Սիրիուս (լատին․՝ Sirius)ˌ ինչպես նաև α-Մեծ շան (լատին․՝ Canis Majoris), գիշերային երկնքի ամենապայծառ աստղը։ Թեև նրա լուսատվությունը 25 անգամ գերազանցում է Արեգակի լուսատվությանը, այնուամենայնիվ, աստղերի աշխարհում ռեկորդ չի համարվում։ Սիրիուսի բարձր տեսանելի պայծառությունը պայմանավորված է նրա հարաբերական մոտիկությամբ։ Սիրիուսին կարելի է տեսնել Երկրի ցանկացած շրջանից, բացառությամբ ծայր հյուսիսային շրջաններից։ Սիրիուսը Արեգակնային համակարգից հեռու է 8․6 լուսատարի և համարվում է մեզ ամենամոտ աստղերից մեկը։ Այն հանդիսանում է գլխավոր հաջորդականության A1 սպեկտրալ դասի աստղ։

Սիրիուս
Հետազոտման տվյալներ
Տեսակկրկնակի աստղ և նավիգացիոն աստղ
Մասն էՁմեռային վեցանկյուն և Winter Triangle?
Կազմված էSirius A?[1] և Sirius B?[1][2]
Հեռավորություն8,6 ± 0,04 լուսային տարի
Տեսանելի աստղային մեծություն−1,46[3] (V)
ՀամաստեղությունՄեծ Շուն
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)−5,5 ± 0,4 km/s[4]
Պարալաքս379,21 ± 1,58 մավ[5][6]
Բացարձակ աստղային մեծություն11,8
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումA1Vm/DA2 և A1V+DA[7]
Գույնի ցուցանիշ0
Ֆիզիկական տվյալներ
Շառավիղ1,711 արևային շառավիղ
Լուսավորություն25,4 արեգակնային լուսատվություն
Պտույտ16,7 ± 0,4 km/s[8]
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
LHS 219k, NSV 17173, RAFGL 1007, TD1 8027, UBV 6709, WDS J06451-1643A,BC, ADS 5423 A, CCDM J06451-1643A, CEL 1368, FK5 257, GCRV 4392, GJ 244 A, HD 48915A, IDS 06408-1635 A, JP11 1425, LFT 486, LPM 243, LTT 2638, N30 1470, NLTT 16953, PLX 1577, PMC 90-93 186, PPM 217626, ROT 1088, UBV M 12413, uvby98 100048915 A, Zkh 91, BD-16 1591A, TYC 5949-2777-1, SBC7 288, PM 06430-1639A, HGAM 556, Ci 20 396, CSI-16 1591 1, SBC9 416 և WEB 6525

1844 թվականին Ֆրիդրիխ Բեսելը ենթադրեց, որ Սիրիուսը կրկնակի աստղ է։ 1862 թվականին Ալվան Քլարկը հայտնաբերել է արբանյակ աստղ, որն ստացել է Սիրիուս B անվանումը (այստեղ լատինատառ B, քանի որ աստղերի բաղադրիչները կոչվում են մեծատառ լատիներեն տառերով)։ Տեսանելի աստղը երբեմն կոչում են Սիրիուս A։ Երկու աստղերը պտտվում են ընդհանուր զանգվածների կենտրոնի շուրջ՝ 20 աստղագիտական միավոր հեռավորությամբ, որը կազմում է մոտ 50 տարի։ 1915 թվականին Մաունթ Վիլսոնի աստղադիտարանի աստղագետները բացահայտեցին, որ Սիրիուս B֊ն սպիտակ թզուկ է (սա առաջին հայտնաբերված սպիտակ թզուկն է)։ Հետաքրքիրն այն է, որ սրանից կարելի է հետևություն անել, որ անցյալում Սիրիուս B֊ն պետք է շատ ավելի մեծ լիներ, քան Սիրիուս A֊ն, քանի որ էվոլյուցիայի գործընթացում այն արդեն հեռացել էր գլխավոր հաջորդականությունից։

Սիրիուսի համակարգի տարիքը, ըստ ժամանակակից ուսումնասիրությունների, կազմում է մոտ 230 մլն տարի (գնահատականները տարբերվում են 200֊ից մինչև 300 միլիոն տարի)։ Սկզբում Սիրիուսի համակարգը բաղկացած է եղել B դասի երկու սպիտակ֊կապտավուն աստղերից․ մեկ բաղադրիչի զանգվածը (Սիրիուս B) 5 արեգակնային զանգված էր, երկրորդինը (Սիրիուս A)՝ 2 արեգակնային զանգված։ Այնուհետև, շուրջ 120 միլիոն տարի առաջ, ավելի մեծ զանգվածով Սիրիուս B֊ն այրվեց և դարձավ կարմիր հսկա, իսկ հետո արտանետեց արտաքին շերտը և վերածվեց ներկայիս սպիտակ թզուկ վիճակի[9]։ Սիրիուս B֊ի զանգվածը կազմում է արևի 1.02 զանգվածը, այն ամենածանր հայտնի սպիտակ թզուկներից է (տիպիկ սպիտակ թզուկների զանգվածը 0.5֊0.6 ☉ արևային զանգված է)։

Պատմություն

խմբագրել
M44X1
N14
հին եգիպտական հիերոգլիֆ՝ Սիրիուսի խորհրդանիշը
 
Իսիդան, Օսիրիսը և Հորը (մոլորակ պատկերող) երկնային նավակների վրա

Շատ հինավուրց մշակույթներ Սիրիուսին հատուկ նշանակություն են տվել։ Նեղոս գետի հովտի բնակիչները երկրպագում էին նրան դեռևս վաղ թագավորության ժամանակ, ինչպես երկրպագում էին Սոպդեթ (հունարեն Sothis, Σῶθις) աստվածուհուն՝ Իսիդայի երկնային մարմնավորմանը։ Սիրիուսը հաճախ պատկերում Իսիդայի տեսքով՝ կանգնած երկնային նավակի վրա, հնգաթև աստղը գլխավերևում, գլուխը դեպի աջ կողմում կանգնած Օսիրիսը (որը, իր հերթին, ասոցացվում էր Օրիոնի գոտու աստղերի հետ)։ Բացի այդ, Սիրիուսի հետ էին կապում նաև Հաթոր աստվածուհին, որը պատկերվում էր կովի տեսքով, որի եղջյուրների միջև գտնվում էր Սիրիուսը։ Սիրիուսի հելիակալ ծագման ուսումնասիրությունների համաձայն՝ երկնքում իր 70֊օրյա բացակայությունից հետո եգիպտացի քրմերը ճշգրտորեն կանխատեսում էին Նեղոսի վարարման սկիզբը։ Հին Եգիպտոսում օրացուցային տարին համարվում էր Սիրիուսի երկու հելիակալ ծագումների միջև ընկած ժամանակահատվածը[10]։

Շումերա-աքքադական աստղագիտության մեջ աստղն անվանում էին Նետ և կապում էին Նինուրտա աստծո հետ[11]։ Թիգլաթպալասար Ι-ի (մ․թ․ա․ 11-րդ դար) հուշաքարի գրառումը ասում է․ «Սառը օրերին, սառնամանիքին, սառույցին, Նետ աստղի հայտնվելու օրերին, որը բոսորագույն է, ինչպես պղինձը»․ այստեղ նկարագրվում է Սիրիուսի ակրոն ծագումը, որը Միջին և Նոր Ասորական շրջաններում ձմռան կեսին էր[12]։

Սիրիուսի ժամանակակից անվանումը ծագում է հունարեն Σείριος («պայծառ»٫ «փայլուն») բառի լատիներեն Sirius գրելաձևից։ Հնագույն ժամանակներում Սիրիուսին անվանել են Շան աստղ (ինչպես Պրոցիոնին)։ Պրոցիոնը և Սիրիուսը հնուց համարվում են «շան» աստղեր[13]։

Հունական դիցաբանության համաձայն՝ Սիրիուս աստղ դարձավ Օրիոնի կամ Իկարիուսի շունը։ Իլիականում (XXII 30) Հոմերոսն այն անվանում է «Օրիոնի շուն»։ Հույները նույնպես Սիրիուսն ասոցացնում էին ամռան տապի հետ․ աստղի անունը ծագում է «տաք օր» բառից։ Ըստ մ․թ․ա․ 3-րդ դարի հույն բանաստեղծ Արատուսի՝ աստղն այդպես է կոչվում այն պատճառով, որ այն փայլում է «կուրացնող պայծառ փայլով»[14]։

Սիրուսի լատիներեն անունը՝ Canicula-ն, նշանակում է «փոքրիկ շուն, շնիկ»։ Հին Հռոմում ամռան շոգի շրջանը, որը համընկնում էր Սիրիուսի առավոտյան տեսանելիության հետ, անվանում էին «dies caniculares»[15]՝ «շան օրեր», այստեղից էլ առաջացել է ռուսերեն «Каникулы»՝ արձակուրդ բառը[16]։

Սիրիուսի հետ է կապված մի խորհրդավոր պատմություն։ Հնագույն գրառումները Սիրիուսը նկարագրում են որպես կարմիր աստղ, թեև այսօր այն ունի կապտա֊սպիտակավուն գույն։ Հայտնի հռոմեացի փիլիսոփա Սենեկան և աշխարհի համակարգի հայտնի հիմնադիր Կլավդիոս Պտղոմեոսը Սիրիուսը համարում էին ոչ թե կապույտ, այլ վառ կարմիր աստղ։ Սենեկան պնդում էր, որ «երկնքում երևում են ամենատարբեր գույներ․ Շունը վառ կարմիր է, Մարսը ավելի խամրած է, Յուպիտերն ընդհանրապես անգույն է՝ արձակելով միայն լույս[17]։ Պտղոմեոս Սիրիուսը բնութագրել է որպես «կարմրավուն, համաստեղության ամենապայծառ (բոլոր անշարժ աստղերից) աստղը, որ կոչվում է Շուն»[18]։ Կարմիր Սիրիուսի մասին հիշատակություններ կարելի է գտնել նաև այլ ազգերի լեգենդներում։

 
Սիրիուսի դիրքը Մեծ շան համաստեղությունում

Չինական աստղագիտության մեջ աստղը կոչել են Լան («Գայլ») կամ Տյանլան («Երկնային գայլ»)։ Սիմա Ցյանի խոսքերով՝ «երբ Տայ֊բո (Վեներա) մոլորակը սպիտակ է, այն համեմատելի է Լան աստղի (Սիրիուս) հետ, երբ մոլորակը կարմրավուն է, համեմատելի է Սին (Անտարես) աստղի հետ»[19]։ «Երբ այս աստղի (Սիրիուսի) ճառագայթները փոփոխում են իրենց գույնը, երկրի վրա հայտնվում են շատ գողեր և ավազակներ»[20]։ Այնուամենայնիվ, Սիմա Ցյանը շատ վկայություններ է տալիս առ այն, որ աստղերը մշտապես փոխում են իրենց գույնը, ինչը ստիպում է նրա խոսքերին զգուշությամբ վերաբերվել։

Հավանականությունը, որ երկու աստղերից մեկի վրա տեղի ունեցած էվոլյուցիոն գործընթացները փոխել են Սիրիուսի գույնը, մերժվում է աստղագետների կողմից այն պատճառաբանությամբ, որ մի քանի հազար տարին չափազանց քիչ ժամանակահատված է և համակարգում չի նկատվում ոչ մի միգամածություն, որը պետք է լիներ, եթե այդպիսի արմատական փոփոխություն այդուհանդերձ տեղի ունեցած լիներ։ Հնարավոր այլընտրանքային բացատրությունն այն է, որ «կարմիր» մակդիրը պարզապես բանաստեղծական փոխաբերություն է՝ կապված աստղի վատ խորհրդանշանների հետ։ Հնարավոր է նաև, որ աստղի ուժեղ առկայծումը, երբ այն ծագում կամ մայր է մտնում հորիզոնում՝ նրան հետևողների մոտ կարմիր գույնի տպավորություն է թողել[21]։

Սիրիուսը առաջին երեք աստղերից մեկը դարձավ, որի մոտ նկատվել է սեփական շարժում։ Սիրիուսի, Ալդեբարանի և Արկտուրի մոտ այս շարժումը հայտնաբերել է Էդմունդ Հալլեյը 1718 թվականին, երբ Պտղոմեոսի աստղային երկնքի հնագույն կատալոգը համեմատել է 18-րդ դարի ուսումնասիրությունների հետ։ Հատկանշական է, որ այս երեք աստղերն օժտված չեն սեփական շարժման ամենաբարձր արագությամբ, սակայն Ալֆա Կենտավրոսը Եվրոպայում տեսանելի չէ իր հարավային թեքման պատճառով և Բեռնարդի աստղը Հալլեյի ժամանակ դեռ հայտնաբերված չէր իր չնչին պայծառության պատճառով։

Սիրիուս B֊ի բացահայտում

խմբագրել
 
Սիրիուսի՝ երկնոլորտում շարժման հետագիծը, 19-րդ դար

1844 թվականին գերմանացի հայտնի աստղագետ և մաթեմատիկոս Քյոնիգսբերգի աստղադիտարանի տնօրեն Ֆրիդրիխ Բեսելը բացահայտեց, որ Սիրիուսի շարժման հետագիծը պարբերաբար, թեև թույլ, շեղվում է ուղիղ գծից։ Երկնոլորտի պրոյեկցիայում այն իրենից ներկայացնում էր տարօրինակ ալիքանման կոր (Սիրիուսի սեփական շարժումը բավականին նշանակալի է և կազմում է տարեկան 1․3 անկյունային վայրկյան մեկ տարում, այդ պատճառով ուղիղ գծից շեղումները հնարավոր դարձավ ֆիքսել համեմատաբար կարճ ուսումնասիրությունների ժամանակ)։

Այդ «շեղումները» Բեսելը բացատրեց ինչ-որ «թաքնված զանգվածի» ազդեցությամբ, որը Սիրիուսի հետ միասին պտտվում է զանգվածի ընդհանուր կենտրոնի շուրջ՝ մեկ պտույտը 50 տարի հաշվարկով։ Բացատրությունը թերահավատորեն ընդունվեց․ Բեսսելի ենթադրություններից հետևում էր, որ մուգ արբանյակի զանգվածը պետք է մոտավորապես հավասար լինի արևի զանգվածին[22]։

Սակայն 18 տարի անց՝ 1862 թվականի հունվարին, Բեսելի կանխատեսումը փայլուն կերպով հաստատվեց։ Երբ 18-դյույմանոց (46 սանտիմետրանոց) ռեֆրակտորը փորձարկելիս ամերիկացի աստղագետ Ալվան Գրեմ Քլարկը Սիրիուսի հարևանությամբ աղոտ աստղ հայտնաբերեց, որի արդյունքում բացահայտեց արբանյակային շարժումը, որը համընկնում էր Բեսելի հաշվարկների հետ։ Դա «ձգողական աստղագիտության» հաղթանակն էր։ Այս «հաղթանակի» արժեքը չէր զիջում Նեպտունի հայտնաբերմանը[16]։

Սիրիուս B-ն ունի 8.4m տեսանելի պայծառություն․ Սիրիուս A-ից առավելագույնս հեռանալիս (11 անկյունային վայրկյան), այն կարելի է տեսնել ոչ մեծ աստղադիտակով։ Սիրիուս A-ի մոտ այն դժվար է տեսնել։ Այս աստղն առաջին հայտնաբերված սպիտակ թզուկն է և ամենազանգվածեղ սպիտակ թզուկներից մեկը[16]։

Սիրիուսի ուսումնասիրման պայմաններ և տեղադրություն

խմբագրել
 
Սիրիուսը (ամենապայծառ աստղը), Պրոցիոնը (ավելի բարձր և ավելի ձախ) և Օրիոնի համաստեղությունը (աջից)։ Սիրիուսի և Պրոցիոնի միջև հստակ երևում է Ծիր Կաթինը։
 
Սիրիուսի կրկնակի համակարգի մոտավոր տեսքը, պատկերը՝ NASA-ից

Սիրուսը երկնքի հարավային կիսագնդի աստղ է։ Միևնույն ժամանակ Սիրիուսի շեղումը մեծ չէ, այդ պատճառով այն կարելի է տեսնել ընդհուպ մինչև 73°, նույնիսկ Ռուսաստանի այնպիսի հյուսիսային քաղաքներում, ինչպիսիք են Մուրմանսկը, Վերխոյանսկը և Նորիլսկը։ Սիրիուսը բավականին բարձր է բարձրանում հորիզոնում (տեսանելի դառնալու համար)՝ ընդհուպ մինչև Պետրոզավոդսկի լայնություններ։

Ռուսաստանի միջին լայնություններում Սիրիուսին կարելի է տեսնել երկնքի հարավային մասում։ Աշնանն այն տեսանելի է առավոտյան, ձմռանը՝ ամբողջ գիշեր և գարնանը տեսանելի է մայրամուտից հետո որոշ ժամանակ։ Ամռանը Սիրիուսը թաքնվում է արևի ճառագայթների մեջ և տեսանելի է միայն Հարավային կիսագնդի միջին լայնություններից սկսած, որտեղ արևը ծագում է Սիրիուսից ավելի ուշ և ավելի վաղ էլ մայր է մտնում Սիրիուսից՝ հորիզոնում լինելով ավելի ցածր, քան Սիրիուսը։

Սիրիուսը երկնքում պայծառությամբ վեցերորդ օբյեկտն է։ Նրանից պայծառ միայն Արևն է, Լուսինը, ինչպես նաև Վեներա, Յուպիտեր և Մարս մոլորակները՝ լավագույն տեսանելիության ժամանակահատվածում)։

Զննման հիմնական կողմնորոշիչը Օրիոնի գոտին է։ Նրա միջով տարված ուղիղ գիծը մի կողմով ցույց է տալիս հյուսիս֊արևմուտքը, որտեղ գտնվում է Ալդեբարանը, իսկ մյուս կողմով՝ հարավ֊արևելքը, որտեղ էլ գտնվում է Սիրիուսը։ Նույնիսկ առանց իմանալու աշխարհի կողմերը, անհնար է շփոթել Սիրիուսին ու Ալդեբարանին, քանի որ աստղերը միմյանցից շատ են տարբերվում գույնով և պայծառությամբ[16]։

Աշխարհի կողմերն իմանալու դեպքում Սիրիուսին գտնել հնարավոր է նաև այլ աստղերի օգնությամբ․ Սիրիուսը տեղակայված է Պրոցիոն պայծառ աստղից հարավ֊արևմուտք, Կանոպուսից մոտ 35 աստիճան դեպի հյուսիս, Ալխենայից (Երկվորյակների γ) մոտ 30 աստիճան դեպի հարավ կամ Արնեբից (Նապաստակի α) 15 աստիճան դեպի արևելք[16]։

Ներկայումս Սիրիուսը լավ տեսանելի է Հյուսիսային կիսագնդից, սակայն պրեցեսիայի արդյունքում մոտ 11 000 տարի անց Սիրիուսն ընդհանրապես տեսանելի չի լինի Եվրոպայից, իսկ Մեծ Շան համաստեղությունը կդառնա մերձբևեռային, քանի որ հարավային բևեռը կլինի Առագաստ կամ Աղավնի համաստեղությունների տակ։ Հյուսիսային բևեռն այդ ժամանակ կգտնվի Վեգա աստղի մոտ։ Հարկ է նշել, որ տասնյակ հազարավոր տարիներ առաջ Եվրոպայում բնակվող հնագույն ժողովուրդները նույնպես Սիրիուսի մասին ոչինչ չգիտեին, բայց այն ժամանակ նրանք կարող էին տեսնել Կենտավրոսը Տոլիմանի հետ, որը պայքարում է Գայլի հետ, իսկ նրա ոտքերի տակ Հարավային խաչն է[9]։

Սիրիուսի սեփական շարժումը բավականին նշանակալի է։ Պրեցեսիայի ամբողջական շրջանից հետո (25 776 տարուց) Սիրիուսն արդեն շատ հեռու կգտնվի ներկայիս վայրից՝ տեղակայվելով դեպի հարավ֊արևմուտք և կանգ կառնի Միրցամ և Ֆուրիդոմ (ζ Մեծ Շան) աստղերի միջև։

Միևնույն ժամանակ 25 776 տարի առաջ (մեր թվարկությունից մոտ 24 հազար տարի առաջ) Սիրիուսը գտնվել է Միաեղջյուր համաստեղության մոտավորապես կենտրոնում[23]։

Աստղի հիմնական հատկանիշներ

խմբագրել

Սիրիուսն ունի 1,47m տեսանելի փայլ և հանդիսանում է Մեծ Շան համաստեղության ամենապայծառ աստղը, ինչպես նաև ամենապայծառ աստղն ամբողջ գիշերային երկնքում։ Հյուսիսային կիսագնդում Սիրիուսը երևում է որպես Ձմեռային եռանկյան գագաթը[24] (նրա մյուս գագաթները Բետելգեյզե և Պրոցիոն պայծառ աստղերն են)։ Սիրիուսն ավելի պայծառ է, քան արևին ամենամոտ գտնվող աստղը՝ Կենտավրոսի Ալֆան կամ նույնիսկ սուպերհսկաներ Կանոպուսը, Ռիգելը և Բետելգեյզեն։ Իմանալով Սիրիուսի ճշգրիտ կոորդինատները երկնքում՝ այն կարելի է տեսնել անզեն աչքով և ցերեկվա ժամերին։ Աստղը լավագույնս տեսնելու համար երկինքը պետք է շատ պարզ լինի, իսկ արևը՝ ցածր լինի հորիզոնից[25]։ Սիրիուսին ամենամոտ համակարգը Պրոցիոնն է, որը վերջինիցս գտնվում է 5.24 լուսատարի հեռավորության վրա է (1.61 պարսեկ)[26]։

Սիրիուս A֊ն և B֊ն Արևին ամենամոտ գտնվող աստղերից մեկն են, որոնց հեռավորությունը կազմում է 8.6 լուսային տարի (2.6 պարսեկ)։ Երկրից հեռավորությամբ Սիրիուսը յոթերորդն է, Երկրից ամենալավ տեսանելի տասը աստղերի շաչքում Սիրիուսն առաջին տեղում է։ Չունենալով մեծ լուսավորություն՝ Սիրիուսը վառ է հենց այն պատճառով, որ այն մեզ մոտ է։ Եթե Սիրիուսը արևից 10 պարսեկ հեռավորության վրա լիներ, ապա այն կլիներ 1.8m տեսանելի փայլով աստղը (ինչպես Մեծ Արջի ամենապայծառ աստղը)։

Ներկայումս Սիրիուսը մոտենում է արեգակնային համակարգին 7.6 կմ/վ արագությամբ[27], ուստի ժամանակի ընթացքում աստղի ակնհայտ պայծառությունը դանդաղ կաճի։

Սիրիուսի համակարգ

խմբագրել
 
Սիրիուս B-ի արբանյակը Սիրիուս A-ի շուրջ

Սիրիուսը կրկնակի աստղ է, որը բաղկացած է A1 (Սիրիուս A) սպեկտրալ դասի աստղից և սպիտակ թզուկից (Սիրիուս B), որոնք շուրջ 50 տարի պտտվում են զանգվածային կենտրոնի շուրջ։ Այս աստղերի միջև միջին հեռավորությունը մոտ 20 ա․մ․ է, որը հավասար է Արևից մինչև Ուրան ընկած հեռավորությանը։ Համակարգի տարիքը 225֊250 միլիոն տարի է[15]։ IRAS տիեզերական աստղադիտարանը գրանցել է Սիրիուսի համակարգից ինֆրակարմիր ճառագայթների բարձր հոսք, ինչը կարող է վկայել համակարգում փոշու առկայության մասին[28]։

Սիրիուս A֊ի զանգվածը մոտ 2 արեգակնային զանգված է։ Աստղի անկյունային տրամագիծը՝ ինտերֆերաչափով չափելիս, հավասար է (5.936 ± 0.016) × 10–3 անկյունային վայրկյանի՝ հարթ սկավառակի մոդելում և հաշվի առնելով ծայրամասերի մգությունը՝ անկյունային տրամագիծը (6.039 ± 0.019) × 10-3 անկյունային վայրկյան է, որը համապատասխանում է 1.7 արևային գծային չափի։ Սիրիուս A֊ի՝ իր առանցքի շուրջ պտտման արագության պրոեկցիան, տեսողության գծի վրա համեմատաբար փոքր է (16 կիլոմետր վայրկյանում), ինչի պատճառով էլ այն գնդաձև է[29]։

Սիրիուս A֊ն հիմնական հաջորդականությունում կմնա 660 մլն տարի, որից հետո այն կդառնա կարմիր հսկա, այնուհետև կգցի արտաքին շերտը և կդառնա սպիտակ թզուկ[15]։

Սիրիուս B֊ն սպիտակ թզուկ է, որի զանգվածը կազմում է շուրջ 1 արեգակնային զանգված։ Տիպիկ սպիտակ թզուկն ունի մոտավորապես 0.6֊0.7 արեգակնային զանգված[30], այդ պատճառով Սիրիուս B-ն համարվում է ամենազանգվածային սպիտակ թզուկներից մեկը։ Չնայած արևի զանգվածին համարժեք զանգվածին՝ նրա ծավալը ավելի քան մեկ միլիոն անգամ փոքր է արևի ծավալից, իսկ չափերը համապատասխանում են Երկրագնդի չափերին։ Նախքան սպիտակ թզուկ դառնալը աստղը անցել է զարգացման հետևյալ փուլերը՝ նախ հիմնական հաջորդականության փուլը, ապա կարմիր հսկայի փուլը։ Ենթադրվում է, որ Սիրիուս B֊ի շերտազատումը տեղի է ունեցել շուրջ 120 միլիոն տարի առաջ։ Աստղի զանգվածը հիմնական հաջորդականության փուլում եղել է 5 արևային զանգված, իսկ աստղի սպեկտրալ դասը` B4 կամ B5: Սիրիուս B֊ի սպեկտրում նկատվում է գրեթե մաքուր ջրածին[31]։

Կարմիր հսկա փուլով անցնելիս Սիրիուս B֊ն ենթադրաբար հարստացրել է Սիրիուս A֊ն մետաղներով։ Սիրիուս A֊ն ունի բարձր մետաղականության սպեկտր, այսպես, Սիրիուս A֊ի մթնոլորտում երկաթի պարունակությունը կազմում է արևինից 316%․ սպեկտրը նաև ցույց է տալիս հելիումից ավելի ծանր տարրերի առկայություն[31]։

Սիրիուսի ամենամոտ շրջակայք

խմբագրել

Սիրիուսի ամենմոտ աստղը Պրոցիոնն է[32], երկու աստղերի միջև հեռավորությունը 5.2 լուսային տարի է։ Արևը նույնպես Սիրուսի ամենամոտ աստղերից է (վեցերորդը՝ ըստ հեռավորության)։

Սիրիուսից 10 լուսային տարի հեռավորությամբ գտնվող աստղերի ցանկը․

Աստղ Սպեկտրալ դասակարգում Հեռավորություն, լուսային տարի
Պրոցիոն F5 V-IV, DQZ 5,2
Ռոսս 614 M4,5 Ve, M8 V 5,5
Լեյտենի աստղ M3,5 Ve 5,8
Կապտեյնի աստղ M1 V 7,5
Էրիդանի Էպսիլիոն K2 V 7,8
Արեգակ G2 V 8,6
LHS 1565 M5,5 V 8,9
Վոլֆ 359 M5٫8 Va 9
DX Խեցգետնի M6,5 Ve 9,2
Պրոքսիմա Կենտավրոս M5,5 Ve 9,3
Ալֆա Կենտավրոս G2 V, K1 V 9,5
LTT 12352 M3,5 V 9,9

Սիրիուսի գերկուտակում

խմբագրել

Մի ժամանակ Սիրիուսը համարվում էր Մեծ Արջի այսպես կոչված շարժվող խմբի աստղերից մեկը։ Այս խումբն ունի 220 աստղ, որոնց միավորում է միևնույն տարիքը և տարածության մեջ նույնատիպ շարժումը։ Սկզբում խումբն իրենից ներկայացնում էր ցրված աստղային կուտակումներ, սակայն ներկայումս կուտակումներ որպիսիք այդպիսին գոյություն չունեն․ այն ցրվել է և դարձել գրավիտացիոն ձգողությամբ չկապված[33]։ Այսպես, այս կուտակումերին են պատկանում Մեծ Արջ համաստեղության Մեծ Շերեփի աստղերի մեծամասնությունը։ Սակայն ավելի ուշ գիտնականները եկան այն եզրակացության, որ դա այդպես չէ․ Սիրիուսը շատ ավելի երիտասարդ է, քան այդ կուտակումը և չի կարող լինել դրա ներկայացուցիչը[34]։

Միևնույն ժամանակ գիտնականները ենթադրեցին, որ Սիրիուսը β Կառավարի, α Հյուսիսային թագի, β Գավաթի, Էրիդանոս (β Էրիդանոսի) և β Օձի աստղերի նման կարող է լինել Սիրիուսի հիպոթետիկ գերկուտակման ներկայացուցիչներից[35]։ Այս կուտակումը հանդիսանում է երեք խոշոր աստղային կուտակումներից մեկը (եթե այն իսկապես գոյություն ունի), որը Արեգակից գտնվում է 500 լուսային տարի հեռավորության վրա։ Նման այլ կուտակումներ են Հիադեսը և Բազմունքը[36]։

Սիրիուսն աշխարհի ժողովուրդների առասպելներում և սուրբ գրություններում

խմբագրել

Սիրիուսը՝ որպես երկնքում ամենավառ աստղը, որը հին ժամանակներից գրավել է մարդկանց ուշադրությունը, հաճախ է հիշատակվում մարդու գործունեության բոլոր բնագավառներում։

Մաորիների առասպելներում երկրպագում են սուրբ արարածին, որն ապրում է երկնքում և բարձրագույն երկնքում` տասներորդ երկնքում։ Այն կոչվում էր Ռեխուա։ Ռեխան ասոցացվում էր որոշ աստղերի հետ․ ընդ որում ամեն ազգ ուներ տարբեր աստղ, որը կապված էր այդ առասպելական արարածի հետ։ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու բնակիչների համար դա Անտարեսն էր, բայց շատ ժողովուրդների մոտ այդ աստղը համարվում էր երկնքի ամենավառ ու իմաստուն աստղը` Սիրիուսը։ Քանի որ Ռեխուան ապրում է ամենաբարձր երկնքում, նրան մահը չէր սպառնում, Ռեխուան կարող էր վերակենդանացնել մահացածներին և բուժել ցանկացած հիվանդություն։ Շատ մաորիներ հավատում էին, որ նայելով Սիրիուսին՝ նրանք տեսել են Ռեխուան՝ արարածներից ամենաիմաստունին, որը գոյություն ունի տիեզերքում[37]։ Ղուրանում նույնպես հիշատակվում է Սիրիուսը[38]։

Ղազախները ըստ Սիրիուսի (Сүмбіле) որոշել են ամռան փոփոխությունը աշնան։ Կա ասացվածք «Сүмбіле туса су суыр» (Սիրիուսի ծնունդով ժամանակ ջուրը սառչում է), հետևաբար արգելվում էր լողալ Սիրիուսի դուրս գալու ժամանակ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 SIMBAD Astronomical Database
  2. Washington Double Star Catalog
  3. Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
  4. Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. SunyaevNauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327doi:10.1134/S1063773706110065arXiv:1606.08053
  5. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  6. Arenou F., Bastian U. The HIPPARCOS Catalogue // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 1997. — Vol. 323. — P. L49—L52. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
  7. Skiff B. A. General Catalogue of Stellar Spectral Classifications — 2013. — Vol. 1. — P. 2023.
  8. Díaz C. G., González J. F., Levato H., Grosso M. Accurate stellar rotational velocities using the Fourier transform of the cross correlation maximum // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2011. — Vol. 531. — 11 p. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361/201016386arXiv:1012.4858
  9. 9,0 9,1 Астрономия // Энциклопедия для детей. — М.: Аванта+, 2007.
  10. Holberg, 2007, էջեր 4, 6
  11. Куртик Г. Е. Звёздное небо древней Месопотамии. — СПб., 2007. — С. 248.
  12. Куртик Г. Е. Указ. соч. — С. 245.
  13. Henry G. Liddell, Robert Scott. Greek-English Lexicon, Abridged Edition. — Oxford University Press, 1980. — ISBN 0-19-910207-4
  14. Арат. Явления. — СПб., 2000. — С. 78.
  15. 15,0 15,1 15,2 Holberg J. B. Сириус: Ярчайший Бриллиант Ночного Неба = Sirius: Brightest Diamond in the Night Sky. — Chichester, UK: Praxis Publishing, 2007. — P. 22, 214, 218. — ISBN 0-387-48941-X
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Зигель Ф. Ю. Сокровища звёздного неба. Путеводитель по созвездиям и Луне / Под ред. Г. С. Куликова. — 5-е изд. — М.: Наука, 1986. — С. 126—128. — 296 с. — 200 000 экз.
  17. Сенека. О природе I 1, 7 // Философские трактаты / Пер. Т. Ю. Бородай. — СПб., 2001. — С. 186.
  18. Клавдий Птолемей. Альмагест / Пер. с древнегреч. И. Н. Веселовского. — М.: Наука. Физматлит, 1998. — С. 256. — 672 с. — 1000 экз. — ISBN 5-02-015167-X(չաշխատող հղում)
  19. Сыма Цянь. Глава 27 // Исторические записки. — М., 1986. — Т. 4. — С. 133.
  20. Сыма Цянь. Указ. соч. — С. 120.
  21. Whittet D. C. B. Физическое объяснение аномалии «красного Сириуса» = A physical interpretation of the «red Sirius» anomaly // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 1999. — В. 2. — Т. 310. — P. 355—359. — doi:10.1046/j.1365-8711.1999.02975.x
  22. Шкловский И. С. Звёзды: их рождение, жизнь и смерть. — 1984.
  23. Расчёт в программе «Stellarium»
  24. «Звёздное набо надо нами». «Открытый Колледж». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 18 сентября 2008-ին.
  25. Henshaw C. On the Visibility of Sirius in Daylight(անգլ.) // Journal of the British Astronomical Association. — 1984. — Т. 94. — № 5. — P. 221—222.
  26. «Sirius 2» (անգլերեն). SolStation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 6 сентября 2008-ին.
  27. «SIMBAD query result for Sirius» (անգլերեն). Centre de Données astronomiques de Strasbourg — информация из базы данных SIMBAD. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 25 сентября 2008-ին.
  28. Backman, D. E. (30 июня — 11 июля 1986). «IRAS observations of nearby main sequence stars and modeling of excess infrared emission». Proceedings, 6th Topical Meetings and Workshop on Cosmic Dust and Space Debris (անգլերեն). Toulouse, France: COSPAR and IAF. ISSN 0273-1177. Վերցված է 20 сентября 2008-ին. {{cite conference}}: Unknown parameter |co-authors= ignored (օգնություն)
  29. Kervella P. et al. Диаметр и внутренняя структура Сириуса A, полученные методом интерферометрии = The interferometric diameter and internal structure of Sirius A // Astronomy and Astrophysics. — 2003. — Т. 408. — P. 681—688. — doi:10.1051/0004-6361:20030994
  30. Kepler S. O. et al. Распределение масс белых карликов на основе Слоановского обзора неба = White dwarf mass distribution in the SDSS // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 2007. — Т. 375. — № 4. — P. 1315—1324. — doi:10.1111/j.1365-2966.2006.11388.x
  31. 31,0 31,1 Liebert J., Young P. A., Arnett D., Holberg J. B., Williams K. A. Возраст и исходная масса Сириуса B = The Age and Progenitor Mass of Sirius B // The Astrophysical Journal Letters. — 2005. — Т. 630. — № 1. — P. 69—72. — doi:10.1086/462419
  32. Список ближайших к Сириусу звёзд
  33. Hartmut Frommert, Christine Kronberg. (26 апреля 2003). «The Ursa Major Moving Cluster, Collinder 285» (անգլերեն). SEDS. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 22 ноября 2007-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  34. Jeremy R. King, Adam R. Villarreal, David R. Soderblom, Austin F. Gulliver, Saul J. Adelman (2003). «Stellar Kinematic Groups. II. A Reexamination of the Membership, Activity, and Age of the Ursa Major Group». Astronomical Journal (անգլերեն). 15 (4): 1980–2017. doi:10.1086/368241. Վերցված է 22 ноября 2007-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  35. Olin J. Eggen. Сверхскопление Сириуса в каталоге FK5 = The Sirius supercluster in the FK5. — 1992. — В. 4. — Т. 104. — P. 1493—1504. — doi:10.1086/116334
  36. Olano C. A. The Origin of the Local System of Gas and Stars. — 2001. — Т. 121. — P. 295—308. — doi:10.1086/318011
  37. Te Maire Martin, The Concise Encyclopedia of Māori Myth and Legend (Canterbury University Press: Christchurch), 2007.
  38. «Сура 53. ан-Наджм «Звезда», аят 49». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.

Գրականություն

խմբագրել
  • Holberg J. B. Sirius: Brightest Diamond in the Night Sky. — Springer — Praxis, 2007. — 250 p. — ISBN 978-0-387-48941-4
  • Noah Brosch. Sirius Matters. — Spinger, 2008. — 216 p. — ISBN 978-1-4020-8318-1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։