Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին։ Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ՝ 1968 թվականի մայիսին։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Տեսակհարթավայր և հուշահամալիր
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱրմավիրի մարզ
Հիմնադրված է1968
Քարտեզ
Քարտեզ

Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։

Պատմություն

խմբագրել

Տեղակայում

խմբագրել

Հուշահամալիրը կառուցվել է անմիջապես ճակատամարտի տեղում՝ Արաքս գյուղի մոտակայքում, Երևանից 55 կմ (Հայաստանի հին մայրաքաղաք Արմավիր՝ Հոկտեմբերյան քաղաքից 10 կմ) հեռավորության վրա, այն բարձունքում, որտեղ թաղվել են ճակատամարտի մասնակից հերոսները[1]։

Արմավիրի մարզը, որի տարածքում է գտնվում հուշահամալիրը, Հայաստանի պատմական վայրերից մեկն է. Արմավիրը (մինչև 1932 թվականը Սարդարապատ, 1932 թվականից՝ Հոկտեմբերյան) Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է[2]։ Հնագույն Արմավիրը, ըստ 20-րդ դարում կատարված հնագիտական պեղումների, գտնվում է մ.թ.ա. մոտ IV դարում գոյություն ունեցած ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքի տարածքում[3]։

Հուշահամալիրը գտնվում է բարձունքի վրա, որից բացվում է Արաքս գետի և Արարատյան դաշտի տեսարանը՝ Արարատի գագաթներից մինչև Արագած, մինչև Գեղամա լեռնաշղթայի նախալեռներ։ Հնարավոր է տեսնել Սարդարապատի ճակատամարտի ռազմադաշտը, զորքերի տեղակայման և մարտական գործողությունների վարման տարածքը։

Հիմնադրում

խմբագրել

Հայոց ցեղասպանության (1915) և Սարդարապատի ճակատամարտի (1918) պատմական իրադարձությունների նախաշեմին՝ դեռևս 1962 թվականից, նախապատրաստվում էին փաստաթղթերը և հիմնավորումները, որոնցով հնարավոր կլիներ տոնակատարություններ անցկացնելու և հուշարձան կանգնեցնելու թույլատվություն ստանալ, որը նախապես ներկայացվում էր որպես «Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայերի հիշատակին նվիրված հուշահամալիր»։

Նախաձեռնության հեղինակն էր Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը[4], որը մասնավորապես մատնանշում էր պատմական իրադարձությունների հիշատակն անմահացնելու հայկական սփյուռքի հետաքրքրվածությունը, այն սփյուռքը, որն առաջացել էր 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Երկու տարի անց՝ 1964 թվականին Զարոբյանի հաշվետվությունը ներկայացվեց ԽՄԿԿ Կենտկոմին և թույլտվությունը Մոսկվայից ստացվեց։

Այդ փաստաթղթերի և հիմնավորումների ընթացքում առաջացավ Սարդարապատի ճակատամարտի հուշարձան կառուցելու և այն կյանքի կոչելու գաղափարը, որի նախաձեռնողի դերում հանդես եկավ Հոկտեմբերյանի շրջկոմի կուսակցության առաջին քարտուղար Վլադիմիր Սարգսի Դարբինյանը։ Հնարավոր ամեն բան արվեց, ներառյալ ֆինանսական միջոցներ հայթայթելը, որպեսզի 1965 թվականին նախագծի աշխատանքների սկիզբը դրվեր։ 1966 թվականին Հայաստանի ղեկավարությունը փոխվեց. Զարոբյանին փոխարինեց Անտոն Քոչինյանը, որի օրոք Վլադիմիր Դարբինյանի ղեկավարությամբ հուշահամալիրի շինարարությունն իրականացվեց[5][6]։

Հուշահամալիրի կառուցման մեջ ներգրավվեցին քանդակագործներ Սամվել Մանասյանը և Արշամ Շահինյանը, ովքեր հայտնի էին իրենց մոնումենտալ և հաստոցային քանդակագործության ստեղծագործություններով[7][8]։ Նախագծի ճարտարապետ նշանակվեց Ռաֆայել Իսրայելյանը, ով էլ իր հերթին հրավիրեց Արա Հարությունյանին։ Փոխաբերական մտահղացումները և նվիրական սիմվոլիզմը, որոնք հենց սկզբից դրված էին նախագծի հիմքում, հուշահամալիրում իրագործվեցին։

  Ինձ թվում է, որ մենք հաջողության հասել ենք, ... չեմ կարող մոռանալ, թե ինչպես էինք օր ու գիշեր աշխատում էսքիզների, մոդելների վրա։ Հուշահամալիրի տարածքից չէինք հեռանում, մնում էին շինաարարների հետ։ Ամեն ինչ անում էինք, որպեսզի հուշարձանը հաջողվեր և ժամանակին ավարտին հասցվեր։
- Արշամ Շահինյան, Վավերագրական ֆիլմ նվիրված «Ա. Շահինյանի 90-ամյակին»
 

Հուշահամալիրը կառուցվեց 1968 թվականի մայիսին՝ Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակին[1]։ Տեղի ունեցավ «Սարդարապատ» հուշահամալիրի հանդիսավոր բացումը։ Հեղինակները կարողացան միավորել պատմությունը, ճարտարապետությունը և բազմադարյա ազգային մշակույթը, այդպիսով հուշահամալիրին ոչ միայն պատմական, այլև մշակութային նշանակություն հաղորդելով[7]։ Այդպիսով պահպանվեց և հետագա սերունդներին փոխանցվեց հայրենիքի փրկության գործում Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը և Հայոց հնագույն մշակույթը։

1969 թվականին «Սարդարապատ» հուշահամալիրն առաջադրվեց ԽՍՀՄ Պետական մրցանակի։

Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թվականի փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան (ՀԱԱՊՊԹ) և այցելուների առաջ իր դռները բացեց 1978 թվականի սեպտեմբերի 13-ին։

Ճարտարապետություն

խմբագրել

Հուշահամալիրի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արշամ Շահինյան, Սամվել Մանասյան, Արա Հարությունյան։ Կառուցման վայրն ընտրվել է մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։

Հուշահամալիրը բաղկացած է ինքնուրույն ճարտարապետական և քանդակագործական կոմպոզիցիաներից, որոնք միասնաբար փոխանցում են հայ ժողովրդի պատմական արժեքները, Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի դերի ու նշանակության մասին[6].

  • սանդուղքներ, որոնք տանում են վերև՝ ավտոկանգառից դեպի համալիրի հիմնական գոտի և մուտք՝ երկու կողմերում թևավոր ցուլերի հզոր արձաններով
  • հրապարակներ՝ թևավոր ցուլերի, զանգակատան, Սարդարապատի ճակատամարտի և ղարաբաղյան պատերազմի հերոսների գերեզմաններ
  • արծիվ-հերոսների ծառուղի
  • կենտրոնական մաս՝ հուշահամալիրի Հաղթանակի պատի տեսքով խորաքանդակ քանդակագործական կոմպոզիցիա
  • ծառուղիներ, որոնք տանում են թանգարան և հենց թանգարանը
  • լճակներ, զբոսայգիներ, գրասենյակների և սննդի կետեր։

Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը։ «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը[9]։ Այն կատարված է նրբին արտիստականությամբ։ Ստեղծագործաբար իմաստավորված է ամեն մի գծիկը, որմնաքանդակների ամեն մի մանրամասը[10][11]։

 
Սարդարապատ հուշահամալիրի թևավոր ցուլերով հրապարակ, կարմիր տուֆ, բարձրությունը 8 մ

Հուշարձանի նախագիծը հիմնված է մի սկզբունքի վրա, որը հաստատվել է դեռևս Հայաստանում քրիստոնեության ընդունման ժամանակ. «Միայն Աստծուն է եռաչափ պատկերներ ստեղծում, իսկ մարդը պարտավոր է դա հարթության վրա անել»։ Այս տեսլականը կարմիր թելով անցնում է հայկական ճարտարապետության և քանդակագործության ողջ քրիստոնեական պատմության միջոցով՝ արտացոլվելով արվեստի և ճարտարապետության, խաչքարերի և եկեղեցիների վրա։ Հեղինակներն օգտագործել են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից Հայաստանի խորհրդանիշներ, սուրբ և դիցաբանական պատկերներ[11]։ Համալիրը հիմնականում Արմավիրի կարմիր տուֆով է կառուցված։

Սանդուղքներ և մուտք

խմբագրել
 
Տոնական լուսավորումը Առաջին հանրապետության անկախության օրվա առթիվ, 2020 թ․

Սանդուղքները տանում են վերև՝ դեպի 8 մ բարձրությամբ թևավոր ցուլերի կարմիր տուֆից պատրաստված քանդակները[10][11]։ Ըստ հին հայկական դիցաբանության կանոնների, դեմ դիմաց կանգնած ցուլերը խորհրդանշում են հայ ժողովրդի հավատարմությունը, հզորությունը և ոգու անկոտրունությունը[1]։ Արգիշտիխինիլի, Արարատի և Վանի թագավորությունների ժամանակաշրջաններից ժառանգված լավագույն ավանդույթներով հանդերձ, նրանք, ասես «հաղթանակի հավերժ պահապաններ են, որոնք կոչված են պաշտպանել և նախազգուշացնել չար ուժերի ներխուժումը», պահպանել զոհվածների անդորրը և հիշատակը, նրանց անմահ հերոսությունը, խորհրդանշելով հաղթանակը և մահվան գնով ձեռք բերած հավերժ կյանքը[1]<[12]։ Զգոն հայացքով նայող երկու հսկա ցուլերի միջով անցնելուց հետո այցելուն հայտնվում է ընդարձակ հրապարակում բարձր զանգակատան մոտ և այնտեղից տեսնում է համալիրի ամբողջ տարածքը։

Զանգակատուն

խմբագրել

Նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր ստելա՝ երկսայր սուրի տեսքով, բայց հետագայում որոշվեց կառուցել վեր խոյացող, նրբաճաշակ եռապատիկ եռաստիճան զանգակատուն։

«Զանգակատունը» դրված է աստիճանաձև, մոտ 35 մետր բարձրություն ունեցող ստիլոբատի վրա, որով է՛լ ավելի է շեշտվում շարժումը, ձգտումը դեպի վեր։ Սկզբում ամեն մի կամարի տակ մեկական մեծ զանգ էր կախված (ընդամենը 9)։ Բայց հետագայում առաջին հարկի զանգերը հանվեցին, երկրորդի երկու կամարների տակ կախվեցին 3 -ական զանգեր և երրորդ հարկի ամեն կամարի տակ 3 -ական՝ ավելի փոքր չափի զանգեր (9 զանգ), ընդամենը 12 զանգ (տեսակետ կա, որ Հայաստանի պատմական մայրաքաղաքների թվին համապատասխան)[6]։

Ողջ բնությունը ընդգրկված է ճարտարապետական տարածության մեջ։ «Զանգակատան» հորինվածքի կուռ ուրվանկարը գծված է կապույտ երկնքում։ Չորս վերասլաց մույթերի վրա, որոնց արանքից երևում է երկինքի լազուրը, կամարներով կազմավորված զանգաշտարակն է՝ «Զանգակատունը»։

Զանգակատան ճարտարապետական և քանդակագործական կոմպոզիցիայի նախատիպ են ծառայել հաղթական կամարային կառույցների վրա տեղադրված բարձր ստելաների տեսքով հայկական հուշարձան-տապանաքարերի պատմական հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ավանդական մարտիրիումները/мартируим և երկու-եռաթև հուշ-հաղթակամար կամարները, որոնք կանգնեցվել են Հայաստանի գերեզմանատներում (Օձունի հուշահամալիրը կառույցը[13], Աղիտու գյուղի տապանաքարը[14], V-VI դարեր)[15]։

Զանգակատան կառուցման հարցում էական դերակատարում են ունեցել ճակատամարտի նախօրեին տեղի ունեցած իրական դեպքերը։ Երբ Նորին Սրբություն Գևորգ V-ին խնդրեցին հեռանալ Սուրբ Էջմիածնից և տեղափոխվել Սևանա լճի կղզու վանքը, նա դուրս եկավ տաճարի բակում կանգնած ժողովրդի մոտ և ասաց, որ չի լքի հայկական բոլոր եկեղեցիների մայր եկեղեցին, որը մեր նախնիներից է ժառանգվել։ «Եթե հայկական բանակը և հայ ժողովուրդը չկարողանա թշնամուն կանգնացնել, չկարողանա փրկել մեր սրբությունները, ապա ես պատրաստ եմ մեռնել հենց այս պահին, այստեղ, մեր տաճարի շեմին, որպե ձեր հոգևոր հայր։ Եվ եթե վերջը եկել է, ապա ինչու չմեռնել պատվով և արիաբար, չսողալով թշնամու առաջ»[16]։ Նրա կոչը հայտնի է բոլոր նախարարներին և եկեղեցիներին, պահանջելով ամբողջ ժողովրդին բարձրացնել սուրբ մարտին:Կաթողիկոսը բոլոր եկեղեցիներին և հոգևորականներին հորդորեց ժողովրդին մարտի հանել։ Եվ մայիսի 21-29 Արագածոտնից մինչև Սևան հնչում էին եկեղեցիների զանգերը, բոլորին կոչ անելով ռազմաճակատի դաշտ գալ։ Այսօր երեք շարքով կախված են հուշահամալիրի զանգերը։ Դրանք կարծես պատրաստ են զանգահարելու և ոտքի հանելու ժողովրդին վտանգի պահին, ինչպես այն դաժան պայքարի օրերին, երբ զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին՝ ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի՝ ղողանջը տարածելով ամբողջ Արարատյան դաշտով։

Այսօր նույնպես, հանդիսավոր արարողությունների ժամանակ հնչեցվում են Սարդարապատի համալիրի զանգերը։

Հրապարակի աջ կողմում հանգչում են Արցախյան պատերազմի մասնակիցները, տեղադրված են գերեզմանաքարեր և հուշակոթող։

Հերոս-արծիվների արահետ

խմբագրել

Երկու կողմից թևավոր ցուլերի հզոր արձաններով պաշտպանված զանգաշտարակի քանդակագործական խորհրդանիշերի թեման շարունակում են զանգաշտարակի հրապարակից ձախ գտնվող ծառուղու երկայնքով տեղադրված քարե արծիվները։ Ծառուղու վերջում հուշահամալիրի կենտրոնական հուշապատն է՝ Հաղթանակի հուշապատը, որն իրենից ներակայցնում է հրեղեն ձիերով քանդակազարդված կորագիծ պատով, որից այն կողմ, գմբեթածածկ սեղանատունն է[10][11]։

Արահետի աջ կողմի երկայնքով, մի շարքով կանգնեցված են հպարտ, վեր բարձրացրած գլուխներով և զգոն հայացքով հինգ արծիվների հսկայածավալ քանդակներ (ընդհանուր բարձրությունը 6 մ)։

  Աշխատանքի ընթացքում զգացինք, որ խոսքը քիչ է, պակասում է ուժը։ Բարձրացրեցինք արծիվ - զինվորներին, որոնք հաղթանակ են բերել։ Նրանց հոգիները դեպի ժողովուրդն է ուղղված` մենք կանք, մենք ձեզ հետ ենք, մենք ձեր մեջ ենք[9]։  

Ի սկզբանե նախատեսված էր, որ արծիվները պետք է դեմքով ուղղված լինեին Հայաստանի հարավային սահմանի և Թուրքիայի կողմը։ Սակայն թուրքական իշխանությունների պաշտոնական բողոքից հետո խորհրդային կառավարությունը հեղինակներին հանձնարարել էր արծիվներին Հայաստանի տարածքի կողմը շրջել[6]։ Թռչունների այս քանդակները տեղադրելով հեղինակներն ընդգծել են խորհրդանիշների նշանակությունը, ստեղծել են «Սթափեցնող ուժերի» մարմնավորում, որոնք խորհրդանշում են ճակատամարտում ընկած հերոսներին, նրանց ուժը, ոգին ու քաջությունը, բոլոր ժամանակներում ի պաշտպանություն իրենց երկրի կանգնելու վճռականությունը և, միևնույն ժամանակ, մահացածների համար սգացող կանանց վիշտը[10]։

Արծիվների արահետը շարունակվում է մինչև հաջորդ հրապարակ, որտեղ քանդակագործական սիմվոլիկայի թեման շարունակում է Հաղթանակի հուշապատը։

Հաղթանակի հուշապատ

խմբագրել
 
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի (տուֆ, 1968, ճարտ․՝ Ռ․ Իսրայելյան, քանդակագործներ՝ Ա․ Հարությունյան, Ս․ Մանասյան, Ա․ Շահինյան) որմնաքանդակները և քարե արծիվներից մեկը

«Սարդարապատի ճակատամարտի» հուշահամալիրը հաստատում է հայրենասիրության գաղափարը, հայ ժողովրդի ազգային մշակույթի անմահությունը, նրա ստեղծարար ոգու ուժը։ Հուշահամալիրի քանդակները սերտորեն առնչվում են ճարտարապետական գործի մտահղացման հետ։ Պլաստիկայի հնչեղությունը ողջ ուժով արտացոլված է հատկապես Հաղթանակի հուշապատի վրա։ Հարթաքանդակային կոմպոզիցիաներում ներկայացված են հաղթության հանդիսավոր երգը, կյանքի ու Հայաստանի վերածնունդի հաստատումը։

Հարթաքանդակների պլաստիկական լուծումներում միտումնավոր կերպով օգտագործված է բազմամասշտաբայնության սկզբունքը, որը սակայն, ստեղծելով միասնական տարածական պատկեր՝ չի խաթարում կոմպոզիցիայի ամբողջականությունը[10][11]։

Հուշապատի բարձրությունը 7 մետր է, եզրերում՝ 9 մ, իսկ լայնությունը 55 մ[1]։ Պատի կենտրոնում կամարաձև անցում կա, որով Հաղթանակի հուշապատը վիզուալ կերպով միավորում է Հերոս-արծիվների արահետը դեպի թանգարան տանող արահետի և համալիրի այլ կառույցների հետ՝ միասնական դարձնելով ընդգծում է հուշարձանի և հուշահամալիրի ճարտարապետության ամբողջականությունը։ Պատի ճարտարապետական կոմպոզիցիան ամբողջովին բարելիեֆային տեխնիկայով են կատարված[7]։

Կորանման պատով տարածությունն ասես բաժանվում է արտաքին՝ ակնառու և ներքին՝ չերևացող մասերի. սիմվոլիկ սահման է դնում պատերազմի և խաղաղության միջև, հանուն ազատության և անկախության համար պայքարի պատմական անհրաժեշտության, այն պաշտպանելու, խաղաղ աշխատանքի և զարգացման, արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարի։ Հաղթանակի հուշապատի ճարտարապետական կերպարների ձևի, բովանդակության իմաստայնությունը ոչ միայն տարածությունն է բաժանում, այլև ժամանակը[7]։

Պատի արտաքին և ներքին կողմերի կորանման պանարամայնությունը և բարելիեֆների տեսողական ծավալայնությունը հատուկ ընդգծում է ճարտարապետական կերպարների համահունչ ներդաշնակությունը։

Պատի արտաքին կորանման հարավային կողմը, որն ուղղված է Հայաստանի պետական սահմանի կողմը, նվիրված է Սարդարապատի ճակատամարտի պատմական տեսարանին. կռվող զինվորներ, հրաձիգներ, ազատամարտիկներ, ինչպես նաև զենք-զինամթերք բերող կանայք և երեխաներ, հոգևորականներ, որոնք հայ ժողովրդին առաջնորդում են մարտի։ Պատի ամբողջ երկայնքով, ձախից «Մայր Հայաստանի» կերպարն է քանդակված, որը թշնամու դեմ պայքարի է կոչում և ինքն էլ կանգնած է Հայրենիքի պաշտպանության համար։

Հուշապատի կորանման մակերեսի ներսի կողմի փոխաբերականությունը և սիմվոլիզմը խորհրդանշում է հայ ժողովրդի անցած պատմական ուղին՝ ծնունիդից մինչը ներկայիս Հայաստանը, նրա անկախությունը, խաղաղ և ստեղծագործ աշխատանքը, բարու ու չարի հավերժ պայքարը[7]։ Աջ կողմում պատմական Հայաստանի պատվարժան կերպարներն են՝ Անահիտ ասվածուհին և Վահագնի ծնունդը։ Կամար-անցումի կենտրոնի վերևում փորագրված է Հայաստանի պետական հնագույն խորհրդանիշներից մեկը՝ հարյուրամյակներ շարունակ արքայական տոմերի խորհրդանիշը եղած արծիվը, որը խորհրդանշում է իմաստություն, հպարտություն, համբերատարություն և վեհանձնություն[17][18], որը պսակված է սրբազան արևի սկավառակով՝ մեծության և փառքի խորհրդանիշ, իսկ ճիրաններում նետի սուր ծայրի նման շինարարական ուղղալարը՝ աննկունության և ուղղակիության կատարյալ խորհրդանիշ[19][20]։ Ձախ կողմում՝ վերևում բիբլիական Արարտ լեռն է, ամբողջ մարդկության բնօրրանը, «Հայրենիք» խորագրով։

Ճարտարապետական կոմպոզիցիան ամբողջացնում է անհանգիստ, փոթորկալից ծովը՝ ժամանակի խորհրդանիշը, որի ալիքների վրա տեղի են ունենում այն իրադարձությունները, որոնք տեղ են գտել Հաղթանակի հուշապատի վրա։ Պատի վրա մի փոքր տեղ է հատկացված կրակ ու բոց արձակող պեգաս-ձիերին, որոնց ոտքերի տակ է վիշապ օձը, որը խորհրդանշում է բարի ու չար ուժերի, լույսի և ստվերի պայքարը[7]։

Պեգասների միջև, ասես նրանց հովանու տակ, կա մի հերալդիկական խորհրդանիշ ևս՝ արվեստը և արհեստը խորհրդանիշ հանդիսացող մուրճը, որը ծածկված է խաղողի տերևներով, երկու երկսայր բաց ծայրերով սրերով, որոնք միշտ պատրաստ են պաշտպանության հասնել։ Վրան մակագրված է «Աշխատանք»[19]։

Պատի մի մասն ազատ է, չկան քանդակված պատկերներ, ասես մաքուր թուղթ լինի, որը խորհրդանշում է Հայաստանի պատմական հավերժությունը[7]։ Քանդակագործ Արա Հարությունյանը գրել է.

  … հուշահամալիրում անմահացվել է ռազմական ոգին և հաղթանակի նկատմամբ անսանձ կամքը, որը ցուցաբերել է հայ ժողովուրդը թուրքական բանակի հետ ճակատամարտում։  

Հայաստանի ազգագրության թանգարան

խմբագրել
 
Սարդարապատի հուշահամալիրի Ազգային թանգարանի բնական լուսավորումը, Հայաստան, Արմավիրի մարզ

Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը՝ դառնալով Հուշահամալիրի օրգանական մասը։

Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Ուղղանկյուն (64,9 մ X 61,7 մ) հատակագծով, 10 մ բարձրությամբ շենքում «հազարաշեն» գմբեթներով ծածկված, վերևից լուսավորվող երեք դահլիճներն են, որոնց կից ներքին 4 բակերից լույսն առատորեն թափանցում է պարագծով դասավորված ցուցասրահներ (ցուցադրման համար օգտագործվող մակերեսը 5000 մ²-ից ավելի է)։ Արտաքին խուլ պատերի եռանկյունաձև որմնախորշերն ուժեղացնում են շենքի ծավալատարածական հորինվածքի արտահայտչականությունը և օրգանապես կապված են ցուցասրահների նպատակահարմար հատակագծմանը։

Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝ Արագածին, մյուսը՝ Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։ Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։

Արմավիրի վառ կարմիր տուֆից կառուցված հուշահամալիրի հուզական ուժեղ ներգործությունը պայմանավորված է նաև կերպարային լուծման ժողովրդայնությամբ, կրում է հերոսական անցյալի համակող, գնահատության խորհուրդը[1]։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանն ունի ավելի քան 70000 թանգարանային առարկաներից բաղկացած հավաքածու։ Թանգարանի 6500 մ² ցուցադրական մակերեսի վրա ներկայացված են Հայոց ազգային մշակույթին և Մայիսյան հերոսամարտերի պատմությանը նվիրված հիմնական ցուցադրությունները։ Թանգարանի հավաքածուները բաղկացած են հետևյալ բաժիններից.

  1. Հնագիտական (հնագույն, միջնադարյան արվեստ, արհեստներ, կրոնա-պաշտամունքային առարկաներ)
  2. Ազգագրական-աշխատանքային գործիքներ, արհեստներ, ազգային խոհանոց, օժանդակ տնտեսաձևեր, գորգ և կարպետ, կահույք, ժանյակ և ասեղնագործություն, ազգային տարազ և զարդեր, ընտանիքին և ազգային տոնացույցին վերաբերող առարկաներ
  3. Լուսանկարների, նկարների, փաստաթղթերի, արխիվային նյութերի հավաքածուներ
  4. Դեկորատիվ կիրառական արվեստ
  5. Այլ էթնիկ մշակույթին ընդհանրություններին վերաբերող թանգարանային առարկաներ։

Ուշագրավ է ավելի քան 7000 առարկաներից կազմված հնագիտական հավաքածուն։ Ցուցադրված առարկաներից հիշարժան են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի բրոնզե արձանիկները, մ.թ.ա. III հազարամյակի Հայկական լեռնաշխարհի բնակիչ ցեղապետի կիսանդրին, կավե կրակարանը, զենքի տեսակները և այլն։

Բրոնզեդարյան շերեփը կազմում է թանգարանի հնագիտական հավաքածուի զարդը։ Հայտնաբերվել է 1977 թվականին Լոռի Բերդ գյուղի թիվ 21 ուշ բրոնզեդարյան դամբարանից (հնագետ Ս. Դևեջյան) օգտագործվել ծիսական արարողությունների ժամանակ նույն դամբարանում թաղված քրմի կողմից։

Եղջերուների արձանախումբը արձանադրոշ է՝ հայտնաբերված 1975 թվականին Լոռի Բերդի դամբարանադաշտում։ Այն ձուլածո է, թեմատիկ և ոճական առանձնահատկություններով համապատասխանում է Հայաստանի ուշ բրոնզեդարյան արվեստին, պատրաստված է տեղական վարպետ-արվեստագետի ձեռքով։ Արձանադրոշն ունի պաշտամունքային նշանակություն, օգտագործվել է ծիսական արարողությունների ժամանակ։

 
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի պատկերով 1994 թվականի հայկական հուշադրամ՝ նվիրված Սարդարապատի ճակատամարտին (1918), 25 դրամ - արծաթ 999

Թանգարանի ազգագրական հավաքածուի կազմում ընդգրկված են հայ էթնիկ հանրույթի արևմտահայ և արևելահայ համալիրների, տարբեր պատմական ժամանակաշրջաններին վերաբերող մշակութային արժեքներ։

Գործվածքի հավաքածուն ամենախոշորն է թանգարանի մյուս հավաքածուների համեմատությամբ. գորգին, ասեղնագործությանը և ժանյակին, տարազին վերաբերող թանգարանային առարկաների ընդհանուր քանակը գերազանցում է 8000-ը։ Դրանցից հատկապես հիշարժան է գորգերի հավաքածուն, որի հնագույն նմուշը XVII դարից է։ Տարազի հավաքածուն՝ ավելի քան 1600 կտորից կազմված, ներառում է XIX դարի վերջից մինչև XX դարի սկզբի Հայոց գյուղական և քաղաքային բնակչության առօրյա ու տոնական տարազի համալիրները։

Ժանյակների և ասեղնագործ սրբիչների, սփռոցների հավաքածուն (ավելի քան 2500 միավոր) նույնպես ներկայացնում է պատմական Հայաստանի գեղարվեստական գործվածքի ինքնատիպությունը։ Ի թիվս գործվածքների այլ նմուշների, ուրույն տեղ ունի նաև գոբելենների հավաքածուն (թվով 150)։

Հարուստ է արծաթե գոտիների հավաքածուն պատրաստված Հայաստանի և Կովկասի հայտնի վարպետների ձեռքով։ Նույն հավաքածուի կազմում է ոսկով ու արծաթով պատված, փորագրված դաշույնների հավաքածուն, որը մեծ մասամբ հայ վարպետների ձեռքի գործ է։

Ավելի քան հազար առարկա ընդգրկող ճենապակու և ապակու հավաքածուի մեջ կարևոր են սեղանի սպասքի նմուշները, ինչպես նաև գեղարվեստական ոճավորմամբ առանձնացող կենցաղային առարկաները։

Հայոց ազգագրության թանգարանն ունի Կուտինայի խեցեգործության հարուստ հավաքածու, որը նվեր է հունահայ Հակոբ Ջելալյանից։ Թանգարանի հիմնական ցուցադրությունում ուրույն տեղ ունի ուտեստի ցուցադրանքը։ Ցուցադրության մեջ ներկայացված են հայոց ավանդական ուտեստի համակարգում մշակված և պահպանված էթնիկ ավանդույթներն ու առանձնահատկությունները։

Թանգարանում պահպանվում են հայ ժողովրդի տնտեսական հիմնական և օժանդակ զբաղմունքների, տնայնագործության ու արհեստների դարավոր ավանդույթներն արտացոլող ավելի քան 4500 գործիք և այլ առարկաներ։ Այս հավաքածուն թույլ է տալիս դիտողին պատկերացում կազմել Հայոց տնտեսական կյանքի և նյութական մշակույթի մասին։

Թանգարանում պահպանվում է 306 նվագարան, որից 290-ը հայկական ժողովրդական նվագարաններ են՝ 100 լարային, 159 փողային, 31 հարկանային, իսկ 16-ը՝ աշխարհի ժողովուրդների։ Հավաքածուի ամենահին նվագարանները 1689 և 1696 թվականներով թվագրվող պղնձե ծնծղաներն են, որոնց վրա հայատառ արձանագրություններ կան։ Հավաքածուի զարդն են ճանաչված երաժիշտներ Լևոն Մադոյանի, Գուրգեն Միրզոյանի, Լևոն Կարախանի, Սողոմոն Սեյրանյանի, Վաչե Հովսեփյանի, Արամ Մերանգուլյանի, Սաշա Օգանեզաշվիլու նվագարանները։

Դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուի, ավելի քան 2000 ստեղծագործությունների մեծ մասը ներկայացնում է հայոց ավանդական մշակույթի, ինչպես նաև հայրենի երկրի ու բնության ոգին։

Աշխարհի ժողովուրդների ազգագրության հավաքածուի հիմնական մասը կազմում են Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրների (Գանա, Գամբիա, Գվինեա, Լիբերիա, Նիգերիա, Սենեգալ, Տանզանիա) փայտե արձանիկները, դիմակները և այլ առարկաներ։ Հավաքածուում փոքրաքանակ առարկաներով ներկայացված են նաև Օվկիանոսքի, Հնդկաստանի, Հարավ-արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Վիետնամ) ժողովուրդների մշակույթի տարրեր[21]։

Պատմական նշանակություն

խմբագրել

1918 թվականի մայիսի 22-28-ին թուրքական կանոնավոր բանակի և հայկական զինված կազմավորումների ու ժողովրդական ազատամարտիկներ միջև տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը, որի իրադարձությունները տեղի էին ունենում Սարդարապատ երկաթուղային կայարանի հարևանությամբ, կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի պատմության մեջ։ Թուրքական մեծաքանակ զորքերի նկատմամբ հաղթանակը պատմական մեծ նշանակություն ունեցավ[22]։ Պարտության դեպքում, ըստ բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքերի.

  ...միանգամայն հնարավոր է, որ Հայաստան բառը պահպանվեր միայն որպես պատմական աշխարհագրության տերմին[23]։  

Միևնույն ժամանակ, հաղթանակը կանգնեցրեց դեպի հյուսիս, արևելյան տարածքներ և Կովկասի ուղղությամբ թուրքական զորքերի էքսպանսիան, կանխվեց հայ ազգի ամբողջական ոչնչացումը և հայոց պետականության վերաստեղծման հիմք դրեց[24]։ Սարդարաբատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի տակ տեղի ունեցած այս հաջողված գործողությունների շնորհիվ և այդ ընթացքում հայ զինվորների և սպաների, ինչպես նաև ժողովրդական զանգվածների ցուցաբերած հերոսությամբ հնարավոր եղավ ոչ միայն դադարեցնել թուրքերի առաջխաղացումը, այլ նաև հսկայական կորուստներ պատճառելով նրանց ետ մղել։ Թուրքական զորքերի կովկասյան ճակատի հրամանատար Վեհիբ փաշան իր զինվորների պարտությունն անվանել է ջախջախում[16]։

Թանգարանում պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը հասած հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ, թանգարանային հավաքածուներ և առարկաներ։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն օգնում է ճանաչել և գնահատել անցյալը, ավանդական արժեքային կողմնորոշումները, որպես ներկայի ու ապագայի հիմունք։

Իր գործունեության ընթացքում թանգարանը դարձել է պատմամշակութային հիշողության և տեղեկատվության շտեմարան։ Թանգարանում ցուցադրվում է հայոց ավանդական մշակույթի համակարգը՝ կենսապահովման, սոցիալական, հոգևոր մշակութային տարրերով հանդերձ։ Ցուցադրության մեջ մշակութային երևույթները, տարրերը ներկայացվում են ըստ պատմազգագրական մարզերի. համահայկական ընդհանրություններին զուգահեռ ցուցադրվում են նաև մշակութային տեղական առանձնահատկությունները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ». Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/227. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  2. Cyrille Toumanoff. Studies in Christian Caucasian history. — Georgetown University Press, 1963. — С. 75.
  3. Մովսես Խորենացի Պատմութիւն Հայոց
  4. Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991. Заробян Яков Никитович (Зурабян Акоп Мкртичевич).
  5. «Սարդարապատ». newmag. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Հաղթանակի հուշարձան - Սարդարապատ». Երկիր Մեդիա. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.[ masis.tv]
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Վավերագրական ֆիլմ նվիրված «Ա. Շահինյանի 90-ամյանին»։ «Эскиз» ատեղծագործական միավորում, 2007, Երևան, (հայ.)
  8. Հայկական Սովետական Հանրագիտարան (1982). «Արշամ Շիրինյան». հատոր 8, էջ. 423, տպաքանակ 100000. Հայկական հանրագիտարանային հրատարակչություն. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  9. 9,0 9,1 «Sardarapat». rafaelisraelyan.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Архитектурно-скульптурный ансамбль «Сардарапатская битва». Быки 8 м. Колокольня 35 м. Орлы» (ռուսերեն). Ара Арутюнян. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Энциклопедия символики и геральдики» (ռուսերեն). symbolarium.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  12. «В. Ваганян. Уникальные наскальные изображения природных катастроф» (ռուսերեն). Valcamonica Symposium 2009, October 28 – November 2, 2009, Capo di Ponte. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Armenia. Fine_Arts. Sculpture. Odzun» (ռուսերեն). fluteric.info. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  14. «Надгробие-монумент в Агиту» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. С. С. Мнацаканян. Композиция двухъярусных мартириумов в армянском раннесредневековом зодчестве.(չաշխատող հղում) — № 4: Պատմա-բանասիրական հանդես, 1976. — С. 213—230
  16. 16,0 16,1 «Со щитом и на щите» (ռուսերեն). Журнал «Ереван», N 10, 2006. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  17. «Герб Армении» (ռուսերեն). geraldika.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  18. Орёл. Символика.
  19. 19,0 19,1 Похлебкин, 2001
  20. Словарь терминов. Отвес — … совершенная эмблема непреклонности и прямоты.
  21. Հռիփսիմե Սիմոնյան (2008). Սա մեր երկիրն է, Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 320–343. ISBN 978-99930-4-959-3.
  22. «Сардарапатская победа - Тайная папка». Երկիր Մեդիա. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  23. Walker Christopher J. «Armenia. The Survival of a Nation.» — New York: St. Martin's Press, 1990. — P. 254–255. — ISBN 9780312042301
  24. Peter Balakian. The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response. — New York: HarperCollins, 2003. — P. 321. — 528 p. — ISBN 0-0605-5870-9.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր» հոդվածին։