Հայկական ժողովրդական կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ

Հայկական ժողովրդական կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստը Հայաստանում զարգացել է դարերի ընթացքում։ Ստեղծվել են ժողովրդական կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրակարգ նմուշներ (կահույք, գործվածք, գորգեր, կարպետներ, աշխատանքային գործիքներ, զգեստներ, զարդեր և այլն), որոնք, իբրև մշակութային ժառանգություն, անգնահատելի են։ Հայկական ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստի տարածված տեսակներից են արծաթագործությունը, գորգագործությունն ու կարպետագործությունը, ժանյակագործությունն ու ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակումները։ Դեկորատիվ-կիրառական արվեստի գրեթե յուրաքանչյուր բնագավառ ունեցել է իր դպրոցները, որոնք միմյանցից տարբերվել են կատարման տեխնիկայով, զարդաձևերի ինքնատիպությամբ և ոճական առանձնահատկություններով։

Արցախյան գորգ

Արծաթագործություն խմբագրել

 
Արծաթյա կազմ

Արծաթագործության կարևոր կենտրոններից էին Վանը, Կարինը (Էրզրում), Երզնկան, Անին, Երևանը, Թիֆլիսը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Շամախին և այլ քաղաքներ։ Արծաթագործության հրաշալի նմուշներ են ստեղծել Կիլիկիայի հայ վարպետները, կիրառել են ձուլման, դրվագման, ցանցվեն (ֆիլիգրան), սևադապատման, արծնակիտման և այլ եղանակներ։ Հայտնի են Մարաշի, Այնթապի, Վասպուրականի, Կարինի ժանյակագործության և ասեղնագործության դպրոցները, տարածված զարդակարերից էին շարակարը (շուլալակար), շյուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, գծային և այլն), խաչկարը, կոդքակարը, թելքաշը և այլն, իսկ զարդանախշերից՝ երկրաչափական, բուսումնական, նաև ծաղիկների՝ վարդի, շուշանի, մանուշակի, զանգակի, նարգիզի պատկերները։

Ոսկերչություն խմբագրել

 
Ոսկյա գավաթ
 
Ոսկյա խույր

Հին Հայաստանում ոսկերչությունը նույնպես հասել է բարձր մակարդակի (Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի և այլ վայրերի գտածոները)։ Ոսկերչության կենտրոններից էին Դվինը, Անին, Կարսը, Շուշին, Արդվինը և այլ քաղաքներ։ Հայտնի են նաև Վասպուրականի, Զանգեզուրի, Արցախի գորգագործության և կարպետագործության, Դվինի, Արտաշատի, Կուտինայի խեցեգործության և այլ դպրոցներ։

Ժամանակակից արվեստը խմբագրել

 
Փամբակի հայկական գորգ

Ժամանակակից ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստը զարգանում է նորովի՝ նուրբ ներդաշնակությամբ միահյուսելով ազգային ավանդականն ու նորը։ Ժողովրդական վարպետների բազմադարյան փորձն ու հմտությունը փոխանցվել է սերնդեսերունդ։ Հայ արծաթագործներ և մետաղագործներ Արծրուն Բերբերյանը, Գուրգեն Թորոսյանը, Գաբրիել Հացագործյանը, Ռուբեն Սարվագյանը, Էդուարդ Եսայանը, Դավիթ Ջրբաշյանը և ուրիշներ ժառանգել են նախկինում հայտնի դրվագողների, փորագրիչների, զուգաթելի և արծնակիտման վարպետների լավագույն ավանդույթները։ Սալոմե Ջրբաշյանի, Արփինե Մարանյանի, Թամարա Հակոբյանի, Մարի Երկաթի, Օֆելյա Բուլիկյանի և ուրիշներ բրդե, բամբակե, մետաքսե, արծաթե ու ոսկե թելերով զարդանախշված և հյուսված գորգերը, կարպետները, սրբիչները, անձեռոցիկները, գոգնոցներն ու ժանյակներն առանձնանում են գույների գեղեցիկ և նրբաճաշակ համադրումներով, կատարման բարձր վարպետությամբ։ Չնայած Հայաստանում գեղարվեստորեն մշակված փայտե իրերը սակավ են պահպանվել, սակայն արհեստի այդ ձևը մեծ վերելք է ապրում մեր օրերում։ Կենցաղային իրերը՝ պահպանակները, գաթանախշերը, գդալները, ինչպես և դեկորատիվ սկահակները, սափորները, սկուտեղները վկայում են վարպետներ Հակոբ Ազատյանի, Սարգիս Պողոսյանի, Ռուբեն Հախվերդյանի, Սահակ Սահակյանի, Օլեգ Չերգեշտյանի, Արսեն Փանոսյանի և ուրիշներ իհմտությունն ու հարուստ երևակայությունը։ ՀԽՍՀ-ում մինչև 1950-ական թվականներին գյուղի և քաղաքի շուկան մատակարարել են ժողովրդական բրուտագործները, որոնք հիմնականում պահպանել են դարերի ընթացքում մշակված ձևերը (կժեր, կավե սպասք, պուլիկներ և այլն)։

Գեղանկարչություն և քանդակագործություն խմբագրել

 
Հակոբ Մեղապարտի արձանը. քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան

Ժամանակակից ժողովրդական արվեստի տարածված բնագավառներից են նաև գեղանկարչությունն ու քանդակագործությունը։ Ուշագրավ են ժողովրդական վարպետներ Հովհաննես Համբարձումյանի, Գերասիմ Ամիրյանի, Լև Կունջուլովի, Դիանա Ուկլեբա-Գրիգորյանի, Սարգիս Պարսեղյանի, Հովսեփ Մարգարյանի, Արամ Վիրաբյանի և ուրիշներ գործերը։ ազգային առանձնահատկությունների, ավանդական ձևերի և նոր զարդամոտիվների ու արտահայտչամիջոցների ներդաշնակ կիրառումը ժողովրդական արվեստի կարևոր հատկանիշն է։

 
Հայ հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքներից

2011 թվականին Երևանում կազմավորվել է ժողովրդական ստեղծագործության կենտրոնը՝ միավորելով Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը՝ Դիլիջանի մասնաճյուղով, և ժողովրդական ստեղծագործության ու արհեստագործության կենտրոնը։ Հայաստանի ժողովրդական վարպետները մասնակցում են հանրապետական ու միջագգային ցուցահանդեսների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։