Ազգային-մշակութային եղեռն

Ազգային-մշակութային եղեռն, որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացվող միջոցառումներ և գործողություններ։

Ըստ իրավագետ Ռ. Լեմկինի՝ ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով։ Սակայն ազգային մշակութային ցեղասպանություն հասկացությունը չի մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի բնագրի մեջ։ Ի. Չառնին գտնում է, որ մայրենի լեզվով խոսելն արգելելը ևս պետք է որակել որպես ցեղասպանություն (լինգվիցիդ)։ Հասարակագետ Ս. Թոտտենը ԱՄՆ), խոսելով Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայերի ցեղասպանության մասին, նշում է նաև ցայսօր շարունակվող բարբարոսական վերաբերմունքը հայ մշակույթի հուշարձանների նկատմամբ։ Անժխտելի փաստերը վկայում են, որ հայ բնակչության զանգվածային կոտորածների ու տեղահանության տարիներին երիտթուրքական կառավարությունը ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները։ Ջարդարարները ղեկավարվել են Թալեաթի Հալեպի տեղահանության գործերով կոմիտեին ուղղած հրահանգով, «...ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում»[1]։

Գիտակցելով եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում՝ նպատակամղված կոտորել են հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, եկեղեցական գույքը, ձեռագիր մատյանները։ Դեռևս 1912-1913 թթ. Օսմանյան կայսրության ՆԳՆ հանձնարարությամբ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը կազմել և կառավարությանն է ներկայացրել կայսրության տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի լրիվ ցուցակը։ Թուրքական կառավարության այդ հետաքրքրությունն առաջին աշխարհամարտի նախօրյակին որոշակի կապ ուներ հայերին կոտորելու ծրագրերի հետ։ Ըստ Մ. Օրմանյանի տվյալների, արևմտյան Հայաստանի եկեղեցիների և վանքերի թիվը 1912 թվականին 2200 էր[2]։ Դրանց մեծ մասը թալանվել, այրվել կամ ավերվել է եղեռնի ժամանակ։ Ոչնչացումից զերծ չեն մնացել նաև հայկական ձեռագրերը։ Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել է պատմության, գրականության, արվեստի, բնական գիտությունների վերաբերյալ տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, հոգևոր և աշխարհիկ բնույթի երկեր։ Այդ ձեռագրերը ժամանակ առ ժամանակ ոչնչացրել են տարբեր նվաճողներ, սակայն 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին դրանց ոչնչացումը կատարվել է մտածված և ծրագրված, ցեղասպանության միջոցով հայ ժողովրդին կոտորելուն զուգընթաց պետք էր ոչնչացնել նաև նրա ստեղծած հոգևոր արժեքները։ 1894-1896 թթ. և 1915-1923 թթ. ավերելով հայկական սրբավայրերն ու բնակավայրերը՝ թուրքերն ու քրդերը ոչնչացրել ու հրկիզել են այդտեղ պահվող հազարավոր ձեռագրեր ու գրքեր։ Թեև ոչնչացված ձեռագիր մատյանների թվի մասին կան որոշ տվյալներ (Վասպուրականում՝ շուրջ 3000, Տարոնում՝ շուրջ 2000, Կեսարիայում և շրջակայքում՝ 700, Անկարայում և շրջակայքում՝ ավելի քան 300, Արմաշում՝ շուրջ 250, Սեբաստիայում և շրջակայքում՝ շուրջ 170 և այլն), այնուամենայնիվ եղեռնի ժամանակ ոչնչացրածների ստույգ թիվն անհայտ է, որովհետև 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին դեռևս չկար հայերեն բոլոր ձեռագրերի համահավաք ցուցակը, որի հետ համեմատվեր փրկվածների թիվը։ [[Հայերեն ձեռագրացուցակներ կազմվել են դեռևս 5-6-րդ դդ., սակայն երկար ժամանակ հայկական պետականության բացակայության, Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանված լինելու պատճառով հնարավոր չի եղել ստեղծել համահավաք ձեռագրացուցակ։ Չնայած դրան, հայ և օտարազգի ուսումնասիրողներ Գարեգին Սրվանձտյանը, Ղ. Փիրղալեմյանը, Հ. ճանիկյանը, Ա. Միհրդատյանը, Հ. Տաշյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Տեր-Կարապետյանը, Բ. Կյուլեսերյանը, Հ. Թոփճյանը, Թ. Գուլակյանը, Ե. Լալայանը, Հրաչյա Աճառյանը, Վ. Լանգլուան, Ֆրիդրիխ Մյուլլերը և ուրիշներ նկարագրել են արևմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գտնվող հազարավոր ձեռագրեր։ էջմիածնի միաբան Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը կազմել Է 22000 հայերեն ձեռագրերի ցուցակը (անտիպ, պահվում Է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դիվանում)։ Մինչև ցեղասպանությունը մեծ թվով հայերեն ձեռագրեր են պահվել Սսի, Ադանայի, Կոստանդնուպոլսի, Եվդոկիաի, Խիզանի, Տարոնի, Կարինի, Սեբաստիայի, Մալաթիայի, Վասպուրականի և Արևմտյան Հայաստանի ու Օսմանյան կայսրության այլ վայրերի վանքերում ու եկեղեցիներում, անհատ մարդկանց մոտ։ Կոտորածների և տեղահանության ժամանակ իրենց բնակավայրերից հեռացող հայերը հաճախ առաջին անհրաժեշտության իրերի փոխարեն իրենց հետ վերցրել են ձեռագիր մատյաններ՝ փրկելու համար> մարդկային մտքի այդ արգասիքները։ Շատ ձեռագրեր պահ են տրվել թաքստոցներին, սակայն թուրքերը, հայտնաբերել ու ոչնչացրել են։ Հրաշքով փրկված ձեռագրերի մի մասը որոշ թուրքեր վաճառել են Եվրոպայում, իսկ շատ ձեռագրերի ու գրքերի թերթերն ու էջերը Մուշի, Կարինի և այլ վայրերի շուկաներում գործածել են որպես փաթեթավորման թուղթ։

Ոչնչացված ձեռագիր մատյանների մեջ եղել են Աստվածաշունչներ, սաղմոսներ, մաշտոցներ, ճաշոցներ, ժամագրքեր, պատարագամատույցներ, շարակնոցներ, հայսմավուրքներ, ճառընտիրներ, քարոզագրքեր, տոնացույցներ, օրացույցներ, կանոնագրքեր, վարքեր, հայ, հույն, ասորի, հրեա, հռոմեացի հեղինակների (Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Մովսես Կաղանկատվացի, Հովհաննես Դրասխանակերտցի, Թովմա Արծրունի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Վարդան Այգեկցի, Գրիգոր Տաթևացի, Առաքել Սյունեցի, Թովմա Մեծոփեցի, Հակոբ Թոխաթցի, Ստեփանոս Լեհացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան, Պրոկղ (Պրոկղես), Միքայել Ասորի, Նանա Ասորի, Կյուրեղ Երուսաղեմացի, Դիոնիսիոս Արեոպագացի, Եվագրոս, Հերոնիմոս, Կոռնելիոս Լատինացի, Թովմա Աքվինացի և այլք) հեղինակած պատմական, փիլիսոփայական, բնագիտական բնույթի գործերը, հայկական մանրանկարչության գլուխգործոցներ։ 1894-1896 թթ. և 1915-1923 թթ. հայկական ձեռագրերի ոչնչացումը խոշոր հարված էր ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթին ու գիտությանը և անդառնալի կորուստ մարդկության համար։

Այդպիսով, հայ ժողովրդի հսկայական զանգվածներին կոտորելուց զատ, ոչնչացվեցին նաև հազարամյակների ընթացքում ստեղծված մշակութային արժեքներն ու հուշարձանները։ Հայ գաղթականների անձնազոհության, մտավորականության ջանքերի շնորհիվ, այնուամենայնիվ, արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ձեռագրերի մի մասը փրկվել է։ Ոչնչացումից փրկված, ինչպես նաև հայկական այլ ձեռագրեր պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում, էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարաններում, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարաններում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում, աշխարհի խոշորագույն գրադարաններում և թանգարաններում։

Հայ ժողովրդի Ազգային-մշակութային եղեռնը շարունակվում է նաև ժամանակակից Թուրքիայում։ Յուրացվում են հայերի հոգևոր և մշակութային արժեքները, ծրագրված ոչնչացվում ճարտարապետական հուշարձանները, խտրականության է ենթարկվում Կոստանդնուպոլսի հայկական համայնքի դպրոցական կրթական համակարգը (արգելված է Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայ գրականության դասավանդումը)։ Հայոց պատմության և մշակույթի վրա թուրքերի հարձակումը հետապնդում է երկու նպատակ, ցույց տալ, որ Արևմտյան Հայաստանը չի եղել հայերի հայրենիքի մի մասը, և չի եղել հայերի ցեղասպանություն։ ժամանակակից թուրքական պատմագիտությունը կեղծում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը փորձելով «ապացուցել» հայերի եկվոր, հայկական լեռնաշխարհում ոչ բնիկ լինելը, հայ պետական, եկեղեցական և մշակութային գործիչների, այդ թվում՝ Տիգրան Բ Մեծի, Գրիգոր Լուսավորչի, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի թուրք ազգին պատկանելը, աշխատում է «հիմնավորել» դրույթներ այն մասին, որ Հայաստանը, այսպես կոչված, արևելյան Անատոլիայում գտնվող մի տարածքի լոկ աշխարհագրական անունն է, որ հայկական մշակութային հուշարձանները ճիշտ չէ հայկական անվանել, որովհետև դրանք, իբր, ստեղծել են թուրքերը։

Միաժամանակ պրոպագանդվում է, որ հայ ճարտարապետների կառուցած քրիստոնեական և իսլամական տաճարներն ու այլ շինությունները «հատուկ են միայն թուրքական հանճարին», հայ երգարվեստի և կիրառական արվեստի բազմաթիվ նմուշներ վերագրվում են թուրքերին։ Տարիներ շարունակ Հայաստան անունը հետևողականորեն ջնջվում է թուրքական քարտեզներից (1970-ական թվականներից նույն կերպ էին վարվում նաև նախկին ԽՍՀՄ-ում հրատարակվող Թուրքիայի շատ քարտեզներում), տեղեկատուներից և ուղեցույցներից, անգամ թարգմանություններից։ Իսկ երբ, այնուամենայնիվ, այդ անունը հայտնվում է տպագիր որևէ հրատարակությունում, բռնագրավվում է ամբողջ տպաքանակը, հեղինակներն ու հրատարակիչները ենթարկվում են պատասխանատվության։ Թուրքական իշխանությունները բողոքում են արտասահմանյան այն ընկերությունների, հեղինակների կամ հրատարակիչների դեմ, որոնք ժամանակակից Թուրքիայի տարածքում իրավացիորեն նշում են կամ հիշատակում հայկական պետությունների, քաղաքների ու մայրաքաղաքների մասին, խոչընդոտներ են հարուցում Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ շրջաններում հայկական մշակույթն ուսումնասիրողներին կամ արգելում ուսումնասիրություն կատարել։ 1920-ական թթ. վերջից Թուրքիայում սկսվել է Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու ընթացքը, այդ նպատակով ստեղծվել է հատուկ վարչություն։ Ըստ Զորյան հաստատության (ԱՄՆ) տվյալների, Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել է («Զարթոնք», 15 սեպտեմբեր, 1983)։

ժամանակակից Թուրքիայում շարունակվում է հայկական ճարտարապետական հուշարձանների ոչնչացումը։ 1914 թվականին արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ1974 թվականի տվյալների, 1923 թվականից հետո մնացած 913 կառույցներից 464-ը ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։ Հայկական ճարտարապետական հուշարձանների ծրագրված ոչնչացման հետևանքով երկրի երեսից ջնջվել են (քանդվել, թողնվել ջրի տակ, ոչնչացվել հրետանային զինավարժությունից) վաղ քրիստոնեական հայկական մարտյան այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Ագարակի Ատեփանոս Նախավկա (12-րդ դ.), Ալամանի Սուրբ Անանիա (637) եկեղեցիները, Բագավանի Սուրբ Հովհաննեսի տաճարը (631-639), համաշխարհային նշանակություն ունեցող Սուրբ Թեոդորոս եկեղեցին (Բագարան, 624-631), որի կոմպոզիցիան դուրս է եկել Հայաստանի սահմաններից և 12-րդ դդ. տարածվել Եվրոպայում (գիտական գրականության մեջ կա «Բագարանի տիպի հուշարձաններ» հասկացությունը), Շիրակավանի Ա. Փրկիչ եկեղեցին (890-914), համալիրային գլուխգործոց Խծկոնքի վանքի (9-11-րդ դդ.) հինգ եկեղեցիներից չորսը (Ս. Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Լուսավորիչ, Սուրբ Կարապետ), գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող զարդանկարներով (աստվածաշնչյան թեմաներով) Հակոբավանքը (Վանի վիլայեթում), միջնադարյան Հայաստանի լուսավոր, և հոգևոր խոշոր կենտրոն Նարեկավանքը (10-րդ դ.), Մուշի Սուրբ Կարապետ վանքը (7-17-րդ դդ.), Թունջելի վիլայեթում՝ Սուրբ Աստվածածին (10-րդ դ.) և Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցիները և այլն։ Ցպնիի (այժմ՝ գ. Զիբինի, Կարսի վիլայեթում) եկեղեցին (7-րդ դ.) վերածվել է մզկիթի, իսկ տասնյակ եկեղեցիներ՝ փարախների և գոմերի։ Անի մայրաքաղաքում շինությունների ստորին քարերը հանվել են և օգտագործվել շրջակա գյուղերի տների կառուցման համար, դրա հետևանքով 1957 թվականին փլվել Է Փրկչի եկեղեցու (1036) կեսը, 1966 թվականին ամբողջովին քանդվել է 11-րդ դ. եզակի կառույց Հովվի եկեղեցին, իսկ Անիի մյուս շինությունները, այդ թվում՝ հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Մայր տաճարը (1001), ամբողջովին քանդվելու վտանգի տակ են։

Հայերի Ազգային-մշակութային եղեռնը տեղի է ունենում նաև 1918 թվականին ստեղծված Ադրբեջանում, որի տարածքի զգալի մասը կազմված Է Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ՝ Սյունիք, Վասպուրական և Այրարատ նահանգների տարածքից։ Ավելի քան յոթանասուն տարի Ադրբեջանի կառավարությունը (նախկին ԽԱՀՄ կառավարության թողտվությամբ) վարել է հայահալած քաղաքականություն, որի հետևանքով խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանում փակվել են հայկական բազմաթիվ դպրոցներ, Բաքվի հայկական թատրոնը և այլն։ Նախիջևանի Հանրապետությունում հայկական մշակույթի կոթողները՝ բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանաքարեր (Ագուլիսում, Ջուղայում, Նախիջևանում, Օրդուբադում, Հանդամեջում, Տրունյաց ձորում և այլուր) ոչնչացվել ու ոչնչացվում են որոշակի ծրագրով և նպատակով։ Ադրբեջանում (ինչպես և Թուրքիայում) հայ մշակույթի ոչնչացումը կատարվում է երկու ձևով, հուշարձանների ոչնչացմամբ և հայ մշակութային գործիչների ու արժեքների յուրացմամբ։ Ադրբեջանցի «մասնագետները» հայ որոշ գիտնականների, մշակույթի գործիչների համարում են աղվանացի գործիչներ, հայկական եկեղեցիներն ու միայն հայ մշակույթին հատուկ խաչքարերը՝ աղվան, մշակույթի նմուշներ, իսկ ադրբեջանցիներին՝ աղվանների հետնորդներ, հետևաբար, ըստ նրանց, այդ ամենը ադրբ. են։ Բացի դրանից, Ադրբեջանում հրատարակվում են հակագիտական քարտեզներ, որտեղ Ադրբեջանի «տարածք» են համարվում Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան տարածքները։

Հայ բնակչության և հայկական մշակույթի կոթողների ոչնչացման ընթացքն Ադրբեջանում ուժեղացավ 1988 թվականից, երբ Արցախի Հանրապետության հայ բնակչությունը, իրագործելով ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունը, որոշեց վերամիավորվել Հայաստանի Հանրապետության հետ։

Թուրքիայում և Ադրբեջանում հայերի Ազգային-մշակութային եղեռնի նպատակն է հայ ժողովրդի ստվար զանգվածներին կոտորելուն, հայկական տարածքները յուրացնելուն զուգընթաց՝ վերացնել և յուրացնել հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները, հայկական քաղաքակրթության գոյության նյութական արտահայտությունները, որպեսզի չմնան «անհետացած» ժողովրդի վկաները։ Արևմտյան Հայաստանում Օսմանյան կառավարության կազմակերպած Մեծ Եղեռնը աղետալի հետևանքներ ունեցավ պատմական Հայաստանի ողջ բնակչության համար։

Հայկական մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար։ 1987 թվականի հունիսի 18-ի Եվրոպական խորհրդարանի բանաձևի 6-րդ կետում ասված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը, Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակույթին, կրթական համակարգին։ Միաժամանակ եվրոխորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ։ ԽՍՀՄ, Թուրքիայի և [Իրանի (այստեղ, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, կարևոր ուշադրություն է դարձվում հայկական մշակույթի հուշարձաններին) տարածքում հայկական մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներին էր նվիրված 1990 թվականի ապրիլին Ստրասբուրգում (Ֆրանսիա) տեղի ունեցած «Հայ ճարտապապետական ժառանգության պաշտպանությունը» թեմայով միջազգային գիտաժողովը։ Ընդունվեցին բանաձևեր (միաժամանակ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԽՍՀՄ և Թուրքիայի կառավարություններին) «Հայկական հուշարձանների փրկության մասին», «Անիի հուշարձանների մասին» և 1988 թվականի երկրաշարժից ավերված հուշարձանների մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Փաստաթղթերի և նյութերի ժող.», 1991, էջ 562։
  2. Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին, 1913, էջ 259-269։

Գրականություն խմբագրել

  • Սրվանձտյան Գ., Հնոց և նորոց, ԿՊ, 1874։ Աճառյան Հ., Ցուցակ հայերեն ձեոագրաց Սանասարյան վարժարանի ի Կարին, Վնն, 1900։
  • Լալայան Ե., Ցուցակ հայերեն ձեոագրաց Վասպուրականի, պր 1, Թ, 1915։ Ոսկյան Հ, Տարոն Տոլրոլբերանի վանքերը, Վնտ, 1953։
  • Սարգսյան Ե., Uահակյան Ո., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։
  • Սաֆրաստյան Ա. Խ., Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի Արդարադատության և դավանանքների մինիստրության ներկայացված եկեղեցիների և վանքերի ցուցակներն ու թաքրիրները (1912-1913 թթ), «էջմիածին», 1965, Բ1։
  • Քոլանջյան Ս., Մեր ձեռագրական կորուստները, «էջմիածին», 1965, N 2-7, 1966, N8-10, 1967, N5-6։
  • Այվազյան Ա., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե, 1978։
  • Նույնի, Памятники Армянской архитектуры Нахичеванской АССР, Е„ 1981։
  • 3улалян М., Вопросы дровней и средневековой истории Армении в освещении современной турецкой историографии, Е., 1970,
  • Lеmkin R., Axis Rule in Occupied Europe, W., 1944;
  • Uras E., Tarihte Ermeniler ve ermeni meselesi, Istanbul, 1950;
  • Engin A., Eti tarihi, Istanbul, 1953;
  • Кupeг L, Genocide։ Its Political Uses in the Twentieth Century, New Haven, 1981;
  • Genocide, Social Sciences Record, v. 24, issue 2, N.Y., 1987;
  • The Armenian Question Today, Glendale, 1988.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։