Սպաղանաց Մակար
Սպաղանաց Մակար կամ Մակար Տոնոյան (), անվանի հայդուկապետ, Սասունի 1894 և 1904 թվականների ապստամբությունների ղեկավարներից։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սասուն գավառի Սպաղանք գյուղում։ Մակարը Սպաղանքի ռեսն էր։ 1890-ականների սկզբից, տեսնելով Օսմանյան իշխանությունների՝ Սասունը սասունցիներից դատարկելու ցանկությունը, Շենիկցի Գրգոյի նման Սպաղանքում ստեղծում է զինված և միշտ ընդհարման պատրաստ խումբ, որը քանիցս պաշտպանում է Սպաղանքը թուրքական արյունահեղությունից։
Մակարի կյանքը անհանգիստ է եղել, իսկ մարտական կենսագրությունը՝ արիությամբ ու համարձակությամբ հագեցած։ 1891 թվականին Մակարի եղբայրը՝ Խաչոն աղջիկ է փախցնում Գելիեգուզան գյուղից։ Այլ գյուղից աղջիկ հարսնացնելը արգելված չէր Սասունում, սակայն դա պիտի կատարվեր գյուղի մեծավորների համաձայնությամբ ու օրհնությամբ, իսկ Խաչոն նախընտրում է աղջկան հարսնացնել ամենակարճ ճանապարհով։ Դա բորբոքում է գելիեցիների ինքնասիրությունը, մանավանդ, որ, փոքր՝ 25 տուն ունեցող Սպաղանքը պատկառանք չի տածում Սասունի ամենամեծ գյուղից։ Նրանք հարձակվում են Սպաղանքի վրա՝ հիմնահատակ ավերելու գյուղը, սակայն Մակարը ոտքի է հանում ողջ գյուղը և ամուր պաշտպանվում։ Շուտով կողմերը օժանդակ համալրումներ են ստանում հարևան գյուղերից, բայց մի քանի շաբաթ տևած պայքարում ոչ ոք չի զիջում։ Ի վերջո կնքվում է հաշտություն։
1892 թվականին թուրքական իշխանությունները զորքեր է ուղարկում Սպաղանք՝ հարկեր գանձելու, բայց Մակարն իմանալով, որ որոշ հայկական գյուղեր հարկեր չեն վճարել, գյուղացիների հետ զինված դիմադրություն է ցույց տալիս զորքերին։ Հայերի ըմբոստությունը կառավարության դեմ հանգեցնում է Սասունի 1894 թ․ ապստամբությանը։ Որպես Սասունի առանցքային դեմքերից մեկը՝ Մակարը նույնպես մասնակցեց ապստամբությանը և ստանձնեց Տալվորիկի պաշտպանությունը։ Ապստամբության անհաջող ավարտից հետո էլ Մակարը մնում է ֆիդայական շարժման նվիրյալներից, և, արհամարհելով իշխանություններից սպասվող վտանգը, միշտ ապաստան է տալիս և պատվում իր գյուղում հյուրընկալված ֆիդայիներին։ Սպաղանքում էին պատսպարվում Գուրգենը, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, որոնք Մակարի առաջարկով զինավարժություն էին սովորեցնում գյուղի երիտասարդներին։ Հետզհետե փոքրիկ այդ գյուղը դառնում էր կառավարության աչքի փուշը, ուստի վերջինս միջոցներ սկսեց մտածել՝ գյուղը վերացնելու և Մակարին սպանելու համար։
1899 թվականին կառավարությունը զորք է ուղարկում Սպաղանք՝ Մակարին բռնելու նպատակով։ Իր ուժերով զորքին է միանում նաև քուրդ ցեղապետ Բշարե Խալիլը, որը դավադրաբար սպանել էր Աղբյուր Սերոբին։ Մակարը հետ է մղում թե՛ զորքի և թե՛ Խալիլի գրոհները։ 1900 թվականին կառավարությունը կրկին փորձում է ավերել Սպաղանքը, և 2000-ից 3000 թուրքեր ու քրդեր անսպասելի գրոհում են գյուղի վրա։ Չնայած Մակարի կազմակերպած դիմադրությանը՝ թշնամին, օգտվելով ինքնապաշպանվողների նկատմամբ թվային ահռելի գերակշռությունից, սոսկալի կոտորած է կազմակերպում՝ սպանելով 100-ից ավելի բնակիչների, այդ թվում և Մակարի, Գալեի ընտանիքներին։ Մակարին հաջողվում է կռվով ճեղքել թուրքերի պաշարման օղակն ու ապավինել Սասնո լեռներին։ Այդ դեպքից հետո Մակարը Գալեի և ուրիշների հետ բարձրանում է լեռները և վրեժի մարմնացում դարձած՝ անխնա կոտորում իր գյուղը կործանած թշնամուն։ Նրա շուրջն են համախմբվում դեռևս Շենիկցի Գրգոյի խմբում կռիվներ մղած քաջ հայդուկներ Շենիկցի Մանուկը և Ղազարը, Չոլոն, Փեթարա Մանուկը, և ուրիշներ։
1900 թվականին Գևորգ Չաուշի, Անդրանիկի և 26 այլ ֆիդայիների հետ Մառնիկի կիրճում ի վերջո Մակարը վրեժ է լուծում իր գյուղը կործանած Բշարե Խալիլից, որը գլխատվում է Անդրանիկի կողմից։ 1904 թվականին Մակարը դարձյալ Սասունի ապստամբության ղեկավար դեմքերից էր։ Նա կռվում էր Հրայր Դժոխքի հրամանատարության տակ՝ պաշտպանելով Չայի շրջանը։ Ռազմամթերքի սպառման պայմաններում թշնամուն ամենաերկար դիմադրությունը հենց նա ցույց տվեց՝ նահանջելով ամենավերջինը։
Մակարը պատկառելի հեղինակություն էր ոչ միայն հայ, քուրդ ժողովուրդների և ամենաքաջ ֆիդայապետերի համար, այլև կառավարության։ Նա ուներ անզիջում պահանջմունքներ և կարծրացած համոզմունքներ։ Գտնում էր, որ եթե Սասնո ողջ ժողովուրդը ոտքի կանգներ և պայքարեր թուրքերի դեմ, ապա անկախություն ձեռք կբերեր նաև առանց եվրոպական երկրների օգնության։ Նրա կարծիքով այդ պայքարը պիտի ղեկավարեր ֆիդայությունը, ուստի խստորեն հետևում էր ֆիդայական կարգապահությանը և պատժում այն խախտողներին։ Շուտով երկերեսանի քրդերի հետ համագործակցելու և ֆիդայական կարգին հակառակ ամուսնանալու պատճառով վիճում է Գևորգ Չաուշի հետ։ ՀՅԴ որոշմամբ նոր Սասուն ոտք դրած Ռուբեն Տեր-Մինասյանի կարգադրությամբ Մակարը զինաթափվում է, բայց Գևորգ Չաուշը չի կարողանում թեթև տանել քաջ ֆիդայապետի նվաստացումը, ուստի ինքն անձամբ վերադարձնում է Մակարի զենքերը՝ մոռացության տալով եղած կոնֆլիկտը։
1907 թվականին Գևորգ Չաուշի մահից հետո կառավարությունը երկրով մեկ սկսեց փնտրել նրա կնոջն ու մեկամյա որդուն՝ Վարդգեսին։ Ծերունազարդ Մակարը, դրդված Գևորգի նկատմամբ որդիական սիրուց, որոշեց անձամբ հանձն առնել Գևորգի ընտանիքի փրկության հարցը՝ ապացուցելով, որ Գևորգի հետ վեճը եղել է զուտ կառուցողական-խրատական, և այդ դիպվածը չի կարող սասանել իր թե՛ մարդկային արժանիքները, թե՛ ֆիդայական միասնականությունը և ասպետությունը։ Մակարը իր կյանքի գնով սրբորեն կազմակերպեց Գևորգ Չաուշի ընտանիքի փրկությունը։ Գևորգին նվիրված լինելու մյուս ապացույցն այն էր, որ Մակարը, գուշակելով իր մահը, ֆիդայիներին խնդրել էր մարմինն ամփոփել Գևորգ Չաուշի շիրմի կողքին։ Մակարի ցանկությունը, սակայն, չիրականացավ։
Գրականություն
խմբագրել- Ստեփան Պողոսյան, Կարո Պողոսյան «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1989, 448 էջ։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Բ., Գ., Դ., Թեհրան, 1982, Երեւան, 1990-1991։
- Կարօ Սասունի, Սարերու ասլանը, Պէյրութ, 1967, 667 էջ։
- Աւօ, Գէորգ Չաւուշ, Պէյրութ, 1972, 416 էջ։