Ալեքսանդրա Կոլոնտայ

խորհրդային դիվանագետ

Ալեքսանդրա Միխայլովնա Կոլոնտայ (ռուս.՝ Александра Михайловна Коллонтай, օրիորդական ազգանունը՝ Դոմոնտովիչ [Домонтович], մարտի 19 (31), 1872[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 9, 1952(1952-03-09)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս հեղափոխական, քաղաքական գործիչ, դիվանագետ և մարքսիստ տեսաբան, ՌՍԴԲԿ անդամ (1906), հարել է մենշևիկներին։ Կոմունիստական կուսակցության անդամ 1915 թվականից։

Ալեքսանդրա Կոլոնտայ
ռուս.՝ Александра Михайловна Коллонтай
Դիմանկար
Ծնվել էմարտի 19 (31), 1872[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 9, 1952(1952-03-09)[2][3][4][…] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան[6]
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունհեղափոխական, դիվանագետ, կանանց իրավունքների պաշտպան, գրող, քաղաքական տեսաբան և People's Commissar
ԱմուսինՊավել Դիբենկո և Vladimir Liudvigovich Kollontay?[4]
Ծնողներհայր՝ Միխայիլ Դոմոնտովիչ
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, դեսպան, նախարար, Գործերի ժամանակավոր հավատարմատար և minister plenipotentiary?
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունWorkers' Opposition?
Ստորագրություն
Изображение автографа
 Alexandra Kollontai Վիքիպահեստում

Հեղափոխական գործունեության մեջ է եղել 1890-ական թվականներից։ 1908 թվականին տարագրվել է։ Եղել է ՌՍԴԲԿ պատգամավոր Շտուտգարտի (1907), Կոպենհագենի (1910), Բազելի (1912) միջազգային սոցիալիստական կոնգրեսներում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան։ Եղել է Պետրոգրադի սովետի գործադիր կոմիտեի անդամ, ՌՍԴԲ (բ)կ VII (ապրիլյան) կոնֆերանսի ու Սովետների I և II համագումարների պատգամավոր։ ՌՍԴԲ (բ) կ VI համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ-ի անդամ։ 1920 թվականին եղել է ՌԿ (բ) կ ԿԿ-ի կինբաժնի (Ժենոտդել, Женотдел) վարիչը։ Հակակուսակցական «Բանվորական, օպոզիցիա» խմբի մասնակից։ 1921-1922 թվականներին՝ Կոմինտերնի կից կանանց միջազգային քարտուղարության անդամ։

Եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Նորվեգիայում (1923-1926, 1927-1930), Մեքսիկայում (1926), դեսպանորդ, ապա դեսպան Շվեդիայում (1930-19451945 թվականից՝ խորհրդական ԽՍՀՄ ԱԳՄ-ում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Կոլոնտայի հիմնած Կինբաժինը (Ժենոտդել) փորձում էր բարելավել Խորհրդային Միության կին քաղաքացիների կարգավիճակը։ Լինելով ազատ սիրո ջատագով, Կոլոնտայը հետագայում ճանաչվեց մարքսիստական ֆեմինիզմի առանցքային դեմք։

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ հարուստ ազնվականականի ընտանիքում։ Ալեքսանդրա Միխայլովնայի հայրը՝ բարձրաստիճան գեներալ Միխայիլ Դոմոնտովիչը, մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, 1878-1879 թվականներին եղել է Բուլղարիայի Տիռնովոյի նահանգապետը։ Մայրը՝ Ալեքսանդրա Մասալին-Մռավինսկայան փայտանյութի առևտրով զբաղվող ֆինն ձեռնարկատիրոջ դուստր է եղել։

Իր հուշերում Ալեքսանդրա Միխայլովնան պնդում է, որ իր պապը եղել է ֆինն գյուղացու որդի, ով հարստացել է փայտանյութի առևտրով զբաղվելու արդյունքում։ Սակայն, արխիվային փաստաթղթերը վկայում են, որ գյուղացիական արմատների մասին պատմությունը կանխամտածված հորինվել է «ճշգրիտ» կենսագրության ապահովման նպատակով։ Ալեքսանդրա Կոլոնտայի պապը՝ Ալեքսանդր Ֆեդորովիչ Մասալինը, ժառանգական ազնվական է եղել, կոլեգիալ խորհրդական և գրեթե հազար հեկտար հողատարածքի սեփականատեր։

Նրա համամայր քույրերն են օպերային երգչուհի Եվգենյա Մռավինան (թատերական անունը` Ե. Մռավինա) և Ադել Մռավինան, իսկ համամայր եղբայրն Ալեքսանդրն է, ով դիրիժոր Եվգենի Մռավինսկու հայրն է։

Ալեքսանդրա Կոլոնտայը ստացել է բազմակողմանի տնային կրթություն, տիրապետել է մի քանի օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, շվեդերեն, նորվեգերեն, ֆիններեն և այլն), հետաքրքրվել է գրականությամբ։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել տնային ուսուցիչ Մ. Ի. Ստրախովան, ով եղել է նարոդովոլեցական գաղափարների կողմնակից[10]։ 1888 թվականին նա հանձնել է Սանկտ Պետերբուրգի 6-րդ արական գիմնազիայի քննությունները։ Հաճախել է նաև Արվեստի խրախուսման դպրոց, մասնակցել նկարչության մասնավոր պարապմունքների, ընդգրկվել բարձրաշխարհիկ հասարակության դասի մեջ։ Նրա զարմիկ Իգոր Սևերյանինը եղել է Ալեքսանդր Դոմոնտովիչի երիտասարդական համայնքի անդամ։ «Նարնջագույն ժամի ցողը» ինքնակենսագրական բանաստեղծության մեջ բանաստեղծը հիշում է․

Մեր ծանոթների տունը լի է ամբոխով՝
Եվ մաթեմատիկոս Վերեշչագինը,
Եվ Մռավինան և Կոլոնտայը։

Դեռևս երիտասարդ տարիքից Ալեքսանդրան համակրանք է վայելել տղամարդկանց շրջանում և աչքի է ընկել պահանկոտությամբ։ Նա հրաժարվել է ամուսնանալ գեներալ Իվան Տուտոլմինի հետ, ով նրան ամուսնության առաջարկ է արել իրենց ծանոթության առաջին իսկ երեկոյի ընթացքում։ Ալեքսանդրայի երկրպագուներից մեկը՝ Իվան Դրագոմիրովը (գեներալի որդի), չի դիմացել նրա վերաբերմունքին և ինքնասպանություն է գործել։

Իր պատանեկության տարիներին Ալեքսանդրան դեմ է եղել կայսեր ադյուտանտի հետ ամուսնացնելու իր ծնողների որոշմանը և ամուսնացել է իր հեռավոր ազգականի՝ Ռազմա-ինժեներական ակադեմիայի շրջանավարտ, աղքատ սպա Վլադիմիր Կոլոնտայի հետ (1893)[11]։ Հինգ տարի անց նա թողել է ամուսնուն և որդուն՝ հեղափոխական շարժմանը մասնակցելուհամար․ «Ես ցանկանում էի ազատ լինել։ Մանր տնտեսական և կենցաղային գործերով ամբողջ օրը ծանրաբեռնված լինելով ես այլևս ժամանակ չէի ունենում պատմվածքներ և վեպեր գրելու համար… Հենց որ իմ փոքրիկ տղան քնում էր, ես գնում էի կողքի սենյակ և նորից ձեռքս էի վերցնում Լենինի գիրքը»[12]։

 
Ա. Մ. Դոմոնտովիչը 1888 թվականին

Ալեքսանդրա Կոլոնտայը սկսել է մասնակցել սոցիալիստական շարժմանը 1890-ականներին՝ Ելենա Ստասովայի հետ ծանոթանալուց հետո։ Նա մտերմական կապեր է ունեցել նաև Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկի հետ, որի տանը թաքնվել է ոստիկանությունից։

1898 թվականին, թողնելով ամուսնուն և որդուն, նա մեկնել է Շվեյցարիա, որտեղ ընդունվել է Ցյուրիխի համալսարան և սովորել պրոֆեսոր Գերկների մոտ[13]։ Պրոֆեսորի խորհրդով 1899 թվականին նա մեկնել է Անգլիա՝ անգլիական բանվորական շարժմանը ծանոթանալու համար։ Անգլիայում ծանոթացել է Սիդնեյ Վեբի և Բեատրիս Վեբի հետ։ Դրանից հետո 1899 թվականին վերադարձել է Ռուսաստան։

1901 թվականին մեկնել է արտասահման և Ժնևում ծանոթացել Գեորգի Պլեխանովի հետ։

1905 թվականի հունվարի 9-ի ցույցի մասնակիցների գնդակահարության ժամանակ եղել է Սանկտ Պետերբուրգի փողոցներում։ 1905 թվականին Սանկտ Պետերբուրգում ծանոթացել է Վլադիմիր Լենինի հետ։ Կուսակցության II համագումարում Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պառակտումից հետո, Կոլոնտայը չի միացել հակառակորդ խմբակցություններից որևէ մեկին։ Այնուամենայնիվ, այն ժամանակ, իր համոզմամբ, նա ավելի մոտ է կանգնած եղել Պլեխանովին, ով սկզբում աջակցելով բոլշևիկներին, աստիճանաբար անցել է մենշևիկների կողմը։

Ես երկու ճամբարներում էլ ընկերներ ունեի։ Ինձ ավելի հոգեհարազատ էր բոլշևիզմը... բայց Պլեխանովի անձի նկատմամբ ունեցած համակրանքը ինձ հետ պահեց մենշևիկների հետ կապերի խզումից[14]։

Եվրոպական հեղափոխական շարժման ակունքներում խմբագրել

1905 թվականին Ռուսական առաջին հեղափոխության ժամանակ Կոլոնտայը նախաձեռնություն է հանդես բերել «Աշխատավորուհիների փոխօգնության ընկերություն» ստեղծման ուղղությամբ։ Հեղափոխության պարտությունից հետո 1908 թվականին նա արտագաղթել է, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել «Ֆինլանդիա և սոցիալիզմ» բրոշյուրում տեղ գտած զինված ապստամբության կոչերի համար։ Վտարանդիության սկզբում միացել է ՌՍԴԲԿ ռեֆորմիստական թևին, աջակցել լիկվիդատորներին, այնուհետև անցել օտզովիստների կողմը, դասախոսություններ կարդացել Բոլոնիայի «Վպերյոդ» խմբի հիմնած ֆրակցիոն դպրոցում։ Եղել է եվրոպական մի շարք երկրներում (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա), որտեղ կապեր է հաստատել տեղի սոցիալ-դեմոկրատական և սուֆրաժիստական շարժումների հետ՝ ակտիվորեն մասնակցելով դրանց։ Նա երկու անգամ այցելել է ԱՄՆ։ Որպես ՌՍԴԲԿ-ի պատվիրակ՝ հանդես է եկել Շտուտգարտում (1907), Կոպենհագենում (1910) և Բազելում (1912) կայացած միջազգային սոցիալիստական վեհաժողովներում։ Ռեժիսոր Գ. Յունգվալդ-Խիլկևիչը, Կոլոնտայի հուշերի հիման վրա նկարահանել է «Վտանգավոր շրջագայություններ» ֆիլմը, որտեղ պատմվում է թե ինչպես է նա Լիտվինովի հետ միասին դարասկզբին զենք ներմուծել Ռուսաստան։ «Այդ բոլոր տեսարանները հանեցին, իշխանությունները պատմությունը փոխեցին այնպես, ինչպես ուզում էին։ Թեև Կոլոնտայը, գրել էր, որ ինքը 1905-1911 թվականներին զենք էր ներմուծվել Ռուսաստան՝ ինչ-որ թատերական հանդերձանքի անվան տակ...»։ Դա նաև նրա հեղափոխական գործունեության քիչ հայտնի դրվագներից է։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Կարլ Լիբկնեխտի օգնությամբ նա կարողացել է դուրս գալ Գերմանիայից։ Շվեդիայում գտնվելու ժամանակ հեռացել է մենշևիկներից և եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի աջ թևից, որոնք աջակցել են պատերազմին։ Պատերազմի իմպերիալիստական բնույթի դատապարտումը Կոլոնտային ավելի է մոտեցրել բոլշևիկներին, որոնց նա վերջնականապես միացել է 1915 թվականին։ Ակտիվ հակամիլիտարիստական քարոզչության համար, մասնավորապես, նոյեմբերին շվեդական ամսագրերից մեկում հակապատերազմական հոդվածի հրապարակման համար 1914 թվականին նա ձերբակալվել է շվեդական ոստիկանության կողմից, տարվել Մալմյո ամրոց և անձամբ Գուստավ V թագավորի հրամանագրով արտաքսվել երկրից։ Բնակություն հաստատվելով Կոպենհագենում՝ Կոլոնտայը կապ է հաստատել Լենինի հետ և կատարել նրա հատուկ հանձնարարությունները, մասնավորապես նա երկու անգամ քարոզչական շրջագայություն է կատարել Միացյալ Նահանգներում։

Հեղափոխություն և Քաղաքացիական պատերազմ խմբագրել

Կոլոնտայը Ռուսաստան է վերադարձել 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո և շուտով դարձել Պետրոգրադի խորհրդի գործկոմի անդամ։ Բոլշևիկյան ռազմական կազմակերպության կողմից մասնակցել է 1917 թվականի ՌՍԴԲԿ (բ) 7-րդ (ապրիլյան) համաժողովի աշխատանքներին, եղել այն սակավաթիվ պատվիրակներից, ովքեր լիովին պաշտպանել են Լենինի «Ապրիլյան թեզիսներ»-ում շարադրված դիրքորոշումները։ Սովետների առաջին համառուսաստանյան համագումարում ընտրվել է Կենտգործկոմի անդամ բոլշևիկների կողմից։ «Երկիշխանության» ժամանակաշրջանում նա կազմակերպված քարոզչություն է անցկացրել զինվորների և նավաստիների շրջանում, ինչի համար էլ հալածանքների է ենթարկվել ժամանակավոր կառավարության կողմից։ 1917 թվականի հուլիսին, վերադառնալով Ստոկհոլմում կայացած ձախ հակապատերազմական Ցիմերվալդյան միավորման խորհրդակցությունից, Կոլոնտայը ձերբակալվել է ժամանակավոր կառավարության հրամանով։ Նրան պահել են Վիբորգի կանանց բանտում, բայց գրող Մաքսիմ Գորկու և ինժեներ Լեոնիդ Կրասինի կողմից վճարված գրավի դիմաց ազատ է արձակվել[15]։ Ձերբակալված ժամանակ 1917 թվականին կայացած ՌՍԴԲԿ (բ) VI համագումարում նա հեռակա կարգով ընտրվել է որպես համագումարի պատվավոր նախագահներից մեկը և կուսակցության Կենտկոմի անդամ։

Կոլոնտայը մասնակցել է ՌՍԴԲԿ (բ) Կենտկոմի 1917 թվականի հոկտեմբերի 10-ին (23) խորհրդակցությանը, որտեղ որոշում է կայացվել Պետրոգրադում Հոկտեմբերյան զինված ապստամբության անցկացման վերաբերյալ։ Նա եղել է զուգահեռաբար անցկացվող սովետների II համագումարի նախագահության անդամ (1917 թվականի հոկտեմբերի 25-26)։ Բոլշևիկների և Ձախ էսսեռների իշխանության հաստատումից հետո Կոլոնտայն ընտրվել է Համառուսաստանյան Կենտրոնական Գործադիր կոմիտեի անդամ և հոկտեմբերի 30-ին անձամբ Լենինից[16] ստացել Հասարակական բարեգործության ժողովրդական կոմիսարի պաշտոն, Ժողովրդական կոմիսարների խորհրդի առաջին կազմում։ Ժողովրդական կոմիսարիատին կից Կոլոնտայը ստեղծել է Մոր և մանկան պաշտպանության բաժին և Մոր և մանկան պաշտպանության գծով կոլեգիա։ «Այս կառույցների քաղաքականությունը հիմնված էր այն կանխադրույթի վրա, որ մայրության պաշտպանությունը՝ որպես կանանց հատուկ գործառույթ, պետության անմիջական պարտականությունն է»։

 
«Հարգելի ընկերուհի Լուիզա Բրայանթին՝ իր ընկերուհի Ալեքսանդրա Կոլոնտայից, Պետրոգրադ, սեպտեմբեր 1918 թվական»

1918 թվականի հունվարի 13-21-ը (հին տոմարով), նավաստիների ջոկատի օգնությամբ փորձել է բռնագրավել Պետրոգրադի Ալեքսանդր Նևսկու մայրավանքը, ինչը հարուցել է հավատացյալների զանգվածային դիմադրությունը և մայրավանքի բռնագրավումը հետաձգվել է[17]։ Մայրավանքի բռնագրավման շուրջ առաջացած անկարգությունները (ներառյալ ավագ քահանա Պյոտր Սկիպետրովի սպանությունը) ուղղակի պատճառ են հանդիսացել հունվարի 19-ին (հին տոմարով) պատրիարք Տիխոնի «Դիմումի» հրապարակմանը, որով նզովել է «խելագարներին»[18], Մոսկվայում գործող Ռուսական Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Խորհուրդը հունվարի 22-ին հաստատել է պատրիարքական դիմումը։

1918 թվականի մարտին, հիմնվելով Նիկոլայ Իվանովիչ Բուխարինի և «Ձախ կոմունիստների» դիրքորոշումների վրա, նա հանդես է եկել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի դեմ և ի նշան բողոքի հրաժարական է տվել կառավարության կազմից։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նրան ուղարկել են Ուկրաինա, որտեղ նա ղեկավարել է 1-ին Մերձդնեպրովյան ուկրաինական խորհրդային դիվիզիայի քաղաքական բաժինը, այնուհետև Ղրիմի Խորհրդային Հանրապետության ագիտացիայի և պրոպագանդայի ժողկոմատը, ինչպես նաև Ղրիմի բանակի քաղաքական բաժինը։

Լինելով խորհրդային ղեկավարության ամենահայտնի կանանցից մեկը՝ Կոլոնտայը եղել է ՌԿԿ (բ) Կենտկոմի կանանց բաժնի ստեղծման նախաձեռնողը և ղեկավարը (1920 թվականից), որի նպատակն է եղել պայքարել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների համար, պայքարել կանանց շրջանում անգրագիտության դեմ և տեղեկացնել նրանց աշխատանքի և ընտանիքների կազմակերպման նոր պայմանների մասին։ Կանանց բաժինը լուծարվել է 1930 թվականին։ Կանանց բաժնի ղեկավարման հետ միաժամանակ Կոլոնտայը դասախոսել է Յա. Սվերդլովի անվան համալսարանում և աշխատել Կոմինտերնի բաժիններում։

Քննարկում արհմիությունների վերաբերյալ խմբագրել

1921 թվականի մարտին, արհմիությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ, որը ծավալվել է Տրոցկու ելույթից հետո արհմիությունների իրավունքների ընդլայնման անհրաժեշտության մասին, Կոլոնտայը Ալեքսանդր Շլյապնիկովի հետ գլխավորել է «աշխատավորական ընդդիմությունը»։ «Աշխատավորական ընդդիմությունն» առաջարկոել է ամբողջ ժողովրդական տնտեսության վերահսկողությունը փոխանցել Արհմիությունների մեջ միավորված արտադրողների համառուսաստանյան համագումարին, որը համարվել է բանվոր դասակարգի կազմակերպման բարձրագույն ձևը։ «Աշխատավորական ընդդիմության» ծրագիրը ներկայացված է եղել Կոլոնտայի «Աշխատավորական ընդդիմություն» բրոշյուրում, որը հրապարակվել է ՌԿԿ(բ) տասներորդ համագումարի համար և քննադատվել Լենինի «Մեր կուսակցության սինդիկալիստական և անարխիստական թեքման մասին» բանաձևում։ Չնայած կուսակցության 10-րդ համագումարի ընդունած կուսակցության միասնության մասին որոշմանը, նա շարունակել է պաշտպանել «աշխատավորական ընդդիմության» գաղափարները[19]։ 1922 թվականին ՌԿԿ(բ) 11-րդ համագումարում տրված վերջին նախազգուշացումից և խմբի վերջնական պարտությունից հետո Կոլոնտայը ստիպված է եղել հրաժարվել «աշխատավորական ընդդիմության» ծրագրից։ Լենինի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը ծանր հարված է եղել Կոլոնտայի համար։

Դիվանագիտական ծառայություն խմբագրել

 
Կոլոնտայը Նորվեգիայի դեսպանատանը Սուրբ Օլաֆի շքանշանով պարգևատրվելուց հետո, 1946 թվական

1922 թվականից Կոլոնտայը անցել է դիվանագիտական աշխատանքի։ Համաշխարհային պատմության մեջ կին դեսպաններից առաջիններից մեկի (առաջինը շվեդ Կատարինա Ստոպիան էր դեռևս 17-րդ դարում) նշանակման պատճառը Կոլոնտայի ամուր կապերն են եղել եվրոպական սոցիալիստական շարժման հետ (և ռեֆորմիստական և հեղափոխական), ինչպես նաև 1921-1922 թվականների նրա փորձը, որպես Կոմինտերնին կից Կանանց միջազգային քարտուղարության քարտուղար։ 1922-1926 թվականներին և 1927-1930 թվականներին նա աշխատել է որպես Խորհրդային Միության լիազոր ներկայացուցիչ և առևտրային ներկայացուցիչ Նորվեգիայում՝ մեծապես նպաստելով այդ երկրի կողմից ԽՍՀՄ-ի քաղաքական ճանաչմանը։ 1926-1927 թվականներին որոշ ժամանակ աշխատել է Մեքսիկայում, որտեղ որոշակի հաջողությունների է հասել խորհրդա-մեքսիկական հարաբերությունների բարելավման գործում։ 1927 թվականին Կոլոնտայը կրկին նշանակվել է Նորվեգիայում լիազոր ներկայացուցիչ՝ համատեղելով այդ պաշտոնը Շվեդիայում առևտրային ներկայացուցչի հանձնարարականների կատարման հետ։

1930-1945 թվականներին Կոլոնտայը եղել է դեսպանորդ (մշտական հավատարմատար) և դեսպան Շվեդիայում (բացի այդ ընդգրկված էր Ազգերի լիգայում խորհրդային պատվիրակության կազմում)։ Շվեդիայում խորհրդային նոր դեսպանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը Սկանդինավիայում նացիստական Գերմանիայի ազդեցությունը չեզոքացումն էր։ Երբ «ձմեռային» խորհրդային-ֆիննական պատերազմի ժամանակ Շվեդիան, Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, կամավորների երկու գումարտակ է ուղարկել Ֆինլանդիա և կանգնած է եղել ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի սահմանագծին, Կոլոնտայը ձգտել է հասնելու շվեդների դիրքորոշման մեղմացմանը և հանդես եկել որպես միջնորդ խորհրդա-ֆիննական բանակցություններում։ 1944 թվականին Շվեդիայում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նա կրկին ստանձնել է միջնորդի դերը Ֆինլանդիայի՝ պատերազմից դուրս գալու բանակցություններում։

Վլադիմիր Սեմյոնովը, ով աշխատել է Շվեդիայում դեսպանատան խորհրդական, մանրամասն նկարագրել է Կոլոնտայի աշխատանքները կազմակերպելու վարքագիծը և երկրի օգտին նրա կատարած գործողությունները[20]։

Վերջին տարիներ խմբագրել

1942 թվականի օգոստոսին Կոլոնտայը առաջին կաթվածն է տարել։ 1943 թվականին Կոլոնտայը ինսուլտի հետևանքով սուր ճգնաժամ է ապրել և ձախակողմյան կաթված ստացել[20]։ 1945 թվականին նա տարել է երկրորդ կաթվածը[21]։

1945 թվականի մարտին վերադարձել է Մոսկվա և հուլիսին ազատվել դեսպանի պաշտոնից՝ շարունակելով մնալ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության խորհրդականների ցուցակում։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ի. Ս. Չերնիշյովը, ով հիմնականում շարունակել է նրա քաղաքականությունը Շվեդիայի հետ հարաբերություններում։

Պատերազմից հետո և դիվանագիտական ծառայության ավարտից հետո նա զբաղվել է հուշավիպական ստեղծագործություններով, հատուկ ուշադրություն է դարձրել Վլադիմիր Լենինի մասին հուշերի շարքին[22]։

Կոլոնտայը մահացել է 1952 թվականի մարտի 9-ին սրտի կաթվածից, որը տեղի է ունեցել քնած վիճակում[23]։ Նա թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ընտանիքը խմբագրել

 
Ալեքսանդրա Միխայլովնա Կոլլոնտայը ամուսնու՝ Պավել Եֆիմովիչ Դիբենկոյի հետ, 1919 թվական
  • Առաջին ամուսին՝ Վլադիմիր Կոլոնտայ[11][12],
  • Ամուսին՝ Պավել Եֆիմովիչ Դիբենկոն, եղել է խորհրդային հեղափոխական, քաղաքական և ռազմական գործիչ, ՌՍՖՍՀ ծովային գործերի 1-ին ժողովրդական կոմիսար, 2-րդ աստիճանի հրամանատար (1935)։ 1938 թվականին գնդակահարվել է հակախորհրդային ռազմական դավադրությանը մասնակցելու մեղադրանքով։ Թաղված է «Կոմունարկա» հրաձգարաանում։ Հետմահու արդարացվել է 1956 թվականին,
  • Որդի՝ Միխայիլ Վլադիմիրովիչ Կոլլոնտայ (1894-1957), եղել է ԽՍՀՄ ԱԳՆ աշխատակից, թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը,
    • Թոռ՝ Վլադիմիր (1927)[24]։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան (1933, կանանց շրջանում տարվող հաջող աշխատանքների համար),
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (04/04/1942),
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (05.11.1945),
  • Ացտեկական արծվի շքանշան (1944, Մեքսիկա, պարգևատրվել է 1946 թվականի ապրիլի 13-ին),
  • Սուրբ Օլաֆի շքանշանի Մեծ Խաչ (Նորվեգիա)։

1946 և 1947 թվականներին Նորվեգիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Ալեքսանդրա Կոլոնտային առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Առաջադրմանը աջակցել են Շվեդիայի և Նորվեգիայի կանանց կազմակերպությունները, ինչպես նաև այդ երկրների ականավոր հասարակական գործիչներ[25]։ Նոբելյան կոմիտեն չի ընդառաջել այդ նախաձեռնությանը։

Մարքսիստական ֆեմինիզմ խմբագրել

1913 թվականին Ալեքսանդրա Կոլոնտայը հրապարակել է «Նոր կին» ծրագրային հոդվածը, որտեղ նա զարգացրել է կնոջ մասին իր տեսակետները նոր, առաջադեմ հասարակության մեջ։ Նոր կինը ձգտել է դառնալ հասարակության լիարժեք անդամ և առաջնորդվում էր հետեւյալ սկզբունքներով․

  • Հաղթանակ հույզերի նկատմամբ, ինքնակարգապահության մշակում,
  • Խանդից հրաժարում, տղամարդկանց ազատության հարգանք,
  • Տղամարդուց ոչ թե նյութական աջակցության պահանջ, այլ զգույշ վերաբերմունք իր անձի նկատմամբ,
  • Նոր կինն ինքնուրույն անձնավորություն է, նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվում տնով, ընտանիքով ու սիրով,
  • Սիրային ապրումների բանականությանը ենթարկվելը,
  • Սիրային հարաբերություններում «կրկնակի բարոյականության» պաշտամունքի մերժում։ Նոր կինը չի թաքցնում իր սեքսուալությունը։

«Նոր կինը» հոդվածից՝ հեղափոխական կինը պետք է լինեի անկախ, չպատկանի ամուսնուն կամ ծնողներին, այլ կերպ ասած՝ Կոլոնտայի հասկացողությամբ՝ հասարակության լիիրավ անդամ։ Դրա համար պետք է ազատվել ավելորդ հույզերից, հրաժարվել խանդից, հարգել տղամարդու ազատությունն ու սեռական զուգընկեր ընտրելու իրավունքը։ Նա առաջ քաշեց կարգախոսներ՝ «Կանայք, ընկերացեք ձեր ամուսնու սիրեկանների հետ» կամ «Լավ կինն ինքն է ընտրում իր ամուսնու համար հարմար սիրեկանի, իսկ ամուսինը ներկայացնում է կնոջը իր ընկերներին»։ Կոլոնտայը իր վիպագրությունը նվիրել է նոր կնոջ հայեցակարգի զարգացմանը, օրինակ՝ «Մեծ սեր» վիպակը։ Վիպակում նա պատմում է երիտասարդ չամուսնացած հեղափոխական Նատաշայի և ամուսնացած հեղափոխական Սեմյոնի սիրո մասին։ Չնայած Սեմյոնը մարքսիստ է, նա չի կարող հրաժարվել կնոջ մասին որպես միայն սիրային հաճույքների առարկայի՝ հին հայացքներից։ Նատաշան ենթարկվում է նրան, բայց պատմության վերջում նա դեն է նետում այդ կապանքները և ձեռք է բերում ազատություն։ Կոլոնտայը հետագայում զարգացրել է այդ գաղափարները «Վասիլիսա Մալիգինա» (1923) վիպակում և «Երեք սերունդների սերը» (1923) պատմվածքում, որտեղ նա նկարագրել է ազատագրված կանանց, ովքեր չեն ցանկանում իրենց կապել ընտանիքի հետ։

Ընդհանուր առմամբ, Կոլլոնտայը ծայրահեղ թերահավատորեն է վերաբերվել ընտանիքի ավանդական սահմանակարգին, կարծել է, որ կանայք պետք է ծառայեն դասակարգի շահերին, այլ ոչ թե հասարակության առանձին բջջի։ «Սեռերի փոխհարաբերությունները և դասակարգային բարոյականությունը» հոդվածում նա գրել է. «Աշխատավոր դասակարգի համար ավելի մեծ «հոսունությունը», սեռերի միջև ավելի քիչ ամրապնդված շփումը լիովին համընկնում էին և նույնիսկ ուղղակիորեն բխում էին այդ դասի հիմնական խնդիրներից»։

Կոլոնտայի նման ազատ հայացքները հանգեցրել են նրան, որ նա հռչակվի մեկ բաժակ ջրի տեսության հեղինակ։

Ապագա կոմունիստական հասարակության տեսլականները խմբագրել

1922 թվականին Կոլոնտայը գրել է կարճ ֆանտաստիկ պատմվածք ապագա կոմունիստական հասարակության մասին[26]։ Գործողությունը տեղի է ունենում 1970 թվականի հունվարի 7-ին, նոր հասարակության բջիջը «կոմունան» է, ընտանիքը ավերված է, իսկ բնակարանային հարցը լուծվել է զորանոցային շինությունների միջոցով․ «...նրանք ընտանիքներով չէին ապրում, այլ բնակվում էին ըստ տարիքային խմբերի։ Երեխաները բնակվում էին «Մանկական պալատներում», դեռահաս տղաներն ու աղջիկները՝ այգիներով շրջապատված զվարճանքի տնակներում, մեծահասակները՝ տարբեր ճաշակներով կահավորված հանրակացարաններում, տարեցները՝ հանգստյան տներում։ Հարցը, թե որտեղից են հայտնվում երեխաները, մնում է պատմվածքի շրջանակներից դուրս։ Միջսերունդային փորձի փոխանակումն իրականացվում էր տոն օրերին Հեղափոխության վետերանների տանը, որտեղ երիտասարդները հնարավորություն էին ստանում լսելու տարեցների պատմությունները։ Դպրոցում ինչ-որ բան են պատմում «մեծ հեղափոխության տարիների» մասին, բայց այդ ընթացքում պարզվում է, որ աշակերտների գիտելիքները ծայրահեղ աղքատիկ են։ Անհասկանալի է բարձրագույն կրթության կազմակերպումը (դրա գոյության մասին կարելի է միայն կռահել, քանի որ դասավանդմանընթացքում գիտության և տեխնիկայի մասին խոսվում է անցողիկ ձևով)։ Կոմունայի երիտասարդությունը համառ պայքար է մղում «մարդկության միակ թշնամու՝ բնության դեմ», իսկ որն է այդ պայքարի էությունը, չի բացատրվում։ Միաժամանակ հերքվում է հիվանդությունների առկայությունը՝ կոմունայի երիտասարդությունը չի բողոքում առողջությունից, չի խոսվում առողջապահական համակարգի գոյության մասին։ Այլևս փող ու առևտուր չկար։ Գործում է բնակչության տարրական կարիքները բավարարման բաշխիչ մեխանիզմ, ինչի արդյունքում էլ ձեռք է բերվել համընդհանուր հավասարություն։ «Կոմունաներում չկան ոչ հարուստներ, ոչ էլ աղքատներ այդ բառերը մոռացված են, դրանք ոչինչ չեն արտահայտում։ Կոմունայի անդամներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է կենսականի և նյութականի մասին չմտածելու համար։ Հագուստը, սնունդը, գրքերը, զվարճանքի պարագաները և մնացած ամեն ինչ ապահովում է կոմունան։ Դրա համար կոմունայի անդամը կոմունային տալիս է իր աշխատանքային ձեռքերը օրական երկու ժամ, իսկ ստեղծագործական և մտավոր ունակությունները՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Այսպիսով, երկու ժամ պարտադիր աշխատանքից հետո մարդն իր կամքով գնում է մեկ այլ աշխատանքի, բայց այժմ ամբողջովին կամավոր։ «Յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունն ու իր սիրելի գործը։ «Մասնագիտությունը» այն աշխատանքն է, որը կոմունայի անդամը կատարում է օրական այն երկու ժամվա ընթացքում, երբ իր ուժերն օգտագործվում են կոմունալ տնտեսության համար։ Մնացած ժամանակ յուրաքանչյուրն իր ուժը նվիրում է իր սիրելի աշխատանքին՝ գիտությանը, տեխնոլոգիային, արվեստին, գյուղատնտեսությանը, ուսուցմանը։ Այսպիսով, այդ տեսակի գործունեության (մասնագիտության) սոցիալական կարիքը համահունչ է մարդկանց անհատական հակումներին (սիրելի զբաղմունք)։ Միևնույն ժամանակ, համառորեն հայտարարվում է, որ կոմունան «համընդհանուր կազմակերպման երջանկության և ազատ, ստեղծագործ աշխատանքի բերկրանքի» հասարակություն է։

«Կոմունան թշնամիներ չունի, քանի որ բոլոր հարևան ժողովուրդներն ու ազգերը վաղուց ստեղծել են նմանատիպ կոմունաներ և ամբողջ աշխարհը կոմունաների դաշնություն է։ Երիտասարդ սերունդն այլևս չգիտի, թե ինչ է պատերազմը…»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Коллонтай Александра Михайловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Encyclopædia Britannica
  5. Find A Grave — 1996.
  6. Deutsche Nationalbibliothek Record #118564935 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Знания, Большая российская энциклопедия (ռուս.) — 2022.
  8. Svenskt kvinnobiografiskt lexikon (շվեդերեն)Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  9. https://sputniknews.lat/20220401/alexandra-kollontai-la-mujer-que-finco-las-bases-comerciales-entre-rusia-y-mexico-1123865301.html
  10. Первое советское правительство. — 1991. — С. 302.
  11. 11,0 11,1 Коллонтай, Александра Михайловна. // Проект «Русская армия в Великой войне»
  12. 12,0 12,1 Дочь революции. Արխիվացված 2012-04-12 Wayback Machine Аргументы и факты
  13. Коллонтай // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  14. Из моей жизни и работы. Воспоминания и дневники. — М., 1974. — С. 96.
  15. «Примечание К Главе Третьей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. «Исторический архив». 1957, № 5, стр. 5.
  17. Декрет об отделении «Власть» 13 февраля 2001.
  18. «Текст Воззвания от 19 января 1918 г.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
  19. «Мухамеджанов М. М. Коминтерн: страницы истории». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  20. 20,0 20,1 ««Нестор советской дипломатии» (к 100-летию со дня рождения советского дипломата, чрезвычайного и полномочного посла СССР В.С. Семенова)». gaspito.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  21. «Сталин в жизни Коллонтай». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  22. Коллонтай А. М. Из моей жизни и работы. М.: Советская Россия, 1974. С. 13-14
  23. Млечин Л. М. Коллонтай. М.: Молодая гвардия, 2013. С. 473
  24. «Седов Д. В Музее политической истории России открылась выставка «Кто вы, Александра Коллонтай?» // Санкт-Петербургские ведомости. — 2022. — 16 марта». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  25. «Архив Нобелевского фонда». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  26. «Коллонтай А. М. Скоро (Через 48 лет)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Կոլոնտայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 515