Արաբո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաբո (այլ կիրառումներ)
Արաբո (Ստեփանոս Մխիթարյան, մոտ 1863[1][2], Կուռթեր[2] - 1893[1][2], Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
Արաբո Առաքել Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | մոտ 1863[1][2] |
Ծննդավայր | Կուռթեր[2] |
Մահացել է | 1893[1][2] |
Մահվան վայր | Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, քրդերեն |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ |
Գործունեություն | XIX դարի վերջի հայ ֆիդայապետ |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը։ Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ։ Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից։ 1889 թվականից սկսած՝ բազմիցս այցելել է Կովկաս։ 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը։ Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ։ Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն։ Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն։ Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում։
Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա խիզախությունը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 150.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 150.
Գրականություն
խմբագրել- «Դրօշակ», օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Ժընեւ, 1894, թիւ 6։
- «Յեղափոխական ալպոմ», հատ. 6, խմբ. Աւօ, Պէյրութ, 1965, էջ 62-64։
- Պողոսյան Ստեփան, Պողոսյան Կարո, Ինձ բահ տվեք (Գևորգ Չավուշ), Երևան, 1989, 448 էջ։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Թեհրան, 1982, Երեւան, 1990։
- Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
- Աւօ, Գէորգ Չաւուշ, Պէյրութ, 1972, 416 էջ։
- Կարօ Սասունի, Սարերու ասլանը (Գէորգ Չաւուշի կենսագրավէպը), Պէյրութ, 1966, 2-րդ հրտ., Թեհրան, 1983։
- Գևորգ Խուդինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երեւան, 2000։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1, Երևան, 1990, էջ 325։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 52։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 677)։ |