Ռիկարդա Հուխ

գերմանացի գրող, պատմաբան, բանաստեղծուհի

Ռիկարդա Օկտավիա Հուխ (գերմ.՝ Ricarda Octavia Huch), կեղծանունը՝ Ռիչարդ Հյուգո (գերմ.՝ Richard Hugo, հուլիսի 18, 1864(1864-07-18)[1][2][3][…], Բրաունշվայգ, Գերմանական միություն[4][5] - նոյեմբերի 17, 1947(1947-11-17)[4][1][2][…], Շյոնբերգ, Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[5]), գերմանացի գրող, բանաստեղծ, փիլիսոփա և պատմաբան։

Ռիկարդա Հուխ
գերմ.՝ Ricarda Octavia Huch
Ծննդյան անունգերմ.՝ Ricarda Octavia Huch
Ծնվել էհուլիսի 18, 1864(1864-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրԲրաունշվայգ, Գերմանական միություն[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 17, 1947(1947-11-17)[4][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՇյոնբերգ, Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[5]
ԳերեզմանՄայնի Ֆրանկֆուրտի գլխավոր գերեզմանատուն
Գրական անունRichard Hugo[6] և Ռիչարդ Հյուգո
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, գրադարանավար, պատմաբան, վիպասան, դրամատուրգ, փիլիսոփա, երաժիշտ և լիբրետիստ
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԳերմանիա և  Շվեյցարիա
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[7][5] (1892)
Ուշագրավ աշխատանքներThe Deruga Case? և Michael Bakunin und die Anarchie?
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինԷրմաննո Չեկոնի[5] և Ռիչարդ Հուխ[5]
ԶավակներՄարիետա Չեկոնի
 Ricarda Huch Վիքիպահեստում

Եվրոպայի պատմության բազմաթիվ գործերի հեղինակ է, գրել է վեպեր, պոեմներ և պիես։ Նրա պատվին անվանակոչվել է 879-Ռիկարդա աստերոիդը։ Յոթ անգամ առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի[9]։

Վաղ տարիներ և կրթություն

խմբագրել
 
Ռիկարդա Հուխը (ձախից) մտերիմ ընկերուհու՝ ապագա մանկագիր Աննա Կլիի հետ
մոտ 1875 թվական
 
Ուսանող Ռիկարդա Հուխը

Հուխը ծնվել է Բրաունշվայգում Մարի Լուիզա և Գեորգ Հայնրիխ Հուխի՝ ունևոր վաճառականի ընտանիքում, 1864 թվականին։ Նրա եղբայր Ռուդոլֆը և զարմիկները՝ Ֆրիդրիխը և Ֆելիքսը, գրողներ էին։ Բրաունշվայգում ապրելու տարիներին Ռիկարդան նամակագրական կապ է հաստատել սոցիոլոգ Ֆերդինանդ Թյունիսի (գերմ.՝ Ferdinand Tönnies) հետ[10]։

Ռիկարդան հինգ տարեկանում սկսել է բանաստեղծություններ գրել[11]։ Վաղ հասակից Ռիկարդան ընկերություն է արել Աննա Կլիի (ապագայում մանկագիր) հետ, և նրանց ընկերությունը 30 տարուց ավել է ձգվել, մինչև 1913 թվականը, Կլիի մահը։ Ռիկարդան այդ ընկերությունն անվանել է «իր փոփոխական կյանքի ամուր կետ»։

1879 թվականին Ռիկարդան 15 տարեկան էր, երբ քույրը Լիլին (1859-1947) ամուսնացել է իրենց զարմիկի՝ Ռիչարդ Հուխի հետ (1850-1912)։ Մեկ տարի անց Ռիկարդան սիրահարվել էր քրոջ ամուսնուն։ Այս անընդունելի իրավիճակը խորանալով քաղաքային սկանդալի է վերաճել, այնպես, որ Ռիկարդան 1886 թվականին ստիպած հեռացել է Բրաունշվայգից։ Նա մեկնել է Շվեյցարիա, Ցյուրիխ՝ հասունության ատեստատ ստանալու, ինչն այն ժամանակ անհնար էր կանանց համար Գերմանիայում։ 1891 թվականին Հուխը ստացել է գիմնազիայի մանկավարժի մասնագիտություն։ Ցյուրիխի համալսարանում ընդունելության քննություններ հանձնելով ընդունվել է պատմության ֆակուլտետի PhD և 1892 թվականին դոկտորի կոչում է ստացել «Համադաշնության չեզոքությունը իսպանական իրավահաջորդության պատերազմի ժամանակ» (գերմ.՝ Die Neutralität der Eidgenossenschaft während des spanischen Erbfolgekrieges) ատենախոսությամբ։ Ցյուրիխի համալսարանում գտնվելու ընթացքում նա կայուն ընկերներական կապեր է հաստատել Մարի Բաումի, Հեդվիգ Բլյուլեր-Վասերի և Մարիան Պլեհնի հետ, ովքեր իր նման Ցյուրիխի ուսանողներ էին[12]։

1889 թվականից նա աշխատել է Ցյուրիխի կենտրոնական գրադարանում, սկզբի երկու տարին անվճար՝ զբաղվելով Պոլ Ուստերիի ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանին վերաբերվող մոտ 6000 բրոշյուրների պաշտոնական գրանցցմամբ, ապա՝ 1891 թվականի նոյեմբերից հատուկ նրա համար բացվել է քարտուղարի հաստիք, որը կապված էր տպագիր նյութերի մշակման և նմակագրության հետ։ Նրա հուշերից երևում է, որ այդ աշխատանքը նրա համար տաղտկալի է եղել։ 1894 թվականին նա վերջնականապես հրաժարվել է այդ աշխատանքից։ 1896 թվականին նա սկսել է դասավանդել Բրեմենի օրիորդաց դպրոցում[12]։

Ընտանիք

խմբագրել

1897 թվականին Հուխը տեղափոխվել է Վիեննա՝ ռոմանտիզմ ուսումնասիրելու։ Վիեննայում նա հանդիպել է իտալացի ատամնաբույժ Էրմանո Սեկոնիին (1871-1927)[13], որի հետ ամուսնացել է 1898 թվականին։ 1899 թվականին նա լույս աշխարհ է բերել իրենց դուստր Մարիետային[12]։ Հետագայում 1905 թվականին ամուսինները բաժանվել են, երբ Սեկոնին սիրային կապ է ունեցել քրոջ՝ Լիլիի և մանկության տարիների սիրո՝ Ռիչարդ Հուխի դստեր հետ։ Իսկ 1907 թվականին Ռիկարդան ամուսնացել է Ռիչարդի հետ։ Սակայն այդ ամուսնությունն ապերջանիկ է եղել և ընդհատվել է 1911 թվականին[13]։ Ռիչարդից բաժանվելուց հետո Հուխը ընդմիջումներով ապրել է Մյունխենում և գրել է կարևոր նշանակություն ունեցող շատ գրքեր։

1926 թվականին Ռիկարդայի դուստրը Մարիետան ամուսնացել է Ռայխի Էկոնոմիկայի նախարարության խորհրդական, իրավաբան, տնտեսագետ Ֆրանց Բյոհմի (1895-1977) հետ։ Այդ ամուսնությունից ծնվել է Ալեքսանդր Բյոհմը (1929-2006), որը դարձել է քրեական իրավունքի պրոֆեսոր[14]։

Վաղ հրապարակումներ և պատմական ուսումնասիրություններ

խմբագրել

Հուխն իր առաջին բանաստեղծություններն ու պատմվածքները հրատարակել է 1890-ականներին։ 1892 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը «Լյուդոլֆ Ուրսլեու կրտսերի հիշողությունները» (Erinnerungen von Ludolf Ursleu dem Jüngeren)[12]:

1898-1900 թվականներին Հուխն ամուսնու և դստեր հետ ապրել է Տրիեստեում՝ Հուխի հայրենի քաղաքում, որն այդ ժամանակ Ավստո-Հունգարիայի կազմում էր։ Այդ ընթացքում նա առաջին էր, որը գրել է Ջուզեպպե Գարիբալդիի ղեկավարությամբ է Իտալիայի միավորման պատմությունը։ Այդ ուսումնասիրությամբ նա իր ներդրում է ունեցել Իտալիայի պատմության մեջ և հետագայում դրա համար գնահատվելով Իտալիայի ֆաշիստների կողմից՝ չի հետապնդվել Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստների կողմից։

1899 թվականին լույս է տեսել գերմանական ռոմանտիզմի վերաբերյալ նրա երկհատորյա ուսումնասիրության առաջին հատորը՝ «Ռոմանտիզմի ծաղկում» (Blütezeit der Romantik): Այս գրքով սկսվել է Հուխի՝ գերմանական ժամանակակից մշակութային դիսկուրսին մասնակցությունը, և սրանով նա հանրությանը ներկայացել է որպես պատմաբան[12]։ 1902 թվականին լույս է տեսել «Ռոմանտիզմի տարածումը և անկումը» (Ausbreitung und Verfall der Romantik): Հուխը պնդում էր, որ գերմանական ռոմանտիզմը անցել է ծաղկման և հետագա անկման ժամանակաշրջան։ Նրա պնդմամբ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը, Կառլ Վիլհելմ Ֆրիդրիխ Շլեգելը, Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգը, Վիլհելմ Հայնրիխ Վակենրոդերը և Լյուդվիգ Թիքը վաղ գերմանական ռոմանտիզմի ներկայացուցիչներ են։ Այս ծաղկուն շրջանում ուտոպիստական մտածողությունը և բանականության և ֆանտազիայի, խելքի և մարմնի հավասարակշռության ձգտումը գագաթնակետին են հասել այն մտքի հետ, թե մարդու կատարելությունը յուրաքանչյուրի խնդիրն է։ Հուխը նույնացրել է գերմանական ուշ ռոմանտիզմը պարզեցված բանահյուսության, առասպելների և ինքնակործանման միտումների հակվածության հետ։ Նա Զաքարիաս Վերներին, Կլեմենս Բրենտանոնին, Ախիմ ֆոն Առնիմինին, Բեթինա ֆոն Առնիմին և Յուստինուս Կեռներին դասում է ուշ և դեկադենտային ռոմանտիկների շարքում[15]։ Հուխը ափսոսանք է հայտնել իր ժամանակի սպիրիտուալիզմի և տեխնոցենտրիզմի համար և հույս է հայտնել, որ XIX դարի առաջին կեսին ռոմանտիզմի մերժումից հետո ռոմանտիզմի մտավոր նվաճումները կվերածնվեն։ Հուխը շեշտել է կանանց դերը վաղ գերմանական ռոմանտիզմի մեջ՝ մատնանշելով Քերոլայն Շելլինգի, Դորոտեա ֆոն Շլեգելի, Կարոլին ֆոն Գյունդերոդեի, Ռահել Լևինի, Բետինա ֆոն Առնիմի և Դորոթեա ֆոն Ռյոդեր Շլյոցերիի աշխատությունները[16]։

Հուխի պատմական հետազոտությունը վիճարկվել է նրա ժամանակակիցների կողմից։ Նրա մանրակրկիտ ուսումնասիրությունը հիացմունք է առաջացրել և հարգվել է նրա տեսլական շունչը, բայց նա քննադատվել է բանաստեղծական երևակայության համար։ Նրա օրոք պատմաբանները մեկնաբանում էին պատմական փաստաթղթերի իմաստը, այն դեպքում, որ Հուխը կենտրոնանում էր պատկերներ ստեղծելու վրա՝ նկարագրելով բովանդակությունը, սիմվոլիկան, գույնը և տրամադրությունը՝ պատմական ժամանակաշրջանի աշխարհայացքը ցույց տալու համար։ Նրա ժամանակակից Թոնի Վոլֆը Հուխին համարել է միջակ պատմաբան, որն ունի «պատմական իրավիճակներ և անձեր արթնացնելու» ունակություն։ Ռիկարդայի մոտեցումները տարակուսանք էին առաջացրել ժամանակակիցների շրջանում, ովքեր սովոր էին պատմությունը համարել մեծ իրադարձություններ, ռազմական արշավներ և մեծ մարդիկ։ Փոխարենը Հուխը ներկայացրնում էր պատմական փաստեր և անհատների բնավորության ուսումնասիրություններ՝ իրենց անհաջողություններով և հաղթանակներով։ Իր պատմական ուսումնասիրություններում նա նկարագրել է նաև հասարակ մարդկանց կյանքը, ինչպիսիք են վանականները, հասարակության տիկնայք և երեխաները[16]։

Հուխը և նրա ամուսինը Վիեննայից տեղափոխվել են Տրիեստ, իսկ հետո՝ Մյունխեն։ 1900 թվականի սկզբին զույգը բաժանվել է, չնայած Հուխը շարունակել է կապը Սեկոնիի հետ[12]։ 1903 թվականին լույս է տեսել Հուխի «Կյանքը կարճատև երազ է» (Vita somnium breve) գեղարվեստական վեպը, որը վերանվանվել և վերահրատարակվել է 1913 թվականին՝ որպես Մայքլ Ունգեր։ 1906 թվականին լույս է տեսել նրա՝ Գոտֆրիդ Կելլերի մասին տրակտատը (Die Geschichte von Garibaldi)։ 1907 թվականին հաջորդել է բանաստեղծությունների ժողովածուն[17]։ Նույն թվականին Հուխն ամուսնացել է իր զարմիկ Ռիչարդ Հուխի հետ, որը բաժանվել էր իր քրոջից 1907 թվականին։ 1908 թվականին նա հրատարակել է Իտալիայի միավորման մասին «Ռիսորջիմենտոյի մարդիկ և ճակատագրեր» (Aus dem Zeitalter des Risorgimento) տրակտատը[17]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հրապարակումներ

խմբագրել
 
Ռիկարդա Հուխ, 1916 թվականի քանդակ, քանդակագործ՝ Պավել Պետերիչ (1864-1937), Ցյուրիխի կենտրոնական գրադարանում

1914 թվականին նոր էր լրացել Հուխի հիսունամյակը, Սարաևոյում Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից երեք շաբաթ էր անցել, երբ նա ավարտել էր Երեսնամյա պատերազմ մասին իր եռագրության վերջին հատորը։ Այս եռագրությամբ էլ ամրապնդել է նրա հեղինակությունը՝ որպես Գերմանիայի առաջատար պատմաբաններից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմի առաջին տարիներին Հուխը ապրել է Մյունխենում[17]։ 1915 թվականին հրապարակվել է Հուխի՝ Ալբրեխտ ֆոն Վալենշտայնի կերպարի մասին ուսումնասիրությունը (Wallenstein - Eine Charakterstudie)։ Դրանում նա նկարագրել է Գերմանիան վերականգնելու և միավորելու Վալենշտայնի փորձը Սրբազան Հռոմեական կայսրությունից դուրս, որը նա անվանել է «այլասերված և անկատար» Ռայխ։ Հետագայում, Առաջին համաշխարհային պատերազմից հետո պարտված Գերմանիայի ազգայնականների շրջանում արձագանք է գտել Հուխի՝ պատերազմի և բռնի հեղափոխության միջոցով Գերմանիան վերածնելու մեկնաբանությունը[18]։

1916 թվականին Հուխը տեղափոխվել է Շվեյցարիա, բայց վերադարձել է Մյունխեն 1918 թվականին՝ Գերմանական կայսրության փլուզումից անմիջապես առաջ։ Պատերազմի տարիներին նա նաև հրատարակել է Natur und Geist (1914) և Luthers Glaube (1916): Պատերազմից անմիջապես հետո նա հրատարակել է Der Sinn der heiligen Schrift (1919)[17]: Իր վաղ ինքնակենսագրական ստեղծագործություններում Հուխն լյութերական հավատից է խոսել՝ զուգորդված պատմության և հասարակության նկատմամբ գյոթեական հայացքներով։ Luthers Glaube- ում նա հիմնավորել է ժամանակակից հոռետեսության հակափաստարկները՝ շեշտելով, որ Մարտին Լյութերը հավատքի մեծ մարդ էր, ոչ թե նոր եկեղեցու հիմնադիր։ Չնայած Հուխը շեշտում էր հայրենի երկրի կարևորությունը և ընտանեկան արժեքները, նա փոփոխությունները համարում էր անխուսափելի և անհատականությունը գնահատում էր ամեն ինչից առավել։ Կրոնական և փիլիսոփայական պատմության մասին նրա գրքերում մարդկային էակները, մարդու կյանքը և պատմությումը մի ամբողջության մեջ են դիտում[19]։

Վայմարյան հանրապետության տարիների հրապարակումներ

խմբագրել

Վայմարյան հանրապետության առաջին տարիներին Հուխը 1921-ին հրատարակել է Entpersönlichung- ը։ 1924 թվականին նա հրատարակել է անարխիստ Միխայիլ Բակունինի վերաբերյալ մի ուսումնասիրություն «Միխայիլ Բակունինը և անարխիան» (Michael Bakunin und die Anarchie): Պրուսիացի բարեփոխիչ Հենրիխ Ֆրիդրիխ Շտեյնի վերաբերյալ «Շտայն» վերնագրով նրա ուսումնասիրությունը լույս է տեսել 1925 թվականին[17]։ 1927 թվականին նա երեք հատորով հրատարակել է գերմանական քաղաքների (Im alten Reich. Lebensbilder deutscher Städte) աշխարհագրական ակնարկները։ Այս ակնարկներում նա նկարագրում է հին քաղաքների կառուցվածքը, դրանց շենքերը և պատմական կարևոր իրադարձությունները։ Հուխը շեշտել է քաղաքային օրգանիզմների առանձնահատկությունը և առաջացած համայնքային ոգեղեն կառուցվածքը։ Հուխը նաև ուսումնասիրել է միջնադարյան համայնքը և ուրվագծել անձնական ներգրավվածության և համերաշխության վրա հիմնաված ինքնակառավարման համայնքների զարգացումը։ Բակունինի կենսագրության մեջ Հուխը առաջին անգամ ուսումնասիրել ինքնուրույն համայնքների գաղափարը, որը նա հակադրել է, ինչպես ինքն է անվանել, արհեստական ժամանակակից հասարակություններին[19]։

1927 թվականին Հուխը, նրա դուստրը և փեսան՝ Ֆրանց Բյոմը տեղափոխվել են Բեռլին։ 1931 թվականին Հուխին շնորհվել է Գյոթեի մրցանակ[20]։ Նա առաջին կինն է, ով հրավիրվել է միանալու Պրուսական արվեստի ակադեմիային (Preußische Akademie der Künste)[21]: 1930 թվականին լույս է տեսել 1848-1849 գերմանական հեղափոխությունների մասին նրա տրակտատը՝ «Alte und neue Götter (1848). Die Revolution des 19. Jahrhunderts in Deutschland» վերնագրի ներքո[17]։

Երրորդ Ռայխի ժամանակ հրապարակումներ

խմբագրել
 
Ռիկարդա Հուխը մոտավորապես 1930 թվականին

Երբ 1933 թվականին նացիստներն են անցել իշխանության գլուխ և Գերմանիան հռչակել են Գերմանական Երրորդ Ռայխ (German Dritte Reich), Հուխը, ի նշան բողոքի, հեռացել է Պրուսիայի արվեստի ակադեմիայից[20]։ Հուխը և Ակադեմիայի մյուս անդամները 1933 թվականի մարտին նամակ էին ստացել Պրուսիայի արվեստի ակադեմիայի նախագահ Մաքս ֆոն Շիլինգսից, որով խնդրում էին ստորագրել Գոտֆրիդ Բենի կողմից կազմված հռչակագիրը՝ հայտարարելով իրենց հավատարմությունը նոր կառավարությանը։ Դրան հաջորդել է նամակների հրապարակային և տխրահռչակ փոխանակում Հուխի և Շիլլինգսի միջև։ Հուխը հրաժարվում էր ստորագրել։ Շիլլինգսը պատասխան նամակով հույս էր հայտնում, որ ակադեմիան ակնկալում է նրա աջակցությունը և շարունակական անդամությունը։ Հուխը պատասխանել էր, ասելով, որ ինքը չի հրաժարվի խոսքի ազատության իր իրավունքից և հարցրել Շիլլինգսին, թե հռչակագիրը ստորագրելուց հրաժարվելն անխուսափելիորեն կհանգեցնի՞ իրեն ակադեմիայից հեռացնելուն։ Շիլինգսը պատասխանել էր, որ ակադեմիան պարզապես իր անդամներից խնդրում է հրապարակավ չընդդիմանալ նոր կառավարությանը։ Շիլինգսը նաև նշել էր, որ եթե նա հրաժարական տա, ապա դրանով կընկերանա Հայնրիխ Մանին, որը հեռացել էր ակադեմիայից 1933 թվականի մարտի ընտրությունների ժամանակ NSDAP- ի դեմ սոցիալ-ժողովրդավարական դաշինք մոբիլիզացնելու անհաջող փորձ կատարելու համար։ Շիլինգսը պնդել էր, որ դա չի կարող լինել Հուխի ցանկությունը, քանի որ նա իր աշխատություններում հստակ արտահայտել էր ազգայնական և պահպանողական հայացքներ։ Հուխը պատասխանել էր՝ ասելով, որ գերմանուհու համար բնական է գերմանացի զգալը, բայց ինքը դատապարտում է նացիստների ուժային մարտավարությունը, դաժան կենտրոնացումը և այլ կարծիք ունեցողներին վախեցնելը։ Հուխը նացիստների մարտավարությունն անվանել րէ հակագերմանական, պաշտպանել արտահայտվելու ազատության իր իրավունքը և նշել, որ ինքը համաձայն չէ նացիստական դոկտրինի հետ[22]։

Հուխն, այնուամենայնիվ, արունակել է մնալ Բեռլինում և ուսումնասիրել է Գերմանիայի վաղ պատմությունը՝ սկսած Կառլոս Մեծից։ 1934 թվականին նա հրատարակել է իր եռագրության առաջին հատորը միջնադարյան Գերմանիայի սոցիալական պատմության վերաբերյալ՝ կենտրոնանալով միջնադարյան տարբեր քաղաքական, սոցիալական և կրոնական ինստիտուտների վրա։ Römisches Reich Deutscher Nation- ին հաջորդեց Das Zeitalter der Glaubensspaltung- ը (1937)։ Հուխն իդեալականացրել է միջնադարյան գերմանական մշակույթը և մեկնաբանություններ է կատարել առաջնորդության, արդարության և Գերմանիայում հրեաների վերաբերյալ։ Նրա տեսակետները բացահայտ մարտահրավեր էին նացիստական դոկտրինին գերմանական մշակույթի և դրա արմատների վերաբերյալ[23]։ Նացիստները նրա փեսա Բյոհմին ստիպեցին դուրս գալ պետական ծառայությունից։ 1936 թվականին Հուխը դստեր, Բյոհմի և նրանց որդու հետ միասին տեղափոխվեց Յենա։ Բյոհմը կարողացավ ուսման պայմանագիր ապահովել Յենայի համալսարանի հետ, բայց 1937 թվականին նա և Հուխը մեղադրվեցին ապստամբության մեջ, որովհետև ընթրիքի ժամանակ նրանք պաշտպանել էին հրեաների մտավոր կարողությունները։ Չնայած երկուսից ոչ մեկը դատապարտված չէր, Բյոհմը չկարողացավ պահպանել իր դասավանդման դիրքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բյոմը տեղափոխվեց Ֆրայբուրգ, իսկ ավելի ուշ ՝ Ֆրանկֆուրտ, իսկ Հուխն ու իր դուստրը մնացին Յենայում[20]։

Հետպատերազմյան շրջանի գործունեություն

խմբագրել

Գերմանիայի մի մասի Խորհրդային օկուպացումից հետո, Հուխը փախել է Արևմտյան Գերմանիա[24] և բնակություն հաստատել Ֆրանկֆուրտում։ Նա սկսել է աշխատել գրքի վրա, որը նվիրված էր լինելու նացիզմի դեմ գերմանական դիմադրության անդամներին[20]։ Այդ նպատակով, 1946 թվականի մարտին՝ Պրուսիայի արվեստի ակադեմիայից հրաժարվելուց 13 տարի անց, նա Գերմանիայի օրաթերթերում հրապարակել է հանրային կոչ՝ խնդրելով օգնել նացիստական ահաբեկչությանը դիմակայելու համար իրենց կյանքը զոհած անձանց կենսագրական տվյալները հավաքելու գործին։ Նա համարում էր, որ անսահման դաժանության այդ ժամանակաշրջանում նրանց մեծագույն զոհաբերությունը բոլոր գերմանացիներին օգնել է պահպանել մարդկային արժանապատվության հատիկը։ Հուխը պնդել է, որ նրանք, ովքեր դիմադրել էին, հնարավորություն էին ստեղծել, որ մարդկությունը վեր բարձրանա առօրեական ճահճից, չարի դեմ պայքարի համար կայծ վառի և պահպանի մարդկության ազնիվ բարեպաշտության հանդեպ հավատը[25]։ Հուխը մահացել է 83 տարեկան հասակում՝ 1947 թվականի նոյեմբերի 17-ին, Ֆրանկֆուրտում, անավարտ թողնելով գերմանական դիմադրության մասին իր գիրքը[20]։

Նախքան մահը Հուխը մեկնել էր Բեռլինի խորհրդային մաս՝ որպես Գերմանացի գրողների առաջին համագումարի պատվավոր նախագահ։ Սա Գրողների առաջին համագումարն էր (1947 թվականի հոկտեմբերի 4-8), որը Երկրորդ համաշխարհային պատերազմից և Գերմանիան չորս օկուպացիոն գոտիների բաժանումից հետո էլ Գերմանիան համարում էր ամբողջություն։ Համագումարում Ռիկարդա Հուխը դասախոսություն է կարդացել, որը մեծ արձագանք է ունեցել՝ դառնալով «առաջին և հիմնական շրջադարձային պահը» գերմանացի գրողների և նոր պետության միջև հարաբերություններում (այդպիսով, սա նաև գրողների համագերմանական առաջին համագումարն էր, քանի որ յոթ ամիս անց Ֆրանկֆուրտում տեղի ունեցած երկրորդ համագումարին խորդային օկուպացիոն հատվածի գրողները նեկա չեն եղել)։ Ելույթից մի քանի ժամ անց Ռիկարդան փախել է խորհրդային օկուպացիոն գոտուց, որը մեծապես տուժել էր կառավարիչների մշտական վերահսկողությունից, հրամանագրերից և բռնություններից[26]։ Հուխն ուղևորվել է Մայնի Ֆրանկֆուրտ, որտեղ նրա փեսա Ֆրանց Բյոհմը Հեսսենի կրթության նախարար էր դարձել։ Նրա առողջությունն այլևս չէր կարող հաղթահարել այն սթրեսներն ու ծանրաբեռնվածությունը, որը նաև պայմանավորված էր սահմանից դուրս չջեռուցվող գնացքով ճանապարհորդելու հետ։ Շյոնբերգի Ֆրանկֆուրտում գտնվող հյուրատանը նա մահացել է 1947 թվականի նոյեմբերի 17-ի առավոտյան։ Նա իր պատվավոր տեղն է գտել Ֆրանկֆուրտի գլխավոր գերեզմանատանը (թաղման վայր՝ Gewann II, 204)[27][28]։

Ժառանգություն

խմբագրել

Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ Թրոմմլերը, Երրորդ Ռայխի ժամանակաշրջանում գերմանական գրականության էլիտայի ուսումնասիրության մեջ, պնդում է, որ Հուխը, Էռնստ Վիեխերտի, Վերներ Բերգենգրուենի, Ռայնհոլդ Շնայդերի, Ալբրեխտ Հաուսհոֆերի և Ֆրիդրիխ Ռեկ-Մալլեցևենի հետ միասին, համարձակ դիրքորոշում է ունեցել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպես ազատության ճնշումը, բռնակալության դեմ պայքարը, անձնական և հասարակ կյանքի ձգտումը։ Նրանց հեղինակությունը հիմնված էր իրենց կարծիքը ձևակերպելու ունակության մեջ և դրանով էլ Հուխի պես հեղինակները Երրորդ Ռայխի անկումից հետո կարողացել էին ազդել Գերմանիայի քաղաքական և մշակութային վերափոխումների վրա։ Այս հեղինակներիը նացիստական իշխանությունների ուշադրության կենտրոնում էին, քանի որ նրանց գործերը մեծապես ընթերցվում էին գերմանական միջին դասի կողմից[29]։

 
Ռիկարդա Հուխին նվիրված հուշաքար Բրաունշվայգում, 1944 թվականի հոկտեմբերի 15-ին Բրաունշվայգի ռմբակոծությունից ավերված երկհարկանի Վիլլա Բիրբաումի տեղում, որտեղ այժմ շատրվաններով այգի է կառուցված
 
1961 թվականին ապամոնտաժված Վիլլայի տեղում կառուցված շատրվանը

Հուխը 70-ն անց էր, երբ նացիստները իշխանության գլուխ էին անցել, և ի տարբերություն այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Թոմաս Մանը, ով նախ պետական քաղաքական-հասարակական կյանքից փակվելով փախել է («ներքին արտագաղթ») և ապա՝ աքսորվել, Հուխը ի սկզբանե դիրքավորվել է նացիստական դոկտրինի դեմ։ Հուխը շարունակել է ապրել Գերմանիայում, չի փորձել թաքցնել իր համոզմունքները և շարունակել է տպագրվել Գերմանիայում՝ շվեյցարական հրատարակիչների միջոցով։ 1934 թվականին Մանը իշխանության ուժերի դեմ ինտելեկտուալ պայքարի մասին գրել է՝ «Դրա միջով անցնել և սեփական արժանապատվությունն ու ազատությունը պահպանելն ամեն ինչ է»[30]։ Ալֆրեդ Անդերշը (Alfred Andersch) գնահատելով գերմանական գրական ժառանգությունը նացիստական իշխանության տարիներին, 1947 թվականին Հուխին դասել է Գերհարդ Հաուպտմանի, Ռուդոլֆ Ալեքսանդր Շրյոդերի, Հանս Կարոսայի և Գերտրուդ ֆոն Լե Ֆորտի շարքում՝ որպես ավագ և կայացած բանաստեղծներ, ովքեր մնացել էին Գերմանիայում և պահպանել «բուրժուական կլասիցիզմի» ավանդույթը։ Անդերշը բանաստեղծներ Ստեֆան Անդրեսին, Հորստ Լանգին, Հանս Լեյփին, Մարտին Ռաշկեին և Եվգեն Գոտլոբ Վինքլերին երիտասարդ սերնդի շարքում է դասել, ովքեր մնացել են Գերմանիայում և իրենց գրական ստեղծագործություններով նպաստել են նացիստական իշխանությունների դեմ դիմադրությանը[31]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թոմաս Մանը Հուխին անվանել է «գերմանական գրականության առաջին տիկին»[21]։

Գնահատանք

խմբագրել

Հրապարակումների ցանկ

խմբագրել
Թվական Հայերեն անվանում Գերմաներեն անվանում Վայր
1891 Բանաստեղծություններ Gedichte Դրեզդեն
1892 Էվոե (Էդմուն Նոկս) Evoe Բեռլին
1893 Հիշողություններ Լյուդոլֆ Ուրսլեու կրտսերի մասին Erinnerungen von Ludolf Ursleu dem Jüngeren Բեռլին
1894 Բանաստեղծություններ Gedichte Լայպցիգ
1896 Շլարաֆիայի լուսնային պարը Der Mondreigen von Schlaraffis Լայպցիգ
1897 Հադուվիգը վանքի կամարակապ սրահում
Սատանաներ, հեքիաթներ
Haduvig im Kreuzgang
Teufeleien, Lügenmärchen
Լայպցիգ
1899 Ռոմանտիկայի ծաղկման շրջանը
Տիկին Սելեստան և այլ պատմություններ
Blütezeit der Romantik
Fra Celeste und andere Erzählungen(Հերման Հեսսե հրատ․)
Լայպցիգ
1902 Ռոմանտիկայի ծագումն ու տարածումը
Քնած գեղեցկուհի։ Հեքիաթի խաղ
Տրիումֆգասսեից, կյանքի էսքիզներ
Ausbreitung und Verfall der Romantik
Dornröschen. Ein Märchenspiel
Aus der Triumphgasse. Lebensskizzen
Լայպցիգ
1903 Կյանքը կարճատև երազ է լատին․՝ Vita somnium breve(Insel հրատ․) Լայպցիգ
1904 Թագավորներից և թագից
Գոտֆրիդ Կելլեր
Von den Königen und der Krone
Gottfried Keller(Schuster & Loeffler հրատ)
Շտուտգարտ
Բեռլին և Լայպցիգ
1905 Օճառի պղպջակներ։ Երեք կատակ պատմություններ Seifenblasen. Drei scherzhafte Erzählungen Շտուտգարտ
1906–1907 Գարիբալդիի պատմությունները

* Հռոմի պաշտպանություն (հատոր1)
* Ճակատամարտ Հռոմի համար (հատոր2)

Die Geschichten von Garibaldi
(Volume 1: ‘’Die Verteidigung Roms’’; Volume 2: ‘’Der Kampf um Rom’’)
Շտուտգարտ/Լայպցիգ
1908 Նոր բանաստեղծություններ
Ռիսորջիմենտոյի մարդիկ և ճակատագրեր
Neue Gedichte
Menschen und Schicksale aus dem Risorgimento
Լայպցիգ
1910 Կոմս Ֆեդերիգո Կոնֆալոնիերիի կյանքը
Քվակենբրուխի աքաղաղը և այլ պատմվածքներ
Անցյալ ամռանը
Das Leben des Grafen Federigo Confalonieri
Der Hahn von Quakenbrück und andere Novellen
Der letzte Sommer
Լայպցիգ
Բեռլին
Շտուտգարտ
1912–1914

1929
Մեծ պատերազմը Գերմանիայում
կամ
Երեսնամյա պատերազմ
Der große Krieg in Deutschland
կամ
Der Dreißigjährige Krieg
Լայպցիգ
1914

1922
Բնությունն ու ոգին՝ որպես կյանքի և արվեստի արմատներ
կամ
Մարդու էության մասին։ Բնություն և ոգի
Natur und Geist als die Wurzeln des Lebens und der Kunst
կամ
Vom Wesen des Menschen. Natur und Geist
Մյունխեն

Պրիեն
1915 Վալլենշտեյն։ Բնավորության ուսումնասիրություն Wallenstein. Eine Charakterstudie Լայպցիգ
1916 Լյութերի հավատքը։ Նամակներ ընկերոջը Luthers Glaube. Briefe an einen Freund Լայպցիգ
1917 Դերուգայի գործը Der Fall Deruga Բեռլին
1919 Սուրբ Գրությունների իմաստը Der Sinn der Heiligen Schrift Լայպցիգ
1920 Հին և նոր բանաստեղծություններ Alte und neue Gedichte Լայպցիգ
1921 Ապանձնազերծում/Դեպերսոնալիզացիա Entpersönlichung Լայպցիգ
1923 Միխայիլ Բակունինը և անարխիան Michael Bakunin und die Anarchie Լայպցիգ
1924 Սատանաներ և այլ հեքիաթներ Teufeleien und andere Erzählungen (Haessel հրատ․) Լայպցիգ
1925 Քար
Կոմս Մարկը և Նասաու-Ուսինգենի արքայադուստրը
Stein
Graf Mark und die Prinzessin von Nassau-Usingen
Վիենա/Լայպցիգ
1927 Հին թագավորությունում։ Գերմանական քաղաքների կյանքի պատկերներ

* Հյուսիս (հատոր1)
* Կայսրության կեսերին (հատոր2)
* Հարավ (հատոր3)

Im alten Reich. Lebensbilder deutscher Städte
(3 Volumes: Der Norden/Die Mitte des Reiches/Der Süden)
1929 Նոր քաղաքային պատկերներ հին կայսրությունում

Բանաստեղծությունների ժողովածու

Neue Städtebilder Im alten Reich’
Gesammelte Gedichte
Լայպցիգ
1930/1931 Կյանքի պատկերներ Մեքլենբուրգի քաղաքներում Lebensbilder mecklenburgischer Städte
1932 Հուգենոտը Die Hugenottin Բեռն
1930

1948
Հին և նոր աստվածներ (1848) 19-րդ դարի հեղափոխությունը Գերմանիայում»

1848․ 19-րդ դարի հեղափոխությունը Գերմանիայում
Alte und neue Götter (1848) Die Revolution des 19. Jahrhunderts in Deutschland
կամ
1848 Die Revolution des 19. Jahrhunderts in Deutschland
Բեռլին և Ցյուրիխ
1934-1949
1934
1937
1949
Գերմանական պատմություն
* Գերմանական ազգի Հռոմեական կայսրություն (հատոր1)
* Հավատքների պառակտման դարաշրջան (հատոր2)
* Պառակտված համոզմունքների դարաշրջան (հատոր3)
Deutsche Geschichte
* Römisches Reich Deutscher Nation
* Das Zeitalter der Glaubensspaltung
* Untergang des Römischen Reiches Deutscher Nation.


Բեռլին
Ցյուրիխ
1943 Սպիտակ գիշերներ Weiße Nächte' Ցյուրիխ
1944 Աշնանային կրակ Herbstfeuer (Insel հրատ․) Լայպցիգ
1946 Իմ օրագիրը Mein Tagebuch Վայմար
1946 Նախնադարյան երեւույթներ Urphänomene Ցյուրիխ
1947 Սխալ Պապը Der falsche Großvater (Insel հրատ․) Վիսբադեն
1953 Լուռ խռովություն։ Հաղորդում գերմանական ժողովրդի դիմադրության շարժման մասին 1933 - 1945 Der lautlose Aufstand. Bericht über die Widerstandsbewegung des deutschen Volkes 1933 - 1945 (Rowohlt հրատ․) Համբուրգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Хух Рикарда // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  8. https://www.literaturpreisgewinner.de/belletristik/wilhelm-raabe-preis
  9. «Nomination%20Archive». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 1. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  10. James Martin Skidmore (2005). The Trauma of Defeat: Ricarda Huch's Historiography During the Weimar Republic. Peter Lang. էջեր 21. ISBN 9783039107605.
  11. Huch, Ricarda Octavia (1966). Gesammelte Werke. Internet Archive. (Köln, Berlin) Keipenheuer & Witsch. էջ 183.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 James Martin Skidmore (2005). The Trauma of Defeat: Ricarda Huch's Historiography During the Weimar Republic. Peter Lang. էջեր 22. ISBN 9783039107605.
  13. 13,0 13,1 «Ricarda Huch - Ihr Leben | Ricarda Huch Portal» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  14. «Hessische Biografie : Erweiterte Suche : LAGIS Hessen». www.lagis-hessen.de. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  15. Nicholas Saul (2009). The Cambridge Companion to German Romanticism. Cambridge University Press. էջեր 22–23. ISBN 9781139827539.
  16. 16,0 16,1 Nicholas Saul (2009). The Cambridge Companion to German Romanticism. Cambridge University Press. էջեր 134–135. ISBN 9781139827539.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 James Martin Skidmore (2005). The Trauma of Defeat: Ricarda Huch's Historiography During the Weimar Republic. Peter Lang. էջեր 23. ISBN 9783039107605.
  18. Kevin Cramer (2007). The Thirty Years' War and German Memory in the Nineteenth Century. University of Nebraska Press. էջեր 228. ISBN 9780803206946.
  19. 19,0 19,1 Tracy Chevalier (2012). Encyclopedia of the Essay. Routledge. էջ 408. ISBN 9781135314101.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 James Martin Skidmore (2005). The Trauma of Defeat: Ricarda Huch's Historiography During the Weimar Republic. Peter Lang. էջեր 24. ISBN 9783039107605.
  21. 21,0 21,1 Feminist Views from Somewhere: Post-Jungian Themes in Feminist Theory. Taylor & Francis. 2016. էջ 32. ISBN 9781317484486. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  22. James Martin Skidmore (2005). The Trauma of Defeat: Ricarda Huch's Historiography During the Weimar Republic. Peter Lang. էջեր 83–85. ISBN 9783039107605.
  23. James Martin Skidmore (2005). The Trauma of Defeat: Ricarda Huch's Historiography During the Weimar Republic. Peter Lang. էջեր 123. ISBN 9783039107605.
  24. Feminist Views from Somewhere: Post-Jungian Themes in Feminist Theory. Taylor & Francis. 2016. էջ 34. ISBN 9781317484486. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  25. James Martin Skidmore (2005). The Trauma of Defeat: Ricarda Huch's Historiography During the Weimar Republic. Peter Lang. էջեր 133. ISBN 9783039107605.
  26. Geipel, Ines (2015). Gesperrte Ablage : unterdrückte Literaturgeschichte in Ostdeutschland 1945-1989. Joachim Walther (1. Auflage ed.). Düsseldorf. էջեր 40f. ISBN 978-3-940357-50-2. OCLC 925440424.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  27. Wegweiser zu den Grabstätten bekannter Persönlichkeiten auf Frankfurter Friedhöfen. Frankfurt am Main 1985, էջ 45
  28. «Ricarda Huch». de.ainfo.pp.ua (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
  29. Neil H. Donahue; Doris Kirchner, eds. (2005). Flight of Fantasy: New Perspectives on Inner Emigration in German Literature, 1933-1945. Berghahn Books. էջեր 144. ISBN 9781571810021.
  30. Neil H. Donahue; Doris Kirchner, eds. (2005). Flight of Fantasy: New Perspectives on Inner Emigration in German Literature, 1933-1945. Berghahn Books. էջեր 33. ISBN 9781571810021.
  31. Neil H. Donahue; Doris Kirchner, eds. (2005). Flight of Fantasy: New Perspectives on Inner Emigration in German Literature, 1933-1945. Berghahn Books. էջեր 217. ISBN 9781571810021.
  32. «Ricarda-Huch-Preis: Darmstadt». www.darmstadt.de. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  33. «Frankfurt am Main: Goethepreis». web.archive.org. 2012 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդա Հուխ» հոդվածին։