Մարգար Վարժապետ (Մարգար Ամիրյան) (1858, Վարդենիս, Թիլ, Մուշի մարզ, Թուրքիա - 1893, Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ազատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։

Մարգար Վարժապետ
Ծնվել է1858
ԾննդավայրՎարդենիս, Թիլ, Մուշի մարզ, Թուրքիա
Մահացել է1893
Մահվան վայրԲաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա, 7 տարի սովորելով Մուշի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում, վերադարձել է ծննդավայր, հիմնել դպրոց և աշակերտներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Դպրոցի շենքի կառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով եղել է Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, ծանոթացել Գրիգոր Արծրունու, Րաֆֆու, Մկրտիչ Խրիմյանի հետ։

Վերադառնալով գյուղ՝ Մարգար Վարժապետը ժողովրդին հորդորել է զինվել և 1880-ական թվականներին գլխավորել է վարդենիսցիների ինքնապաշտպանությունը թուրք-քրդական ուժերի դեմ։

1892-ին թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալվել և բանտարկվել է։ Դատի ժամանակ մերկացրել է թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրքական բռնատիրության դեմ։ Թուրքական իշխանությունները Մարգար Վարժապետին մեկ տարի բանտում պահելուց հետո կախաղան են բարձրացրել։ Մահից առաջ դիմել է ժողովրդին՝ կոչ անելով չվհատվել և շարունակել պայքարը։ Մարգար Վարժապետի գերեզմանը դարձել է ուխտատեղի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։