Սերգեյ Փարաջանով
Սերգեյ Փարաջանով (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) (վրաց.՝ სერგეი (სერგო) ფარაჯანოვი)) (հունվարի 9, 1924[1][2][3][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - հուլիսի 20, 1990[1][2] կամ հուլիսի 21, 1990[5], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), 20-րդ դարի[6][7][8] հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։
Սերգեյ Փարաջանով Սարգիս Հովսեփի Փարաջանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Մահացել է | հուլիսի 20, 1990[1][2] (66 տարեկան) կամ հուլիսի 21, 1990[5] (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Գործունեության տարիներ | 1946-1990 |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժող, կինոսցենարիստ և վիզուալ արտիստ |
Ոճ(եր) | Խորհրդային նոր ալիք |
Ամուսին | Նիգյար Քերիմովա (1950-1951) Սվետլանա Շչերբատյուկ (1956-1962) |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0660886 |
parajanov.com |
Ընտանիք
խմբագրելՍերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից[9]։
Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում[9]։
Կենսագրություն
խմբագրել1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը[10]։
1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր Իգոր Սավչենկոյի, իսկ վերջինիս մահից հետո՝ Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոցում[11]։ Այս արվեստանոցում են սովորել նաև շատ այլ հայտնի ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալովը, Վլադիմիր Նումովը, Յուրի Օզերովը, Մարլեն Խուցիևը, Ֆելիքս Միրոները, Հենրիխ Գաբայը, Նիկոլայ Ֆիգուրովսկին, Լատիֆ Ֆայզիևը և Գրիգոր Մելիք-Ավագյանը։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին իրենց ուսուցչի՝ Ի․ Սավչենկոյի ֆիլմերի նկարահանումներին՝ 1948 թվականին՝ «Երրորդ հարվածը» և 1951 թվականին՝ «Տարաս Շևչենկո» ֆիլմերին[9]։ 1949 թվականին սկսեց աշխատել Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական, որտեղ աշխատեց մինչև 1960 թվականը[12]։
Փարաջանովը ՎԳԻԿ-ն ավարտեց 1951 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակը[11]։
Անձնական կյանք
խմբագրելԴիպլոմային աշխատանքի ժամանակ Փարաջանովի՝ մոլդովական ֆոլկլորին անդրադառնալը պատահական չէր։ ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները Մոսկվա եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Նույն օրը Սերգեյը հորը նամակ ուղարկեց, որտեղ աղաչում էր հորը իրեն տալ պահանջվող գումարը՝ պարտավորվելով ժամանակի ընթացքում անպայման վերադարձնել։ Սակայն Հովսեփը շատ էր վիրավորվել որդուց նրա համար, որ վերջինս արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղով և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին վերջինիս գնացքի տակ[13]։
Մոլդովական թեմային անդրադառնալը հիշատակի տուրք էր սիրելի կնոջը, ում Փարաջանովը չմոռացավ մինչև կյանքի վերջ, թեև արտաքուստ նրա անձնական կյանքն այդ ողբերգությունից հետո բավականին լավ էր դասավորվում։ 1950-ական թվականների կեսերին լինելով Կիևում, ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի (1938-2020) հետ, ով 2 տարի ապրել էր Կանադայում։ Ծնվեց նրանց որդին՝ Սուրենը[14][15], ով մոր պես շիկահեր էր և Փարաջանովին շատ քիչ էր նման։ Սերգեյին շատ դժվար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսվում էին Փարաջանովի խենթությունները, Թբիլիսիի հարևաններն ասում էին․ «Խենթն ազատության մեջ է»։ Նա ստիպում էր կնոջը ևս մասնակցել իր խենթություններին․ պահանջում էր, որ վերջինս խնձորները մաքրի յուրահատուկ ձևով, կոտլետներն ափսեի մեջ դնի յուրահատուկ ձևով, բաժակը սեղանին դնի յուրահատուկ ձևով[10]։
Սվետլանա Շչերբատյուկն այդպես էլ չկարողացավ հարմարվել ամուսնու խենթություններին և 1961 թվականին վերցնելով որդուն՝ հեռացավ տնից[9]։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՆախքան բանտարկվելը
խմբագրել1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանեց «Առաջին տղան», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տաս տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։
1964 թվականին Փարաջանովն Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձավ 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրեց այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։ 1966 թվականին Կիևի Համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանացավ մրցանակի։ Սակայն արևմուտքում (այնտեղ ֆիլմը ցուցադրվում էր «Հրեղեն ձիերը» անվամբ) ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն անհամեմատ մեծ էր, քան հայրենիքում։ 1965 թվականին ֆիլմը մրցանակներ ստացավ նաև Բրիտանական ակադեմիայից, Հռոմի և Մար դել Պլատայի փառատոներից։ 2 տարվա ընթացքում ֆիլմը ստացավ միջազգային փառատոների 28 մրցանակ, պարգև և դիպլոմ՝ դառնալով խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը[16]։
1966 թվականին Փարաջանովն իր սցենարի հիման վրա սկսեց նկարահանել «Կիևի որմնանկարներ» ֆիլմը, որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի իրադարձություններին։ Ֆիլմի առաջին փորձերից հետո պաշտոնյաները ռեժիսորին մեղադրեցին պատերազմի իրադարձություններին ցնորական և առեղծվածային-սուբյեկտիվ վերաբերվելու մեջ և արգելեցին հետագա նկարահանումները[17]։ Հասկանալով, որ Կիևում նրան այլևս չեն թողնի աշխատել՝ նա տեղափոխվեց Երևան՝ Հայֆիլմ, որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները[10]։
Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը և չհասկացան ռեժիսորի նորարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, և դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը։ Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել և որը գտնվում է Հայֆիլմի արխիվում և Յուտկևիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթի։ Սակայն այս տարբերակն էլ պաշտոնյաները վախենում էին տարածել լայնորեն և բազմացրին միայն 143 օրինակ ֆիլմից, որը դիտեց կես միլիոնից ավել հանդիսատես։ Ֆիլմը վարձույթում մնաց մի քանի ամիս, որից հետո հանվեց, քանի որ 1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով[9]։
Ազատ արձակվելուց հետո
խմբագրելՉորս տարի անց բանտից դուրս գալուց հետո նա երկար ժամանակ առանց աշխատանք էր։ Կինեմատոգրաֆ նրան չէին կանչում, թեև անգործության տարիներին՝ 1968-1982 թվականներին, 17 սցենար էր գրել, սակայն դրանցից ոչ մեկը պահանջարկ չուներ։ Փարաջանովը հազվադեպ Կիև էր մեկնում՝ որդուն՝ Սուրենին այցելության, ով սովորում էր ճարտարագիտական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ Ազատ արձակվելուց մի քանի տարի անց Փարաջանովը սկսեց կրկին զարմացնել իր համարձակ ճառերով։ 1980 թվականին ֆրանսիական «Մոնդ» թերթին տված հարցազրույցում ասվում էր[9]․
Որպեսզի ինձ մեղադրանք առաջադրվեր ինձ անվանեցին հանցագործ, գող, հակախորհրդային անձ։ Մարմնիս վրա նույնիսկ ոսկի էին փնտրում, այնուհետև վերագրեցին համասեռականություն և դատապարտեցին դրա համար։ Կուսակցության անդամներից մեկին էի իբրև բռնաբարել, հրապուրել 40-ամյա մի կնոջ․․․ Որպեսզի հանցագործությունն ինձ վերագրեն, 6 դատախազ մոբիլիզացվեց։ «Ձեզ մեկ տարին քիչ է, - ասում էին նրանք։ Դուք 5 տարի կստանաք։ Դա միանգամայն բավական է Ձեզ ոչնչացնելու համար․․․» Այժմ ես ազատ եմ, սակայն ինձ ապահով չեմ զգում։ Ապրում եմ հավերժ վախի մեջ՝ վախենում եմ դուրս գալ տնից, վախենում եմ, որ ինձ կառևանգեն, կայրեն բանտի նկարներս։ Այստեղ բոլորը պետք է ունենան գրանցում և աշխատանք։ Սակայն ինձ աշխատանքի չեն վերցնում։ Առաջարկում եմ սցենարներս։ Հայֆիլմը ցանկանում էր ֆիլմ նկարահանել սցենարներից մեկի հիման վրա, սակայն ղեկավարությունը ընդդիմացավ։ Ինձ կարող են ձերբակալել ցանկացած ժամանակ, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում։ Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ։ Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել։ Այժմյան կյանքս անիմաստ է։ Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը։ Թակել եմ բոլոր դռները։ Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում։ Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում․․․ Այսօր այլընտրանք չունեմ։ Արձակուրդն անտանելի է ինձ համար։ Չեմ կարող ապրել առանց աշխատանք։ Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել։ Պետք է հապճեպ հեռանամ այստեղից։ Գիտեմ այն դժվարությունների մասին, որ սպասվում են ինձ։ Դժվար թե Արևմուտքում միանգամից ոգեշնչություն գտնեմ։ Չէի ցանկանա ֆրանսիացիների մոտ տպավորություն ստեղծել, որ կարող եմ միանգամից գլուխգործոցներ ստեղծել։ Արմատներս այստեղ են, սակայն այլընտրանք չունեմ։ Պետք է հեռանամ այստեղից․․․[9] |
Այս հարցազրույցին ղեկավարութունն ուշադրություն չդարձրեց։ Փարաջանովը կրկին անգործ էր։ Կարծում էր, եթե համարձակ հարցազրույց տա, ապա նրան կհեղեղեն աշխատանքով, բայց չստացվեց, ոչ էլ Արևմուտք մեկնեց[9]։
Երկրորդ մեղադրանքից հետո
խմբագրելՄեղադրանքից երկու տարի անց Փարաջանովին Վրաստանում թույլ տվեցին վերադառնալ կինեմատոգրաֆ։ Դրանից շատ առաջ ռեժիսորը խնդրանքով դիմեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին՝ թույլ տալ Հայաստանում նկարահանել ֆիլմ՝ հիմնված ժողովրդական էպոս Սասունցի Դավթի վրա, սակայն նրա խնդրանքը մերժվեց։ Այդ ժամանակ էլ նա հրավեր ստացավ Վրացֆիլմից։ Արդյունքում հայտնի դերասան Դավիթ Աբաշիձեի հետ Փարաջանովը նկարահանեց իր երրորդ հայտնի ֆիլմը՝ «Սուրամի ամրոցի լեգենդը»։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1985 թվականին[10]։ Սակայն ֆիլմի վարձույթը նախկինի պես չափազանց փոքր էր՝ պատճենվեց միայն 57 օրինակ ֆիլմից։ Ֆիլմը չդիտեց նույնիսկ կես միլիոն հանդիսատես։ Հայրենիքի սահմաններից դուրս ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ, մրցանակներ ստացավ Տրոյում, Սիտսեխում, Բեզանսոնում և Սան Պաուլոյում[18]։
Դրսում ֆիլմի ունեցած հաջողությունների շնորհիվ Փարաջանովն առաջին անգամ եղավ արտասահմանում։ 1988 թվականի փետրվարին նա մեկնեց Ռոտերդամ, Հոլանդիա, որտեղ հրավիրել էին աշխարհի 20 լավագույն ռեժիսորներին՝ 21-րդ դարի խոստումնալից ռեժիսորներին։ Փարաջանովն այնտեղ մնաց ընդամենը 3 օր, սակայն շատ բան հասցրեց անել։ Նա գնեց այնքան անպետք իրեր, որ 2 վերելակով մեծ դժվարությամբ բարձրացրին։ Այդ ամբողջը ռեժիսորն այնուհետև բերեց Մոսկվա՝ իր հին ծանոթներից մեկի՝ Քաթայանների բնակարան, որպեսզի այնտեղից հետո տեղափոխի Թբիլիսի։ Սակայն մեկնման օրը, դասավորելով ճամպրուկները և իրերը՝ Փարաջանովը հավաքեց նաև տանտերերի որոշ հազվագյուտ իրեր[9]։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն ակտիվորեն աշխատում էր կինոյում։ 1986 թվականին նկարահանեց «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» փաստագրական ֆիլմը, իսկ 2 տարի անց՝ «Աշուղ ղարիբը» գեղարվեստական ֆիլմը, որի հիմքում ընկած է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմը։ Վերջին ֆիլմը ցուցադրվեց Վենետիկի փառատոնում[16]։
1989 թվականին Փարաջանովը սկսեց աշխատել հերթական ֆիլմի վրա՝ «Խոստովանանք», որը պետք է ինքնակենսագրական լիներ։ Սակայն ռեժիսորը չհասցրեց նկարահանել այն ծանր հիվանդության պատճառով[19]։
1989 թվականի մայիսին Թբիլիսիում մահացավ Փարաջանովի քույրը՝ Աննան, իսկ մի քանի ամիս անց բժիշկները ռեժիսորի մոտ ախտորոշեցին թոքի քաղցկեղ։ Հոկտեմբերին նրան տեղափոխեցին Մոսկվա և պառկեցրին Պիրոգովկա հիվանդանոցում։ Վիրահատեցին, հեռացրին թոքը, սակայն առողջական վիճակը չբարելավվեց։ Ընկերները խորհուրդ տվեցին բուժվել Փարիզի հիվանդանոցներից մեկում, որտեղ 3 տարի առաջ բուժվել էր Սերգեյի գործընկերը՝ Անդրեյ Տարկովսկին[9]։
1990 թվականի հուլիսի 17-ին Փարաջանովը վերադարձավ Երևան և երեք օր անց մահացավ։ Հուլիսի 25-ին ռեժիսորին թաղեցին Պանթեոնում[16]։
Փարաջանովից շատերն են վիրավորվել իրենց կյանքի ընթացքում։ Նրա գործընկերներից մեկը այն հարցին, թե ինչ է չարը, պատասխանեց՝ Փարաջանովը։ Սերգեյը նույնիսկ քրոջն այդպես էլ չներեց այն, որ հակառակվեց ծնողներին և ամուսնացավ վարսահարդարի հետ։ Փեսայի թաղմանը նա հանգուցյալին գրիմավորել է կայսր Ֆերդինանդի նման, ոլորել բեղերը, այտերը կարմրացրել, մի ձեռքում վառվող մոմ է դրել, մյուսին՝ նուռ։ Քրոջը հագցրել է գորգից կարած ծաղիկներով շոր, գլխին բարձ դրեց և այդ տեսքով նստեցրեց դագաղի մոտ։ Հյուրերը, տեսնելով այդ ամենը, սարսափած էին և ամբողջ երեկոյի ընթացքում չմոտեցան ուտելիքին[9]։
Ձերբակալություններ
խմբագրելՄեղադրանք համասեռականության համար
խմբագրել1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մեկ եղեկեցիներ կողոպտելու (նա հավաքում էր սրբապատկերներ), մեկ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ առան հոմոսեքսուալության վրա (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Գտնվեց մեկը, ով Փարաջանովի դեմ վկայություն էր տալու․ իբր վերջինս բռնաբարել էր իրեն[9]։
Փարաջանովին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման և սկզբից ուղարկեցին Վորոշիլովգրադի բանտերից մեկը, այնուհետև՝ Վիննիցա։ Բանտից նա նամակներ էր գրում իր հարազատներին, ընկերներին, ծանոթներին։ Քրոջ՝ Աննայի 14-ամյա որդուն՝ Գեորգի Խաչատուրովին, գրված նամակից (1974)[9]․
Թբիլիսիում շոգ է, իսկ այստեղ՝ անձրևներ։ Խոնավ է։ Ոտքերիս մաշկն ամբողջովին պատված է բորբոսով և այտուցներով։ Բանտում 1500 բանտարկյալ կա, ով ամենաքիչը 3 դատվածություն ունի։ Ինձ շրջապատում են արյունոտ ճակատագրեր, շատերը կորցրել են մարդկային կերպարանքը։ Ինձ գիտակցաբար են գցել հենց այստեղ, որպեսզի նրանք ոչնչացնեն ինձ։ Գողական լեզվին չեմ տիրապետում, դաջվածքներ չունեմ։ Նրանք ատում էին ինձ, կարծում էին, թե ինձ հատուկ են իրենց մոտ ուղարկել, որպեսզի բանտի կյանքն ուսումնասիրեմ և ֆիլմ նկարահանեմ[20]։ Սակայն, փառք Աստծո, հավատացին ինձ։ Շատերն են ապաշխարում․․․ Հաճախ եմ փքվում սովից։ Լիլիա Բրիկը (Վ․ Մայակովսկու նախկին սիրուհին, ով գործուն մասնակցություն է ունեցել Փարաջանովի կյանքում) ինձ երշիկ և ֆրանսիական կոնֆետներ է ուղարկել, սակայն ամբողջը կերան բանտի պետն ու բանտապահը, ինձ մնաց միայն հոտոտել փաթեթավորումը։ Արտադրամասում աշխատում եմ որպես հավաքարար։ Վերջերս ոմն մեկը դիտմամբ ջուր էր բաց թողել այնտեղ։ Ամբողջ գիշեր, կանգնած սառը ջրում, դույլերով ջուր էի հանում։ Արյուն եմ թքում։ Մի՞թե սա է իմ վերջը․․․ Կարոտում եմ ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ, ահավոր է։ Գրիր մանրամասն։ Յուրաքանչյուր նամակ, որ ստանում եմ, թթվածնի կտոր է ինձ համար։ Փայփայիր կյանքդ, ծնողներիդ և պատիվդ։ Հիմարություններ մի՛ արա։ Ամեն ինչ պատժվում է․․․»[9]: |
Սկզբնական շրջանում Փարաջանովը բանտում ճնշված էր զգում իրեն, կոտրված և ոչնչացված։ Բոլորն էին ծաղրում նրան՝ և բանտապետը, և բանտարկյալները։ Բացի այդ Փարաջանովը վատառողջ էր՝ հիվանդ սիրտ ուներ, տանջում էր շաքարախտը։ Բանտում վիրահատեցին թոքերը։ Չնայած այս դժվարություններին՝ Փարաջանովը բակում հավաքում էր դուրս նետված ծաղիկները, հերբարիում պատրաստում և նամակով ուղարկում ընկերներին։ Մի անգամ նույնիսկ կեֆիրի կափարիչի վրա մեխով Պուշկինի, Գոգոլի և Պետրոս I-ի դիմանկարները գծեց։ Բանտապահները, տեսնելով դիմանկարը, կատակեցին դրա շուրջ, սակայն ձեռքից չվերցրին։ 10 տարի անց այս «մեդալիոն»-ն ընկավ ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքը, ով արծաթե մեդալ պատրաստեց դրանից, որն այդ ժամանակվանից շնորհվում է լավագույն ֆիլմին՝ Ռիմինիի փառատոնում[13]։
Դմիտրի Շևչենկոն պատմում էր․
Բանտը չկոտրեց Փարաջանովին, չաղտոտեց նրա հոգին։ Նա կեղտի, լվերի ու ցածրացումների աշխարհից դուրս բերեց գեղեցկությունը, դարձավ իսկական նկարիչ։ Այս առումով նա և Սոլժենիցկին ընդհանուր բան ունեն, ով գոչել էր․ «Օրհնյա՛լ լինես, բանտ»։ Քարի փոքրիկ կտորը, չորացած խոտը, երկաթե ձողերը նրա ձեռքերում գլուխգործոցներ էին դառնում։ Միայն Լիլիա Բրիկը չէր նրան նվերներ ուղարկում բանտ։ Մի անգամ Փարաջանովը բանտի բաղնեպանի հետ միասին փշալարերից և իր գուլպաներից ծաղկեփունջ պատրաստեց և ուղարկեց Լիլիային մարտի 8-ի կապակցությամբ։ Լիլիան հիացած էր և նվերը դրեց Մայակովսկու նվիրած ծաղկամանի մեջ։ Սակայն բանտի հոտը վերացնելու համար ստիպված էր ծաղկեփունջին փչել «Մուստանգ» օծանելիք․․․[13] |
Լիլիա Բրիկն ամեն ինչ անում էր Սերգեյին բանտից ազատելու համար։ Այն ժամանակ նա 80 տարեկան էր, սակայն չնայած տարիքին, նախանձելի ակտիվություն էր ցուցաբերում։ Բրիկն առաջինն էր, ով ոտքի հանեց օտարերկրացիներին որպեսզի պաշտպանեն Փարաջանովին։ Նրա ազդեցությունը հատկապես ուժեղ էր Ֆրանսիայում։ 1977 թվականին նա անձամբ մեկնեց Փարիզ, որտեղ ցուցահանդես էր բացվում՝ նվիրված Վլադիմիր Մայակովսկուն։ Այստեղ նա հանդիպեց ֆրանսիացի գրող, կոմունիստ, Լենինի մրցանակի դափնեկիր Լուի Արագոնի հետ։ Լիլիան համոզեց վերջինիս Մոսկվայում հանդիպել Բրեժնևի հետ և բարեխոսել Փարաջանովի համար։ Արագոնը համաձայնվեց և իրոք հանդիպեց Բրեժնևի հետ ու զրույցի ժամանակ հիշատակեց Փարաջանովին։ Բրեժնևը չէր ճանաչում Փարաջանովին, սակայն քանի որ լավ էր վերաբերվում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը և անձամբ՝ Լուի Արագոնին, խոստացավ անպայման քննել այս հարցը։ Եվ կատարեց խոստումը։ 1977 թվականի դեկտեմբերի 30-ին Փարաջանովին ազատ արձակեցին՝ կրճատելով ժամկետը մեկ տարով[17]։
Մեղադրանք կաշառք տալու համար
խմբագրել1981 թվականին Փարաջանովը Մոսկվայում էր՝ ընկերների մոտ։ Որքան էլ, որ նրանք ջանում էին ռեժիսորի գալը գաղտնի պահել, չստացվեց։ Շուտով նրա՝ մայրաքաղաքում հյուր լինելը բոլորն իմացան՝ այդ թվում և Տագանկայի թատրոնի ռեժիսոր Յուրի Լյուբիմովը, ով հրավիրեց Սերգեյին իր թատրոն՝ «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացման պրեմիերային[9]։
Պրեմիերային ներկա էին գրականության և արվեստի շատ գործիչներ, ինչպես նաև Մշակույթի նախարարության և ԱԱԾ ներկայացուցիչներ։ Երբ ներկայացումն ավարտվեց, սկսվեց բուռն քննարկում, որին մասնակցում էր նաև Փարաջանովը։ Բեմ դուրս գալով՝ նա նշեց բեմադրության բոլոր թույլ և ուժեղ կողմերը, ռեժիսորին մի քանի խորհուրդ տվեց։ Սակայն ելույթի վերջում չդիմացավ[9].
Յուրի Պետրովիչ, - դիմեց Լյուբիմովին, - Դուք շատ մի տխրեք։ Եթե Ձեզ այս ներկայացման պատճառով հեռացնեն աշխատանքից, Դուք չեք կորի։ Օրինակ՝ ես մի քանի տարի է ինչ չեմ աշխատում և ոչինչ։ Ինչպես տեսնում եք՝ ապրում եմ։ Ճիշտ է՝ ինձ օգնում է ինքը՝ Հռոմի պապը, ով ինձ ադամանդներ է ուղարկում, որոնք ես վաճառում եմ․․․[21] |
Այս ելույթից հետո դահլիճն աշխուժացավ, որը ոգևորեց Փարաջանովին էլ ավելի համարձակ հայտարարություններ անել։ Նա սկսեց քննադատել խորհրդային իշխանություններին՝ անվանելով այն ֆաշիստական։ Այսպիսի ելույթից հետո Փարաջանովի ազատության մեջ մնալը կրկին հարցական էր։ Մոսկվան Թբիլիսիից պահանջեց զբաղվել Փարաջանովի հարցով։ Վրացական իշխանություններն օպերատիվորեն արձագանքեցին և Փարաջանովի նկատմամբ կրկին քրեական գործ հարուցվեց՝ այժմ նա մեղադրվում էր կաշառք տալու մեջ, որի առիթն ինքն էր տվել[21]։
Փարաջանովի զարմիկը՝ Գեորգին, չկարողացավ թատերական ինստիտուտի ընդունելության քննությունները, և Փարաջանովը ստիպված էր այլ ձևերով զարմիկին «խցկել» բուհ։ Արդյունքում նա հանձնաժողովի նախագահին նվիրեց ընտանեկան մատանին՝ ադամանդե քարով, և տղան ընդունվեց ինստիտուտ։ Շուտով ոստիկանությունն իմացավ դրա մասին։ Սկզբից ցուցմունք վերցրին Գեորգիից, և արձանագրությունը ցույց տվեցին Փարաջանովին։ Քննիչը Փարաջանովին ակնարկեց, որ կարող է գործը փակել 500 ռուբլով։ Ռեժիսորն այդ առաջարկի մեջ կասկածելի ոչինչ չնկատեց և համաձայնեց վճարել։ 1982 թվականի փետրվարի 11-ին նա գումարը դրեց ծրարի մեջ և ուղևորվեց Ալեքսանդրովսկի այգու մոտ գտնվող դեղատուն, որտեղ նշանակված էր քննիչի հետ հանդիպումը։ Այնտեղ էլ նրան ձերբակալեցին։ Նույն օրը նրա տունը խուզարկեցին, որի ժամանակ ոստիկանները, փնտրելով առեղծվածային թանկարժեք ոսկեղենը, ամբողջ տունը տակնուվրա արեցին։ Փնտրում էին կամ Փարաջանովի հոր կամ Հռոմի պապի ուղարկած ադամանդները։ Ոչինչ չգտան, սակայն դատը կայացավ ձերբակալությունից մեկ տարի անց՝ Թբիլիսիի արվեստների տանը։ Ռեժիսորին կրկին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, սակայն պայմանական։ Դատավճիռը մեղմեցին այն պատճառով, որ Փարաջանովի ընկերները՝ մասնավորապես պոետ Բելլա Ախմադուլինան, բարեխոսեցին նրա համար։ Բելլան լավ հարաբերություններ ուներ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ[21] և վերջինիս նամակ գրեց՝ խնդրելով միջնորդել Փարաջանովի պատիժը մեղմելու համար՝ բացատրելով, որ երկրորդ անգամ բանտում հայտնվելով, նա չի դիմանա։ Նամակն իր նպատակակետին հասավ։ Դմիտրի Շևչենկոյի խոսքերով․[9]
Ահեղ դատարանը, մայրաքաղաքից ստանալով նոր ցուցում, միանգամից փոխեց տոնը։ Լսումների ընդմիջումներին դատախազը մոտեցավ Փարաջանովին և ականջին ասեց, որ կալանք չի լինի։ «Միայն խնդրում եմ, Սերգե՛յ, հասարակական ներկայացում չսարքեք»։ Սակայն վերջինս չլսեց։ Նախքան արդարացնող դատավճիռը հայտարարելը, Փարաջանովը հանկարծ խոսքի իրավունք խնդրեց և հայտարարեց, որ իրեն պահպանող ոստիկանը, զգալիորեն նման է Նապոլեոնին։ «Ապա գլուխդ այս կողմ դարձրու, իսկ հիմա ձեռքերդ։ Իսկական Նապոլեոն»։ Դատավորը վիրավորվեց։ «Բերեք մեկ կիլոգրամ դափնու տերև, - պահանջեց Փարաջանովը։ Եվ սպիտակ սավան։» «Ինչո՞ւ»։ «Որովհետև Դուք միանշանակ Ներոնն եք»։ Դահլիճը ծիծաղեց։ Ավարտելով Ներոնի և Նապոլեոնի մասին ելույթը, ռեժիսորը հանկարծ խոսեց այն մասին, իբր ինքը իսկական լենինցի է և միակ ռեժիսորը, ով կարող է առաջնորդի մասին արժանի ֆիլմ նկարել։ Այնուհետև սկսեց խոսել Գարիկի մայրը՝ Աննա Փարաջանովան և պահանջեց իրեն բացատրել, թե ինչու է խուզարկվել եղբոր սենյակը։ Չէ որ նա վերջերս էր ազատ արձակվել, բանտից վերադարձել էր կիրզայից երկարաճիտ կոշիկներով և բաճկոնով՝ առանց փող։ 500 ռուբլին, որը նշվում էր գործում, ինքն էր եղբորը տվել։ «Նա աղքատ է։ Նա նույնիսկ ներքնաշոր չունի։ Սերյոժան կրում է մեր հանգուցյալ մոր՝ Սիրանի ֆլանելե վարտիքը․․․»: Դահլիճը քար կտրեց։ «Ի՞նչ ես խոսում, - բռնկվեց Փարաջանովը, - դահլիճում է այն կինը, որի նկատմամբ ես անտարբեր չեմ»[9]։ |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)
- Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)
- «Հարավային խաչ» մրցանակի դափնեկիր՝ Մար դել Պլատայի 7-րդ միջազգային կինոփառատոնում՝ օպերատորական աշխատանքի, լույսի և էֆեկտների համար (Արգենտինա, 1965)
- Կիևի Համամիութենական կինոփառատոնում հանձնաժողովի հատուկ մրցանակ՝ տաղանդավոր փնտրումների և նորարաության համար (1966)
- Սալոնիկի I միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ լավագույն բեմադրման համար (1966, Հունաստան)
- Հռոմի միջազգային կինոփառատոնի գավաթակիր (1965, Իտալիա)
- Բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիր լավագույն օտարերկրյա ֆիլմի համար (1965)
- Իսպանիայի "Caixa de Catalunya" մրցանակի դափնեկիր (1986)
- Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր (1987, Բրազիլիա)
- Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր (1987, Նիդեռլանդներ)
- Հայկական ԽՍՀ պետական մրցանակ՝ «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի համար (1988)
- Ստամբուլի միջազգային կինոփառատոնում հանձնաժողովի հատուկ մրցանակ (1989)
- Նիկա մրցանակի դափնեկիր (1990)
- Տ․ Շևչենկոյի անվան Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1991, հետմահու)
Հիշատակ
խմբագրել- 2010 թվականին Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը՝ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով[22][23]։
- Սերգեյ Փարաջանովի անունն է կրում 1969 թվականին հայտնաբերված (3963) Փարաջանով աստերոիդը[24]։
- 1991 թվականի հունիսի 27-ին Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը և գերեզմանին դրվեց նրա կիսանդրին։
- 1992 թվականի սեպտեմբերին Թբիլիսիում Փարաջանովի տան վրա բացվեց հուշատախտակ։
- 1993 թվականին Կիևի տան շքամուտքում, որտեղ ապրել և ձերբակալվել էր Փարաջանովը, դրվեց հուշատախտակ։
- 1997 թվականի հունիսին Դովժենկոյի անվան կինոստուդիայի տարածքում Հայաստանի և Ուկրաինայի նախագահների ներկայությամբ բացվեց Փարաջանովի հուշարձանը։
- 2004 թվականի նոյեմբերի 6-ին Թբիլիսիի հին մասում դրվեց Փարաջանովի հուշարձանը (ցատկի ժամանակ)
- 2017 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու թիվ 64-Ն որոշմամբ Սերգեյ Փարաջանովի թանգարանին կից փողոցն անվանակոչվել է նրա անունով[25]։
- 2010 թվականի հուլիսի 16-ին Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացվեց հայկական ծագումով վրացի ֆոտոնկարիչ Յուրի Մեչիտովի «Սերգեյ Փարաջանով․ Երկխոսության քրոնիկա» ֆոտոալբոմը։ Ֆոտոալբոմում ներկայացված է 2096 պատկեր, որոնք ներկայացնում են ռեժիսորի 12 տարիների կյանքը։ Ֆոտոալբոմը տպվել է Մոսկվայում 1500 օրինակով։ Գրքերի մի մասը փոխանցվեց Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։
- Հայաստանում և Ուկրաինայում փոստային նամականիշեր տպվեցին՝ նվիրված Փարաջանովին։
- Սերգեյ Փարաջանովին է նվիրված «Հրաշալի մարդկանց կյանքը» գրքաշարի 1535-րդ թողարկումը։ Հեղինակ՝ Լևոն Գրիգորյան, Մոսկվա, «Молодая гвардия», 2011 թ
- 2005 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանեց Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»[26]։
Փարաջանովին նվիրված ֆիլմեր
խմբագրել- «Հայկական հողի գույնը», 1969, ռեժիսոր Միքայել Վարդանովը նկարում է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները[27]։
- «Փարաջանով։ Վերջին գարուն (ֆիլմ)», ռեժիսոր Միքայել Վարդանովը և Փարաջանովը պատմում են «Նռան գույնի» նկարահանումների մասին և Փարաջանովի անավարտ «Խոստովանանք» կինոնկարի մասին, որը պահպանված է այս ֆիլմում[28][29][30]։
- «Վարպետ․ Սերգեյ Փարաջանով» (ռեժիսոր Ալեքսանդր Կայդանովսկի, 1989-1992):
- «Բոբո», 1991 թվականին ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի լիամետրաժ ֆիլմը, որտեղ հեղինակների կողմից առաջին անգամ ներառվեց և մոնտաժվեց վարպետի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից մի քանի փոքրիկ տեսարաններ՝ մոտ 8 րոպե։
- Սերգեյ Փարաջանովին է նվիրված կինոռեժիսոր Լևոն Գրիգորյանի ֆիլմաշարից «Ես, Սերգեյ Փարաջանովն եմ» (2001), «Անդրեյը և Սերգեյը» (2002), «Օրփեոսն իջնում է դժոխք» (2003), «Էրոսը և Տանատոսը» (2005), «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» (Հայֆիլմ, Հայաստան, Zjivago-Media, Իտալիա, 2005) ֆիլմերը։ Այս ֆիլմերն արդյունքում միավորվել են «Փարաջանովի կոդը» ֆիլմի մեջ։
- «Փարաջանով» (ռեժիսորներ Ելենա Ֆետիսովա և Սերժ Ավետիքյան, 2013):
- «Ավետարան ըստ Փարաջանովի» (ռեժիսոր Վիվյեն Բաստաջյան, 2024)[31]:
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսորական աշխատանքներ
խմբագրելՏարի | Անվանում |
---|---|
1951 | Մոլդավական հեքիաթ |
1954 | Անդրիեշ |
1957 | Ոսկի ձեռքեր |
1957 | Նատալյա Ուժվի |
1957 | Դումկա (ֆիլմ) |
1959 | Առաջին տղան |
1961 | Ուկրաինական ռապսոդիա |
1962 | Ծաղիկ քարի վրա |
1964 | Մոռացված նախնիների ստվերները |
1966 | Կիևի որմնանկարներ |
1967 | Հակոբ Հովնաթանյան |
1968 | Նռան գույնը |
1968 | Երեխաները՝ Կոմիտասին |
1984 | Սուրամի ամրոցի լեգենդը |
1985 | [Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով |
1988 | Աշուղ ղարիբը |
1992 | Խոստովանանք (անավարտ, ժապավենը 1991 թ. օգտագործած է Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Բոբո» լիամետրաժ ֆիլմում, որտեղ հեղինակների կողմից առաջին անգամ ներառվեց և մոնտաժվեց վարպետի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից մի քանի փոքրիկ տեսարաններ՝ մոտ 8 րոպե։ |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1964 | Մոռացված նախնիների ստվերները |
1965 | Կիևի որմնանկարներ |
1968 | Նռան գույնը |
1969-1989 | Խոստովանանք |
1969 | Քնած դեղյակը |
1970 | Իկարոս |
1970 | Ոսկե կտրվածք |
1970 | Ինտերմեցցո |
1971 | Սատանան |
1972 | Սասունցի Դավիթ |
1972 | Արա Գեղեցիկ |
1973 | Հրաշք Օդենսեում |
1986 | Շուշանիկի տանջանքները |
1986 | Արարատ լեռան գանձերը |
1989 | Էտյուդներ Վրուբելի մասին |
1990 | Կարապի լիճը․ բերդ[32] |
Տես նաև
խմբագրել- Սերգեյ Փարաջանովի թանգարան
- Սերգեյ Փարաջանովի հուշարձան (Թբիլիսի)
- Փարաջանով-Վարդանով ինստիտուտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119251302 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Parajanov.com
- ↑ Britannica
- ↑ «100 великих режиссёров». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 «Параджанов Сергей Иосифович». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Сергей Параджанов в obozrevatel.com
- ↑ 11,0 11,1 Биография Сергея Параджанова
- ↑ Սերգեյ Փարաջանովի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ 13,0 13,1 13,2 «Сумасшедший на свободе». 5 случаев из жизни Сергея Параджанова
- ↑ Սուրեն Փարաջանով
- ↑ LLC, Helix Consulting. «Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Вся правда о судимостях Сергея Параджанова
- ↑ 17,0 17,1 Сергей Параджанов в vokrug.tv
- ↑ Параджанов Сергей Иосифович - История жизни
- ↑ Сергей Иосифович Параджанов в inoekino.ru
- ↑ Виталий Лозовский "Жизнь и психология тюрьмы"
- ↑ 21,0 21,1 21,2 Человек-праздник
- ↑ «Փարաջանով-Վարդանով ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
- ↑ Hollywood Reporter
- ↑ Փարաջանովաստերոիդ
- ↑ «ՈՐՈՇՈՒՄ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ». yerevan.am.
- ↑ Սերգեյ Փարաջանովի մասին Հայկական հանրագիտարանի կայքում
- ↑ «Հայկական հողի գույնը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Փարաջանով։ Վերջին Գարուն
- ↑ Փարաջանով։ Վերջին Գարուն - Youtube
- ↑ Thomas, Kevin. "Intoxicating spirit" Los Angeles Times (1 January 2014)
- ↑ «Երևանում կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը». ԱՄԻ «Նովոստի–Արմենիա». Վերցված է 2024-10-03-ին.
- ↑ Параджанов С. Дремлющий дворец: Киносценарии. — СПб.: Азбука-классика, 2006. — С. 200. — ISBN 5-352-00736-7
Գրականություն
խմբագրել- Միքայել Վարդանով «Սերգեյ Փարաջանովի հետ», Սովետական Արվեստ, 1985
- M. Vartanov "Sergej Paradzanov." In "Il Cinema Delle Repubbliche Transcaucasiche Sovietiche." Venice, Italy: Marsilio Editori, 1986. (Իտալերեն) ISBN 8831748947
- M. Vartanov "Les Cimes du Monde." Cahiers du Cinéma" no. 381, 1986 (Ֆրանսերեն) ISSN 07578075
- Ռ․ Մադոյան «Նռան գույնը, Լ. Փարաջանովի լեգենդը», Գլենդեյլ, 2001
- К. Калантар "Очерки о Параджанове", Е., 1998
- В. Катанян "Параджанов. Цена вечного праздника", Н. Новгород, 2001
- P. СazaIs "Serguei Paradjanov", P., 1993
- Hollywood Reporter. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ո՞վ է տեսել, որ ռեժիսորը ֆիլմ նկարի այնպես, ինչպես կամենում է...»
- Նռան և խնձորի սիմվոլիկան Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում
- Դերասանական պատմություններ
- Սերգեյ Փարաջանով․ Հայկական կինոյի հսկան
- Hollywood Reporter Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի մասին
- Փարաջանովի տուն-թանգարան
- Մոսկվայի առաջի հեռուստալիք - Կինո հաղորդում - Սերգեյ Փարաջանովի մասին
- Մարկո Մյուլերը Սերգեյ Փարաջանովի, Միքայել Վարդանովի, Արտավազդ Փելեշյանի մասին
- Դերասանուհի Թագուհի Վարդանյանը Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի մասին
- Դերասանուհի Անահիտ Թոփչյանը Սերգեյ Փարաջանովի մասին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Փարաջանով» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Փարաջանով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Փարաջանով» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |