Մ.թ.ա. III—II հազարամյակներում տարածվել են Միջերկրականի արևելյան ափերը՝ մինչև Պաղեստին (այստեղ հայտնաբերել են Հայկական լեռնաշխարհի մշակույթի նման մշակույթ (այսպես կոչված, Կիրբեթ-Կերաքյան մշակույթ)), Եփրատի վերին հոսանքի շրջանը, ուր ապրել են խեթա-լուվիացիների հարևանությամբ, Ասորեստան և Բաբելոն։ Մ.թ.ա. XVI—XIII դդ. խուռիները Հյուսիսային Միջագետքում ստեղծել են Միտաննի պետությունը, որը էական դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղաքական և մշակութային կյանքում՝ սերտ հարաբերություն ունենալով Խեթական պետության, Ասորեստանի, Բաբելոնի, Եգիպտոսի և Հայկական լեռնաշխարհի հետ։
Խուռիների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհում արտահայտվում է Վանաձորի, Լճաշենի և Թռեղքի բրոնզեդարյան մշակույթում։ Միտաննիի անկումից հետո խուռիները առաջատար տեղ են գրավել մի շարք մանր պետություններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի հարավում և հնարավորություն կա, որ դա Շուբրիան է (Շուպրիա, որի անունը ծագում է խուռիների երկրի երկրորդ՝ Շուբարաու անունից)[1]։
↑H. A. Hoffner, Jr., ed, "Perspectives on Hittite Civilization: Selected Writings of Hans G. Güterbock.", Assyriological Studies 26
Chicago: The Oriental Institute, 1997 978-1-88-592304-2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 102)։