Հատշեպսուտ (անգլ.՝ Hatshepsut, /hætˈʃɛpsʊt/[2], նաև Հաչեպսուտ, եգիպտերեն՝ «Ամենաառաջինն ազնվական տիկնանց մեջ»[3], մոտ մ. թ. ա. 1507, միգուցե Թեբե և Եգիպտոս - մոտ սխալ ամսաթիվ (անհասանելի ճշտություն)), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի հինգերորդ փարավոն, որը հանդիսացել է պատմականորեն հաստատված երկրորդ կին-փարավոնը Սեբեկնեֆերուից հետո[4]։ (Հատշեպսուտից առաջ հնարավոր է տարբեր այլ կանայք ղեկավարած լինեն որպես իշխող թագուհիներ կամ ռեգենտներ, ինչպես օրինակ Նեյթհոտեպը մոտավորապես 1600 տարի նրանից առաջ)։

Հատշեպսուտ
Ծնվել է՝մոտ մ. թ. ա. 1507
Ծննդավայրմիգուցե Թեբե կամ Եգիպտոս
Մահացել է՝մոտ սխալ ամսաթիվ (անհասանելի ճշտություն) բնական մահով
Արքաների հովիտ
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնութերորդ արքայատոհմ
պետական գործիչ
ՀայրԹութմոս I
ՄայրԱհմոս
ԵրեխաներՆեֆրուրա[1]

Հատշեպսուտը եգիպտական գահ է բարձրացել մ․թ․ա․ 1478 թվականին։ Նրա իշխանության գալն ուշագրավ է եղել, քանի որ նրանից պահանջվել է օգտագործել իր ծագումը, կրթությունն ու կրոնի ընկալումը։ Հատշեպսուտի ծագումն անբասիր է եղել, քանի որ նա եղել է արքայի դուստր, քույր և կին։ Կրոնի նրա ընկալումը թույլ է տվել Հատշեպսուտին հաստատել իրեն որպես Ամոն աստծո կին[5]։ Պաշտոնապես նա ղեկավարել է Թութմոս III-ի հետ համատեղ, որը գահ էր բարձրացել նախորդ տարի՝ երկու տարեկան հասակում։ Հատշեպսուտը եղել է Թութմոս III-ի հոր՝ Թութմոս II-ի գլխավոր կինը։ Եգիպտագետների կողմից համարվել է ամենահաջողակ փարավոններից մեկը, որն իշխել է ավելի երկար, քան բնիկ եգիպտական արքայատոհմի որևէ այլ կին։ Ըստ եգիպտագետ Ջեյմս Հենրի Բրեստեդի՝ նա նաև հայտնի է որպես «պատմության մեջ առաջին մեծ կինը, որի մասին մենք տեղեկացված ենք»[6]։

Հատշեպսուտը Թութմոս I-ի և նրա գլխավոր կնոջ՝ Ահմոսի դուստրն ու միակ երեխան էր[7]։ Նրա ամուսինը՝ Թութմոս II-ը, Թութմոս I-ի և վերջինիս Մուտնոֆրետ անունով երկրորդ դասի կնոջ որդին էր։ Հատշեպսուտն ու Թութմոս II-ը Նեֆրուրա անունով դուստր են ունեցել, որի ծնվելուց հետո Հատշեպսուտն այլևս չի կարողացել երեխաներ ունենալ։ Իսետ անունով երկրորդ դասի կնոջից Թութմոս II-ն ունեցել է Թութմոս III-ին, որն էլ որպես փարավոն հաջորդել է Հատշեպսուտին[8]։

Գահակալություն

խմբագրել
 
Հատշեպսուտի կարտուշը կրող անոթ, որը լցված է մայրու խեժով։ Անավարտ կալցիտ, 18-րդ արքայատոհմ, հայտնաբերվել է Դեյր էլ-Բահարիում, Եգիպտոս։ Գտնվում է Լոնդոնի Պիտրի եգիպտական հնագիտության թանգարանում
 
Հատշեպսուտի արձանի գլուխը
 
Վերականգնվել է առևտուրն այլ երկրների հետ․ այստեղ պատկերված են Պունտից նավով տեղափոխված ծառեր, որոնց ափ են տեղափոխում Եգիպտոսում տնկելու համար։ Ցայտաքանդակ Հաչեփսութ թագուհու տաճարային համալիրից

Չնայած Հատշեպսուտի գահակալության մասին ժամանակակից գրառումները փաստագրված են բազմազան հնագույն աղբյուրներով, վաղ ժամանկակից շրջանի գիտնականների կարծիքով նա ծառայել է որպես համառեգենտ մ․թ․ա․ մոտավորապես 1479 - 1458 թվականներին՝ Թութմոս III-ի գահակալության յոթից մինչև քսանմեկերորդ տարիների ընթացքում[9]։ Մեր օրերում եգիպտագետներն այն կարծիքին են, որ Հատշեպսուտը փարավոնի կարգավիճակ է զբաղեցրել[10][11]։

Հնագույն պատմիչների վկայություններով Հատշեպսուտը գահակալել է քսանմեկ տարի։ Հովսեփոս Փլավիոսն ու Հուլիոս Աֆրիկանոսը մեջբերել են Մանեթոնի թագավորների ցուցակը, որտեղ հիշատակված է Ամեսիս կամ Ամենսիս անունով մի կին, որը կոնտեքստից ելնելով նույնականացվել է Հատշեպսուտի հետ։ Փլավիոսի աշխատության մեջ նշվել է, որ նրա գահակալությունը տևել է քսանմեկ տարի և ինը ամիս[12], մինչդեռ Աֆրիկանոսի մոտ այն քսաներկու տարի է։ Սրանով Հատշեպսուտի գահակալման տարիների մասին պատմական գրառումներն ավարտվում են, քանի որ Թութմոս III-ի առաջին խոշոր օտարերկրյա արշավանքը թվագրվում է քսաներկուերորդ տարով, որը պետք է որ Հատշեպսուտի՝ որպես փարավոն գահակալման քսաներկուերորդ տարին եղած լինի[13]։

Նրա գահակալության սկիզբը թվագրելն ավելի դժվար է։ Նրա հայրիկի գահակալությունն սկսվել է մ․թ․ա․ կա՛մ 1526, կա՛մ 1506 թվականին[14], սակայն Թութմոս I-ի և Թութմոս II-ի գահակալության ժամանակահատվածները բացարձակ ճշգրտությամբ որոշել հնարավոր չէ։ Այսպիսով, հնարավոր է, որ Հատշեպսուտը գահ բարձրացած լինի իր հայրիկի՝ Թութմոս I-ի թագադրությունից տասնչորս տարի հետո[15], հնարավոր է նաև, որ նա գահ բարձրացած լինի Թութմոս I-ի թագադրությունից քսանհինգ տարի անց[14]։ Հետևաբար, Հատշեպսուտը կարող է իշխանության եկած լինել մ․թ․ա․ կա՛մ 1512, կա՛մ 1479 թվականներին։

Հատշեպսուտի՝ որպես փարավոնի մասին ամենավաղ վկայությունը հանդիպել է Սենմութի ծնողների՝ Ռամոսի և Հատնոֆերի դամբարանում, որտեղ հայտնաբերված իրերի թվում էր մի խեցեգործ կարաս կամ ամֆորա՝ «Տարի 7» դրոշմված տարեթվով[16]։ Նույն դամբարանից հայտնաբերված մեկ այլ կարաս, որը in situ (տեղում) 1935–36 թվականներին հայտնաբերվել է Մետրոպոլիտեն թանգարանի արշավախմբի կողմից Թեբեի սարալանջի վրա, կնքված է «Աստծո կին Հատշեպսուտի» կնիքով, իսկ ևս երկուսը կրում են «Մաատկարե լավ աստվածուհու» կնիքը[17]։ «Սենմութի դամբարանի ավերակների միջոցով դամբարանի գերեզմանախցում հայտնված» ամֆորայի թվագրումը կասկած չի հարուցում, որը նշանակում է, որ Հատշեպսուտը համարվել է Եգիպտոսի արքա, ոչ թե թագուհի, իր կառավարման յոթերորդ տարում[17]։

Խոշոր նվաճումներ

խմբագրել

Առևտրային ուղիներ

խմբագրել
 
Հատշեպսուտ թագուհու տաճարային համալիրի դիմաց գտնվող ծառ, որը ենթադրաբար բերվել է Պունտից Հատշեպսուտի արշավանքի ընթացքում․ պատկերված է տաճարի պատերին

Հատշեպսուտը վերականգնել է Եգիպտոսի երկրորդ անցումային ժամանակահատվածում հիքսոսների կողմից Եգիպտոսի նվաճման պատճառով խաթարված առևտրային երթուղիները, որով էլ ստեղծել է տասնութերորդ արքայատոհմի հարստությունը։ Իր գահակալության իններորդ տարում նախաձեռնել և ֆինանսավորել է արշավ դեպի Պունտ երկիր։ Նրա անունից ճանապարհվել են հինգ նավեր, յուրաքանչյուրը 70 ոտաչափ (21 մ) երկարությամբ, մի քանի առագաստով և 210 հոգանոց անձնակազմով, որոնց թվում՝ նավաստիներ ու 30 թիավարողներ[փա՞ստ]։ Պունտում շատ ապրանքներ են գնվել, մասնավորապես խունկ ու զմուռս։

Պունտից Հատշեպսուտի մարդիկ վերադարձել են իրենց հետ 30 խեժածառ բերելով, որոնց արմատները խնամքով դրվել էին զամբյուղներում՝ երկար ճամփորդությանը դիմանալու համար։ Սա արտասահմանից ծառեր փոխպատվաստելու առաջին արձանագրված փորձն էր։ Հայտնի է, որ Հատշեպսուտն այդ ծառերը տնկել է տվել իր տաճարային համալիրի բակում։ Պունտից եգիպտացիները վերադարձել են նաև մի շարք այլ նվերներով, այդ թվում՝ խունկը[18]։ Ածխացած խունկն աղալով Հատշեպսուտն ստացել է աչքերը գծանշելու նյութ, որն այդ խեժի արձանագրված առաջին կիրառությունն է[19]։

Այս արշավը Հատշեպսուտը պատկերել է տվել Դեյր էլ-Բահարիի մի ցայտաքանդակում, որը հայտնի է նաև Պունտ երկրի թագուհի Ատիի իրատեսական պատկերմամբ[20]։ Պունտի արշավից կարճ ժամանակ անց Հատշեպսուտի հրամանով հարձակողական արշավանքներ են իրականացվել դեպի Բիբլոս և Սինայի թերակղզի, որոնց մասին սակայն քիչ բան է հայտնի։ Թեև եգիպտագետները կարծում են, որ Հատշեպսուտի արտաքին քաղաքականությունը հիմնականում խաղաղասիրական է եղել[20], հնարավոր է, որ նա Նուբիայի և Քանանի դեմ ռազմական արշավներ իրականացրած լինի[21]։

Շինարարական նախագծեր

խմբագրել
 
Ջեսեր-Ջեսերուն Հաչեփսութ թագուհու տաճարային համալիրի գլխավոր կառույցն է Դեյր էլ-Բահարիում։ Նրա մեծ կառավարիչ Սենեմուտի կողմից նախագծված այս կառույցը կատարյալ համաչափության օրինակ է, որը հանդիսացել է Պարթենոնի նախատիպը և Հատշեպսուտի կողմից ընտրված վայրում կառուցված առաջին համալիրն է․ տեղանքը հետագայում դառնալու էր Արքաների հովիտը
 
Պղնձե կամ բրոնզե թիթեղ Հատշեպսուտի անունով։ Հայտնաբերվել է Դեյր էլ-Բահարիում «գորգով ծածկված փոքրիկ փոսում», 18-րդ արքայատոհմ։ Գտնվում է Լոնդոնի Պիտրի եգիպտական հնագիտության թանգարանում

Հատշեպսուտը եղել է Հնագույն Եգիպտոսի ամենաբեղմնավոր շինարարներից մեկը, որի հանձնարարությամբ Վերին և Ստորին Եգիպտոսներում հարյուրավոր կառույցներ են ստեղծվել։ Կարելի է ասել, որ նրա կառույցներն ավելի վեհաշուք ու շատ էին, քան Եգիպտոսի միջին թագավորության իր նախորդ գահակալների ստեղծածները։ Հետագա շրջանի փարավոնները փորձել են Հատշեպսուտի որոշ նախագծեր ներկայացնել որպես իրենցը։ Նա աշխատանքի է վերցրել մեծ ճարտարապետ Ինենիին, որն աշխատել էր նաև իր հայրիկի, ամուսնու, ինչպես նաև արքայական տնտես Սենմութի համար։ Հատշեպսուտի գահակալության օրոք այնքան շատ արձան է ստեղծվել, որ հին եգիպտական արտեֆակտներ ունեցող աշխարհի գրեթե բոլոր խոշոր թանգարաններն իրենց հավաքածուներում Հատշեպսուտի որևէ քանդակ ունեն, օրինակ՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի Հատշեպսուտի բաժինը նվիրված է բացառապես այդ գործերին։

Հետևելով բազմաթիվ փարավոնների օրինակին՝ Հատշեպսուտը Կառնակի տաճարում հուշարձաններ է կառուցել տվել, նաև վերականգնել Կառնակում Մուտ մայր աստվածուհու տաճարը, որը հիքսոսների նվաճման ընթացքում ավերվել էր օտար տիրակալների կողմից։ Հետագայում այն ավերվել է այլ փարավոնների կողմից, որոնք այն մաս առ մաս օգտագործել են իրենց կառույցների մեջ։ Տաճարի մուտքի մոտ կանգնեցնել է տվել այն ժամանակ աշխարհում ամենաբարձր զույգ կոթողները, որոնցից մեկը դեռևս կանգուն է՝ որպես Երկրի վրա գոյություն ունեցող ամենաբարձր հնագույն կոթող, իսկ մյուսը կիսվել է ու ընկել։ Կոթողների պատասխանատու պաշտոնյան գլխավոր տնտես Ամենհոտեպն էր[22]։

Մեկ այլ նախագիծ՝ Կառնակի Կարմիր մատուռը, նախատեսված է եղել որպես եռակայմ առագաստանավի սրբատեղի և սկզբնապես հավանաբար գտնվել է երկու կոթողների միջև։ Այն շարված էր Հատշեպսուտի կյանքի նշանակալի իրադարձությունները պատկերող փորագրված քարերով։

Հետագայում հրամայել է կառուցել ևս երկու կոթող՝ որպես փարավոն իր գահակալության 16-րդ տարելիցը նշանավորելու համար․ դրանցից մեկը կոտրվել է կառուցվելու ընթացքում, հետևաբար կառուցվել է երրորդը՝ դրան փոխարինելու համար։ Կոտրված կոթողը թողել են Ասուանի քարհանքում, որտեղ էլ այն դեռ գտնվում է։ Անավարտ կոթող անունով հայտնի այս կոթողը վկայություն է այն մասին, թե ինչպես են կոթողները պատրաստվել[23]։

 
Հատշեպսուտի տաճարի սյունաշարով տեսքը

Հատշեպսուտը կառուցել է պատերազմի առյուծ-աստվածուհի Պախտի տաճարը։ Նեղոսի արևելյան ափին գտնվող ապառաժ ժայռից քանդակված քարանձավային ստորգետնյա այս տաճարով հիացել են պտղոմեոսյան հույները Եգիպտոսի իրենց նվաճման ժամանակ ու այն անվանել Արտեմիսի քարայր։ Նրանք աստվածուհուն նմանեցրել են իրենց որսորդ աստվածուհի Արտեմիսին։ Համարվում է, որ տաճարը կառուցվել է շատ ավելի հնագույնների կողքին, որոնք չեն պահպանվել։ Տաճարի արխիտրավին երկար տեքստ է, որտեղ Հատշեպսուտը մեղադրում է հիքսոսներին[24]։ Հետագայում տաճարը ձևափոխվել է և նրա ներքին զարդարանքների մի մասը զավթել է XIX արքայատոհմի փարավոն Սեթի I-ը՝ փորձելով Հատշեպսուտի անվան փոխարեն ներկայացնել իրենը։

Ինչպես մյուս փարավոնների պարագայում, Հատշեպսուտի դեպում նույնպես շինարարական նախագծերի գլուխգործոցը թաղման տաճարն է։ Հատշեպսուտն իր համար համալիր է կառուցել Դեյր էլ-Բահարիում, որը նախագծել և իրականացրել է Սենմութը Նեղոս գետի արևմտյան ափին գտնվող մի տարածքի մուտքի մոտ, որն այսօր հայտնի է որպես Արքաների հովիտ․ հետագա շրջանի բոլոր փարավոնները նախընտրել են այդ տեղանքը՝ իրենց դամբարանները Հատշեպսուտի տաճարի վեհության հետ կապելու նպատակով։ Հատշեպսուտի կառույցներն այդ տարածքի համար նախատեսված առաջին վսեմաշուք կառույցներն էին։

Համալիրի առանցքային կետը Ջեսեր-Ջեսերուն է կամ «Սրբություն Սրբոցը»՝ կատարյալ ներդաշնակության սյունաշար մի կառույց, որն ստեղծվել է Պարթենոնից մոտավորապես հազար տարի առաջ։ Ջեսեր-Ջեսերուն հանգրվանում է մի շարք տեռասների գագաթին, որոնք մի ժամանակ զարդարված են եղել փարթամ այգիներով։ Այն կառուցված է մի ժայռի դիմաց, որը կտրուկ բարձրանում է դրա վերևում։ Ջեսեր-Ջեսերուն և Դեյր Էլ-Բահարիում Հատշեպսուտի համալիրի այլ կառույցներ ճարտարապետության զգալի առաջընթացներ են։ Նրա մեծ նվաճումներից ևս մեկը Հատշեպսուտի ասեղն է[25] (հայտնի նաև որպես գրանիտե կոթողներ)։

Պաշտոնական գովերգում

խմբագրել

Չափազանցությունն ընդհանուր է Եգիպտոսի պատմության գրեթե բոլոր արքայական արձանագրությունների համար։ Մինչ բոլոր հին առաջնորդները դա օգտագործում էին իրենց նվաճումները գովաբանելու համար, Հատշեպսուտին անվանել են ամենակայացած փարավոնն իր նվաճումները խթանելու գործում[26]։ Դա կարող է պայմանավորված լինել փարավոն ժամանակ նրա կատարած ընդարձակ շինարարությամբ, որը նրան հնարավորություն է տվել ինքն իրեն գովելու, բայց այն նաև արտացոլում էր այն հարստությունը, որը նրա քաղաքականությունն ու վարչակազմը բերել էին Եգիպտոսին ու հնարավորություն տվել նրան ֆինանսավորել նման նախագծերը։ Իրենց նվաճումների ուռճացումն ընդունված երևույթ էր, երբ փարավոնները տաճարներ և իրենց գերեզմաններն էին կառուցում։

 
Մեծ գրանիտե սֆինքս փարավոն Հատշեպսուտի նմանությամբ․ պատկերված է փարավոնյան իշխանության խորհրդանիշ ավանդական կեղծ մորուքով, գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Կանայք համեմատաբար բարձր կարգավիճակ են ունեցել Հին Եգիպտոսում և վայելել սեփականություն ունենալու, ժառանգելու կամ կտակելու օրինական իրավունքը։ Հազվադեպ էր կինը փարավոն դառնում, միայն Սեբեկնեֆերուն, Խենտկաուս I-ը և հավանաբար Նիտոկրիսն են նախորդել Հատշեպսուտին[27]։ Նեֆերնեֆրուատոնը և Տաուսերտը հավանաբար միակ կանայք են, որոնք հաջորդել են նրան։ Եգիպտական պատմության մեջ «իշխող թագուհի» հասկացություն չի եղել, «թագավորն» է եղել հին եգիպտական տիտղոսը՝ անկախ սեռից, իսկ Հատշեպսուտի գահակալության տարիներին սկսել է օգտագործվել «փարավոն» բառը՝ իշողին բնութագրելու համար[փա՞ստ]։ Սակայն Հատշեպսուտը միակը չէր, որ «թագավոր» տիտղոսն է ստացել։ Նրանից վեց արքայատոհմ առաջ իշխած Սեբեկնեֆերուն նույնպես անվանվել է «թագավոր»։ Հատշեպսուտը լավ պատրաստված էր փարավոնի դստեր իր պարտականությունների առումով։ Հոր օրոք նա զբաղեցնում էր Աստծո կնոջ կարևոր պաշտոնը[փա՞ստ]։ Նա ուժեղ թագուհու դեր էր ստանձնել իր ամուսնու մոտ և փարավոն դառնալու տարիներին փորձառու էր իր թագավորության կառավարման գործում։

Հատշեպսուտը կրում էր փարավոնի բոլոր ռեգալիաներն ու խորհրդանիշները պաշտոնական արարողությունների ժամանակ․ կոբրայով խաթ գլխազարդը, ավանդական կեղծ մորուքը և շենդիտ կիսաշրջազգեստը[26]։ Պահպանված շատ արձաններում նա պատկերված է բնորոշ կանացի հագուստով, ինչպես նաև արքայական հանդիսավոր հագուստով։ Անցումային այս շրջանի ավարտից հետո, սակայն, որպես փարավոն Հատշեպսուտի որոշ պաշտոնական պատկերումերում նա կրում է արքայական հագուստ ու փարավոնի ռեգալիա, իսկ որոշ նախկին կանացի պատկերներ փորագրվելով բերվել են արական տեսքի[28]։

Նա ինքն իրեն անվանել է Մաատկարե, որը նշանակում է «Ճշմարտությունն է Արևի Աստծո Հոգին»։ Այս անունն ընդգծել է փարավոն Մաատկարե Հատշեպսուտի կապը Ամոնի հետ՝ վկայակոչելով փարավոնի՝ «ma’at» ավանդույթը հարգելու միջոցով ներդաշնակությունը պահպանելու պատասխանատվությունը[29]։

 
Հատշեպսուտի օսիրիսյան արձաններն իր գերեզմանի մոտ՝ տեղադրված ընդարձակ կառուցվածքի յուրաքանչյուր հենասյունում։ Ուշադրություն դարձրեք մարմնի ներքևի հատվածը և ոտքերը գրկող մումիֆիկացման ծածկոցին, ինչպես նաև Օսիրիսի խորհրդանիշներ հանդիսացող գավազանին ու կալսիչին։ Դեյր էլ-Բահարի

Ավելին, Հատշեպսուտի օսիրիսյան արձանները պատկերում են մահացած փարավոնին որպես Օսիրիս՝ այդ աստծո մարմնով ու ռեգալիայով։ Հատշեպսուտի գերեզմանի բոլոր արձանները պատրաստված են այդ սովորույթի համաձայն։ Մահից հետո հարության խոստումը Օսիրիսի պաշտամունքի հիմքն էր։

 
Հատշեպսուտ փարավոնի բազեն, Լուքսորի տաճար

Հատշեպսուտի մասին լեգենդների ամենահայտնի օրինակներից մեկը նրա ծննդյան մասին առասպելն է։ Այս առասպելում Ամոնը Ահմոսի մոտ է գալիս Թութմոս I-ի կերպարանքով ու հաճելի բուրմունքներով արթնացնում նրան, որից հետո վերջինիս քթին է դնում կյանքի խորհրդանիշ անխը և նա հղիանում է Հատշեպսուտով։ Երեխաների մարմիններ ստեղծող աստված Խնումը հրաման է ստանում ստեղծել մարմինն ու հոգին կամ ֆիզիկական ներկայությունը / կյանքի ուժը։ Կյանքի ու պտղաբերության աստվածուհի Հեքեթը և Խնումը Ահմոսին առաջնորդում են դեպի էգ առյուծի մահճակալը, որտեղ նա ծնունդ է տալիս Հատշեպսուտին[փա՞ստ]։ Այս իրադարձության յուրաքանչյուր քայլը պատկերված է Կառնակի և իր տաճարային համալիրի ցայտաքանդակներում։

Ամոնի պատգամաբերը հայտարարում է, որ Ամոնի կամքն է, որ Հատշեպսուտը դառնա փարավոն, որով ամրապնդում է վերջինիս դիրքերը։ Նա կրկնել է Ամոնի աջակցության մասին՝ աստծո հայտարարություններն իր հուշարձաններին փորագրել տալով․

  Բարի գալուստ, իմ քաղցր աղջիկ, իմ սիրելի, Վերին ու Ստորին Եգիպտոսի թագավոր Մաատկարե Հատշեպսուտ։ Դու ես փարավոնը, որ տիրում է երկու երկրին[30]։  

Բացի այդ, Խնումի բրուտի անվի վրա նա պատկերված է որպես փոքրիկ տղա, որով էլ ավելի է ամրապնդել իշխելու իր աստվածային իրավունքը[29]։

Հատշեպսուտը պնդել է, որ ինքն է իր հայրիկի հավանական ժառանգը և որ հայրն է իրեն դարձրել Եգիպտոսի գահաժառանգ։ Մերօրյա համարյա բոլոր գիտնականները սա համարում են պատմական ժխտողականություն կամ պրոլեպսիս Հատշեպսուտի կողմից, քանի որ նրա հայրիկի ժառանգը Թութմոս II-ն էր։ Դեռ ավելին, Թութմոս I-ը չէր կարող կանխատեսած լինել, որ իր դուստր Հատշեպսուտը կարող էր իր կենդանության օրոք իր որդուց ավելի երկար ապրել։ Շուտով Թութմոս II-ն ամուսնացել է Հատշեպսուտի հետ և վերջինս դարձել է ինչպես նրա մեծ թագուհին, այնպես էլ ամենահզոր կինն արքունիքում։ Կենսագիր Էվելին Վելսը, սակայն, ընդունել է Հատշեպսուտի պնդումը, թե նա իր հայրիկի հավանական ժառանգն էր։ Փարավոն դառնալուց հետո Հատշեպսուտն իր պնդումը հիմնավորել է իր տաճարային համալիրի պատերին փորագրելով․

  Հետո Նորին մեծությունն ասաց նրանց․ «Իմ այս դստերը՝ Խնումետամուն Հատշեպսուտին, կեցցե՛ նա, ես նշանակել եմ իմ գահաժառանգ։ Նա է մարդկանց ուղղորդելու յուրաքանչյուր ոլորտում, նա է անշուշտ ձեզ առաջնորդելու։ Հնազանդվեք նրան, միավորվեք նրա հրամանով»։ Թագավորական ազնվականները, բարձրաստիճան մարդիկ և ժողովրդի առաջնորդները լսեցին նրա դստեր պաշտոնը բարձրացնելու այս հայտարարությունը, Վերին և Ստորին Եգիպտոսի թագավոր Մաատկարե՝ թող նա հավերժ ապրի[31]։  

Մահ, հուղարկավորություն և մումիֆիկացիա

խմբագրել
 
Հատշեպսուտի քարե արձան

Հատշեպսուտը մահացել է հասուն տարիքին հասնելիս, իր կառավարման քսաներկուերորդ տարում[32]։ Նրա մահվան ստույգ թիվն ու թե երբ է Թութմոս III-ը դարձել Եգիպտոսի հաջորդ փարավոն, համարվում է նրա կառավարման 22-րդ տարին, II Պերետ օր 10-ը, այսինքն մ․թ․ա․ 1458 թվականի հունվարի 16-ը[33]։ Մահվան պատճառի մասին վկայություններ չեն պահպանվել։

Հատշեպսուտը դամբարան սկսել է կառուցել, երբ դեռ Թութմոս II-ի մեծ թագուհին էր։ Սակայն դրա չափսերը փարավոնին համապատասխան չէին, ուստի գահ բարձրանալուց հետո սկսվել են մեկ այլ դամբարանի նախապատրաստական աշխատանքները։ Այս նպատակով KV20 դամբարանում, որն սկզբանպես կառուցվել էր իր հայրիկի՝ Թութմոս I-ի համար և որը արքաների հովտում հավանաբար առաջին արքայական դամբարանն էր, նոր գերեզմանախոռոչ է ավելացվել։ Հետևաբար, հնարավոր է, որ երբ նա մահացել է, նրան հուղարկավորել են այդտեղ, իր հայրիկի կողքին[34]։ Թութմոս III-ի օրոք, սակայն, Թութմոս I-ի համար նոր դամբարան է կառուցվել (KV38), և փարավոնն իր սկզբնական դամբարանից տեղափոխվել է։ Միևնույն ժամանակ հնարավոր է, որ Հատշեպսուտի մարմինը տեղափոխած լինեն իր դայակի՝ Սիտր Ինի դամբարան՝ KV60։ Հնարավոր է, որ Թութմոս III-ի որդի Ամենհոտեպ II-ը նախաձեռնած լինի այս գործողությունները՝ փորձելով հավաստիացնել ժառանգության իր սեփական անորոշ իրավունքը։ Բացի KV20 դամբարանում 1903 թվականին Հովարդ Քարթերի կողմից դամբարանի մաքրման ժամանակ հայտնաբերված իրերից, Հատշեպսուտին պատկանող ուրիշ կահույք է հայտնաբերվել այլ վայրում, որոնց թվում՝ առյուծաձև գահ (ավելի ճիշտ՝ մահճակալ), սենետ սեղանի մի խաղ փարավոնի տիտղոսը կրող փորագրված առյուծագլուխ խաղաքարերով, մի նշանի մատանի, և Հատշեպսուտի անունը կրող ուշեբտի արձանիկի մի հատված։ DB320 թագավորական մումիաների պահոցում հայտնաբերվել է փղոսկրե բռնակով մի փայտե տուփ, որի վրա Հատշեպսուտի անունն էր, իսկ ներսում՝ մումիֆիկացված լյարդ կամ փայծաղ ու մեկ սեղանատամ։ Քսանմեկերորդ արքայատոհմում նույն անունով ևս մեկ թագուհի է եղել, այդ պատճառով որոշ ժամանակ հնարավոր է համարվել, որ գտածոները պատկանել են հենց վերջինիս[35]։

 
KV60A մումիան, որը համարվում է Հատշեպսուտինը

1903 թվականին Քարթերն արքաների հովտում դամբարան էր հայտնաբերել (KV60), որտեղ կանացի երկու մումիա կար․ դրանցից մեկը Հատշեպսուտի ծծմայրն էր, մյուսը մնում էր չնույնականացված։ 2007 թվականի գարնանը KV60A անվանված չնույնականացված մումիան վերջապես դուրս է բերվել դոկտոր Զահի Հավասի կողմից և ուսումնասիրության նպատակով բերվել Կահիրեի եգիպտական թանգարան։ Այս մումիայի ատամներից մեկը պակասում էր, իսկ ծնոտի վրա դրա տեղը համապատասխանում էր DB320 թագավորական մումիաների պահոցում հայտնաբերված Հատշեպսուտի սեղանատամին։ Սրա վրա հիմնվելով Հավասը եզրակացրել է, որ KV60A մումիան ամենայն հավանականությամբ Հատշեպսուտն է։ Թեև կարելի է մումիան ու ատամը ԴՆԹ թեստավորման ենթարկել, պարզելու համար, արդյոք նույն մարդուն են պատկանում, թե ոչ, ու պարզել մումիայի ինքնությունը, դոկտոր Հավասը, Կահիրեի թանգարանն ու որոշ եգիպտագետներ հրաժարվել են դա անել, քանի որ դրա համար կպահանջվեր ոչնչացնել ատամը՝ ԴՆԹ-ն ստանալու համար[36][37][38][39]։ Հատշեպսուտի մահը վերագրվել է բենզոպիրենային քաղցկեղածին մաշկի լոսյոնին, որը հայտնաբերվել է փարավոնին պատկանած իրերի մեջ, որից նրա մոտ ոսկրի քաղցկեղ է առաջացել։ Նրա ընտանիքի այլ անդամներ ևս տառապել են մաշկի բորբոքային հիվանդություններից, որոնք հավանաբար ժառանգական են եղել։ Հնարավոր է, որ Հատշեպսուտը, փորձելով հանգստացնել իր քոր եկող, գրգռված մաշկը, ակամայից թունավորել է ինքն իրեն[40][41][42][43]։ Կարելի է ենթադրել նաև, որ նա արթրիտ և վատ ատամներ է ունեցել, ահա թե ինչու է ատամը հեռացված եղել[42]։

Փոփոխական ճանաչում

խմբագրել

Թութմոս III-ի թագավորության ավարտին ու նրա որդու գահակալության տարիներին փորձ է արվել Հատշեպսուտին հեռացնել որոշակի պատմական և փարավոնական գրառումներից՝ Damnatio memoriae։ Այս վերացումն իրականացվել է հնարավորինս բառացիորեն․ նրա կարտուշներն ու պատկերները քարե պատերից դուրով հեռացվել են, որոնց արդյունքում այնտեղ մնացել են Հատշեպսուտի պատկերով բացեր։

Դեյր Էլ- Բահարիում Հատշեպսուտի բազմաթիվ արձանները քանդվել են ու շատ դեպքերում ջարդուփշուր արվել կամ այլանդակվել փոսի մեջ թաղելուց առաջ։ Կառնակում նույնիսկ փորձել են պատերով փակել նրա կոթողներ։ Ակնհայտ է, որ Հատշեպսուտի պատմության այս վերաշարադրման մեծ մասը տեղի է ունեցել միայն Թութմոս III-ի գահակլության ավարտին, սակայն պարզ չէ՝ թե ինչու։

Ջնջման փոձերը հատուկենտ են եղել ու պատահական, վերացվել են միայն Հատշեպսուտի ավելի տեսանելի ու մատչելի կերպարները։ Եթե դրանք ավելի ամբողջական եղած լինեին, այսօր մենք Հատշեպսուտի այսքան շատ պատկերներ չէինք ունենա։ Թութմոս III-ը հավանաբար մահացել է այս փոփոխություններն ավարտվելուց առաջ, և գուցե նա երբեք մտադիր չի եղել Հատշեպսուտի հիշատակն ամբողջությամբ ջնջել։ Իրականում մենք վկայություն չունենք ենթադրելու, որ Թութմոսն ատել է Հատշեպսուտին վերջինիս կենդանության օրոք։ Եթե դա ճիշտ եղած լիներ, որպես բանակի առաջնորդ նա, անկասկած, կարող էր հաջող հեղաշրջում իրականացնել, սակայն փորձ չի արել կասկածի ենթարկել Հատշեպսուտի հեղինակությունը նրա գահակլության տարիներին, և թագուհու նվաճումներն ու պատկերները դեռ մնում էին նրա կառուցած բոլոր հասարակական կառույցների վրա՝ վերջինիս մահից հետո քսան տարվա ընթացքում։

Տիլդեսլիի վարկած

խմբագրել

Ջոյս Տիլդեսլին վարկած է առաջ քաշել, որ հնարավոր է, որ Թութմոս III-ն իր կյանքի վերջում որոշած լինի Հատշեպսուտին իջեցնել ռեգենտության աստիճանի։ Նա հիմնավորել է իր հայեցակարգը նրանով, որ որպես փարավոն Հատշեպսուտի հուշարձանների առավել ակնհայտ հետքերը վերացնելով և նրա կարգավիճակը նվազեցնելով մինչև համառեգենտի, Թութմոս III-ը կարող էր պնդել, որ արքայական իրավահաջորդությունն անցել է Թութմոս II-ից անմիջապես Թութմոս III-ին՝ առանց հորաքրոջ միջամտության։

Տիլդեսլին նաև հիպոթեզ է առաջ քաշել, որի համաձայն Թութմոսի կողմից Հատշեպսուտի հուշարձանների վերացումն ու աղավաղումը նրա կողմից հիշողությունը մարելու փորձ է եղել «մի ոչ ավանդական կին թագավորի, որի գահակալությունը գուցե սերունդների կողմից մեկնաբանվի որպես լուրջ հանցանք Մաաթի դեմ, և որի ոչ սովորական ռեգենտւթյունը «կարող է» լուրջ կասկածի տակ դնել իր սեփական կառավարման իրավունքի օրինականությունը։ Հատշեպսուտի հանցագործությունը ոչ այլ ինչ է, քան վերջինիս կին լինելու փաստը»[44]։ Որոշ եգիպտագետների կողմից այս վարկածը հերքվել է։

«Հատշեպսուտի խնդիր»

խմբագրել

Անկախ պատճառից՝ Հատշեպսուտի անվան ջնջումը հանգեցրել է նրա՝ եգիպտական հնագիտական ու գրավոր աղբյուրներից անհետանալուն։ Երբ տասնիններորդ դարի եգիպտագետներն սկսել են վերծանել Դեյր Էլ-Բահարիի տաճարի պատերի գրությունները (որոնք պատկերազարդված էին երկու թվացյալ արական սեռի թագավորներով), նրանց թարգմանություններն իմաստ չեն արտահատել (պատկերները տղամարդու էին, իսկ գոյականներն ու բայերը իգական սեռի էին, կարծես խոսքը թագուհու մասին լիներ)։ Հիերոգլիֆների ֆրանսիացի վերծանող Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը միակը չէր, որը շփոթվել էր բառերի և պատկերների ակնհայտ հակասությունից։

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի եգիպտագիտության մեջ «Հատշեպսուտի խնդիրը» խոշոր հարց էր, որի կենտրոնում 18-րդ արքայատոհմի վաղ շրջանի փարավոնների իրավահաջորդության կարգի վերաբերյալ շփոթությունն ու անհամաձայնությունն էին։ Երկընտրանքն իր անվանումն ստացել է Հատշեպսուտ թագուհու և Թութմոս I, II և III թագավորների կառավարման ժամանակագրության շուրջ շփոթմունքից[45]։ Այն օրերին խնդիրը բավական հակասական էր և առաջատար եգիպտագետների միջև ակադեմիական թշնամանք էր առաջացրել, ինչպես նաև ընկալումներ ստեղծել վաղ Թութմոսյան արքայատոհմի մասին, որոնք պահպանվել են նաև 20-րդ դարում։ Ժամանակագրության իմաստով Հատշեպսուտի խնդիրը հիմնականում լուծվել է 20-րդ դարի վերջին, քանի որ նրա և իր կառավարման մասին ավելի շատ տեղեկություն է բացահայտվել։

Հնագիտական բացահայտումներ

խմբագրել

2006 թվականին շինության հիմքերի տակ առարկաների ծիսական թաղման հնագիտական մնացորդների, այդ թվում Կառնակի տաճարում Հատշեպսուտի ու Թութմոս III-ի անունները կրող ինը ոսկե կարտուշների հայտնագործումը, կարող է լրացուցիչ լույս սփռել Թաթմոս III-ի և նրա որդի Ամենհոտեպ II-ի կողմից Հատշեպսուտի անունը պատմությունից ջնջելու վերջնական փորձի և նրանց հարաբերությունների ու որպես փարավոն Հատշեպսուտի դերի վրա[46]։

Հանրածանոթ մշակույթում

խմբագրել

Կերպարվեստ

խմբագրել

Ֆեմինիստ նկարչուհի Ջուդի Չիկագոյի «Ճաշկերույթ» աշխատանքում ընդգրկված է նաև Հատշեպսուտը[53]։

Հեռուստատեսություն

խմբագրել
  • Ֆարահ Ալի Աբդ Էլ Բարը պատկերել է Հատշեպսուտին Discovery Channel հեռուստաալիքի «Եգիպտոսի կորուսյալ թագուհու գաղտնիքները» վավերագրական կինոնկարում։
  • Սառա Հեդլանդը պատկերել է նրան 2009 թվականին նկարահանված «Սարսափելի պատմություններ» հեռուստասերիալում (սցենարի հեղինակ Թերի Դեարի)։
  • Կարա Կունիի 2014 թվականի «Կինը, որ պետք է թագավոր դառնար» հեռուստաշոուն։
  • «The Secrets of Isis» հեռուստասերիալում ներկայացվել է որպես Իսիսի անմիջական նախնի ու նրա իշխանության սկզբնական ստացող։
  • 2017 թվականին նկարահանված եգիպտական «Գանձը» կինոնկարում նրան մարմնավորել է Հենդ Սաբրին։
  • Կանադացի վիպասան Պոլին Գեջը ֆրանսերեն պատմավեպ է գրել «La Dame Du Nil» վերնագրով, որտեղ պատմում է Հատշեպսուտի կյանքի պատմությունը։

Երաժշտություն

խմբագրել
  • Թինա Թըրների «Ես կարող էի թագուհի լինել» երգի հերոսուհին վերակենդանացած Հատշեպսուտն է։
  • երաժիշտ Ջլինը 2017 թվականի իր «Black Origami» ալբոմում մի երգ է անվանել Հատշեպսուտի պատվին։
  • Ռեպեր Ռափսոդին 2019 թվականի իր «Eve» ալբոմում երգ է անվանել Հատշեպսուտի պատվին։

Գրականություն

խմբագրել

Հատշեպսուտը հանդիսանում է բազմաթիվ վեպերի հերոսուհին, այդ թվում՝

  • «Աստվածների դուստրը», հեղինակ՝ Ստեֆանի Թորնթոն, «Penguin» հրատարակչություն, 2014։
  • «Զիփորա, Մովսեսի կինը», հեղինակ՝ Մարեկ Հալթեր, Նյու Յորք, Քրաուն հրատարակչություն (1-ին ԱՄՆ հրատարակություն), 2005, ISBN 978-1-4000-5279-0։
  • «Մարա․ Նեղոսի դուստրը», հեղինակ՝ Էլոիզ Ջարվիս ՄքԳրոու, Քովարդ-ՄքՔեն հրատարակչություն, 1953։
  • «Արևածագի զավակը», հեղինակ՝ Պոլին Գեջ, Կանադայի Մաքմիլան ընկերություն, 1977, ISBN 978-0-7705-1520-1։
  • «Արքա և աստվածուհի», հեղինակ՝ Ջուդիթ Թար, Նյու Յորքի Թոր հրատարակչություն, 1996, ISBN 978-0-8125-5084-9։
  • Իշխանության նրա համախմբումը առանձնահատուկ կերպով պատկերված է Պոլ Դոհերթիի հեղինակած Ամերոտկեի սպանության առեղծվածների շարքում, որտեղ հորինված հետաքննողը Հատշեպսուտին ծառայող դատավոր է։ Ամբողջ ստեղծագործությաան մեջ նրան անվանում են իր անունի կրճատված տարբերակով՝ Հատուսու։ Շարքի առաջին վեպը՝ «Ռայի դիմակը», պատմում է նրա եղբայր-ամուսնու մահվան ու իշխանության՝ Հատշեպսուտի նվաճման մասին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012.
  2. «Hatshepsut». Dictionary.com. Վերցված է 2007 թ․ հուլիսի 27-ին.
  3. Clayton, Peter (1994). Chronicle of the Pharaohs. Thames & Hudson. էջ 104.
  4. Wilkinson, Toby (2010). The Rise and Fall of Ancient Egypt. London: Bloomsbury. էջեր 181, 230. ISBN 978-1-4088-1002-6.
  5. Kara., Cooney (2015). Woman Who Would be King. Oneworld Publications. ISBN 978-1-322-38466-5. OCLC 897502797.
  6. «Queen Hatshepsut (1500 B.C.)». nbufront.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին.
  7. Martin, G. (2012 թ․ դեկտեմբերի 23). African Political Thought (անգլերեն). Springer. ISBN 978-1-137-06205-5.
  8. Roehig, Catherine; Dreyfus, Renee; Keller, Cathleen (2015). Hatshepsut: from Queen to Pharaoh. New York: Metropolitan Museum of Art.
  9. Dodson, Aidan; Dyan, Hilton (2004). The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson. էջ 130. ISBN 978-0-500-05128-3.
  10. Fletcher, Joann (2013). The Search For Nefertiti. Hachette UK. էջ 156. ISBN 978-1-4447-8054-3.
  11. Stiebing Jr., William H. (2016). Ancient Near Eastern History and Culture. Routledge. էջ 177. ISBN 978-1-315-51116-0.
  12. Կաղապար:Cite Josephus
  13. Steindorff, George; Seele, Keith (1942). When Egypt Ruled the East. University of Chicago. էջ 53.
  14. 14,0 14,1 Grimal, Nicolas (1988). A History of Ancient Egypt. Librairie Arthéme Fayard. էջ 204.
  15. Gabolde, Luc (1987), La Chronologie du règne de Tuthmosis II, ses conséquences sur la datation des momies royales et leurs répercutions sur l'histoire du développement de la Vallée des Rois, SAK 14: pp. 61–87.
  16. Tyldesley, Joyce (1996). Hatchepsut: The Female Pharaoh (hardback ed.). Penguin Books. էջ 99. ISBN 978-0-14-024464-9.
  17. 17,0 17,1 Tyldesley, Hatchepsut, p. 99.
  18. Njoku, Raphael Chijioke (2013). The History of Somalia. ABC-CLIO. էջեր 29–31. ISBN 978-0-313-37857-7.
  19. Isaac, Michael (2004). A Historical Atlas of Oman. The Rosen Publishing Group. էջ 14. ISBN 978-0-8239-4500-9. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. 20,0 20,1 Joyce Tyldesley, Hatchepsut: The Female Pharaoh, Penguin Books, 1998 paperback, pp. 137–144.
  21. Margaret Bunson, Encyclopedia of Ancient Egypt, p. 161.
  22. JJ Shirley: The Power of the Elite: The Officials of Hatshepsut's Regency and Coregency, in: J. Galán, B.M. Bryan, P.F. Dorman (eds.): Creativity and Innovation in the Reign of Hatshepsut, Studies in Ancient Oriental Civilization 69, Chicago 2014, 978-1-61491-024-4, p. 206.
  23. Peter Tyson, The Unfinished Obelisk, NOVA online adventure, 16 March 1999.
  24. James P. Allen, "The Speos Artemidos Inscription of Hatshepsut" Արխիվացված 3 Ապրիլ 2007 Wayback Machine, Bulletin of the Egyptological Seminar 16 (2002), pp. 1–17, pls.1+2.
  25. Gray, Martin. «Obelisk of Queen Hapshetsut, Karnak». Places of Peace and Power. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  26. Nevine El-Aref, "Back in the limelight", Al-Ahram Weekly.
  27. >«Hatshepsut». World History Encyclopedia.
  28. 29,0 29,1 >«Hatshepsut». makingqueerhistory.com.
  29. Breasted, James Henry, Ancient Records of Egypt: Historical Documents from the Earliest Times to the Persian Conquest, The University of Chicago Press, 1906, pp. 116–117.
  30. Hatshepsut, Female Pharaoh of Egypt Արխիվացված 16 Օգոստոս 2018 Wayback Machine by Caroline Seawright.
  31. Tyldesley, pp. 210.
  32. James P. Allen, "The Military Campaign of Thutmose III" in Hatshepsut: From Queen to Pharaoh, ed. Catherine Roehrig, The Metropolitan Museum of Art New York, Yale University Press, 2005, p. 261. Allen writes here that scholars consider the Armant stela to mark the occasion of Thutmose III's sole reign since he uses the epithet "Thutmose, Ruler of Maat" twice on this document for the first time in his reign. This means he was asserting his own claim to the administration of Egypt after that of Hatshepsut, who by then had probably died
  33. Dennis C. Forbes, Maatkare Hatshepsut: The Female Pharaoh, KMT, Fall 2005, pp. 26–42.
  34. Bickerstaffe, Dylan, "The Discovery of Hatshepsut's 'Throne," KMT, Spring 2002, pp. 71–77.
  35. «Photo Gallery: Mummy of Egypt's Lost Queen Found». nationalgeographic.com.
  36. Ed Pilkington and Mark Tran (2007 թ․ հունիսի 27). «Tooth solves Hatshepsut mummy mystery». The Guardian.
  37. «The Search for Hatshepsut and the Discovery of Her Mummy – Dr. Zahi Hawass – The Plateau». guardians.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  38. The King Herself, National Geographic, April 2009
  39. Jennie Cohen, "Did Skin Cream Kill Egypt’s, Queen Hatshepsut?", History, 19 August 2011.
  40. «Deadly ancient Egyptian medication? German scientists shed light on dark secret of Queen Hatshepsut's flacon». ScienceDaily (անգլերեն). 2011.
  41. 42,0 42,1 Wilford, John Noble (2007 թ․ հունիսի 27). «Tooth May Have Solved Mummy Mystery». New York Times. Վերցված է 2007 թ․ հունիսի 29-ին. «A single tooth and some DNA clues appear to have solved the mystery of the lost mummy of Hatshepsut, one of the great queens of ancient Egypt, who reigned in the 15th century B.C.»
  42. «Tooth Clinches Identification of Egyptian Queen». Reuters. 2007 թ․ հունիսի 27. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
  43. Tyldesley, Hatchepsut, p. 225.
  44. Bediz, David. «The Story of Hatshepsut». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 27-ին.
  45. Mensan, Romain (Spring 2007). «Tuthmosid foundation deposits at Karnak». Egyptian Archaeology. 30: 21.
  46. «Sphinx of Hatshepsut». metmuseum.org. Վերցված է 26 November 2018-ին.
  47. «Stele of Hatshepsut and Thutmose III – Vatican Museums» (անգլերեն). Վերցված է 3 December 2018-ին.
  48. «Relief Fragment Depicting Atum and Hatshepsut». metmuseum.org. Վերցված է 3 December 2018-ին.
  49. «Seated Statue of Hatshepsut». metmuseum.org. Վերցված է 26 November 2018-ին.
  50. «Large Kneeling Statue of Hatshepsut». metmuseum.org. Վերցված է 26 November 2018-ին.
  51. Roehrig, Catharine (2005). Hatshepsut: From Queen to Pharaoh. The Metropolitan Museum of Art. էջ 145.
  52. Place Settings. Brooklyn Museum. Retrieved 6 August 2015.

Գրականության ցանկ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատշեպսուտ» հոդվածին։