Նավ (ֆր.՝  nef, լատին․՝ navis` նավ), ինտերիերի ձգված մաս հատկապես բազիլիկ կառույցներում, որը մեկ կամ երկու կողմերից սահմանափակվում է սյունաշարով կամ սյունով` զատելով այն հարևան նավերից[1]։

Ռոմանական եռանավ եկեղեցու կառուցվածքը

Ստուգաբանություն

խմբագրել

«Նավ» բառը ծագում է լատին․՝ navis` «նավ» բառից։ Ենթադրվում է, որ այդ անվանումը պետք է ընդգծեր եկեղեցու հիմնական տարածքի նշանակությունը, քանի որ նավը քրիստոնեական եկեղեցու հիմնական խորհրդանիշերից է[2][3]։ Հնարավոր է նաև, որ այն արտացոլում է եկեղեցու այդ մասի նմանությունը շրջված նավին[4]։

Պատմություն

խմբագրել
 
Սուրբ Պետրոսի բազիլիկը (4-րդ դար) պատկերող ֆրեսկո

Ինտերիերի բաժանումը նավերի առաջացել է հին հունական եկեղեցիներում։ Հին հռոմեական ճարտարապետության մեջ քաղաքացիական շենքերը` բազիլիկները, բաղկացած են եղել զուգահեռ նավերից։

Սկսած 4-րդ դարից` շինության բազիլիկ ձևը կիրառվել է քրիստոնեական եկեղեցիներում։ Նավերի են բաժանված եղել ինչպես բազիլիկ եկեղեցիները, որոնք տարածված են եղել միջնադարում Արևմտյան Եվրոպայի կաթոլիկ ուղղության ճարտարապետության մեջ, այնպես էլ շատ գմբեթավոր եկեղեցիներ, որոնք ի հայտ են եկել և լայն տարածում գտել քրիստոնյա արևելյան երկրներում և Բյուզանդիայում։ Ի տարբերություն խորանի և երգչախմբի համար նախատեսված մասի, որոնք նախատեսված են եղել բացառապես հոգևորականների համար, նավը եկեղեցու այն մասն է եղել, որտեղ կարող էին գտնվել աշխարհիկ մարդիկ[3]։

Վաղ քրիստոնեական եկեղեցիներում սովորաբար եղել է 3 կամ 5 նավ (որպես կանոն` կենտ թվով)։ Պատերի վերին մասում տեղադրվել են կառույցը լուսավորող պատուհանները։ Նավերը ծածկվել են փայտե հարթ առաստաղով[3]։

Միջին դարերում ռոմանական և գոթական տաճարների նավերը ծածկվել են արդեն քարե ծածկերով։ Միջին նավը, որպես կանոն, ավելի բարձր էր լինում մյուսներից, չնայած կառուցվել են եկեղեցիներ, որոնց բոլոր նավերը հավասար են եղել։ Նրանց ինտերիերը կոչվել է սրահային։

Ինտերիերի բաժանումը նավերի որպես տարածված միջոց պահպանվել է վերածննդի, բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջաններում։

Ճարտարապետական լուծումներ

խմբագրել
 
Ամյենի Աստվածամոր տաճարի կենտրոնական նավը

Բացի երկարավուն նավերից` լինում են նաև լայնակի նավեր` տրանսեպտներ։ Վաղ քրիստոնեական բազիլիկներում տրանսեպտով ավարտվում էր շինությունը խորանի մոտ։ Ավելի ուշ բազիլիկներում տրանսեպտը տեղադրվում էր շենքի կենտրոնական մասում` կենտրոնական նավի հետ խաչ ձևավորելով։ Այդպիսի շինություններում հատվող տեղը առանձնացվում էր աշտարակով կամ գմբեթով։

Խաչաձև-գմբեթավոր տաճարներում երկայնակի և լայնակի նավերը կարող են լինել նույն երկարության` ձևավորելով հավասար կողմերով խաչ։ Որոշ եկեղեցիներում նավերը թույլ են արտահայտված, ինչի դեպքում ճիշտ չէ «նավ» եզրը օգտագործել խաչաձև-գմբեթավոր եկեղեցու ինտերիերը նկարագրելու համար։

Ինչպես հին հռոմեական ճարտարապետության մեջ, նավեր կարող են ունենալ նաև աշխարհիկ կառույցները, օրինակ` Սան Մարկո եկեղեցու գրադարանը Ֆլորենցիայում (1431-1441)[5]։ Մոսկվայի մետրոպոլիտենի շատ կայարաններ ունեն եռանավ սրահներ` երբեմն առավել բարձր կենտրոնական նավով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ճարտարապետական տերմինների բառարան
  2. Britannica
  3. 3,0 3,1 3,2 Ճարտարապետություն. կարճ տեղեկատու, 2004, էջ 331
  4. ЭСБЕ
  5. Ի. Ա. Սմիրնովա, 13-15-րդ դարերի իտալական արվեստ։ «Искусство»,М.,1987. Планы и схемы VIII.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 184