Ցիմետիդին

քիմիական միացություն

Ցիմետիդին, դեղաբանական միջոց, H2-հիստամինային ընկալիչների ներհակորդ։

Ցիմետիդին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₀H₁₆N₆S
Մոլային զանգված4,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար51481-61-9
PubChem2756
EINECS համար257-232-2
SMILESCC1=C(N=CN1)CSCCNC(=NC)NC#N
ЕС257-232-2
ChEBI2654
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հայտնաբերման պատմություն խմբագրել

H2-ներհակորդների ստեղծման աշխատանքները սկսվել են 60-ականների վերջին Smith, Kline & French-ի (այժմ ՝ GlaxoSmithKline ընկերության մի մաս) լաբորատորիայում՝ Ջեյմս Բլեքի ղեկավարությամբ։ Այստեղ 1976 թվականին սինթեզվեց ցիմետիդինը, որը ստացավ Tagamet ապրանքային անվանումը։ Իր հետազոտությունների համար 1988 թվականին Ջեյմս Բլեքը բժշկության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի[2]։

Ֆարմակոլոգիական ազդեցություն խմբագրել

H2-հստամինային ընկալիչների արգելակիչ։ Այն տասներկումատնյա աղիքի խոցով հիվանդների մոտ արգելակում է հիստամին միջնորդավորված և բազալ թթվարտադրությունը 95%-ով 5 ժամվա ընթացքում և գիշերային թթվարտադրությունը ՝ 80%-ով։ Կարբախոլինային հիպերսեկրեցիայի վրա ունի նվազ ազդեցություն։ Նվազեցնում է H+ իոնների կոնցենտրացիան, ինչպես նաև ստամոքսային արտազատման ծավալը, այսինքն արգելակում է պեպսինի արտազատումը` չազդելով դրա կոնցենտրացիայի վրա։ Ուժեղացնում է ստամոքսի լորձաթաղանթի պաշտպանիչ մեխանիզմները և նպաստում է ստամոքսի վնասված հատվածների ապաքինմանը՝ կապված HCl-ի ազդեցության հետ (ներառյալ ստամոքս-աղիքային արյունահոսության դադարեցումը և սթրեսածին խոցերի սպիացումը), մեծացնելով ստամոքսային լորձի ձևավորումը, դրանում գլիկոպրոտեինների կոնցենտրացիան և խթանելով ստամոքսի լորձաթաղանթի կողմից հիդրոկարբոնատի արտազատումը, դրանում Pg-ի (պրոստագլանդինների) էնդոգեն սինթեզը և վերականգնման (ռեգեներացիայի) արագությունը։ Նվազեցնում է վերականգնված ցիտոքրոմ P-450-ի կոնցենտրացիան և զգալիորեն արգելակում լյարդի մոնօքսիգենազի անիլինհիդրօքսիլազային ակտիվությունը։ Չունի ազդեցություն ադրենոընկալիչների վրա, չի ցուցաբերում տեղային անզգայացնող ազդեցություն։ Եղնջացանի ժամանակ այն պաշարում է H2-հիստամինային ընկալիչները մաշկի արյունատար անոթներում, որոնք պատասխանատու են բորբոքային պատասխանի զարգացման համար։ Այն ունի հակաանդրոգեն ազդեցություն (արգելակում է դիհիդրոտեստոստերոնին)։ Բերում է պրոլակտինի կոնցենտրացիայի անցողիկ (կլինիկական նշանակություն չունեցող) բարձրացման (միայն ներերակային արագացված ներմուծման դեպքում)։ 300 մգ ներընդունումից հետո թերապևտիկ ազդեցությունը սկսվում է 1 ժամ հետո և տևում է 4-5 ժամ։

Ֆարմակոկինետիկա խմբագրել

Լավ է ներծծվում ստամոքս-աղիքային ուղուց։ TCmax -ը հավասար է 1-2 ժամի։ Պլազմային սպիտակուցների հետ կապումը՝ 20%։ Ներընդունման և պարէնտերալ ներմուծման ձևերը ապահովում են թերապևտիկ կոնցենտրացիայի անհրաժեշտ մակարդակ և համեմատելի են իրենց ազդեցության տևողությամբ։ Երկարատև ինֆուզիայի դեպքում դեղի կոնցենտրացիան պլազմայում կախված է ինֆուզիայի արագությունից և տվյալ անհատի մոտ դեղի մաքրման (քլիրենսի) մակարդակից։ Թափանցում է արյուն-ուղեղային պատնեշով (ԱՈՒՊ), ընկերքով և կրծքի կաթ։ Կենսաձևափոխվում է լյարդում՝ հիմնական մետաբոլիտի՝ սուլֆօքսիդի առաջացմամբ։ Այն լյարդի իզոֆերմենտներ՝ CYP1A2-ի, CYP2D6-ի և CYP3A4-ի, CYP3A5-ի և CYP3A7-ի արգելակիչ է։ T1/2-ը (կիսատրոհման պարբերություն)՝ 2 ժամ։ Արտազատվում է երիկամներով։ Մեկանգամյա դեղաչափով ներս ընդունման դեպքում 24 ժամվա ընթացքում դեղի 48%-ը արտազատվում է անփոփոխ, իսկ պարէնտերալ ընդունումից հետո՝ 75%-ը։

Ցուցումներ խմբագրել

Հակացուցումներ խմբագրել

Գերզգայունություն դեղի նկատմամբ։

Զգուշությամբ կիրառել հետևյալ դեպքերում՝ խմբագրել

Դեղաչափման ռեժիմ խմբագրել

Ներս ընդունում (ուտելուց առաջ կամ ուտելու ընթացքում), ներմկանային, ներերակային։ Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հվանդության սրման դեպքում մեծահասակներին՝ ներս, օրական 800 մգ մեկ ընդունմամբ (քնելուց առաջ)։ Հնարավոր է նաև 400 մգ-ի ընդունումը օրական 2 անգամ (նախաճաշին և գիշերը) կամ 200 մգ օրական 3 անգամ՝ ուտելու ընթացքում և 400 մգ գիշերը (1 գ/օր)։ Առավելագույն դեղաչափը՝ 2,4 գ / օր (պաթոլոգիական հիպերսեկրեցիայով ուղեկցվող դեպքերի բուժման համար օգտագործվել է մինչև 12 գ / օր դեղաչափ)։ Բուժման սկզբնական կուրսը պետք է կազմի առնվազն 4 շաբաթ։ Ստամոքսի խոցային հիվանդության բուժման կուրսը կազմում է միջինում 6 շաբաթ։ Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի սրացման կանխարգելման համար ընդունել ներս 400 մգ դեղաչափ՝ գիշերը։ Այրոցի բուժման համար՝ բերանացի 200 մգ՝ ընդունել ջրով։ Կարելի է կրկնել 24 ժամ հետո, իսկ կանխարգելման նպատակով 200 մգ բերանացի՝ ջրի հետ, նման ախտանիշ առաջացնող սննդամթերքի կամ խմիչքի ընդունումից մեկ ժամ առաջ։ Ռեֆլյուքսային էզոֆագիտի ժամանակ՝ բերանացի, օրական 4 անգամ 400 մգ դեղաչափով՝ ուտելու ընթացքում և գիշերը։ Բուժման կուրսը 8-12 շաբաթ է։ Ստամոքսաղիքային ուղու վերին բաժինների լորձաթաղանթի սթրեսային բնույթի վնասման բուժման և արյունահոսությունների կանխարգելման նպատակով՝ դանդաղ կամ ինֆուզիոն ներերակային, օրական 200մգ, 5-10 անգամ (ինֆուզայի առավելագույն արագությունը՝ 150մգ/ժ) կամ ներընդունում՝ 200-400 մգ 4-6 ժամը մեկ։ Ստամոքսաղիքային ուղու վերին բաժինների արյունահոսությամբ ուղեկցվող դեպքերում՝ ներերակային, 200 մգ դեղաչափով՝ օրական 8-10 անգամ (օրական դեղաչափը կազմում է 1,6-2 գ)։ Ներընդունում 300 մգ դեղաչափով յուրաքանչյուր 6 ժամը մեկ կամ 600 մգ դեղաչափով օրական 2 անգամ՝ առավոտյան և քնելուց առաջ։ Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշի և այլ հիպերսեկրեցիայով ուղեկցվող վիճակներում ընդունել 1,6-2 գ (օրական դեղաչափը) ուտելու ընթացքում և քնելուց առաջ՝ օրական մի քանի անգամ։ Բուժումը շարունակվում է այնքան երկար, որքան անհրաժեշտ է (համախտանիշի ծանր ձևերի դեպքում՝ մինչև 160 մգ յուրաքանչյուր 6 ժամը մեկ)։ Ասպիրացիոն թոքաբորբի կանխարգելման նպատակով ներմկանային 300 մգ, նախնական ընդհանուր անզգայացումից 1 ժամ առաջ և 300 մգ ներմկանային կամ ներերակային յուրաքանչյուր 4 ժամը մեկ՝ մինչև ընդհանուր անզգայացումից դուրս գալը։ Եղնջացանի ժամանակ (որպես օժանդակ բուժում) - ներերակային, 300 մգ 15-20 րոպեների ընթացքում։ Երիկամների ֆունկցիոնալ խանգարման դեպքում՝ ներս ընդունում, իսկ դեղաչափը կախված է ԿՄ-ից (կրեատինինի մաքրում)՝ ԿՄ-ն՝ 0-15 մլ/րոպե՝ 400 մգ/օր, 15-30 մլ/րոպե՝ 600 մգ/օր, 30-50 մլ/րոպե՝ 800 մգ/ օր.։ Ներերակային 300 մգ, յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում դեղաչափը ավելացվում է մինչև 300 մգ, յուրաքանչյուր 8 ժամը մեկ կամ ավելի հաճախ։ Միաժամանակ լյարդի ֆունկցիոնալ խանգաման առկայության դեպքում հնարավոր է դեղաչափի հետագա ճշգրտման պահանջ լինի։

Երեխաների դեղաչափման կարգը։ Ներընդունումը՝ ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցի առկայության դեպքում ՝ 20-40 մգ / կգ / օր 4 բաժանված չափաբաժիններով, ուտելու ընթացքում և քնելուց առաջ։ Գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսի առկայության դեպքում՝ 40-80 մգ / կգ / օր 4 ընդունումներով։ Երիկամների ֆունկցիոնալ խանգարման դեպքում դեղաչափը կրճատվում է մինչև 10-15 մգ / կգ / օր, իսկ ընդունումների միջակայքը մեծանում է մինչև 8 ժամ։ Ներմկանային, ներերակային, 5-10 մգ/կգ յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ (ներերակային ներմուծման ժամանակ դեղը նոսրացվում է մինչև անհրաժեշտ ծավալը համատեղ լուծույթով և ներմուծվում է առնվազն 2 րոպե ներարկման դեպքում և 15-20 րոպե ինֆուզիոն եղանակով)։ Երիկամների ֆունկցիոնալ խանգարման դեպքում դեղաչափը կրճատվում է, իսկ ընդունումների միջակայքը մեծանում է։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Ստամոքսաղքային համակարգի կողմից

Սրտխառնոց, փսխում, փորլուծություն, պանկրեատիտ, հեպատիտ, դեղնախտ, մեթեորիզմ (փորափքանք), լյարդի տրանսամինազների ակտիվության բարձրացում, վիտամին B12-ի ներծծման նվազում,դեղի ընդոընման կտրուկ դադարեցման դեպքում՝ խոցային հիվանդության կրկնություն (ռեցիդիվ)։

Նյարդային համակարգի կողմից

Հոգնածություն, քնկոտություն, գլխապտույտ, դեպրեսիա, հալյուցինացիաներ, հուզական անկայունություն, անհանգստություն, գրգռվածություն, գլխացավ, նյարդայնություն, փսիխոզ, շփոթություն (ավելի հաճախ լյարդի և/կամ երիկամների ֆունկցիայի խանգարմամբ տարեց հիվանդների մոտ), լիբիդոյի նվազում, հիպերթերմիա։

Սիրտ-անոթային համակարգի կողմից

Հազվասրտություն, հաճախասրտություն, AV պաշարում, արագ ներերակային ներմուծման դեպքում՝ առիթմիա (բացառիկ դեպքերում՝ ասիստոլիա), զարկերակային ճնշման իջեցում, անոթաբորբ (վասկուլիտ)։

Արյունաստեղծ օրգանների կողմից

Լեյկոպենիա, նեյտրոպենիա, թրոմբոցիտոպենիա, ագրանուլոցիտոզ, պանցիտոպենիա, էոզինոֆիլիա, ապլաստիկ և հեմոլիտիկ անեմիա։

Միզասեռական համակարգի կողմից

Ինտերստիցիալ երիկամաբորբ (հիպերկրեատինինեմիա, միզանյութի կոնցենտրացիայի մեծացում), միզարձակման ուշացում, պոտենցիայի նվազում։

Ալերգիկ ռեակցիաներ

Մաշկային ցան, քոր, գերարյունություն, անգիոնևրոտիկ այտուց, բազմակի էրիթեմա, էքսֆոլիատիվ դերմատիտ, Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, թունավոր էպիդերմալ նեկրոլիզ։

Այլ

Մազաթափություն (ալոպեցիա), գինեկոմաստիա, պոլիմիոզիտ, միալգիա, արթրալգիա։

Գերդեղաչափում

Գերդեղաչափումը առաջացնում է շնչառական կենտրոնի ընկճում, անհանգստություն, հազվասրտություն, երբեմն՝ հաճախասրտություն, բերանի չորություն։

Բուժում

Ներս ընդունման դեպքում, առաջին 4 ժամերի ընթացքում ցուցված է փսխման ռեֆլեքսի դրդումը և/կամ կատարել ստամոքսի լվացում։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է հեմոդիալիզ, հսկվում է հիվանդի վիճակը և իրականացվում սիմպտոմատիկ (ախտանշանային) բուժում։ Ցնցումների դեպքում՝ ներերակային դիազեպամի ներարկում, հազվասրտության դեպքում՝ ատրոպին, փորոքային առիթմիայի դեպքում՝ լիդոկաին։

Հատուկ ցուցումներ խմբագրել

Տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության ախտանշանները կարող են անհետանալ 1-2 շաբաթվա ընթացքում, բուժումը պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև սպիացումը հաստատվի էնդոսկոպիկ կամ ռենտգենյան հետազոտության տվյալների միջոցով։ Տարեց հիվանդների համար դեղաչափման ռեժիմը որոշելիս պետք է հաշվի առնել երիկամների և սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը։ Բուժումը կարող է քողարկել ախտանիշները և բերել ստամոքսի քաղցկեղով հիվանդների վիճակի ժամանակավոր բարելավման։ Թոքերի արհետական շնչառությամբ հիվանդների մոտ կիրառումը կարող է հանգեցնել ստամոքսում պարունակվող որոշ միկրոօրգանիզմների աճին, որոնք էլ իրենց հերթին կարող են բերել թոքաբորբի կամ շնչուղիների այլ վարակների զարգացման։ H2-հիստամինային ընկալիչների արգելակիչները խորհուրդ է տրվում ընդունել իտրակոնազոլ կամ կետոկոնազոլ ընդունելուց 2 ժամ հետո՝ դրանց ներծծման նվազումից խուսափելու համար։ Գինեկոմաստիան գրեթե միշտ դարձել է բուժումը դադարեցնելուց հետո։ Դեղի ընդունման դադարեցումը իրականացվում է աստիճանաբար (հիվանդության ռեցիդիվների զարգացման հնարավորությունը բացառելու նպատակով)։ Երկարատև բուժման դեպքում անհրաժեշտ է վերահսկել լյարդի, երիկամների և ծայրամասային արյան ֆունկցիոնալ ցուցանիշները։ H2-հիստամինային ընկալիչների արգելակիչները կարող են հակազդել պենտագաստրինի և հիստամինի ազդեցությանը ստամոքսի թթվարտադրական ֆունկցիայի վրա, ուստի խորհուրդ չի տրվում դրանք կիրառել թթվայնության թեստից 24 ժամ առաջ։ Բացի այդ, դրանք ճնշում են հիստամինի նկատմամբ մաշկի պատասխան ռեակցիան ՝ այդպիսով հանգեցնելով կեղծ բացասական արդյունքների (մաշկային անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիան հայտնաբերելու նպատակով նախքան մաշկային ախտորոշիչ փորձ կատարելը՝ խորհուրդ է տրվում դադարեցնել H2-հիստամինային ընկալիչների արգելակիչների ընդունումը )։ Բուժման ընթացքում պետք է խուսափել ստամոքսի լորձաթաղանթը գրգռող սննդի, խմիչքի և դեղերի ընդունումից։ Ներերակային ներմուծման համար ցիմետիդինի ներարկման լուծույթը օգտագործելուց առաջ պետք է նոսրացնել 0,9% NaCl-ի լուծույթով, իսկ ներերակային ինֆուզիայի դեպքում՝ 5% դեքստրոզի լուծույթով։ Գիշերային ժամերին ստամոքսում թթվի ձերբազատման գործընթացը արգելակելու դեղի արդյունավետությունը կարող է նվազել ծխելու հետևանքով։ Այրվածքներով հիվանդների դեպքում հնարավոր է դեղի դեղաչափի մեծացման անհրաժեշտության առաջացում՝ պայմանավորված դեղի մաքրման գործընթացի արագացմամբ։ Հիվանդության վիճակի բարելավման բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկին։ Եթե դեղի հերթական ընդունումը բաց է թողնվել, պետք է ընդունել այն որքան հնարավոր է շուտ, բացառությամբ այն դեպքի, երբ արդեն հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակը մոտ է։ Չկրկնապատկե՛լ դեղաչափերը։

Փոխազդեցություններ խմբագրել

Բարձրացնում է M-խոլինոպաշարիչների, կալցիումական անցուղիների պաշարիչների ազդեցության արդյունավետությունը և օփիոիդային ցավազրկողների կողմնակի ազդեցությունների արտահայտվածությունը։ Նվազեցնում է անդրոգենների, կետոկոնազոլի, բարբիտուրատների ազդեցությունը (փոխադարձաբար) և քլորպրոմազինի ներծծումը։ Նվազեցնում է լիդոկաինի լյարդային մաքրման գործընթացը (կարող է առաջանալ դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն)։ Բարձրացնում է պրոկաինամիդի կոնցենտրացիան պլազմայում՝ ակտիվ խողովակային սեկրեցիայի համար մրցակցության պատճառով։ Նվազեցնում է քինինի մաքրման գործընթացը։ Մի փոքր մեծացնում է էթանոլի կոնցենտրացիան պլազմայում (կլինիկական նշանակություն չունի)։ Ցիմետիդինի և լյարդում միկրոսոմալ օքսիդացման ենթարկվող դեղերի միաժամանակյա ընդունումը (օրինակ՝ անուղղակի հակամակարդիչներ, ֆենիտոին, պրոպրանոլոլ, քլորդիազեպօքսիդ, դիազեպամ, որոշ եռիցիկլիկ հակադեպրեսանտներ, լիդոկաին, բետա-ադրենոպաշարիչներ, թեոֆիլին,մետրոնիդազոլ, էուֆիլին, կոֆեին), բերում է T1 / 2-ի (կիսատրոհման պարբերություն) մեծացման և դրանց ազդեցության ուժեղացման։ Խորհուրդ չի տրվում միաժամանակ կիրառել նեյտրոպենիա առաջացնող դեղեր (օրինակ՝ ցիտոստատիկներ)։ Դեղաբանական առումով անհամատեղելի է հիմնային լուծույթների հետ (8-ից բարձր pH-ով )։ Այդ պատճառով չեն խառնում ամինոֆիլինի, դիպիրիդամոլի, ֆենոբարբիտալի, պոլիմիքսին B-ի, պենիցիլինների, ցեֆալոսպորինների, ամֆոտերիցին B-ի, պենտոբարբիտալի, գենտամիցինի հետ։ Թթվամարիչները, սուկրալֆատը և մետոկլոպրամիդը նվազեցնում են դեղի ներծծումը։ Թթվամարիչների հետ զուգակցումը ցուցված է ցավը թեթևացնելու նպատակով (դեղաչափերի միջակայքը առնվազն 0,5-1 ժամ է)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 cimetidine
  2. В.В. Корнева, Л.В. Курило, Н.П. Гляделова (5(39)/2011). «ОПЫТ ИСПОЛЬЗОВАНИЯ КОМБИНИРОВАННОГО ПРЕПАРАТА «ОМЕЗ Д» В ТЕРАПИИ ВОСПАЛИТЕЛЬНЫХ ЗАБОЛЕВАНИЙ ГАСТРОДУОДЕНАЛЬНОЙ ЗОНЫ У ДЕТЕЙ» (PDF) (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)