Սեբաստացի Մուրադ (Մուրադ Գևորգի Խրիմյան, Կյուրիկյան) (1874[1][2], Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1918(1918-08-04), Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[3]), հայդուկապետ, հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։

Սեբաստացի Մուրադ
1874[1][2] - օգոստոսի 4, 1918(1918-08-04)
ԾննդավայրՍեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[3]
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ապստամբություն[3]

Եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպողներից։ Իր զինակից Կայծակ Առաքելի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։

Վաղ կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Սեբաստիայի Կովտուն գյուղում, 1874 թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսները փախել են։ Պատանին ստիպված լքել է գյուղը, որպեսզի չընկնի բանտ, և սկսել է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ մտել է հնչակյան կուսակցության շարքերում։ Թուրքերի հետապնդումից խուսափելու համար, հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնել է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսում մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում։

Սասունի ապստամբությունը

խմբագրել

1904 թ. հավաքվում է «Մրրիկ» խումբը, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։

Ինքնապաշտպանական կռիվներում հերոսական էջեր գրել են Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են արել հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։

Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցել է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, նա մյուս ազատամարտիկների օրինակով սբ. Թադեի վանքի պատերին թողնել է իր արձանագրությունը. «Անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր, իսկ ես կ'ըսեմ նաեւ ընդ արիւն եւ նորէն կ'երթանք դէպի հուր եւ արիւն…»։

Հայ-թաթարական կռիվներ

խմբագրել

Մուրադը մասնակցել է հայ-թաթարական կռիւներին։ Մեկնելով Նախիջևան, դարձել է տեղի ինքնապաշտպանության ղեկավարը։ Թաթարական խաժամուժը կոտորվելով ետ է քաշվել։ Այստեղից Մուրադն իր 50 կտրիճներով անցել է Զանգեզուր, մասնակցելով ինքնապաշտպանության կռիւներին։ Տաթևի վանքի վանահայրը Մուրադի մասին գրում է իր հուշերում. «Սեբաստացի Մուրադը մի ցայտուն, բնորոշ տիպ էր եւ ժողովրդական հերոս՝ բառիս լայն առումով։ Նա ապրում էր գիւղերում՝ պարզ, համեստ նիստ ու կացով, բարոյական բարձր զգացումներով տոգորուած…»։ ։

Ամուսնությունը

խմբագրել

1910 թ. իր ծննդավայրի սբ. Նշան վանքում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ։ Վկաներից էր Դանիել Վարուժանը, որը տարված ու հիացած էր Մուրադի սխրանքներով։ Ամուսնության արարողության ժամանակ Մուրադը հայտարարում է. «Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն։ Թե հայրենիքս զիս կանչե, անո՛ր ձայնին է, որ պետք է հետևիմ»։

Մեկ հայը՝ մեկ ոսկի

խմբագրել

Ադանայի ջարդի լուրը Մուրադը համոզում է, որ հարկավոր է նախապատրաստել ժողովրդին ընդդեմ գալիք արհավիրքի։ Նա սկսում է զենք հավաքել։ Սակայն հրապարակվում է Մուրադի ձերբակալման հրամանը մեծ գլխագնով, և նա 1915 թ. մարտ ամսին բարձրանում է սարերը իր մոտիկ ընկերների հետ։ Սկսվում է Սեբաստիայի հայերի տեղահանությունը։ Մուրադը տեսել է իրենց գյուղի կարավանը, կնոջն ու երեխային, որին կնքել էր Գևորգ Չաուշի անունով։ 22 զինակիցներով Մուրադը իջել է Սև ծովի ափերը։ Սամսոնում բռնագրավելով թուրքական մի առագաստանավ, հասնում են Բաթում։ Արդեն ազատագրված Երզնկայում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվել է գերեվարված հայ որբերի ետ գնմամբ։ Նշանաբանը՝ «մեկ հայը՝ մեկ ոսկի»։ Առևտուրը տարվում էր նաև Մշո դաշտի գյուղերում, Սասունի լեռներում ու կիրճերում։ Հավաքելով հարյուրավոր անտուն ու որբ երեխաներ, Մուրադն ու Առաքելը նրանց հասցնում են Արաքսի ափերը և ետ գնում՝ միանալու Անդրանիկին։

Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ Կարմիր Բանակը մտնում է Բաքու, կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։

1918 թ. օգոստոսի 4-ին Սեբաստացի Մուրադը նահատակվեց թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին։ Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողացավ ձեռք բերել մեծ հայդուկի դիակը։ Մարմինը հետագայում ամփոփվել է Թիֆլիսում, Խոջիվանքի գերեզմանոցում։

Հատվածներ Սեբաստացի Մուրադի օրագրից

խմբագրել

1915 թ. արյունոտ օրերին Սեբաստացի Մուրադը օրագրի ձևով գրի է առել իր մտածումներն ու զգացումները, հաճախ թուղթը ծնկի վրա դրած կամ լեռների քարերի, անձրևի կամ կիզիչ արևի տակ, բայց միշտ անբաժան իր ընկերակից հրացանից։

1915 թ., ապրիլի 7 - Ձորին մեջ ենք։ Անձրևը սաստիկ է։ Ուտելիք չկա ոչ մեզ, ոչ կենդանիներին։ Ամենեն լքված, կառավարութենեն հալածված, դավաճաններեն հետապնդված ու ծանոթներեն թաքնված, ճանապարհները հեղեղով անանցանելի…

17 հուլիսի - Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքից վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակե, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան։

16 օգոստոսի - Ընկերներս ազատություն կամ մահ կը խնդրեն։ Ես մահ չեմ ուզեր։ Ազատությունը կուզեմ տեսնել…

Մեջբերումներ Սեբաստացի Մուրադի մասին

խմբագրել

«Բրոնզե, ձուլածո կազմվածք… խորը, անհանգիստ, կրակ աչքեր։ Խիտ ու շատ սև մազեր, որ տալիս էին առյուծի տեսք։ Մուրադի հեծած երիվարը ուրիշ ոչ ոք չէր կարող սանձել։ Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում…»։

Ավետիս Ահարոնյան, Գրական թերթ, 1989, 13 հոկտեմբեր

«Արդարև՝ ես չեմ հիշում մեր հեղափոխական մարտիկներից մեկին, որն այնքան խորունկ ու ամբողջական տպավորություն թողած լինի ինձ վրա, որքան Սեբաստացի Մուրադը… Հայ ժողովուրդը իր կորուստների և կսկիծի անսահմանության մեջ հաճախ ժամանակ չունի գլուխը խոնարհելու իր լավագույն զավակների վրա»։

Ավետիս Ահարոնյան, Գարուն, 1989, նո 8, էջ՝ 33։

«Մուրադը հիանալի ձայն ուներ։ Նա իր զիլ ձայնը հովերին էր տալիս, բայց այդ ձայնի ալիքների մեջ տիրապետում էր կսկիծը, դառնությունը, թախիծը»։

Ս. Գոլյան, Աղբյուր, 1990, նո 7, էջ՝ 24։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 93.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստացի Մուրադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 93