Վիրահայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
(Վերահղված է Վրաստանի հայոց թեմից)

Վիրահայոց թեմ[1], ՀԱԵ թեմ, որը ընդգրկում է Վրաստանի տարածքը։ Թեմի առաջնորդանիստը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում։ 2013 թ. դրությամբ Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմն ունի 16 հոգևորականներ, գործող 60 եկեղեցիներ[2]։

Վիրահայոց թեմ
ՏեսակՀայ առաքելական եկեղեցու թեմ
Մասն էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Երկիր Վրաստան
ԳլխամասԹբիլիսի, Վրաստան
Կայքarmenianchurch.ge

Պատմություն խմբագրել

XII-XVIII դարեր խմբագրել

Ենթադրվում է, որ թեմը հիմնվել է XII դարում։ Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին (XIII դարից)։ Թեմակալ առաջնորդների մասին ամենահին հիշատակությունը վերաբերում է XII դ. 70-ական թթ.։ Հիշվում է Բարսեղ (Բասիլիոս) արքեպիսկոպոսը, որը 1178-ին մասնակցել է Հռոմկլայի եկեղեցական ժողովին։ Նախքան թեմի հիմնվելը, դեռևս VII դ. վիրահայ համայնքը ղեկավարել են հայ եպիսկոպոսներն ու քահանաները, հայերն ունեցել են իրենց եկեղեցիներն ու մատուռները։ 754-ին Տփղիսում կառուցվել է հայկական Հրեշտակապետաց եկեղեցին (1593-ին ավերվել է, հիմնովին վերակառուցվել է 1781-ին և վերջնականապես քանդվել 1937-ին)։ Պատմիչ Ուխտանեսի վկայությամբ, 850-ական թթ. Տփղիսում գործել է հայ Կիրակոս քահանան, որը գերազանց տիրապետել է վրաց գրին ու գիտությանը։ 931-ին կառուցվել է Հարանց վանքը (վերանորոգվել է 1430, 1715-ին, իսկ 1900-ին՝ հայ մեծահարուստ բարերար Ա. Մանթաշովի միջոցներով)։ Եկեղեցուն կից եղել է հայկական գերեզմանատուն։ Ըստ հս-արմ. արտաքին պատի արձանագրության, Կաթողիկե Ս. Գևորգ եկեղեցին կառուցել է հայազգի իշխան Ումեկը 1251-ին՝ վերակառուցելով արաբական արշավանքների ժամանակ հիմնահատակ քանդված եկեղեցին։ Եկեղեցու հս. պատի տակ են գտնվում գուսան Սայաթ-Նովայի (ավանդություն) և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի գերեզմանները։ Եկեղեցու բակում են թաղված հայ նշանավոր զորավարներ կոմս Մ. Լոռիս-Մելիքովը, գեներալներ Ա. Տեր-Ղուկասովը, Հ. Լազարյանը, Բ.Շելկովնիկովը և ուրիշներ։

Հետագա դարերում Տփղիսում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ՝ Մուղնու Ս. Գևորգը (կառուցվել է 1356-ին, նորոգվել՝ 1752, 1860-ին), Նորաշենի Ս. Աստվածածինը (կառուցվել է 1507-ին, նորոգվել՝ 1650, 1795, 1830-ին)։ Վերջինիս ներսում պահպանվել են XVIII դ. պալատական նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի որմնանկարները։ Հիշատակության արժանի են նաև Թիֆլիսի Բեթղեհեմի Ս. Աստվածածին (կառուցվել է XIII դ. 2-րդ կեսին, նորոգվել՝ 1718, 1884, 1898-ին, ներկայումս վերածված է վրացական եկեղեցու), Կուսանաց Ս. Ստեփանոս (կառուցվել է 1727-ին, նորոգվել՝ 1868, 1910-ին), Ս. Նշան Նիկողայոս (կառուցվել է 1703-ին, նորոգվել՝ 1784, 1868-ին) եկեղեցիները, Խոջիվանքի գերեզմանատան եկեղեցին։ Վերջինս հայ իշխան Բեհբութովները 1655-ին կառուցել են որպես տապանատուն, որը վերածվել է պանթեոնի։ Այստեղ են թաղվել հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի հայտնի դեմքեր Րաֆֆին, Ղազարոս Աղայանը, Մուրացանը, Գրիգոր Արծրունին, Ջիվանին, Նար-Դոսը, Պերճ Պռոշյանը, Գաբրիել Սունդուկյանը, Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանը, Մ. Եկմալյանը և ուր.։

XIX դար խմբագրել

 
Էջմիածին եկեղեցին հայաբնակ Հավլաբար թաղամասում

1804-ին Թիֆլիսում գործել է շուրջ 35 հայկ. եկեղեցի և մեկմենաստան։ Վիրահայոց թեմի առաջնորդներից շատերը եղել են ականավոր հոգևորականներ, մտավորականներ, հաս-քաղ. գործիչներ, ովքեր ազգանվեր աշխատանք են կատարել ոչ միայն Վրաստանի, այլև համայն հայության կյանքում։ Նրանցից վեցը՝ Սարգիս Դ Վրաստանցին, Հովհաննես Ը Կարբեցին, Ներսես Ե Աշտարակեցին, Մակար Ա Թեղուտցին, Գևորգ Ե Սուրենյանցը, Գևորգ Զ Չորեքչյանը, հետագայում օծվել են Ամենայն հայոց կաթողիկոս, Գարեգին Ա Հովսեփյանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Վիրահայոց թեմի առաջնորդներ են եղել բանաստեղծ, մանկավարժ, հաս-քաղ. գործիչ Հարություն վրդ. Ալամդարյանը, Ստեփանոս արք. Արղությանը, որի օրոք Թիֆլիսում կառուցվել է թեմի եռահարկ առաջնորդարանը։ 1824-ին Ներսես արք. Աշտարակեցին հիմնել է Ներսիսյան դպրոցը, որը նշանակալից դեր է խաղացել հայոց կրթ., հոգևոր և մշակութ. կյանքում։

1826–28-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Թիֆլիսում Ներսես արք. Աշտարակեցու և Հ. Ալամդարյանի նախաձեռնությամբ ստեղծվել են հայկ. կամավոր. գումարտակներ՝ ռուս. բանակի կովկասյան կորպուսի ռազմ. գործողություններին աջակցելու նպատակով։ 1827-ի մայիսի 15-ին Ս. Գևորգ եկեղեցու գավթում առաջին գումարտակին հանձնվել է հատուկ զինադրոշ։ Առաջին աշխարհամարտի ժամանակ Վ. թ-ի եռանդուն աջակցությամբ հայկ. կամավոր. ջոկատներ են ստեղծվել Կովկասյան ռազմաճակատում գործող ռուս. բանակը համալրելու և Հայաստանը թուրք. լծից ազատագրելու նպատակով։

Վիրահայոց թեմում իր գործունեությամբ աչքի է ընկել հատկապես արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունին։ Նրա առաջնորդության 20 տարիների ընթացքում կառուցվել են շուրջ 60 եկեղեցի, բազմաթիվ հայկ. դպրոցներ, որոնցից նշանավոր են նոր Կարապետյան վարժարանը (հիմն. 1842–44-ին) Ախալցխայում և Մեսրոպյան արական դպրոցը՝ Ախալքալաքում։ 1837-ին Վրաստանում հաշվվում էր 198 հայկ. եկեղեցի, վանք ու մատուռ, իսկ 1903-ին, ներառյալ Արդվին-Արտանուշ շրջանը, եկեղեցիների թիվը հասել է 256-ի։ Խորհրդ. իշխանության տարիներին ծավալված բռնությունների և հալածանքների հետևանքով փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը։ Թբիլիսիում քանդվել են Կուկիայի Ս. Գրիգոր (կառուցվել է 1789-ին), Հավլաբարի Ս. Կարապետ (կառուցվել է 1400-ին, վերակառուցվել 1790-ին), Ս. Գրիգոր Լուսավորիչ (կառուցվել է 1894-ին), Խարփուխի Ս. Սարգիս (կառուցվել է 1716-ին), Հարանց վանք, Հրեշտակապետաց, Մետեխիի Ս. Վարդան (կառուցվել է 1893-ին), Ջիգրաշենի Ավետյաց Ս. Աստվածածին (կառուցվել է 1704-ին), Նավթլուղի Ս. Գևորգ (կառուցվել է 1897-ին), Խոջիվանքի և այլ եկեղեցիներ ու վանքեր։ Վրաստանում VII–XX դդ. կառուցվել է մոտ 650 հայկ. եկեղեցի, որոնցից կանգուն են շուրջ 320-ը։

20-րդ դարից մինչ մեր օրերը խմբագրել

Թբիլիսիում ներկայումս գործում են Կաթողիկե Ս. Գևորգ և Հավլաբարի Էջմիածնեցոց Ս. Գևորգ, Ախալքալաքում՝ Ս. Խաչ, Նինոծմինդայում (նախկին Բոգդանովկա)՝ Ս. Սարգիս, Ախալցխայում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։ Ախալցխայի Ծուղրութ գյուղում ցայսօր պահվում է միջնադարյան արվեստի և մանր անկարչության արժեքավոր ձեռագիր մատյաններ «Ծուղրութի Ավետարանը» (X դ.) և «Գինոսենց Ավետարանը» (X դ. 1-ին կես)։ Վերականգնող. աշխատանքներից հետո սկսել են գործել ևս 4 եկեղեցի Ախալցխայի շրջանում, Ս. Փրկիչը՝ Բաթումում, Ս. Աստվածածինը՝ Մառնեուլի շրջանում։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը։

Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ», — նշված է հայտարարության մեջ։

Վրաստանի թեմի խնդիրները խմբագրել

Խորհրդային տարիներին բռնագրավված եկեղեցիների վերադարձ խմբագրել

 
Խորհրդային ժամանակաշրջանում հայերից բռնագրավված Նորաշեն եկեղեցին

Ներկայումս Վիրահայոց թեմը պահանջում է վրաց իշխանություններից վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Երևանցոց Սուրբ Մինաս, Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցիները, Ախալցխայում՝ Սուրբ Նշան եկեղեցին։ Վրաց իշխանությունները դեռևս չեն ընդառաջել այդ պահանջին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. Վիրահայոց թեմի հիմնական խնդիրը պատմական տաճարների վերադարձն ու հոգևոր այրերի սակավությունն է. Միրզախանյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: