահացել է իր գահակալության 54-րդ տարուն մեկ ամիս ու չորս օր մնացած[66]։ Եթե Հատշեպսութի և Ամենհոտեփ II-ի հետ համառեգենտությունը հանվի, ապա նա միայնակ որպես փարավոն կառավարել է այդ տարիներից 30-ի ընթացքում։
Մումիա
խմբագրելԹութմոս III-ի մումիան հայտնաբերվել է 1881 թվականին Դեյր էլ-Բահարիի արքայական դամբարանում, Հաչեփսութ թագուհու տաճարային համալիրի վերևում։ Նա թաղվել էր 18-րդ և 19-րդ արքայատոհմերի մյուս առաջնորդների՝ Ահմոս I-ի, Ամենհոտեպ I-ի, Թութմոս I-ի, Թութմոս II-ի, Ռամզես I-ի, Սեթի I-ի, Ռամզես II-ի և Ռամզես IX-ի, ինչպես նաև 21-րդ դինաստիայի փարավոնների՝ Պինեդջեմ I-ի, Պինեդջեմ II-ի ու Սիամունի հետ։
Թեև հայտնի է, որ նրա մումիան ի սկզբանե բացվել է Գաստոն Մասպերոյի կողմից 1886 թվականին, այն իրականում առաջին անգամ բացվել է Դեյր էլ-Բահրի պահոցից 1881 թվականին մումիաների տարհանումը վերահսկող եգիպտագետ Էմիլ Բրուգշի կողմից։ Այն պատանազերծվել է Բուլակի թանգարան ժամանելուց անմիջապես հետո, երբ Մասպերոն Ֆրանսիայում էր, և Եգիպտոսի հնությունների ծառայության գլխավոր տնօրենը հրամայել է նորից փաթաթել մումիան։ Այսպիսով, երբ այն «պաշտոնապես» բացվել է Մասպերոյի կողմից 1886 թվականին, նա գրեթե հաստատ գիտեր, որ այն համեմատաբար վատ վիճակում է[67]։
Մումիան մեծապես վնասվել էր հնագույն ժամանակներում գերեզման կողոպտողների կողմից, իսկ դրա փաթաթանները հետագայում կտրվել և պատռվել էին Ռասուլների ընտանիքի կողմից, որը վերագտել էր դամբարանը և դրա բովանդակությունը միայն մի քանի տարի առաջ[68]։ Մասպերոյի նկարագրությունը պատկերացում է տալիս հասցված վնասի չափի մասին.
Նրա մումիան ապահով կերպով թաքցված չէր, քանի որ 20-րդ արքայատոհմի ավարտին ավազակներն այն հանել են դագաղից, մերկացրել ու հափշտակել այն զարդերը, որոնցով այն պատված է եղել՝ վնասելով այն ավարը տանելու շտապողականության մեջ։ Այն հետագայում վերահուղարկավորվել է և մինչ օրս մնացել անձեռնմխելի։ Բայց մինչ վերահուղարկավորությունը անհրաժեշտ էր փաթաթումների որոշակի վերանորոգում, և քանի որ մարմնի մասերը թուլացել էին, մումիային անհրաժեշտ ամրություն տալու համար վերականգնողները սեղմել են այն սպիտակ ներկված չորս թիակաձև փայտի շերտերի միջև ու տեղադրել, երեքը փաթաթանների ներսում և մեկը դրսում, կապանքների տակ, որն էլ հանդիսացել է փաթաթանների սավանը[69]։
Դեմքի մասին, որն անվնաս էր, Մասպերոն ասում է հետևյալը.
Բարեբախտաբար, դեմքը, որը զմռսման ժամանակ ծեփված էր կուպրով, բոլորովին չէր տուժել այս կոպիտ վերաբերմունքից, և անեղծ է եղել, երբ պաշտպանիչ դիմակը հանվել է։ Նրա տեսքը չի պատասխանում նվաճողի մեր պատկերացումներին։ Նրա արձանները, թեև նրան չեն ներկայացնում որպես տղամարդկային գեղեցկության տեսակ, սակայն տալիս են նրան նուրբ, խելացի դիմագծեր, բայց մումիայի հետ համեմատությունը ցույց է տալիս, որ քանդակագործներն իդեալականացրել են իրենց մոդելը։ Ճակատը անբնական նեղ է, աչքերը խորը, ծնոտը ծանր, շուրթերը հաստ, իսկ այտոսկրերը չափազանց ցցված․ ամբողջը հիշեցնում է Թութմոս II-ի ֆիզիոգոմիան, թեև էներգիայի ավելի մեծ արտահայտությամբ[69]։
Մասպերոն այնքան հիասթափված էր մումիայի վիճակից և հեռանկարից, որ մնացած բոլոր մումիաները նույն կերպ վնասված կլինեն (բայց ինչպես պարզվեց, միայն մի քանիսն էն այսքան վատ վիճակում), որ մի քանի տարի այլևս ոչ մեկը չփաթաթանազերծեց[68]։
Ի տարբերություն Դեյր էլ-Բահրի պահոցի շատ այլ օրինակների, մարմինը պարունակող փայտե մումիաձև դագաղը բնօրինակն էր՝ հենց այդ փարավոնի համար պատրաստվածը, թեև դրա ցանկացած ոսկեզօծում կամ զարդարանք թալանվել էր հին ժամանակներում։
Մումիայի ուսումնասիրության ժամանակ անատոմիստ Գրաֆթոն Էլիոթ Սմիթը նշել է, որ Թութմոս III-ի մումիայի հասակը 1,615 մ է եղել[70], բայց մումիայի ոտքերը բացակայում էին, ուստի Թութմոս III-ն, անկասկած, ավելի բարձրահասակ է եղել, քան Սմիթի ենթադրությունը[71]։ Թութմոս III-ի մումիան գտնվել է Եգիպտոսի հնությունների թանգարանի թագավորական մումիաների սրահում, CG 61068 գրանցամատյանի համարի ներքո[72] մինչև 2021 թվականի ապրիլը, երբ նրա մումիան 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան՝ փարավոնների ոսկե շքերթ կոչվող միջոցառման ժամանակ[73]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Partridge, R., 2002. Fighting Pharaohs: Weapons and warfare in ancient Egypt. Manchester: Peartree. Pages: 202/203
- ↑ Clayton, Peter. Chronicle of the Pharaohs, Thames & Hudson Ltd., 1994. p. 104
- ↑ Leprohon, Ronald (2013). The Great Name: Ancient Egyptian Royal Titulary, Atlanta: Society of Biblical Literature. p. 98
- ↑ 4,0 4,1 Strudwick, Helen (2006). The Encyclopedia of Ancient Egypt. New York: Sterling Publishing Co., Inc. էջեր 72–73. ISBN 978-1-4351-4654-9.
- ↑ Joyce Tyldesley, Hatchepsut: The Female Pharaoh, pp.94–95 Viking, 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 O'Connor, David and Cline, Eric H. Thutmose III: A New Biography, The University of Michigan Press, 2006, 0472114670
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Dodson, Aidan. Hilton, Dyan. The Complete Royal Families of Ancient Egypt, Thames and Hudson. p132. 2004. 0-500-05128-3
- ↑ Campbell, Edward Fay Jr. The Chronology of the Amarna Letters with Special Reference to the Hypothetical Coregency of Amenophis III and Akhenaten. p.5. Baltimore, The Johns Hopkins Press, 1964.
- ↑ 9,0 9,1 Lipinska, Jadwiga. "Thutmose III," p.401. The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Ed. Donald Redford. Vol. 3, pp.401–403. Oxford University Press, 2001.
- ↑ Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. p.202. Librairie Arthéme Fayard, 1988.
- ↑ Redford, Donald B. The Chronology of the Eighteenth Dynasty. Journal of Near Eastern Studies, Vol 25, No 2. p.119. University of Chicago Press, 1966.
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 234. University of Chicago Press, Chicago, 1906.
- ↑ Murnane, William J. Ancient Egyptian Coregencies. p.44. The Oriental Institute of the University of Chicago, 1977.
- ↑ Jürgen von Beckerath, Chronologie des Pharaonischen Ägypten. Mainz, Philipp von Zabern, 1997. p.189
- ↑ Lichtheim, Miriam (2019). Ancient Egyptian Literature (անգլերեն). Univ of California Press. էջ 340. ISBN 9780520305847. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ J.H. Breasted, Ancient Times: A History of the Early World; An Introduction to the Study of Ancient History and the Career of Early Man. Outlines of European History 1. Boston: Ginn and Company, 1914, p.85
- ↑ page v–vi of the Preface to Thutmose III: A New Biography, University of Michigan Press, 2006
- ↑ «Ancient Egypt's Greatest Warrior: TuthmosIs The 3rd - Egypt's Napoleon (Full History Documentary)». dokus4free (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 18. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Google Translate». translate.google.com. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Redford, Donald B. Egypt, Canaan, and Israel in Ancient Times. p. 156. Princeton University Press, Princeton NJ, 1992.
- ↑ 21,0 21,1 Steindorff, George; and Seele, Keith. When Egypt Ruled the East. p.53. University of Chicago, 1942.
- ↑ 22,0 22,1 22,2 Redford, Donald B. Egypt, Canaan, and Israel in Ancient Times. p. 157. Princeton University Press, Princeton NJ, 1992.
- ↑ 23,0 23,1 Steindorff, George; and Seele, Keith. When Egypt Ruled the East. p.54. University of Chicago, 1947.
- ↑ Gardiner, Alan. Egypt of the Pharaohs. p. 192 Oxford University Press, 1964
- ↑ Redford 2003, էջ. 197.
- ↑ Urkunden der 18. Dynastie 657.2
- ↑ 27,0 27,1 Steindorff, George; and Seele, Keith. When Egypt Ruled the East. p.55. University of Chicago, 1942.
- ↑ Steindorff, George; and Seele, Keith. When Egypt Ruled the East. p.56. University of Chicago, 1942.
- ↑ Gardiner, Alan. Egypt of the Pharaohs. p. 193 Oxford University Press, 1964
- ↑ 30,0 30,1 Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. p.214. Librairie Arthéme Fayard, 1988.
- ↑ 31,0 31,1 Redford 2003, էջ. 53.
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 191. University of Chicago Press, Chicago, 1906.
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 192. University of Chicago Press, Chicago, 1906.
- ↑ Redford 2003, էջ. 213.
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 193. University of Chicago Press, Chicago, 1906.
- ↑ Redford 2003, էջ. 214.
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 195. University of Chicago Press, Chicago, 1906.
- ↑ 38,0 38,1 Redford 2003, էջ. 217
- ↑ 39,0 39,1 39,2 39,3 39,4 Redford 2003, էջ. 218.
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. p.215. Librairie Arthéme Fayard, 1988.
- ↑ Redford 2003, էջ. 219.
- ↑ 42,0 42,1 42,2 Redford 2003, էջ. 226.
- ↑ 43,0 43,1 43,2 Redford 2003, էջ. 225.
- ↑ 44,0 44,1 44,2 Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. p.216. Librairie Arthéme Fayard, 1988.
- ↑ Redford 2003, էջ. 81.
- ↑ Redford 2003, էջ. 83.
- ↑ 47,0 47,1 Redford 2003, էջ. 229.
- ↑ Redford 2003, էջ. 84.
- ↑ 49,0 49,1 Redford 2003, էջ. 87.
- ↑ Redford 2003, էջ. 92.
- ↑ Redford 2003, էջ. 235.
- ↑ Redford 2003, էջ. 94.
- ↑ Redford 2003, էջ. 238.
- ↑ 54,0 54,1 Redford 2003, էջ. 240.
- ↑ Redford 2003, էջ. 239.
- ↑ 56,0 56,1 Lipinska, Jadwiga. "Thutmose III," p.403. The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Ed. Donald Redford. Vol. 3, pp.401–403. Oxford University Press, 2001.
- ↑ 57,0 57,1 57,2 57,3 Lipinska, Jadwiga. "Thutmose III," p.402. The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Ed. Donald Redford. Vol. 3, pp.401–403. Oxford University Press, 2001.
- ↑ W.B. Honey. Review of Glass Vessels before Glass-Blowing by Poul Fossing. p.135. The Burlington Magazine for Connoisseurs, (Apr. 1941)
- ↑ Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. p.302. Librairie Arthéme Fayard, 1988.
- ↑ 60,0 60,1 60,2 60,3 Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. p.303. Librairie Arthéme Fayard, 1988.
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II. p. 330. University of Chicago Press, Chicago, 1906.
- ↑ Shaw, Ian, and Nicholson, Paul. The Dictionary of Ancient Egypt. p.120. Harry N. Abrams, Inc. 0-8109-9096-2. 1995.
- ↑ 63,0 63,1 Shaw, Ian. The Oxford History of Ancient Egypt. p.241. Oxford University Press. 2000. 0-19-280458-8
- ↑ Russman, Edna R. (ed) Eternal Egypt: Masterworks of Ancient Art from the British Museum. p.120-121. University of California Press. 2001. 1-885444-19-2.
- ↑ Pemberton, Delia and Fletcher, Joann. Treasures of the Pharaohs. p.61. Chronicle Books LLC. 2004. 0-8118-4424-2.
- ↑ Peter Der Manuelian, Studies in the Reign of Amenophis II, Hildesheimer Ägyptologische Beiträge(HÄB) Verlag: 1987, p.20
- ↑ Forbes, Dennis C. Tombs, Treasures, Mummies: Seven Great Discoveries of Egyptian Archaeology, p.43-44. KMT Communications, Inc. 1998.
- ↑ 68,0 68,1 Romer, John. The Valley of the Kings. p182. Castle Books, 2003. 0-7858-1588-0
- ↑ 69,0 69,1 Maspero, Gaston. History Of Egypt, Chaldaea, Syria, Babylonia, and Assyria, Volume 5 (of 12). 2005 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link), Project Gutenberg EBook, Release Date: 16 December 2005. EBook #17325. - ↑ Smith, G Elliot. The Royal Mummies, p.34. Duckworth, 2000 (reprint)
- ↑ Forbes, Dennis C. Tombs, Treasures, Mummies: Seven Great Discoveries of Egyptian Archaeology, p.631. KMT Communications, Inc. 1998.
- ↑ Habicht, M.E; Bouwman, A.S; Rühli, F.J (2016 թ․ հունվարի 25). «Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered». Yearbook of Physical Anthropology. 159 (S61): 216–231. doi:10.1002/ajpa.22909. PMID 26808107.
- ↑ Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
Հետագա ընթերցանություն
խմբագրել- Eloise Jarvis McGraw, "Mara, Daughter of the Nile"
- Redford, Donald B. (2003). The Wars in Syria and Palestine of Thutmose III. Culture and History of the Ancient Near East 16. Leiden: Brill. ISBN 978-90-04-12989-4.
- Der Manuelian, Peter, Studies in the Reign of Amenophis II, Hildesheimer Ägyptologische Beiträge(HÄB) Verlag: 1987
- Eric H. Cline and O'Connor, David, Thutmose III : A New Biography, University of Michigan Press, 2006. 0-472-11467-0, incorporates a number of important new survey articles regarding the reign of Thutmose III, including administration, art, religion and foreign affairs
- Reisinger, Magnus, Entwicklung der ägyptischen Königsplastik in der frühen und hohen 18. Dynastie, Agnus-Verlag, Münster 2005, 3-00-015864-2
- James Henry Breasted. Ancient Records of Egypt, [Volume Two, The Eighteenth Dynasty], University of Illinois Press, 2001. 0-252-06974-9
- River God by Wilbur Smith along with the rest of his Egyptian series of historical fiction novels are based in a large part on Thutmose III's time along with his story and that of his mother through the eyes of his mother's vizier mixing in elements of the Hyksos' domination and eventual overthrow.
Արտաքին հղումներ
խմբագրել- A Short History of Ancient Egypt -Dynasties XVIII to XX Արխիվացված 2018-08-17 Wayback Machine, with a few Thutmoside documents translated.
- Hatshepsut: from Queen to Pharaoh, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Thutmose III (see index)
- Thutmose III page of Archaeowiki Wayback Machine (արխիվացված 9 Մարտ 2012)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութմոս III» հոդվածին։ |