Դեկորատիվ-կիրառական արվեստ
Դեկորատիվ-կիրառական արվեստ, դեկորատիվ արվեստի ճյուղ։ Ընդգրկում է ստեղծագործական այն բնագավառները, որոնցում ստեղծվում են գեղարվեստական կենցաղային իրեր (կահույք, գործվածք, աշխատանքի գործիք, ինչպես նաև զգեստ, զարդ)։
Պատմություն
խմբագրելԴեկորատիվ արվեստը միջավայրի, տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նաև գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստն է։ Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծող ոլորտ է։
Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում։ Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը։ Մ. թ. ա. II հազարամյակում Չինաստանում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-III դարերում՝ բարձրորակ մետաքսե գործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը։ Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտափորագրությունը և այլն։ Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն հայ վարպետները։ Կարի, ոսկերչության, դրվագման, խեցեգործության և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից։ Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն Դվինում, Անիում, Արծնում, Վասպուրականում, Արցախում, Ախալցխայում, այլև Կոստանդնուպոլսում, Լվովում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում, Նուխիում, Շամախիում և այլուր։ Վաղ միջնադարից մինչև XIX դարը պատրաստվել են թանկարժեք մետաղներով, քարերով զարդարված, դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր։ Միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները։ IX–XIII դարերում Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե, մետաքսե ինքնատիպ գործվածքներ։ Ֆրանսիայում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը 1677 թվականին Մարսելում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր Եվրոպայում, իսկ 1699 թվականին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել Սպահանի հայ վարպետներին։ XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ[1]։
Դասակարգում
խմբագրելԳիտական գրականության մեջ 19-րդ դարի 2-րդ կեսից դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները դասակարգվում են
- ըստ գործնական նշանակության,
- ըստ նյութի (մետաղ, փայտ, խեցի),
- ըստ կատարման տեխնիկայի (փորագրում, ասեղնագործում, ձուլում, դաջում, դրվագում)։
Այդ դասակարգումը պայմանավորված է դեկորատիվ-կիրառական արվեստի կառուցվածքային տեխնոլոգիական էությամբ և արտադրությաև հետ անմիջական կապով։ Գործնական և գեղարվեստական խնդիրները լուծելով համատեղ, ինչպես և ճարտարապետությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը պատկանում է և՛ նյութական, և՛ հոգևոր արժեքների ստեղծման ոլորտին։ Նրա ստեղծագործությունները սերտ կապված են տվյալ դարաշրջանի նյութական մշակույթին, կենցաղին, տեղական էթնիկ, ազգային, ինչպես և սոցիալական ու դասակարգային առանձնահատկություններին։ Լինելով նյութ, միջավայրի բաղկացուցիչ մաս՝ դեկորատիվ-կիրառական արվեստի գործն իր գեղագիտական արժանիքներով, կերպարային կառուցվածքով ու բնույթով ներազդում է մարդու հոգեվիճակի վրա, ընկալվում ճարտարապետական տարածական միջավայրի, շրջակա առարկաների ու դրանց համալիրների (սպասք, կահույք, տարազ, ոսկերչական իրեր) փոխադարձ կապով։ Առարկայի արխիտեկտոնիկան, որը պայմանավորված է նրա կիրառման բնույթով, նյութի կոնստրուկտիվ հնարավորություններով ու պլաստիկ հատկություններով, հաճախ հիմնական դեր է խաղում հորինվածքում։ Երբեմն դեկորատիվ-կիրառական արվեստում նյութի գեղեցկությունը, համամասնությունը, ռիթմական կառուցվածքը ստեղծագործության հուզական կերպարային բովանդակության մարմնավորման եզակի միջոցներ են (օրինակ, մետաղյա, խեցեղեն կամ ապակե իրերը, որոնք նկարազարդ չեն)։ Իրի դեկորը (զարդը) նույնպես էական դեր ունի կերպարային կառուցվածքում։ Շատ հաճախ դեկորի շնորհիվ կենցաղային իրը դառնում է դեկորատիվ-կիրառական արվեստի գործ։ Դեկորատիվ-կիրառական արվեստի դեկոր ստեղծելու համար օգտագործվում են զարդապատկերը և կերպարվեստի զանազան տարրեր (քանդակ, գեղանկար, երբեմն՝ գրաֆիկա)։ Կերպարվեստի միջոցները և զարդապատկերը դեկորատիվ-կիրառական արվեստում ծառայում են ոչ միայն դեկոր ստեղծելուն, այլև երբեմն ներթափանցում են առարկայի ձևի մեջ (կենդանիների թաթերի, գլուխների, արմավիկների, խոյօղերի և այլ տեսքով կահույքի մանրամասներ, պտուղի, թռչնի, կենդանու, մարդու ֆիգուրներից անոթներ)։ Իրի գեղարվեստական և կիրառական ֆունկցիաների միասնության, ձևի և դեկորի փոխներթափանցման մեջ ի հայտ է գալիս դեկորատիվ-կիրառական արվեստի սինթետիկ բնույթը։
Դեկորատիվ-կիրառական արվեստը սկիզբ է առել մարդկային հասարակության վաղ շրջանում և դարերի ընթացքում եղել գեղարվեստական ստեղծագործության հիմնական բնագավառներից մեկը։ Կերպարվեստի մյուս տեսակների նման այն կրել է գեղարվեստական տարբեր ոճերի, ուղղությունների ազդեցությունը։ 19-րդ դարի 2-րդ կեսի էկլեկտիզմի միտումները աղքատացրել են նաև դեկորատիվ-կիրառական արվեստը։ Իշխող անճաշակությանն ու զանգվածային մեքենայական արտադրության դիմազրկող ներգործությանը արվեստագետները հակադրել են արհեստավորական կամ գործարանային եղանակով պատրաստված եզակի առարկաներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դեկորատիվ-կիրառական արվեստը զարգացավ գաղափարական և գեղագիտական նոր հիմքերով։ ԽՍՀՄ-ում բանվորական բնակարանների, հանրակացարանների, ակումբների, ճաշարանների կոմպլեքսային հարդարանքի, աշխատանքային տեղամասի ռացիոնալ սարքավորման և այլ խնդիրներ ստեղծագործական որոնումների հնարավորություն ընձեռեցին կոնստրուկտիվիստների, Գերմանիայում և այլ երկրներում ֆունկցիոնալիստների համար, որ և շատ բանով նպաստեց դիզայնի ի հայտ գալուն։ ԽՍՀՄ-ում վերածնվեցին ժողովրդական արհեստները։ Դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետները օգտվեցին ազգային հարուստ ավանդույթներից։ ԽՍՀՄ-ում ֆաբրիկային եղանակով արտադրվող առօրյա կենցաղային իրերի ֆունկցիոնալ և գեղարվեստական արտահայտչամիջոցների ու դեկորի որոնումներին զուգընթաց արվեստագետները զբաղված են նաև եզակի գործերի ստեղծմամբ։
Դեկորատիվ-կիրառական արվեստը Հայաստանում
խմբագրելՀամաշխարհային Դեկորատիվ-կիրառական արվեստի գանձարանում իրենց ներդրումն ունեն հայ վարպետները։ Գորգերը, ժանյակները, ասեղնագործ կտորեղենը, տարազի տարատեսակները, խեցեղենը, փայտի գեղարվեստական մշակումը վկայում են արվեստի այդ ճյուղի հնագույն ավանդները։ Հայկական ԽՍՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը վերելք է ապրել։ Դրան օգնել հանրապետական ժողովրդական ստեղծագործության տունը, Հայաստանի նկարիչների միությունը, կադրեր են պատրաստում Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանը և այլ կազմակերպություններ։
ՀՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը շարունակում է նորովի զարգանալ ազգային ավանդույթների հենքի վրա։ Այդ ոլորտի հայ վարպետներն զբաղվում են ապակու տարատեսակների (հախճապակի, ճենապակի) գեղարվեստական մշակմամբ, արծաթագործությամբ, ոսկերչությամբ, մետաղագործությամբ, փայտագործությամբ, խեցեգործությամբ և այլն։
Գրականություն
խմբագրել- Бабенчиков М․В․, Народное декоративное искусство Закавказья и его мастера, М․, 1948;
- Салтыков А․ Б․, Избранные труды, М․, 1962; Чекалов А․К․, Основы понимания декоративно-прикладного искусства, М․, 1962;
- Декоративное искусство средневековой Армении․ [Альбом], Л․, 1971;
- Marangoni G․, Clement А․, Storia deH’arredamento, v․ 1—3, Milano, 1951—1952
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեկորատիվ-կիրառական արվեստ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 333)։ |