Սաղմոս (Սաղմոսարան, հուն. ψαλμός (փսալմոս – քնարի վրա երգ) բառից, որը համարժեքն է եբրայերեն բնագրի 57 սաղմոսների սկզբում հանդիպող միզմոր (օրհներգություն) եզրի), աղոթք-մարգարեություն, օրհներգություն, հոգևոր երգ։ Սաղմոսների ժողովածու հանդիսացող Սաղմոսարանը կամ Սաղմոսաց գիրքը Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գրքերից մեկն է՝ դասվելով «իմաստության գրականության» շարքին։ Համաձայն քրիստոնեության՝ սաղմոսները ստեղծվել են Սուրբ Հոգու ներգործությամբ։ Իսրայելում ի սկզբանե Սաղմոսները սահմանված էին երաժշտության ընկերակցությամբ Աստծո առաջ երգվելու համար։ Սաղմոսարանում ընդգրկված են 151 սաղմոսներ, որոնցից 150-ը կանոնական են, իսկ վերջինը՝ երկրորդականոն։ Այս գիրքը Աստվածաշնչի եբրայերեն բնագրում մասնավոր անուն չի ունեցել, ուշ շրջանում կոչվել է Սեֆեր Թեհիլլիմ՝ Գովաբանության գիրք, իսկ հունարեն Յոթանասնից թարգմանությունում՝ Փսալտերիոն, որը թարգմանվում է տասնալար (տասնաղի) նվագարան, տավիղ, սաղմոսարան։ Այդպես է նաև հայերենում. Սաղմոսարան նշանակում է և՜ սաղմոսների ժողովածու, և՜ սաղմոսներ երգելու նվագարան։

Սաղմոսարանի եբրայական և հունական անվանումները պայմանավորված են՝ եբրայականը նրանց բովանդակության հիմնական ներքին բնույթով՝ իբրև Աստված փառաբանող երգեր, իսկ հունականը՝ այդ երգերի կատարման արտաքին եղանակով, այսինքն՝ լարային նվագարանի ընկերակցությամբ։ Հեղինակները։ Սուրբգրային ավանդության մեջ Սաղմոսարանը կոչվում է «Գիրք սաղմոսաց Դավթի»։ Դավթի անունը հիշատակված է 73 սաղմոսների խորագրերում և հատկապես ժողովածուի առաջին գրքում, որն այդ պատճառով կոչվում է «Դավթյան մեծ ժողովածու»։ Ընդ որում՝ 13 անգամ նշված է նրա կյանքի որևէ իրադարձություն։ Դավիթը միայն թագավոր ու քաջարի զինվոր չէր, այլև աստվածաշնորհ երգիչ, բանաստեղծ և երաժշտական գործիքներ հնարող։ Սուրբ Գիրքը նրան է վերագրում պաշտամունքի կազմակերպման և ծիսական երգեցողության երախտիքը։ Թեև, անկասկած, Դավիթն է ժողովածուի գլխավոր հեղինակը և կազմողը, այնուամենայնիվ նրա անվամբ այն կոչելը փոխանունություն է (մետոնիմիա), այսինքն՝ մասով ամբողջը կոչելու երևույթ։ Խորագրերը հիշատակում են նաև մյուս հեղինակների անունները՝ Մովսես, Սողոմոն, Ասափ, Եման, Եթան, Իդիթուն, Կորխի որդիներ։ Սաղմոսների զգալի մասն անանուն է։ Սակայն անկախ հեղինակների թվից ու զանազան ժամանակներում կազմված լինելուց, սաղմոսները նույնական են ծագումով և աղբյուրով. ըստ քրիստոնեական ուսմունքի հեղինակներին ներշնչողը Սուրբ Հոգին է։ Եպիփան Կիպրացին Դավթին նմանեցնում է թանաքի մեջ թաթախված գրչի, որ «թացեալ և ներկեալ է շնորհօք Հոգւոյն Սրբոյ»։

Սաղմոսաց գրքի բոլոր սաղմոսները համարակալված են և մեծ մասամբ ունեն զանազան երկարության խորագրեր, որոնք զատված չեն բնագրերից։ Իրենցից ինքնության վկայական ներկայացնող այս խորագրերը տեղեկություններ են պարունակում հեղինակի, սաղմոսի ծագման, տեսակի, մեղեդու, նվագակցող գործիքի, երաժիշտների ղեկավարի և ծիսական կիրառության մասին։ Որոշ եզրեր անհասկանալի են, քանզի այսօր բավարար տեղեկություններ չկան հնամենի իսրայելական երաժշտության և գործիքների մասին։

Սաղմոսների բովանդակությունը

խմբագրել
 
IX

Սաղմոսարանը թե՜ Իսրայելում, թե՜ քրիստոնեական աշխարհում առանձնացվել է աստվածաշնչյան մյուս սրբազան գրքերից՝ գործածվելու իբրև ընդհանրական և առանձնական աստվածապաշտության աղոթագիրք՝ ծիսարան։ Սակայն աղոթքը կամ հոգևոր երգը սաղմոսների արտաքին ձևն է՝ գրական ժանրը, մինչդեռ բովանդակային առումով նրանք խտացումն են հինկտակարանային օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական գրքերի։ Ըստ Հովհան Ոսկեբերանի՝ սաղմոսները խոսում են և՜ ներկայի, և՜ ապագայի և՜ տեսանելի ու անտեսանելի էակների մասին, սովորեցնում բազում բաներ՝ հարություն, Հիսուս Քրիստոս, հանդերձյալ կյանք, արդարների հանգստություն և մեղավորների տառապանք, ինչպես նաև բարոյական ու դավան. վարդապետություններ. «Սաղմոսարանի յուրաքանչյուր բառը բովանդակում է մտքերի անհուն ծով» («Մեկնութիւն առ Հռովմայեցիս»)։

Այս չափածո, երբեմն էլ արձակ բանաստեղծություններն ի հայտ են բերում հայտնութենական ճշմարտություններ, ինչպես նաևª ըստ ամենայնի բացահայտում մարդու ներաշխարհը, նրա իղձերն ու զգացմունքները, մարդկային հոգու հուզումնալից զեղումներն ու ակնկալիքները, կրոն. փորձառությունը։ Ըստ եկեղեցական հայրերի` սաղմոսերգուները խոսում են Աստծո մասին, բայց և նրան ուղղում իրենց սրտի խոսքը։ Սաղմոսները ոչ միայն սովորեցնում են ապրել Աստծուն ապավինելով, երկյուղածությամբ և արդարությամբ, այլև ուսուցանում են, թե ինչպես և ինչ խոսքերով է պետք աղոթել կյանքի զանազան իրավիճակներում ու փորձությունների հորձանուտում։ Ի՜նչ խոսքեր է պետք արտաբերել նեղվելիս, ի՜նչ խոսքերով ապաշխարել մեղանչելիս, գոհանալ` հոգևոր և նյութական բարիքներ ստանալիս, ցնծալ՝ թշնամիներից ձերբազատվելիս։ Սաղմոսարանը վայելուչ ու աստվածահաճո աղոթքների ձեռնարկ է, որի խոսքերը ժամանակի ընթացքում յուրացվում ու դառնում են յուրաքանչյուրի համար հոգեհարազատ. «...այնպես` կարծես թե իրենը լինեին, յուրաքանչյուր ոք երգում է այնպես՝ կարծես թե գրված լինեին իր համար»[1]։

Սաղմոսների բովանդակային բաժանումը

խմբագրել

Սաղմոսաց գիրքն իր ներկայիս տեսքով ի մի է բերվել և խմբագրվել Եզրասի կողմից, մ.թ.ա. V դարում։ Ամբողջ ժողովածուն Հնգամատյանի օրինակով բաժանված է հինգ մասի (1–40, 41–71, 72–88, 89–105, 106–150), որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ խորքն ու երանգը և ավարտվում է ծիսական փառաբանությամբ։ Սաղմոսներին հատուկ բազմառարկայնությունն ու բազմազանությունը, մտքերի ու զգացմունքների հարստությունը, միևնույն ստեղծագործության մեջ մի թեմայից մյուսին հանկարծական անցումները, շարադրանքի տխուր բնույթի փոփոխությունն ուրախի և հակառակը, դժվարություններ են հարուցում նյութի բովանդակային ճշգրիտ ու ստույգ բաժանման համար։ Այնուամենայնիվ ընդունված է սաղմոսները դասակարգել ըստ չորս տարբեր խմբերի՝ 1. փառաբանական, 2. պաղատական, վստահության և գոհության, 3. ուսուցողական, 4. մեսիական։

Փառաբանական սաղմոսներ

խմբագրել

Փառաբանական սաղմոսների խմբին են պատկանում բուն թեհիլլիմ նշանակությամբ սաղմոսները, որոնցում գովերգվում է Միակ, Մշտնջենական, Ամենակարող, Ամենագետ Աստված։ Ունեն հետևյալ կառույցը. սաղմոսերգուն դիմում է մե°րթ իր անձին, համայնքին, ժողովրդին, մե՜րթ՝ բնության տարերքին և անգամ երկնային էակներին, նշում փառաբանության դրդապատճառները և հանգամանալից վերլուծության ենթարկում իրավիճակը (Ս. 102)։ Այս խումբը կազմված է առանձին հավաքածուներից։ Ուխտի Տիրոջն օրհներգում են 8, 18, 32, 99, 102, 103, 110, 112, 113, 116, 134, 135, 144–150 Ս-ները։ Այս շարքից են պատմական սաղմոսները (77 և 104), որտեղ բարեբանվում են Տիրոջ գործերը փրկության պատմության մեջ։

Թագավորության օրհներգերը (92, 95–98) հար և նման են նախորդ հավաքածուին և բարեբանում են իր գահին բազմած Թագավորին՝ Իսրայելի դատավորին և բոլոր ժողովուրդների Տիրոջը։ Երգերը հատկանշվում են «Տերը թագավորեց» հաստատումով։ Սիոնի երգերը (45, 47, 75, 83, 86, 121, նաև 23, 67 և 131) բարեբանում են Աստծո գահանիստ վայր ու հանգստավայր ընտրված Երուսաղեմը և Տաճարը։

Աստիճանների օրհնություն կոչվող սաղմոսները (119–133) տարեկան մեծ տոներին Երուսաղեմ ճանապարհվող ուխտագնացների օրհներգերն են։ Իսկ ըստ եբրայական այլ ավանդության, այս օրհներգերը երգել են ղևտացիները՝ Տաճարի 14 աստիճանների վրա։

Արքայական սաղմոսները (2, 17, 19, 20, 44, 71, 88, 100, 109, 131 և 143) մեծարում են երկրային միապետներին։ Նրանց մեծարումը վերագրվում է Աստծուն, ում անունից նրանք կառավարում են ժողովրդին։

Պաղատանքի, վստահության և գոհության սաղմոսներ

խմբագրել

Այս տարաբնույթ աղոթքներն ընդհանուր են մի բանում, այն է՝ նեղության և անձկության։ Պաղատանքի աղոթքները բնույթով լինում են անհատական և հավաքական։ Անհատականները թվով ամենամեծն են (5, 6, 7, 12, 16, 21, 24, 25, 27, 30, 34, 35,37, 38, 41, 42, 50, 53–56, 58, 60, 62, 63, 68, 69, 70, 85, 87, 101, 108, 119, 129, 139–142)։ Հիվանդները, դժբախտները, հալածվածները և փախստականները կանչում են Տիրոջ անունը, բնութագրում ծանր կացությունը, ապա արտահայտում լսված լինելու իրենց համոզվածությունը։ Այս մարդիկ իրենց տառապանքը գնահատում են իբրև պատիժ՝ գործած մեղքերի համար և խոստովանում դրանք։

Առանձին շարք են կազմում ապաշխարության սաղմոսները (6, 31, 37, 50, 101, 129 և 141), որոնք զղջում են պարունակում։

Հավաքական աղոթքները (11, 43, 57, 59, 73, 78, 79, 82, 84, 89, 93, 107, 122, 132, 136, նաև 76, 81, 105, 125) նույն սկզբունքով են կառուցված և ռազմական պարտության, կոտորածի, Տաճարի պղծության, ընկերային անարդարության և կեղեքման ծնունդ են։

Վստահության սաղմոսները (3, 4, 9բ, 15, 22, 26, 61,120, 130, նաև 90) պաղատական աղոթքների խթանն են և արտահայտում են խաղաղություն, ուրախություն, ապահովություն, խոստովանում իրենց հավատը, երգում Աստծո հետ իրենց բարեկամության մասին։

Գոհության սաղմոսներում (9ա, 9բ, 29, 31, 33, 39.2–12, 40, 91, 114, 115, 137) արտահայտվում է մարդու երախտագիտությունն առ Աստված՝ իր խնդրածը ստանալու համար։

Ուսուցողական սաղմոսներ

խմբագրել

Թեև ուսուցողական-խրատական տարրը հատուկ է բազմաթիվ սաղմոսների, սակայն լիիրավորեն այս խմբի մեջ են մտնում 1, 36, 48, 72, 111, 118, 126, 132, նաև 127 և 139 Ս-ները, որտեղ օգտագործված են զանազան գրական ժանրեր՝ քարոզ, խորհրդածություն բարոյականության շուրջ, պատմ. դաս ևն։ Առանձնակի գեղեցկությամբ է շարադրված օրենքի թեման (1, 18.8–15, 118), արդարների երջանկությունն ու չարերի կործանումը (1, 36, 72)։

Մեսիական սաղմոսներ

խմբագրել

Այս բանաստեղծությունները հինկտակարանային մյուս մարգարեությունների հետ ավետում են Հիսուս Քրիստոսի գալստյան, կյանքի, առաքելության, չարչարանքների, մահվան, հարության և բովանդակ տիեզերքում Աստծո արքայության հաստատման մասին։ Մեսիական են համարվում հետևյալ Ս-ներըª 2, 8, 15, 19, 21, 39, 40, 44, 46, 50, 67, 68, 71, 77, 88, 94, 96, 101, 109, 117, 118, 129, 131, 142, որոնք լինում են երկու տեսակª մարգարեական և նախատիպային։ Առաջինը հայտնության պարզ շարադրանքով է պատկերում Մեսիային (109), երկրորդը գալիք իրադարձությունը շարադրում է կատարված իրադարձության պատմական գծերով։ Օր., 8-րդ սաղմոսը՝ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ մանկահասակ երեխաների փառաբանական բացականչությունների ներքո նկարագրում է այնպես, ինչպես Կարմիր ծովն անցնելիս իսրայելացի մանկահասակ երեխաները փառաբանում էին Աստծուն (Մատթ. 21.16)։ Քրիստոսը քանիցս վկայակոչել է այդ սաղմոսներից՝ ի հաստատումն և ի վկայություն իր մեսիական առաքելության։ Ընդհանրապես Նոր կտակարանում հինկտակարանային 283 մեջբերումներից 116-ը քաղված են Սաղմոսարանից։ Առաջին և երկրորդ սաղմոսները բովանդակ ժողովածուի ներածությունն են, ընդ որում, առաջինը բարոյական, ուսուցողական բնույթ ունի, իսկ երկրորդը՝ մեսիական։

Սաղմոսները ժամանակի մեջ

խմբագրել

Հայաստանյայց առաքելական եկեղեցին, ինչպես նաև բոլոր քույր եկեղեցիները, առանձնահատուկ նախասիրություն ունեն սաղմոսների նկատմամբ։ Հայոց ծիսարանը և մասնավորապես Ժամագիրքը հիմնականում սաղմոսներից է կազմված։ Հայ հոգևոր երգերը, շարականները, գանձերը, տաղերը, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու և այլոց աղոթքները նրանցից են ներշնչված ու հարասված։ Սաղմոսարանը հայերի ամենասիրելի ու գործածական գիրքն է եղել դարերի ընթացքում՝ Նոր կտակարանից հետո։ Հին դպրոցներում Սաղմոսարանը օգտագործել են իբրև դասագիրք։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Սուրբ Գրքի թարգմանությունից հետո մեծերն ու փոքրերը սովորել ու ամենուր զվարճացել են «սաղմոսներ ու կցուրդներ» ասելով։ Իսկ ըստ Կիրակոս Գանձակեցու, եթե ուրիշ ազգերը «գրքով են երգում սաղմոսները», ապա հայերը «անգիր են ասում»։ Հայոց վանքերում պարտադիր է եղել առնվազն Նոր կտակարանի (մանավանդ՝ Ավետարանների) և Սաղմոսարանի անգիր իմանալը։ Ս-ները սերնդե–սերունդ հրեաների և քրիստոնյաների աստվածապաշտական կյանքի առանցքն են հանդիսացել և այդպիսին են ցայսօր։

Սաղմոսների մեկնությունները

խմբագրել

Սաղմոսները մեկնել են ընդհանրական եկեղեցու գրեթե բոլոր նշանավոր հայրերը՝ Աթանաս Ալեքսանդրացին, Եփրեմ Ասորին, Բարսեղ Կեսարացին, Հովհան Ոսկեբերանը և այլք։ Հայոց մեջ առաջինը Ներսես Լամբրոնացին է հանգամանալից քննության առել 150 սաղմոսները։ Մեկնություններ են գրել Վարդան Արևելցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։ Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցին, Նահապետ Ագուլեցու խնդրանքով, 1686-ին ի մի հավաքելով սաղմոսների հայերեն մեկնությունները, հրատարակել է բնագրի հետ մեկտեղ։ Սաղմոսների ամենածավալուն մեկնությունը կատարել է Միքայել Չամչյանը («Մեկնութիւն սաղմոսաց», հ. 1–10, 1815–23)։ Երևանի Մատենադարանում պահվում է 150 ձեռագիր Սաղմոսարան, որոնցից հնագույնը դ6473 ձեռագիրն է՝ գրված 1298-ին, Գրիգոր գրչի կողմից։ 1565–1566-ին Աբգար Թոխաթեցին Վենետիկում առաջինն է տպագրել հայերեն Սաղմոսարան։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Գիրք սաղմոսաց Դաւթի, Երուսաղեմ, 1988։
  • Տեր-Միքելյան Ա., Ուսումն Ս. Գրոց, Թ., 1900։
  • Եղիայան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, գիրք 5, Անթիլիաս, 1976։
  • Հացունի Վ., Աստուածաշունչն ու Հայաստան, տես՝ Յուշարձան Աստուածաշունչի հայերեն թարգմանութեան 1500 ամեակի, Երուսաղեմ, 1938։
  • Սաղմոսարան (աշխարհբ. թրգմ. Մ. Ճյուրյան), Երևան, 1992։
  • Ներածություն Հին կտակարանի, աշխատասիր. Գ. Դարբինյանի, Ս. Էջմիածին, 2000։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Աթանաս Ալեքսանդրացի, Սաղմոսների մեկնություն, 2000, էջ 20

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: