Ռեֆորմիզմ բանվորական շարժման մեջ, քաղաքական հոսանք, որը ժխտում է դասակարգային պայքարի, սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի դիկտատուրայի անհրաժեշտությունը, հանդես է գալիս դասակարգերի համագործակցության օգտին, հույս ունի բուրժուական օրինականության շրջանակներում անցկացվելիք ռեֆորմների օգնությամբ կապիտալիզմը փոխարկել «համընդհանուր բարօրության» ու սոցիալական արդարության հասարակարգի։

Պատմություն խմբագրել

Ռեֆորմիզմը առաջացել է 19-րդ դարի վերջին քառորդում, երբ բանվորական շարժման հաջողությունների և բուրժուական դեմոկրատիայի զարգացման ազդեցությամբ մի շարք ս-դեմոկրատ գործիչներ (Է․ Բեռնշաայն, Գ․ Ֆոլմար, Ա․ Միլյերան և ուրիշներ) հանդես եկան մարքսիզմի վերանայման և բուրժուական հասարակարգի բարեփոխման ու աստիճանաբար սոցիալիզմի «ներաճման» ուղի վերցնելու պահանջներով։ Չնայած բեռնշտայնականության դեմ մղվող համառ, բայց ոչ միշտ հետևողական, պայքարին, որ մղում էին մարքսիստները եվրոպական ս-դեմոկրատ կուսակցություններում, ռեֆորմիզմը ավելի ու ավելի լայն տարածում էր ստանում։

2-րդ Ինտերնացիոնալի մեջ մտնող խոշոր քաղաղաքական կազմակերպություններից միայն Վ․ Ի․ Լենինի գլխավորած բոլշևիկյան կուսակցությունն էր, որ բանվորական շարժման մեջ պահպանում էր հեղափոխական գիծը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից և 1-ին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո մարքսիզմի և ռեֆորմիզմի հակամարտությունը վերածվեց բանվորական շարժման կազմակերպորեն ձևավորված քաղաքական երկու հոսանքների միջև մղվող պայքարի։ Նրա հեղափոխական թևը ներկայացնում էր Կոմինտերնը, իսկ ռեֆորմիստականը՝ սկզբում 2 և 21/2 ինտերնացիոնալները, այնուհետև, 1923 թվականին նրանց միավորումից ստեղծված Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալը։

Բնութագիր խմբագրել

1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռեֆորմիզմը բնութագրվում է մարքսիզմից նրա լիակատար և վերջնական խզումով։ Գիտական կոմունիզմին, մարքսիզմ-լենինիզմին հակադրվող ժամանակակից ռեֆորմզմի պաշտոնական դոկտրինան, որ հռչակվել է Սոցիալիստական ինտերնացիոնալի 1951 թվականի ֆրանկֆուրտյան կոնգրեսում, «Դեմոկրատական սոցիալիզմն» է։ Այն ժխտում է հասարակության զարգացման վրա ներգործելու հեղափոխական մեթոդները։

Ռեֆորմը, որպես հեղափոխության հակաթեզ, մնում է որպես ռեֆորմիստական մտածողության հիմք։ Ըստ ռեֆորմիզմի սոցիալիզմը կարող է ստեղծվել միայն «դեմոկրատորեն», այսինքն՝ քաղաքական, տնտեսական և հատկապես դաստիարակչական միջոցառումների շնորհիվ, որոնք պետք է իրականացնեն ս-դդեմոկրատները և անգամ բուրժուական կառավարությունները։

Սոցիալիզմը կարող է գոյություն ունենալ միայն որպես «դեմոկրատիա», այսինքն՝ բոլոր սոցիալական խմբերի, ներառյալ կապիտալիստների, ներդաշնակ միասնություն։ Մի «կտոր» կապիտալիզմը մի «կտոր» սոցիալիզմին միացնելու ռեֆորիզմի ձգտումը որոշակիորեն ցույց է տալիս ս-դեմոկրատների կուսակցությունների գործնական քաղաքականության երկակիությունն ու կիսատ-պռատությունը։

Կառավարության ղեկը իրենց ձեռքը վերցնելուց հետո, սոցիալ-դոմոկրատները ոչ մի երկրում ոչինչ չեն արել կապիտալիզմի հիմքերը խարխլելու նպատակով, չեն կարողացել ստեղծել հավասարության այն ձևը, որը ենթադրում է սոցիալիզմը, մարդկանց մեջ չեն ստեղծել ընդհանրության զգացում։ Աջ սոցիալիստների ժամանակակից ռեֆորմիզմը իրականում ձգտում է արդիականացնել կապիտալիզմը, այն հարմարեցնել պատմական նոր պայմաններին։

Ռեֆորմիստական քաղաքական կուսակցություններ խմբագրել

Ռեֆորմիստական քաղաքական կուսակցությունները և նրանց հետ սերտորեն կապված ռեֆորմիստական արհմիությունները որոշակի դեր են խաղացել ու խաղում են աշխատավորության կենսամակարդակը և սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, որի շնորհիվ զարգացած կապիտալիստական երկրներում նրանք զանգվածային աջակցություն են ստանում։ Նկատի ունենալով, որ դեպի սոցիալիզմ առաջընթացն անհնար է առանց բանվորական շարժման մեջ եղած պառակտումը հաղթահարելու և քննադատելով ռեֆորմիզմի աջ օպորտունիստական գաղափարներն ու քաղաքականությունը, կոմունիստները հանդես են գալիս հանուն սոցիալիստների հետ կոնստրուկտիվ երկխոսության և սոցիալ-դեմոկրատների հետ լայն համագործակցության։

Բանվորական շարժման մեջ հեղափոխական և ռեֆորմիստական հոսանքների գործողությունների միասնության հիմնական արգելքը սոցիալ-դեմոկրատիայի աջ պարագլուխների հակակոմունիզմն է։ Չնայած դրան, ռեֆորմիստական մի շարք կուսակցությունների ներսում, պահպանելով բուրժուազիայի հետ դասակարգային համագործակցության ընդհանուր կուրսը, ուժեղանում է շերտավորումը, ակտիվանում են ձախ խմբերը։ Մի շարք կարևոր միջազգային պրոբլեմների նկատմամբ ս-դեմոկրատ ղեկավարների դիրքերում տեղի են ունենում դրական տեղաշարժեր։ Ընդլայնվում են Սոցիալիստական ինտերնացիոնալի շատ կուսակցությունների կապերը կառավարող կոմունիստական կուսակցությունների հետ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։