Արքաների հովիտ[1][2][3] (արաբ․՝ وادي الملوك‎‎ Wādī al Mulūk), քարքարոտ հովիտ Եգիպտոսում, որտեղ փարավոնների, ինչպես նաև բարձրաստիճան մարդկանց և նրանց հարազատների համար կառուցվել են դամբարաններ։

Պատմություն խմբագրել

Արքաների հովիտը Եգիպտոսի մ.թ.ա. XVI-XI դարերի մեծ և նշանավոր փարավոնների դամբարանատեղին է։ Այն գտնվում է Լուքսորի մոտ։ Այստեղ է նաև Թութանհամոն փարավոնի դամբարանը, որը զարմանալիորեն լավ է պահպանվել։ Այսօր այն աշխարհի ամենահայտնի վայրերից մեկն է, ուր ամեն օր ավելի քան 9000 մարդ է այցելում։

 
Արքաների հովիտը պատկերված տիեզերքից

Դաշտավայրում կան առնվազն 63 գերեզմաններ, որոնք փորվել են 120 մետր բարձրությամբ ժայռի վրա և այնուհետև փակվել։ Գերեզմաններից մի քանիսը, մասնավորապես Սեթի I-ի (մ.թ.ա.1278) գերեզմանը, առատորեն զարդարված է գեղեցիկ հարթաքանդակներով և գունավոր նկարներով, ներառյալ բազեի գլխով արևի աստված Ռայի պատկերները։

Ամենագեղեցիկ գերեզմանները Ամենհոտեպ I-ի (մ.թ.ա. 1506) և Թութմոս I-ի (մ.թ.ա. 1493) գերեզմաններն են, ինչպես նաև Ռամզես X-ի (մ.թ.ա. 1102) գերեզմանը, թեպետ իրականում նրա երբևէ այնտեղ թաղվելը բանավեճերի առարկա է։ Դաշտավայրի ամենահայտնի գերեզմանոցը՝ Թութանհամոնի գերեզմանը, հայտնաբերել է բրիտանացի հնէաբան Հովարդ Քարթերը 1922 թվականին։ Գերեզմանը ծածկող արվեստի գործերը այնքան շատ էին, որ դրանց ցուցակագրելու և Կահիրեի եգիպտական թանգարան տեղափոխելու համար պահանջվեց տասը տարի։ Իրերը, օրինակ՝ մահացած Թութանհամոնի ոսկե դիմակը, համաշխարհային ճանաչում է ստացել որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշ և ցուցադրվել աշխարհի բոլոր երկրներում։ 1972 թվականին Լոնդոնի Բրիտանական թանգարանում բացված ցուցահանդեսը դարձավ թանգարանի պատմության մեջ ամենաշատ այցելվողը՝ գրավելով 1 600 000 այցելուների։

Ճակատագրի հեգնանքով Թութանհամոնը իրականում եղել է Եգիպտոսի առավել նվազ կարևորություն ունեցող փարավոններից մեկը՝ մահվանից հետո դառնալով ամենանշանավորներից մեկը։ Նա փարավոն դարձավ 9 տարեկանում՝ մ.թ.ա. 1333-ին, և կառավարեց ընդամենը մինչև մ.թ.ա. 1324-ը։ Շատ հավանական է, որ նրա օրոք իրականացված այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են եգիպտական աստվածների ավանդական պանթեոնի և բազմաթիվ տաճարների կառուցումը, նախաձեռնել է ոչ թե Թութանհամոնը, այլ նրա խորհրդատուները։



Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կամսար Ավետիսյան (1969)։ Հրաշալիքների աշխարհում։ Հայաստան 
  2. Զենոն Կոսիդովսկի (1987)։ Երբ արևը աստված էր։ Արևիկ 
  3. Կամսար Ավետիսյան (1985)։ Պատանի աշխարհագրագետ։ Սովետական գրող 

Աղբյուրներ խմբագրել

  • Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)

Արտաքին հղումներ խմբագրել