Սելմա Կուրց (հոկտեմբերի 15, 1874(1874-10-15)[1], Բելսկո Բլայա, Լեհաստան - մայիսի 10, 1933(1933-05-10)[2][1][3], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]), կոլորատուրային տեխնիկայով հայտնի ավստրիացի օպերային սոպրնո։

Սելմա Կուրց
գերմ.՝ Selma Kurz
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1874(1874-10-15)[1]
ԾննդավայրԲելսկո Բլայա, Լեհաստան
Մահացել էմայիսի 10, 1933(1933-05-10)[2][1][3] (58 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինJosef von Halban?
ԵրեխաներGeorge Halban? և Դեզի ֆոն Հալբան
 Selma Kurz Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

Ծնվել է Լեհաստանի Բյալա քաղաքում շատ համեստ հրեական մի ընտանիքում, որն ուներ տասնմեկ երեխա։ Հասակ է առել Բելսկոյում։ Մանուկ հասակում նրան տեղափոխել են մենաստան, որպեսզի դերձակություն սովորի, սակայն միանձնուհիներն անմիջապես նկատել են երեխայի ձայնի գեղեցկությունն ու նա սկսել է հաճախ հանդես գալ մենաստանի սինագոգում/ժողովարան։ Այս հանգամանքը տեղաբնակներին ստիպել է գումար հանգանակել, որպեսզի երեխան մեկնի Վիեննա ու հանրահայտ վոկալի ուսուցիչ, պրոֆեսոր Գանսբախերի ունկնդրությանն արժանանա․ պրոֆեսորը կանանց չէր դասավանդում, սակայն երաշխավորական նամակներ էր գրում։ Այս կերպ փոքրիկ Սելման հնարավորություն է ստացել այցելել ազդեցիկ Schloss Totis՝ արվեստների հանրահայտ հովանավոր կոմս Նիկոլաս (Միկլոշ) Էստերհազի դե Գալլանտայի վիեննական բնակավայրը, որտեղ վերջինս համաձայնել է վճարել հանրածանոթ մեկ այլ վոկալի ուսուցիչ Յոհաննես Ռեսսին՝ երեխային դասավանդելու համար։

Իր կարիերայում հաստատվելուց հետո դասեր է առել նաև նշանավոր այլ վոկալի ուսուցիչներից, ինչպիսիք էին՝ Յան Ռեշկեն Նիսում և Մաթիլդա Մարքեզին Փարիզում, ինչպես նաև Վիեննայում հայտնի սոպրանո Ֆելիս Կասչովսկան, սակայն միշտ իրեն համարել է Ռեսսի աշակերտը։

Կարիերա խմբագրել

Դեբյուտ խմբագրել

Առաջին անգամ հանդես է եկել Ռեսսի աշակերտների՝ 1895 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած համերգի ժամանակ։ Գնահատանքի է արժանացել և տարբեր օպերային թատրոններ (հատկապես ծայրամասային Գերմանիայից, որոնք միշտ նոր տաղանդներ էին փնտրում) առաջարկներով հեղեղել են նրան։ 1895 թվականի մայիսի 12-ին դեբյուտով հանդես է եկել Համբուրգի Stadttheater օպերային թատրոնում՝ կատարելով Ամբրուազ Թոմայի «Մինյոն» օպերայի գլխավոր դերը։ Հաջորդ չորս համերգաշրջաններում Համբուրգից բացի հանդես է եկել նաև Մայնի Ֆրանկֆուրտում՝ կատարելով բազմաթիվ դերեր, այդ թվում՝ Եվդոքսիան Ֆրոմենտալ Հալևիի «Հրեուհին» օպերայից, Էլիսաբեթը Վագների «Տանհոյզեր» օպերայից և Բիզեի «Կարմեն» օպերայի գլխավոր դերը։

Վիեննա խմբագրել

1898 թվականի վերջին Վիեննայի Կայսերական ու արքայական օպերային թատրոնի երաժշտական ռեժիսոր Գուստավ Մալերը Ֆրանկֆուրտում լսել է Կուրցին ու անմիջապես աշխատանքային պայմանագիր առաջարկել նրան․ 1899 թվականի սեպտեմբերի 3-ին որպես Մինյոն դեբյուտով հանդես է եկել Վիեննայի թատրոնում, որը դառնալու էր նրա արտիստական ու հոգևոր տունը։

Վիեննայի հաջողությունն արագ ու ամբողջական էր, որը շարունակվելու էր մինչև իր երաժշտական կարիերայի ավարտը՝ երեսուն տարի։ Մալերը, լսելով «Տրուբադուր» օպերայի IV գործողության Լեոնորայի մեներգի նրա կատարման կատարյալ գեղգեղանքներն ու սքանչելիորեն արտաբերվող բարձր նոտաները, խորհուրդ է տվել ուսումնասիրել կոլորատուրային երգացանկ։ Նա Սելմային զգուշությամբ ծանոթացրել է այս երգացանկին՝ թույլ տալով վերջինիս կատարել Ռոսինայի դերերգը «Սևիլյան սափրիչ» օպերայում, Ուրբանի դերը «Հուգենոտներում», Օսկարի դերը «Պարահանդես-դիմակահանդեսում», Ջուլիետի ու Մարթայի դերերգերը, սակայն նա շուտով սկսել է Էլվիրա երգել Վերդիի «Էռնանիում», այնուհետև «Լակմե», Կոնստանս, Գիլդա, Վիոլետտա և իհարկե «Լյուչիա դի Լամերմուր»։ Մալերը սիրահարվել է Սելմային ու նրանք կարճ սիրավեպ են ունեցել 1900 թվականի գարնանը, բայց թատրոնում արգելված էր աշխատողների միջև ամուսնությունն ու Սելման նախընտրել է շարունակել կարիերան։

1903 թվականին Մալերի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի վերաբեմադրության ընթացքում, ինչպես նաև Գոլդմարիկի «Շեբայի թագուհին» օպերայում Կուրցի լեգենդար երգեցողությունը հաստատել է նրա հսկայական ժողովրդականությունը վիեննացի հասարակության մեջ։ 29 տարեկանում արժանացել է Kaiserliche und Königliche Kammersängerin (Կայսերական և արքայական արքունի երգչուհի) տիտղոսին։ Արքունիքում հաճախ էր հանդես գալիս կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ներկայությամբ, որը նրա արվեստի նվիրյալ երկրպագուն էր։

Մոցարտի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված մեկտարյա փառատոնային ներկայացումներում 1905 թվականին կատարել է Ֆիորդիլիջիի դերը «Այդպես են վարվում բոլորը» օպերայում, և Կոնստանսի դերը՝ «Առևանգում հարեմից» օպերայում մեկ տարի անց։ Նույն՝ 1906 թվականին Էնրիկո Կարուզոյի գալայի առթիվ «Ռիգոլետտո» օպերայից կատարել է Գիլդայի դերերգը Տիտտա Ռուֆֆոյի խաղընկերակցությամբ, որը կատարում էր գլխավոր դերը․ դա Ռուֆֆոյի միակ ելույթն էր Վիեննայում։

Չնայած կոլորատուրային դերերում ունեցած մեծ հաջողություններին՝ չի հրաժարվել իր լիրիկական երգացանկից։ Vienna Hofoper-ում ունեցած 992 ներկայացումներից ավելի քան 100-ը նվիրված են եղել Պուչինիի «Բոհեմ» օպերայից Միմիի դերակատարմանը։ 1907 թվականին Վիեննայում կատարել է նույն կոմպոզիտորի «Մադամ Բատերֆլայը», իսկ 1910 թվականին՝ Սաֆֆիի դերը Շտրաուսի «Գնչու բարոնը» օպերայում։

1911 թվականին երգել է Տատյանա «Եվգենի Օնեգին» ու Սոֆի «Վարդի ասպետը» օպերաներում։ Վիեննական կարիերայի գագաթնակետին, 1916 թվականի հոկտեմբերի 4-ին ստեղծել է նաև Զերբինետտայի կերպարը Շտրաուսի «Արիադնան Նաքսոսում» օպերայի երկրորդ տարբերակի համաշխարհային պրեմիերայի ժամանակ։ Վիեննայում Զերբինետտա է երգել 36 անգամ։

Վիեննայում երգել է հնարավոր ամեն դեր, սկսած Չայկովսկու Իոլանտայից ու Վագների Էլզայից ու Սիգլինդից մինչև Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայից Մարգարիտ, Ժյուլ Մասնեի «Մանոն», Նիկոլայիի «Վինձորի զվարճալի կանայք» օպերայից տիկին Ֆլութ ու Շտրաուսի «Չղջիկ» օպերետից Ռոսալինդ։ Բացի La bohème օպերայից իր սիրելի Միմին, նրան հաճախ կարելի էր լսել Գիլդայի, Վիոլետտայի և Լեոնորայի դերերգերում։

Ռինգշտրասեի հանրահայտ թատրոնում, որտեղ այնքան շատ հաղթանակներ էր տոնել ու հիացրել Եվրոպայից ու ամբողջ աշխարհից եկած օպերային արվեստի սիրահարների երկու սերնդի, վերջին համերգը տեղի է ունեցել 1927 թվականի փետրվարի 12-ին։ «Սևիլյան սափրիչ» օպերայից Ռոսինայի այս դերակատարմամբ ավարտվել է քսաներորդ դարի ամենափառահեղ օպերային կարիերաներից մեկը։

Հանրային ամենավերջին ելույթն ունեցել է 1932 թվականի սեպտեմբերին Ավստրիայի թագաժառանգ Ստեֆանի (1932–1998) մկրտության ժամանակ։ Թեև արդեն մահացու հիվանդ՝ Կայսերական ու արքայական արքունի երգչուհին կատարել է Մոցարտի Ridente la calma -ն և Բախ-Գունոյի «Ավե Մարիան», որը նվիրվել է փոքրիկի տատիկ, Ռումինիայի թագուհի Մարիա Ռումինացուն՝ իր երկար տարիների մտերիմ ընկերուհուն։ Վախճանվել է ինը ամիս անց։

Կարիերա Վիեննայից դուրս խմբագրել

Սելմա Կուրցը մեծ հեղինակություն էր վայելում ամբողջ Եվրոպայում և հաջողությամբ հանդես է եկել Փարիզի Գրանդ օպերայում, Մոնտե Կառլոյի Փրինսլի օպերայում, Հռոմում, Զալցբուրգում, Վարշավայում, Պրահայում, Բուդապեշտում, Ամստերդամում, Օստենդում, Բուխարեստում և Կահիրեում։

Լոնդոնում առաջին անգամ հանդես է եկել 1904 թվականի մայիսին «Ռիգոլետտոյով», Էնրիկո Կարուզոյի ու Մորիս Ռենոյի հետ, որից հետո երգել է իր հանրահայտ Օսկարը «Պարահանդես-դիմակահանդես» օպերայից Ջիանինա Ռասսի, Կարուզոյի, Անտոնիո Սկոտիի ու Մարսել Ժուրնեի հետ։

Հաջորդ տարի նորից հանդես է եկել «Պարահանդես-դիմակահանդես»-ում, այնուհետև իր մյուս սիրելի դերակատարմամբ՝ «Հուգենոտներ» օպերայից Ուրբանի դերով։ Երգել է նաև Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայում ու Էլիսաբեթի դերը «Տանհոյզերում»։

1907 թվականին կրկին Կովենտ գարդեն արքունական թատրոնում էր, այս անգամ «Լյուչիա դի Լամերմուրով», որտեղ Ալեսսանդրո Բոնչին էր կատարում Էդգարդոյի դերը։ «Ռիգոլետտոյին» ու «Պարահանդես-դիմակահանդեսին» ավելացրել է նաև Ալֆրեդո Կատալանիի «Լորելեան», որից հետո նրան Կովենտ գարդենում այլևս չեն լսել։ 1924 թվականին վերադարձել է «Բոհեմով» ու «Տրավիատայով»․ լոնդոնյան ելույթները մեծ հաջողությամբ էին ընթանում, չնայած ամենազոր Նելլի Մելբայի թշնամությանը, որը Կովենտ գարդենում այնքան ազդեցություն ուներ, որքան Կուրցը՝ Վիեննայում։

Շատ անգամներ հրավիրվել է ԱՄՆ-ում հանդես գալու ու Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայից բազմաթիվ գայթակղիչ առաջարկներ ստացել, սակայն դրանցից ոչ մեկը նրան չի ստիպել հեռանալ Վիեննայից ու իր ընտանիքից։ 1921 թվականին վերջապես նավարկել է դեպի Նոր Աշխարհ ու միայն մեկ անգամ հանդես եկել New York Hippodrome թատրոնում․ դա պետք է լիներ երկար շրջագայության առաջին համերգը, բայց անսպասելիորեն հիվանդացել է (հավանաբար սրտի կաթված է տարել) ու համերգները չեղարկվել են։ Անմիջապես վերադարձել է Վիեննա, որտեղ երկար ապաքինումից հետո կարողացել է վերադառնալ կատարումներին մի ձայնով, որ բոլորի կարծիքով, այլևս նույնը չէր։

Վերջին տարիներ խմբագրել

1910 թվականին ամուսնացել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, նշանավոր գինեկոլոգ Ջոզեֆ Հալբանի (1876–1937) հետ, որը հետագայում ասպետադրվել է ավստրիական կայսեր կողմից։ Ունեցել են երկու երեխա՝ Դեզիրե (1912–1996) և Գեորգ (1915–1998)։ Դեզին դարձել է օպերային սոպրանո և ի թիվս այլ բաների, դիրիժոր Բրունո Վալտերի հետ ձայնագրել Մալերի «Չորրորդ սիմֆոնիան»։ 1937 թվականին ամուսնացել է հոլանդացի կոլեկցիոներ Ժակ Գուդստիկերի հետ[5]։ Չնայած միշտ փխրուն իր առողջությանը՝ Սելմա վոն Հալբան-Կուրցն ունեցել է երջանիկ ընտանեկան կյանք Վիեննայի իր շքեղ առանձնատանը մինչև 1929 թվականին քաղցկեղով հիվանդանալը։ Հիվանդության դեմ պայքարելուց հետո վախճանվել է 1933 թվականի մայիսի 10-ին Վիեննայում։

Քաղաքային իշխանությունների պնդմամբ Կայսերական և թագավորական արքունի մեծ երգչուհին հուղարկավորվել է կենտրոնական գերեզմանատան մի գեղեցիկ հատվածում, որտեղ ննջում են Վիեննայի մեծանուն ուստրերն ու դուստրերը։ Թաղված է Մոցարտից, Բեթհովենից, Շուբերտից ու Բրամսից ոչ հեռու։

Գնահատում խմբագրել

Սելմա Կուրցը գեղեցիկ կին էր՝ 1.6 մ․ հասակով, քնքուշ ու նրբիրան։ Նրա բեմելն ու դերակատարումները հրապուրիչ էին ու լավ էին ընդունվում։ Հանդիսատեսին խենթացնում էր իր երկարատև գեղգեղանքներով։ Մարդիկ նույնիսկ համերգի էին գալիս վայրկյանացույցերով, որպեսզի հաշվեն, որ «այսօր մեկ վայրկյան ավել տևեց, քան երեկ»[6]։ 1907 թվականի Վիլհելմ Տաուբերտի Der Vogel im Walde-ի ձայնագրության մեջ[7] գեղգեղանքը տևում է 24 վայրկյան։

«Սելմա Կուրցը բոլոր ժամանակների ամենամեծ կոլորատուրային սոպրանոներից է։ Դժվար դերերի նրա հեշտ հաղթահարումը, ոճային ճաշակի ազատությունն ու ամենից առավել՝ նրա անհամար անգերազանցելի գեղգեղանքները չեն կարող չգերագնահատվել և դրանցով այսօր էլ կարելի է հիանալ CD-ների միջոցով»[8]։

Ձայնագրություններ խմբագրել

Սելմա Կուրցը թողել է 78-պ/ր (միջին չափի, 25 սմ) ավելի քան 150 ձայնապնակներ։ Դրանցից առաջինները թողարկվել են 1900 թվականին, որոնց հաջորդել են 1901-1906 թվականների Zonophone և and Gramophone & Typewriter Company ընկերությունների սկավառակները։ 1907-1914 թվականների ընթացքում մի շարք ձայնագրություններ է արել HMV (այժմ՝ EMI) ընկերության հետ, որոնք համարվում են նրա լավագույն ձայնագրությունները, որտեղ արտացոլվում է նրա ձայնաստիճանի գրավչությունն ու ձայնային տեխնիկայի բացառիկ շարժունությունը։ Մոտավորապես 1910 թվականին Edison ընկերության հետ ձայնագրել է երեք գլանաձև ձայնապնակ։ Առաջին աշխարհամարտից հետո՝ 1923-1924 թվականներին ձայնագրվել է Deutsche Grammophon/Polydor Records ընկերությունում։ Սա ձայնագրությունների հաջողված շարք է, թեև փաստում է նրա ձայնում տեղի ունեցած վատացումը։ 1924–1925 թվականներին դարձյալ ձայնագրվել է HMV ընկերությունում, այդ թվում՝ «Շեբայի թագուհին» օպերայից «ծովահարսի կանչը» հատվածը, որն ամբողջացնում է նրան խիստ հատկանշական գեղգեղանքով։

Մի շարք ձայնագրություններում նրան նվագակցում է չեխ ջութկահար Վաշա Պրժիգոդան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Օպերա Վիվրա
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118568280 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «First the Nazis robbed us - then the Dutch». The Independent. 1998 թ․ ապրիլի 11.
  6. Halban, 1983
  7. see http://selmakurz.driebond.eu/
  8. Kutsch and Riemens, 1975

Գրականության ցանկ խմբագրել

  • Halban, Dési: Selma Kurz, die Sängerin und ihre Zeit, Stuttgart & Zürich, Belser Verlag 1983, 3-7630-9028-2
  • Halban, Dési: Notes to compact discs Pearl GEMM 9171 (London, 1995) and Club "99" 43 (New York, 1989), which include many personal reminiscences from Kurz's own daughter
  • Semrau, Laura: Notes to compact disc Preiser Lebendige Vergangenheit, 89504 (Vienna, 2000)
  • Karl-Josef Kutsch and Leo Riemens, editors: Großes Sängerlexikon, Basel, Saur, 2000
  • Karl-Josef Kutsch and Leo Riemens: Unvergängliche Stimmen, Sängerlexikon, Bern, Francke Verlag 1975, 3-7720-1145-4

Արտաքին հղումներ խմբագրել