Ռուբեն Վարդանյան (գործարար)

(Վերահղված է Ռ. Վարդանյան (գործարար)ից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Վարդանյան (այլ կիրառումներ)

Ռուբեն Կառլենի Վարդանյան (մայիսի 25, 1968(1968-05-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, բարերար, սոցիալական ձեռներեց և հասարակական գործիչ, 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը Արցախի Հանրապետության պետական նախարար[2]։

Ռուբեն Վարդանյան
Դիմանկար
Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունենում ՖԱՍՏ հիմնադրամի Գլոբալ Ինովացիան Ֆորումում 2022, Երևան, Հայաստան
Ծնվել էմայիսի 25, 1968 (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան և Ռուսաստան Ռուսաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգործարար
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Հանրապետության Պետական նախարար
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշան
Կայքfreevardanyan.com
 Ruben Vardanyan Վիքիպահեստում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Տաթևի վերածնունդ» ծրագրի և աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու՝ «ՏաԹևեր»-ի կառուցման նախաձեռնող, Հայաստանի UWC Dilijan College-ի և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր-գործընկեր, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), առողջապահական HENAR հիմնադրամի համահիմնադիր, Philanthropy Infrastructure – Բարեգործության ենթակառուցվածքներ (PHILIN) նախագիծի հիմնադիր, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին ղեկավար և հիմնական գործընկեր (1992—2012):

2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախից Հայաստան տեղափոխվելիս, Ռուբեն Վարդանյանն ձերբակալվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից, և այդ պահից ի վեր գերու կարգավիճակով պահվում է Բաքվում[3]։

Կենսագրական տեղեկություններ

խմբագրել

Ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին Երևանում։ 1985 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի №20 դպրոցը։ 1986-1988 թվականներին զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում[4]։ 1985-1992 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել այն։ Փորձաշրջան է անցել Իտալիայի Banca CRT-ում, ավարտել է Նյու Յորքում Merrill Lynch կողմից կազմակերպված՝ զարգացող շուկաներին վերաբերող դասընթացները (1992 թվական), կարճաժամկետ ծրագրեր է անցել INSEAD-ում (Ֆոնտենբլո, Ֆրանսիա, 2000 թվական), Հարվարդի բիզնես դպրոցում (2001, 2005, 2018 թվականներ), Եյլի համալսարանում և Սթենֆորդի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցում (2012 և 2013 թվականներ) և Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանում։

2021 թվականի հունիսի 19-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին[5]։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին նա հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ[6]։ Նրա որոշմամբ՝ ռուսական ամբողջ ակտիվները փոխանցվել է ընտանեկան հիմնադրամին, իսկ դրանց կառավարումը` գործընկերներին:

2022 թվականի հոկտեմբերի 20-ին Վարդանյանը համաձայնել է ստանձնել Արցախի Հանրապետության կառավարության ղեկավարի՝ պետական նախարարի պաշտոնը[7]։ Վարդանյանը պաշտոնը ստանձնել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին[8] և պաշտոնավարել 3.5 ամիս՝ մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը[9]։

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի սահմանային անցակետում՝ Արցախից դեպի Հայաստան ուղևորվելիս, այնուհետև տեղափոխվել է Բաքու[10]։

Հաջորդ օրը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբավորումների ստեղծում և սահմանի ապօրինի հատում[11]։

Բիզնես գործունեություն

խմբագրել

1991-1992 թվականներին՝ «Տրոյկա Դիալոգ» բրոքերական ընկերության փորձագետ, առաջնային շուկայի բաժնի ղեկավար․ ընկերությունում աշխատել է հիմնադրման պահից ի վեր։

1992 թվականից ի վեր ղեկավարել է «Տրոյկա Դիալոգ»-ը՝ զբաղեցնելով գործադիր տնօրենի, այնուհետև՝ նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի ու «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները՝ մինչև 2012 թվականի հունվարի 23-ը, երբ ընկերությունը վաճառվեց Սբերբանկին։ Այնուհետև եղել է Սբերբանկ CIB-ի[12] համաղեկավարը (մինչև 2013 թվականի օգոստոսը), հետագայում՝ Սբերբանկի վարչության նախագահի խորհրդականն ու խորհրդի ղեկավարը (մինչև 2015 թվականի հոկտեմբեր)։

2002-2004 թվականներին Ռոսգոսստրախի գլխավոր տնօրենն էր, միաժամանակ ղեկավարում էր Տրոյկա Դիալոգ ընկերությունը։

2013 թվականին «Տրոյկա Դիալոգ»-ի գործադիր տնօրեն և նախկին գործընկեր Միխայիլ Բրոյթմանի հետ ստեղծել է «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ»[13] ներդրումային ընկերությունը։ Գործենկերների հետ միասին հանդիսանում է Մոսկվայում պրեմիում դասի «Ռոմանով դվոռ» և «Վոզդվիժենկա» բիզնես կենտրոնների սեփականատերն ու ղեկավարը։

Ռուբեն Վարդանյանը եղել է տնտեսության առանցքային ուղղություններում գործող հայաստանյան, ռուսաստանյան և արտասահմանյան ընկերությունների տնօրենների, հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամ․ արդյունաբերություն («ԿամԱԶ», Sollers, «ԱվտոՎԱԶ», «Նովատեկ», «Սիբուռա», «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» և այլն), բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն (Ռուսաստանի վենչուրային ընկերություն և այլն), ֆինանսներ և ապահովագրություն (Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի կառուցվածքում ֆինանսական ինստիտուտ) տնտեսական հարցերով խորհուրդ, Ամերիաբանկ (Հայաստան), Մոսկվայի բանկ, Standard Bank Plc (Մեծ Բրիտանիա), «Ռոսգոսստրախ», Marsh & McLennan Companies (ԱՄՆ) և այլն), անշարժ գույք և ենթակառուցվածքներ (Շերեմետյեվո միջազգային օդանավակայան, AVICA)։

2000-ից 2012 թվականներին եղել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կառավարման բյուրոյի անդամ։ Ռուսաստանում եղել է «Երիտասարդ նախագահների կազմակերպության» (Young Presidents Organisation — YPO) առաջին ղեկավարը։

2015 թվականին Վարդանյանը հիմնել է Phoenix Advisors ընկերությունը, որն առաջարկում է ընտանիքի բարեկեցության պաշտպանության և կառավարման ծառայություններ և օգնում է գործարարներին մշակել ժառանգորդության ծրագիր։

Բիզնես գործունեությունը կրթության ոլորտում

խմբագրել
 
Դիլիջանի միջազգային դպրոցի գլխավոր մասնաշենքը ներսից

Ռուբեն Վարդանյանի նախագծերի մի մասը կապված է Հայաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ-ում կրթական նախաձեռնությունների հետ[14]։

Նա «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր-գործընկերն է, միջազգային հոգաբարձուների խորհրդի փոխնախագահը։ 2006-ից 2011 թվականներին եղել է դպրոցի տնօրենը։ Բացի այդ՝ Վարդանյանը գլխավորում է Զարգացող շուկաների հետազոտության ինստիտուտի դիտորդական խորհուրդն ու «Սկոլկովո» բիզնես-դպրոցի բարեգործության ու բարեկեցության կառավարման կենտրոնի փորձագիտական խորհուրդը։

Ռուբեն Վարդանյանը 16-ից 19 տարեկան դեռահասների համար նախատեսված UWC Դիլիջան դպրոցի (Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան) համահիմնադիրն է։ Հիմնադրումից ի վեր դպրոցում ուսում է ստացել 450 ուսանող՝ ավելի քան 80 երկրից։

2013 թվականին իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ համատեղ հիմնել է Scholae Mundi[15] կրթական նախաձեռնությունների հիմնադրամը, որը ոչ կոմերցիոն հիմունքներով աջակցում է UWC Դիլիջան դպրոցի[16] և այլ կրթական հաստատությունների սաներին՝ կրթաթոշակների և դրամաշնորհների[17] տրամադրման միջոցով, ինչպես նաև համատեղ ծրագիր է սկսել Շոտլանդիայի Դեմֆրիս Հաուս կրթական կենտրոնի հետ, որը գործում է Ուելսի արքայազնի հովանու ներքո[18]։

2021 թվականին Ռուբեն Վարդանյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը[19]։ Վերջինս մշակում և անցկացնում է ծրագրեր՝ նախատեսված միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար:

Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի և այլ երկրների մի շարք կրթական հաստատությունների՝ ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ազգային տնտեսության ու պետական ծառայության ակադեմիայի (2014 թվականից), Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի (2014-2017 թթ.) հոգաբարձուների, Բրազիլիայի Fundação Dom Cabral (FDC) Բիզնես-դպրոցի (2009 թվական), Ճապոնիայի International Christian University-ի միջազգային խորհրդատվական (2011-2015) և Չինաստանի GuangHua կառավարման դպրոցի (2008-2014) խորհուրդների անդամ է եղել։

2000-2016 թվականներին եղել է Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի նպատակային կապիտալի հիմնադրամի հոգաբարձուների, 2008-2009 թվականներին՝ հիմնադրամի խորհրդատվական խորհուրդների անդամ։ 2005-2008 թվականներին եղել է Միջազգային բակալավրիատի կազմակերպության (International Baccalaureate Organisation) հիմնադրամի խորհրդի անդամ։

Ռուբեն Վարդանյանը ընդգրկվել է Yidan Prize – 2019 (Հոնկոնգ) հանձնաժողովի կազմում։ Դա կրթության զարգացման ոլորտում ներդրման համար շնորհվող խոշորագույն մրցանակն է։

Հասարակական գործունեություն

խմբագրել

Ռուբեն Վարդանյանը տարբեր ժամանակահատվածներում եղել է ռուսաստանյան արժեթղթերի շուկայի ենթակառուցվածք կազմող և դրա աշխատանքը կարգավորող տարբեր կազմակերպությունների խորհուրդների կազմում. ֆինանսական շուկայի զարգացման «Ռուսական առևտրային համակարգ» ոչ կոմերցիոն գործընկերության տնօրենների խորհուրդ (РТС ոչ կոմերցիոն կազմակերպություն) (1998–2001), Մոսկովյան ֆոնդային բորսայի բոսրային խորհուրդ (1997–2002), Արժեթղթերի շուկայի դաշնային հանձնաժողովի փորձագիտական խորհուրդ (1996–2002), «Դեպոզիտար-քլիրինգային ընկերություն» ՓԲԸ տնօրենների խորհուրդ (1995–1999), ինչպես նաև Ֆոնդային շուկայի մասնակիցների ազգային ասոցիոցիայի տնօրենների խորհուրդ (1997–2006), ընդ որում երկու տարի՝ 1997–1998, որպես խորհրդի նախագահ։

Պրոֆեսիոնալ կառավարիչների «2015 ակումբ» միավորման հիմնադիրներից մեկն է, որի նպատակն էր մշակել Ռուսաստանի զարգացման սցենարը մինչև 2015 թվականը։ 2010 թ-ից անդամակցում է Ա․ Մ․ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմադրամի հոգաբարձուների խորհրդին։

«Հայաստան-2020» և «Հայաստան-2031» ծրագրերի նախաձեռնողներից մեկն է, որոնց նպատակը երկրի ու հայ ազգի զարգացման սցենարների մշակումն է։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հոգաբարձուերի անդամ է։ 2016 թ-ից Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) տնօրենների կենտրոական խորհրդի անդամ է։ 2007 թ-ից մինչև 2014 թ․ եղել է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2008 թ-ից մինչև 2017 թ․՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

IDeA հիմնադրամ

խմբագրել

Ռուբեն Վարդանյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի[20] համահիմնադիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը[21]։

Այդ նպատակով IDeA հիմնադրամում մշակվել է Սոցիալ-տնտեսական զարգացման մասնավոր գործակալության (Private Agency for Socio-Economic Development, PASED) հայեցակարգը։ Համաձայն այդ հայեցակարգի՝ բարեգործական նախաձեռնությունների ֆինանսական կայունությունն ապահովվում է ներդրումային ծրագրերի միջոցով, որոնցից ստացված եկամուտները նորից ուղղվում են նախաձեռնությունների օպերացիոն գործունեության ապահովմանը։ Խառը կապիտալի՝ կոմերցիոն և բարեգործական ներդրումների օգտագործումը թույլ է տալիս սոցիալապես պատասխանատու գործարարության կայուն մոդել ստեղծել, որը համադրում է բիզնեսին և բարեգործությանը բնորոշ արդյունավետության չափորոշիչներ՝ ռիսկ-եկամտաբերություն հարաբերակցությունն ու սոցիալական ազդեցությունը։ Վերջնական արդյունքում այսպիսի մոդելը թույլ է տալիս պայմաններ ստեղծել երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման համար[22]։

Վարդանյանի կողմի ստեղծված IDeA հիմնադրամը իր գործունեության մեջ ղեկավարվում է յոթ սկզբունքներով․

  1. Մասշտաբի և չափելի սոցիալ-տնտեսական արդյունքի համատեղում,
  2. Իրականացվող նախագծերի կառավարում՝ տեսլականից և մշակումից սկսած մինչև զարգացումն ու ներդրումը՝ լավագույն միջազգային փորձի կիրառմամբ,
  3. Գործընկերների, արտասահմանյան ներդրողների և պետության ներգրավման բաց հարթակ,
  4. Ներգրավվածություն՝ տեղի բնակիչների և կազմակերպությունների ակտիվ մասնակցություն, նրանց նախագծերին աջակցություն
  5. Բազմակի ազդեցություն, որը գործի է դնում երկարատև ազդեցության և փոփոխությունների շղթայական ռեակցիան,
  6. Երկարատև ֆինանսական կայունության մեխանիզմների ստեղծում՝ խառը կապիտալի՝ կոմերցիոն և բարեգործական ներդրումների օգտագործմամբ,
  7. Այլ նախագծերի հետ փոխգործակցություն և միաժամանակյա ազդեցություն տնտեսության մի շարք հատվածների վրա։

Այդ սկզբունքներին համաձայն իրականացվում են հետևյալ նախագծերն ու ծրագրերը։ «Տաթևի վերածնունդ», «Դիլիջանի զարգացում», «Սուրբ Գևորգ և Թբիլիսիի հին քաղաք», «Արցախի զարգացում» (այդ թվում և Մուշկապատ գյուղի եկեղեցու և Շուշիի մզկիթի վերականգնում), «Աջակցություն սիրիահայերին», FAST։

Վարդանյանի և իր գործընկերների կողմից 2010 թվականին աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու՝ «ՏաԹևեր»-ի կառուցումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի մի մասն է[23]։ Ծրագիրը նախատեսում է Տաթևի վանական համալիրի վերականգնում և տեղական համայնքների զարգացում (աշխատատեղերի ստեղծում, համայնքներում գործարարության աջակցություն և տեղի բնակչության կենսամակարդակի բարձրացում)[24]։

Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը 2008 թվականին։ Ծրագրին աջակցել է 161 գործընկեր՝ 18 երկրներից։ Ծրագրի շրջանակում 2010 թվականին ամբողջությամբ վերականգնվեց վանական համալիրի կառույցներից մեկը՝ Ձիթհանը։ 2016 թ․ վերականգնվել է վանական համալիրի Հյուսիսային մուտքը, ինչպես նաև մուտքի հարակից աղբյուրը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

խմբագրել

2015 թվականի մարտին Նյու-Յորքում հայտարարվեց 100 LIVES համաշխարհային նախագծի մեկնարկի մասին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության[25] 100-ամյակին և սկիզբ դրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը։ Հիմնադիրների՝ Ռուբեն Վարդանյանի, ամերիկացի բարերար և վենչուրային ներդրող Նուբար Աֆեյանի ու Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի մտահղացմամբ՝ նախաձեռնության նպատակն է հարյուր տարի անց մարդկության ուշադրությունը հրավիրել այն անձանց գործունեությանն, ովքեր այսօր օգնում են աղետալի վիճակում հայտնված մարդկանց՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր ժամանակին օգնել են փրկվել հայերին։ Այս նախագիծը ստացել է 200 գործընկերների աջակցություն։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության[26] շրջանակներում հիմնվեց ամենամյա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity)[27]։ Մրցանակն անվանվել է Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով մեծ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելու գործում՝ իր վերապրած արհավիրքների մասին պատմելով «Հոշոտված Հայաստան» գրքում, որի մոտիվներով համանուն ֆիլմ է նկարահանվել։

«Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում՝ մեծարելով մերօրյա հերոսներին՝ նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում՝ ուրիշներին փրկելու համար։

Ընտրող հանձնաժողովի համանախագահն է կինոգործիչ և բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի առաջին համանախագահն էր Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը՝ 2015 թվականի մարտից մինչև իր մահը՝ 2016 թվականի հուլիսը։ Հանձնաժողովի անդամներ են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին և Օսկար Արիասը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար և Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը իրավապաշտպան, Enough նախագծի հիմնադիր Ջոն Պրենդերգաստը և Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը։

2016 թվականին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին, Երևանում Ջորջ Քլունին հայտարարեց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի անունը։ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Բուրունդիի «Խաղաղության Տուն» (Maison Shalom) խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն էր, որը բացառիկ ավանդ է ունեցել այդ երկրում քաղաքացիական պատերազմի հետևանքով տուժած որբերին և փախստականներին օգնություն տրամադրելու գործում։

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը ստացավ է 100 000 դոլարի չափով պարգև և բարեգործության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1 000 000 դոլար դրամաշնորհը փոխանցելով Բրազիլիայի, Կոնգոյի դեմոկրատական հանրապետության և Ռուանդայի մարդասիրական նախաձեռնություններին, որոնք պայքարում են մանկական չքավորության դեմ, օգնում են անչափահաս փախստականներին և զբաղվում նրանց վերականգմամբ[28]։

Ավրորա 2017 մրցանակի դափնեկիրը՝ հազարավոր կյանքեր փրկած բժիշկ Թոմ Քաթինան, ով միակ վիրաբույժն է Սուդանի Նուբա լեռներում, որոշեց $1 000 000-ի չափով դրամաշնորհն ուղղել այն կազմակերպություններին, որոնք աջակցում են Աֆրիկայի հեռավոր և անապահով, բժշկական օգնության հնարավորությունից զրկված շրջանների միսիոներական հիվանդանոցներին[29]։

«Ավրորա» ամենամյա մրցանակի երրորդ դափնեկիրը դարձել է Մյանմարում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար, այդ թվում կրթական իրավունքների համար պայքարող փաստաբան Չո Լա Աունը․Դափնեկիրը 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակը կիսել է երեք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք Մյանմարում փախստականներին բժշկական աջակցությունն և օգնություն են տրամադրում[30]։

2016 թ․-ից «Ավրորա» մրցանակի մրցանակակիրների կողմից ընտրված կազմակերպությունների հետ համատեղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օժանդակում է առողջապահության, կրթության և համայնքների զարգացման նախագծերին ողջ աշխարհում։

  • Ավելի քան 1 մլն մարդու համար տևական ժամանակով հասանելի են դարձել բժշկական ծառայություններ,
  • «Ավրորայի» բժիշկ-կամավորներ» ծրագրի մասնակիցները աջակցություն ստացան Քենիայում, Զամբիայում, Հայիթիում, Պերույում, Հարավային Սուդանում և Սուդանում,
  • Համալսարանների 748 ուսանողներ և 1114 տարրական և միջնակարգ դպրոցների ու մասնագիտական ուսումնարանների աշակերտներ կրթություն ստացան,
  • 558 հոգի ունեցան տներ, մանկական հաստատություններ և աշխատատեղեր։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում անցկացվում են «Ավրորա երկխոսություններ»[31]՝ քննարկումներ մարդկության առաջ ծառացած հումանիտար խնդիրների շուրջ։ Համաժողովին մասնակցում են հումանիտար գործիչներ, հետազոտողներ, բարեգործներ, գործարարներ և քաղաքացիական ակտիվիստներ։ 2016 թ-ից «Ավրորա»-ի Երկխոսություններն անցկացվել են Երևանում, Բերլինում, Նյու Յորքում, Մոսկվայում, Լոնդոնում և Բուենոս Այրեսում։

«Ավրորա երկխոսությունների» շրջանակում հրապարակվում է «Ավրորա» մարդասիրական ցուցիչը, որը բացահայտում է նշանակալի հումանիտար մարտահրավերների շուրջ հասարակական ընկալումը[32]։

Philanthropy Infrastructure նախաձեռնություն

խմբագրել

Իր ժամանակի զգալի մասը Ռուբեն Վարդանյանը նվիրում է Ռուսաստանում բարեգործության ենթակառուցվածքների զարգացման հետ կապված նախագծերին[33]։ 2014 թվականին նա նախաձեռնեց PHILIN[34] (Philanthropy Infrastructure – «Բարեգործական ենթակառուցվածքներ») նախագիծը, որը ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրում է բեք-օֆիսի բոլոր անհրաժեշտ ծառայությունները. ֆինանսական կառավարում, բյուջետավորում և հաշվետվությունների պատրաստում, կադրային վարչարարություն, իրավաբանական աջակցություն, գաղտնի հաշվապահություն։ Նախագծի նպատակն է ոչ առևտրային սեկտորի մասնագիտացումը[35]։

Բարձր տեխնոլոգիաներ, նորարարություն և առողջապահություն

խմբագրել

2016 թվականին Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ ստեղծեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology, FAST)՝ երկրում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր ձևավորելու, Հայաստանի ու սփյուռքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները համախմբելու համար[36]։

Հիմնադրամի խորհրդատվական խորհրդի կազմում ընդգրկվեցին գիտնականներ, գիտության և տեխնոլոգիայի տարբեր ոլորտների, ինչպես նաև տարբեր երկրների ակադեմիական համայնքների ներկայացուցիչներ. Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, գլխավոր դասախոս (2000–2016) Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Իլինոյսի համալսարանի ինժեներիայի և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), ABBYY-ի հիմնադիր Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), Գլոբալ նորարարությունների և առողջապահության ինստիտուտի տնօրեն, 2007–2009 թվականներին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Alcatel-ի և Total SA-ի նախկին գործադիր տնօրեն Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահ Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը (Ռուսաստան), Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիայի լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը (Ռուսաստան), McKinsey and Company-ի կառավարող գործընկեր Անդրե Անդոնյանը (Ճապոնիա), Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը (Հայաստան), ՓիքսԱրթ ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը (Հայաստան, ԱՄՆ), ՀՀ Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանը (Հայաստան)[37]։

Ռուբեն Վարդանյանը «Թաթարստանի Հանրապետության ներդրումային-վենչուրային ֆոնդ» ոչ կոմերցիոն կազմակերպության անդամն է եղել (2016 թվականից), եղել է «Ռուսական վենչուրային ընկերություն» ԲԲԸ (2011–2012) և արևային էներգիայից հեղուկ վառելիքի արտադրության ոլորտի առաջատար Joule Unlimited, Inc. ընկերության (ԱՄՆ) տնօրենների խորհրդի անդամ (2010–2017):

2021 թվականին Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանի և Արման Ոսկերչյանի հետ, հիմնում է HENAR (Health Network for Armenia) առողջապահական հիմնադրամը[38]: Հիմնադրամի առաջնահերթ նպատակը կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի և պետություն-մասնավոր համագործակցությամբ նախաձեռնությունների իրականացումն է, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առողջապահության ոլորտում հասնել համակարգային փոփոխությունների:

Գործունեությունն Արցախի Հանրապետությունում

խմբագրել

2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախի Հանրապետություն։ Արցախի Հանրապետության կառավարությունը ղեկավարելու առաջարկ նա ստացել է արդեն տեղափոխվելուց հետո: Իր հիմնական խնդիրը Ռուբեն Վարդանյանը համարում էր անգամ տևական հակամարտության պայմաններում ուժեղ տնտեսության և զարգացած սոցիալական ինստիտուտների ստեղծումը, որոնք կապահովեին հանրության անվտանգությունն ու բարեկեցությունը[39]:

2022 թվականի աշնանը Վարդանյանը հիմնում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացան գործակալությունը, որն իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր։ Գործակալության գործունեությունն ուղղված է մարդասիրական և բարեգործական նախագծերի իրականացմանը. բնակելի տների վերականգնում, էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուրների ստեղծում, արևային ջրատաքացուցիչիների տեղադրում, բժշկական կարիքների համար մեքենաների տրամադրում, կրթական և ժամանցային միջոցառումների կազմակերպում և այլն[40]։

Հոկտեմբերի 28–30-ը Ստեփանակերտում անցկացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին ռազմավարական հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ավելի քան 60 մասնագետներ։ Նպատակն էր սահմանել Արցախի ռազմավարական հարցերը՝ անվտանգության, ժողովրդագրության, կրթության, տնտեսության, առողջապահության, սոցիալական ապահովության և ազգային ինքնության բնագավառներում[41]։

2022 թվականի նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից նշանակվում է պետական նախարար, որի լիազորությունների շրջանակում էր մի շարք նախարարությունների աշխատանքների համակարգումը[42]։

2023 թվականի փետրվարի 23-ին նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատում է պաշտոնից՝ միաժամանակ բարձր գնահատելով նրա ջանքերը միջազգային հանրության շրջանում Արցախի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և շրջափակման ժամանակ ներքին խնդիրները լուծելու առնչությամբ[43]։

Պաշտոնից ազատվելուց հետո Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ Արցախում[44], և իր հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով բարեգործական ու սոցիալական մի շարք ծրագրեր է իրականցնում[45]՝ ուղղված ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող բնակչության առողջապահական ու կենսական այլ կարիքների մեղմմանը: Այդ ընթացքում մասնավորապես ձեռք է բերվում էլեկտրամոբիլ՝ դիզվառելիքի և բենզինի իսպառ բացակայության պայմաններում հղի կանանց հիվանդանոց տեղափոխելու համար, բացվում է երկու սոցիալական-բարեգործական ճաշարան[46]:

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարում է, որ Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի սահմանային անցակետում՝ Արցախից դեպի Հայաստան ուղևորվելիս, այնուհետև տեղափոխվել է Բաքու[47]։

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցի կիրառման պահանջով, որպեսզի պարտադրվի Ադրբեջանի իշխանություններին տեղեկություն տրամադրել Վարդանյանի գտնվելու վայրի և վիճակի մասին, ինչպես նաև երաշխավորել նրա իրավունքների պաշտպանությունը՝ Մարդու իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի համաձայն[48]։

2023 թվականի սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Վարդանյանին մեղադրանք է առաջադրել մի քանի հոդվածների հատկանիշներով[49]։ Ադրբեջանի դատարանը Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել չորս ամիս կալանավորումը, որը ևս չորս ամսով երկարաձգվել է 2024 թվականի հունվարի 25-ին[50]։

2023 թվականի սեպտեմբերի 29-ին մարդասիրության համաշխարհային առաջնորդները, որոնց թվում էին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ, նախկին նախագահներ, իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին[51]։

2023 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ մի շարք գիտնականներ, երաժիշտներ, արվեստի գործիչներ, լրագրողներ միանում են Ռուբեն Վարդանյանի եւ Ադրբեջանի կողմից մյուս ձերբակալված անձանց պաշտպանությանն ուղղված կոչին[52]։

2023 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում՝ «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից կալանավորված այլ անձանց։ Ակցիայի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէր. այն խորհրդանշում էր Ռուբեն Վարդանյանի՝ կրթության և գիտության զարգացման գործում ունեցած մեծ ներդրումը[53]։

2023 թվականի հոկտեմբերի 2-ին Վարդանյանի զավակները դիմում են աշխարհի առաջնորդներին, իրավապաշտպաններին և զանգվածային լրատվամիջոցներին՝ իրենց հորն ազատ արձակելու օգնության խնդրանքով։ Ուղերձի մեջ հնչում է կոչ՝ սատար կանգնելու Ռուբեն Վարդանյանի և անարդարացիորեն ձերբակալված բոլոր հայերի իրավունքներին, ինչպես նաև հասնելու նրանց անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակմանը[54]։ Հաջակցություն Ռուբեն Վարդանյանի բաց նամակ են հղում Ռուսաստանի մշակույթի, գիտության և կրթության գործիչները, ինչպես նաև «Սկոլկովո» կառավարման դպրոցի շրջանավարտների ընկերակցությունը[55][56]։

2023 թվականի հոկտեմբերի 9-ին, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, դատարանը մերժել է Վարդանյանի փաստաբան Աֆատ Գազիեւայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը[57]։

2023 թվականի հոկտեմբերի 12-ին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հայտնել է, որ իր մայրը կարճատև հեռախոսազրույց է ունեցել իր հոր հետ։ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ինքը նորմալ վիճակում է և կարոտում է, ինչպես նաև խնդրել է հոգ տանել բոլոր նրանց մասին, ովքեր տուժել են ԼՂՀ իրադարձությունների հետևանքով։ Բացի այդ, Դավիթը հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի՝ ընտանիքը վարձել է «տեղացի փաստաբանի»՝ Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպանության համար[58]։

2023 թվականի նոյեմբերի 1-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար և բարերար Նուբար Աֆեյանը CNN -ին տված հարցազրույցի շրջանակում Վարդանյանի և հանրապետության նախկին նախագահների ձերբակալումն անթույլատրելի է համարել։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն անտարբեր չի մնա Ռուբեն Վարդանյանի և մնացած ղեկավարների կալանավորման փաստի առնչությամբ[59][60]։

2023 թվականի դեկտեմբերի 12-ին աշխարհի 150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և քաղաքական առաջնորդներ կոչ են անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին:

2024 թվականի հունվարի 25-ին Ռուբեն Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը երկարաձգվում է ևս չորս ամսով[50]:

Մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտների պահպանություն

խմբագրել

Հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, Ռուբեն Վարդանյանի ստեղծած IDeA հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկն է։ 2015 թվականին ավարտվեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգի վերականգնումը։ Վերականգնումը տևել է 3 տարի և իրականացվել է բացառապես բարերարների՝ Ռուբեն Վարդանյանի, Ալբերտ Ավդոլյանի, Սերգեյ Սարկիսովի և այլոց միջոցներով[61]։

2013 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ տաճարի և եկեղեցական համալիրի բացման և օծման արարողությունը։ Այդ առիթով սեպտեմբերի 18-ին Ռուբեն Վարդանյանին, այլ բարերարների հետ միասին, շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը[62]։ Վարդանյանը Մոսկվայում կառուցված Հայ առաքելական եկեղեցու առաջնորդանիստ եկեղեցական համալիրի 16 հիմնադիրներից մեկն է։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ և մի շարք հայ բարերարների աջակցությամբ վերանորոգվել է նաև Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարը, որի վերաօծումն ու վերաբացումը տեղի է ունեցել 2015 թվականին[63]:

2017 թվականին Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգվել է Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նա մեծապես կարևորում էր նաև մյուս ազգերի մշակութային ժառանգության պահպանումը: Ռուբեն Վարդանյանի ջանքերով է վերանորոգվել նաև Շուշիի Գոհար տիկնոջ վերին մզկիթը, որը վերաբացվել է 2019 թվականին: Աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների կողմից[64]:

Գրքերի և ամսագրերի հրատարակություն

խմբագրել

Ռուբեն Վարդանյանն ընդգրկված է եղել միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրերի ու հրատարակությունների խմբագրական խորհուրդներում. մասնավորապես, եղել է BRICS Business Magazine միջազգային գործարար ամսագրի խմբագրական խորհրդի նախագահը, PwC-ի՝ «Ռուսաստանում տարվա գործարար գիրք» ամենամյա մրցանակի ժյուրիի ղեկավարը[65]։

Ռուբեն Վարդանյանի, «Տրոյկա Դիալոգ» ընկերության, «Սկոլկովո» բիզնես-դպրոցի և մի քանի բարեգործական հիմնադրամների աջակցությամբ ռուսերեն թարգմանվել և հրատարակվել են ֆոնդային շուկայի մասին լավագույն աշխատանքները, համաշխարհային դասական բիզնես-գրականությունը[66], գեղարվեստական գրականության նորույթները, պատմությանը, տնտեսագիտությանը, սոցիոլոգիային, հասարակագիտությանը և այլ ոլորտներին առնչվող գրքեր։ Հայաստանում հրատարակվել են երկրի պատմության, մշակույթի, լեզվի և Հայոց ցեղասպանության մասին գրքեր։

Մեկենասություն

խմբագրել

2006-2012 թվականներին Ռուբեն Վարդանյանը եղել է Ա. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Տարբեր տարիներին աջակցել է Ռուսաստանի ազգային նվագախմբին, որը գործում է Միխայիլ Պլետնևի ղեկավարությամբ, և Երիտասարդ կատարողների ամերիկառուսական նվագախմբին՝ լինելով դրանց Հոգաբարձուների խորհրդի անդամ (1996–2006 և 2001–2003 համապատասխանաբար)։

Պարգևներ

խմբագրել

Ռուբեն Վարդանյանի պարգևների թվում է 1999 թվականին Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի կողմից շնորհված «Տարվա գործարար» մրցանակը, «Կարիերա» ամսագրի կողմից 1999 թվականին և 2000 թվականին շնորհված «Ռուսական կապիտալի շուկայում լավագույն գործարար-մենեջեր»-ի մրցանակը, 2004 թվականին Ernst & Young–ի կողմից շնորհված «Տարվա ձեռներեց» կոչումը[67], 2004 թվականին «Էլիտա ֆոնդային շուկա»-ի «Տարվա լավագույն ներդրող-բանկիր»-ի մրցանակը[68], GQ ամսագրի կողմից շնորհված «Տարվա մարդ» մրցանակը՝ որպես լավագույն գործարար, Ռուսաստանյան բանկային ֆորումի «Փառքի ծառուղի» մրցանակը՝ 20 տարի ռուսական ֆինանսական ոլորտին ծառայելու համար (2013) և այլ պարգևներ։

2001 թվականին Fortune ամսագիրը Ռուբեն Վարդանյանին ներառել է իր՝ «Նոր սերնդի 25 ծագող աստղերը» ցանկում։ Նույն տարում նա ընդգրկվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ապագայի 100 առաջնորդներ» ցուցակում։ 2013 թ․ արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի։ 2018 թ․-ին Թաթարստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ հանրապետության հետ արդյունաբերության ոլորտում արդյունավետ համագործակցության, ձեռներեցության զարգացման և ակտիվ հասարակական գործունեության համար։ Նույն թվականին արժանացել է Միջազգային բիզնես ակադեմիայի նախագահի մրցանակին՝ կրթության ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Հենց այդ ժամանակ էլ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները՝ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, արժանացել են Common Ground Awards մրցանակին, որը շնորհվում է հակամարտությունների կարգավորման, տեղական համայնքներին զարգացման և խաղաղության ամրապնդման ասպարեզում բացառիկ նվաճումների համար։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Կինը՝ Վերոնիկա Ֆելիքսի Զոնաբենդը, 1990 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, աշխատել է Ավիացիոն համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, 1993 թվականից զբաղեցրել է «Տվերունիվերսալբանկ»-ի Արտարժույթի բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1994-1995 թվականներին սովորել է Լոնդոնի Տնտեսագիտության և Քաղաքագիտության դպրոցում «բանկային գործ և ֆինանսներ» մասնագիտացմամբ։ 1999 թվականից զբաղվել է գործարարությամբ։ Հայաստանում UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրն է և Տնօրենների խորհրդի նախագահը։ UWC[69] International (Մեծ Բրիտանիա) և Հայաստանում Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհուրդների անդամ է, ինչպես նաև գլխավորում է Teach For Armenia[70] հիմնադրամի տնօրենների խորհուրդը։ Զբաղվում է ընտանեկան հիմնադրամի գործունեությամբ, որն իրականացնում է բարեգործական և սոցիալ-ձեռնարկատիրական նախագծեր Հայաստանում և Ռուսաստանում[71]։

Ավագ քույրը՝ Մարինե Ալեսը, կոմպոզիտոր է, հայերեն և ռուսերեն լեզուներով երգերի հեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գեղարվեստական խորհրդի անդամ, «Նվիրիր կյանք - Հայաստան» բարեգործական հիմնադրամի[72] հոգաբարձուների խորհրդի անդամ[73]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://gov.nkr.am/en/prime-minister/
  2. Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին
  3. «Ադրբեջանը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին․ նրա կինը հայտարարություն է տարածել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Рубен Варданян: "Мне в жизни невероятно повезло с менторами"». www.kommersant.ru. 25 նոյ, 2013 թ.
  5. «Մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը․ Ռուբեն Վարդանյան». «Առավոտ». Վերցված է 2024-07-16-ին.
  6. «Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը Արցախ տեղափոխվելու, անվտանգության և զարգացման ճակատի ստեղծման և ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու մասին». «Առավոտ». Վերցված է 2024-07-16-ին.
  7. «Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյանն ընդունել է Արայիկ Հարությունյանի առաջարկը». «Արմենպրես». Վերցված է 2024-07-16-ին.
  8. «Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար». 1Lurer. Վերցված է 2024-07-16-ին.
  9. ««Ես ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի». Ռուբեն Վարդանյան». Hetq. Վերցված է 2024-07-16-ին.
  10. «Ադրբեջանի սահմանապահները Լաչինի միջանցքում ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին. Երևանը դիմել է ՄԻԵԴ». Ազատություն Ռադիոկայան. Վերցված է 2024-07-16-ին.
  11. «Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանին «ահաբեկչությունը ֆինանսավորելու» մեղադրանք են առաջադրել». NEWS.am. Վերցված է 2024-07-16-ին.
  12. https://www.sberbank-cib.ru/
  13. http://vbpartners.ru/
  14. ««У США тоже есть свои тараканы, но их меньше, чем у нас», - Рубен Варданян, инвестор, советник президента Сбербанка России». www.vedomosti.ru.
  15. [1] (չաշխատող հղում)
  16. https://uwcdilijan.org/
  17. «SPEAR'S Russia — MEDIACRAT | Publishing». publishing.mediacrat.com.
  18. «Forbes Life 07/2013». forbes.ru.
  19. ««Մատենա». Հայաստանում հիմնադրվում է մասնագիտական կրթության միջազգային կենտրոն». «Առավոտ». Վերցված է 2024-07-16-ին.
  20. [2] Արխիվացված 2017-02-16 Wayback Machine
  21. «Ռուբեն Վարդանյան. «Բարգավաճման մոդելը պահանջում է կամք, հավակնություններ եւ ռիսկ»». mediamax.am.
  22. ««Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամ. Մեր մոտեցումը // IDeA հիմնադրամի կայք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  23. «Интервью Рубена Варданяна - Российский бизнес и технологии». businesstechnology25.tass.ru.
  24. «Татевская канатка и будущее Сюника» // «Новое время», 16.02.10
  25. «К 100-летию геноцида армян запустят благотворительный проект 100 LIVES». lenta.ru.
  26. https://auroraprize.com/hy/
  27. «Рубен Варданян инвестировал в правозащиту». www.kommersant.ru. 10 մրտ, 2015 թ.
  28. ««Правозащитники, которые всю жизнь просили деньги, получат возможность отдавать их другим»». www.kommersant.ru. 25 ապր, 2016 թ.
  29. Доктор Том Катена за работу в Южном Судане получил премию «Аврора» // Tass.ru. – 2017. – 30 мая.
  30. «Премию «Аврора» в $1,1 млн получил борец за права рохинджа». www.rbc.ru.
  31. «Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ». mediamax.am.
  32. «Шарль Азнавур назвал лауреата Aurora Prize». www.kommersant.ru. 29 մյս, 2017 թ.
  33. Nast, Condé (13 մրտ, 2017 թ.). «Почему Рубен Варданян умеет видеть будущее (и что он там разглядел)». GQ Россия.
  34. https://philin.org/
  35. Павлова, Ольга (01 դեկ, 2016 թ.). «Работа с документами: как проект PHILIN помогает НКО».
  36. «Ռուբեն Վարդանյան. «FAST-ը պետք է տեխնոլոգիական ճեղքման հիմք դառնա»». mediamax.am.
  37. «FAST հիմնադրամը մեկնարկում է». mediamax.am.
  38. «ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ». ՀԵՆԱՐ հիմնադրամը. Վերցված է 2024-07-16-ին.
  39. «Այստեղ եմ, որ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ. Ռուբեն Վարդանյանը՝ ընդլայնված խորհրդակցությանը». NEWS.am. Վերցված է 2024-07-16-ին.
  40. «ՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՒ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՐՑԱԽ». ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ — Նախագծեր. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  41. ««Մե՛նք ենք մեր սարերը». Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ քննարկվել են Արցախի ռազմավարական խնդիրները». HyeTert — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  42. «Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի Հանրապետության պետական նախարար». Առավոտ – Լուրեր Հայաստանից — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  43. «Ռուբեն Վարդանյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից». 1lurer.am — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  44. «Մնալով Արցախում՝ ես շատ հետևողական եմ լինելու, որպեսզի այդ սկզբունքները պահպանվեն․ Ռուբեն Վարդանյան». A1plus. Վերցված է 2024-07-16-ին.
  45. «Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները չեն կարող լուծվել միայն պետության միջոցով․Վարդանյան». Հայելի ակումբ. Վերցված է 2024-07-16-ին.
  46. «Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան». NEWS.am. Վերցված է 2024-07-16-ին.
  47. «Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը». NEWS.am. Վերցված է 2024-07-16-ին.
  48. «Երևանը Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ». ArmInfo.info — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  49. «Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանին». Hetq — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  50. 50,0 50,1 «Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը». Sputnik. Վերցված է 2024-07-16-ին.
  51. «Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին». Aurora Humanitarian Initiative Charitable Foundation (Armenia) — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  52. «Հանրային գործիչները շարունակում են միանալ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս ձերբակալվածների պաշտպանությանն ուղղված կոչին». NEWS.am — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  53. «Երևանում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից ձերբակալվածների համար». Аuroranews — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  54. «ЗАЯВЛЕНИЕ ДЕТЕЙ РУБЕНА ВАРДАНЯНА» (ռուսերեն). Рубен Варданян / Ռուբեն Վարդանյան — новость. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  55. «ЗՍոլժենիցինի այրին և ավելի քան 20 հայտնի ռուսաստանցիներ կոչ են արել ազատ արձակել Վարդանյանին». NEWS.am — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  56. «Открытое обращение в поддержку Рубена Варданяна от сообщества выпускников Школы управления СКОЛКОВО» (ռուսերեն). Московская школа управления СКОЛКОВО — статья. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  57. «Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը․ նա կմնա կալանքի տակ». factor.am — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  58. Сын Рубена Варданяна: Мы очень надеемся на освобождение отца ՅուԹյուբում
  59. «Why Moderna's co-founder is sounding the alarm on Nagorno-Karabakh» (անգլերեն). CNN — video. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  60. «Ռուբեն Վարդանյանին ձերբակալելը, մեղադրանք առաջադրելը ճնշում է ամբողջ աշխարհի 10 մլն հայերի նկատմամբ. Նուբար Աֆեյան». NEWS.am — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  61. «Թբիլիսիում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման և վերաբացման արարողությունը (լուսանկարներ)».
  62. «Российская и Ново-Нахичеванская Епархия Святой Армянской Апостольской Православной Церкви». armenianchurch.ru.
  63. «Վերաօծվեց եւ վերաբացվեց Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին». Mediamax. Վերցված է 2024-07-16-ին.
  64. «Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը». «Արմենպրես». Վերցված է 2024-07-16-ին.
  65. «Ռուբեն Վարդանյանը գլխավորել է BRICS Business Magazine-ի խորհուրդը». Banks.am. Վերցված է 2024-07-16-ին.
  66. ««Показатель стабильности общества – количество проектов с горизонтом 20-30 лет»// «Газета.ru», 19.09.2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  67. ««Игра вдолгую»// EY – Россия, «Предприниматель года»/Рубен Варданян/ www.ey.com/RU. Проверено 31 июля 2014 г.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  68. Победители национального конкурса «Элита фондового рынка» // www.naufor.ru. Проверено 31 июля 2014 г.
  69. http://www.uwc.org/
  70. «Հայաստանի ապագան կերտող Teach for Armenia-ի «դեսպանները»». mediamax.am.
  71. Знаменская, Эла (06 սեպ, 2021 թ.). «IMG-20210902-WA0004».
  72. [3] Արխիվացված 2018-02-22 Wayback Machine
  73. ««Ձեզանից մեկը...»` Մարինե Ալես». auroraprize.com.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են