Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ընդլայնումը շարունակական գործընթաց է, որի ընթացքում հավաքական անվտանգություն և պաշտպանական պարտականություններ իրականացնող ռազմաքաղաքական կազմակերպությունը համալրվում է նոր անդամ-պետություններով։ ՆԱՏՕ-ն քսանյոթ եվրոպական և երկու հյուսիսամերիկյան երկրների միասնական ռազմական դաշինք է, որը միասին ձևավորում է կոլեկտիվ պաշտպանական համակարգ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կարգավորվում է կազմակերպության կանոնադրության 10-րդ հոդվածով, որը հստակորեն սահմանում է այն հանգամանքը, որ հետագա տարիներին դաշինքի անդամ կարող են դառնալ միայն եվրոպական պետությունները։ Միանալու պատրաստակամություն հայտնող պետությունները պետք է բավարարեն որոշակի պահանջներին և ունենան բազմակուսակցական քաղաքական համակարգ։ Այն ներառում է քաղաքական երկխոսություն և ռազմական ինտեգրում։

Կառավարական պահակազորի հսկողության տակ գտնվող ՆԱՏՕդրոշը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ նախագահի նստավայրի շրջակայքում։ Լեհաստանը պաշտոնապես Հյուսիսատլանտյան դաշինքին միացել է 1999 թվականի մարտի 12-ին։
Հյուսիսատլանտյան դաշինքի դրոշը Զագրեբում` ՆԱՏՕ-ին Խորվաթիայի միանալու կապակցությամբ տոնակատարության ժամանակ, 2009 թվական, ապրիլի 1։

Անդամակցության գործընթացը վերահսկվում է ՆԱՏՕ-ի կառավարման մարմնի հյուսիսատլանտյան խորհրդի կողմից։ 1949 թվականի ապրիլի 4-ին կազմավորվելուց հետո կազմակերպության անդամ են դառնում տասներկու պետություններ։ Կազմակերպետության համահիմնադիր անդամներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Բելգիան, Դանիան, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը և Իսլանդիան։ 1952 թվականին ՆԱՏՕ-ն առաջին անգամ համալրվում է նոր պետություններով (Հունաստան և Թուրքիա)։ 1955 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքին է միանում Արևմտյան Գերմանիան (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), իսկ 1982 թվականին՝ Իսպանիան։ 1990 թվականին Սառը պատերազմի ավարտից և Գերմանիայի վերամիավորումից (Բեռլինի պատի քանդում) հետո կազմակերպությունը համալրվում է նոր արևելաեվրոպական պետություններով։ Կազմակերպության և ռուսական ընդդիմության միջև բազում բանավեճերի պայմաններում 1999 թվականին ՆԱՏՕ-ի անդամ են դառնում Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հաջորդ ընդլայնման արդյունքում վերջինիս անդամ են դառնում Բուլղարիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան, Լատվիան և Սլովենիան։ Այս պետությունները հրավիրվել են 2002 թվականի Պրահայի գագաթնաժողովի ժամանակ, իսկ անդամակցության համաձայնագրերը ստորագրվել են 2004 թվականին Ստամբուլում։

2009 թվականի Ստրասբուրգի գագաթնաժողովի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերը համալրում են Ալբանիան և Խորվաթիան։ ՆԱՏՕ-ի անդամ վերջին պետությունը Չեռնոգորիան է, որը կազմակերպությանը միացել է 2017 թվականի հունիսի 5-ին։ 2018 թվականին ՆԱՏՕ-ն որպես կազմակերպության թեկնածու-անդամներին պաշտոնապես ճանաչում է Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Մակեդոնիայի Հանրապետությունը և Ուկրաինան։ Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությունը խոչնդոտող հանգամանքներն են պաշտոնական Մոսկվայի հետ վերջիններիս սերտ կապերն ու դաշնության անդամ Սերբական Հանրապետության նկատմամբ բռնաճնշումների ներգործությունը։ Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության հրավերն արգելափակված է կազմակերպության անդամ Հունաստանի կողմից՝ «Մակեդոնիա» եզրույթի վերաբերյալ հիմնախնդրի պատճառով։ ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնումը նախկինում դաշինքից դուրս եկած պետությունների և կազմակերպության միջև բանավեճերի առարկա է։ Անդամակցության վերաբերյալ բանավեճեր առկա են Շվեդիայի, Ֆինլանդիայի և Սերբիայի կառավարությունների հետ։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գլխավոր սատարողներն են երկրի ազգայնականները։ Նախկինում արևելյան ռազմական ճամբարում գտնվող պետությունների անդամակցությունը տվյալ երկրի կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև լարվածության պատճառ է դառնում։

Նախկին ընդլայնումներ խմբագրել

Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերը 1949 թվականի հիմնադրումից ի վեր համալրվել են յոթ անգամ։ Ի սկզբանե ՆԱՏՕ-ի համահիմնադիր-անդամ պետությունները եղել են տասներկուսը՝ Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները։ Սառը պատերազմի վաղ շրջանում ակնհայտ էր ՆԱՏՕ-ի օժանդակությունը կապիտալիստական ուղով զարգացող երկրներին․ ի հակադրություն սրա՝ Խորհրդային Միությունը սատարում էր սոցիալիստական ճամբարի պետություններին։ Այս տարանջատումը 1952 թվականին հանգեցրեց նրան, որ Հունաստանի և Թուրքիայի հակակոմունիստական կառավարությունները պատրաստակամություն հայտնեցի միանալ ռազմաքաղաքական այս դաշինքին։ 1974 թվականին Հունաստանի կառավարությունը դադարեցրեց իր երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այս իրողությունը հիմնականում պայմանավորված էր թուրքական բանակի Կիպրոս կղզի ներխուժումով, որին հետևել էր կղզու հյուսիսային հատվածի բռնազավթումը։ Հունական կառավարությունը դժգոհություն հայտնեց ՆԱՏՕ-ին՝ թուրքական ներխուժմանը չմիջամտելու համար, սակայն 1980 թվականին վերստին հայտնվեց ՆԱՏՕ-ի շարքերում՝ Թուրքիայի հետ համագործակցության շնորհիվ[1]։

Բոնն-Փարիզյան համագումարները Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 16 տարի անց վերջ դրեցին Արևմտյան Գերմանիայում դաշնակիցների օկուպացիոն վարչակարգին։ Այս գայլով ՆԱՏՕ-ն հող նախապատրաստեց վերջինիս անդամակցության համար։ Այս ամենն արտացոլվեց 1955 թվականին հրապարակված հռչակագրում, որով Արևմտյան Գերմանիան պաշտոնապես դառնում էր Հյուսիսատլանտյան հակակոմունիստական դաշինքի անդամ[2]։ Ֆաշիստականացված Իսպանիան Երկրորդ աշխարհամարտում առանցիկ ուժերի պարտությունից հետո չեզոք դիրք էր գրավել աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական դաշինքների նկատմամբ։ Այնուամենայնիվ, գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ղեկավարած հակակոմունիստական կառավարությունը չէր կարող անմասն մնալ աշխարհում ծավալվող այս իրադարձություններին, քանզի Սառը պատերազմի տարիներին Ֆրանկոն համարվում էր ամենաակնառու հակակոմունիստն աշխարհում։ Նրա վարչակարգը սատարում էր Միացյալ Նահանգները և այս ամենի հանրագումարը հանգեցրեց նրան, որ 1982 թվականին բռնապետական Իսպանիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ 1986 թվականի համաժողովրդական հանրաքվեն հաստատեց երկրի անդամակցությունը։

Գերմանիայի վերամիավորում խմբագրել

 
Գերմանական հարցի անցնցում լուծումը 20-րդ դարի կարևորագույն գերխնդիրներից էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած Գերմանիան բաժանվում է ազդեցության գոտիների։ Այդ բաժանման արդյունքում Գերմանիայի արևելքը զարգանում է սոցիալիստական, իսկ արևմուտքը՝ կապիտալիստական ուղով։ Արդյունքում՝ Արևմտյան Գերմանիայում մեծանում է Միացյալ Նահանգների ազդեցությունը։

ՆԱՏՕ-ի հետսառըպատերազմյան առաջին ընդլայնումը տեղի ունեցավ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի վերամիավորման հետևանքով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված Գերմանիան բաժանվել էր ազդեցության գոտիների։ Դրա արդյունքում Գերմանիայի արևելյան մասն անցել էր խորհրդային կարմիր բանակի տնօրինության ներքո և այս տարածքներում ստեղծվել էր Արևելյան Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ)։ 1990 թվականին գերմանական երկու հողերի միջև վեր խոյացող բաժանարար պատն ապամոնտաժվում է, որն էլ ազդարարում է Գերմանիայի արևելյան և արևմտյան հատվածների միավորումը մեկ պետության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքո։ Այս ամենը համաձայնեցված էր տարեսկզբին կնքված «երկուս գումարած չորս» անունը կրող պայմանագրով, որը ենթադրում էր գերմանական հարցի վերջնական կարգավորում[3][4]։ Ըստ խորհրդային ղեկավարության առաջ քաշած պահանջի՝ միասնական Գերմանիան չէր կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեն խտրականապես դեմ էր արևելյան Գերմանիայում օտարերկրյա զորքերի հաստատմանն ու միջուկային զենքի տեղակայմանը։ Արևելյան Գերմանիայի անդամակցության հարցը քննարկվում է հետագա ամիսների ընթացքում՝ բանակցային սեղան հրավիրելով նաև լճացման շրջանում գտնվող Խորհրդային պետությանը։

Գերմանիայի վերամիավորման վերաբերյալ իրավական հիմքերի առկայության հանգամանքը պատմաբանների և միջազգայնագետների միջև վեճի առարկա է, քանզի առանց օրինական փաստարկների՝ խորհրդային կողմը պարտավորություն չէր կրում Արևելյան Գերմանիայից իր զորքերի հանելու համար։ Հարվարդի համալսարանի պատմագիտության ամբիոնի ղեկավար Մարկ Քրամերը մերժում է կողմերի միջև պայմանագրային ձևաչափով պայմանավորվածության առկայության մասին վարկածը[5]։ Ըստ Տեխասի «Էյ ընդ Էմ» համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Ջոշուա Շիֆրինսոնի, կողմերի միջև եղել է նախնական պայմանավորվածություն և ոչ պաշտոնական համաձայնագիր։ Ջոշուայի առաջ քաշած վարկածը հաստատվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ Վաշինգտոնի համալսարանի ազգային անվտանգության արխիվի աշխատակիցներ Սվետլանա Սավրանսկայայի և Թոմ Բլանտոնի կողմից։ Ըստ նրանց՝ գաղտնազերծված նոր արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ ոչ պաշտոնական համաձայնագրեր այնուամենայնիվ կողմերի միջև եղել են[6][7]։ Խորհրդային Միությունում ԱՄՆ դեսպան Ջոք Մատլոքը ասել է, որ արևմուտքը «հստակ պարտավորություն» է տվել իրենց շահերը ներկայացնող դիվանագիտական ծառայողներին արևելքի երկրներում ՆԱՏՕ-ի գործունեության գնահատականի տարածման վերաբերյալ։ Արդյունքում՝ 1990 թվականին կազմակերպության շարքերը համալրել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չեխոսլովակիան, Հունգարիան և Լեհաստանը[4][8]։ 1996 թվականին Գորբաչովը իր հիշողություններում գրում է, որ «Գերմանիայի վերամիավորման շուրջ բանակցությունների ընթացքում սեղանի հակառակ կողմում նստածները հավաստիացնում էին, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի արևելք»։ ԽՍՀՄ նախկին գերագույն առաջնորդը կրկնեց այս տեսակետը 2008 թվականին[9]։ 1985-1991 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած վրացի քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարեց, որ «Գերմանական սահմաններից դուրս ՆԱՏՕ-ի ընդլայնումը երբեք չի շոշափվել բանակցությունների ընթացքում»[10]։

Վիշեգրադի խումբ խմբագրել

Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի անդամակցության արձանագրությունները հրապարակվել են 1999 թվականին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացված գագաթնաժողովի ժամանակ։]] 1991 թվականի փետրվարին հետսոցիալիստական Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան (մինչև 1992 թվականի դեկտեմբերի 31-ը՝ Չեխոսլովակիա) հիմնադրում են Վիշեգրադի խումբը։ Դաշինքի նպատակը նախ և առաջ արևելաեվրոպական այս պետությունների եվրոինտեգրումն էր, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության չափանիշներին համապատասխան ռազմական բարեփոխումների անցկացումը։ Սկզբնական շրջանում ՆԱՏՕ-ի քարտուղարությունը բացասական վերաբերմունք էր տածում Վարշավայի դաշինքի (Վարշավայի պայմանագրի կազմակերպություն) նախկին անդամ պետությունների ինտեգրացիայի գործընթացին, սակայն 1991 թվականի Հռոմի գագաթնաժողովում անմիջականորեն քննվեց վերջիններիս անդամակցության հարցը։ Պաշտոնական ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի անդամակցությունը կկայանա որոշակի ժողովրդավարական բարեփոխումներից հետո։ Օրպես օրինակ նշվեց շուկայի ազատականացումն ու արդիականացումը։ Հետագա տարիներին ստեղծվեցին ՆԱՏՕ-ի և արեւելյան դաշնակիցների միջև տարածաշրջանային համագործակցության ավելի լայն շրջանակներ, ի դեմ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (հետագայում՝ Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդ) և «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնության[11]։

Վիշեգրադի խմբի պետությունների անդամակցության հրավերները հրապարակվեց 1997 թվականի Մադրիդի գագաթնաժողովի ժամանակ։ Նույն տարում ՆԱՏՕ-ն բացառես Սլովակիայի անդամակցությունը, քանզի վերջինս կառավարվում էր ազգայնական վարչապետ Վլադիմիր Մեչյարի բռնատիրական վարչակարգի կողմից։ 1997 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների՝ Ֆրանսիայի և Իտալիայի անմիջական ջանքերով և օժանդակությամբ անդամակցության հրավերներ են ուղարկվում Ռումինիային և Սլովենիային։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը դեմ էր Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցությանը։ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին ուղղված բաց նամակում ավելի քան քառասուն քաղաքական փորձագետներ իրենց մտահոգությունն են հայտնում ՆԱՏՕ-ն արևելյան ընդլայնումների վերաբերյալ՝ այն որակելով թանկ և անհարկի։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ՝ 1999 թվականի մարտի 12-ին, վավերացվում են Չեխիայի, Լեհաստանի և Հունգարիայի անդամակցության արձանագրությունները[11]։

Վիլնյուսի խումբ խմբագրել

 
Ռումինիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի դրոշները քաղաքամայր Բուխարեստում տեղակայված ռումինական խորհրդարանի շենքի առջևում։

Հետագա տարիներին Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնումը ավելի մեծ ծավալներ է ընդգրկում։ Զուգահեռ ի հայտ են գալիս քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս ընդդեմ իրենց երկրի անդամակցությանը։ Բուլղարիայում նման գործունեությամբ էին զբաղվում սոցիալիստական, իսկ Սլովակիայում՝ ժողովրդական կուսակցությունները։ Հյուսիսատլանտյան դաշինքին Հունգարիայի անդամակցության պատրաստակամությունը ՆԱՏՕ-ի քարտուղարության կողմից հաստատվելուց հետո դրվում է ժողովրդական քվեարկության։ 1997 թվականին տեղի ունեցած հանրաքվեի (ռեֆերենդումի) արդյունքում ժողովրդի 85․3 %-ը քվեարկում է ՆԱՏՕ-ին Հունգարիայի միանալու օգտին[12]։ Հետխորհրդային երկրների անդամակցության համար մեծ խթան է հանդիսանում Չեչնիայի դեմ Ռուսաստանի Դաշնության մղած նվաճողական և զավթողական պատերազմը, որը վերջիններիս հիշեցնում է ոչ վաղ անցյալում կարմիր բանակի կողմից կատարված նույնատեսակ գործողություններն ու խորհրդային օկուպացիաները[13]։

1999 թվականի Վաշինգտոնի գագաթնաժողովում Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան պաշտոնապես միանում են ռազմաքաղաքական այս դաշինքին։ Բացի այդ, հրավերներ են ուղարկվում Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների կառավարություններին՝ ի դեմս Ալբանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի Հանրապետության, Ռումինիայի և Սլովակիայի։ ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացի կազմակերպման և արագացման նպատակով ստեղծված Վիլնյուսի խմբի անդամ Խորվաթիան դաշինք չի հրավիրվում այն պարզ պատճառով, որ վերջինիս կառավարությունը մեղադրվում է լոբբիստական գործունեությամբ զբաղվելու մեջ։ 2002 թվականին տեղի ունեցած Պրահայի գագաթնաժողովում ՆԱՏՕ են հրավիրվում յոթ նոր պետություններ, որոնց անդամակցության արձանագրությունները վավերացվում են 2004 թվականի Ստամբուլի գագաթնաժողովում[14]։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ամեն կերպ փորձում էր խոչնդոտել բալթյան ավազանի երեք հետխորհրդային երկրների՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի անդամակցությունը։ Հետագա տարիներին վերջիններս դառնում են նախկին Խորհրդային Միության մաս կազմող առաջին պետությունները, որոնք միանում են հակառուսական ռազմական կոալիցիային[15]։

Ադրիատիկ պայմանագիր խմբագրել

2002 թվականին Խորվաթիան ևս սկսեց ՆԱՏՕ-ին ներկայացնել իր բարեփոխումների ծրագրերը։ Արդյունքում՝ վերջինիս կառավարության և ՆԱՏՕ-ի միջև բանակցությունները տեղափոխվեցին բանակցային սեղան։ Ստանալով ՆԱՏՕ-ի հրավերը՝ Խորվաթիայի վարչապետ Իվո Սանդերն ի վերջո համաձայնեց 2008 թվականի հունվարին ձևավորած դաշինքի անդամ մյուս կառավարական ուժերի՝ Խորվաթիայի քրիստոնեական և սոցիալ-լիբերալ կուսակցությունների հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո երկրում անցկացնել հանրաքվե[16]։ 2006 թվականի հունիսի 3-ին նախկինում Սերբիայի հետ դաշինքի մաս կազմող Չեռնոգորիան իրեն հռչակում է անկախության մասին դեկլարացիա։ Նորանկախ պետությունը հետագայում (2006 թվականի Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ) միանում է «գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ն պաշտոնապես անդամակցության հրավերներ է ուղարկում Ալբանիային և Խորվաթիային։ Դաշինքի անդամ Սլովենիան սահմանային վեճեր ուներ Խորվաթիայի հետ, ինչը և ձգձգում էր վերջինիս անդամակցությունը[17]։ Այսպիսով, Խորվաթիայի անդամակցության արձանագրությունը Սլովենիայի ներկայացուցչության կողմից վավերացվեց միայն 2009 թվականի փետրվարին, իսկ Խորվաթիան և Ալբանիան պաշտոնապես Հյուսիսատլանտյան դաշինքին միացան 2009 թվականի Ստրասբուրգ-Քելի գագաթնաժողովի ժամանակ[18]։

2008 թվականի նոյեմբերի 5-ին Չեռնոգորիայի կառավարությունը դիմեց անդամակցության գործողություններին ընթացք տալու համար[19]։ Այդ գործընթացը տևեց մինչև 2009 թվականի մայիսը, երբ պաշտոնական Պոդգորիցան ևս սկսեց լիիրավ կերպով անդամակցել ՆԱՏՕ-ի հավակնորդների Ադրիատիկ պայմանագրին[20][21] 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ն իր ուղերձում Չեռնոգորիային անդամակցության հրավեր արեց[22]։ Բնակացությունները շարունակվեցին մինչև 2016 թվականի մայիսը[23]։ 2017 թվականի մայիսին Չեռնոգորիայի Հանրապետությունը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ[24]։ Այսպիսով, Չեռնոգորիայից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերը նոր պետություններով չի համալրվել։ Ուկրաինայի, Վրաստանի, Մակեդոնիայի Հանրապետության և Բոսնիա Հերցեգովինայի անդամակցության բանակցությունները մինչ օրս շարունակվում են։

Ամսաթիվ Պետություն Ընդլայնում  
փետրվարի 18, 1952   Հունաստան առաջին
  Թուրքիա
մայիսի 9, 1955   Արևմտյան Գերմանիա երկրորդ
մայիսի 30, 1982   Իսպանիա երրորդ
հոկտեմբերի 3, 1990 Գերմանիայի վերամիավորում
մարտի 12, 1999   Չեխիա չորրորդ
  Հունգարիա
  Լեհաստան
մարտի 29, 2004   Բուլղարիա հինգերորդ
  Էստոնիա
  Լատվիա
  Լիտվա
  Ռումինիա
  Սլովակիա
  Սլովենիա
ապրիլի 1, 2009   Ալբանիա վեցերորդ
  Խորվաթիա
հունիսի 5, 2017   Չեռնոգորիա յոթերորդ
մարտի 27, 2020   Հյուսիսային Մակեդոնիա ութերորդ
ապրիլի 4, 2023   Ֆինլանդիա իններորդ
մարտի 7, 2024   Շվեդիա տասներորդ

Չափանիշներ և գործընթացներ խմբագրել

10-րդ հոդված խմբագրել

Հյուսիսատլանտյան պայմանագիրը կազմակերպության ներքին և արտաքին գործընթացների կարգավորման գլխավոր հիմքն է և անդամակցության հրավեր ստացած ցանկացած պետություն պարտավոր է պետական մակարդակով վավերացնել այս պայմանագրի նախատեսած իրավական կարգավորումները։ Հյուսիսատլանտյան կազմակերպության պայմանագրի 10-րդ հոդվածը ներկայացնում է, թե ինչպես կազմակերպությանը չանդամակցող երկրները կարող են միանալ վերջինիս։ Նույն հոդվածի երկրորդ մասով ներկայացվում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը։

  Կազմակերպության արդեն իսկ անդամ պետությունները կարող են միաձայն համաձայնությամբ անդամակցության հրավեր հղել ցանկացած եվրոպական պետության՝ այս պայմանագրի սկզբունքների հետագա ամրապնդման և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգության ապահովման նկատառումներով։ Հրավիրված ցանկացած պետություն կարող է դառնալ պայմանագրի կողմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը օժանդակելու մասին փաստաթուղթը վավերացնելուց հետո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը պարտավոր է կողմերից յուրաքանչյուրին ներկայացնել բոլոր փաստաթղթերի վավերացման ընթացակարգը։
- ՆԱՏՕ-ի կանոնակարգ, հոդված 10
 

ՆԱՏՕ-ն անդամակցության համար առաջ է քաշում երկու հիմնական սահմանափակումներ։ Առաջին՝ կազմակերպության անդամ կարող են դառնալ միայն և միայն եվրոպական պետությունները և երկրորդ՝ լիարժեք անդամակցության համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համաձայնությունը։ Դաշինքին հարող ցանկացած երկիր կարող է անդամակցության պատրաստակամություն հայտնող երկրի համար սահմանել նոր պայմաններ, որոնք չկատարելու դեպքում՝ արգելափակել վերջինիս անդամակցությունը։ Գործնականում նման նախադեպերը բազմաթիվ են։ Օրինակ՝ Հունաստանը խոչընդոտում է Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությանը՝ պատճառաբանելով, որ վերջինիս սահմանադրական անվանումը հակասում է ՆԱՏՕ-ի «խաղաղություն և համերաշխություն» սկզբունքին, քանզի պատմականորեն հույներին բաժին ընկած Մակեդոնիա երկրամասի անվան փոխառությունը ենթադրում է այդ տարածաշրջանի նկատմամբ որոշակի հավակնություններ։ Թուրքիան իր հերթին բացառում է Կիպրոսի Հանրապետության անդամակցությունը՝ նախքան վերջինիս շուրջը ծավալված հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։

1991 թվականի Հռոմի գագաթնաժողովից հետո անդամ երկրների պատվիրակությունները պաշտոնապես առաջարկել են համագործակցել Եվրոպայի նոր ժողովրդավարական պետությունների հետ՝ ակնկալելով կազմակերպության շարքերը համալրել նոր անդամներով։ 1994 թվականի Բրյուսելի հռչակագիրը վերահաստատեց Բրյուսելի հռչակագրի սկզբունքները և հանգեցրեց «ՆԱՏՕ-ի ընդլայնման ուսումնասիրության»։ 1995 թվականի սեպտեմբերին հրապարակված ուսումնասիրությունները ցույց տվեցին, թե եվրոպական պետությունները ինչպես կարող են անդամակցել կազմակերպությանը՝ առաջնորրդվելով 1949 թվականին կնքված պայմանագրի երեք սկզբունքներով՝ «ժողովրդավարություն, ազատություն և օրենքի գերակայություն»։

Անդամակցություն գործողությունների ծրագիր խմբագրել

ՆԱՏՕ-ի շարքերը նոր անդամներով համալրելու գործընթացի ճանապարհին արված ամենակարևորագույն քայլը տեղի է ունեցել 1999 թվականի Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ, երբ դաշինքի անդամ պետություններին տրվեց հանձարարականներ՝ նոր դիմումները պարբերաբար վերանայելու վերաբերյալ։ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը հղի է մի շարք դրական հանգամանքներով, որոնք էլ իրենց հերթին ծնում են պատասխանատվություններ։ Անդամակցության կանոնակարգը անկախ պետությունների համար սահմանում է․

  • Միջազգային, ազգամիջյան կամ արտաքին տարածքային վեճերի խաղաղ կարգավորման պատրաստակամություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների հանձնառություն, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն։
  • Հավատարմություն կազմակերպության պաշտպանությանն ու խաղաղապահ առաքելություններին։
  • Զինված ուժերի ռեսուրսների տրամադրում կազմակերպության առաքելությունների ի կատար ածման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գոշ, Պալաշ (2012 թ․ հունիսի 26). «Ինչո՞ւ է Թուրքիայի Հանրապետությունը ՆԱՏՕ-ում». The International Business Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. Հաֆթենդորն, Հելգա (հուլիս, 2005). «Գերմանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Առաջիկա հիսուն տարիների պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Շերոթ, Մերի Էլիզ (սեպտեմբեր-հոկտեմբեր, 2014). «Կոտրված խոստումը․ Արևելյան Գերմանիայի հարցի կարգավորումը». Foreign Affairs. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  4. 4,0 4,1 «Սառը պատերազմի ավարտն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկված սահմանափակումները».
  5. Կրամեր, Մարկ (2009 թ․ մարտի 1). «ՆԱՏՕ-ի ընդլայնման գրավականության առեղծվածը Ռուսաստանի համար». Վաշինգտոնյան եռամսյակ, հատոր 32 (2): 39–61.
  6. «Միխայիլ Գորբաչովի հայտարարությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Ե՞րբ է պաշտոնական Վաշինգտոնը Ռուսաստանին հավաստիացրել, որ ՆԱՏՕ-ի սահմաններն արևելքում չեն ընդլայնվի».
  8. Շեփ, Մաթիաս; Վիգրեֆ, Կլաուս (2009 թ․ նոյեմբերի 26). «ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելքում։ Արդյո՞ք արևմուտքը խախտում է Մոսկվային տված իր խոստումը». Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին. {{cite news}}: Missing |author1= (օգնություն)
  9. «Գորբաչով։ Արդյոք ԱՄՆ-ն կսկսի՞ նոր պատերազմ ընդդեմ Ռուսաստանի». Փարիզ, Ֆրանսիա. մայիսի 6․ 2009. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  10. Ցոլիք, Ռոբերտ Բ․ (2000 թ․ սեպտեմբերի 22). «Գերմանիայի վերամիավորում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին.
  11. 11,0 11,1 Էպշթայն, Ռաչել (2006). «ՆԱՏՕ ընդլայնում և ժողովրդավարության տարածում։ Ապացույցներ և ակնկալիքներ». Անվտանգության ուսումնասիրություններ.
  12. Պերլեց, Ջ․ (1997 թ․ նոյեմբերի 17). «Հունգարացիները հավանություն են տալիս ՆԱՏՕ-ին իրենց երկրի անդամակցությանը». Նյու Յորք թայմս. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. Մուրֆի, Դիան Ե․ (1995 թ․ հունվարի 14). «Չեչնիան հիշեցնում է նախկինում գործող արևելյան դաշինքի անհանգիստ հիշողությունները». Լոս Անջելես թայմս. ISSN 0458-3035. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. Պետեր, Լորենս (2014 թ․ սեպտեմբերի 2). «Ինչու է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները ծառացել Ուկրաինայի առջև». Բի-բի-սի նյուզ. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. Ու․, Անդրեաս (2016). «Սևծովյան և մերձբալթյան երկրների անդամակցությանը նախորդող սպառնալիքները վերացված են» (անգլերեն). 2 (4): 2. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. «Ոչ ոգելից խմիչքի և ալկոհոլի սահմանափակման մասին օրենքին՝ այո, ՆԱՏՕ-ի անդամակցության հանրաքվեին` ոչ». հունվար, 2008. Արխիվացված է օրիգինալից հունվար, 2015-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին. {{cite news}}: Invalid |url-status=այո (օգնություն)
  17. Բիլեֆսկի, Դան (2009 թ․ մարտի 22). «Սլովենիայի սահմանային գոտիները խանգարում են Խորվաթիայի ինտեգրացիային». Նյու Յորք թայմս. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  18. «Ալբանիան և Խորվաթիան դարձան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ». NBC News. 2009 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  19. «Չեռնոգորիան դիմում է ՆԱՏՕ-ին՝ անդամակցության գործընթացը սկսելու համար». Թուրքական շաբաթաթերթ. 2008 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին.
  20. «Չեռնոգորիայի ւ ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների կայուն զարգացում`առանցքային ժամկետների». Արտաքին գործերի և եվրոինտեգրման նախարարություն. 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  21. «ՆԱՏՕ-Չեռնոգորիա հարաբերությունների էությունը». ՆԱՏՕ. 2014 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  22. Emmott, Robin; Siebold, Sabine (2015 թ․ դեկտեմբերի 2). «NATO invites Montenegro to join alliance, defying Russia». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  23. Լի, Մատեո. «ՆԱՏՕ-ն պաշտոնապես հրավիրում է Չեռնոգորիային որպես 29-րդ անդամ». Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Missing |author1= (օգնություն)
  24. «ՆԱՏՕ-ն պաշտոնապես հրավիրում է Չեռնոգորիային որպես դաշինքի 29-րդ անդամ». Ջափն թայմս. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել