Քեռի (Արշակ Գավաֆյան)
Քեռի, իսկական անունը՝ Արշակ Գաւաֆեան (1858, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 15, 1916[1], Ռավանդուզ, Էրբիլ, Իրաքյան Քուրդիստան, Իրաք, թաղված է Թբիլիսիում), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Հայ կամավորական չորրորդ գունդը, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915 թ.)։
Քեռի Արշակ Գավաֆյան | |
---|---|
Ծնվել է | 1858 |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1916 թվականի մայիս |
Մահվան վայր | Ռավանդուզ, Էրբիլ, Իրաքյան Քուրդիստան, Իրաք |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, ռուսերեն, թուրքերեն |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Գործունեություն | 1880-1915 թվականներ |
Զբաղեցրած պաշտոններ | գնդի հրամանատար |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Arshak Gavafian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՔեռին ծնվել է 1858 թվականին Կարինում (Էրզրում), որտեղ ավարտել է տեղի հայկական դպրոցը։ 1882 թ. անդամագրվել է Կարինի Պաշտպան Հայրենյաց կազմակերպությանը։ 1889 թ. անցել է Կաղզվան։ Համագործակցել է Հունոյի (Հարություն Տեր-Մարտիրոսյան) հետ եւ մասնակցել նրա գլխավորած Մատռաբերդի արշավանքին, որը ձախողվել է։ Այնուհետեւ անդամագրվել է Երկիր անցնելու նպատակով կազմավորված Սարգիս Կուկունյանի խմբին։ Կուկունյանի արշավանքի 1890 թ. ձախողումից հետո կարողացել է խուսափել ձերբակալությունից։ Շատ չանցած անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը՝ 1891-1892 թթ. գործելով Կարսի մարզում։ 1893 թ. մի փոքրիկ խմբով Ջալլադի (Երվանդ Բաբերյան) հետ անցել է Կարին, իսկ 1895 թ. կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում, պաշտպանել ժողովրդին և հոգևոր առաջնորդին։ XX դարասկզբին նա կրկին Կարսի մարզում էր՝ ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ։ 1903 թ. հայդուկ Թորգոմի (Թուման Թումյան) հեծյալ «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն, մասնակցել 1904 թ. Սասունի ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Վասպուրական։ 1905 թ. Վասպուրականից անցնում է Արևելյան Հայաստան։
Հայ-թաթարական բախումների ժամանակ (1905-1906 թթ.) Քեռին եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, կռվելով հիմնականում Անգեղակոթի հատվածում։ Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ Խանին, դարձել նրա օգնականը՝ մասնակցելով 1905-1911 թթ. Իրանական հեղափոխությանը։ Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար։
Առաջին Համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) նախօրեին անցել է Կովկաս։ Պատերազմի սկսվելուց և հայ կամավորական խմբերի կազմավորումից հետո Քեռին եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար, մասնակցել է 1915 թ. Սարիղամիշի ճակատամարտին։
1916 թ. մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվում է։ Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում։
Քեռու աճյունն ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը՝ Նիկոլ Դումանի և Սեբաստացի Մուրադի կողքին։ Խորհրդային տարիներին գերեզմանատունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Շատ ու շատ ականավոր հայորդիների շիրիմների հետ միասին ոչնչացվել է նաև Քեռու շիրիմը։ Նրան է նվիրված «4-րդ գնդի հրամանատար քաջ Քեռին...» երգը։
Գրականություն
խմբագրել- Լազեան Գաբրիէլ «Դէմքեր հայ ազատագրական շարժումէն», Գահիրէ, 1949:
- Աւետեան Մ. «Հայ ազատագրական ազգային յիսնամեայ (1870–1920) յուշամատեան եւ Զօր. Անդրանիկ», Փարիզ, 1954:
- Չարըգ Ղազար «Հուշամատեան Բարձր Հայքի. Կարինապատում», Պէյրութ, 1957։
- Վալադեան Վալադ «Քեռին», «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1959, թիւ 11, էջ 24-35, թիւ 12, էջ 52-63, 1960, թիւ 1, էջ 45-53, թիւ 2, էջ 49-58, թիւ 3, էջ 80-89, թիւ 4, էջ 61-72։
- Չորմիսեան Լեւոն «Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Բ. հատ. (1878–1908 թթ.)», Պէյրութ, 1974:
- Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», հատ. Ա, Երեւան, 1990:
- Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», հատ. Գ, Երևան, 1991։
- Իգնատ Մամյան «Ֆիդայիներ», Երեւան, 1990, 152 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
խմբագրել- Աշուղ Միջազի ձոներգը Քեռուն (Արշակ Գավաֆեան)։
- https://www.youtube.com/watch?v=pbCGjeZdsrs - Հայորդիներ. Արշակ Գավաֆյան (Քեռի)