Կենտրոնական կոմիտե (ԽՄԿԿ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական կոմիտե (այլ կիրառումներ)

ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) բարձրագույն ղեկավար օրգան ԽՄԿԿ համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում։ ԿԿ-ի անդամները և անդամության թեկնածուները ընտրվել են համագումարի կողմից։

КПСС.svg

Կենտրոնական կոմիտեն համարվել է կոմունիստական կուսակցության քաղաքական ղեկավարման օրգանը, տեսական և գաղափարական կենտրոնը։ Գործունեության ընթացքում այն ենթարկվել է կուսակցության համագումարի որոշումներին։

ԽՄԿԿ XXIV համագումարի (1971-ի մարտ-ապրիլ) հաստատած կանոնադրության մեջ ասվում էր, որ ԿԿ ղեկավարում է կուսակցության տեղական կուսակցական օրգանների ամբողջ գործունեությունը, իրականացնում ղեկավար կադրերի ընտրությունը և տեղաբաշխումը, ուղղություն է տալիս կենտրոնական պետական և աշխատավորների հասարակական կազմակերպությունների աշխատանքին՝ այնտեղ գործող կուսակցական խմբերի միջոցով, ստեղծում կուսակցության օրգաններ, հիմնարկներ, ձեռնարկություններ, ղեկավարում դրանց գործունեությունը, նշանակում կենտրոնական թերթերի և հանդեսների խմբագրությունները, բաշխում կուսակցական բյուջեի միջոցները և վերահսկում այն։

Լինելով կոլեգիալ ղեկավարման մարմին՝ ԽՄԿԿ ԿԿ, ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ (համաձայն կուսակցության կանոնադրության), անցկացնում էր պլենար նիստեր։ ԿԿ-ի անդամության թեկնածուները պլենումներին պետք է ներկա լինեին լինում խորհրդակցական ձայնի իրավունքով։ Համագումարից հետո, ԿԿ-ի առաջին պլենար նիստում, ընտրում էին Սովետական Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրո և քարտուղարություն, որոնք ղեկավարում էին կուսակցությունը՝ ԿԿ-ի պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում։

Մինչև 1917 թվականը, երբ կուսակցության գործունեությունն անօրինական էր, ԿԿ ունեցել է Ռուսական բյուրո ՌՍԴԲ (բ)Կ ԿԿ և Արտասահմանյան բյուրո ՌՍԴԲԿ ԿԿ։ ԿԿ-ի անդամներին սիստեմատիկ հավաքելն անհնարին էր և վտանգավոր, այդ պատճառով սովորաբար հարցերը քննարկվում էին ԿԿ-ի ոչ լրիվ կազմի ներկայությամբ, ապա նամակագրությամբ հաշվի էին առնվում ԿԿ-ի մյուս անդամների կարծիքները, ընդունվում որոշումներ։ ԿԿ-ի ժողովներն առաջին անգամ «ԿԿ-ի պլենում» կոչելը վերաբերում է 1908 թվականի օգոստոսին (Ժնև)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կուսակցության մշտական աճի, գործունեության մասշտաբների ընդլայնման, առաջադրվող խնդիրների բարդացման հետեանքով ԿԿ-ի կազմն ընդլայնվում էր։

Վլադիմիր Լենինի առաջարկությամբ ՌԿ (բ)Կ XII համագումարը (1923-ի ապրիլ) ավելացրեց ԿԿ-ի կազմը (մինչև ԿԿ-ի 40 անդամ և 17 անդամության թեկնածու)։ XV-XVIII համագումարներում (1927-ի դեկտեմբեր - 1939-ի մարտ) ԿԿ-ի անդամների թիվը հասավ 71-ի, անդամության թեկնածուներինը՝ 68-ի։ XXV համագումարում (1976-ի փետրվար-մարտ) ԿԿ-ի կազմում ընտրվել է 288 անդամ և 139 անդամության թեկնածու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 379 CC-BY-SA-icon-80x15.png