Ֆիդայական շարժում
Հայ ազգազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը (անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզանական՝ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբերեն բառ է, նշանակում է «զոհ», բայց ընկալվում է «անձնազոհ» իմաստով)։ Շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում՝ տարերայնորեն (թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ծանր ու օրհասական վիճակով) 1880-ական թվականների կեսերին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ։ Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը՝ ֆիդայիները երդվել են. «Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը»։ Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ։
Հայ ազատագրութեան մեր նախնեաց սուրբ տուն, - Հատված Սասունի և Տարոնի հայ քաջերի երդումի երգից։
|
Ֆիդայական շարժում
խմբագրելՀայ առաջին ֆիդայիներից էին Կարապետը՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը։ 1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։
Ֆիդայիների` ժողովրդին միավորելու փորձերը
խմբագրելՖիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար, այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-90-ական թվականներին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժում։ Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Սարգիս Կուկունյանի, Վարդան Գոլոշյանի նախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից։
Արևմտյան Հայաստանի ազատագրումը
խմբագրել1890-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ։ Ազգային կուսակցությունների հիմնական, նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հետևաբար նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Կուսակցություները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական, ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափար, ղեկավարությունը։ Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականերին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում։
1890-ական թվականների 2-րդ կեսից ՀՅԴ-ն, հասարակականքաղաքական կյանքում դառնալով ամենաազդեցիկը, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամներ։ Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկյան Հայաստանում։ Աբդուլ Համիդյան ջարդերի ժամանակ (մեծ չափերի է հասել Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863-1893) Աղբյուր Սերոբ (Վարդանյան, 1864-1899) Սոսե Մայրիկ (Վարդանյան, 1868-1953)
Քրդական ցեղերն ու ցեղապետերն ընդդեմ հայերի
խմբագրել1894-96 թվականին ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր։ Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետներին՝ ընդդեմ հայերի։
Հայտնի են Բաբշենի (1898), Խաստուրի (1899), Սպաղանքի (1899 և 1900), Ցրոնքի (1899), Բերդակի, Նորշենի, Առաքելոց վանքի (Երեքն էլ՝ 1901) կռիվները։ Ֆիդայական շարժման նշանավոր դեմքերից են Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Իշխանը (Հովսեփ Արղության) և ուրիշներ։
1904 թվականի Սասունի ապստամբություն
խմբագրելՖիդայական շարժման պոռթկում էր 1904 թվականի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ։ 20 դարի սկզբին դաշնակցականները և հնչակյանները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ Այսրկովկասից ու Իրանից։ Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները և հաճախ ձախողել այդ ձեռնարկումները։
1903 թվական
խմբագրել1903 թվականի գարնանը սահմանն անցած դաշնակցական ջոկատներից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) և Մենակի (Եգոր Առուստամյան) «Մրրիկ» հեծելախմբին (33 մարդ) է հաջողվել մայիսի վերջին հասնել Սասուն։ Սեպտբերի սկզբին Գերմանիայում սովորող Աբրահամյանը 50-հոգանոց զինված խմբով փորձել է անցնել սահմանը, սակայն ձերբակալվել է։ Սեպտեմբերի 30-ին «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ) Բասենում ընդհարվել է թուրքական ջոկատների հետ։
1904 թվական մայիսի վերջ
խմբագրել1904 թվականի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, ընկել թուրք, բանակի շրջափակման մեջ և զոհվել։ Հունիսին Կայծակի (Վաղարշակ Բաղդասարյան) «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Ձևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծելախումբը (18 մարդ), սահմանագլխին բախվելով թուրք, զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Իրան։ Հուլիսի 24-ին 102-հոգանոց մի խումբ Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) և Կապիտան Բաբկենի (Նիկողայոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը։ «Սրտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղ, իսկ «Մասիսը» Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ՝ դեպի Զոր։ Թշնամու հետ ընդհարվելով՝ խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։
Խանասորյան սերունդ
խմբագրելԱրևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ։ Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ, առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897), որի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ ընդհանուր հրամանատար Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)՝ Խանասորի Վարդան անուններով։
1904 թվական ֆիդայական շարժում
խմբագրել1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905 թվականի Ալվառինջի, 1907 թվականի Մուլուխի կռիվներ)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել։ Շարժման ելքը կանխորոշել են գործող պատմության ուղղությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը։ Այդուհանդերձ, ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները։
Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավոր, ջոկատների մեջ, իսկ մեծ եղեռնի օրերին մասնակցել է հայերի ինքնապաշտպան, մարտերին։
1895 թվական Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական ջոկատների հրամանատարություն
խմբագրելԱղբյուր Սերոբ 1864, գ. Սոխորդ (Բիթլիսի նահանգ, Խլաթ գավառ)-1899], 1895 թվականից ստանձնել է Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական ջոկատների ընդհանուր հրամանատարությունը։ Բազմաթիվ մարտերում տարած հաղթանակների համար նրան անվանել են «Նեմրութի հսկա» կամ «Ասլան»։ 1899 թվականին Սասունի Գելիեգուզան գյուղում քուրդ ցեղապետ Բշարե Խալխը Գեղաշենի գյուղապետի՝ Ավեի միջոցով թունավորել է Սերոբին, ապա թուրքական զորքերը պաշարել են Սերոբի տունը, սպանել մահամերձ ֆիդայապետին, նրա թիկնապահներ Մխեին, Ջաքարին ու 12-ամյա որդուն՝ Հակոբին։ Հայերի շրջանում սարսափ տարածելու նպատակով թուրքերը կտրել են Սերոբի գուխը և այն շրջել Սասունի գյուղերով։ Սերոբի կինը՝ խմբի միակ կին հայդուկ Սոսեն (ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով), շարունակել է ամուսնու հայրենանվեր գործը։ 1900 թվականին Աղբյուր Սերոբի զինվորներ Գևորգ Չաուշ ու Անդրանիկը ոչնչացրել են դավաճան Ավեի ողջ գերդաստանը և սպանել Բշարե Խալխին։
Գևորգ Չավուշ [1870, գ. Մկթնեք (Սասունի գավառ) - 1907, արդեն 1894 թվականին ճանաչված ֆիդայի էր և Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից։ 1896 թվականին փախչելով բանտից՝ միացել է Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի ջոկատներին։ 1901 թվականին մասնակցել է Առաքելոց վանքի կռվին, 1904 թվականին՝ Սասունի ապստամբությանը։ Զոհվել է 1907 թվականի մայիսի 27-ին՝ Սոզուխի (Մշո գավառ) կռվում։
Անդրանիկ Օզանյան. փառաբանված հայդուկապետն ու զորավարը
խմբագրելԱնդրանիկ Օզանյան (1865, քաղաք Շապին- Գարահիսար (Սեբաստիայի նահանգ)-1927, քաղաք Ֆրեզնո (Կալիֆոռնիայի Նահանգ, ԱՍՆ), 1928 թվականին աճյունը տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեգ գերեզմանատուն, 2000-ին՝ Երևան, ամփոփված է Եռաբլուրում), փառաբանված հայդուկապետն ու զորավարն սկզբում կռվել է Վազգենի ու Գուրգենի խմբերում, ապա նրանց հետ միացել Աղբյուր Սերոբին։ Մեծ համբավ է ձեռք բերել 1900 թվականին՝ հայ բնակչության պատուհասին՝ Բշարե Խալխին սպանելուց հետո։ 1901 թվականին ղեկավարել է Առաքելոց վանքի կռիվը, 1904 թվականին՝ Սասունի ապստամբությունը։ 1912-13-ի Բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական բանակի կազմում կռվել է Թուրքիայի դեմ, առաջին համաշխարհային պատերազմում (1914-18) գլխավորել է հայկական առաջին կամավոր, ջոկատը Կովկասյան բանակի կազմում։
Աղբյուր Սերոբ
խմբագրելԱղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, Սողորդ, Խլաթ - 1 նոյեմբերի, 1899), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։ Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Խլաթ) գավառի Սողորդ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թվականին։ Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։
Բնատուր որսորդ էր. 18 տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն, Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդությանը, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։ Նա բարձրահասակ էր, բնականից օժտված ֆիզիկական հրաշալի տվյալներով, իսկ լեռներում անցկացրած ազատ կյանքը, որսորդությունն ու ձիավարժությունը մեծապես նպաստեցին մեծ ռազմիկին բնորոշ ֆիզիկական հզոր կոփվածքի ձևավորմանը։
Երբ բոլորում է Սերոբի 21 տարին, Պոլսից գյուղ է վերադառնում ազգային կյանքով տարված, ուսյալ հորեղբայրը՝ Առաքելը։ Հորեղբայրը հայրենասիրական գաղափարներ ու պայքարի ոգի է սերմանում նրա հոգում։ Եվ մի օր էլ, երբ Սերոբը վերադառնում էր սարերից՝ որսի հերթական զոհը շալակին, հորեղբայրը դիմում է նրան.
Սերոբ, իրաւ դուն լաւ, կտրիչ որսորդ ես, նշան բռնած տեղը կը գամես, բայց բաւական չէ վայրի գազաններ որսալ, ատիկա հեշտ է, երբեմն մարդ գազաններ ալ որսալու է։ |
Հետագայում արդեն ֆիդայապետ Սերոբը բազմիցս խոստովանել է, որ «իր յեղափոխական մտքերու մեծագույն մասը պարտական է մեռած հորեղբորը՝ Առաքելին»։ Հաշվի առնելով նրա անսանձ, ըմբոստ խառնվածքը՝ որոշում են ամուսնացնել։ Սակայն ամուսնությունը երբեք չի խոչընդոտում Սերոբին՝ ժամանակի զգալի մասն անցկացնել Նեմրութի լանջերին, մանավանդ որ կինը՝ Սոսեն, ըմբոստ բնավորությամբ հրաշալիորեն ներդաշնակում էր ամուսնուն։ Մի օր, երբ սովորության համաձայն լեռներում զբաղվում էր որսորդությամբ, երկու քրդեր նկատելով նրան, տուրք տալով հային թալանելու հարազատ ավանդույթին՝ փորձում են խլել Սերոբի ձին, հագուստներն ու զենքերը։ Սերոբը համարձակորեն կռվի է բռնվում և հրացանի առաջին իսկ հարվածով տապալում է մեկին, իսկ մյուսին հաջողվում է փախչել։ Այդ ժամանակներում հայի կողմից քուրդ սպանելը անօրինակ երևույթ էր։ Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար 1891 թվականին Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր։ Հայրենակիցների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի։
Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում Հրայր Դժոխքը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում։ Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին։ 1893 թվականի վերջին հայրենիք մեկնելու հաստատ վճռականությամբ Սերոբը թողնում է Սուլինան և մեկնում Բաթում, ապա՝ Թիֆլիս։ Թիֆլիսում ծանոթանում է Քրիստափորի և Ռոստոմի հետ, որոնց խորհրդով և օգնությամբ 1894 թվականի սկզբներին երեք ընկերներով վերադառնում է հայրենի Ախլաթ։ Ախլաթի շրջանում ժողովրդին կոչելով ինքնապաշտպանության՝ Սերոբն ասում էր. «… տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»։ 1895 թվականի դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը մարտական խմբով հասնում է Ախլաթ և անմիջապես հայտնվում մարտերի հնոցում։ Թշնամին ուշադրությունն առավելապես կենտրոնացրել էր Սողորդ գյուղի վրա, որը շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես Խչեենց անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր։ Սերոբը հայրենի շրջանը կոտորածից փրկելու, ժողովրդին ոգեկոչելու, մարտական ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու կողմից սպասվող հարձակման առավել վտանգավոր ուղղությունները, իսկ ինքը 10 ֆիդայիներով մնում է Սողորդում։ «Բոլոր գիւղերում, Սերոբի հայդուկների շուրջը համախմբուեցան տեղական, երիտասարդութիւնը, իսկ ինքը Սերոբը մի քանի ընկերներու հետ շրջում էր գիւղից գիւղ՝ հսկելու ապահովութեան վրայ»։ Սերոբի զինվորները, քաջածանոթ լինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղերում կազմակերպել մարտունակ ինքնապաշտպանական խմբեր։ Բաղեշի կոտորածից մի քանի օր անց թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերն ու Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են Սողորդի վրա։ Գյուղացիների կազմած մարտական խումբը դիրքեր է գրավում գերեզմանոցի մոտակայքում, իսկ ինքը ֆիդայիներով դարանակալվում է գյուղից գետով բաժանվող ձորերում, որպեսզի վճռական պահին թիկունքից հարվածի թշնամուն։ Քրդերը հայերի նախապատրաստությունից անտեղյակ, համարձակորեն անցնելով ձորն ու գերեզմանոցը՝ մոտենում են սողորդցիների դիրքերին։ Սկսվում է մարտը, 600 զինված քրդերի ու չերքեզներ գերակշռությունն ակնհայտ էր։ Գյուղացիների մարտական խումբը մի փոքր դիմադրելուց հետո սկսում է նահանջել, և այդ վճռական պահին թշնամու թիկունքից հարվածում է Սերոբի խումբը։ «Ու Սերոբ կընտրէ վճռական անձնազոհաթիւնը։ Իր հետ եղող տասը մարտիկներով կատաղի յարձակումը կը գործէ թշնամիին վրայ, դիակներ կիյնան և խուճապ կառաջանայ»։ Ոգևորված ֆիդայիների հուժկու գրոհից՝ գյուղացիները համարձակորեն նետվում են թշնամու վրա։ Անակնկալի եկած քրդերը՝ մարտադաշտում թողնելով սպանվածներին և 40 գերի, խուճապահար փախչում են։ Հետաքրքիր է, երբ գավառապետի միջնորդությամբ գերվածները ազատ են արձակվում, նրանք չհավատալով, որ հայերը ընդունակ են նման հանդգնության, գավառապետին ասում են. «Էֆենտիմ, այս կեավարները չէին որ մէզի յաղթեցին, այլ Մոսկովին կեավուրները բռնեցին մեր ետևէն և երկնքէն կրակ կը թափէին մեզ վրայ, մեր գնդակները անոնց չէին հասներ, իսկ անոնցները մեզմէն մարդ չը թողացին վար գլորեցին»։ Թուրքերը ի դեմս ֆիդայիների սկսում են կասկածել, որ գործ ունեն առավել կատարելագործված զենքերով զինված մարտական հատուկ խմբերի հետ։ Ախլաթի ինքնապաշտպանական կռիվները Սերոբի ֆիդայական կյանքում առաջին մարտական գործողություններն էին։ 1895 թվականին Սերոբի խմբի առաջնորդությամբ Ախլաթի հայության մղած պայքարը մեկ անգամ ևս հավաստեց, որ ջարդերի արհավիրքները կարելի է կանխել միմիայն ընդհանուր ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Համիդյան արյունոտ տարիներին, երբ թուրքական ջարդարարների վայրագություններին զոհ գնացին 300.000 հայեր, Տարոնը Արևմտահայաստանի այն եզակի շրջանն էր, որը զերծ մնաց կոտորածներից Աղբյուր Սերոբի շնորհիվ։ Թուրքական իշխանություններին հաջողվում է տեղեկանալ նահանգում հայերի կողմից իրականացվող աշխատանքներին։ Հեղափոխական շարժումները բացահայտելու և այն ոչնչացնելու նպատակով, թուրքական կառավարությունը ստեղծում է լրտեսների ու մատնիչների լայն ցանց, որի հաղորդած գաղտնի տեղեկություններից Բաղեշի թուրքական ոստիկանությունը քաջատեղյակ էր, որ Ախլաթում գործող մարտական կազմակերպությունների գլխավոր դեմքը Սերոբն է։ Թուրք իշխանությունները Սերոբին վերացնելու համար կենտրոնացնելով զինվորական ու ոստիկանական մեծաքանակ ուժեր, քրդական զինված խմբեր և քաջ գիտենալով նրա տեղը՝ այնուամենայնիվ չհամարձակվեցին առճակատ փորձ անել նրան գերեվարելու, նրան վերացնելու համար դիմեցին թունավորելու զազրելի միջոցին։ Սերոբին թունավորելու հայրենադավ գործը հանձն Է աոնում Խալիլի ոսկիների փայլից շլացած Գեղաշենցի Ավեն։ Հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ նա մի քանի անգամ գալիս Է Գելիեգուզան և հանդիպում գյուղի քահանա Տեր Քաջի տանը ապաստանած Սերոբին։ Շողոքորթությունն ու ֆիդայիներին բազմիցս բերած ուտելիքը կատարում են իրենց սև գործը։ Սերոբը չկասկածելով Ավեին՝ բարեկամաբար ընդունում Է դավաճանի թունավորած ծխախոտը։ Իսկ մինչ այդ հայերի ուշադրությունը շեղելու նպատակով թուրքերը լուրեր են տարածում, թե Թահսի փաշայի զորագունդը պատրաստվում Է արշավել Խութ–Բռնաշեն՝ տեղի քրդական ցեղերի ապստամբությունը ճնշելու։ Բայց իրականում թուրքական զորախումբը Խալիլի հրոսակախմբին միացած արշավում Է Գելիեգուզան, ուր ապաստանել Էր Սերոբն իր 12 ֆիդայիներով ու ընտանիքով։ Գեղաշենցի Ավեն արդեն հասցրել Էր կատարել իր սև գործը և անհապաղ տեղեկացնել Բշարե Խալխին։ 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են գյուղը։ Նկատելով թշնամու բազմությանը։ Այդ օրհասական պահին մրրիկի արագությամբ հայտնվում են Սերոբի չորս զինվորները և վերցնելով կիսամեռ հայդուկապետին՝ գյուղից դուրս են տանում։ «Սերոբը կարծես յոգնած խնդրեց իր հաւատարիմ հայդուկներէն. «Դրէք ինձ այս քարին առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գէթ ձեր կեանքն ազատել, մնաք բարեաւ»։ Տեսնելով Սերոբի անկարող վիճակը՝ թշնամին համարձակորեն նետվում է գրոհի։ Մի բուռ քաջեր հայդուկապետին փրկելու վճռականությամբ դիմադրում են թշնամու մեծաթիվ ուժերին։ Անհավասար կռվում զոհվում են Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Քաջարի ֆիդայուհի Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը, իսկ թշնամին արդեն հասել էր։ Բշարե Խալիլը կտրում է հերոսի գլուխը և գերեվարում ուժակորույս Սոսեին։ Թուրքերը հայերին ահաբեկելու նպատակով Սերոբի գլուխը ձողին Սասունի լեռներից հասցնում են մինչև Բաղեշ։
Հրայր Դժոխք
խմբագրելՀրայր Դժոխք (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան, 1864 - 1904, ապրիլի 13), հայդուկապետ, Ազատագրական Շարժման խորհրդանիշներից և Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից։
Ծնվել է Սասունի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ 1891-94 թվականին՝ Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից, աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893)։ 1894 թվականի գարնանը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ 1895 թվականին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ (նրանց թվում՝ Անդրանիկ Օզանյանը և Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայաստան։ 1896 թվականին Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարնի բանտ. ազատվել է ընդհանուր ներմամբ։ Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1903-04 թվականներին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904 թվականի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, բայց զոհվել է մարտում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում։ Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին։
Անդրանիկ Օզանյան
խմբագրելԱնդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել է 1917 թվականին։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձին Անդրանիկի՝ տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասաց, որ նա «խենթի պես քաջ է»։ 1915-1916 թվականներին Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցեց Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին՝ 1915 թվականի ապրիլի15-18-ին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։ 1918 թվականի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին՝ Տրապիզոնը, ապրիլի 14-ին առանց կռվի մտան Բաթում և սկսեցին շարժվել դեպի Սուխում։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։
Անդրանիկի գունդը զրկվել էր մանևրելու հնարավորությունից, որովհետև վարելով ծանր պաշտպանական մարտեր Էրզրումի ուղղությամբ, ծածկում էր 1915 թվականին փրկված հարյուր հազարավոր հայ, հույն ու ասորի գաղթականների նահանջը, որոնց վրա ռուսների նահանջից հետո նորից սարսափելի վտանգ էր կախված։ Թուրքիայի կողմից Կովկասի մեծ մասի զավթման ու Արևելյան Հայաստանում ցեղասպանության կրկնության վտանգը թվում էր գրեթե անխուսափելի։ Սակայն 1918 թվականի մայիսի 16-18 թվականին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան անպատմելի ջանքերով զսպեց օսմանյան զորքերին և նրանց արբանյակներին։ Ու չնայած թշնամու որոշ խմբերի հաջողվեց մինչև 20-25 կմ մոտենալ Թիֆլիսին, նրանց հիմնական զանգվածը կանգնեցվեց և ետ շպրտվեց։ Թշնամուց նախաձեռնությունը վերցնելով՝ զորավարը մարտեր է մղում Ղարաքիլիսայի ուղղությամբ։ 1918 թվականի մայիսի 25-28 թվականին ծավալված Լոռու ճակատամարտում, որ մեծապես ճակատագրական եղավ ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ Կովկասի, Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որոնք ջանում էին Դիլիջանով դուրս գալ դեպի Բաքու։ Կրած պարտության հետևանքով թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ Լեռնային Լոռու մարզի մեծ մասը թողնելու հրաման տալ։
1918 թվականի հունիսի սկզբին հայկական դիվիզիան մտավ Նոր-Բայազետ, այնուհետև Սելիմի լեռնանցքից Շարուր-Դարալագյազով դեպի Նախիջևան։ Շուտով զբաղեցվեցին Ջուլֆան և Բիթլիսը։ Հունիսի 14-ին Անդրանիկը հրաման տվեց, որում նշվում էր, թե իր զորքերը ենթարկվում են կենտրոնական Ռուսական կառավարությանը, իսկ Նախիջևանը հայտարարվում էր Ռուսաստանի անբաժանելի մասը։ Զորավար Անդրանիկը նաև հեռագիր ուղարկեց Կովկասի հարցերով արտակարգ կոմիսար և Բաքվի Սովնարկոմի նախագահ Ստեփան Շահումյանին, որում պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերելու Բաքվի վրա հարձակվող թուրքական զորքերից պաշտպանվող Բաքվի կոմունային։ Դեռևս 1918 թվականի ամռանը թուրքական զորքերը բռնագրավեցին պարսկական տարածքի հյուսիսային մասը՝ դեպի Բաքու առաջխաղացումը ծավալելու համար հենադաշտ ստեղծելով։ Գրավելով, մասնավորապես, Մակու, Սալմաստ, Թավրիզ, Սերաբ, Արդաբիլ և Խոյ իրանական քաղաքները, թուրքերը մտադրված էին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի միջոցով նոր զորքեր անցկացնել Պարսկաստան՝ Բաքվի վրա հարձակվելու համար։ Բայց Նախիջևանում Անդրանիկի ջոկատները կտրեցին երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայում՝ գրավեցին թուրքական կայազորը։ Խոյի շրջանում հայկական կազմավորումները անսպասելի հարված հասցրին Հյուսիս-արևմտյան Իրանում տեղաբաշխված թուրքական բանակին, ինչը ստիպեց թուրքերին՝ կանգնեցնել հարձակումը Բաքվի վրա և Անդրանիկի դեմ ուղարկել նշանակալի ուժեր։ Խոյում մարտերը տևեցին մի քանի օր։ Թուրքերը կրեցին մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական դիվիզիայի համար գրավման վտանգ առաջ բերին։ Այդ պայմաններում Անդրանիկը ստիպված եղավ թողնել Խոյը, և, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Բաքվի շրջանը։ Այնուհետև, թվով գերակշիռ թուրքական զորքերի ճնշմամբ՝ զորավար Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը ու անցնել Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջոցով ճեղքել-հասնել Բաքու և փակել նահանջող թուրքական բանակի ճանապարհը։
Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թվականի հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։ Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։ 1919 թվականի դեկտեմբերին «Վաշինգտոն Փոսթ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։
Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։
1990 թվականին նկարահանված Զորավար Անդրանիկ (ԱրմենՖիլմ) վավերագրական ֆիլմը նվիրված է Զորավար Անդրանիկի ծննդյան 125-ամյակին, ֆիլմի տեքստը կարդում է անվանի դերասան Խորեն Աբրահամյանը։
Արաբո
խմբագրելԱրաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 - 1895), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
Ծնվել է Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը։ 1889 թվականից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս, 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ Գյալառաշ (Սև բերդ) կոչվող ձորում ընդհարվել է քրդերի հետ և զոհվել իր հինգ ընկերների հետ։
Հյուսվել են Արաբոյի խիզախությունը գովերգող երգեր։
Գրականություն
խմբագրել- (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան։ ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 150։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Դեմոյան Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան 2012, էջ 226
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիդայական շարժում կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |