Նիկոլ Դուման

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ,ՀՅԴ կուսակցության անդամ

Նիկոլ Դուման կամ Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան (հունվարի 12, 1867(1867-01-12), Քըշլաք, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1914(1914-09-23), Կիսլովոդսկ, Georgievsky district, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։

Նիկոլ Դուման
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1867(1867-01-12)
ԾննդավայրՔըշլաք, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 23, 1914(1914-09-23) (47 տարեկան)
Մահվան վայրԿիսլովոդսկ, Georgievsky district, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԹիֆլիս և Խոջիվանք
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ
 Nikol Duman Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ղշլաղ (այժմ՝ Ծաղկաշատ) գյուղում՝ քահանայի ընտանիքում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Քահանա հոր աջակցությամբ աշխատել է թեմի եկեղեցական խորհրդում։

1891 թվականին աշխատանքի է անցել Թավրիզի Լիլավայի թաղի հայկական դպրոցում։ Ուսուցչություն է արել Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896 թվականներին՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում[1]։

Գործունեություն

խմբագրել

Մարտական մկրտություն

խմբագրել

Թավրիզում երկու տարի աշխատելուց հետո Դումանը տեղափոխվել է Սալմաստ գավառի Ղալասար գյուղ, շարունակել ուսուցչություն անել։ Բայց հիմնական նպատակը «Երկրին» մոտենալն էր, սահմանամերձ գյուղերում կուսակցական, մարտական կառույցներ ստեղծելը։ Շուտով նրան հաջողվում է կապ հաստատել Դերիկա վանքում և մոտակա հայկական գյուղերում գործող հայդուկային խմբերի հետ։

Վանքի մոտակայքում կար չորս հայկական գյուղ՝ Բաբիկ, Ասլանիկ, Աշնակ, Հախվերան։ Նա նաև որսորդ էր, մի հանգամանք, որ նրան հնարավորություն էր տալիս ծանոթանալու տեղանքին, միջավայրի աշխարհագրական առանձնահատկություններին։ Նախքան հայ ֆիդայիների հանդես գալը Դերիկա վանքում տիրություն են արել թուրքերն ու քրդերը։ Ատրպատականի առաջնորդ Ստ. արքեպիսկոպոս Մխիթարյանը հանձնարարել է վանքի կառավարիչ Մովսես Իշխանյանին վերականգնել վանքը, ով իր նշանակման առաջին իսկ օրից սկսել է աշխատանքը։ Թեև պարսիկները բարեկամաբար էին տրամադրված մինչ այդ վանքում ապաստանած արևմտահայերի նկատմամբ, բայց թուրքերի դրդմամբ վերականգնած վանքը քանդել են։ Վանքում հանգրվանել են մի շարք ֆիդայիներ։ Նիկոլը նրանց հետ կապ է հաստատել և հենց այստեղից՝ Դերիկից էլ սկսվել է նրա մարտական ուղին։ Տեղում նաև ստեղծվել է «Վրեժ» անունով մարտախումբ, որը պիտի անցներ Վան։ 1894-1896 թվականներին Նիկոլ Դումանը մասնակցել է Դերիկի կռիվներին։

Հրամանատարը Դուման անունը վաստակել է Բողասքյասանի մարտում․ 1895 թվականի հոկտեմբերին Նիկոլ Դումանը 50 հոգանոց խումբն առաջնորդել է դեպի Վան-Վասպուրական։ Հազիվ ոտք դրած Վասպուրական՝ հայդուկների խումբը պաշարվել է քրդական 1500-անոց հրոսակախմբի կողմից։ Երկօրյա համառ մարտերից հետո, ընդամենը մեկ զոհ տալով, հայդուկներին հաջողվել է ճեղքել քրդերի շղթան ու ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում։ Սակայն նրանց կրնկակոխ հետապնդող քրդերը պաշարել են նաև գյուղի այն մարագը, որտեղ ապաստանել էին հայ ազատամարտիկները։ Քրդերը հրդեհել են մարագը։ Անելանելի դրությունից ելքը գտել է խմբապետ Նիկոլը։ Նրա հրամանով ֆիդայիները բացել են մարագի դռները և դիմահար կրակով առաջ շարժվելով ու տապալելով քրդերին՝ ճեղքել շղթան ու դուրս եկել շրջափակումից։ Քրդերը մեծ կորուստներ են տվել, այդ թվում՝ երկու ցեղապետ։ «Սա մարդ չէ, սա դուման է» (փոթորիկ),- ասել են քրդերը[2]։

1896 թվականին Նիկոլ Դումանի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897, հուլիս) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։

Դումանը Բաքվում

խմբագրել

Անցնելով Կովկաս՝ Նիկոլ Դումանն ապրել է Բաքվում, կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը։ 1905 թվականի փետրվարին Բաքվում սկսվել է հայերի կոտորած։ Հայերն անպաշտպան էին և անզեն, անկազմակերպ։ Դաշնակցության կենտրոնական կոմիտեն մատնվել էր խուճապի։ Դումանը Բաքվի շրջաններից մեկում աշխատելիս տագնապալից հեռագիր ստանալով՝ եկել է Բաքու և իրեն հատուկ նվիրվածությամբ գործի անցել։ Ինքնապաշտպանության շտաբը Իսահակ Մելիքյանի լուսանկարչատանն էր։

Դումանի մարտախումբն առաջին օրը բաղկացած էր 6 զինված մարտիկից, իսկ Դաշնակցությունը քիչ քանակությամբ զենք ուներ, այն էլ Բաքվից հեռու՝ Շամախինսկայում։ Հերոսական ջանքերով հաջողվել է տեղափոխել զենքը (10-12 հրացան, նույնքան տասնոցներ, փամփուշտներ)։ Զենք ձեռք բերելու խնդրում Դումանին օգնել են Բաքվի ռուսական զորամասի հայ զինվորները։ Փետրվարի 7-ին Դումանը վեց հոգով կանգնեցրել և հաղթել է կատաղած, արյան ու թալանի ծարավ թուրքերին, մաքրել հայկական եկեղեցու շրջապատը գազազած ամբոխից։ Նա ոչ միայն կասեցրել է փետրվարի 7-ի թուրքերի հարձակումը, այլև հարկադրել է թուրքերին սպիտակ դրոշ պարզել։ Հայերն ընդունել են հաշտության առաջարկությունը, տեղի են ունեցել հոգևորականների փոխադարձ այցելություններ։

1904 թվականին փորձել է խմբով հասնել օգնության ապստամբած Սասունին, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և վերադարձել Սալմաստ։

1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Նիկոլ Դումանը կազմակերպված ապստամբության կողմնակից էր։

Դումանը Պարսկաստանում

խմբագրել
 
Նիկոլ Դումանի քանդակը Ջերմուկում (քանդակագործ՝ Հովհաննես Մուրադյան)

1909 թվականին Նիկոլ Դումանը անցել է Պարսկաստան։ Եփրեմ Խանի ու Քեռու (Արշակ Գավաֆյան) հետ մասնակցել է Իրանական հեղափոխությանը։ Ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ 1911 թվականին պարսիկ և հայ հեղափոխական մարմինների ու Թավրիզի ապստամբած զինված ուժերի խնդրանքով Նիկոլ Դումանը նշանակվել է հրամանատար։

Դումանը Թավրիզ է եկել իր 100 հոգանոց մարտախմբով և նշանակվել սահմանադրական ուժերի ընդհանուր հրամանատար։ Թավրիզ հասնելով՝ Դումանը կարճ ժամանակում կարողացել է կազմակերպել քաղաքի պաշտպանությունը։ Սակայն, ինչպես կանխատեսել էր հրամանատարը, հեղափոխական ուժերը պարտություն են կրել։ Ռուսական զորքը երկրորդ անգամ է մտել Պարսկաստան և շարժվել Թավրիզի ու Թեհրանի վրա։ Հայ մարտիկները, նախապես ստանալով Եփրեմ Խանի թույլտվությունը, 1911 թվականի սեպտեմբերին Թեհրանով ու Սալմաստով անցել են Վան։ «Ինչպես տարա, այնպես էլ հետ բերի տղաներին ողջ և առողջ»,- ասել է Դումանը[3]։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում։

1910 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Նիկոլ Դումանը դեմ է արտահայտվել 1906 թվականին ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վավերացումը ստացած «կովկասյան նախագծին»։ Նա կարծում էր, որ հայերը չպետք է տարվեն համառուսական հովերով։ Նա դեմ է արտահայտվել նաև Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայկական կամավորական գնդերի ստեղծման գաղափարին։

Որոշ ժամանակ մնալով Վանում՝ Դումանը Արամի և Իշխանի հետ, մարտական ուժեր է կազմակերպել, սակայն Վանի նահանգապետի կարգադրությամբ հեռացել է այնտեղից։ Մեկնել է Կ.Պոլիս, ապա՝ Թիֆլիս, առողջական վիճակից դրդված ներկայացել ոստիկանատուն։ Նրան ձերբակալել են, նետել Մետեխի բանտ, սակայն ընկերների օգնությամբ ազատել և ուղարկել են բուժվելու Աբասթուման, Սուխումի, Կիսլովոդսկ:

1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից բուռն թափով ծավալվել է հայ կամավորական շարժումը։ Դումանը չի խրախուսել կամավորական շարժումը, որը, ըստ նրա, կարող էր թուրքերին առիթ տալ նոր կոտորածների։ Այդուհանդերձ, նա կամավորական խմբերի հրամանատարի ամենահավանական թեկնածուն էր։ Սակայն առողջական վիճակը վատթարացել է և նրան պառկեցրել են հիվանդանոց՝ Բաքվում։

Զգալով պատերազմին մասնակցելու իր անկարողությունը՝ 1914 թվականի հուլիսի 27-ին թոքախտավոր Նիկոլ Դումանը ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին։ Նրա աճյունը Բաքվից տեղափոխվել է Թիֆլիս, թաղվել է Խոջիվանքի գերեզմանատանը՝ ՀՅ Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։

 
Նիկոլ Դումանի 150-ամյակին նվիրված նամականիշ,Արցախ,2017

Հիշատակ

խմբագրել
  • 1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդել է Խոջիվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ մեկտեղ, այդ թվում՝ Նիկոլ Դումանի գերեզմանը։
  • Նիկոլ Դումանի գյուղում, որը Ստեփանակերտ-Գանձասար ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրի վրա է, բացվել է Դումանի տուն-թանգարանը։ Բացի Դումանի տնից, մի քանի տներ ևս, այդ թվում՝ ֆիդայի Խնասարցի Վարդանի տունը՝ վերականգվել են հին ոճով, և ստացվել է 19-րդ դարի ազգագրական թաղամաս։
  • 2017 թվականին «Արցախփոստ» ընկերությունը թողարկել է Նիկոլ Դումանի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշ։

Նիկոլ Դումանի խոսքերից

խմբագրել
  • Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ Մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ՝ քաղաքական ցնցումների վայրկյաններում։

Ժամանակակիցները Դումանի մասին

խմբագրել
  Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրոտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սև, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով. պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն և ահեղ։ Հրամանատար մըն էր - սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի։ Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին - փայլուն ճակատամարտներու շարան մը։ Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաև՝ ներքին հակառակորդներու։ Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու։
- ՀՅԴ պատմագիր Միքայել Վարանդյան
 
  • Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության, Ժնև, 1907:

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Համլետ Գևորգյան, Նիկոլ Դուման, Երևան, 2002
  2. «Դրոշակ» (Ժնև), 1914, թիվ 1
  3. Հ. Գևորգյան. Նիկոլ Դուման, Երևան, 2001, էջ 358

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլ Դուման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլ Դուման» հոդվածին։