Առիթմիա
Առիթմիա (հուն․՝ ἀρρυθμία «ա» ժխտական մասնիկ և «ռիթմ» բառերից), ախտաբանական վիճակների խումբ, որոնց դեպքում սրտի կծկումները անկանոն են, շատ հաճախ կամ շատ դանդաղ[1]։ Սրտի կծկումների հաճախականությունը (ՍԿՀ), որը մեծահասակների մոտ բարձր է 100զ/ր-ից, կոչվում է հաճախասրտություն, իսկ 60զ/ր-ից ցածր ՍԿՀ-ն՝ դանդաղասրտություն[1]։ Առիթմիաների շատ տիպեր ընթանում են անախտանիշներով[2]։ Ախտանշանները կարող են ընդգրկել սրտխփոց կամ զարկերի միջև կանգի զգացում[2]։ Ավելի լուրջ դեպքերում կարող են լինել գլխապտույտ, ուշաթափություն, հևոց կամ կրծքավանդակի ցավ[2]։ Չնայած առիթմիաների մեծ մասը լուրջ վտանգ չի ներկայացնում, այնուամենայնիվ որոշ առիթմիաներ կարող են բարդանալ կաթվածով կամ սրտային անբավարարությամբ[1][3]։ Մյուսները կարող են առաջացնել սրտի կանգ[3]։
Առիթմիա | |
---|---|
Տեսակ | բժշկական եզրակացություն, ախտանիշ կամ նշան և հիվանդության կարգ |
Հետևանք | Սրտային անբավարարություն |
Վնասում է | heart rate variability? |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն և առիթմոլոգիա |
ՀՄԴ-9 | 427 |
ՀՄԴ-10 | I47 և I49 |
Cardiac arrhythmias Վիքիպահեստում |
Գոյություն ունի առիթմիայի 4 հիմնական տեսակ․ հավելյալ կծկում, վերփորոքային հաճախասրտություն, փորոքային հաճախասրտություն և տարբեր տեսակի դանդաղասրտություններ[4]։ Հավելյալ կծկումները ներառում են վաղաժամ նախասրտային կծկում (ՎՆԿ), վաղաժամ փորոքային կծկում (ՎՓԿ) և վաղաժամ հանգուցային կծկում (ՎՀԿ)[4]։ Վերփորոքային առիթմիաների թվին են պատկանում նախասրտերի ֆիբրիլյացիան, նախասրտերի թրթռումը և պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտությունը[4]։ Փորոքային առիթմիաների թվին են պատկանում փորոքային ֆիբրիլյացիան և փորոքային հաճախասրտությունը[4][5]։ Առիթմիաներն առաջանում են սրտի հաղորդչական համակարգում խնդիրների պատճառով[1]։ Առիթմիաները կարող են առաջանալ երեխաների մոտ, այնուամենայնիվ ՍԿՀ-ի նորմաները տատանվում են կախված տարիքից[4]։ Ախտորոշմանը օգնում են այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) և Հոլտեր մոնիտորինգը[6]։
Առիթմիաների մեծ մասը արդյունավետ բուժվում են[1]։ Բուժումը կարող է ընդգրկել դեղորայք, բժշկական միջամտություն (օր․՝ ռիթմավարի տեղադրում) և վիրահատություն[7]։ Հաճախասրտության դեպքում կիրառվող դեղորայքը ընդգրկում է բետա-արգելակիչներ կամ ռիթմը վերակագնող այլ նյութեր, օրինակ՝ պրոկաինամիդ[7]։ Վերջին խումբը կարող է ունենալ ավելի արտահայտված կողմնակի ազդեցություններ, հատկապես երկարատև կիրառման դեպքում[7]։ Ռիթմավարները սովորաբար օգտագործվում են դանդաղասրտությունների դեպքում[7]։ Առիթմիայով հիվանդները հաճախ բուժվում են նաև հակամակարդիչներով՝ կանխելու համար բարդությունները[7]։ Առիթմիայի պատճառով ախտանշանների սուր առաջացման դեպքում կարող է ծագել վերահսկվող էլեկտրական հարվածի (կարդիովերսիա կամ դեֆիբրիլյացիա) տեսքով անհետաձգելի բուժման կարիք[7]։
Առիթմիայով տառապում են միլիոնավոր մարդիկ[8]։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ըստ 2014 թվականի տվյալների, նախասրտային ֆիբրիլյացիայով տառապում է բնակչության 2-3%-ը[9]։ Նախասրտերի ֆիբրիլյացիան և թրթռումը 2013 թվականին բերել են 112,000 մահվան, իսկ 1990 թվականին՝ 29,000 մահվան[10]։ Հանկարծակի սրտային մահը (ՀՍՄ) սիրտանոթային հիվանդությունների պատճառով մահերի կեսն է կազմում և ընդհանուր մահացության շուրջ 15%-ը[11]։ ՀՍՄ-ի մոտ 80%-ի պատճառը փորոքային առիթմիան է[11]։ Առիթմիաները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ[8]։
Դասակարգում
խմբագրելԱռիթմիաները դասակարգվում են ըստ հաճախության (հաճախասրտություն, դանդաղասրտություն), մեխանիզմի (ավտոմատիզմ, ռե-էնթրի, տրիգերային ակտիվություն) կամ տևողության (միայնակ հավելյալ կծկումներ, զույգեր և հաճախասրտություն, որը 3 և ավել կծկումներ է ու իր հերթին լինում է ոչ կայուն (30վ-ից քիչ) և կայուն (30վ-ից ավել)։
Դրանք ճիշտ է դասակարգել նաև ըստ առաջացման հատվածի․
Նախասրտային
խմբագրել- Սինուսային դանդաղասրություն
- Վաղաժամ նախասրտային կծկում (ՎՆԿ)
- Թափառող նախասրտային ռիթմավար
- Նախասրտային հաճախասրտություն
- Բազմաօջախային նախասրտային հաճախասրտություն
- Վերփորոքային հաճախասրտություն (ՎՓՀ)
- Նախասրտերի թրթռում
- Նախասրտերի ֆիբրիլյացիա
Հանգուցային
խմբագրել- ԱՎ հանգուցային ռե-էնթրի հաճախասրտություն
- Հանգուցային ռիթմ
- Հանգուցային հաճախասրտույթուն
- Վաղաժամ հանգուցային կծկում (ՎՀԿ)
Փորոքային
խմբագրել- Վաղաժամ փորոքային կծկում (ՎՓԿ)
- երբ վաղաժամ կծկումները առաջանում են յուրաքանչյուր նորմալ կծկումից հետո, կոչվում են փորոքային բիգեմինիա
- երբ վաղաժամ կծկումները առաջանում են յուրաքանչյուր 2-րդ նորմալ կծկումից հետո, կոչվում են փորոքային տրիգեմինիա
- 3 և ավել շարունակական վաղաժամ կծկումները արդեն բնորոշվում են որպես փորոքային հաճախասրտություն
- Արագացված փորոքային ռիթմ
- Մոնոմորֆ փորոքային հաճախասրտություն
- Պոլիմորֆ փորոքային հաճախասրտություն
- Փորոքային ֆիբրիլյացիա
- Պիրուետ տիպի պոլիմորֆ հաճախասրտություն (torsades de pointes)
Պաշարումներ
խմբագրելՍրանք հայտնի են նաև ԱՎ պաշարումներ անվանումով, քանզի մեծամասնությունը առաջանում է ԱՎ հանգույցի ախտահարման պատճառով։ Դրանք դանդաղասրտության ամենահաճախ հանդիպող պատճառներն են։
- Առաջին աստիճանի պաշարում, որը արտահայտվում է PR ինտերվալի երկարացմամբ
- Երկրորդ աստիճանի պաշարում
- Երկրորդ աստիճանի պաշարում Տիպ 1, որը հայտնի է նաև Մոբից 1 կամ Վենկեբախի պարբերականություն անվամբ
- Երկրորդ աստիճանի պաշարում Տիպ 2 կամ Մոբից 2
- Երրորդ աստիճանի պաշարում կամ լրիվ պաշարում
Առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի պաշարումներ կարող են ի հայտ գալ նաև սինոատրիալ հանգույցի մակարդակին։ Սա կոչվում է սինոատրիալ պաշարում, որն արտահայտվում է տարբեր աստիճանի և ձևերի դանդաղասրտությամբ։
Հանկարծակի առիթմիկ մահվան համախտանիշ
խմբագրելՀանկարծակի առիթմիկ մահվան համախտանիշ (ՀԱՄՀ) տերմինը օգտագործվում է, որպես հանկարծակի մահվան համախտանիշի մաս և բնորոշում է հանկարծակի մահը, որն առաջանում է առիթմիա ասոցացված սրտի կանգի հետևանքով՝ անկախ սրտի կառուցվածքային հիվանդության առկայությունից կամ բացակայությունից։ ՀՍՄ-ի ամենահաճախ հանդիպող պատճառը ԱՄՆ-ում սրտի իշեմիկ հիվանդությունն է, որը կարող է արտահայտվել սրտամկանի ինֆարկտի ձևով[12]։ Տարեկան այս պատճառով ԱՄՆ-ում մահանում են շուրջ 200,000 մարդ։ ՀԱՄՀ կարող է առաջանալ նաև այլ պատճառներից։ Կան բազմաթիվ ժառանգական հիվանդություններ, որոնք երիտասարդ անձանց մոտ կարող են առաջացնել մահ առանց արտահայտված ախտանշանների[13]։
Երիտասարդ անձանց մոտ ՀԱՄՀ-ի պատճառները ներառում են վիրուսային միոկարդիտ, երկար QT համախտանիշ, Բրուգադա համախտանիշ, Կատեխոլամիներգիկ պոլիմորֆ փորոքային հաճախասրտություն, հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա և առիթմոգեն աջ փորոքային դիսպլազիա[14][15]։
Նշաններ և ախտանշաններ
խմբագրելՍրտային առիթմիա տերմինը ընդգրկում է տարբեր ախտաբանական վիճակների բազմազանություն։
Առիթմիայի ամենահաճախ հանդիպող ախտանշանը սրտի անկանոն աշխատանքի զգացողությունն է՝ սրտխփոցը։ Սրանք կարող են լինել հաճախ, ոչ հաճախ և շարունակական։ Որոշ առիթմիաներ անվնաս են, չնայած հիվանդին կարող են անհանգստություն պատճառել, իսկ մյուսները կարող են բերել լուրջ հետևանքների։
Որոշ առիթմիաներ կարող են լինել անախտանիշ և կապված չեն բարձր մահացության հետ։ Այնուամենայնիվ որոշ անախտանիշ առիթմիաներ կապված են ախտաբանական իրավիճակների հետ, օրինակ՝ սրտի ներսում թրոմբերի առաջացման բարձր ռիսկի և թույլ կծկման հետևանքով սրտամկանի անբավարար արյունամատակարարման։ Մյուս բարձր ռիսկերն են էմբոլիզացիան և կաթվածը, սրտային անբավարարությունը և ՀՍՄ։
Եթե առիթմիայի հետևանքով առաջացող ռիթմը շատ արագ է, շատ դանդաղ է կամ շատ թույլ մարմնի պահանջներին համապատասխան արյուն մատակարարելու համար, ապա կարող է առաջանալ գլխապտույտ կամ ուշաթափություն (սինկոպե)։
Որոշ առիթմիաներ բերում են սրտի կանգի և ՀՍՄ-ն։
ԷՍԳ-ի ուսումնասիրումը առիթմիայի ախտորոշման և գնահատման ձևեից մեկն է։
Տարբերակիչ ախտորոշում
խմբագրելՆորմալ էլեկտրական ակտիվություն
խմբագրելՍրտի յուրաքանչյուր կծկում, որպես էլէկտրական գրգիռ, սկիզբ է առնում աջ նախասրտի փոքր հատվածի հյուսվածքից, որը կոչվում է սինուսային հանգույց կամ սինոատրիալ հանգույց կամ ՍԱ հանգույց։ Սկզբում գրգիռը բերում է 2 նախասրտերի կծկմանը, ապա ակտիվացնում է ատրոիվենտրիկուլյար (ԱՎ), որը նորմայում նախասրտերի և փորոքների միջև էլեկտրական հաղորդակցման միակ ճանապարհն է։ Այնուհետև գրգիռը տարածվում է 2 փորոքներում Հիսի խրձով և Պուրկինյեի թելիկներով՝ առաջացնելով սրտամկանի սինխրոն կծկում։
Հասուն մարդկանց մոտ հանգստի ժամանակ նորմալ ՍԿՀ-ն տատանվում է 60-100զ/ր սահմաններում։ Հանգստի ՍԿՀ-ն երեխաների մոտ առավել բարձր է։ Մազրիկների մոտ ՍԿՀ-ն կարող է լինել մոտ 40զ/ր և գնահատվել, որպես նորմալ ռիթմ։
Սինուսային առիթմիա[16] տերմինը բնորոշում է ռիթմի ֆիզիոլագիական փոփոխություն կապված շնչառական շարժումների հետ․ ՍԿՀ-ի արագացում և դանդաղում ներշնչման և արտաշնչման ժամանակ համապատասխանաբար։ Այն սովորաբար լավ արտահայտված է երեխաների մոտ և աստիճանաբար նզավում է տարիքի հետ։ Այս երևույթը կարող է առաջանալ նաև մեդիտացիայի ընթացքում, երբ օգտագործվում են խորը շնչառական վարժություններ[17]։
Դանդաղասրտություն
խմբագրելԴանդաղ ՍԿՀ-ն (<60զ/ր) կոչվում է դանդաղասրտություն։ Այն կարող է առաջանալ ՍԱ հանգույցից դանդաղացած գրգիռների (սինուսային դանդաղասրտություն), նորմալ ակտիվությամբ ՍԱ հանգույցի պաշարման և էլեկտրական գրգիռի՝ նախասրտերից փորոքներ անցման ճանապարհին պաշարման պատճառով։ Սրտային պաշարումները կարող են լինել տարբեր աստիճանի և ծանրության։ Դրանք կարող են առաջանալ ԱՎ հանգույցի հաղորդականությունն իջեցնող դեղորայքով դարձելի թունավորման կամ հանգույցի անդարձելի վնասման պատճառով։ Դանդաղասրտությունը կարող է առկա լինել նաև լիովին առողջ մարդկանց մոտ, օրինակ՝ մարզիկների կամ այլ լավ մարզված մարդկանց։ Դանդաղասրտություն կարող է առաջանալ նաև որոշ տեսակի ցնցումների ժամանակ։
Հաճախասրտություն
խմբագրելՀասուն մարդկանց և 15 տարեկանից մեծ երեխաների համար ՍԿՀ-ի 100զ/ր-ից ավելի հաճախ լինելը կոչվում է հաճախասրտություն։ Հաճախասրտությունը կարող է արտահայտվել սրտխփոցով, այնուամենայնիվ հաճախասրտությունը պարտադիր առիթմիա չէ։ Հաճախացած ՍԿՀ-ն ֆիզիկական և էմոցիոնալ ծանրաբեռնվածության հանդեպ նորմալ պատասխան է։ Սա առաջանում է ՍԱ հանգույցի վրա սիմպաթիկ նյարդային համակարգի ազդեցությամբ և կոչվում է սինուսային հաճախասրտություն։ Այլ՝ ՍԿՀ-ի հաճախացմանը բերող, իրավիճակներ ներառում են այնպիսի նյութերի ընդունումը, ինչպիսիք են կոֆեինը և ամֆետամինը կամ վահանաձև գեղձի գերակտիվությունը (հիպերթիրեոիդիզմ) և սակավարյունությունը։
Ոչ սինուսային հաճախասրտության պատճառ են դառնում ոչ նորմալ գրգիռների առաջացումը։ Վերջինս կարող է առաջանալ հետևյալ 3 մեխանիզմներով․ ավտոմատիզմ, ռե-էնթրի և տրիգերային ակտիվություն։ Ռե-էնթրիի հատուկ տիպ է ֆիբրիլյացիան, որը հաճախ է հանդիպում։
Չնայած հաճախասրտություն տերմինը ավելի քան 160 տարեկան է, բայց դասակարգումը դեռևս քննարկվում է[18]։
Սրտի արատներ
խմբագրելՍրտի բնածին արատները հաղորդչական ուղիների կամ կառուցվածքային խնդիրներ են, որոնք առկա են սրտում ծնվելիս։ Հաղորդչական ուղիների խնդիրները կարող են բերել շատ արագ կամ նույնիսկ մահացու առիթմիաների։ Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշի պատճառն է հավելյալ հաղորդչական ուղին։ Այս ուղին թույլ է տալիս գրգիռներին անցնել դեպի փորոքներ, ինչն էլ բերում է շատ հաճախակի կծկումների։ Աջ փորոքային արտատար ուղու հաճախասրտությունը առողջ մարդկանց շրջանում փորոքային հաճախասրտության ամենահաճախ հանդիպող տիպն է։ Այս արատի դեպքում աջ փորոքում՝ անմիջապես թոքային զարկերակից առաջ առկա է էլեկտրական հանգույց։ Երբ այս հանգույցը գրգռվում է, սկսվում է փորոքային հաճախասրտություն, որը թույլ չի տալիս փորոքներին լցվել մինչև հաջորդ կծկումը։ Երկար QT համախտանիշը մեկ այլ բարդ խնդիր է և դիտվում է որպես մահացության անկախ ռիսկի գործոն։ Առկա են բուժման տարբեր եղանակներ, որոնք ներառում են աբլյացիան, դեղորայքը և ապրելակերպի փոփոխություններ՝ քիչ սթրես և վարժություններ։
Ավտոմատիզմ
խմբագրելԱվտոմատիզմը բնորոշվում է սրտամկանի բջիջների կողմից գրգիռի ինքնուրույն առաջացմամբ։ Սրտի բոլոր բջիջները ունեն գործողության պոտենցիալ առաջացնելու ունակություն, այնուամենայնիվ միայն որոշակի բջիջներ են նախատեսված նորմայում առաջացնել սրտի զարկեր։ Այս բջիջները տեղակայված են սրտի հաղորդչական համակարգում և ներառում են ՍԱ հանգույցը, ԱՎ հանգույցը, Հիսի խուրձը և Պուրկինյեի թելիկները։ ՍԱ հանգույցը հատուկ հատված է նախասրտում, որը ունի ավելի բարձր ավտոմատիզմ ամբողջ սրտի համեմատ, այդ պատճառով սովորաբար պատասխանատու է սրտի ռիթմի համար։
Ցանկացած հատված, որը առաջացնում է գրգիռ չսպասելով ՍԱ հանգույցին կոչվում է էկտոպիկ օջախ և բնորոշվում է որպես ախտաբանական երևույթ։ Սա կարող է առաջացնել եզակի վաղաժամ կծկում կամ, եթե էկտոպիկ օջախը ՍԱ հանգույցից ավելի հաճախ է առաջացնում գրգիռներ, ապա՝ կայուն առիթմիա։ Նախասրտերում կամ ԱՎ հանգույցում գտնվող էկտոպիկ օջախների առաջացրաց դիսռիթմիաները ամենքիչ վտանգավորներն են, սակայն դրանք կարող են բերել սրտի արտամղման արդյունավետության նվազման։
Ավտոմատիզմը բարձրացնող իրավիճակների թվին են պատկանում հիպօքսիան և սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումը։
Ռե-էնթրի
խմբագրելՌե-էնթրի առիթմիաները ծագում են, երբ էլէկտրական գրգիռը սրտի մի ծայրից մյուսը գնալու և մարելու փոխարեն անընդհատ պտտվում է փակ շրջանում[19][20]։
Ցանկացած սրատյին բջիջ ունակ է փոխանցել գրգիռը ցանկացած ուղղությամբ, սակայն կարճ ժամանակում միայն մեկ անգամ։ Նորմայում գործողության պոտենցիալի գրգիռը տարածվում է սրտով բավարար արագ, որպեսզի յուրաքանչյուր բջիջ արձագանքի միայն մեկ անգամ։ Այնուամենայնիվ, եթե առկա է ռեֆրակտեր շրջանի հետերոգենություն կամ որոշ հատվածներում հաղորդումը շատ դանդաղ է (օրինակ՝ վնասված հյուսվածքում), գրգիռի մի մասը տեղ կհասնի ուշ և կընդունվի որպես նոր գրգիռ։ Կախված տեղ հասնելու ժամանակից սա կարող է բերել փակ շրջանում դրա փոխանցմանը և կայուն առիթմիայի առաջացմանը։
Որպես ռե-էնթրիի տեսակ, սրտամկանում գրգռման «հորձանուտները» հանդիսանում են կյանքին սպառնացող առիթմիաների առաջացման հիմնական մեխանիզմը[21]։ Մասնավորապես դրանք հաճախ հանդիպում են նախասրտերի բարակ պատում և բերում են նախասրտերի թրթռման առաջացմանը։ Ռե-էնթրի մեխանիզմը ընկած է նաև պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտությունների մեծ մասի և վտանգավոր փորոքային հաճախասրտությունների հիմքում։ Այս տիպի ախտաբանական շրջանները տարերվում են ՎՊՎ համախտանիշի ժամանակ հանդիպողներից[22]։
Չնայած օմեգա-3 ճարպաթթուները կարող են պաշտպանել այլ տիպի առիթմիաներից, սակայն դրանք կարող են բերել ռե-էնթրի տիպի առիթմիաների առաջացման։
Ֆիբրիլյացիա
խմբագրելԵրբ սրտի ամբողջ խոռոչը ներգրավված է բազմաթիվ միկրո-ռե-էնթրի ցիկլերի մեջ և կծկվում է քաոտիկ էլեկտրական իմպուլսներով, խոսում ենք դրա ֆիբրիլյացիայի մասին։
Ֆիբրիլյացիան կարող է լինել նախասրտերում կամ փորոքներում։ Փորոքային ֆիբրիլյացիան կյանքին սպառնացող իրավիճակ է։
- Նախասրտերի ֆիբրիլյացիան առաջանում է սրտի վերին խոռոչներում, որոնք կոչվում են նախասրտեր։ Այն կարող է առաջանալ լուրջ խնդրի հետևանքով և անպայման պիտի գնահատվի բժշկի կողմից։ Սովորաբար անհետաձգելի միջամտության կարիք չի լինում։
- Փորոքային ֆիբրիլյացիան առաջանում է ստորին խոռոչներում՝ փորոքներում և միշտ պահանջում է անհետաձգելի միջամտություն։ Եթե նորմալ ռիթմը արագ չվերականգնվի, ապա ՓՖ-ն կարող է րոպեների ընթացքում բերել մահվան։ ՓՖ-ի ժամանակ սրտի արդյունավետ աչտամղումը կանգնում է։ Այն համարվում է սրտի կանգի տարատեսակ։ Հիվանդին հնարավոր է փրկել միայն շտաբ ՍԹՎ և դեֆիբրիլյացիա իրականացնելով։
ՍԹՎ-ն կարող է երկարաձգել գլխուղեղի պահպանումը նորմալ պուլսի բացակայության դեպքում, սակայն դեֆիբրիլյացիան միակ միջամտությունն է, որը կարող է վերականգնել նորմալ ռիթմ։ Դեֆիբրիլյացիան իրականցվում է սրտին հասցնելով վերահսկվող էլեկտրական հարված, որը վերալիցքավորում է բջիջները՝ հնարավորություն տալով նորմալ ռիթմին վերակագնվել։
Տրիգերային ակտիվություն
խմբագրելՏրիգերային ակտիվությունը առաջանում է, երբ իոնային անցուղիների մակարդակով խնդիրները բերում են ոչ նորմալ էլեկտրական գրգիռների առաջացման և կայուն առիթմիայի։ Այս մեխանիզմը համեմատաբար հազվադեպ է առաջանում և սովորաբար հակաառիթմիկ դեղորայքի կողմնակի ազդեցության հետևանք է։
Մեխանիզմ
խմբագրելՀաճախասրտությունները սրտամկանի բջիջներում սպոնտան էլեկտրական գրգիռների առաջացման հետևանք են։
Ախտորոշում
խմբագրելԱռիթմիան սովորաբար առաջին հերթին հայտնաբերվում է ֆիզիկալ զննման ժամանակ․ սրտի լսում կամ պուլսի շոշափում։ Այս ձևով հնարավոր չէ որոշել առիթմիայի տեսակը, սակայն կարելի է ընդհանուր պատկերացում կազմել ռիթմի հաճախության և կանոնանվորության մասին։ Սրտի ոչ բոլոր էլեկտրական գրգիռներն են առաջացնում շոշափելի կամ լսելի կծկումներ։ Շատ առիթմիաների ժամանակ վաղաժամ և ոչ նորմալ կծկումները չեն առաջացնում արդյունավետ արտամղում և ընկալվում են որպես դադար։
Հասարակ և յուրահատուկ ախտորոշիչ մեթոդ է ԷՍԳ-ն։ Հոլտեր մոնիտորինգը ԷՍԳ-ի 24 ժամյա գրանցումն է և օգտագործվում է առիթմիայի ոչ կայուն, կարճատև էպիզոդները գրանցելու համար։
Էլեկտրական ոչ նորմալ գրգիռների աղբյուրը գտնելու համար կարելի է իրականացնել սրտի էլէկտրական ակտիվության ավելի մանրամասն հետազոտություն։ Օրինակ՝ էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն, որը կաթետրիզացիոն ներանոթային միջամտություն է և հնարավորություն է տալիս աղբյուրի հայտնաբերման դեպքում իրականացնել դրա աբլյացիա։ Ներկերակրափողային նախասրտային ստիմուլյացիայի ժամանակ օգտագործվում է էլեկտրոդ, որն անցկացվում է կերակրափող մինչև ձախ նախասրտի մակարդակ[23]։ Այս հետազոտությունը օգտագործվում է նախասրտերի թրթռման, ԱՎ հանգուցային ռե-էնթրի հաճախասրտության և օրթոդրոմ ԱՎ հաճախասրտության միջև տարբերակիչ ախտորոշման նպատակով[24]։ Այս մեթոդով կարող ենք նաև գնահատել ռիսկը ՎՊՎ համախտանիշ ունեցող անձանց մոտ և դադարեցնել ռե-էնթրի մեխանիզմով առաջացած վերփորոքային հաճախասրտությունները[24]։
Բուժում
խմբագրելԲուժման եղանակը առաջին հերթին կախված է հիվանդի հեմոդինամիկ կայունությունից։ Դրանց թվին են պատկանում ֆիզիկական փորձերը, դեղորայքը, էլեկտրական վերականգնումը և կրիոթերապիան։
2011 թ․-ին ԱՄՆ-ում հիվանդանոցի ընդունարան եկած առիթմիայով և սրտի հաղորդականության խանգարումներով հիվանդների կեսից ավելին ընդունվել են սրտային ինտենսիվ թերապիայի բաժանմունք[25]։
Ֆիզիկական փորձեր
խմբագրելՍրանք իրականացվում են պարասիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվությունը բարձրացնելու նպատակով, ինչը բերում է ԱՎ հանգույցով հաղորդականության պաշարման։ Սա կարող է դանդաղեցնել կամ դադարեցնել մի շարք առիթմիաներ, որոնք առաջանում են ԱՎ հանգույցից վերև կամ դրա մակարդակին (վերփորոքային հաճախասրտություններ)։ Պարասիմպաթիկ նյարդավորում սիրտը ստանում է թափառող նյարդից և այս փորձերը միասին կոչվում են վագալ փորձեր։
Հակաառիթմիկ դեղորայք
խմբագրելԱռկա են հակաառիթմիկ դեղորայքի բազմաթիվ դասեր, որոնք ունեն տարբեր գործողության մեխանիզմներ և ընդգրկում են տարբեր դեղամիջոցներ։ Չնայած հակաառիթմիկ դեղորայքի նպատակն է կանխել առիթմիայի առաջացումը, համարյա բոլորն ունեն նախաառիթմիկ էֆեկտ և պետք է կիրառվեն զգուշությամբ։
Այլ դեղորայք
խմբագրելՈրոշ դեղամիջոցներ կարող են օգտակար լինել առիթմիայի ժամանակ։
Որոշ խմբեր դանդաղեցնում են հաղորդկանաությունը՝ առանց կանխելու առիթմիան։ Այս խմբերն օգտագործվում են ռիթմի վերահսկման համար և դարձնում առիթմիաները ֆիզիկապես տանելի հիվանդի համար։
Որոշ առիթմիաներ կարող են բերել սրտի ներսում թրոմբի գոյացման և բարձրացնել էմբոլիզացիայի և կաթվածի ռիսկը։ Այս ռիսկը նվազեցնելու համար կիրառվում են հակամակարդիչներ, օրինակ՝ վարֆարին ու հեպարին և հակաթրոմբոցիտար դեղամիջոցներ, օրինակ՝ ասպիրին։
Էլեկտրական հոսանք
խմբագրելԱռիթմիաները բուժվում են նաև էլեկտրական հարվածով, որը կարող է հասցվել արտաքինից՝ կրծքավանդակի առաջային մակերեսին, կամ սրտի ներսում տեղադրված էլեկտրոդներով։
Կարդիովերսիան իրականցվում է կամ դեղորայքով, կամ վերահսկվող, ռիթմի հետ սինխրոն էլեկտրական հարվածով։ Այն իրականացվում է վերփորոքային հաճախասրտությունները բուժելու նպատակով։ Սովորաբար հիվանդը սեդացիայի է ենթարկվում և ցավազրկվում է միջամտությունից առաջ։
Դեֆիբրիլյացիայի ժամանակ, ի տարբերություն նախորդի, կիրառվում է ոչ սինխրոն հարված։ Այն իրականցնում են փորոքային ֆիբրիլյացիայի և առանց պուլս փորոքային հաճախասրտության ժամանակ։ Հաճախ ավելի շատ էներգիա է պահանջվում դեֆիբրիլյացիայի քան կարդիովերսիայի համար։ Դեպքերի մեծ մասում հիվանդը ունենում է գիտակցության կորուստ այդ պատճառով չի լինում սեդացիայի կարիք։
Դեֆիբրիլյացիան և կարդիովերսիան կարող են իրականացվել իմպլանտացված կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի միջոցով (ICD)։
Առիթմիաների էլեկտրական բուժումը ներառում է նաև սրտային ռիթմավարի կիրառում։ Ժամանակավոր կիրառումը կարող է անհրաժեշտ լինել դարձելի պատճառներով առաջացած դանդաղասրտությունների դեպքում․ օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ կամ դեղորայքով գերդոզավորում։ Մշտական ռիթմավար տեղադրվում է, եթե ռիթմը վերականգնվելու հավանականություն չունի։
Կաուտերիզացիա (աբլյացիա)
խմբագրելՈրոշ սրտաբաններ հետագայում նեղ մասնագիտացում են ստանում էլեկտրոֆիզիոլոգիայի ոլորտում։ Մասնագիտացված կաթետրիզացիոն լաբորատորիաներում իրականացվում է սրտամկանի էլեկտրական ակտիվության քարտեզագրում։ Սա թույլ է տալիս հայտնաբերել ախտաբանական օջախները և ոչնչոցնել դրանք տաքության, ցրտի, էլեկտրական հոսանքի կամ լազերի միջոցով։ Այս գործընթացը կոչվում է կաթետրային աբլյացիա։
Այս միջամտությունը կարող է հանդիսանալ, որպես վերջնական բուժում որոշ առիթմիաների համար, բայց մյուսների համար կարող է լինել անարդյունավետ։ ԱՎ հանգուցային ռե-էնթրի հաճախասրտությունը հաճախ բուժվում է այս մեթոդով՝ այրելով ուղիներից մեկը․ սովորաբար դանդաղ ուղին։ Նախասրտերի ֆիբրիլյացիան նույնպես բուժվում է այս մեթոդով՝ իրականացնելով թոքային երակի մեկուսացում, սակայն դրական արդյունքներն ավելի քիչ են։
Հետազոտություններ
խմբագրելԴեղորայքի հետևանքով առաջացած առիթմիաներ գրանցվել են դեռևս 1920-ականներին՝ քինինի կիրառման շրջանում[26]։ 1960-ականներին և 1970-ականներին հայտնաբերվեցին հակահիստամինային և հոգեբուժական դեղորայքի հետ խնդիրները[26]։ Միայն 1980-ականներին հայտնաբերվեց նախաառիթմիկ էֆեկտի պատճառը՝ QT ինտերվալի երկարացում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «What Is Arrhythmia?». National Heart, Lung, and Blood Institute. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «What Are the Signs and Symptoms of an Arrhythmia?». National Heart, Lung, and Blood Institute. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ 3,0 3,1 «Types of Arrhythmia». National Heart, Lung, and Blood Institute. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Types of Arrhythmia». National Heart, Lung, and Blood Institute. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ Martin, C; Matthews, G; Huang, CL (2012). «Sudden cardiac death and Inherited channelopathy: the basic electrophysiology of the myocyte and myocardium in ion channel disease». Heart. 98: 536–543. doi:10.1136/heartjnl-2011-300953. PMC 3308472. PMID 22422742.
- ↑ «How Are Arrhythmias Diagnosed?». National Heart, Lung, and Blood Institute. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «How Are Arrhythmias Treated?». National Heart, Lung, and Blood Institute. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ 8,0 8,1 «Who Is at Risk for an Arrhythmia?». National Heart, Lung, and Blood Institute. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ Zoni-Berisso, M; Lercari, F; Carazza, T; Domenicucci, S (2014). «Epidemiology of atrial fibrillation: European perspective». Clinical epidemiology. 6: 213–20. doi:10.2147/CLEP.S47385. PMC 4064952. PMID 24966695.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–171. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442.
{{cite journal}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 11,0 11,1 Mehra, R (2007). «Global public health problem of sudden cardiac death». Journal of electrocardiology. 40 (6 Suppl): S118-22. doi:10.1016/j.jelectrocard.2007.06.023. PMID 17993308.
- ↑ Zipes Douglas P.; Wellens Hein J. J. (1998). «Sudden Cardiac Death». Circulation. 98: 2334–2351. doi:10.1161/01.CIR.98.21.2334.
- ↑ Deo R, Albert CM (2012). «Epidemiology and genetics of sudden cardiac death». Circulation. 125: 620–37. doi:10.1161/circulationaha.111.023838. PMC 3399522.
- ↑ Chugh, Sumeet S.; Reinier, Kyndaron; Teodorescu, Carmen; Evanado, Audrey; Kehr, Elizabeth; Al Samara, Mershed; Mariani, Ronald; Gunson, Karen; Jui, Jonathan (2008). «Epidemiology of Sudden Cardiac Death: Clinical and Research Implications». Progress in Cardiovascular Diseases. 51 (3): 213–28. doi:10.1016/j.pcad.2008.06.003. PMC 2621010. PMID 19026856.
- ↑ Winkel BG, Holst AG, Theilade J, և այլք: (2011). «Nationwide study of sudden cardiac death in persons aged 1–35 years». Eur Heart J. 32: 983–90. doi:10.1093/eurheartj/ehq428.
- ↑ Hayano J (2004 թ․ փետրվար). «Respiratory sinus arrhythmia: why does the heartbeat synchronize with respiratory rhythm?». Chest. 125 (2): 683–90. doi:10.1378/chest.125.2.683. PMID 14769752.
- ↑ «Heart rate dynamics in different levels of Zen meditation». International Journal of Cardiology. 145: 142–146. doi:10.1016/j.ijcard.2009.06.058.
- ↑ Moskalenko, A. (2012). «Tachycardia as "Shadow Play"». In Yamada, Takumi (ed.). Tachycardia. Croatia: InTech. էջեր 97–122. ISBN 978-953-51-0413-1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Wiener, Norbert; Rosenblueth, Arturo (1946). «The mathematical formulation of the problem of conduction of impulses in a network of connected excitable elements, specifically in cardiac muscle». Archivos del Instituto de Cardiología de México. 16 (3): 205–65. PMID 20245817.
- ↑ Allessie, M. A.; Bonke, F. I.; Schopman, F. J. (1976). «Circus movement in rabbit atrial muscle as a mechanism of tachycardia. II. The role of nonuniform recovery of excitability in the occurrence of unidirectional block, as studied with multiple microelectrodes». Circulation Research. 39 (2): 168–77. doi:10.1161/01.RES.39.2.168. PMID 939001.
- ↑ Mandel, William J., ed. (1995). Cardiac Arrhythmias: Their Mechanisms, Diagnosis, and Management (3 ed.). Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-397-51185-3.
- ↑ Denruijter, H; Berecki, G; Opthof, T; Verkerk, A; Zock, P; Coronel, R (2007). «Pro- and antiarrhythmic properties of a diet rich in fish oil». Cardiovascular Research. 73 (2): 316–25. doi:10.1016/j.cardiores.2006.06.014. PMID 16859661.
- ↑ Meigas, K; Kaik, J; Anier, A (2008). «Device and methods for performing transesophageal stimulation at reduced pacing current threshold». Estonian Journal of Engineering. 57 (2): 154. doi:10.3176/eng.2008.2.05. ISSN 1736-6038.
- ↑ 24,0 24,1 Pehrson, Steen M.; Blomströ-LUNDQVIST, Carina; Ljungströ, Erik; Blomströ, Per (1994). «Clinical value of transesophageal atrial stimulation and recording in patients with arrhythmia-related symptoms or documented supraventricular tachycardia-correlation to clinical history and invasive studies». Clinical Cardiology. 17 (10): 528–534. doi:10.1002/clc.4960171004. ISSN 0160-9289. PMID 8001299.
- ↑ Barrett ML, Smith MW, Elizhauser A, Honigman LS, Pines JM (2014 թ․ դեկտեմբեր). «Utilization of Intensive Care Services, 2011». HCUP Statistical Brief #185. Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 26,0 26,1 Heist, EK; Ruskin, JN (2010 թ․ հոկտեմբերի 5). «Drug-induced arrhythmia». Circulation. 122 (14): 1426–35. doi:10.1161/circulationaha.109.894725. PMID 20921449.
Արտաքին հղումներ
խմբագրել- Առիթմիա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առիթմիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 544)։ |