Միզանյութ
Միզանյութ, կարբամիդ, H2NCONH2, ածխաթթվի երկամիդը, կարբամինաթթվի ամիդը։
Միզանյութ | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | CH₄N₂O |
Մոլային զանգված | 1,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,32 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 132,7 °C և 134 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 174 °C °C |
Գոյացան էնթալպիա | −333,3 կՋ/մոլ կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
pKa | 0,18[3] |
Բյուրեղային կառուցվածք | տետրագոնային համակարգ |
Դասակարգում | |
CAS համար | 57-13-6 |
PubChem | 1176 |
EINECS համար | 200-315-5 |
SMILES | C(=O)(N)N |
ЕС | 200-315-5 |
RTECS | YR6250000 |
ChEBI | 1143 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Անգույն, անհոտ բյուրեղներ են, հալվում են 132,7 °C-ում, լուծվում՝ ջրում, սպիրտում, հեղուկ ամոնիակում և ծծմբական անհիդրիդում։ Հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս Ի․ Ռուելլը (1773), մեզում, սինթեզել է (ամոնիումի ցիանատից) Ֆ․ Վյոլերը (1828)։ Միզանյութը տաքացնելիս քայքայվում է, ջրային լուծույթներում դանդաղ հիդրոլիզվում մինչև C02 և NH3։ Խիստ ռեակցիունակ է։ Թթուների հետ առաջացնում է աղեր (օրինակ, C0(NH2)2HN03), սպիրտների հետ՝ ուրետաններ, բազմաթիվ նյութերի հետ՝ կոմպլեքսային միացություններ։ Կոնդենսանում է մրջնալդեհիդի հետ, ենթարկվում է ալկիլման և ացիլման։ Մարդու և ողնաշարավորների մեծ մասի մոտ սպիտակուցային փոխանակության վերջնական արդյունքն է․ մասնակցում է օրգանիզմում ջրային ռեժիմի կարգավորմանը։ Առաջանում է լյարդում, սպիտակուցների քայքայման վերջնանյութերից (NH3 և C02)։ Հայտնաբերված է մեզի, արյան, թքի, ավշի, կաթի մեջ և այլ հեղուկներում ու հյուսվածքներում։ Առողջ մարդու արյան մեջ միզանյութի պարունակությունը 18–38 մգ 1100 մլ է, մեզում կախված է սննդում սպիտակուցների քանակից և բաղադրությունից։ Արտաթորվում է երիկամների և քրտնագեղձերի միջոցով (մարդու օրգանիզմից օրական հեռանում է 25–30 գ միզանյութ)։ Երիկամների ֆունկցիայի խանգարման և հյուսվածքային սպիտակուցների քայքայումն արագացնող հիվանդությունների դեպքում Միզանյութի պարունակությունը արյան մեջ ավելանում է (ուրեմիա)։ Արդյունաբերության մեջ միզանյութ ստանում են ամոնիակից և ածխաթթու գազից՝ սինթեզով (160–200 °C, 100–400 մթն)։ Օգտագործվում է կարբամիդային խեժերի, ներկանյութերի, պարարտանյութերի, ցիանատների, քնաբեր դեղամիջոցների են արտադրության համար։ Միզնյութը արժեքավոր ազոտական պարարտանյութ է (պարունակում է 46% ազոտ)։ Միզանյութը որպես սպիտակուցների փոխարինող ավելացվում է կերերին, քանի որ որոճողների գանձակում գտնվող մանրէները միզանյութից սինթեզում են սպիտակուց։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 532)։ |