Բարոկկո ճարտարապետություն

Ձախից աջ՝ Սուրբ Իգնատիուս (Իտալիա), Սանտա Պրիսկա դե Տասկո (Մեքսիկա), Սեն Ժերվե (Ֆրանսիա), Սմոլնիի մենաստան (Ռուսաստան)

Բարոկկո ճարտարապետությունը գեղարվեստական ուղղություն և ճարտարապետական ոճ է, ներառում է մի շարք պատմական-տարածաշրջանային գեղարվեստական ոճեր, ուղղություններ և դպրոցներ, ինչպես նաև ընդգրկում է Եվրոպայի և Ամերիկայի երկրներում (հատկապես Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի) ճարտարապետության զարգացման դարաշրջանը՝ մոտ 150-200 տարի։ Բարոկկո ոճը պատմական զարգացման ընթացքում իր արտահայտությունն է գտել արվեստի բոլոր ճյուղերում, նախ և առաջ ճարտարապետության, այնուհետև գեղանկարչության մեջ, թատրոնում (և նրա հետ կապված գրականության մեջ, երաժշտությունում), քանդակագործության մեջ։

Պատմություն

խմբագրել
 
Հռոմում գտնվող Ջեզու եկեղեցու նավը և աբսիդը

Համաձայն որոշ հետազոտողների՝ իտալական արվեստում ի հայտ եկած բարոկկո ոճը ձևավորվել է մաներիզմի հիման վրա։ Իտալական ճարտարապետության մեջ վաղ մաներիզմի նշանավոր ներկայացուցիչ էր Ջակոմո դա Վինյոլան (1507-1573)։ Նա Հռոմում կառուցել էր Էտրուսկների ազգային թանգարանային անսամբլը Հռոմի Հուլիոս III պապի (1550-1555) պահանջով։ Այս կառույցը համեմատաբար փոքր է, բայց տարբերվում է իր կառուցվածքով և համակարգի ավելի լայն մեկնաբանությամբ ու ճարտարապետական տարածքի պատկերավորությամբ․ մեծ և փոքր կամարների ու պարտեզների համադրություն, շատրվաններ, որմնանկարներով և բաց ռելիեֆներով կիսաշրջանաձև պատկերասրահներ, տարբեր բարձրությունների վրա տեղակայված տաղավարներ։ Այնուամենայնիվ, ըստ մեծամասնության կարծիքի՝ բարոկկո ոճի ձևավորումը սկսվում է այնտեղից, որտեղից տեղի է ունենում դասական տեկտոնական համակարգի՝ սիմետրիայի և փակ ճարտարապետական հորինվածքի ոչնչացումը։ Բարոկկո ոճի «իսկական» հիմնադիրը համարվում է Միքելանջելոն[1]։ Պատահական չէր, որ բարոկկո ոճը ծագեց Հռոմում, քանի որ հին հռոմեական արվեստի հուշարձանները դարձան բարոկկո ճարտարապետության աղբյուրներից մեկը։ Միքելանջելոն առաջինն էր, ով դուրս եկավ ճարտարապետության մեջ կարգուկանոնի ավանդական պատկերացումից[2]։

 
Կլեմենտինումի գրադարանը Պրահայի ճիզվիտական համալսարանում (1722)

Այսպիսով, ճարտարապետական այս ոճը ծնունդ է առել Իտալիայում մոտավորապես 17-րդ դարի սկզբին և աստիճանաբար տարածվել ամբողջ Եվրոպայում։ Բարոկկո ոճի առաջացման և զարգացման ամենակարևոր խթանններից էր 16-17-րդ դարերի աշխարհագրական և գիտական մեծ հայտնագործությունները, որոնք մեծապես ընդարձակեցին մարդկանց մտածելակերպը ժամանակի և տարածության վերաբերյալ։ Հաջորդ կարևոր խթանը կաթոլիկության գաղափարախոսությունն էր։ Բարոկկո ոճը կաթոլիկ եկեղեցու կողմից ի սկզբանե ներկայացվել է որպես Ռեֆորմացիայի և բողոքական եկեղեցիների դեմ պայքարի միջոց՝ նոր ճարտարապետություն, որը զարմանք ու հիացմունք էր առաջացնում[3]։ Այդ պատճառով, բարոկկո ոճը կոչվում է նաև «հակահեղափոխության ոճ» և «պատրանքի արվեստ»[4]։

Ճարտարապետական այս ոճը իր գագաթնակետին հասավ Բարձր Բարոկկոյի շրջանում (1625–1675), երբ այն օգտագործվում էր Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի եկեղեցիների և պալատների կառուցման մեջ։ Ուշ Բարոկկոյի շրջանը (1675–1750) 1730-ական թվականներից տարածվեց Ռուսաստանում և Լատինական Ամերիկայի Իսպանիայի ու Պորտուգալիայի գաղութներում, իսկ Կենտրոնական Եվրոպայում հայտնվեց և ծաղկեց՝ վերափոխվելով մեկ այլ ոճի՝ ռոկոկոյի[5][6]։ Բարոկկո ճարտարապետները վերցրին Վերածննդի ճարտարապետության հիմնական տարրերը, ներառյալ գմբեթներն ու սյունաշարերը, և դրանք ավելի բարձր, ավելի զարդարված և ավելի դրամատիկ դարձրին։ Կառույցների ներսի ճարտարապետական հնարները այն տպավորություն էին ստեղծում ասես աչքերդ վերև բարձրացնելով նայում էիր դեպի երկինք։ Քանդակված հրեշտակներն ու պատկերված նկարները ամբողջովին ընդգրկում էին առաստաղը։ Լույսը օգտագործվում էր նաև դրամատիկ էֆեկտ ստանալու համար. այն հոսում էր գմբեթներից և արտացոլվում էր ոսկեզօծության առատությունից։ Սյուները նույնպես դեպի վեր շարժման պատրանք էին ստեղծեում․ այդ դեկորատիվ տարրերը գրավում էին ամբողջ հասանելի տարածքը։ Բարոկկո պալատներում մեծ սանդուղքները գլխավոր տարր էին դարձել[7]։

Վաղ Բարոկկո (1584–1625)

խմբագրել

Բարոկկո ճարտարապետությունը ծնունդ է առել 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին իր արտահայտությունը գտնելով Հռոմի եկեղեցական ճարտարապետության մեջ`որպես բողոքական եկեղեցու բարեփոխումներին դիմակայելու միջոց։ Այս ոճը արձագանքն էր եկեղեցական ավելի վաղ ձևավորված խիստ, դասական ոճին և նպատակ ուներ հասարակ մարդկանց զարմացնել, հիացնել, ինչպես նաև վախ ներշնչել։ Այդ պատճառով օգտագործվում էին հակադրությունների, շարժման, խաբկանքի և այլ դրամատիկ ու թատերական հնարների համադրություն․ օրինակ, ներկված, նկարներով պատված առաստաղները այնպիսի պատրանք էին ստեղծում, կարծես՝ ուղղակիորեն նայում էիր երկնքին։ Նոր ոճի ձևավորմանը հատկապես նպաստում էին կրոնական պատվերները, թատրոնները, ինչպես նաև, ճիզվիտները, ովքեր ժողովրդական լայն լսարանի համար նախատեսված նոր եկեղեցիներ էին կառուցում[8]։

Վաղ բարոկկոն (1584–1625) հիմնականում ակնհայտ էր իտալացի ճարտարապետների աշխատանքներում, ինչպես օրինակ, ճարտարապետ Ջակոմո դելա Պորտայի նախագծած Ջեզու եկեղեցին, Կառլո Մադերնայի կողմից կառուցված Սուրբ Պետրոսի բազիլիկի ճակատը և գմբեթը (1612) և Սանտա Սուսաննան (1603)։ Ֆրանսիայում այս ոճի վաղ շրջանի օրինակ էր Սալոմոն դե Բրոսե կողմից Մարիա Մեդիչի համար կառուցված Լյուքսեմբուրգի պալատը (1615–1645)[9]:


Հռոմի այս ոճը օգտագործող ճարտարապետներից էր Կառլո Մադերնան, ով Սուրբ Պետրոսի բազիլիկի ճակատային հատվածի և գմբեթի վերակառուցման մեջ օգտագործեց բարոկկոյի տարածության և հեռանկարների հնարքները, որը նախատեսված էր հակադրելու և լրացնելու ավելի վաղ շրջանում Միքելանջելոյի կողմից կառուցված հսկա գմբեթը[10]։ Նա վերակառուցել է նաև Հռոմում գտնվող Սանտա Սուսաննա (1603 թ․) եկեղեցին։ Հռոմի ճարտարապետության մեջ բարոկկո ոճի վաղ շրջանի ազդեցիկ օրինակներից է նաև Ջակոմո դելա Պորտայի կառուցած Ջեզու եկեղեցին (օծվել է 1584 թ.)՝ բարոկկո ճակատային հատվածով և շքեղ զարդարված ինտերիերով[11]։

Բարոկկո ոճը ճիզվիտները շուտով ներմուծեցին Փարիզ։ Փարիզի Սեն Ժերվեի եկեղեցին (1615–1621 թթ․) ունեցել է Ֆրանսիայում առաջին բարոկկո ոճով կառուցված ճակատային հատվածը, որը ներկայացնում էր գերիշխեղ երեք դասական համակարգերը[12]։ Իտալական պալատների ոճը Մարիա Մեդիչիի կողմից ներմուծվեց նաև Փարիզ, իր նոր նստավայրի՝ Լյուքսեմբուրգի պալատի (1615–1624 թթ․) կառուցման համար, որի ճարտարապետն էր Սալոմոն դե Բրոսեին, իսկ Բլուա դղյակի նոր թևի կառուցման համար ընտրվել էր ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը (1635–1638 թթ․)։ Երիտասարդ թագավոր Լյուդովիկոս 14-րդի ֆինանսների գերագույն ղեկավար Նիկոլաս Ֆուքեն իր դղյակի՝ Վո լը Վիկոնտի կառուցման համար ընտրեց այս նոր ոճը։ Դղյակի ճարտարապետն էր Լուի Լևոն (1612–1670), ում հետագայում թագավորը բանտարկեց պալատի շքեղության պատճառով[13]։

Կենտրոնական Եվրոպա

խմբագրել

Կենտրոնական Եվրոպայում բարոկկոյի վաղ շրջանի առաջին օրինակը Ռեչ Պոսպոլիտայի տարածքում գտնվող Նեսվիժի Ֆառնի եկեղեցին էր, (1945 թվականիցից հետո Նեսվիժը գտնվում է Բելառուսի տարածքում)[14][15]։ Եկեղեցին նաև առանձնացնում է նրանով, որ Ռեչ Պոսպոլիտայի և Արևելյան Եվրոպայի բարոկկո ճակատային հատվածով կառուցված առաջին գմբեթավոր բազիլիկն է[15]։ Լեհաստանի Կրակով քաղաքում կառուցված Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցին, որը կառուցվել է 1597-1969 թվականներին իտալացի ճիզվիտ ճարտարապետ Ջիովանի Մարիա Բեռնարդոնիի կողմից, ևս վաղ շրջանի վառ օրինակ է։

Բարձր Բարոկկո (1625–1675)

խմբագրել

Իտալիա

խմբագրել

Ուրբանոս VIII պապը (1623-1644) դարձավ բարոկկո ոճի ամենաազդեցիկ հովանավորը։ 1629 թվականին Կառլո Մադերնայի մահից հետո նա ճարտարապետ և քանդակագործ Լորենցո Բերնինիին դարձրեց պապական գլխավոր ճարտարապետ։ Բերնինին կառուցում էր ոչ միայն բարոկկո ոճի շինություններ, այլև ստեղծում էր բարոկկո ինտերիերներ, հրապարակներ և շատրվաններ՝ Հռոմի կենտրոնը վերածելով հսկայական թատրոնի։ Նա վերակառուցել է Պալատին բլրի վրա գտնվող Սանտա Բիբիանայի և Սան Սեբաստիանոյի եկեղեցիները, նախագծել է Բարբերինիի հրապարակի Տրիտոնի շատրվանը և իր ներդրումն է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարի կառուցման մեջ[16]։

Բարձր բարոկկոն աստիճանաբար տարածվում էր ամբողջ Իտալիայում։ Այդ ժամանակահատվածում սկսվեց Վենետիկի Բալթասար Լոնգենայի կողմից Սանտա Մարիա դելլա Սալյուտեի շինարարությունը (1630-1631)։ Այս ոճը միայն եկեղեցիներում չէր օգտագործվում։ Վաղ Բարոկկոյի լավագույն հուշարձաններից մեկը Բարբերինիի պալատն է (1626-1629), Կարլո Մադերնայի կողմից կառուցված Ուրբանոս VIII-ի ընտանիքի նստավայրը, որը զարդարվել և ավարտին է հասցվել Բերնինիի և Ֆրանչեսկո Բորրոմինիի կողմից։ Հռոմի պապի ընտանիքի նստավայրի արտաքին տեսքը համեմատաբար զուսպ էր, բայց ներքին ինտերիերը, և հատկապես, Պիետրո դա Կորտոնայի սրահի առաստաղի «Աստվածային նախախնամության ալեգորիան և Բարբերինի իշխանությունը» հսկայական որմնանկարը համարվում են բարոկկո ճարտարապետական ոճի և արվեստի գլուխգործոցներ[17]։ Եզրագծված ճակատային հատվածը և շարժման պատրանքը Ֆրանչեսկո Բորրոմինիի առանձնահատկություններն էին, առավել ևս՝ Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանեն (1634–1646), որը բարձր բարոկկոյի ժամանակաշրջանի տեսարժան վայրերից էր[18]։ Ժամանակաշրջանի մեկ այլ կարևոր հուշարձան էր Պիետրո դա Կորտոնայի կողմից Հռոմում գտնվող Սանտի Լուկա և Մարտինա եկեղեցին՝ (1635-1650) հունական խաչի տեսքով, նրբագեղ գմբեթով։ Հռոմի պապ Ալեքսանդր VII-ի պապության ընթացքում՝ 1666 թվականից մինչև 1667 թվականը, Հռոմում էլ ավելի էին շատացել բարոկկո ոճով կառուցված եկեղեցիները, հրապարակները և շատրվանները՝ կառուցված Կառլո Ռեյնալդիի, Բերնինիի և Կառլո Ֆոնտանայի կողմից[19]։

 
Սորբոնի եկեղեցին (1626–35)

Ֆրանսիա

խմբագրել
 
Մաիսոն Լաֆիտ դղյակը նախագծված Ֆրանսուա Մանսարի կողմից (1630–1651)

Թագավոր Լյուդովիկոս XIII-ի հրամանով ճարտարապետ Ժակ Լեմերսիեին 1607-1614 թվականներին ուղարկվել էր Հռոմ՝ ուսումնասիրելու առաջացած նոր ոճը։ Վերադառնալով Ֆրանսիա՝ նա նախագծեց Լուվրի պալատի Ժամացույցի տաղավարը (սկիզբը 1626) և, շատ ավելի նշանակալի Սորբոնի եկեղեցին՝ Փարիզի առաջին գմբեթավոր եկեղեցին։ Այն նախագծվել է 1626 թվականին, իսկ շինարարությունը սկսվել է 1635 թվականին[20]։

 
Լուվրի պալատի Ժամացույցների տաղավարը՝ նախագծված Ժակ Լեմերսիրեի կողմից (1624–1645)

Հաջորդ կարևոր նախագիծը Վալ դե Գրաս եկեղեցու համար շատ ավելի մեծ գմբեթի կառուցումն էր, որը սկսվեց 1645 թվականին Լեմերսիեյի և Ֆրանսուա Մանսարի կողմից, ու ավարտվեց 1715 թվականին։ Շուտով ավելացավ բարոկկո ոճով կառուցված երրորդ գմբեթը Չորս ժողովուրդների քոլեջի համար (ներկայումս՝ Ֆրանսիայի ինստիտուտ)։

1661 թվականին, կարդինալ Մազարինի մահից հետո, երիտասարդ Լյուդովիկոս XIV-ը ստանձնեց կառավարության անմիջական ղեկավարությունը։ Արվեստները գտնվում էին ֆինանսների վերահսկիչ Ժան Բատիստ Կոլբերի ղեկավարության ներքո։ Շառլ լը Բրենը՝ Գեղանկարչության և քանդակների թագավորական ակադեմիայի տնօրենը ստացել էր թագավորական կառույցների գերագույն ղեկավարի պաշտոնը և պատասխանատու էր արքայական ճարտարապետական բոլոր նախագծերի համար։ Արքայական ճարտարապետության թագավորական ակադեմիան հիմնադրվել էր 1671 թվականին՝ առաքելություն ունենալով Փարիզը աշխարհի համար դարձնել գեղարվեստական և ճարտարապետական մոդել[21]։

Լյուդովիկոս XIV-ի առաջին ճարտարապետական նախագիծը Լուվրի պալատի արևելյան թևի ճակատային մասի վերակառուցումն էր։ Բերնինին՝ այն ժամանակվա Եվրոպայի ամենահայտնի ճարտարապետը, հրավիրվել էր Փարիզ՝ իր նախագիծը ներկայացնելու։ 1664 թվականից Բերնինին առաջարկում է բարոկկո ոճով նախագծված մի քանի տարբերակներ, սակայն թագավորի ընտրությունը կանգ է առնում ֆրանսիացի ճարտարապետ Շառլ Պեռոի նախագծի՝ բարոկկոյի ավելի դասական տարբերակի վրա։ Լյուդովիկոս XIV-ը շուտով նաև սկսում է նախագծել Վերսալյան նոր պալատի կառուցումը։ Ընտրված ճարտարապետներն էին Լուի Լևոն և Ժյուլ Հարդուին-Մանսարը, իսկ նոր պալատի ճակատները կառուցվել են ավելի վաղ շրջանի Մարմարե արքունիքի շուրջ 1668 թվականից մինչև 1678 թվականը ընկած ժամանակահատվածում։ Ժյուլ Հարդուին-Մանսարի Վերսալի պալատը, հատկապես ճակատային հատվածը եվրոպական այլ պալատների համար մոդել հանդիսացավ[22]։

 
Փարիզի Սուբիս հյուրանոցի սրահ (1735-1740)․ Ջերման Բոֆրանդ
 
Վուրցբուրգի նստավայրը․ Բալթասար Նեյման (1749-1751)

Ուշ Բարոկկո (1675–1750)

խմբագրել

1675–1750 թվականներին այս ոճը տարածվեց ամբողջ Եվրոպայում՝ Անգլիայից և Ֆրանսիայից մինչև Կենտրոնական Եվրոպա, Ռուսաստան, Իսպանիայից և Պորտուգալիայից մինչև Սկանդինավիա, ինչպես նաև իսպանական և պորտուգալական գաղութներում։ Այն հաճախ տարբեր տարածաշրջաններում այլ անուններով էր հայտնի։ 18-րդ դարի սկզբին նմանատիպ ճարտարապետական հորինվածքով կառույցները Ֆրանսիայում կոչվել են ռոկաիլ, Իսպանիայում և Կենտրոնական Եվրոպայում՝ ռոկոկո։

Քանդակներով և որմնանկարներով զարդարված էին պատերի և առաստաղի ամբողջ տարածությունը։ Այս ոճի ամենանշանավոր ճարտարապետներից է Բալթասար Նեյմանը, ով հայտնի էր իր «Տասնչորս սուրբ օգնականների» բազիլիկայի և Վուրցբուրգի նստավայրի համար կատարած աշխատանքներով (1749–1751): Վերջիններս ռոկոկոյի կամ ուշ բարոկկոյի վերջին արտահայտություններն էին[23]։

Իտալիա

խմբագրել

18-րդ դարի սկզբին բարոկկո շինությունները կարելի էր գտնել ամբողջ Իտալիայում։ Ուշագրավ օրինակներից է Թուրինի մոտ գտնվող Սուպերգա բազիլիկան՝ կառուցված Ֆիլիպպո Յուվարայի (1717–1731) կողմից, ինչի համար օրինակ էր ծառայել Փարիզի պանթեոնը[24]: Ստուպինիգիի պալատը (1729–3129), լինելով որսորդարան, Թուրինի մերձակայքում գտնվող Սավոյի թագավորական տան նստավայրերից մեկն էր, և կառուցվել է Ֆիլիպպո Յուվարայի կողմից։

Ֆրանսիա

խմբագրել

Ֆրանսիայում ուշ բարոկկոյի շքեղ օրինակներ են Վերսալյան պալատի ծավալուն զարդարանքները, ներառյալ Հայելիների սրահը և մատուռը։ Ավելի ուշ՝ Լյուդովիկոս XV-ի օրոք, Փարիզում հայտնվեց նոր, ավելի զարդարուն տարբերակ՝ ռոկաիլ ոճը, կամ ֆրանսիական ռոկոկոն, և ծաղկում ապրեց 1723-1759 թվականներին[25], որի ցայտուն օրինակը Փարիզի Սուբիս հյուրանոցի արքայադստրերի սրահն էր՝ նախագծված Ժերմեն Բոֆրանդի և Չարլզ-Ջոզեֆ Նատուարի (1735-1740) կողմից[26][27]:

Ռոկաիլ ոճը շարունակվեց մինչև 18-րդ դարի կեսերը։ Հերկուլանումում և հատկապես Պոմպեում հռոմեական հնությունների բացահայտումները 1738-1748 թվականներին ֆրանսիական ճարտարապետությունը վերածեցին ավելի սիմետրիկ և պակաս բոցավառ նեոկլասիցիզմի։

Անգլիա

խմբագրել

Քրիստոֆեր Վրենը Անգլիայի ուշ բարոկկոյի նշանավոր ճարտարապետներից էր, ով վերակառուցել է Սուրբ Պողոսի տաճարը (1675–1711), ոգեշնչվելով Հռոմի Սուրբ Պետրոսի բազիլիկայի մոդելով, նաև նախագծել է Գրինվիչ հիվանդանոցը (1695 թ.) և Համփթոնի արքունական պալատը (1690–96): Ուշ բարոկոյի շրջանում իրենց գործերով հայտնի էին նաև բրիտանացիներ Ինիգո Ջոնսը, Վրենի երկու աշակերտները՝ Ջոն Վանբրուկն ու Նիկոլաս Հոքսմորը և ուրիշներ[28]։

Կենտրոնական Եվրոպա

խմբագրել

Ուշ բարոկկոյի ամենահիասքանչ շինություններից շատերը կառուցվել են Ավստրիայում, Գերմանիայում և Չեխիայում։ Ավստրիայում հայտնի էր Ֆիշեր ֆոն Էրլաչը, ով կառուցեց Վիեննայի ամենամեծ եկեղեցին Կառլսկիրխեն՝ ավստրիական կայսրերին փառավորելու համար։ Այս գործերում առկա էին Վերսալի ճարտարապետական հորինվածքի և իտալական բարոկկոյի տարրեր, որոնք շինություններին վեհություն էին հաղորդում, օրինակ, Շվարցենբերգի պալատը (1715), նաև Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտը օգտագործել էր մեծ սանդուղքները և էլիպսաձև տարածությունը Վիեննայի վերին և ստորին Բելվեդերյան պալատում (1714–1722):

Գերմանական բարոկկոյի մեկ այլ կարևոր գործիչ էր Բալթասար Նեյմանը (1687–1753), ում աշխատանքներից էր Վուրցբուրգի նստավայրը իր հանրահայտ աստիճաններով՝ Վրացցբուրգի արքայազն-եպիսկոպոսների համար[29]։

Բոհեմիայում բարոկկոյի առաջատար ճարտարապետը Քրիստոֆ Դիենտենհոֆերն էր, ում նախագծած կառույցներում ներկայացված էին բարդ, հակադարձ և էլիպսաձև կորերը, ինչն էլ Պրահան դարձնում է ուշ բարոկկոյի մայրաքաղաք[30]։

Իսպանիա

խմբագրել

17-րդ դարում քաղաքական և տնտեսական ճգնաժամը հետաձգեց բարոկկոյի մուտքը Իսպանիա մինչև ուշ բարոկկոյի շրջան։ Չնայած՝ ճիզվիտները դրա տարածումը խթանում էին։ 18-րդ դարի սկզբին Իսպանիայում ոճի վաղ բնութագիրը շքեղ արտաքին տեսքն էր, որը հակասում էր համեմատաբար պարզ ինտերիերին[31]։ Ակնառու օրինակներից էր Ֆերնանդո դե Կասաս Նովոայի՝ Սանտյագո դե Կոմպոստելա տաճարի հիանալի աշտարակներով արևմտյան նոր ճակատը (1738–1750): Լեոնարդո դե Ֆիգուերան Սևիլիայում Սան Տելմո քոլեջի ստեղծողն էր, որի ճակաըտային հատվածը կառուցված էր իտալական բարոկկո ոճով։

Իսպանական բարոկկոյի առավել հետաքրքիր գործերից են Խոսե Բենիտո դե Չուրիգուերայի Մադրիդի և Սալամանկայի աշխատանքները։ Նրա աշխատանքում կառույցները գրեթե ճնշված են ոսկեզօծ փայտի զարդարանքներով, հսկա պտտվող սյուներով և քանդակված բուսականությամբ։ Նրա երկու եղբայրները՝ Խոակինը և Ալբերտոն նույնպես կարևոր դեր են ունեցել իսպանական ճարտարապետության մեջ և նրանց շնորհիվ մեծ տարածում է գտել, այսպես կոչված, Չուրիգերյան ոճը[31]։

Լատինական Ամերիկա

խմբագրել

Բարոկկո ոճը 17-րդ դարում իսպանացիների և պորտուգալացիների միջոցով մուտք գործեց Լատինական Ամերիկա, մասնավորապես` ճիզվիտների կողմից եկեղեցիների կառուցմամբ։ Այստեղ այդ ոճը երբեմն կոչվում էր Չուրիգերյան՝ Սալամանկայում բարոկկո ճարտարապետների ընտանիքի անվամբ։ Հատկապես հիանալի օրինակ է շքեղ, քանդակված ճակատով և երկվորյակների զանգակատներով Զակատեկաս տաճարը Զակատեկաս քաղաքում՝ Մեքսիկայի կենտրոնի հյուսիսային հատվածում։ Մեկ այլ օրինակ է Մեքսիկայի Սան Կրիստոբալ դե լաս Կասասը[32]։ Հատկանշական է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի Սան Բենտոյի վանքը, որի կառուցումը սկսվել է 1617 թվականին, իսկ 1668 թվականից հետո լրացուցիչ քանդակներ են ավելացվել։ Մեքսիկայի Մետրոպոլիտենի տաճարը, որը գտնվում է մայր տաճարի աջ կողմում, կառուցվել է Լորենցո Ռոդրիգեսի կողմից 1749-ից 1760 թվականներին[33]։

Պորտուգալիայի գաղութային ճարտարապետությունը մոդելավորվել է Լիսաբոնի ճարտարապետությունից, որը տարբերվում էր իսպանական ոճից։ Բրազիլիայի ամենանշանավոր ճարտարապետը Ալեիջադինոն էր։ Նրա նշանավոր գործերից է Աուրո Պրետոյում գտնվող Ասիիսի Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցին[34]։

Ռուսաստան

խմբագրել

18-րդ դարի առաջին կեսին սկսված ռուսական ճարտարապետության մեջ բարոկկո ոճի զարգացումը արտացոլում էր միապետության աճն ու ամրապնդումը։ Ռուսաստանում այս ոճը ձեռք բերեց մի շարք ազգային հատկանիշներ։ Այն տարբերվում էր Արևմուտքի, մասնավորապես, ուշ շրջանի իտալական բարոկկոյից,

 
Սմոլնի տաճարը Սանկտ Պետերբուրգում
 
Պետերգոֆի պալատը

ձեռք բերելով կառուցվածքային պարզություն, նեղ կառուցողական հիմքեր և զարդարանքնր։ Ռուսական բարոկկոյի մեկ այլ ուշագրավ առանձնահատկություններից է նրա կերպարում վառ գույների օգտագործումը, համարձակ գունագեղ հակադրությունը, ներառյալ ոսկեզօծումը[35]։

Բարոկկո ռուսական ճարտարապետությունը, որը տարածվել է Պետերբուրգում՝ Պետերգոֆի պալատական համալիրում և այլ շրջաններում, առանձնանում է կառույցների և ճարտարապետական համալիրների ձևավորման հանդիսավոր պարզությամբ և ամբողջականությամբ (ճարտարապետներ՝ Զեմցով Միխայիլ, Ռաստրելլի Վարֆոլոմեյ, Դմիտրի Ուխտոմսկի )։ Բարոկկոյի պատմության մեջ համեմատաբար քիչ են հայտնի Ուրալի գործարանների և Սիբիրի տաճարային ճարտարապետություները. սակայն կան այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «ուրալյան բարոկկոն» և «սիբիրյան բարոկկոն»։

Բնորոշ տարրեր

խմբագրել
 
Տեսողական պատրանքի էֆեկտը Ջեզու եկեղեցու առաստաղին
 
Վիեննայի Ճիզվիտական եկեղեցու տեսողական պատրանք ստեղծող որմնանկարները

Բարոկկո ճարտարապետության մեջ հաճախ օգտագործվում էր տեսողական և թատերական հնարքներ, որոնք նախատեսված էին դիտողին զարմանք և հիացմունք պատճառելու համար.

  • գմբեթները ոճի գլխավոր առանձնահատկություններից էին, որոնց ինտերիերի հիմնական մաս էր կազմում պատկերված երկինքը՝ լի քանդակված հրեշտակներով և արևի ճառագայթներով։ Բավարիայի, Չեխիայի, Լեհաստանի և Ուկրաինայի բարոկկո ճարտարապետության մեջ երբեմն օգտագործվում էին տանձանման գմբեթները։
  • քառակուսացում՝ գմբեթի և առաստաղի վրա նկարված հրեշտակի և սրբերի պատկերները վերցված դեկորատիվ շրջանակների մեջ, որը եռաչափ տեսողական պատրանք էր ստեղծում՝ կարծես առաստաղի միջոցով երկինքն էիր տեսնում։ Երբեմն նկարվում էր Ատլասի պատկերը կամ քանդակը, որը պահում էր առաստաղը։ Բարոկկո ոճով կառուցված որոշ եկեղեցիներում առաստաղի իլյուզիոնիստական նկարը եռաչափ պատրանք էր ստեղծում։
  • մեծ սանդուղքները հաճախ զբաղեցնում էին կենտրոնական տեղ և օգտագործվում էին դրամատիկ էֆեկտ ստեղծելու համար․ աստիճանաբար վեր բարձրանալով, տարբեր մակարդակներից նայում էիր առջևդ բացված հանդիսավոր տեսարանին[36]։
 
Պալացցո Բարբերինի համար նախագծված քարթուշ (1711)
  • քարտուշը՝ պատերի մանրակրկիտ հորինվածքներն և քանդակազարդ շրջանակները ավելացնում էին եռաչափ էֆեկտները։
  • հայելիները օգտագործվում էին խորության և ավելի մեծ տարածության տպավորություն թողնելու համար, մասնավորապես, երբ զուգորդվում էին պատուհանների հետ, ինչպես Վերսալյան պալատի Հայելիների սրահում։
 
Վուրցբուրգ նստավայրի մեծ սանդուղքները (1720–1780)
  • ճարտարապետական թերի տարրեր՝ ինչպիսիք էին ճակտոնները՝ որոշ բացակայող տարրերով, որոնք առաջացնում էին հատվածների միաձուլում դիտողին ապակողմնորոշելու համար։
  • Լուսաստվեր՝ խավարի և լույսի ուժեղ հակադրությունների օգտագործումը ծավալայնության դրամատիկ էֆեկտ ստանալու համար համար։
  • վերադիր քանդակներ՝ առաստաղի կամ դրա տակ գտնվող փոքրիկ փայտե քանդակներ (հաճախ ոսկեզօծ), որոնք օդում լողանալու տպավորություն էին ստեղծում։
  • Սոլոմոնիկ սյուները առաջացնում էին շարժման, շարժունության պատրանք[36]։
  • էլիպսաձև կամ ձվաձև տարածություններ՝ վերացվում էին ուղիղ անկյունները։ Երբեմն օվալաձև նավը շրջապատված էր շրջանաձև խորաններով․ օրինակ, Բալթասար Նեյմանի կողմից կառուցված Վիերզենհեիլիգենի (Տասնչորս սուրբ օգնականներ) բազիլիկան[37]։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Bailey, Gauvin Alexander. Baroque & Rococo. London: Phaidon Press, 2012.
  • Cabanne, Perre (1988), L'Art Classique et le Baroque, Paris: Larousse, ISBN 978-2-03-583324-2
  • Ducher, Robert, Caractéristique des Styles, (1988), Flammarion, Paris (In French); 2-08-011539-1
  • Texier, Simon (2012). Paris- Panorama de l'architecture. Parigramme. ISBN 978-2-84096-667-8.
  • Oudin, Bernard (1992), Dictionnaire des Architects (French), Paris: Seghers, ISBN 2-232-10398-6{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Tolman, Rolf, L'Art baroque: Architecture - Sculpture - Peinture, (2015), H.F. Ullmann, Cologne-Paris, (in French); 978-3-8480-0856-8
  • Robbins Landon, H. C. and David Wyn Jones (1988) Haydn: His Life and Music. Thames and Hudson.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Вёльфлин Г. Ренессанс и Барокко. — СПб. : Азбука-классика, 2004.- С. 245
  2. Новый энциклопедический словарь изобразительного искусства. Т. II — С. 56-57
  3. Gauvin Alexander Bailey, Between Renaissance and Baroque: Jesuit Art in Rome, 1565-1610, Toronto: University of Toronto Press, 2003.
  4. Вёльфлин Г. Искусство Италии и Германии эпохи Ренессанса. — Л. : ОГИЗ, 1934
  5. Oudin, Dictionnaire des Architectes (1994), pp. 43–44
  6. Ducher (1988), Flammarion, pp. 102–104
  7. Ducher (1988), Flammarion, p. 102
  8. Ducher, Caracteristique des Styles (1989), p. 102
  9. Toman (Rolf, L'Art Baroque – Architecture – Sculpture- Peinture (2015) pp. 12–70
  10. Ducher, Caracteristique des Styles (1989), p. 104
  11. Wittkower R., Art & Architecture in Italy 1600–1750, 1985 edn, p. 111
  12. Texier, Simon, Paris – Panorama de l'architecture (2012), p. 31
  13. Toman, L'Art Baroque (2015) p. 125
  14. Aliaksiej Sierka. «The Farny Roman-Catholic Church». www.belarusguide.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  15. 15,0 15,1 Adam Mickiewicz University (1991). «Volumes 5–6». Lituano-Slavica Posnaniensia (լեհերեն). UAM. էջ 90. ISBN 83-232-0408-X.
  16. Toman, L'Art Baroque (2015), pp. 15–45
  17. Toman, L'Art baroque (2015), pp. 21–23
  18. Ducher (1989) p. 104
  19. Toman, L'Art baroque (2015), pp. 24–45
  20. Toman (2015) p. 128
  21. Toman (2015) pp. 129–131
  22. Toman (2015) pp. 133–35
  23. Toman (2015), pp. 190–194
  24. Toman, 2015) p. 58
  25. Lovreglio, Aurélia and Anne, Dictionnaire des Mobiliers et des Objets d'art, Le Robert, Paris, 2006, p. 369
  26. Hopkins, 2014
  27. De Morant, 1970
  28. Toman (2015) pp. 162–169
  29. Cabanne (1988), pp. 901
  30. Cabanne (1988), pp. 90–92
  31. 31,0 31,1 Cabanne (1988) pp. 49–51
  32. Toman (2015) p. 120
  33. Horz de Via, Elena (1991). Guia Oficial Centro de la Ciudad de Mexico. Mexico City: INAH-SALVAT. էջեր 28–30. ISBN 968-32-0540-2.
  34. Toman (2015) p. 121
  35. Русское зрелое барокко / Барокко в России / История архитектуры / www.Arhitekto.ru
  36. 36,0 36,1 Ducher (1988), p. 102
  37. Ducher, Robert, Caractéristique des Styles (1988), pp. 102–103