Գարեգին Սրվանձտյան
Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, Սրվանձտյանց (նոյեմբերի 17, 1840[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 1892[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։
Գարեգին Սրվանձտյան արմտ. հայ.՝ Գարեգին Սրուանձտեանց | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1840[1] |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 17, 1892[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր, բանահավաք, ազգագրագետ և քահանա |
Աշխատավայր | Արծվի Վասպուրական, Մշո Սուրբ Կարապետ վանք, Արծվիկ Տարոնո և Կեդրոնական վարժարան |
Անդամություն | Միություն ի փրկություն և Սև խաչ |
Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1840 թ. Վանում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ 1862 թ. Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թթ. «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը[2][3]։
Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 1867-1869 թթ. ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869 թ. նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում։ 1872 թ. մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։
1879-1881 թթ. եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881 թ. կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում։ 1886 թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։
Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։
Գրական գործունեությունը
խմբագրելՍրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի» և այլն)։ 1866 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է 1875 թ, 1884 թ)։
Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգութիւն մեծին Սահկայ Պարթեւի եւ անկումն Արտաշրի Արշակունւոյ» (գրված 1860-1870 թթ.) և «Շուշան Շաւարշանայ» (1875 թ.) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց եւ նորոց» 1874 ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէս Խորենացւոյ», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշէ Պոլօ» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենեաց վէպք եւ զրոյցք», «Երգք եւ նուագք հայրենեաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում (1879-1884 և ռուսական հրատարակություն 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ եւ Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կէս կորեկ» և այլն)։
Աշխատություններ
խմբագրել- Գրոց ու բրոց և Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ
- Մանանայ
- Թորոս աղբար
- Համով֊հոտով
- Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Թորոս աղբար, Հայաստանի ճամբորդ, մասն առաջին, Կ. Պոլիս, 1879
- Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Թորոս աղբար, Հայաստանի ճամբորդ, մասն երկրորդ, Կ. Պոլիս, 1884
- Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Հնոց եւ նորոց. պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ, Կ. Պոլիս, 1874
Երկեր
խմբագրել- Հնոց եւ նորոց, Կ. Պոլիս, 1874, 192 էջ։
- Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ, Կ. Պոլիս, 1874, 192 էջ։
- Նոր ընթերցարան, տետրակ Ա, Կ. Պոլիս, 1875, 72 էջ։
- Նոր ընթերցարան, տետրակ Բ, Կ. Պոլիս, 1875, 120 էջ։
- Շուշան Շաւարշանայ, Կ. Պոլիս, 1875, 109 էջ։
- Մանանայ, Կ. Պոլիս, 1876, 458 էջ։
- Թորոս Աղբար, Կ. Պոլիս, 1879, 244 էջ։
- Համով–հոտով, Կ. Պոլիս, 1884, 384 էջ։
- Հայաստանի ճամբորդ, Կ. Պոլիս, 1884, 488 էջ։
- Քրիստոնեական ուսումն Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1884, 144 էջ։
- Քրիստոնեական ուսումն Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1894, 164 էջ։
- Համով–հոտով, Թիֆլիս, 1904, 416 էջ։
- Գրոց ու բրոց, Կ. Պոլիս, 1910, 88 էջ։
- Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ, Կ. Պոլիս, 1910, 44 էջ։
- Շուշան Շաւարշանայ, Կ. Պոլիս, 1911, 64 էջ։
- Համով–հոտով, հատ. Ա, Փարիզ, 1949, 208 էջ։
- Համով–հոտով, հատ. Բ, Փարիզ, 1950, 216 էջ։
- Կոմիտաս վարդապետ (հայ երաժշտութեան առաքեալը), Պէյրութ, 1969, 77 էջ։
- Երկեր, հատ. 1. Գրոց ու բրոց, Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Մանանա, Համով-հոտով, Երևան, 1978, 666 էջ։
- Երկեր, հատ. 2, Երևան, 1980, 564 էջ։
- Թորոս Աղբար։ Համով–հոտով, Վենետիկ, 1997, 84 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 armradioarchive.am (հայ.)
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԼՐԱՏԱՐ ԱՐԾՈՒԻԿ ՏԱՐՕՆՈՅ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
Գրականություն
խմբագրել- Արամ Ղանալանյան, Գարեգին Սրվանձտյանց, - «Հայ նոր գրականության պատմություն», հատ. III, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1964, էջ 555-588։
- Է. Ա. Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանցը և արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1970, № 1, էջ 18-25:
- Է. Ա. Կոստանդյան, Գ. Սրվանձտյանցի լուսավորական գործունեությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1970, № 1, էջ 187-196:
- Էմմա Կոստանդյան, Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանց, (հայ ժողովրդական էպոսի հայտնաբերման և գրառման 100-ամյակի առթիվ), - «Էջմիածին», 1972, N Գ (3), էջ 27-33։
- Էմմա Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանցի նամականիից, - «Բանբեր Հայաստանի արխիվների», 1973, N 3, էջ 115-136։
- Կոստանդյան Էմմա, Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վերաբերյալ Գ. Սրվանձտյանցի կազմած վիճակագրություններից, «Բանբեր Հայաստանի արխիվների», 1976, N 2, էջ 62-94։
- Էմմա Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանց (երկրորդ լրացված, վերամշակված հրատարակություն), Երևան, 2008, 200 էջ։
- Ս. Բ. Հարությունյան, Գարեգին Սրվանձտյանցը և հայկական հերոսավեպը (Գ. Սրվանձտյանցի ծննդյան 150-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 4, էջ 3-9:
- Անուշավան Պետրոսյան, Հայ ազգագրության առաջին ծրագիր-հարցարանի խնդրի շուրջ.- «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 2, էջ 230-243:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11, Երևան, 1985, էջ 168-169։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 505-506։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 3, Երևան, 1964, էջ 555-588։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Սրվանձտյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 168)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |