Գալուստ Արխանյան, Հաջի Բեկ (1870, Փոքր Արմտան - 1905, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, Հնչակյան կուսակցության անդամ։

Գալուստ Արխանյան
Ծնվել է1870
ԾննդավայրՓոքր Արմտան
Մահացել է1905
Մահվան վայրԵրզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Հաճախել է ծննդավայրի դպրոցը։ Աշխատել է Կ. Պոլսում, որտեղ ծանոթացել է հնչակյան գործիչների հետ և ընդգրկվել հեղափոխական շարժման մեջ։ 1890 թվականին մասնակցել է Գում Գափուի ցույցին։ Իր միջոցներով զենք է գնել և փոխադրել Արմտան։ 1891 թվականին կազմակերպել է ֆիդայիների խումբ, որը հիմնականում գործել է Արմտանի շրջանում։ 1892 թվականին զինված բախումներ է ունեցել Դերսիմի և Օվաճըկի քրդերի հետ, որոնք հաղթական ելք են ունեցել։ Թշնամու դեմ մղած մարտերում վիրավորվել է։ Գործակցել է Դերսիմի Քեռիի (Շիշմանյան Ռուբեն) հետ։ Իր մղած բազմաթիվ կռիվներով կարողացել է սանձել հայ գյուղացիությանը կեղեքող քուրդ ավազակախմբերը։ Արժանացել է «Մնձուրի առյուծ» անվանմանը։ 1893 թվականի սեպտեմբերին Արխանյանի խումբը պաշարվել է Փոքր Արմտանի մեջ։ Թուրքական կանոնավոր զորքի հետ մարտը տևել է երեք օր, հայդուկների մեծ մասը նահատակվել է և վիրավորվել, վերջացել է զինամթերքը, Արխանյանը ստիպված հանձնվել է, տեղափոխվել է Երզնկայի բանտ։ Դատավարությունը տևել է մեկ տարի։ Արխանյանը 12 տարի մնացել է բանտում, 2 անգամ փախուստի անհաջող փորձ է արել։ Մահացել է բանտում տարափոխիկ հիվանդությունից։

Արխանյանի անունը մեծ ժողովրդականություն է վայելել։ Նրա քաջագործություններին նվիրված են բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ։ Վրթանես Փափազյանը Արխանյանի կերպարը մարմնավորել է «Հաջի բեկ» վիպակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։