Անդրեյ Տարկովսկի
Անդրեյ Տարկովսկի (ապրիլի 4, 1932[1][2][3][…], Zavrazhye, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 1986[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ։
Անդրեյ Տարկովսկի ռուս.՝ Андре́й Арсе́ньевич Тарко́вский | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Zavrazhye, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1986[2][3][4][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Կրթություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ֆրանսիա և Իտալիա |
Գործունեության տարիներ | 1958–1986 |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, մոնտաժող, սցենարիստ, կենսագիր, կինոդերասան, թատերական ռեժիսոր, ռեժիսոր և կինոսցենարիստ |
Ամուսին | Իրվա Ռաուշ (1957–1970) Լարիսա Կիզիլովա (1970–1986) |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001789 |
Կենսագրություն
խմբագրելԱնդրեյ Տարկովսկին ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Արսենի Տարկովսկու ընտանիքում։ Մանկությունն անցել է Յուրևեց քաղաքում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հաճախել է միջնակարգ դպրոց։ Հայրենական պատերազմի պատճառով մոր հետ վերադարձել է հայրենի գյուղ, հայրը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականին ընտանիքը վերստին մեկնել է Մոսկվա։
1951–1952 թվականներին սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի արաբագիտական բաժնում։ 1952–1953 թվականներին աշխատել է Գունավոր մետաղների և ոսկու համառուսական գիտահետազոտական ինստիտուտում և երկրաբանական խմբերում։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը. աշակերտել է կինոռեժիսոր Միխայիլ Ռոմին։
Տարկովսկու առաջին կինոնկարը «Մարդասպաններ» (1956, ըստ Էռնեստ Հեմինգուեյի) կարճամետրաժ ֆիլմն է։ Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Գլանվակ և ջութակ» կարճամետրաժ կինոնկարը (1960), 1961 թվականին Նյու Յորքի ուսանողական ֆիլմերի փառատոնում արժանացել է Գլխավոր մրցանակի։
1962 թվականից աշխատել է Մոսֆիլմ կինոստուդիայում։ Նա «Անտարկտիդա` հեռավոր երկիր» (1959), «Մեկ հնարավորություն հազարից» (1968), «Զգուշացի՜ր, օձեր են» (1979) ֆիլմերի սցենարների հեղինակ և համահեղինակ է։ Նկարահանվել է «Ես 20 տարեկան եմ», (1965), «Սերգեյ Լազո» (1967) ֆիլմերում։ Որպես ռեժիսոր՝ Տարկովսկին համաշխարհային ճանաչման է արժանացել «Իվանի մանկությունը» (1962) լիամետրաժ կինոնկարով, որն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների (Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» և այլն)։ Հետագայում Տարկովսկու բոլոր ֆիլմերը դարձել են երկրի մշակութային կյանքի նշանավոր իրադարձություններ՝ էապես ազդելով հասարակության հոգևոր զարգացման վրա։ Նրա «Անդրեյ Ռուբլյով» կինոնկարը (1971) ներառվել է կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում։
Ռեժիսորի ստեղծագործության մեջ առավել նշանակալի են «Սոլյարիս» (1972, ըստ Ստանիսլավ Լեմի) և «Ստալկեր» (1979, ըստ Արկադի և Բորիս Ստրուգացկիների) կինոնկարները, որտեղ Տարկովսկին փիլիսոփայորեն վերաիմաստավորել է գրական հիմքերը՝ տալով դրանց նոր հնչողություն։ «Հայելի» (1974) ինքնակենսագրական ֆիլմում արտացոլված են մանկության բազում տպավորություններ (հոր հեռանալն ընտանիքից, կենցաղային դժվարությունները, շրջափակումը Երկրորդ աշխարհամարտի (1939–1945) ժամանակ, միայնակ մոր կերպարը)։
Տարկովսկին բեմադրել է Վիլյամ Շեքսպիրի «Համլետը» (1972, Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն), Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունովը» (1983, Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոն)։ 1982 թվականին մեկնել է Իտալիա. նկարահանել է «Կարոտախտ» (1983) կինոնկարը։ Անհատի զոհաբերման թեման առավելապես զարգացրել է իր վերջին՝ «Զոհաբերություն» (1986, Շվեդիա) ֆիլմում։
Մեջբերումներ Անդրեյ Տարկովսկուց
խմբագրելԵս չէի կարողանա ապրել, եթե իմանայի իմ կյանքի մասին ամեն ինչ։ Հավանաբար, կյանքը կորցնում է իր իմաստը, եթե իմանում ես՝ ինչպես այն կավարտվի։ Ես, իհարկե, նկատի ունեմ սեփական ճակատագիրը։ Այս իրողության մեջ կա ինչ-որ անհավանական, մարդկային կարողություններից վեր մեծահոգությունն ինչ-որ մեկի, ում առաջ մարդն իրեն մանուկ, անպաշտպան և միաժամանակ պաշտպանված է զգում։ Այս ամենը նրա համար է, որ մեր գիտելիքները լինեն ոչ լիարժեք, որպեսզի չխեղենք անսահմանությունը, որպեսզի հույս ունենանք։
Չիմացությունը վեհաշուք է, գիտելիքը՝ գռեհիկ[6]։
Հիշատակ
խմբագրել1989 թվականից գործում է Անդրեյ Տարկովսկու անվան հիմնադրամը, 1993 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում սահմանվել է նրա անվան կինոմրցանակ։ 2007 թվականին Իվանովոյում (ՌԴ) բացվել է Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային կինոփառատոնը։ 2009 թվականին Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Լարս ֆոն Տրիերի «Հակաքրիստոսը» ֆիլմը՝ նվիրված Անդրեյ Տարկովսկուն։
Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի առջև տեղադրված է Տարկովսկու հուշարձանը (2009)։ Յուրևեց քաղաքում բացվել է Տարկովսկու տուն-թանգարանը։ Տարկովսկու անունով կոչվել է 3345 փոքր մոլորակը[7]։
Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Andrei Tarkovski (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Անդրեյ Տարկովսկի. «Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոն»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Անդրեյ Տարկովսկի, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
Արտաքին հղումներ
խմբագրել- Կայք Անդրեյ Տարկովսկու մասին
- Անդրեյ Տարկովսկու մեդիա-արխիվ Արխիվացված 2015-04-19 Wayback Machine
- Կայք Անդրեյ Տարկովսկու մասին
- Տարկովսկու ստեղծագործությունների սիրահարների ակումբ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Տարկովսկի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Տարկովսկի» հոդվածին։ |