Մաներիզմ
Մաներիզմ (իտալերեն՝ manierismo, maniera- մաներա, ոճ, եղանակ), ուղղություն 16-րդ դարի եվրոպական արվեստում, որն արտացոլում է Բարձր Վերածննդի հումանիստական մշակույթի ճգնաժամը։ Մաներիզմի գեղագիտական հիմնական չափանիշ է դարձել ոչ թե բնությանը հետևելը, այլ արվեստագետի ներաշխարհում ծնված գեղարվեստական կերպարի սուբյեկտիվ «ներքին գաղափարը»։ Ոճական ելակետ ընդունելով Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի այլ վարպետների ստեղծագործությունները՝ մաներիստները խեղաթյուրում էին դրանց հիմքում ընկած ներդաշնակության սկզբունքները, արմատավորում աշխարհի վաղանցիկության և իռացիոնալ ուժերին հլու մարդկային ճակատագրի երերունության մասին պատկերացումները։ Մաներիզմի արվեստում վերածնվել են միջնադարյան պալատական-ասպետական մշակույթի առանձին գծեր։ Մաներիզմը ցայտուն կերպով է դրսևորվել իտալական արվեստում։ Վաղ շրջանի մաներիստների (Պոնտորմո, Ռոսսո, Ֆիորենտինո, Պարմիջանինո) երկերին բնորոշ են ողբերգականությունն ու միստիկական հուզավառությունը, գունային ու լուսաստվերային հակադրությունները, դիրքերի ու մոտիվների ընդգծված արտահայտչականությունը, ֆիգուրների համամասնությունների ձգվածությունը, վիրտուոզ, ինքնաբավ գծանկարը։ Մաներիստական դիմանկարում (Բրոնզինո և ուրիշներ), որը այդ ժանրի զարգացման նոր ուղիներ է հայտնաբերել, կերպարների ազնվականական ներփակվածությունը զուգորդվել է բնորդի նկատմամբ արվեստագետի սուբյեկտիվ-հուզական վերաբերմունքին։ 1540-ական թվականներին, պալատական արվեստում մաներիզմը դարձել է իշխող ուղղություն, այդ շրջանի գեղանկարչությունը աչքի է ընկնում սառը, «ակադեմիական» պաշտոնականությամբ (Ջ. Վազարի, Ջ. Պ. Լոմացցո)։ Մաներիզմի քանդակագործությանը (Բ. Ամմանատի, Բ. Չելլինի) բնորոշ են մարմնաձևերի ոճավորումը, ծավալների մանրատվածությունը, ինչպես և բացարձակ կլոր քանդակի պրոբլեմների համարձակ լուծումը։ Մաներիզմի ճարտարապետության մեջ (Բ. Ամմանատի, Զ. Վազարի, Պ. Լիգորիո, Ջուլիո Ռոմանո) կերպարի հումանիստական պարզությունը իր տեղը զիջել է թատերական էֆեկտներին, հարդարանքի պաճուճավորմանը։ Մաներիզմի իտալական վարպետների գործունեությունը երկրի սահմաններից դուրս նպաստել է այդ ուղղության համաեվրոպական դառնալուն։ Բոլոնիայի դպրոցի ակադեմիստների և Կարավաջոյի հանդես զալով մաներիզմը անկում է ապրել՝ իր տեղը զիջելով բարոկկոյին։ ժամանակակից արևմտյան արվեստաբանության մեջ «մաներիզմ»-ն անհիմն կերպով տարածվում է նաև իրենց ուրույն ճանապարհով ընթացած կամ մասամբ ազդված վարպետների (Տինտորետտո, Էլ Գրեկո, Լ. Լոտտո, Պ.Բրեյգել Ավագ) վրա։
Գրականություն
խմբագրել- Виппер Б.Р., Борьба течений в итальянском искусстве XVI века..., М., 1956.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 220)։ |